2-4 տարեկանների համար խոհանոցը պարզապես կենցաղային տարածք չէ, այլ իսկական փորձարարական լաբորատորիա, որտեղ ամեն մի «գդալն» ու «ալյուրի փոշին» նոր հայտնագործությունների սկիզբն են դնում։

Առաջին հայացքից վտանգավոր թվացող այս միջավայրն իրականում երեխայի զարգացման ամենահարուստ վայրերից մեկն է, իսկ խոհանոցային գործունեությունը՝ բոլոր զգայարաններն ու հմտությունները զարգացնող կրթական հզոր գործիք։ Փորձենք խոհանոցին նայել 2-4 տարեկան երեխայի աչքերով, և կտեսնենք ոչ թե կենցաղային տարածք, այլ բացահայտումների հսկայական աշխարհ։ Թվում է՝ այն երեխաների համար այդքան էլ հարմար վայր չէ, այնինչ Բլեյան պարտեզի սաների համար խոհանոցը լի է հետաքրքիր ու բազմատեսակ փորձառություններով, սանի՝ բազմակողմանի զարգացանն ուղղված անսահման հնարավորություններով։ 2-4 տարեկանների խմբում խոհանոցային գործունեությունը ուղղակի զբաղվելիք չէ, այն  զարգացնող միջոց է, որն ակտիվացնում է սանի բոլոր զգայարաններն ու հմտություններերը՝ սկսած ամենապարզ գործողություններից՝ բանջարեղեն-միրգ լվանալ, տեսակավորել, դասավորել, մանրացնել, ալյուր մաղել, ձու հարել։ 2-4 տարեկանների համար իսկական հայտնագործությունների աշխարհ է։

Խոհանոցային ցանկացած գործունեություն մանր մոտորիկայի զարգացման լավագույն միջոց է։ Երբ սանը, օրինակ, բանան է կեղևազրկում, խմոր է տրորում  կամ եգիպտացորենը հատիկ-հատիկ տեղափոխում է ափսեի մեջ, անընդհատ աշխատում են մատները՝ զարգացնելով մոտորիկան։ Ոչ մի ուրիշ գործունեության ընթացքում սանը չի կարող միաժամանակ տեսնել, շոշափել տարբեր մակերեսներ ու նյութեր (փափուկ, կոշտ, տաք, սառը), հոտ քաշել և համտեսել․ սրանք փորձառություններ են, որոնք ընդլայնում են սանի զգայական ընկալումն ու աշխարհճանաչողությունը։

Խոհանոցային գործունեությունը մեծ հնարավորություն է տալիս սանին ակամայից պատկերացում կազմել մեծ-փոքր, շատ-քիչ, վրա-տակ-մեջ հասկացությունների մասին՝ ամենասովորական, ոչ պարտադրական, խաղային մոտեցմամբ։ Այն նաև նպաստում է բառապաշարի հարստացմանը․ երեխան ոչ միայն լսում, այլև գործնականում կիրառում է նոր բառեր՝ հարել, խառնել, թխել, քերել, ջեռոց, կաթսա․․․ Սովորեցնում է հետևել որոշակի կարևոր կանոնների․ արդեն «հմուտ» խոհարարները գիտեն, որ նախքան գործի անցնելը պետք է անպայման լվանալ ձեռքերը, կողք կողքի համատեղ աշխատել, օգնել միմյանց, համբերատար սպասել սեփական հերթին, իսկ վերջում՝ պատրաստակամորեն ու սիրով հավաքել տարածքը։ Այսպես են դառնում ինքնուրույն, ինքնակազմակերպված ու այս կերպ են օրինակ ծառայում կրտսեր ընկերներին։

Կրթահամալիրի 2-4 տարեկանների խմբում խոհանոցային նախագծերն ու ծիսական պատրաստությունները շուրջտարյա  են, ինչն էլ ապահովում է ծրագրի շարունակականությունը։ Դրա արդյունքում տեղի է ունենում սանի՝ մի շարք հմտությունների ու կարողությունների մշտական զարգացումը։ Նախակրթարանի յուրաքանչյուր շրջան (աշնանային, ձմեռային, գարնանային, ամառային) ունի իրեն հատուկ ու բնորոշ ծիսական խոհանոցը, որին սաները մասնակցում են ամենայն մանրամասնությամբ՝ սկսելով նախապատրաստական աշխատանքներից, վերջացնելով ամփոփ արդյունքով։

Աշնանային պարտեզի խոհանոցը

Ըստ ուսումնական օրացույցի՝ սեպտեմբերի 1-ից սկսվում է «Աշնանային պարտեզ»-ը՝ մրգերի ու բանջարեղենի առատությամբ ու բազմազան տեսականիով։

Կրթահամալիրի տոնին բոլոր դպրոց-պարտեզներում մատուցվում է ազգային ուտեստ՝ հարիսա, իսկ էլ ի՞նչ հարիսա առանց թթվի։ Թթուդրիկի պատրաստությունը սկսվում է տանից՝ ընտանեկան պարտեզից։ Սաները ընտանիքի անդամի հետ գնումներ են կատարում, անհրաժեշտ պարագաները տեսակավորում, լվանում, դասավորում, մեծ ոգևորությամբ ու հպարտությամբ բերում խումբ՝ ընկերներին ցույց տալու։

Երբ ամեն ինչ պատրաստ է, սկսվում  է խոհանոցային  ծիսական եռուզեռը։ 2-4 տարեկաններն իրենց ձեռքերով կշռում են մթերքները, տարբերակում գույները, հոտը, համը, հետազոտում, ուսումնասիրում են սերմերը, պատրաստում են խահանոցային պարագաները՝ զրուցելով բանջարեղենի օգտակար հատկությունների, նրանց նմանությունների ու տարբերությունների մասին, համեմատում, համտեսում։ Նրանք սիրում են ամեն ինչ փորձել, շոշափել, հետազոտել և իրենց հետաքրքրող շատ հարցերի պատասխաններ ստանում են հենց խոհանոցային գործունեության ընթացքում ու արդյունքում։

Հարավի թթուն դրվում է բացօթյա միջավայրում՝ աշնանային ջերմ ու տաքուկ արևի ներքո՝ հայրիկների, մայրիկների, տատիկների ձեռքերով։ Հրավիրել էինք մեր սան Հայկի տատիկին, ով «Հարթակում տատիկն է» նախագծի շրջանակում երգով, ծափով, գովքով դրեց ամենահամեղ «տատական» թթուն։

Խոհանոցային գործունեությունը նպաստում է սանի՝ զգուշավոր և անվտանգ գործելու, ինքնուրույնության, ինքնասպասարկման հմտությունների ձևավորմանն ու զարգացմանը։ Հենց այս ընթացքում էլ արմատավորվում է խմբով և անհատապես աշխատելու ունակությունը, ուշադրության, կողմնորոշվելու, կենտրոնանալու, ընկերոջ հետ համագործակցելու կարողությունը։

Կրթահամալիրի տոնին ընդառաջ ծնողների նախաձեռնությամբ սաների հետ պատրաստեցինք քաղցր շարոց, մածուն, որոնք ներկայացրինք ցուցահանդես-վաճառքին։ Այս կերպ սաները ծանոթացան ընտանեկան-ծիսական խոհանոցին, տեղեկություն ստացան շարոցի, կաթի, մածունի մասին։

Աշնան ամենահամեղ ու արարման խորհուրդ ունեցող «Լավաշթխիկի ծես»-ի շրջանակում 2-4 տարեկաններն իրականացնում են ամենատարբեր գործունեություններ՝ կապված ցորենի, ալյուրի, խմորի հետ։ Սաներն ալրաթաթախ են լինում՝ իրականացնելով ալրանկարչություն, պատրաստում ենք  խաղախմոր, որով կարող են շատ երկար ժամանակ զբաղվել ու չձանձրանալ։ Խաղում են, միաժամանակ երևակայում, զարգացնում մոտորիկան, ստեղծականությունը։ Իսկ բուն ծեսն արդեն իրականացնում ենք Հարավի Ծիսական կենտրոնում` թոնրատանը։

Նախապես թեժացնում ենք թոնիրը՝ «Ջաղաց» ազգային երգով։ Հացթխիկի մասնակիցները «Քուրիկ զալուլ կմաղե» երգ-բեմադրությամբ շուրջպար են բռնում, մաղում ալյուրը, հունցում խմորը՝ սպասելով խմորի «հանգստանալուն»։ Ապա «Գունդ անեմ» երգի ուղեկցությամբ գնդում ենք խմորը, գրտնակում, բատատին փռում և խփում թոնրի շրթին, ու… տարածվում է անուշ լավաշի բույրը: Իսկ այդ ընթացքում հացթխիկի երգերը չեն դադարում հնչել։ Ծնողական համայնքի հետ միասին երգով, պարով, գովքով, ծիսական հյուրասիրությամբ խմոր ենք հունցում, շաղախում ու թխում ամենահամեղ լավաշները՝ նպատակ ունենալով պահել ու պահպանել ազգայինը, դառնալ դրա կրողն ու տարածողը։ Դե, իսկ վերջում, իհարկե, բոլորիս կողմից ամենասպասված պահը՝ լավաշուտոցին՝ կանաչիով ու պանրով բրդուճները, մեր պատրաստած թթուն, վառարանի վրա եփված կարտոֆիլի պլեճը՝ համեմված լավաշի անուշաբույր հոտով, կարմրաթուշ ու չոր փշրանքներով։

https://www.youtube.com/watch?v=LShcMIv3Uvo

Կրթահամալիրում իրականացվող յուրաքանչյուր ծես ուղղված է ազգային մշակույթի յուրացմանը, պահպանմանը, փոխանցմանը: Նմանատիպ ծեսերից է խաղողի գինու արարման ծեսը։ «Խաղողածես»-ի շրջանակում սաների հետ պատրաստում ենք խաղողի մուրաբա, չիր, չամիչ․․․ Նախ խոսում ենք խաղողի համի, գույնի, չափի, ձևի մասին, խոշորացույցով ուսումնասիրում ենք, տեսնում՝ ինչեր են «բնակվում» ներսում, մատներով հանում ենք կուտիկներ, սկսում շոշափել, դրանցով պատկերներ ստանալ։ Հետո ոգևորությամբ առանձնացնում են հատիկները ողկույզից, տեղափոխում սկուտեղի վրա ու դնում արևի տակ` անհամբերությամբ սպասելով, որ չորանա ու դառնա չամիչ։

Ձմեռային պարտեզի խոհանոցը

Ձմեռային պարտեզի ամենասպասված ծեսի՝ Ամանորի տարեգաթայի պատրաստությանը չէին կարող մասնակից չլինել 2-4 տարեկաններն ու ծնողական համայնքը։ «Հարթակում ծնողն է» նախագծի շրջանակում սեբաստացի մայրիկներն իրենց ձեռքով ու սաների անմիջական մասնակցությամբ՝ ալրաթաթախ մռութիկներով ու խմորոտ ձեռքերով, թխեցին ավանդական ծիսական տարեգաթան։

Իսկ տոնական ավանդական թխվածքաբլիթ «Ասիլ-վասիլներ»-ը սաներն ամենաշատն են սիրում։ Ծիծաղում են մարդուկ-թխվածքաբլիթների վրա, զրուցում նրանց հետ, նմանեցնում մեկմեկու ու անուշ անում իրենց համատեղ աշխատանքի արդյունքը։

«Տյառնընդառաջ»-ի ծեսի ժամանակ 2-4 տարեկանների հետ խմբում պատրաստում ենք հալվա, փոխինդե գնդիկներ, աղանձ, ադիբուդի, գաթա․․․ Սա պարզապես խոհարարություն չէ, այլ ազգային մշակույթին հաղորդակցվելու ամենաանմիջական ճանապարհ։ Ցորենի բույրը, փոխինդի ու մեղրի համադրությունը, խմորին հպվելն ու ձեռքերով ձևավորելը սաներին տալիս են իրական շոշափելի փորձառություն։ Տարիքին համապատասխան այս գործողությունների միջոցով նրանք ոչ միայն սովորում են, այլև իրենց կարևոր ու ինքնուրույն են զգում՝ ընկերների հետ կիսվելով ու միասին տոնական սեղան պատրաստելով։

 Ազգագրական փառատոնի շրջանակում պատրաստեցինք շատ համեղ ազգային ուտեստ` ավելուկով ապուր: Ավելուկը ամռանը նախապես հավաքել էինք սաների հետ Հարավի այգուց, հյուսել էինք ու կախել, որ չորանար ու պատրաստ լիներ ձմռանն օգտագործելու համար։ Արդեն չորացած ավելուկը լավ մշակեցինք ու դրանով պատրաստեցինք աղցան ու ապուր։ Մեր սաներից Մանեն այնքան էր հավանել, որ մայրիկին ստիպել էր գնել ավելուկ ու տանը պատրաստել պարտեզի ապուրից ։

Դդումով պատրաստեցինք քաղցր մարմելադներ։ Դե, իսկ ամենասիրված ղափամայի անուշ համն ու հոտն էլ տարածվել էր Հարավի թոնրատնով մեկ։ Սա մի յուրահատուկ ծիսական արարողություն էր․ հրավիրել էինք մեր սան Արևիկի հայրիկին, ով իր ձեռքերով ու սաների օգնությամբ եփեց համով-հոտով, չրով-չամչով, մեղրն ու բուղը մեջը ղափաման։ Հայրիկը խոստովանեց, որ իրեն շատ է հետաքրքրում վերջնական արդյունքը, հատկապես, որ առաջին անգամ էր պատրաստում ու երբևէ չէր փորձել։

Գարնանային պարտեզի խոհանոցը

«Զատկածես»-ին նախորդող շաբաթվա Ավագ Ուրբաթը նշանավորվում է զատկական խոհանոցի նախապատրաստական աշխատանքներով։ Սաների հետ պատրաստում ենք տոնին հատուկ կերակրատեսակներ՝ զատկական թխվածք՝ կուլիչ, չամչով ու չրերով փլավ, միջինքի գաթա, ներկում ենք ձվերը, ու այս ամենին ոչ միայն մասնակից են լինում սաները, այլև նախաձեռնող՝ որոշում են ինչ տեսք տալ, ինչ գույն ներկել, ինչպես ձևավորել զատկական սեղանը․․․

Մեղվածեսի շրջանակում աշխատասեր պզզան պարտեզիկները, իրար հերթ չտալով, մեծ ոգևորությամբ մասնակցեցին մեղրով թխվածքաբլիթի պատրաստման ողջ ընթացքին։ Նախ խոսեցինք մեղուների ու նրանց պատրաստած համեղ ու օգտակար մեղրի մասին։ Յուրաքանչյուրը պատմեց, թե ինչպես են իրենց տանն օգտագործում մեղրը․ մեկն ասաց, որ իր տատիկը թեյը շատ է սիրում մեղրով, մյուսն ասաց, որ մայրիկը տորթիկներ է պատրաստում ու մեջը մեղր ավելացնում, սաներից մեկն էլ ասաց, որ իրենք տանը մեղր չունեն, բայց մայրիկին կասի, որ գան պարտեզից տանեն․․․ Այ այսպես զրուցելով էլ վերջում համտեսեցին ու անուշ արեցին։

Համբարձման ծեսին հատուկ ավանդույթներից մեկը կաթնապուրի պատրաստման ու ճաշակման արարողությունն է։ Հնում այդ օրվա առավոտը բոլոր ընտանիքներում սկսվում էր կաթնապուր եփելով։ Որոշ տեղերում այն եփում էին խմբովի, թաղերով կամ հարևաններով և մի քանի շերեփ շաղ տալիս արտերի շուրջը` նախ հնձի առատությունն ապահովելու նպատակով, ապա մորեխից ու կարկուտից պաշտպանելու համար։

Շատ ընտանիքներում Զատիկից մինչև Համբարձում կաթնապուր չէին եփում և Համբարձմանն առաջին անգամ եփվող կաթնապուրն ուտվում էր հատուկ հանդիսավորությամբ: Մարդիկ հավատում էին, որ այն մարդը, ով առաջինը կճաշակեր կաթնապուրը, կլիներ տարվա հաջողակը:

Ինչպես ամեն ծես, Համբարձումն էլ նախակրթարանում իրականացվում է առանձնահատուկ մոտեցմամբ ու նախապատրաստական աշխատանքներով, որոնցից մեկն էլ հենց կաթնապուրի պատրաստումն է։ Ու շատ կարևոր է, որ հենց ծնողն է դառնում նախաձեռնող, ոգևորությամբ առաջարկում է մասնակից դառնալ գործունեություններին։ Կաթնապուրը պատրաստեց մեր սան Մարկոսի մայրիկը՝ բացատրելով խորհուրդը, ներկայացնելով անհրաժեշտ բաղադրիչները․․․

Գարնանային ամենասիրուն «Մայրիկատոնի»-ն սաների հետ որոշեցինք պատրաստել ազգային խոհանոցից որևէ համով աղանդեր։ Ընտրեցինք փոխինդը. սաներն իրենց ձեռքով շաղախեցին, ու յուրաքանչյուրն իր երևակայության սահմաններում փորձեց փոխինդից ծեփել իր մայրիկին ՝ միաժամանակ ստեղծագործելով, մայրիկի մասին պատմելով, արտաքինը նկարագրելով, մոտորիկան զարգացնելով ու, իհարկե, համտեսելով։

Ամառային պարտեզի խոհանոցը

Ամա՜ռ, ամառայի՜ն պարտեզ, լողա՜փ ու, իհարկե, շատ-շատ մրգեր՝ այն էլ հենց պարտեզի բակից։ Մեզ մնում է միայն վերցնել զամբյուղն ու վազել դեպի բերքատու ծառերը։ Կարելի է երազել նման միջավայրի մասին, չէ՞, բայց սեբաստացիների համար սա ամենօրյա, շատ սովորական ու վայելքի առօրյա է։ Ծիրանենին հասել է ու մեզ է սպասում, հո՞ չենք թողնելու բերքը թափվի։ Մեծով-փոքրով հավաքվեցինք, կտորը պահեցինք ծառի տակ, ու ի՜նչ, ծիրանները տեղացին՝ անուշահոտ ու անուշահամ, դեղնակարմրավուն թուշիկներով։ Իսկական ծիրանաթափ ու ծիրանահավաք։ Մեր հավաքած ծիրանները հետո դարձան քաղցրահամ չրեր ու ամռան տապը զովացնող կոմպոտներ…

2-4 տարեկանների հետ իրականացրինք ստեղծական, «համեղ» ու գունագեղ նախագիծ՝ «Ամառային խոհանոցը բակում»։ Նպատակն էր ստեղծել ազատ, ոգեշնչող միջավայր, որտեղ սաները ցույց կտան իրենց խոհարարական հմտությունները, նախապես կպատրաստեն անհրաժեշտ պարագաները, կլվանան մթերքները, կկշռեն, կչափեն, կհամտեսեն, կդասավորեն ըստ գույնի, ձևի, չափի․․․ Ամառային լողափը վերածեցինք խոհարարական-ստեղծական լաբորատորիայի։ Գործունեությունների ընթացքում սաները զարգացրին ստեղծագործական երևակայությունը, հետազոտելու, ուսումնասիրելու, համագործակցային դիտարկումներ անելու կարողութունը։ Նախագծի միջոցով առավել շեշտվեց ու ամրապնդվեց սան-ծնող-պարտեզ կապը՝ ակնհայտ դարձնելով այդ կապի դերն ու նշանակությունը սանի՝ ազատ ու անկաշկանդ ինքնաարտահայտվելու, ինքնադրսևորվելու հարցում։

2-4 տարեկաններն իրենց ձեռքերով քաղեցին Հարավի այգու մրգերը։ Սաների մի մասը մաքրեց ու լվաց դրանք, մյուս մասը կորիզահան արեց, մյուսներն էլ տեղավորեցին հարիչի մեջ ու պատրաստեցին ամենահամեղ ու թարմ մրգային պյուրեն։ Այն ավելի բազմազան դարձնելու համար մանրացրեցին ընկույզն ու լցրեցին պյուրեի վրա։ Ստացվեց ամառային լողափնյա ամենաանուշահամ ու օգտակար աղանդերը։ Լողափնյա սրճարանն առանց պիցցայի դժվար է պատկերացնել, դե, մենք էլ չէինք կարող սաներին զրկել իրենց ամենասիրելի ուտեստից՝ պատրաստեցինք այլընտրանքային պիցցա։ Ունեցանք նաև լողափնյա սրճարանի ցուցադրություն՝ խոհանոցային համեղ խառնաշփոթ։ Հենց լողափում սաներն իրենց մայրիկների օգնությամբ պատրաստեցին մրգային շամփուրներ, բլիթներ, խտացրած կաթով ու շոկոլադե կրեմով զարդարեցին բոլոր մրգերն ու սկսեցին անուշ-անուշ վայելել։ Իսկ վերջում խնձորախաղով ամփոփեցին իրենց քաղցր օրը։

Ծննդյան ծեսի խոհանոց

Սաները մի առանձնահատուկ ոգևորությամբ են սպասում իրենց ծննդյան տորթիկի պատրաստմանը․ սեբաստացի ծնողը ոչ թե գնում է արդեն պատրաստի, անհայտ բաղադրիչներով գույնզգույն տորթիկ, այլ ուղղակի բերում է անհրաժեշտ պարագաները ու մի կողմ քաշվում։ Սաները գիտեն, որ իրենք են լինելու հեղինակն իրենց տորթի, իրենք են թխելու մայրիկների, տատիկների օգնությամբ, իրենց ուզած ձևով ձևավորելու են, իրենց ձեռքով կտրատեն ու հյուրասիրեն ընկերներին։ Այս ամենն ուղղակի ծննդյան ծեսի կազմակերպում կամ ուղղակի հյուրասիրություն չէ, այն ինքնուրույնության, հեղինակության ու ազատության զգացում է։

Ընտանեկան պարտեզի խոհանոցը

Եթե ընտանիքից թեկուզ մեկ երեխա հաճախում է Բլեյան պարտեզ, նշանակում է ամբողջ ընտանիքն արդեն սեբաստացի է։ Իսկ լինել սեբաստացի նշանակում է անմիջական մասնակիցը դառնալ իրականացվող բոլոր նախագծերին ու գործունեություններին։ Ինչպես ծնողներն են խոստովանում, ընտանեկան խոհանոցային նախագծերը հրաշալի հնարավորություն են տալիս ավելի շատ ժամանակ անցկացնել երեխայի հետ տանը, հետևել նրա առաջխաղացմանը, անել նոր բացահայտումներ, նորովի ճանաչել սեփական երեխային, տեսնել նրա ամենօրյա աճն ու զարգացումը։

2-4 տարեկանների հետ խոհանոցային գործունեություն կազմակերպելիս կարևորը ոչ թե կատարյալ արդյունքն է, այլ ընթացքը։ Թող խմորը մի փոքր անհարթ ստացվի, իսկ սեղանը՝ ալրոտ. կարևորն այն ուրախությունն ու գիտելիքն են, որոնք երեխաները ստանում են այդ պահին։ «Ես ինքնուրույն արեցի»․ սա 2-4 տարեկանի ամենամեծ հաղթանակն է։ Երբ սանը տեսնում է, որ իր աշխատանքի արդյունքում ստացվում է համեղ ուտեստ, որով հյուրասիրում է ընկերներին, նրա ինքնագնահատականն ու վստահությունը սեփական ուժերի հանդեպ կտրուկ բարձրանում են։ Երբ երեխան ինքն է պատրաստում, նա ավելի մեծ պատրաստակամությամբ ու հետաքրքրությամբ է համտեսում նույնիսկ այն մթերքները, որոնք նախկինում հրաժարվում էր ուտել։

Խոհանոցային աշխատանքները 2-4 տարեկանների խմբում դարձնելով մշտական ու կանոնավոր ՝ մենք ոչ միայն զարգացնում ենք շատ ու շատ հմտություններ, այլև օգնում ենք, որ սանն իրեն զգա «մեծերի աշխարհ»-ի լիարժեք ու օգտակար անդամ։