«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը՝ որպես հեղինակային (պետական այլընտրանքային) կրթական ծրագրի ստեղծող ու իրագործող, կրտսեր դպրոցի 1-3-րդ դասարաններում իրականացնում է «Իմացումի հրճվանք» կրթական ծրագիրը, որն ինտեգրված, նախագծային ուսուցում է:
Ծրագրի հիմքում ընկած են Հանրակրթության պետական չափորոշիչները, կրթահամալիրի կանոնադրությունը, զարգացման ծրագիրը, հեղինակային կրթական ծրագրի հիմնադրույթները, որպես կազմակերպիչ՝ ուսումնական օրացույցը:
Հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրումը փոփոխություններ առաջադրեց կրթական համակարգում՝ շեշտադրումը գիտելիքահեն համակարգից տեղափոխելով դեպի կարողունակությունների (կոմպետենցիաների) վրա հիմնված մոդել։
Այս նոր պետական չափորոշիչը նախագծային ուսուցման, տեխնոլոգիական հմտությունների, սովորողի ինքնուրույնության, ստեղծարարության և հետազոտական աշխատանքի կարևորմամբ, հայեցակարգային առումով չափազանց մոտ է պետական հեղինակային (այլընտրանքային կրթական) ծրագիր իրականացնող «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում գործող մոտեցումներին:
Սակայն, երբ անցում է կատարվում առարկայական չափորոշիչների մանրամասն ուսումնասիրությանը և հատկապես պետական ամփոփիչ գնահատման (ԿՏԱԿ-ի համակարգ) ֆայլերում տեղ գտած բնութագրիչներին, ակնհայտ են դառնում բովանդակային որոշ տարբերություններ:
Պետական ամփոփիչ գնահատման բնորոշումները հաճախ կրում են ավելի ընդհանրական բնույթ, մինչդեռ հեղինակային ծրագիրն իր զարգացման բնութագրերում շեշտը դնում է թվային, գործնական-կիրառական և ստեղծագործական իրական գործունեության վրա:
Այս հոդվածում ներկայացնելու եմ ամփոփիչ գնահատման և հեղինակային ծրագրի զարգացման բնութագրերի համեմատական վերլուծությունն ըստ առարկայական բաղադրիչների:
Մինչև այդ մասին խոսելը՝ նշեմ, որ հեղինակային կրթական ծրագրի սովորողի ուսումնական աշխատանքը գնահատվում է սահմանված կարգով՝ առանց գնահատանիշի: Հաշվի են առնվում սովորողի անհատապես և խմբով կատարած աշխատանքները, այդ թվում` սովորողի մասնակցությամբ ստեղծված և համացանցում տեղադրված նյութերը. գործունեության յուրաքանչյուր բնագավառից աշխատանքները ներկայացվում են նրա անհատական կամ դասարանի բլոգում (էջում): Սովորողի ստեղծած այլ տեսակի արդյունքները ներկայացվում են ցուցադրության, ներկայացման, համերգի, ցուցահանդեսի միջոցով, ստուգատեսներում, ստեղծագործական հավաքներում: Յուրաքանչյուր սովորողի համար, սահմանված կարգով լրացվում է զարգացման բնութագիր, որում ներկայացվում են սովորողի արժեքային համակարգը, նրա կողմից յուրացված գիտելիքների, կարողությունների, հմտությունների որակական բնութագիրը: Երրորդ դասարանի վերջում կազմակերպվում է «Իմացումի հրճվանք» ծրագիրն ավարտող սովորողի ուսումնական կարողությունների ներկայացման ստուգատես։ Սովորողի ստեղծած այլ տեսակի արդյունքները սահմանված կարգով ներկայացվում են ցուցադրություններում, ցուցահանդեսներում, համերգներում, ստեղծագործական հավաքներում։
Մայրենիի բնութագրիչների համեմատական վերլուծություն
Եվ այսպես, 1-3-րդ դասարանների մայրենիի ամփոփիչ գնահատման բնութագրիչները ուսումնասիրելիս տեսնում ենք, որ այն ներկայացված է մի քանի բաղադրիչով՝ ինքնություն, ընթերցանություն, հաղորդակցում և ստեղծարարություն: Հեղինակային կրթական ծրագրի բնութագրիչներում սոցիալական զարգացումը ներկայացված է որպես առանձին բաղադրիչ, իսկ մայրենի խոսքը (բանավոր և գրավոր) ներկայացված է ամբողջական:
Երկու համակարգերն էլ կարևորում են բանավոր և գրավոր խոսքի զարգացումը, ընթերցանության հմտությունները, տեքստի ընկալումը, հաղորդակցական կարողությունների զարգացումը և սեփական կարծիքն արտահայտելու ունակությունը։
Պետական ամփոփիչ գնահատման բնորոշումներն ավելի ընդհանրական են։ Հեղինակային ծրագրում առանցքային է մեդիագրագիտությունը (բլոգավարություն, համակարգչից օգտվելու հմտություն, ձայնագրությունների ստեղծում), որոնք պետական մայրենիի բնութագրերում բացակայում են կամ ներկայացված են ավանդական ձևաչափով։ Բացի այդ, ըստ դիտարկումների, պետական ամփոփիչ ֆայլերում առկա «Ստեղծարարություն» բաժնում իրական ստեղծագործական աշխատանքների փոխարեն նշված են տեքստի ընկալմանն ու պարզ հարցեր ձևակերպելուն ուղղված կետեր:
Պետական ամփոփիչ գնահատման 1-ին դասարանի բնութագիրը պահանջում է. «Արտագրում է մի քանի նախադասություններից կազմված տեքստեր ձեռագիր և տպագիր օրինակներից»: Հեղինակային ծրագրում առաջնային է էլեկտրոնային տեքստի ստեղծումը (մուտքագրումը), և ձեռագիր տեքստերի մեխանիկական արտագրությանը տեղ չի հատկացվում: Հեղինակային ծրագրում առաջնահերթությունը տրվում է լեզվական-ստեղծագործական աշխատանքներին՝ ստեղծել նամակներ, շնորհավորական բացիկներ, հորինել պատմություններ, հանելուկներ, այլ…:
Պետական ամփոփիչ գնահատման բնութագրիչում կա «Ճանաչում և արժևորում է ազգային հերոսներին»: Հեղինակային ծրագրում սա իրագործվում է «Հարթակում ծնողն է», «Սովորող-սովորեցնող» նախագծերի, սեփական փորձի, դիտարկումների, պատմությունների և հայրենագիտական ճամփորդությունների միջոցով, սակայն չկա նման ուղղակի ձևակերպում, որը ենթադրում է հերոսների անունների կամ կենսագրությունների մեխանիկական սերտում: Մայրենիի պետական ամփոփիչ բնութագրի «Ինքնություն» բաժնում կա «Գնահատում է իր անձը, սիրում է իր ընտանիքը, ընկերներին, հայրենիքը», մինչդեռ հեղինակային կրթական ծրագրի բնութագրերում նշված են կիրառելի հմտություններ, որոնք չափելի են, վերացարկված չեն և հստակ են. «Ինքնուրույն կազմակերպում է իր աշխատանքը, ճանաչում է իր և շրջապատի մարդկանց հույզերը, բարեկիրթ է հասակակիցների ու մեծահասակների հետ…»:
Մաթեմատիկայի բնութագրիչների համեմատական վերլուծություն
Պետական ծրագրում մաթեմատիկան ներկայացված է շատ ավելի մանրամասն՝ ըստ ակադեմիական հասկացությունների: Մինչդեռ հեղինակային ծրագրում մաթեմատիկական հմտությունները սերտորեն կապված են գործնական-կիրառական աշխատանքների և առօրյա կյանքում կիրառման հետ:
Պետական ամփոփիչ գնահատման բնութագրիչներում նշված է. «Օգտագործում է երկարության, զանգվածի, տարողության և ժամանակի չափման միավորները…» և «Հավաքում է տվյալներ և ներկայացնում է սյունակային դիագրամով»։ Այս կետերը պետականում տրված են որպես կոնկրետ ակադեմիական ձևակերպումներ, մինչդեռ հեղինակայինում դրանք ներառված չեն նման առանձնացված ձևակերպումներով, այլ սովորողը դրանց առնչվում է միայն գործնական նախագծերի շրջանակում։
Հեղինակային ծրագրի 1-3-րդ դասարանների գնահատման բնութագրերում ներառված են նաև «Շախմատ և տրամաբանություն» բաժինները, սեղանի խաղերը, ինչպես նաև ուսումնական առցանց հարթակներից, կայքերից (lichess.org) օգտվելու թվային հմտությունները:
«Ես և շրջակա աշխարհը» առարկայի բնութագրիչների համեմատական վերլուծություն
Երկու բնութագրիչներում էլ առկա է բնության երևույթների ճանաչումը, հայրենագիտական տարրական գիտելիքների ձեռքբերումը, էկոլոգիական դաստիարակությունն և անձնական հիգիենայի կանոնների պահպանումը։
Հեղինակային ծրագրում այս առարկան մեծապես իրականացվում է ճամփորդությունների, բնագիտական փորձերի միջոցով, մինչդեռ պետական ամփոփիչ գնահատման համակարգը հակված է ստուգելու տեսական գիտելիքները և վերացական դասագրքային ձևակերպումները: Հեղինակային կրթական ծրագրի այս առարկայական բաղադրիչը իրականացվում է հետևյալ մոդուլներով՝ «Ես և ինձ շրջապատող մարդիկ», «Անվտանգ երթևեկություն», «Մեր բակը», «Մեր կրթահամալիրը», «Կրթական պարտեզ», «Իմ քաղաքը», «Հայաստան», «Երկիր մոլորակ», «Տիեզերք», «Բույսերի խնամք», «Կենդանիների խնամք»:
Ֆիզկուլտուրայի բնութագրիչների համեմատական վերլուծություն
Ֆիզկուլտուրայի ամփոփիչ գնահատման բնութագրիչները դիտարկելիս երկուսում էլ առկա են ֆիզիկական կոփվածության, շարժողական հմտությունների զարգացումը: Պետական չափորոշիչներում դրանք ունեն հստակ պահանջներ (սանիտարահիգիենիկ տեսական կանոններ, կոնկրետ սպորտային արդյունքների ցուցաբերում): Հեղինակային ծրագրում շեշտը դրվում է ընդհանուր շարժողական ակտիվության, հեծանվավարության, լողի և նախագծային մարզական ստուգատեսների վրա, որտեղ կարևորվում է սովորողի մասնակցությունն ու առաջընթացը:
Տեխնոլոգիայի բնութագրիչների համեմատական վերլուծություն
Պետական ամփոփիչ բնութագրերում տեխնոլոգիան դիտարկվում է որպես տեսական-կիրառական գիտելիքների շտեմարան (սովորողը պետք է «թվարկի», «մեկնաբանի», «ներկայացնի» մասնագիտություններ կամ հիգիենիկ պահանջներ)։ Հեղինակային ծրագրում սա իրագործվում է ուսումնական գործունեության միջոցով: Հեղինակային կրթական ծրագրի սովորողները տարբեր ծիսական նախագծերի («Թթուդրեք», «Դդմատոն», «Զատիկ») ընթացքում պատրաստում են ազգային ուտեստներ, ծիսական պարագաներ, աշխատում են կավով, տարբեր նյութերով, գործվածքներով, զբաղվում են բույսերի խնամքով, բայց նրանցից չի պահանջվում «ներկայացնել տեքստիլ արտադրության մասնագիտությունները», կամ տեսականորեն «մեկնաբանել, թե ինչ է ապրանքն ու ծառայությունը»։
Հեղինակային կրթական ծրագրում առարկայական բաղադրիչներով ներկայացնելը պայմանական է, քանի որ շատ առարկաներ հանդես են գալիս միավորված՝ որպես ինտեգրված ուսումնական նախագիծ: Սովորողները մասնակցում են տարբեր ստուգատեսների, փառատոների, ուրբաթ-համերգների, որոնք ուսումնական գործունեության յուրօրինակ ու ամբողջական հաշվետվություններ են:
Թեև պետական նոր չափորոշիչն իր գաղափարախոսությամբ առաջադեմ է, սակայն դրա գնահատման գործիքակազմն ու առարկայական պահանջները դեռևս մնացել են ավանդական դաշտում:
Հեղինակային ծրագիրը հաջողությամբ ապահովում է պետական ընդհանուր չափորոշչի վերջնարդյունքները (թվային հմտություններ, ստեղծականություն, ինքնուրույնություն, հաղորդակցում), սակայն դա անում է ավելի բնական, կիրառական ճանապարհով:
