Մանկավարժությունն ինձ համար ամենատաք ու լուսավոր մասնագիտությունն է, մանկավարժի կոչումը` ամենապատասխանատուն…
Սովորողների հետ մեր անմիջական կապը մանկավարժության հիմքն է: Մենք միասին մի աշխարհ ենք ստեղծում, մեզանից է կախված, թե ինչպիսին կլինի այդ աշխարհը. կլինի լուսառաք, ջերմ ու գեղեցիկ, թե` տխուր, ձանձրալի: Այս հարցում մեր բախտը շատ է բերել, կրթահամալիրում բոլոր պայմանները կան։ Կրթահամալիրում իրականացվող հեղինակային մանկավարժության շնորհիվ դու կարող ես լցնել քո և սովորողներիդ կյանքը:
Մանկավարժությունն անընդհատ է, բաց նյարդ չկա այստեղ. դու համակ էությամբ սեր ես ու պատասխանատու ես աշխարհում ամենակարևոր էակի դաստիարակության և կրթության համար։
Մանկավարժը չի կարող առանց ապրելու-ապրեցնելու: Մանկավարժությունն ինքնին կյանքն է: Այն պետք է դուրս լինի ձևականությունից, լարումից, պետք է լինի անկաշկանդ, ջերմ ու բնական։
«Աճող մարդու մարդկային էությունն արտաքին նպատակներին է զոհաբերվում, այնինչ լավ դպրոցի գերագույն նպատակն իրականում պիտի անհատականության զարգացումը լինի»…Մի հոդվածում կարդացել եմ այս միտքը և այն անջնջելի է ինձ համար։ Այո՛, դպրոցի և ուսուցչի գլխավոր նպատակը պետք է անհատականության զարգացումը լինի, հակառակ դեպքում՝ արդյունքը վտանգավոր կլինի, որովհետև մեր երկրին , աշխարհին պետք են կյանքով լեցուն, մտածող-վերլուծող-ստեղծագործ անհատներ( ոչ թե երկյուղած, սպառված, ձանձրացած , ժամանակին անգիրը արած-մոռացած , հիասթափված մարդիկ):
Դպրոցի և ուսուցչի դերը շատ կարևոր է այս գործում։ Սովորողի մոտ պետք է զարգացնել լավ վերլուծական միտքը, ստեղծագործ միտքը, սովորողը պետք է իր սովորածը- իմացածը կյանքում կիրառելու հնարավորություն -կարողություն ունենա։
«Իմացումի հրճվանք» ծրագիրը տալիս է հնարավորություն, որպեսզի մանկավարժն իրականացնի այս ամենը … Ծրագրի շնորհիվ ուսուցիչն ապրում և ապրեցնում է։ Ամեն ինչ բնական ընթացքի մեջ է, չկան ձևականություններ…Այս ամենն իրականացնելու համար անհրաժեշտ է նախագծային ուսուցման կիրառությունը։
Նախագծային ուսուցումն իրականում ձեռքբերում է ուսուցչի համար։ Այն նպաստում է սովորողի ճանաչողական, հետազոտական, համագործակցային հմտությունների, կարողությունների զարգամանը: Սովորողի աշխատանքը դարձնում է ավելի համակարգված և տեսանելի: Կրթահամալիրում իրականացվող «Իմացումի հրճվանք» ծրագիրն անհնար է պատկերացնել առանց նախագծային ուսուցման, որովհետև նախագծային ուսուցումը մեզ օգնում է առավել համակարգված, տեսանելի, իրական ներկայացնել մեր «Իմացումի հրճվանք» կրթական ծրագիրը:
Նախագծային ուսուցումը ձեռքբերում է նաև սովորողի ընտանիքի համար, քանի որ ընտանիքը ներգրավվում է ուսուցման գործընթացին, դառնում նրա լիիրավ մասնակիցը:
