Մեզանից յուրաքանչյուրն այսօր ականատես է, թե ինչպես է արհեստական բանականությունը փոխում մեր առօրյա իրականությունը։ Ամեն օր հանդիպում ենք նոր գործիքների, նոր հնարավորությունների և նոր արագության, որոնց միջոցով մեր շուրջը ձևավորվում է նոր թվային աշխարհ։
Այսօր գրեթե բոլորը կարող են ստեղծել մեդիաբովանդակություն՝ ընդամենը մի քանի հուշումով և մի քանի հպումով։ Սակայն որքան հեշտանում է ստեղծման գործընթացը, այնքան ավելի է բարդանում որակի և բովանդակության ապահովումը։ Արդյունքում մեդիադաշտը լցվում է ոչ միայն ստեղծագործական, այլև մակերեսային, երբեմն՝ արժեք չպարունակող աշխատանքներով։
Ահա հենց այսպիսի միջավայրում են ապրում մեր երեխաները։ Այսպիսի բազմազան և երբեմն անկանոն տեղեկատվական հոսքերից են նրանք սնվում, սովորում, ձևավորվում, ոգեշնչվում և ստեղծագործում։ Այսօր, առավել քան երբևէ, մեր սովորողներն ունեն մեր աջակցության կարիքը, և յուրաքանչյուր դասավանդող պետք է պատասխանատվություն ստանձնի՝ տեղեկատվական մեծ ու բազմազան հոսքերը ճիշտ ուղղորդելու համար։
Որպես ուսուցիչ՝ ես իմ պարտքն եմ համարում սովորեցնել երեխաներին ստեղծել օգտակար և արժեքավոր աշխատանքներ, քանի որ վստահ եմ, որ ստեղծագործական գործընթացը մեծ ազդեցություն ունի ստեղծագործողի ձևավորման և զարգացման վրա։
Արդեն երկրորդ տարին է, ինչ իմ սովորողները ուսումնառության ընթացքում «Արհեստական բանականություն + Անգլերեն» նախագծի շրջանակում ակտիվորեն կիրառում են արհեստական բանականության գործիքներ։ Նրանք ոչ միայն կիրառում են ուսումնառության ընթացքում ձեռք բերած գիտելիքները, այլև մասնակցում են ուսումնական նյութերի ստեղծմանը՝ դառնալով հեղինակային մանկավարժության համահեղինակներ։
Վստահորեն կարող եմ ասել, որ նոր սովորած թվային գործիքները և ձեռք բերած հմտությունները նրանց դարձրել են ավելի նորարար, ինքնավստահ և արագ կողմնորոշվող։ Նրանց մտածողությունը դարձել է ավելի ճկուն, ավելի բաց և ավելի ստեղծագործական, իսկ սովորելու մոտիվացիան զգալիորեն բարձրացել է։Հենց այս գիտակցումն է, որ ինձ նրանց հետ տանում է համատեղ աշխատանքներ ստեղծելու ճանապարհով։
Շարունակելով հետևել մեդիա իրականության նոր խաղի կանոններին՝ 2025–2026 ուսումնական տարվա ընթացքում «Արհեստական բանականություն + Անգլերեն» նախագծի շրջանակում ես և Արևմտյան դպրոցի 5.1 և 5.2 դասարանների սովորողները հանդես եկանք նոր նախաձեռնությամբ։
Մտագրոհի արդյունքում որոշեցինք ստեղծել մի բան, որը կլինի ոչ միայն ուսումնական, այլև ստեղծագործական, հետաքրքիր և «սեբաստացիական»։ Այդ պահին արդեն պարզ էր՝ սովորողները պարզապես առաջադրանք չէին կատարելու, նրանք ստեղծելու էին արժեք, որը կարող էր ծառայել որպես ուսումնական նյութ՝ իրենց կրտսեր ընկերների համար։
Եվ այսպես՝ արհեստական բանականության գործիքների կիրառմամբ մենք ստեղծեցինք թվային ուսումնական պաստառների հավաքածուներ։ Պաստառների թեմաները ներառում են 5-րդ դասարանի անգլերենի հիմնական քերականական կառույցներն ու բառապաշարը։
Խոսելով նախագծի մեթոդական հիմքերի մասին՝ ուզում եմ նշել, որ այն կառուցված է սովորողակենտրոն մոտեցման վրա, որտեղ սովորողը ոչ թե պարզապես տեղեկատվության սպառող է, այլ ստեղծող և ակտիվ մասնակից։
Նախագիծը նախագծային ուսուցման (Project-Based Learning) դասական օրինակ է, քանի որ ներառում է թվային գործիքների նպատակային կիրառում, համագործակցային ուսուցում և մետաճանաչողական հմտությունների զարգացում, երբ սովորողը ոչ միայն սովորում է, այլև հասկանում է՝ ինչպես է սովորում։
Նախագիծն իրականացնելու համար սովորողների հետ մշակեցինք հստակ ճանապարհային քարտեզ, կատարեցինք աշխատանքի փուլային բաժանում և սահմանեցինք հստակ վերջնաժամկետներ։
Որպեսզի ստեղծվող պաստառներն ունենային միասնական ոճ և տեսողական ամբողջականություն, որոշեցինք աշխատել մեկ հիմնական գործիքով՝ ընտրելով Copilot-ը։ Այս ընտրությունն իր հերթին վերածվեց փոքր հետազոտական աշխատանքի, քանի որ սովորողները հնարավորություն ունեցան համեմատելու Copilot-ը ChatGPT-ի և Claude-ի հետ, որոնց կիրառման փորձ արդեն ունեին նախորդ նախագծերի ընթացքում։
Հաջորդ փուլում սովորողների հետ ուսումնասիրեցինք պատկերների ստեղծման տարբեր ոճեր և ընտրեցինք Candy Crush ոճը՝ այն համարելով գունեղ, գրավիչ և սովորողների համար մոտիվացնող։
Աշխատանքի ընթացքում սովորողները հասկացան, որ արհեստական բանականության միջոցով ստացվող արդյունքի որակը մեծապես կախված է ճիշտ ձևակերպված հրահանգից (prompt)։ Իմ աջակցությամբ նրանք սովորեցին կազմել հստակ և նպատակային հրահանգներ՝ ապահովելով ստեղծվող պաստառների ոճային միասնականությունն ու համապատասխանությունը նախանշված նպատակին։
Հաջորդ փուլում սովորողները սկսեցին աշխատել պաստառների բովանդակության վրա։ Սա նախագծի ամենախորքային փուլերից մեկն էր։ Նրանք ուսումնասիրեցին քերականական աղբյուրներ, համառոտագրեցին կանոնները, ընտրեցին համապատասխան օրինակներ և աշխատեցին բառապաշարի ընտրության ու դասակարգման վրա։
Այս փուլում ակտիվացան նրանց լեզվական հմտությունները, վերլուծական մտածողությունը և բարդ տեղեկատվությունը պարզ ու հասկանալի ներկայացնելու կարողությունը։
Օգտագործելով luvvoice.com գործիքը՝ սովորողներն արհեստական բանականության միջոցով պատրաստեցին թվային պատկերազարդ բառարանի աուդիո ձայնագրությունները՝ սովորելով, թե ինչպես կարելի է համադրել տեսողական, տեքստային և ձայնային ուսումնական նյութերը։
Այս ամենից հետո իմ հիմնական գործը անհատական աշխատանքների ամբողջացումը և սովորողներին աջակցելն էր՝ դրանք մեկ միասնական հավաքածուի վերածելու գործընթացում։
Սկսվեցին թիմային քննարկումներ, կատարվեցին խմբագրումներ, ճշգրտումներ և փոխադարձ գնահատումներ։ Վստահաբար կարող եմ պնդել, որ նախագծի այս փուլը նպաստեց սովորողների համագործակցային հմտությունների, պատասխանատվության և սեփական աշխատանքի արժեքը գնահատելու կարողության զարգացմանը։
Արդյունքում ստեղծվեցին ուսումնական թվային պաստառների երկու հավաքածու՝ «Parts of speech» («Խոսքի մասեր») և «My Talking Vocabulary» («Իմ խոսող բառարանը») վերնագրերով։
Պաստառները գունեղ են, պարզ, պատկերազարդ և հագեցած օրինակներով ու արհեստական բանականության միջոցով ստեղծված աուդիո նյութերով։ Դրանք կարող են կիրառվել որպես իրական ուսումնական նյութ՝ ինչպես դասապրոցեսում, այնպես էլ ինքնուրույն ուսումնառության ընթացքում։
Հետևելով ուսումնական նախագծի իրականացման ողջ ընթացքին և լինելով դրա անմիջական մասնակիցն ու պատասխանատուն՝ ես ինձ համար բացահայտեցի մի շարք կարևոր իրողություններ և կատարեցի դիտարկումներ, որոնք նշանակալի են իմ անձնական ու մասնագիտական աճի և զարգացման համար։
- Նախագծի իրականացման ընթացքում սովորողները ոչ միայն խորացրին իրենց բառապաշարային և քերականական գիտելիքները, այլև զարգացրին թվային գրագիտությունը, ակտիվացրին ստեղծագործական մտածողությունը և ձեռք բերեցին ինքնուրույն ու համագործակցային աշխատանքի կարևոր հմտություններ։
- Նրանք սովորեցին աշխատել միասին, լսել միմյանց, արտահայտել սեփական գաղափարները և դրանք վերածել իրական ստեղծագործական արդյունքի։ Սովորողները հասկացան, որ ժամանակակից կրթության մեջ կարևոր է ոչ միայն պատրաստի գիտելիքի յուրացումը, այլև նոր արժեք ստեղծելու կարողությունը։
Սակայն այս նախագծի ամենամեծ արժեքը վերջնական արդյունքը չէր։ Ամենակարևորն այն ճանապարհն էր, որով անցան սովորողները։ Այդ ճանապարհը լի էր որոնումներով, փորձարկումներով, ոգևորությամբ, երբեմն նաև դժվարություններով ու հաղթահարումներով։ Յուրաքանչյուր քայլ նրանց դարձնում էր ավելի վստահ, ավելի համարձակ և ավելի ստեղծագործ։
Նախագծի սկզբում և ավարտին նույն սովորողն արդեն նույնը չէր։ Նա փոխվել էր, աճել ու հասունացել՝ ոչ միայն նոր գիտելիքով, այլև նոր մտածողությամբ։ Սովորողներն սկսել էին ավելի ազատ երևակայել, ստեղծել, համագործակցել և հավատալ սեփական ուժերին։
Այս նախագծի ընթացքում ես ևս մեկ անգամ համոզվեցի, որ արհեստական բանականությունը չի փոխարինում ուսուցչին և սովորողին, այլ դառնում է նոր հնարավորությունների բացահայտման գործիք։ Ամենակարևորը ոչ թե տեխնոլոգիայի կիրառումն է, այլ այն, թե ինչ նպատակով, ինչ արժեքով և ինչ ստեղծագործական ճանապարհով ենք մենք այն օգտագործում։
Հուսով եմ, որ այս նախագիծը կունենա շարունակություն, որովհետև այն միաժամանակ օգտակար էր, հետաքրքիր և իսկապես ոգեշնչող՝ թե՛ սովորողների, թե՛ դասավանդողի համար։
«AI քեզ սովորող» նախագիծn ինձ համար դարձավ ևս մեկ ապացույց, որ երբ սովորողին հնարավորություն ենք տալիս ստեղծելու, փորձարկելու և իր գաղափարները կյանքի կոչելու, նա բացահայտում է իր ներուժը և դառնում ոչ միայն գիտելիք ստացող, այլև գիտելիք ստեղծող։
https://teacherhasmiksaribekyan.wordpress.com/wp-content/uploads/2026/07/parts-of-speech-1.pdf
