Ավագ դպրոցն ունի իր խնդիրներն․ այս պահին կառանձնացնեմ սովորողների կապը դպրոցի հետ։ Այս կապը հաճախ ձևական է դառնում, սովորողները չեն ուզում և չեն գալիս դպրոց, եթե գալիս էլ են, ամբողջ ժամանակը նվիրվում է շտեմարանային անգիրին, քննություններին նախապատրաստվելուն։ Հեղինակային կրթական ծրագրի Հետազոտական վարժարանը կարևոր ձեռքբերում է արձանագրել՝ 12-րդ դասարանի սովորողները ներառված են դպրոցի կյանքում, օրացուցային նախագծերում։  Այս մասին կխոսեմ այլ հոդվածում։ Հիմա ուզում եմ առանձնացնել  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հեղինակային կրթական ծրագրով մշակված, կազմակերպվող ուսումնական երկրորդ շրջանը՝ Ձմեռային ճամբարը։ Այս շրջանը հեղինակային մանկավարժության ձեռքբերումներից է, առանձնացված է ուսումնական պլանում․ այլ կազմակերպում և բովանդակություն է բերում։ Կրթահամալիրի ուսումնական պլանով որոշված 4 շրջաններից երկուսը դասացուցակային են, երկուսը՝ այլ կազմակերպում պահանջող՝ նախագծային։ Առարկայական ծրագրերը ու նախագծերը կազմվում են այս առանձնահատկությունները հաշվի առնելով։

Այս տեքստում ուզում եմ խոսել հենց 12-րդ դասարանցիների ճամբարային շրջանի բովանդակության, կազմակերպման մասին։ Նշել, արձանագրել այն հաջողությունը, նորարարությունը, որ արձանագրել եմ։ Ճամբարը կազմակերպվել է սովորող-սովորեցնող նախագծերով՝ ավագ սովորողները դարձել են կրտսեր ճամբարականների համար մենթորներ։

 «Սովորող-սովորեցնող» մոդելի հիմքում ընկած է պարզ, բայց կարևոր մանկավարժություն․ երբ սովորողը դառնում է ուսուցիչ, նա ոչ միայն խորացնում է իր գիտելիքը, այլև ձեռք է բերում կյանքի համար անհրաժեշտ հմտություններ։ 12-րդ դասարանցիները, խմբերով այցելելով կրտսեր դպրոցներ, իրենց անցած ճանապարհի փորձն ու գիտելիքները փոխանցեցին կրտսեր ընկերներին։ Սա ուսուցման այն ձևն է, որտեղ պատասխանատվությունը դառնում է լավագույն ուսուցիչը։

Ինչն է կարևոր՝

  • Անհատականացված մոտեցումը․ յուրաքանչյուր սովորող հայտնվեց կենտրոնում, դարձավ կարևոր և պատասխանատու։
  • Սովորողները ձևակերպեցին իրենց մտքերը, մտածեցին իրենց ուժեղ կողմերի մասին, առանձնացրին մի շարք հմտություններ, որոնք էլ նախագծերի տեսք ստացան։
  • Կարողացան պլանավորել ճամբարային շաբաթները, իրենց հանդիպումները սովորողների հետ։ Պլանավորումը կարևոր հմտություն է։
  • Զարգացրին առաջնորդության հմտությունները․ դարձան առաջնորդ-մենթորներ, ովքեր կարողանում են, փորձում են հմտություններ փոխանցել, հարաբերություններ կառուցել, համատեղ աշխատանք կազմակերպել։
  • Կարևոր հմտություն է նաև տարբեր իրավիճակներում հաղորդակցվելու հմտությունը։ Նախագծերի ընթացքում զարգացավ, առաջ եկավ նաև այն։
  • Հանրային խոսքը, լսելի, հասկանալի լինելը կարևորվեց կրտսեր սովորողների հետ աշխատանքում։

Ուսումնական երկրորդ շրջանի կազմակերպումը Հետազոտական վարժարանի ձեռքբերումներից է։ Վարժարանը կարողացավ համակարգել և կազմակերպել այս աշխատանքը։ Ուզում եմ առանձնացնել մի քանի կարևոր կետ, որոնք ղեկավարի, կազմակերպիչ, գրասենյակի, ուսուցիչների աշխատանքի արդյունքներից են․

  • Նախապատրաստումը՝ խմբերի հստակեցում, պայմանավորվածություններ,անհատական գրաֆիկ
  • Նախագծերի հրապարակում

Ճամբարային փուլի կարևոր ձեռքբերումներ․

  • Կոնկրետ սովորողների աշխատանքը ճամբարային հստակ խմբերի հետ
  • Հմտությունների փոխանցում
  • Համատեղ նախագծեր
  • Այլ։

Այստեղ ուզում եմ խոսել-ներկայացնել այն նախագծերը, որոնց խորհրդատու ուսուցիչը ես եմ եղել։ Վերը նշված դիտարկումները շարադրել եմ և՛ ինձ հետ աշխատած սովորողների հետ աշխատանքի արդյունքում, և՛ կրտսեր դպրոցի գործընկեր-ընկերներիս արձագանքներից, և՛ դասավանդածս սովորողների հետ քննարկումներից։

Ներկայացնում եմ նախագծային արդյունքներից՝

Նախագծին է անդրադառնում նաև իմ գործընկեր Արմինե Աբրահամյանը․

Ամփոփելով ասեմ, որ այս նախագիծն ամրապնդեց 12-րդ դասարանցու կապը դպրոցի հետ․ ավագ դպրոցի սովորողն իրեն պատասխանատու զգաց։ Կարևոր է,  երբ շրջանավարտը դպրոցից դուրս գալուց՝ ավարտելուց առաջ իր ներդրումն է ունենում դպրոցի կյանքում։ Սովորեցնելով կրտսերներ ընկերներին՝ մեծերը փոխանցում են ոչ միայն գիտելիք, իրենց հմտությունները, այլև կրթահամալիրի ավանդույթներն ու արժեքները՝ ապահովելով շարունակականություն։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով