Ժամանակակից կրթության կարևորագույն նպատակներից մեկը սովորողի ինքնուրույն սովորելու, մտածելու և հաղորդակցվելու կարողությունների զարգացումն է։ Օտար լեզվի ուսուցման գործընթացում այս նպատակին հասնելու կարևոր միջոցներից մեկը ընթերցանությունն է, ահա՝ նախագիծը։ Կրտսեր սովորողների  համար ընթերցանությունը միայն նոր բառեր կամ քերականական կառուցվածքներ սովորելը չէ. այն հնարավորություն է տալիս բացահայտելու նոր աշխարհներ, ճանաչելու տարբեր մշակույթներ, զարգացնելու երևակայությունը և ձեռք բերելու հաղորդակցական հմտություններ։

Օտար լեզվի դասերին հաճախ կարելի է հանդիպել այն խնդրին, որ երեխաները դժվարությամբ են մոտենում անծանոթ տեքստերին։ Նրանք կարող են վախենալ սխալ արտասանել բառերը, չհասկանալ բովանդակությունը կամ պարզապես ընթերցանությունը համարել հերթական պարտադիր առաջադրանք։ Այդ պատճառով դասավանդողի կարևորագույն խնդիրներից մեկն է ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ ընթերցանությունը երեխաների համար կդառնա հետաքրքիր, սպասված և հաճելի գործունեություն։

Իմ մանկավարժական փորձը ցույց է տալիս, որ երեխաները շատ ավելի մեծ հետաքրքրությամբ են կարդում, երբ պատմությունները համապատասխանում են իրենց տարիքին, հետաքրքրություններին և լեզվական մակարդակին։ Պատկերազարդ գրքերը, կարճ պատմությունները, հեքիաթները, զվարճալի երկխոսությունները և խաղային առաջադրանքները նպաստում են, որ նույնիսկ ամենաամաչկոտ սովորողները սկսեն ակտիվ մասնակցել ընթերցանությանը։

Կրտսեր սովորողների  հետ աշխատելիս կարևոր է հիշել, որ նրանք սովորում են ոչ միայն լսելով կամ կարդալով, այլև` խաղալով, պատկերացնելով, քննարկելով և համագործակցելով միմյանց հետ։ Հետևաբար, ընթերցանությունը պետք է կազմակերպվի ակտիվ գործունեության միջոցով։

Այս հոդվածում ներկայացված են այն մեթոդներն ու մոտեցումները, որոնք կիրառել եմ իմ  դասերին, և որոնք, իմ դիտարկմամբ, նպաստել են սովորողների` ընթերցանության նկատմամբ հետաքրքրության ձևավորմանը։ Դրանք չեն պահանջում բարդ տեխնիկական միջոցներ կամ մեծ նյութական ռեսուրսներ․ կարևոր է ստեղծել դրական մթնոլորտ, ընտրել սովորողների համար հետաքրքիր նյութեր և ընթերցանությունը դարձնել դասի ամենասպասված հատվածներից մեկը։

Ինչո՞ւ է ընթերցանությունը կարևոր օտար լեզվի ուսուցման գործընթացում

Անգլերենի ուսուցումը հիմնված է չորս հիմնական լեզվական հմտությունների զարգացման վրա՝ լսել, խոսել, կարդալ և գրել։ Այս հմտությունները փոխկապակցված են, և դրանցից յուրաքանչյուրի զարգացումը նպաստում է մյուսների կատարելագործմանը։ Ընթերցանությունը, սակայն, առանձնահատուկ դեր ունի, քանի որ այն միաժամանակ զարգացնում է բառապաշարը, քերականական գիտելիքները, արտասանությունը և տեքստը հասկանալու կարողությունը։

Կրտսեր դպրոցում երեխաներն օտար լեզուն սովորում են աստիճանաբար։ Սկզբում նրանք ճանաչում են տառերը, սովորում են հնչյունները, այնուհետև՝ բառերն ու պարզ նախադասությունները։ Եթե այս փուլում ընթերցանությունը ներկայացվում է միայն որպես տեխնիկական հմտություն, երեխաները հաճախ կորցնում են հետաքրքրությունը։ Իսկ երբ ընթերցանությունը դառնում է պատմություն բացահայտելու, հերոսներին ճանաչելու կամ խաղի մասնակցելու միջոց, այն ձեռք է բերում բոլորովին այլ նշանակություն։

Իմ դիտարկմամբ՝ երեխաներն առավել ակտիվ են աշխատում այն տեքստերի հետ, որոնք ունեն հետաքրքիր սյուժե, վառ նկարազարդումներ և իրենց տարիքին համապատասխան լեզու։

Ընթերցանության միջոցով երեխաները բառերը սովորում են ոչ թե առանձին, այլ բնական միջավայրում։ Օրինակ՝ եթե դասին ուսումնասիրում ենք «Animals» թեման, ապա կենդանիների անունները սովորելուց հետո առաջարկում եմ կարճ պատմություն փոքրիկ կենդանու մասին։ Այս դեպքում նոր բառերը անմիջապես կիրառվում են իրական խոսքային իրավիճակում, և երեխաներն ավելի հեշտ են հիշում դրանք։

Ընթերցանությունը նաև նպաստում է ճիշտ արտասանության ձևավորմանը։ Սկզբում սովորողները լսում են ուսուցչի արտահայտիչ ընթերցանությունը, ապա իրենք են կարդում նույն տեքստը, աստիճանաբար սկսում են ճիշտ շեշտադրել բառերը, պահպանել նախադասությունների հնչերանգը և ավելի վստահ խոսել անգլերեն։

Անգլերեն լեզվի դասերին ընթերցանությունը կարելի է դիտարկել ոչ միայն որպես ուսումնական նպատակ, այլև որպես սովորողների հետաքրքրասիրությունը զարգացնելու միջոց։ Լավ ընտրված պատմությունները երեխաներին սովորեցնում են ընկերասիրություն, ազնվություն, պատասխանատվություն, հոգատարություն և համագործակցություն։ Այսպիսով, ընթերցանությունը միաժամանակ նպաստում է ինչպես լեզվական, այնպես էլ անձնային զարգացմանը։

Ի՞նչն է ձևավորում երեխաների հետաքրքրությունը ընթերցանության նկատմամբ

Կրտսեր դպրոցական տարիքն այն շրջանն է, երբ ձևավորվում են սովորելու առաջին սովորությունները, հետաքրքրությունները և վերաբերմունքը դպրոցի նկատմամբ։ Եթե այս տարիքում երեխան ընթերցանությունը կապում է հետաքրքիր պատմությունների, խաղերի և հաճելի զգացողությունների հետ, մեծ է հավանականությունը, որ հետագայում նույնպես հաճույքով կկարդա։ Իսկ եթե ընթերցանությունը նրա համար վերածվում է միայն սխալներից խուսափելու կամ պարտադիր առաջադրանք կատարելու գործընթացի, հետաքրքրությունը աստիճանաբար նվազում է։

Օտար լեզվի դասերին այս խնդիրը հատկապես նկատելի է, քանի որ սովորողները միաժամանակ փորձում են հասկանալ և՛ լեզուն, և՛ պատմության բովանդակությունը։ Եթե տեքստը չափազանց դժվար է կամ պարունակում է շատ անծանոթ բառեր, երեխան արագ կորցնում է վստահությունը սեփական ուժերի նկատմամբ։

Իմ աշխատանքի ընթացքում համոզվել եմ, որ երեխաները մեծ ոգևորությամբ են կարդում կենդանիների, հեքիաթային հերոսների, ճանապարհորդությունների, ընկերության, ընտանիքի կամ զվարճալի արկածների մասին պատմությունները։ Նկարազարդումները նույնպես մեծ դեր ունեն։ Երբ սովորողը կարողանում է նկարների օգնությամբ կռահել պատմության բովանդակությունը, նա իրեն ավելի վստահ է զգում և չի վախենում կարդալ նույնիսկ այն բառերը, որոնք դեռ ամբողջությամբ չի յուրացրել։

Հետաքրքրության ձևավորման կարևոր պայման է նաև դասարանում ստեղծված մթնոլորտը։ Եթե երեխան վստահ է, որ սխալվելու դեպքում չի քննադատվելու, այլ կստանա աջակցություն, նա ավելի ազատ է մասնակցում ընթերցանությանը։ Այդ պատճառով իմ դասերին փորձում եմ յուրաքանչյուր երեխայի հաջողությունը նկատել և խրախուսել նույնիսկ փոքր առաջընթացը։ Երբեմն բավական է ասել. «Excellent!», «Well done!», «You are improving every day!», որպեսզի երեխան հաջորդ անգամ ավելի մեծ ցանկությամբ մասնակցի աշխատանքին։

Կարևոր է նաև, որ ընթերցանությունը չսահմանափակվի միայն տեքստը հերթով կարդալով։ Երեխաները սիրում են գուշակել, պատկերացնել, հարցեր տալ և քննարկել պատմությունները։ Նախքան ընթերցանությունը հաճախ առաջարկում եմ դիտել նկարները և փորձել կանխատեսել, թե ինչի մասին է լինելու պատմությունը։ Ընթերցելու ընթացքում կանգ ենք առնում կարևոր հատվածներում և միասին փորձում ենք գուշակել, թե ինչ կարող է տեղի ունենալ հետո։ Դասի ավարտին երեխաները պատմում են, թե որ հերոսն էր իրենց ամենաշատը դուր եկել և ինչու։ Այսպիսի աշխատանքը դարձնում է ընթերցանությունը կենդանի և հետաքրքիր։

Իմ համոզմամբ՝ երեխան սկսում է սիրել ընթերցանությունը այն ժամանակ, երբ իրեն զգում է ոչ թե պարզապես լսող կամ կատարող, այլ պատմության մասնակից։ Երբ նա կարողանում է հարցեր տալ, կարծիք հայտնել, նկարել, խաղալ կամ բեմադրել կարդացածը, գիրքը նրա համար դառնում է նոր աշխարհներ բացահայտելու միջոց։ Հենց այդպիսի փորձառություններն են ձևավորում ընթերցանության նկատմամբ կայուն հետաքրքրություն և նպաստում լեզվի հանդեպ դրական վերաբերմունքի ձևավորմանը։

Կիրառվող մեթոդները և դրանց արդյունավետությունը

Յուրաքանչյուր  դասավանդող ժամանակի ընթացքում ձևավորում է աշխատանքի իր ոճը և ընտրում այնպիսի մեթոդներ, որոնք լավագույնն են իր սովորողների համար։ Իմ աշխատանքային փորձը ցույց է տվել, որ  ընթերցանության նկատմամբ հետաքրքրությունը զգալիորեն մեծանում է, երբ սովորողը դառնում է ոչ թե պասիվ լսող, այլ դասի ակտիվ մասնակից։

Պարապունքը սովորաբար սկսում եմ նախընթերցանության փուլով։ Նախքան տեքստին անցնելը՝ սովորողների հետ կարդում ենք վերնագիրը կամ առանձին բառերը և փորձում գուշակել, թե ինչի մասին է լինելու պատմությունը։ Այս պարզ թվացող քայլը մեծ հետաքրքրություն է առաջացնում, քանի որ երեխաները ցանկանում են ստուգել՝ արդյոք իրենց ենթադրությունները ճիշտ էին։

Եթե տեքստում կան նոր բառեր /որոնք անպայման լինում են/, չեմ ներկայացնում միայն թարգմանության միջոցով, նաև օգտագործում եմանգլերեն հոմանիշներով կամ կարճ բացատրություններով։ Այս մոտեցումը երեխաներին սովորեցնում է բառի իմաստը հասկանալ համատեքստից, այլ ոչ թե անմիջապես դիմել թարգմանությանը։

Մեծ ուշադրություն եմ դարձնում այն բանին, որ յուրաքանչյուր ընթերցանությունից հետո սովորողները կատարեն որևէ ստեղծագործական առաջադրանք։ Երբեմն առաջարկում եմ ընտրել պատմության ամենահետաքրքիր հատվածը և բացատրել իրենց ընտրությունը։ Այլ դեպքերում նրանք պատկերացնում են, թե ինչ կարող էր տեղի ունենալ պատմության ավարտից հետո, կամ գրում են կարճ երկխոսություն հերոսների միջև։ Նման առաջադրանքները ցույց են տալիս, որ ընթերցանության նպատակը միայն տեքստը կարդալը չէ, այլ այն հասկանալը, վերլուծելը և սեփական գաղափարների հետ կապելը։

Կարևորում եմ  նաև զույգերով և խմբերով աշխատանքը։ Երբ սովորողները միասին քննարկում են պատմությունը, պատասխաններ են փնտրում կամ պատրաստվում ներկայացնել իրենց կարծիքը, նրանք սովորում են լսել միմյանց, համագործակցել և ավելի վստահ օգտագործել անգլերենը։ Բացի այդ, խմբային աշխատանքը դասին հաղորդում է ակտիվություն և բարձրացնում սովորողների ներգրավվածությունը։

Հետընթերցանության փուլը համարում եմ ոչ պակաս կարևոր, քան բուն ընթերցանությունը։ Եթե երեխան պարզապես կարդացել է տեքստը և անցել հաջորդ առաջադրանքին, նրա հետաքրքրությունը կարող է արագ մարել։ Իսկ երբ նա հնարավորություն է ստանում քննարկելու, հարցեր տալու, իր կարծիքն արտահայտելու կամ ստեղծագործական աշխատանք կատարելու, ընթերցանությունը դառնում է ամբողջական և հիշվող փորձառություն։

Այս մեթոդների կիրառումը ցույց է տվել, որ սովորողները ժամանակի ընթացքում սկսում են ավելի վստահ կարդալ անգլերեն պատմություններ, ակտիվորեն մասնակցում են քննարկումներին և ավելի մեծ հետաքրքրությամբ են սպասում նոր պատմություններին։ Ինձ համար սա ամենակարևոր ցուցանիշն է, քանի որ ընթերցանության նկատմամբ հետաքրքրությունը ձևավորվում է ոչ թե մեկ դասի ընթացքում, այլ փոքր, բայց շարունակական հաջողությունների շնորհիվ։

Պարապմուքներից  մեկի ժամանակ, նախքան ընթերցանությանը անցնելը, սովորողներին առաջարկեցի կարդալ միայն վերնագիրը։ Խնդրեցի փորձել գուշակել, թե ինչի մասին կարող է լինել պատմությունը։ Յուրաքանչյուր սովորող ներկայացրեց իր տարբերակը, և դասարանում անմիջապես աշխույժ քննարկում սկսվեց։ Երբ հետո կարդացինք պատմությունը, երեխաները մեծ հետաքրքրությամբ համեմատում էին իրենց ենթադրությունները իրական բովանդակության հետ։ Նրանց համար ընթերցանությունը դարձավ ոչ թե պարզապես տեղեկատվություն ստանալու միջոց, այլ փոքրիկ բացահայտում։

Մեկ այլ դասի ընթացքում սովորողներին բաժանեցի զույգերի։ Յուրաքանչյուր զույգ հերթով կարդում էր երկխոսությունը։ Սկզբում շատերը կարդում էին անվստահ, սակայն երկրորդ և երրորդ փորձից հետո արդեն փորձում էին համապատասխանեցնել ձայնի տոնայնությունը հերոսների տրամադրությանը։ Դասի վերջում մի քանի զույգ ներկայացրեց նույն երկխոսությունը ամբողջ դասարանի առաջ։ Այսպիսի աշխատանքը ոչ միայն զարգացրեց ընթերցանության հմտությունը, այլև բարձրացրեց սովորողների ինքնավստահությունը։

Հաճախ ընթերցումից հետո կազմակերպում եմ փոքր խմբային աշխատանք։ Յուրաքանչյուր խումբ ստանում է տարբեր առաջադրանք. մի խումբը ներկայացնում է պատմության գլխավոր հերոսին, մյուսը նկարագրում է իր սիրելի դրվագը, իսկ երրորդը մտածում է պատմության այլ ավարտ։ Երբ սովորողները ներկայացնում են իրենց աշխատանքները, հաճախ պարզվում է, որ նույն պատմությունը նրանք տարբեր կերպ են ընկալել։ Այս քննարկումները սովորեցնում են հարգել ուրիշի կարծիքը և հիմնավորել սեփական տեսակետը։

Ես նաև շատ կարևորևորում եմ  ստեղծագործական աշխատանքը։ Երբեմն առաջարկում եմ սովորողներին գրել հերոսներից մեկին ուղղված կարճ նամակ կամ կազմել պատմության շարունակությունը։ Նման առաջադրանքները ցույց են տալիս, որ նրանք ոչ միայն կարդացել են տեքստը, այլև հասկացել են դրա բովանդակությունը և կարողանում են արտահայտել սեփական մտքերը։

Այսպիսի աշխատանքների արդյունքում նկատելի է, որ սովորողները դասից դաս ավելի վստահ են մոտենում նոր տեքստերին։ Եթե ուսումնական տարվա սկզբում նրանք հաճախ անհանգստանում էին անծանոթ բառերից կամ երկար նախադասություններից, ապա որոշ ժամանակ անց արդեն փորձում էին ինքնուրույն հասկանալ բովանդակությունը, հարցեր տալ և ակտիվորեն մասնակցել քննարկումներին։

Ընթերցանության կազմակերպումը գործնական օրինակների միջոցով

Օտար լեզվի դասերին ընթերցանության նկատմամբ հետաքրքրություն ձևավորելու նպատակով կարևորում եմ այնպիսի պատմությունների ընտրությունը, որոնք ունեն հետաքրքիր սյուժե, հասանելի լեզու և քննարկման հնարավորություն։

Ներկայացնեմ ընթերցանության երկու օրինակ՝ «Crazy Paella» և «A Very Unusual Excursion» պատմությունները։ Երկու տեքստերն էլ սովորողների մոտ մեծ հետաքրքրություն առաջացրին, քանի որ դրանց բովանդակությունը տարբերվում էր սովորական ուսումնական տեքստերից և հնարավորություն էր տալիս կազմակերպելու բազմաբնույթ աշխատանք։

«Crazy Paella» պատմության ուսումնասիրման ընթացքում նախքան ընթերցանությունը սովորողների հետ քննարկեցինք պատմության վերնագիրը։ Հարցրի, թե արդյոք նրանք գիտեն, թե ինչ է paella-ն, ինչ բաղադրիչներ կարող է ունենալ այդ ուտեստը և ինչու է այն Crazy Paella անվանվել։ Սովորողները ներկայացրին տարբեր ենթադրություններ, և դասարանում ստեղծվեց հետաքրքիր քննարկում։ Այս նախնական զրույցը մեծացրեց հետաքրքրությունը պատմության նկատմամբ, քանի որ յուրաքանչյուրն ուզում էր պարզել՝ արդյոք իր ենթադրությունը ճիշտ էր։

Ընթերցման ընթացքում ուշադրություն դարձրինք ոչ միայն նոր բառերին, այլև հերոսների գործողություններին և պատմության զարգացմանը։ Յուրաքանչյուր հատվածից հետո սովորողները փորձում էին կանխատեսել, թե ինչ կարող է տեղի ունենալ հաջորդիվ։ Նման աշխատանքը նրանց ստիպում էր ուշադիր հետևել տեքստին և մտածել դրա բովանդակության մասին, ոչ թե միայն կարդալ բառերը։

Պատմության ավարտից հետո սովորողները փոքր խմբերով քննարկեցին, թե որն էր ամենազվարճալի կամ ամենաանսպասելի դրվագը, ինչպես նաև ներկայացրին իրենց կարծիքը հերոսների վարքագծի վերաբերյալ։ Որոշ խմբեր առաջարկեցին պատմության այլ ավարտ՝ օգտագործելով տեքստում հանդիպած նոր բառերն ու արտահայտությունները։ Այս առաջադրանքները նպաստեցին ոչ միայն ընթերցանության ընկալմանը, այլև բանավոր խոսքի զարգացմանը։

Նույն սկզբունքով կազմակերպվեց աշխատանքը նաև «A Very Unusual Excursion» պատմության շուրջ։ Նախքան ընթերցանությունը, սովորողներին առաջարկեցի կարդալ  վերնագիրը, ապա պատասխանել այն հարցին, թե ինչպիսին կարող է լինել «անսովոր էքսկուրսիան»։ Սովորողների պատասխանները բազմազան էին․ ոմանք պատկերացնում էին ճանապարհորդություն տիեզերք, մյուսները՝ այցելություն հին ամրոց կամ թանգարան։ Այս փուլը նպաստեց, որ նրանք ընթերցանությանը մոտենան հետաքրքրությամբ և ցանկանան ստուգել իրենց ենթադրությունները։

Ընթերցումից հետո սովորողները բնութագրեցին գլխավոր հերոսներին և քննարկեցին, թե իրենք ինչ կզգային, եթե հայտնվեին նույն իրավիճակում։ Առանձնահատուկ հետաքրքրություն առաջացրեց այն առաջադրանքը, որի ընթացքում յուրաքանչյուր խումբ պետք է առաջարկեր նոր էքսկուրսիա և ներկայացներ այն դասարանին։ Այս աշխատանքի ընթացքում սովորողները ակտիվորեն օգտագործում էին պատմությունից սովորած բառապաշարը և ձգտում էին հնարավորինս ազատ արտահայտել իրենց մտքերը։

Այս երկու պատմությունների, և ոչ միայն, շուրջ կազմակերպված աշխատանքը ցույց տվեց, որ սովորողները շատ ավելի մեծ հետաքրքրությամբ են մասնակցում ընթերցանությանը, երբ այն ուղեկցվում է քննարկումներով, ստեղծագործական առաջադրանքներով և համագործակցային աշխատանքով։ Նման պարապմուքների ընթացքում ընթերցանությունը դադարում է լինել միայն լեզվական վարժություն և վերածվում է ճանաչողական ու հաղորդակցական գործունեության, որտեղ յուրաքանչյուր սովորող հնարավորություն ունի մտածելու, արտահայտվելու և սովորելու մյուսների հետ համագործակցելով։

Վերջաբան

Այսպիսով, օտար լեզվի դասերին ընթերցանության նկատմամբ հետաքրքրության ձևավորումը երկարատև և հետևողական աշխատանք է, որի հաջողությունը մեծապես կախված է դասավանդողի ընտրած մեթոդներից և դասի կազմակերպման ձևից։ Իմ մանկավարժական փորձը ցույց է տալիս, որ սովորողները ավելի մեծ հետաքրքրությամբ են մասնակցում ընթերցանությանը, երբ այն չի սահմանափակվում միայն տեքստի ընթերցմամբ և բառերի թարգմանությամբ, այլ վերածվում է քննարկման, համագործակցության և ստեղծագործական աշխատանքի։

Համոզված եմ, որ յուրաքանչյուր ընթերցանությունղ կարող է դառնալ փոքրիկ բացահայտում, եթե սովորողը հնարավորություն ունենա մտածելու, հարցեր տալու, կարծիք հայտնելու և ստեղծագործաբար մոտենալու կարդացած նյութին։

Օգտվել եմ այս կայքից։