Լուսինեի մայրիկը քայլերն արագացրեց ուղիղ դեպի ինձ։ Ես քարացա տեղումս ու սկսեցի մտքում պատասխանել այս ծնողի հնարավոր մեղադրանքներին, մեկնաբանել թյուրըմբռնումը, պնդել, հաստատել իմ տեսակետը․․․

Ես աշխատում էի Գեղարվեստի (այսօր՝ Հյուսիսային) դպրոցում։ Այստեղ սովորելու էին գալիս նրանք, ովքեր ընտրել էին արվեստն ու արհեստագործությունը, որքանով վերջինս առնչվում էր կիրառական արվեստին։ Ավագ դպրոցն առանձնացված չէր այս հարկի տակ․ այդ ժամանակ ընդհանրապես այդպիսի տարանջատում չկար, թեպետ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրն ուներ Վարժարան, ուր, որպես կանոն, սովորում էին կրթությունն ավելի բարձր մակարդակում շարունակելու մտադրություն ունեցողները։ Կրտսեր դասարաններում անելիքը պարզ էր, բայց ահա՝ Գեղարվեստի ավագ դասարաններում, ուր հակումները ճշտված-ընտրված էին, բարդ երկընտրանքի առաջ էինք․ կա՜մ հաշտվել, որ «Հայոց լեզու, Հայ գրականություն» ուսումնական բնագավառը դուրս է մնում «ընտրյալների» ցանկից, կա՜մ պարտադրել-վախեցնել՝ հասնելով նրան, որ բնագավառին վերաբերող գոնե մինիմալ կարգեր մտապահեն։ Տրված ժամաքանակը քիչ էր՝ յուրաքանչյուր բնագավառին՝ շաբաթական 2 դասաժամ։ Ուրեմն՝ ինչպե՞ս հասցնես, եթե ոչ տնային աշխատանքի զգալի ծավալով։

Սովորողներս զարմանալիորեն առաջադրանքներս կատարում էին ամբողջությամբ ու մի մարդու նման կատարում էին ճիշտ։ 2000-ականների սկիզբն էր․ ես իրավունք ունեի այս «համերաշխության» վրա զարմանալու։ Իսկ համերաշխությունը ծագում էր Լուսինեից (շատ պատահաբար գլխի ընկա)։ Լուսինեն, չնայած ընտրել էր գեղարվեստը, մյուս առարկաները չէր անտեսում, սովորում էր նույնքան նախանձախնդրորեն, որքան իր ընտրած արվեստը։

Ո՞ւմ համար են հանձնարարություններս, որ հորինում էի լուրջ մտածումների արդյունքում։ Առաջադրանքս պիտի ոչ հեշտ, բայց հաղթահարելի լիներ մեծ մասի համար։ Լուսինեն դուրս էր այդ «մեծ մասից», բայց կատարում էր առաջադրանքները դասընկերների համար։ Այն, ինչ պիտի զարգացներ վերջիններիս, չէր դառնում նրանց ջանքի հասցեատերը։ Ես ինձնից նեղացա։ Ո՞րն է տրամաբանությունը։ Ինչի՞ համար է տնային աշխատանքը․ հասնո՞ւմ է նպատակին։ Հարկ չկա տնային աշխատանքի։ Ինչ հասցնենք, դասարանում կանենք։ Դա գուցե ոչ բավարար, բայց ավելի արդյունավետ կլինի։

— Եկել եմ՝ շնորհակալություն ասեմ տնայինը հանելու համար,- ժպտաց ինձ Լուսինեի մայրիկը։

Ես խորը շունչ քաշեցի։ Հա, ի՞նչ տնային աշխատանք․ հասուն մարդիկ են։ Թող սովորեն այնքան, որքան կկարողանան ու կհասցնեն դասարանում։ Թող իրենց արվեստ/արհեստով զբաղվեն։

***

Եղավ մի պահ, երբ Ավագ դպրոցը հավաքվեց Վարժարանում։ Նույն դասարանում հայտնվեցին սովորել ցանկացողներն ու չցանկացողները, հաջորդ մակարդակի նպատակն ունեցողներն ու չունեցողները։ Ի՞նչ ծրագիր կազմես, որ բավարարես բոլորին։ Ճիշտ է, ժամաքանակն ավելացավ ամենավերջին դասարանում, բայց հո չե՞ս կարող նույն դասասենյակում տարբեր խմբերի հետ տարբեր ծրագրերով աշխատել։

Պարզվեց՝ կարող ես։ Էստեղ օգնության է հասնում անհատական մոտեցումն ամեն մեկին։ Թող էլի զբաղվեն իրենց սիրած գործով։ Թող կարդան իրենց անհրաժեշտ մասնագիտական գրականությունը․կարևորը՝ կարդալու միջոցով տեղեկություն վերցնելու հմտություն մշակվի։ Իսկ գրականության նյութերը կկարդանք դասարանում․ փոքր ծավալի գործերը հաստատ կկարդանք։ Նրանք, որ հավակնություն ունեն կրթությունը շարունակելու, անհատական ինչ-որ աշխատանք կանեն, որի համար կգնահատվեն լեզվից՝ ըստ նրա, թե որքանով են անսխալ կատարել, և գրականությունից՝ ըստ նրա, թե որքանով են իրենց կարդացածը հասկացել ու օգտագործել իրենց աշխատանքում։ Սկզբում դժվար էր։ Միշտ չէր, որ ընտրությունը հետաքրքրության սահմանում էր։ Միշտ չէր, որ իրենց ընտրած թեման մատչելի էր ինձ համար։ Այն ժամանակ դեռ համացանցը չէր գործում այսքան լայնորեն, տեղեկություններ գտնելը ժամանակ էր պահանջում։

Բայց հենց այդ ժամանակ ակտիվացան անհատական աշխատանքները։ Մարին, որ դասի ժամանակ սեղանի տակ թաքուն գիրք էր կարդում, իր ընտրած-ընթերցած հեղինակների ու գրքերի ներկայացում արեց՝ անաչառ ու ինքնատիպ վերլուծություններով։ Ուրիշները սկսեցին լրատվական ու վերլուծական աուդիոհաղորդումներ պատրաստել, որ հաջորդ տարիներին վերաճեցին անհատական նախագծերի (Մարիամինը՝ «Թանգարաններ», Աննայինը՝ «Մեզ շրջապատող մարդիկ», Էրիկինը՝ «Ստեղծագործող դասընկերս» և այլն)։ Ավելի ուշ ակտիվ ընթերցողները կազմակերպում էին ընդհանուր քննարկումներ, ինչն ավելացնում էր հետաքրքրությունը տվյալ ստեղծագործության շուրջ։ Այդտեղ մեզ միանում էին կարդալ սիրող ուրիշ՝ ոչ իմ խմբի սովորողներ։ Թափ էր առնում նաև թարգմանական գործընթացը․ Նանորը, ականջը կանչի, գտել ու թարգմանել էր ժամանակակից իսպանական հեղինակների մի հմայիչ փունջ՝ ներառելով նաև իսպաներեն գրող հայ հեղինակների։ Այդ տարիներին Նարեկի (այսօր՝ իրավաբան) նախաձեռնությամբ հիմնվեց ու մինչև 2024 թիվը գործում էր «Թարգմանիր» ամսագիրը։ Կային սովորողներ, որ ոչ հանրահայտ թեմաներով հետազոտություն էին անում և առանց վարանելու ներկայացնում դա հանրությանը՝ Նանորի «Քուչակը», Նարեկի «Աբովյանը», Մարինեի «Կողբացին» իսկական հետազոտականներ էին՝ բազմաթիվ, շատ դեպքերում թղթային աղբյուրներից օգտվելու արդյունք։
Արտահայտվելու հնարավորությունների շրջանակը գնալով մեծանում էր, խիզախումները՝ շատանում։ Դրանից էր, որ բեմականացումները դարձան հնարավոր։ Սովորողներն իրենց պեղած թեման ներկայացնելու համար նպատակաուղղված աշխատում էին, սերտում, թարգմանում, բեմականացնում, խաղում։ Ու մտածում եմ՝ բա տնային աշխատանքը ինչի՞ համար պիտի տայի․ սովորողները յուրացնում էին պարտադիր նախատեսվածը զգալիորեն գերազանցող ծավալ։ Ե՞ս պիտի որոշեի՝ որտեղ այդ ծավալը յուրացնեն։

***

Այսօրվա Ավագ դպրոցը իր զարգացման հերթական մակարդակին է։ Այսօր հետազոտական աշխատանք անում են բոլորը՝ ակտիվներն ու պասիվները, նպատակ ունեցողներն ու չկողմնորոշվածները, շնորհալիներն ու ոչ այնքան շնորհալիները։ Ճիշտ է, այսօր ավելի հեշտ է ընտրած նյութի համար աղբյուրներ գտնելը, ունենք նաև տեքստ կազմող հմուտ օգնական՝ ԱԲ-ն։ Բայց այսօր կարևորվում է բանավոր  ներկայացումը։ Եթե անգամ օգտվում են արհեստական բանականության ծառայությունից, հարկ ունեն սովորելու գեներացված տեղեկությունը, պատրաստելու դրա բանավոր ներկայացումը։ Սովորողը (ցանկացած սովորող) կարևորվում է՝ լինելով ուշադրության կենտրոնում։ Այսպես թե այնպես, նա արտահայտում է իրեն՝ համարձակ է, ծույլ է, նպատակային է, երկչոտ է, անինքնավստահ․․․ Բայց ամեն դեպքում երևում է սովորողն իր խնդիրներով ու սպասելիքներով, իսկ դա արդեն ուսուցչի աշխատանքը դարձնում է ավելի նպատակային, հետևաբար՝ ավելի արդյունավետ։ Սա՝ հանրային ներկայացումներով պայմանավորված։ Բայց դասարաններում բանավոր խոսքն արդեն հիմնավոր տեղ է զբաղեցնում։ Ուսումնական բնագավառի (իմ դեպքում՝ լեզվի ու գրականության) առաջարկված կամ ընտրված թեմայի շուրջ սովորողները գերադասում են պատրաստվել, ներկայացնել, խնդիրներ բարձրացնել, տեսակետ արտահայտել։ Դենիել Քիզ, Վիլիամ Գոլդինգ, Նենսի Գորովից-Քլեյբաում, Էռնեստ Հեմինգուեյ, Սքոթ Ֆիցջերալդ, Ջորջ Օրուել ․․․ Քչերն են, որ խուսափում են ներկայանալ/ներկայացնելուց։ Ափսոս՝ ժամանակը քիչ է։
Հասկանում ենք՝ այս պահի համար սա գագաթ է՝ շունչ քաշելու դադար : Բայց մենք շարունակում ենք շարժվել և չենք վարանի նոր մարտահրավերների առաջ։

Եվ՝ ոչ մի հիշատակում տնային աշխատանքի մասին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով