2025 թվականին տարբեր երկրներում սկսեցին գործել «Արվեստ առանց սահմանների 2025» միջազգային փառատոներ, որոնց նպատակն էր ցույց տալ արվեստի հոգևոր ուժը և լեզուն, որը հասկանալի է աշխարհի բոլոր մարդկանց և միավորում է նրանց՝ չնայած նրանց միջև առկա լեզվական, աշխարհաքաղաքական, կրոնական, էթնիկ և մշակութային տարբերություններին:
Այս միջազգային փառատոնային ոգուն համապատասխան են սկսել
գործել «Սահմաններ /Borders/ Gränse» միջազգային փառատոնային աշխատանքները «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Գեղարվեստի ուսումնական կենտրոնում: Մասնակիցների թվում էին Շվեդիայից ժամանած Մարտին Ալունդը, Մալին Բենգսթոնը, Հեիդի Էդսթրոմը և Նարեկ Աղաջանյանը, իսկ Գևորգ Այվազյանը մեր հյուրն էր Ֆրանսիայից: Մեր կրթահամալիրի Գեղարվեստի ուսումնական կենտրոնից մասնակցում էին Գագիկ Չարչյանը, Կարինե Մացակյանը, Սուսան Ամուջանյանը, Նարեկ Հակոբյանը և Քնարիկ Ներսիսյանը:
Առանձնակի հետաքրքրությամբ եմ ուզում ներկայացնել շվեդ մասնակիցների աշխատանքները: Նրանք արդեն երկու շաբաթից ավել է, ինչ ապրում են Հյուսիսային դպրոց-պարտեզի կրթական փոխանակումների կացարանում։

Մարտին Ալունդը ինձ հրավիրեց Գեղարվեստի դպրոցի երկրորդ հարկի ընդարձակ արվեստանոցը, որտեղ արդեն ավարտին էր հասցրել իր երկու մասից բաղկացած մեծածավալ բնանկարը, որը նա անվանել է «Մայր»:

Սա մեր աչքերին անսովոր հյուսիսային երկրի ձմեռային բնանկար է, որտեղ անտառի ծառերից անդին միայն հյուսիսային երկրներին բնորոշ պատկեր է՝ հորիզոնից չբարձրացող արևի բոսորագույնը, որն աստիճանաբար խամրում է երկնքի մոխրագույն ամպերում: Իսկ ու՞ր է Մարտինի մայրը այս նկարում: Քանի որ հյուսիսային երկրներին բնորոշ ձմեռային կիսախավար է, շատ դժվար է ուշադրություն դարձնել փայտե երկար ձողով իր ճանապարհը հարթող մեջքով մեզ կանգնած և մուգ հագուստով անձնավորությանը: Ես իմ մտքում արդեն որոշել էի այդ հսկայական բնանկարի անունը՝ «Անհասանելի արևը հյուսիսում»: Արդեն ուզում էի այդ իմ նոր հորինած վերնագիրն ասել Մարտինին, երբ նա որդիական հատուկ սիրով ու քնքշանքով արտասանեց այդ միակ բառը՝ «Մայր»: Մարտինը այդ հսկա նկարը անվանել է «Մայր»: Ես նրան չհարցրի, թե ինչու է այդպես անվանել իր բնանկարը: Կարծում եմ, որ նա արդեն տվել էր իմ չտված հարցի պատասխանը, երբ արտասանել էր «մայր» բառը: Հայերենում մենք օգտագործում ենք «հայրենիք» բառը, իսկ անգլերենում և շվեդերենում կա երկու տարբերակ՝ «անգլ. Fatherland և Motherland իսկ շվեդերեն՝ Fadernesland և Modersland»: Երկու լեզուներում էլ պաշտոնական գործածությունը Father/ Fader արմատովն է, բայց հուզականը, պոետիկը՝ Mother/Moder արմատովը:
Նկարիչները սովորաբար քչախոս են: Նրանք այնքան էլ հակված չեն մանրամասն բացատրել այն, թե ինչ են ուզել ասել իրենց նկարներում: Ես միայն կարող եմ կռահել, որ Մարտին Ալունդը նույնականացրել է իր մորը և իր հայրենիքը՝ Շվեդիան: Այդպիսով նա ցանկացել է ասել, որ իր հայրենիքը՝ Շվեդիան, և իր մայրը արժանի են ամենամեծ սիրո և քնքշանքի:
Պետք է ասեմ, որ բավականին բարձր է գնահատվում Մարտին Ալունդի արվեստը Շվեդիայում: Դրա վառ ապացույցն այն փաստն է, որ նրան Ստոկհոլմի Թագավորական արվեստի ակադեմիայի ներկայացմամբ ստեղծագործական աշխատանքի համար արվեստանոց է տրամադրվել Փարիզի «Cité Internationale des Arts»-ում: Այս մասին նա գրել է «Martin Alund Otherworld» իր մասին գրված գրքի ներածականում:

Հեիդի Էդսթրոմը փառատոնին է մասնակցում իր ինքնաստեղծ և օրիգինալ երաժշտական գործիքով: Այդ գործիքն իրենից ներկայացնում է մոտ 10 մետր երկարության մի կետից տարածվող ձգված լարեր: Նա ասում է, որ այդ լարերով նվագելը լսելի կդառնա, երբ դրանց մոտ հարմարեցվի զգայուն միկրոֆոն և ուժեղացուցիչ:

Անսովոր և ինքնատիպ աշխատանքով է փառատոնին ներկայանում նաև Մալին Արնեդոթեր Բենգթսոնը: Դա մարդու բնական չափսերով մի տիկնիկ է, որը նա անվանել է «Մանկադեմ»:


Ուշագրավ է Շվեդիայից ժամանած Նարեկ Աղաջանյանի «Մայր հող» վերնագրով կտավը:


Նարեկ Աղաջանյանի հետ իմ զրույցից պարզ է դառնում, որ իր կտավում նա պատկերել է «հարազատ տուն», «կենաց ծառ», «մայր հողը մեր հայրենիքի»՝ առանց կոնկրետացնելու որևէ իր կամ առարկա: Այնուամենայնիվ, ես համառեցի ու խնդրեցի նրան բացատրել գոնե վերնագիրը խորհրդանշող «մայր հողի» պատկերումը: Պարզվում է, որ նա այդ կտավի գույնը ստացել է Նորավանքի տարածքից վերցրած մի քարի կտորի մանրացրած ու աղացած ավազին կտավատի ձեթ խառնելով: Փաստորեն մայր հողի գույնն է այստեղ իշխողը: Այդ բացատրությունից հետո ես արդեն որևէ կոնկրետ առարկայի պատկեր չէի ուզում փնտրել կտավում: Իմ առջև մեր մայր հողն է: Այս նկարի մեկնությունը նույնպես համապատասխանում է «Սահմաններ/Borders/Gränser» փառատոնի ոգուն՝ նեղ ազգայինը միահյուսվում է համամարդկայինին և մատչելի ու հասանելի է դառնում ամբողջ աշխարհում: Հայերի համար «մայր հողը» բառակապակցությունը Հայաստանի՝ մեր հայրենիքի հետ է կապակցվում, մինչդեռ, անգլերեն «Mother Earth» բառակապակցությունը ամբողջ աշխարհի համար երկրագնդի իմաստն է նշանակում:
Գագիկ Չարչյանի ասելիքը նույնպես անսովոր էր իր բովանդակությամբ ու ձևով: 31 լուսանկար է ցուցադրել: Մեր առօրյա կյանքում աշխատանքի գնալիս կամ էլ հենց աշխատելիս ամեն օր հանդիպում ենք տարբեր առարկաների պատկերների արդեն սովորական դարձած մի միասնություն, որն իր ամբողջականության մեջ մեր ուրվագծած սահմաններում արդեն անհետաքրքիր է՝ առօրեական մինչև այն ժամանակ, երբ այդ տեղով անցնում է մի բանաստեղծ կամ նկարիչ, որ այդ անհետաքրքիր պատկերում առանձնացնում է եզրաքարի և ասֆալտի միջև ծլարձակած ծաղկի դողդողացող խոցելի ցողունը, կամ էլ՝ փնթի անցորդի նետած ծխախոտի տուփը: Բանաստեղծը, նկարիչը ճեղքեցին սովորական դարձած առօրեական ամբողջության սահմանները:



Կարինե Մացակյանի բնորոշմամբ իր աշխատանքը քաղաքային և սոցիալական կյանքի տեսողական կոլաժ է յոթ կտորից (30x30x40)սմ : Յուրաքանչյուր առարկա իրականության մի բեկոր է: Նյութերն ընդգծում են ժամանակակից գոյության անցողիկությունն ու թափանցիկությունը, որտեղ տեսարանները արագորեն փոխվում են՝ մնալով միայն հիշողության մեջ, նորությունների հոսքերում կամ տեսախցիկների մեջ: Նպատակը ոչ միայն ցույց տալն է, այլև դիտողին ստիպելն է զգալ, թե ինչպես են այս ամենօրյա, անտեսանելի պատկերները անխուսափելիորեն թափանցում մեր մեջ:

Փարիզից ժամանած Գևորգ Այվազյանի ինստալացիայի վերնագիրն է՝ «Եթե ես պետք է մեռնեմ, դու պետք է ապրես»: Այս աշխատանքը հարգանքի տուրք է պաղեստինցի բանաստեղծ Ռաֆիտ Ալարիրին, որ իր ընտանիքի հետ միասին զոհվել է Գազայում Իսրայելի օդուժի հարձակման հետևանքում:

Ռաֆիտ Ալարիրը մի բանաստեղծություն է գրել, որի վերնագիրը եղել է «Եթե ես պետք է մեռնեմ, դու պետք է ապրես»: Այս բանաստեղծության մեջ նա կարծես մի պատգամ է գրել իր ընկերոջը. իր մահից հետո վաճառել իր ունեցվածքը և գնել շատ թեթև ու արևի տակ փայլող ամուր գործվածք, որից մանուկների ուշադրությունը գրավող մի սքանչելի օդապարուկ պատրաստել, որը կթռչի վերև՝ իր հետ տանելով երեխաների հայացքները, ովքեր չեն տեսնի իրենց շուրջը կատարվող ամենօրյա ոճիրը: Նրանք կտեսնեն, որ երկնքում մի հրեշտակ է երևում ու նա հույս ու սեր է վերադարձնում Գազայի մանուկներին:
Քնարիկ Ներսիսյանը փառատոնին է ներկայացել իր «Մաքրում» տեսապերֆորմանսով (video performance), որը կնոջ փորձառության մի յուրահատուկ քննարկում է: Ըստ Քնարիկ Ներսիսյանի կնոջ համար անձնական փորձառություն է հուզական ցավից ազատվելն ու հոգեպես մաքրվելը: Այդ խորհրդանշական կինը թողնում է այն, ինչը իրեն հուզական ցավ է պատճառել ու հեռանում: Հեռանալու խորհրդանիշը ճամպրուկն է, իսկ մաքրվելունը՝ ջուրը: Հրաշալի է պատկերված կնոջ ինքնամաքրման մաքառումը լեռնային արագավազ, քարքարոտ ու ջինջ գետակի ջրերում:


Ես առաջին անգամն եմ դիտում նման ժանրի տեսաֆիլմ: Կարծում եմ, որ սա բարձրարժեք ստեղծագործություն է:
Ամփոփում
Ներքին մի հպարտությամբ կարող ենք արձանագրել, որ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Գեղարվեստի ուսումնական կենտրոնի նախաձեռնած «Սահմաններ/Borders/Gränser» արվեստի միջազգային փառատոնն իր մասնակիցներով ու ցուցահանդեսին ներկայացված աշխատանքներով հաճելի իրադարձություն էր Երևանի արվեստասեր հասարակության կյանքում:
