Արդյո՞ք «Օտար լեզուներ» ուսումնական բնագավառի ուսուցիչների կամավոր ատեստավորման հարցաշարերի բովանդակությունը համապատասխանում է՝
- չափորոշիչներին, ուսուցչին ներկայացվող պահանջներին,
- հեղինակային ծրագրին,
- ուսումնական առարկայի իմացության բարդության չափին,
- նաև՝ հարցաշարերին ճիշտ պատասխաններ տալու համար պահանջվող գիտելիքների մեջ անգիրի և տրամաբանելու չափաբաժինները,
- միջնակարգ կրթական աստիճանի սովորողին ուղղված հարցաշարերի և ուսուցչի կամավոր ատեստավորման հարցաշարերի նմանությունները և տարբերությունները:
Չափորոշիչներ, ուսուցչին ներկայացվող պահանջներ
Հանրակրթական ուսումնական հաստատությունների տարբեր կրթական աստիճանների (տարրական, հիմնական, միջնակարգ) համար սահմանված են «Օտար լեզուներ» ուսումնական բնագավառի չափորոշիչներ: Հստակ են տարբեր կրթական աստիճաններում և նույնիսկ տարբեր դասարաններում սովորողներին ներկայացվող չափորոշիչները, սովորողին ներկայացվող գիտելիքների և կարողությունների վերջնարդյունքները:
Չափորոշիչներում և տարբեր դասարանների համար նախատեսված վերջնարդյունքներում նշված են լեզվի իմացության ԼԻԵՇ մակարդակները՝ տարրական աստիճան՝ A2 մակարդակ, հիմնական աստիճան՝ B1 մակարդակ, միջնակարգ աստիճան՝ B1-B2 մակարդակ հաղորդակցության հետևյալ կարողություններով՝ ունկնդրում (ընկալում, ընթերցանություն), ընթերցելով հասկանալը, մենախոսություն, գրավոր խոսք, փոխներգործություն, լեզվանյութի կիրառում: Այս նշված կարողություններին տիրապետելը նշանակում է կարողանալ գրավոր և բանավոր մի որևէ երևույթ նկարագրել, կարծիք արտահայտել՝ օգտագործելով լեզվական փոխներգործության միջոցներ, ինչպես նաև՝ կարողանալ օտար լեզվով ներկայացնել հայկական մշակույթը:
Այս ամենով հանդերձ անպատասխան է մնում այն հարցը, թե որոնք են տվյալ ուսումնական բնագավառի ուսուցչի մասնագիտական չափորոշիչները, որո՞նք են ուսուցչին ներկայացվող պահանջները:
2023 թվականին ԳԹԿ-ն հրապարակել է ուսուցիչների կամավոր ատեստավորման քննական թեստերի ուղեցույցները (անգլերեն), որոնք շատ աղոտ պատկերացում են տալիս տվյալ բնագավառի ուսուցչի գիտելիքների և կարողությունների պահանջվող մակարդակների մասին: Կարողությունների մասին ընդհանրապես որևէ խոսք չկա, իսկ գիտելիքների ամբողջական բովանդակությունը ոչնչով չի տարբերվում 1960-ական թվականների անգլերենի բուհական ընդունելության քննությունների ուղեցույցից: Արխիվից հանել են ու արտատպել: Այն ժամանակներում մեծ կարևորություն էր տրվում քերականության իմացությանը: Վերցնում էին մի որևէ ռուսական հրատարակության քերականության գիրք և դրա վերջում տպագրված ցանկը թարգմանում էին հայերեն: Այն ժամանակներում անգլերենի քերականության դասագրքերը միայն ռուսերեն էին: Կային նաև ռուս հեղինակների անգլերեն գրված քերականական դասագրքեր, որոնք միայն բուհերում էին օգտագործվում: Բուհական կրթության մեջ Հայաստանի առաջընթացի անիվն անընդհատ տեղապտույտ է տալիս: Հանրակրթական ուսումնական հաստատությունների սովորողների անգլերենի գիտելիքների և կարողությունների մեծ առաջընթացի շարժիչ ուժը եղել է հիմնականում համացանցում հրապարակվող անգլերեն կինոֆիլմերի, տեսաֆիլմերի և ուսումնական նյութերի շնորհիվ: Այդ հարցում որևէ դեր չեն խաղացել ԿՏԱԿ-ի կամ ԳԹԿ-ի նախաձեռնություններն ու իրականացվող գործառույթները:
Մանրամասն ուսումնասիրեցի 2024 թվականի ուսուցիչների կամավոր ատեստավորման անգլերենի հարցաշարերն ու դրանց պատասխանները:
Այստեղ ստուգվում են միայն ընթերցելով հասկանալու, բառակազմության, լեզվի քերականական խոսքի մասերի տարբերակման, բայական ժամանակաձևերի, դարձվածքային արտահայտությունների, հոմանիշների և հականիշների իմացությունը:
Չեն ստուգվում օտար լեզվի իմացության ամենակարևոր՝ ունկնդրելու /լսելով հասկանալու, մենախոսության, գրավոր խոսքի և փոխներգոծության /, իրավիճակային խոսքային նմուշների գործածության կարողությունները:
Ի հավելումն այս էական բացթողումների՝ չեն ստուգվում նաև «Օտար լեզուներ» ուսումնական բնագավառի դասավանդողի օտար լեզվի դասավանդման մեթոդաբանական կարողությունները, որոնց վրա է դրվում ուսուցիչների կամավոր ատեստավորման հեղինակային կրթական ծրագրի այլընտրանքը. «Օտար լեզուներ» առարկայական բաղադրիչը:
Անհայտ է ուսումնական առարկայի իմացության բարդության չափը՝ «Օտար լեզուներ» ուսումնական բնագավառի համար ուսուցչի լեզվի իմացության մակարդակն ըստ ԼԻԵՇ-ի մակարդակների։
Լեզվի իմացության ո՞ր մակարդակով է ավարտում Բրյուսովի անվան պետական համալսարանի շրջանավարտը, ով ստանում է օտար լեզու դասավանդելու հավաստագիր՝ համալսարանի դիպլոմ: Ոչ ոք չի կարող պատասխանել այս հույժ կարևոր հարցին: Այսուհանդերձ, ուսուցչի կամավոր ատեստավորման հարցաշարեր են ստեղծվում, ատեստավորման քննություններ են անցկացվում առանց որևէ հաստատված հիմքի՝ աչքաչափերով: Միգուցե պետք էր ավելի բարդացնել, կամ էլ՝ պարզեցնել հարցաշարերը: Միգուցե պետք էր առաջնորդվել ամերիկյան TOEFL կամ էլ բրիտանական AELTS քննական թեստերով՝ ընդունելով նաև դրանց գնահատման ստույգ համակարգերը: Միգուցե վաղուց ժամանակն է, որ Երևանի պետական համալսարանի ռոմանագերմանական լեզուների ֆակուլտետի և Բրյուսովի անվան համալսարանի ավարտական վերջնարդյունքները հավասարեցվեն միջազգային չափորոշիչներին:
Հարցաշարերին ճիշտ պատասխաններ տալու համար պահանջվող գիտելիքների մեջ անգիրի և տրամաբանելու չափաբաժինները
Իմ կարծիքով, անգիրի չափաբաժինների մեծ քանակի օրինակներ կարող են ներկայացնել «Հայոց պատմություն» դասավանդողներն իրենց ուսումնական առարկայի հարցաշարերից: Այս հարցաշարերի հարցերի ճնշող մեծամասնությունը սկսվում է «ո՞ր», «ե՞րբ», «ո՞ր թվականին» և նման այլ բառերով, որոնց ճիշտ պատասխանները պահանջում են պատմական դեպքերի, գործիչների մասին անգիր արած տեքստերի իմացություն:
Անգլերենի հարցաշարերի հարցերի ճնշող մեծամասնությանը ճիշտ պատասխանելու համար պահանջվում է տրամաբանական մտածողություն:
Միջնակարգ կրթական աստիճանի սովորողին ուղղված անգլերենի հարցաշարերի և ուսուցչի կամավոր ատեստավորման անգլերենի հարցաշարերի նմանությունները և տարբերությունները:
Միջնակարգ կրթական աստիճանի սովորողին ուղղված անգլերենի հարցաշարերը գրեթե չեն տարբերվում ուսուցչի կամավոր ատեստավորման անգլերենի հարցաշարերից: Լավ սովորողը կարող է առանց առանձնակի դժվարության ճիշտ պատասխաններ տալ նաև ուսուցչի կամավոր ատեստավորման հարցաշարերին: Սովորողը կարող է դժվարություն ունենալ միայն XII վարժության 57, 58, 59 և 60 կետերի պատասխանները նշելիս, քանի որ պահանջվում է անգլերենի քերականական տերմինների իմացություն:
Բնական է, որ սովորողը չի կարող դրական գնահատական ստանալ, եթե հարցաշարերն ունենան օտար լեզվի դասավանդման մեթոդաբանական ուղղվածություն:
Եզրակացություն
«Օտար լեզուներ» ուսումնական բնագավառի ուսուցչի կամավոր ատեստավորման համար ԳԹԿ-ի կազմած հարցաշարերի բովանդակությունը նպատակաուղղված է բացահայտելու ատեստավորվող ուսուցչի օտար լեզվի իմացության միայն ընկալողունակության աստիճանը: Հարցաշարերը բոլորովին չեն բացահայտում ատեստավորվող ուսուցչի օտար լեզվի իմացության վերարտադրողական կարողությունների աստիճանը, ինչպես նաև՝ մասնագիտական կարողությունները, քանի որ հարցաշարերում իսպառ բացակայում է դասավանդման մեթոդաբանական ուղղվածությունը:
Կրթահամալիրի մասնախմբերը մշակել են իրենց ուսումնական բնագավառների ուսուցիչների կամավոր ատեստավորման հեղինակային կրթական ծրագրի այլընտրանքը. Կարծում եմ, որ այս մշակումները ավելի ճիշտ են բացահայտում ուսուցչի մասնագիտական կարողությունները:
