21-րդ դարի նորարարության պահանջներին համապատասխանելու համար փնտրում ենք նոր հնարավորություններ` ինքնակրթվելու և գիտելիքներ ձեռք բերել նպատակով։ Աշխարհում լայն ճանաչում ունեցող TOEFL (Test of English as a Foreign Language) քննության վերապատրաստման դասընթացն այս փուլում կարևոր քայլ էր նոր առաջընթացի մեկնարկի համար։ Լինելով անգլերենի դասավանդող՝ շատ կարևոր է նույնիսկ տարրական գիտելիքներ ունենալ օտար լեզվի՝ կրթության մեջ հաջողություն գրանցած ցանկացած գործիքի մասին, քանի որ աշխատելով արդեն դիմորդ սովորողի հետ՝ պետք է պատրաստ լինել աջակցելու, ինչու չէ, նաև ուղղորդելու սովորողին։ Մասնագիտական զարգացման համար կրթահամալիրի ընձեռած այս հնարավորությունը մեծ աջակցություն էր կրթական առաջընթացի գործում։ Այսպիսով, որոշեցի մասնակցել և մանրամասն տեղեկատվություն ստանալ քննության կառուցվածքի, բովանդակության, գնահատման չափանիշների, տեսակների, առավելությունների և այնպիսի օգտակար աղբյուրների մասին, որոնք, առաջիկայում նոր հորիզոններ բացելով, կօգնեն քննության պատրաստվող սովորողների հետ աշխատել։ Վերապատրասման դասընթացը կազմակերպել էր «Լոնդոն Այ» միջազգային ուսումնական կենտրոնը, որն առաջարկում է բազմաթիվ հետաքրքիր և հագեցած ծրագրեր ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում՝ համատեղելով որակյալ կրթությունը տարբեր երկրների պատմամշակութային արժեքների և սովորույթների ուսումնասիրության և նոր գիտելիքներ ձեռք բերելու հնարավորության հետ՝ ձևավորելով միջազգային միջավայրում հաջողությամբ հաղորդակցվելու կարողություն։
Այսօր անգլերենի իմացությունը բազում դռներ է բացում ինչպես ակադեմիական, այնպես էլ մասնագիտական աշխարհում։ Հատկապես, երբ արտասահմանում ուսման կամ աշխատանքի հնարավորություն ստանալու դեպքում TOEFL iBT (Internet-based Test) քննությունը, մշակված լինելով բարձր ակադեմիական չափանիշներով, համարվում է կարևոր միջոց՝ գնահատելու դիմորդի անգլերենի հմտությունները։ Ուստի TOEFL iBT-ի ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը, առաջարկելով դասընթացներ, աշխատարաններ, վեբինարներ և այլ միջոցառումներ, աջակցում է անգլերենի ուսուցչի մասնագիտական զարգացմանը և անհրաժեշտ հմտություններով զինում՝ ուսանողներին TOEFL iBT թեստին և համալսարանական միջավայրում սովորելուն պատրաստելու համար։ Միանալով անգլերենի մասնագետների գլոբալ համայնքին, կիսվելով մեր մտքերով, համատեղ գաղափարներով և օգտվելով արժեքավոր խորհուրդներից, ռեսուրսներից, նոր կապեր ստեղծելու հնարավորություններից և TOEFL iBT ծրագրի թարմացումներից՝ այս վերապատրաստումն ինքնակատարելագործման կարևորագույն միջոց էր։
Վերապատրաստման ընդհանուր նկարագրություն
TOEFL iBT hմտությունների ուսուցման աշխատարանը մասնագիտական զարգացման ծրագիր էր, որը նպատակ ուներ կատարելագործելու անգլերենի ուսուցիչներին՝ տալով խորը պատկերացում TOEFL iBT թեստի և այլ ակադեմիական լեզվական հմտությունների վերաբերյալ։ Աշխատարանը վարում էր ETS-ի կողմից ընտրված վերապատրաստողն առցանց, բայց կարող էր վարել նաև առկա՝ կազմակերպչական պահանջներից ելնելով։ Աշխատարանն իր մեջ ընդգրկում էր հետևյալը թեմաները․
- Ծանոթացում TOEFL iBT թեստի կառուցվածքին և բովանդակությանը
- Ծանոթացում TOEFL iBT թեստի ընթերցանության, լսողական, խոսելու և գրելու կարողությունների ստուգման բաժիններին
- Խոսելու և գրելու բաժինների գնահատման սկզբունքների ուսումնասիրություն
- Ուսուցման և ուսումնառության ռազմավարությունների ներածություն՝ ուսանողների հաջողությանը նպաստելու համար
- Ուսուցման ռազմավարությունների և դասարանային վարժությունների օրինակների ներկայացում։
Աշխատարանը նաև հնարավորություն էր տալիս շփվելու գործընկերների հետ և հետադարձ կապ հաստատելու՝ օգնելով բարելավել և զարգացնել գնահատման գործիքները, որոնք համապատասխանում են մասնագետների կարիքներին։
Այս աշխատարանն իդեալական զարգացման միջոց էր․
- Անգլերենի ուսուցիչների համար, ովքեր ցանկանում են կատարելագործել իրենց հմտությունները՝ TOEFL iBT թեստի նախապատրաստման համար
- Ուսուցիչների համար, ովքեր պատրաստում են ուսանողներին արտասահմանյան ակադեմիական կրթության համար
- Ուսուցիչների համար, ովքեր ցանկանում են «արդյունավետ ռազմավարություն ներառել» ակադեմիական անգլերենի ուսուցման իրենց ծրագրերում (EAP)
- Աշխատարանն ավարտած մասնակիցները ստանում են մասնակցության վկայական։

Աշխատարանը նպատակ ուներ օգնել ուսուցիչներին հասկանալ այն հմտությունները, որոնք սովորողները պետք է զարգացնեն, որպեսզի կարողանան ոչ միայն հաջողությամբ հաղորդակցվել անգլախոս «ակադեմիական միջավայրերում» գտնվող բուհերում, այլ նաև ոչ անգլախոս երկրներում գործող ուսումնական հաստատություններում, որտեղ անգլերենը օգտագործվում է որպես դասավանդման լեզու։ Ակադեմիական հաղորդակցությունը տեղի է ունենում ոչ միայն դասարանում, որտեղ դասավանդողը կարող է խրախուսել ուսանողների հարցերը, այլ նաև դասարանից դուրս։ Որպես ուսուցիչներ՝ մենք պետք է որոշենք, թե որ նպատակն է ամենից արդիականն ու օգտակարը մեր սովորողների համար՝ ապահովելով նրանց կողմից լեզուն սովորելու իրական կարիքներից և կյանքի տարբեր իրավիճակներում արդյունավետ հաղորդակցվելու հնարավորություններից բխող վերջնարդյունքներ։ Վերջնական կարևորագույն արդյունք գրանցելու համար ուսումնառության գործընթացում հարկավոր ներառել հետևյալ․
- Հասկանալ, թե սովորողներն ինչ հմտություններ պետք է զարգացնեն իրենց հաղորդակցական նպատակներին հասնելու համար
- Ստեղծել հստակ ուսուցման նպատակներ, որոնք կուղղորդեն ուսուցման գործընթացը և հմտությունների զարգացումը
- Մոտիվացնել ուսանողներին՝ օգտագործելով աշխույժ, իմաստալից, համատեքստային և ուսումնական նպատակներին համապատասխանող առաջադրանքներ։
TOEFL (Test of English as a Foreign Language)— Մանրամասն ուղեցույց
TOEFL-ը միջազգային ստանդար քննությունը գնահատում է անգլերենի իմացության հմտությունները։ Այն անհրաժեշտ է հատկապես նրանց, ովքեր ցանկանում են սովորել կամ աշխատել արտասահմանում՝ անգլերեն կրթական կամ մասնագիտական միջավայրում։ Ավելի քան 13,000 համալսարաններ և հաստատություններ 160-ից ավելի երկրներում ընդունում են TOEFL-ի արդյունքները։ Հանձնման ավելի քան 200 կենտրոններ են գործում աշխարհի գրեթե բոլոր երկրներում։ Կարելի է նաև ընտրել տնային տարբերակը (TOEFL iBT Home Edition), որը թույլ է տալիս հանձնել քննությունը տանից՝ ենթարկվելով և պահպանելով քննության համար նախատեսված բոլոր կանոնները։ Այն բացում է հնարավորություններ՝ սովորելու աշխարհի առաջատար բուհերում և ստանալու կրթաթոշակներ։ Քննության արժեքը տարբեր երկրներում տարբեր է, միջինում՝ $180–$250։ Վերապատրաստման դասընթացների արժեքը կախված է մասնագետից, խմբի ձևաչափից և տևողությունից։
TOEFL-ի տեսակները
- TOEFL iBT® (Internet-based Test) — Այսօր ամենատարածված տարբերակն է։ Քննությունը անցկացվում է համակարգչով՝ ինտերնետի միջոցով։
- TOEFL Essentials™ — Ավելի կարճ և նոր տարբերակ է՝ դինամիկ ձևաչափով։ Պահանջում է ավելի քիչ ժամանակ և մատչելի է։
- TOEFL PBT (Paper-based Test) — Ավանդական թղթային տարբերակ, բայց ներկայումս քիչ է կիրառվում։
TOEFL iBT թեստի կառուցվածքը և հաղորդակցական լեզվային հաղորդունակությունը․
TOEFL iBT թեստի կառուցվածքը հիմնված է հաղորդակցական և ինտեգրված կարողությունների մոդելների վրա։ Թեստը նախագծվել է որպես անգլերենով հաղորդակցական լեզվական հաղորդունակության ստուգման գործիք և կենտրոնանում է ակադեմիական լեզվի ու առօրյա կյանքի լեզվական ունակությունների վրա։ Վերապատրաստման նպատակն է․
- Հաջող հաղորդակցվել ակադեմիական միջավայրում
- Զարգացնել մասնագիտական հաղորդակցական հմտություններ
- Ըմբռնել և օգտագործել անգլերենն առօրյա կյանքում՝ ֆիլմեր դիտելիս, ինտերնետից օգտվելիս, սոցիալական ցանցերում հաղորդակցվելիս
Հաղորդակցային լեզվի ուսուցումը և ուսումնառությունը հաճախ նկարագրվում են որպես հիմք, որը կազմված է լեզվի չորս հիմնական հմտություններից՝ ընթերցանություն, ունկնդրում, խոսելու կարողություն և գրելու կարողություն։ Այն ներառում է նաև հարակից հմտություններ, ինչպիսիք են բառապաշարի իմացությունը, ուղղագրությունը, արտասանությունը, շարահյուսությունը, իմաստը և գործածությունը (Oxford, 2001)։ Օքսֆորդի համաձայն՝ այս բոլոր հմտությունների միավորումը «բերում է օպտիմալ հաղորդակցման՝ որպես օտար լեզու (ESL/EFL)»։ Այս մոտեցումը հայտնի է դարձել որպես ինտեգրված հմտությունների մոտեցում։ Ինչպես նշում է Օքսֆորդը. «Նույնիսկ եթե հնարավոր լիներ ամբողջությամբ զարգացնել մեկ կամ երկու հմտություն՝ բացի մյուսներից, այդպիսի մոտեցումը չէր ապահովի բավարար պատրաստություն՝ ակադեմիական հաղորդակցության, մասնագիտական ոլորտում լեզվի օգտագործման կամ առօրյա հաղորդակցության համար»։
TOEFL iBT քննությունը բաղկացած է 4 հիմնական բաժնից.
1․ Ընթերցանություն (Reading)
- Նպատակ՝ գնահատել ակադեմիական տեքստեր կարդալու և հասկանալու ունակությունը
- Բովանդակություն՝ 2-3 ակադեմիական տեքստ (յուրաքանչյուրը՝ մոտ 700 բառ)
- Հարցերի տեսակներ՝ հիմնական գաղափարներ, մանրամասներ, եզրահանգումներ, բառապաշար, կազմակերպություն, փաստերի տարբերակում
- Տևողություն՝ մոտ 35 րոպե
2․ Ունկնդրում (Listening)
- Նպատակ՝ գնահատել խոսակցություններն ու դասախոսությունները հասկանալու ունակությունը
- Բովանդակություն՝ 3-4 ակադեմիական դասախոսություն և 2 խոսակցություն ուսանողների կամ ուսուցիչների միջև
- Հարցերի տեսակներ՝ հիմնական մտքեր, մանրամասներ, խոսողի վերաբերմունք, կազմակերպչական կառուցվածք
- Տևողություն՝ մոտ 36 րոպե
3. Խոսելու կարողություն (Speaking)
- Նպատակ՝ գնահատել ակադեմիական և առօրյա թեմաներով բանավոր արտահայտվելու կարողությունը
- Բովանդակություն՝ 4 առաջադրանք
- 1 անկախ առաջադրանք՝ կարծիք արտահայտել անձնական փորձի հիման վրա
- 3 ինտեգրված առաջադրանք՝ լսել կամ կարդալ և պատասխանել
- Գնահատման չափանիշներ՝ հստակություն, բանավոր հոսք, լեզվական ճշգրտություն և բովանդակության համապատասխանություն
- Տևողություն՝ մոտ 16 րոպե։
4. Գրելու կարողություն (Writing)
- Նպատակ՝ գնահատել ակադեմիական թեմաներով գրվածք կազմելու ունակությունը
- Բովանդակություն՝ 2 առաջադրանք
- 1 ինտեգրված առաջադրանք՝ կարդալ, լսել և գրել
- 1 անկախ առաջադրանք՝ կարծիք արտահայտել և հիմնավորել
- Գնահատման չափանիշներ՝ կառուցվածք, տրամաբանություն, լեզվական ճշգրտություն և խոսքի «հոսք»
- Տևողություն՝ մոտ 29 րոպե։
Ընդհանուր տևողությունը մոտավորապես 2 ժամ է։ Հաջողության համար անհրաժեշտ է ոչ միայն լավ տիրապետել լեզվին, այլև սովորել հասկանալ թեստի կառուցվածքը, զարգացնել ժամանակի կառավարման հմտությունները և ձեռք բերել քննության հատուկ ռազմավարություններ։
Գնահատման համակարգ
TOEFL-ում յուրաքանչյուր բաժինը գնահատվում է 0-30 միավորով։ Ամբողջական գնահատականը ստացվում է բաժինների միավորների գումարից՝ առավելագույնը՝ 120 միավոր։ TOEFL-ի արդյունքները վավեր են 2 տարի, քանի որ լեզվի հմտությունները կարող են փոփոխվել այդ ժամանակահատվածում։ Պատրաստվելիս կարևոր է հասկանալ, որ յուրաքանչյուր բաժին գնահատվում է իր չափորոշիչներով․
- Reading/Listening՝ ճիշտ պատասխանների քանակ
- Speaking/Writing՝ բովանդակություն, լեզվական հստակություն, կառուցվածք և փաստարկվածություն
Վերապատրաստման ընթացքում ուսանողները սովորում են․
- Արդյունավետ օգտագործել ժամանակը՝ հաշվի առնելով յուրաքանչյուր բաժնի ժամանակային սահմանափակումները
- Պատրաստվել ակադեմիական տեքստերին և լսողական նյութերին, որոնք հաճախ բարդ և գիտական են
- Զարգացնել գրելաձևի հստակություն և տրամաբանական կառուցվածք էսսեների համար
- Հաղթահարել խոսելու վախը՝ կիրառելով խոսքի վարժություններ և բարդ հարցերին արագ արձագանքելու մեթոդներ
Լավ կազմակերպված դասընթացները ապահովում են անհատական մոտեցում՝ կենտրոնանալով ուսանողի թույլ և ուժեղ կողմերի վրա։ Դասերը սովորաբար ներառում են․
- Իրական TOEFL մոդելային թեստեր
- Լսողական նյութերի վերլուծություններ
- Գրավոր աշխատանքների մշտական վերանայում և խորհուրդներ
- Խոսքի պրակտիկա՝ ուսուցչի հետ կամ խմբային
- Հուշաթերթիկներ և օգտակար ռազմավարություններ յուրաքանչյուր բաժնի համար
TOEFL-ը միայն լեզվական մարտահրավեր չէ. այն նաև հոգեբանական պատրաստվածություն է։ Վերապատրաստման գործընթացում ուսանողները սովորում են հաղթահարել սթրեսը և պահպանել հանգստություն քննության ընթացքում։ Համագործակցությունը փորձառու մասնագետների հետ օգնում է ամրապնդել վստահությունը սեփական ուժերի նկատմամբ։
Խորհուրդներ TOEFL-ի քննություն հանձնողների համար․
- Պարբերաբար անցե՛ք փորձնական թեստեր
- Ուշադրություն դարձրե՛ք ժամանակի կառավարմանը
- Լսե՛ք ակադեմիական դասախոսություններ և գրառումներ արե՛ք
- Զարգացրե՛ք ակադեմիական գրավոր հմտությունները
- Խոսե՛ք բարձրաձայն՝ վարժելով արտասանությունը և մտքի հստակ փոխանցումը։
Օգտակար նյութեր
Ստորև կարող եք գտնել օգտակար հղումներ և ուսումնական նյութեր, որոնք կօգնեն յուրաքանչյուր դասավանդողի և սովորողի նախապատրասվել TOEFL iBT թեստի քննությանը։ Ներկայացված են այն բոլոր հղումները, որոնք մեզ տրամադրվել են վերապատրաստման ընթացքում։
Sign up for our ELT newsletter: ELT Connect
Free Teacher Webinar Series: https://bit.ly/3ABkXME
Watch the Virtual Seminar for ELTs 2024: Humanizing AI for Learning & Assessment
Online workshop materials
Comparing TOEFL iBT® Scores
https://dokuman.osym.gov.tr/pdfdokuman/2023/GENEL/esde%C4%9Ferlikdokuman
AI-powered, one-stop test prep hub: TOEFL® TestReady™
Teacher Development Section
TOEFL® Research Insight Series
TOEFL® Grants and Awards
TOEFL® Test Preparation: The Insider’s Guide (MOOC)
TOEFL® TV Official YouTube Channel
Sign up to receive assessment program updates