Նախագծային ուսուցումը նաև ներառական կրթություն իրականացնելու համար է շատ կարևոր։
Նախագծային ուսուցման առավելություններից մեկն էլ այն է, որ հնարավորություն ես ունենում տվյալ նախագծում ինտեգրել բոլոր առարկաները։
Ինտեգրված դասերը նպաստում են սովորողների բազմակողմանի զարգացմանը: Քանի որ նմանատիպ դասերի ընթացքում նրանք սկսում են աշխարհը դիտարկել որպես մեկ ամբողջություն։
Մեր կրթահամալիրում անչափ կարևոր է, որ երեխաները ոչ միայն սովորեն, այլև կարողանան ազատ խոսել, ստեղծագործել ու համագործակցել միմյանց հետ։ Այս ճանապարհին թատրոնը, դերային խաղերը դառնում են լեզվամտածողության զարգացման բնական ու օգտակար միջոց։ Թատերական գործունեության ընթացքում սովորողները գրական նյութը պարզապես չեն կարդում կամ լսում, այլ ապրում են այն՝ դառնալով ուսումնական գործընթացի լիիրավ մասնակիցներ։
Թատրոն-դերախաղերը՝ գրական նյութի բեմականացումը, ընթերցողական նախագծերը որպես սովորողների լեզվամտածողության, երևակայության զարգացման միջոց
Պետք է խոստովանեմ, որ երկար ժամանակ մտքումս էր այս նախագիծը, սակայն որևէ կերպ չէի համարձակվում իրականացնել այն։ Մտավախություն ունեի, որ չեմ կարողանա ամենայն մանրամասնությամբ զբաղվել այս գործով, քանի որ ինքս մասնագետ չեմ։ Սակայն մի գեղեցիկ օր, առաջնորդվելով «Մանր քայլերի արվեստ»-ով, որոշեցի խիզախել։
Եվ անհամեստ չեմ լինի, եթե ասեմ՝ ստացվեց… և լավ ստացվեց։
Ծնողները, ուսուցիչ ընկերներս, երեխաները, բոլորը մեծ ոգևորությամբ են խոսում այս աշխատանքի մասին։ (Մեր ընկեր Սեդան նույնիսկ պնդում է, որ պետք է թատերական խմբակ ունենամ)։
Անսահման ուրախ եմ, որ կրթահամալիրը, հեղինակային մանկավարժությունը և նախագծային ուսուցումն օգնեցին բացահայտել ինքս իմ մեջ այն, ինչի մասին մինչև այդ նույնիսկ չէի մտածել։ Իսկ հիմա փորձեմ գրել ինձ համար շատ կարևոր մի նախագծի մասին, սխալվեցի, մի չէ, այլ՝ երկու։
Սկզբում գրեմ թատրոնի և թատերական դերախաղերի, գրական ստեղծագործության բեմականացման կարևորության մասին, հետո անցնեմ մեր ընթերցողական ամենատարբեր նախագծերին։
Այս նախագծով աշխատելիս ամեն անգամ էլ ավելի եմ համոզվում,որ բանավոր և երևակայական խոսքի զարգացման համար անչափ կարևոր են դեպի թատրոններ մեր ճամփորդությունները, թատերական ներկայացումների շուրջ ամենատարբեր աշխատանքները, դերային ընթերցումները, ամենատարբեր ընթերցողական նախագծերը և մասնագիտական տարաբնույթ հանդիպումների կազմակերպումը։
Մի փոքր անդրադառնամ թատրոնին՝ որպես մանկավարժական մեթոդի։
Գիտենք, որ «թատրոն» բառը հունական ծագում ունի և նշանակում է ներկայացման տեղ։ Այդ պատճառով թատրոն են կոչվում այն շինությունները, որտեղ ցուցադրվում են ներկայացումներ։ Թատրոնը արվեստի տեսակ է, որտեղ աշխարհի գեղարվեստական յուրացումն իրականացվում է բեմական գործողությունների միջոցով։
Այս ամենով հանդերձ՝ թատրոնը կարևոր տեղ ունի նաև ուսումնական գործընթացում։ Այն նպաստում է երեխաների բարոյական և գեղագիտական դաստիարակությանը, ընդլայնում է նրանց ճանաչողական աշխարհընկալումը, զարգացնում է ստեղծագործական երևակայությունը և ապահովում բազմակողմանի զարգացում։ Ուսումնական գործընթացում թատրոնը հանդես է գալիս որպես ինտեգրված մեթոդ, որը միավորում է խոսքը, շարժումը, զգացմունքը և համագործակցությունը։
Թատերական ներկայացումների միջոցով երեխաների մոտ`
- դրսևորվում է համբերատարություն ընկերների նկատմամբ,
- զարգանում է թիմում աշխատելու ունակությունը,
- զարգանում են ստեղծագործական երևակայությունը և գեղագիտական ճաշակը,
- հարստանում է բանավոր խոսքը,
- ձևավորվում է ինքնարտահայտվելու կարողությունը,
- ձեռք են բերվում նախաձեռնողական և համախմբված աշխատելու հմտություններ,
- զարգանում են ուշադրությունը, աշխատասիրությունը, պատասխանատվության զգացումը,
- ամրապնդվում է տեսածի և լսածի վերաբերյալ խոսելու կարողությունը։
Գործնական փորձի ներկայացում
Թատրոնի և թատերական ներկայացումների կարևորության շուրջ կազմակերպել ենք նաև «Կլոր սեղան–քննարկում», որի ընթացքում քննարկվել է «Թատրոնի դերը ուսումնական գործընթացում» թեման և փոխանակվել ենք փորձով։Ինչպես նաև ներկայացրել ենք մեր իրականացրած աշխատանքներից մի քանիսը՝
- Իմ սիրելի հեքիաթը. Խաղ-ներկայացում…
- Իմ սիրելի հեքիաթը. Լողափնյա թատրոն…
- «Ելք» ստուգատես. Թատրոնն ու մենք(համագործակցային նախագծեր)
- Թատրոնն ու մենք(ներկայացումներ օտար լեզուներով)/ համագործակցային նախագծեր,
- Անակնկալ ներկայացումներ մայրիկների համար…(տեսանյութերը հրապարակվում են առաջին անգամ․ նկարահանել ենք առաջին, երկրորդ և երրորդ դասարաններում/…)
- Հ. Թումանյանի «Չարի վերջը»/ խաղ-թատրոն մեր կրտսեր ընկերների համար,
- Զրույց թատրոնի և ներկայացումների մասին։
Շատ արդյունավետ են նաև մեր կազմակերպած վարպետության պարապմունքները, որոնց շնորհիվ ձեռք ենք բերում հմտություններ և կարողություններ՝
- Թատրոնը և մենք։ Վարպետության դաս 3-րդ դասարանի սովորող Նարեի կողմից
- Թատրոնը և մենք :Վարպետության դաս սեբաստացի սովորող Նարե Սարգսյանի մասնակցությամբ
- Վարպետության պարապմունք արցախցի լրագրող, թատերական գործիչ Վովա Արզումանյանի հետ,
- «Թատրոնը որպես լեզվամտածողության զարգացման միջոց»՝ մեր հյուրն է դերասան, սեբաստացի հայրիկ Արեն Խաչատրյանը,
- «Մխիթար Սեբաստացի» քոլեջի հյուրն է Էլֆիք Զոհրաբյանը։
Թատրոն-դերախաղերը հատկապես արդյունավետ են լեզվական զարգացման տեսանկյունից, քանի որ սովորողը խոսքը կիրառում է իրական հաղորդակցական միջավայրում։
Թատերական գործունեության շրջանակում իրականացրել ենք գրական նյութի բեմականացումներ, դերախաղեր և թեմատիկ ներկայացումներ, որոնք մեծ ոգևորությամբ են ընդունվել ինչպես սովորողների, այնպես էլ ծնողների և ուսուցիչների կողմից։
«Իմացումի հրճվանք» ծրագրի օրացույցի բաղադրիչներից մեկն էլ տարվա ամփոփումն է, որն իրականացնում ենք «Ես կարողանում եմ» նախագծով։
«Ես կարողանում եմ» նախագիծը սովորողների կարողությունների ստուգատեսն է։ Նպատակն է ներկայացնել տարվա ընթացքում սովորողի ձեռք բերած կարողությունները, հմտությունները ։ Նախագիծը սովորողին ընձեռում է ինքնուրույն ներկայանալու, ինքնաարտահայտվելու-ինքնադրսևորվելու հնարավորություն:
Երրորդ դասարանն ավարտելու տարին շատ պատասխանատու և կարևոր է թե՛ դասվարի , թե՛ սովորողների համար։ Երրորդ դասարանցին արդեն ավելի ինքնուրույն է և լիովին պատկերացնում է նախագիծը։ Հիմնականում միասին ենք որոշում նախագիծը և սկսում ենք իրականացնել։
Երեք տարվա ընթացքում միասին մի սիրուն դասարան- ընտանիք ենք ստեղծում, ուր սերն ու հարգանքը, համագործակցելու պատրաստակամությունը օգնում են հեշտությամբ իրականացնել յուրաքանչյուր նախագիծ։ Ահա երկու այդպիսի նախագծի մասին էլ ներկայացնեմ կարճառոտ։
Տարիներ առաջ, երբ երրորդ դասարանն ավարտելու և ավարտական միջոցառմանը պատրաստվելու մասին խոսեցինք, դասարանում բուռն քննարկում սկսվեց.
-Ընկեր Քրիստինե, եկեք ավելի հետաքրքիր բան մտածենք,- առաջարկեց Արևը:
-Ի՞նչ, ի՞նչ…,-սկսվեց հարցերի շարքը…
Ու սկսեցինք հիշել.
-Դե առաջին դասարանում մենք անձամբ ենք խաղացել,- հիշեց Ադրիանան:
-Իսկ երկրորդում` մեր մատիկները: Հա՛, տիկնիկային խաղացինք, «Չարի վերջը» բեմադրեցինք, բա հիմա ո՞նց անենք, որ ավելի հետաքրքիր լինի,- ասաց Հայկը:
Ու սկսեցինք մտածել: Սկզբում մտածեցինք ստվերախաղ, բայց հետո …հետո…
-Իսկ եթե ոտքերո՞վ,- հարցրեցի ես։
Զարմացած նայեցին իրար ու միասին.
-Հա՜… Ձեռքերի թատրոն արեցինք, հիմա էլ ոտքերի անենք…Ու սկսվեց սցենարի ստեղծումը: Ամեն անգամ կարդալիս մի բան ավելանում էր: Որոշեցինք խառնել սիրելի Թումանյան պապիկի հեքիաթները ու հավես հեքիաթների մոլորակ ստեղծել: Քանի որ « Անխելք մարդը» մեր սիրելի հեքիաթներից էր, որպես հերոս ընտրեցինք Անխելք մարդուն, և քանի որ սովորողները այդ հեքիաթը կարդալիս միշտ փոխում էին վերջաբանը, էդպես էլ արեցինք։ Դե մի քիչ էլ մուլտֆիլմը դիտելիս մտքեր առաջացան…Ու էդպես Անխելքին դարձրինք ճամփորդ ու հետը ճամփորդեցինք։ Հետո որոշեցինք շատ առած-ասացվածքներ, թևավոր խոսքեր խառնել սցենարին ու փորձել պահել Թումանյանի լեզվական առանձնահատկությունները: Դե այս հարցում էլ մեզ օգնեց մեր աննման, սիրուն, հարուստ բանահյուսությունը։
Երկար մտորելուց հետո նաև վերնագիրը որոշեցինք՝ «Անխելք մարդու խելացի ճամփորդությունը»։
Նախապատրաստական աշխատանքների ընթացքում սովորողներից մեկի՝ Հրանտի մայրիկը զանգեց, շատ պավորված էր ներկայացման գաղափարով և ուրախությամբ ասաց.
-Ա՛յ ընկեր Քրիստինե, Հրանտս ոնց որ լոռեցի լինի, լրիվ լոռեցու բարբառով է սկսել խոսել: Ամուսինս հավեսի է ընկել, ասում է` Տաթև , հլը արի Հրանտին կանչենք, խոսքերը հարցնենք, իբր ուզում ենք ճշտել, թե ոնց է հիշում տեքստի բառերը: Կանչում ենք ու մեր հրճվանքը հազիվ ենք զսպում: Հրանտս սկսում է լոռեցու բարբառով.
-Էս մարդիկ ծռել են, հա՜…հլը մի գնամ, մտիկ անեմ․․․
Ծիծաղում ենք, ու ես էլ պատմում եմ.
-է՜հ, Տաթև ջան, էդ եք ասում, էն օրն էլ մեր ընկեր Անին եկել հարցնում է ինձ, թե արդյո՞ք ես լոռեցի եմ…
Ու սկսեցինք մի լավ ծիծաղել։
Ու էսպես նախագծի շնորհիվ մեր դասարանցիներով լոռեցի էինք դարձել, Թումանյան պապիկն իր բառ ու բանով մեզ հետ էր, մեր սրտում…
Էսպես էլ ծնվեց մեր ոտքերի թատրոնը , իսկ ներկայացման վերջում էլ նշեցինք մեր հրատարակած գրքի ծնունդը։
Գինեձոն․ շնորհանդես
«Անխելք մարդու խելացի ճամփորդությունը»
Ներկայացումից հետո էլ «Հակաբացիլ Կոմիտաս» նախագծով ճամփորդեցինք ծնողական համայնքի հետ և մեր «Ելք» ստուգատեսն ամփոփեցինք քաղաք Աշտարակում։ Երրորդ դասարանն ավարտած մեր սովորողների և ծնողական համայնքի հետ ճանապարհ ընկանք դեպի Մուղնիի Սբ.Գևորգ եկեղեցի, այնուհետև Սաղմոսավանքի գեղեցիկ բակում կոմիտասյան երգ ու տաղով, խաղերով, նկարչական պլեներով հավես օր ունեցանք։
Դիտեք մեր օրվա մասին պատմող տեսանյութերը։
Որպես կարևոր ձեռքբերում առանձնացնում եմ 3-րդ դասարանցիների «Ես կարողանում եմ»/ Ելք ստուգատեսը։ Այնքան սիրուն զգացողություն է քեզ համակում , երբ տեսնում-զգում ես, որ ամեն ինչ հասցրել ենք իրականացնել, և արել ենք ոչ թե իմիջիայլոց -հապճեպ, թերացումներով, այլ արել ենք ամենայն պատասխանատվությամբ, բարեխղճությամբ ու մեծ նվիրումով․․․( Յուրաքանչյուրն էլ դա կզգա, եթե անցնի հղումներով ու նայի մեր իրականացրած բոլոր նախագծերը, կատարած աշխատանքները)։
Այստեղ ևս առանձնացնում եմ մեր հերթական թատրոն- ներկայացումը, որտեղ մոտ 50 րոպե դերասանական հետաքրքիր խաղ է՝ սովորողների մասնակցությամբ, որտեղ բարբառային շատ սիրուն բառերի, թևավոր խոսքերի, առած-ասացվածքների բույլի կհանդիպեք։ Ամբողջ ընթացքում Թումանյանի շունչը տարածված էր մեր դասարանում։ Լոռվա բարբառն այնքան էր հարազատացել, որ բոլորս սկսել էինք արդեն այդ բարբառով խոսել։
Թատրոն- ներկայացումը կարող եք դիտել այս հղումով՝
«ԵՍ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԵՄ» ստուգատես/ Թատերական ներկայացում
Թատերական ներկայացումներ դիտելը՝ որպես լեզվամտածողության զարգացման միջոց․
- Դեպի Հ.Մալյանի անվան թատրոն,
- Ձմեռային ճամբար/ Ճամփորդություն Հ. Մալյանի անվան թատրոն,
- «Ռոդարի- Աղայան» նախագիծ. Քաղաքային թափառումներ, այցելություն Մալյան թատրոն` «Շրջված երազը»ներկայացումը դիտելու,
- «Կախարդական Անտառում» ներկայացում,
- Կամերային երաժշտական թատրոնում.,
- «Հրաշագործ ճամպրուկը» ։
Թատրոնն ընտանիքում
Շուրջտարյա է նաև «Թատրոնն ընտանիքում» նախագիծը։ Այն ոչ միայն ստեղծագործական ու հավես աշխատանք է, այլև ընտանիքի ներսում ձևավորվող գեղեցիկ համագործակցություն։
Յուրաքանչյուր տեսանյութում զգացվում է միասնականությունը, սերն ու հոգատարությունը։ Ուրախալի է տեսնել, թե ինչպես են մեր հեղինակների խոսքերը շարունակում միավորել սերունդներին, դառնում զրույցի, ընթերցանության և համատեղ ստեղծագործելու առիթ։
«Թատրոնն ընտանիքում» նախագիծը ևս մեկ անգամ ապացուցում է, որ գրականությունը կենդանի է, երբ այն ապրում է ընտանիքում՝ ծնողի ու երեխայի համատեղ ընթերցմամբ, քննարկմամբ ու խաղով․․․
Այսպիսի նախագծերը ոչ միայն զարգացնում են խոսքը և երևակայությունը, այլև ամրապնդում են ընտանեկան կապերը՝ ստեղծելով տրամադրություն և հիշողություններ, որոնք երկար կմնան բոլորի սրտերում…
Անչափ շնորհակալ ենք բոլոր ընտանիքներին ակտիվ մասնակցության, ջերմ ներգրավվածության և ստեղծագործ մոտեցման համար։
Ստորև տեղադրում եմ տարբեր տարիների ընթացքում սովորողների ընտանիքներում ստեղծված հետաքրքիր ներկայացումների և աուդիոթատրոնների մի շարք՝
- Հովհաննես Թումանյանի «Բարեկենդանը» Եվայի ընտանեկան դպրոցում,
- «Թումանյանն ընտանիքում» նախագիծ. «Բարեկենդանը» ներկայացնում են Արենն ու մայրիկը,
- «Թումանյանն ընտանիքում» նախագիծ. «Խելոքն ու հիմարը» հեքիաթը ներկայացնում են Լեոն ու մայրիկը,
- «Թումանյանն ընտանիքում»․ Հովհաննես Թումանյանի «Բարեկենդանը» Ալեքսի ընտանեկան դպրոցում,
- «Թումանյանն ընտանիքում». ներկայացնում է Տիրայր Դաբաղյանը,
- Հովհաննես Թումանյան «Ծաղիկները»,
- «Փիսիկի գանգատը»,
- «Թումանյանն ընտանիքում,
- «Անխելք մարդը»,
- «Թումանյանն ընտանիքում»,
- «Չարի վերջը» ներկայացնում են Տիգրանն ու ընտանիքը,
- «Պոչատ աղվեսը»,
- «Թումանյանն ընտանիքում»,
- «Պոչատ աղվեսը»,
- «Անխելք մարդը »,
- Լեգոթատրոն՝ «Կացին ախպերը»,
- «Թումանյանն ընտանիքում»։
ԱՈՒԴԻՈՆԵՐԿԱՅԱՑՈՒՄՆԵՐ՝
«Ճամփորդները» «Թումանյանն ընտանիքում»
Ընթերցողական նախագծերի կարևորությունը
«Ուսուցանել կնշանակե սովորեցնել մի բան, իսկ կրթել կնշանակե վարժել մի բանի մեջ կամ աճեցնել, զարգացնել այն զորությունը, ընդունակությունը, որ
արդեն կա անհատի մեջ»։
Ղ. Աղայան
Նախ ասեմ, որ ուսուցչի համար ամենամեծ ձեռքբերումը հեղինակային մանկավարժությամբ զբաղվելն է։ Շնորհակալություն մեր կրթահամալիրին, որ մեզ ընձեռել է այս սիրուն հնարավորությունը։


Իմ կարծիքով ՝ հեղինակային մանկավարժության, նախագծային ուսուցման հրաշալի օրինակ են այս անթոլոգիաները, որտեղ մի ամբողջ ստեղծագործ աշխարհ է բացվում ընթերցողի առջև։ Ընթերցողն ակամա հայտնվում է 8-9 տարեկանների մի լուսավոր ու չքնաղ աշխարհում, ուր միայն սեր ու գույներ են։
Մուտք գործելով կրթահամալիր՝ զգացի, որ գտել եմ այն, ինչ սիրում եմ, ինչ իմն է իրավամբ, հասկացա, որ հետաքրքիր, գունեղ, ստեղծագործ ճանապարհ է իմ առջև բացվում (այսպիսի ճանապարհ յուրաքանչյուր մանկավարժի առջև է բացում մեր կրթահամալիրը)։
Ամենից շատ ինձ գրավեց այն հանգամանքը, որ կրթահամալիրում սովորողներն ունեն մտածելու, զգալու, ստեղծագործելու իրենց ուրույն ձևը։ Կրթահամալիրում իրականացվող հեղինակային կրթությունը, հետաքրքիր մեթոդները ձևավորվում են տրամաբանելու, համեմատելու, բառերի հետ խաղալու- նոր բառեր կազմելու կարողություն, որն էլ ստեղծում է ինքնատիպ, հետաքրքիր մտածողություն, և այս մտածողության շնորհիվ էլ հրաշալի է ստացվում ստեղծագործելը։
Առաջին դասարանից սկսած պարբերաբար ընթերցում- քննարկում ենք տարբեր հեղինակների ստեղծագործություններ: Սովորողներն ակտիվորեն մասնակցում են քննարկումներին, արտահայտում իրենց կարծիքները, յուրովի վերլուծություններ անում: Ինքս իմ առջև նպատակ եմ դրել զարգացնել սովորողների ինչպես վերլուծական, այնպես էլ ստեղծագործ միտքը, ստեղծագործական երևակայությունը: Տարբեր մեթոդներ ենք կիրառում այս ուղղությամբ, որպեսզի երեխաներն էլ ավելի անկաշկանդ լինեն, և ստեղծագործական միտքն ավելի զարգանա: Սկզբում սկսում ենք բառապաշարի հարստացման կարևոր գործընթացը՝ շատ շուտասելուկներ, բառախաղեր, հանելուկներ, խաղիկներ։ Այս ամենը նպաստում է, որ հարստանա սովորողների բառապաշարը, պատմելու կարողությունը, ճկուն խոսքը։
Որպես ուսուցիչ՝ իմ առաջին ու կարևոր նպատակն էլ սա էր։ Այս հարցում մեզ օգնել են նաև տարբեր տեսանյութեր-ռադիոնյութեր ստեղծելը։ Տեսանյութեր – ռադիոնյութեր ստեղծելն ինքնանպատակ չէ, այն օգնում է խոսքի զարգացմանը, մտքի ճկունությանը, սովորողները սկսում են ավելի անկաշկանդ լինել, ազատ հաղորդակցվել։ Այս առիթով մի դեպք եմ հիշում.«Կրթահամալիր ընդունվելուս առաջին տարին էր. մարտի 13-ին` Չարենցի ծննդյան օրը, սովորողների և դասավանդողների հետ գնացինք բանաստեղծի հուշարձանի մոտ: Մի խումբը` քայլքով, մի խումբը` հեծանիվներով․ բոլորս Չարենց էինք կարդում: Հանկարծ ուշադրությունս գրավեցին շարքով անշարժ կանգնած` մտամոլոր, լուռ — տխուր դեմքերով աշակերտներ ( երևի իրենց մտքում ասում էին, թե երբ պետք է ավարտվի այս ամենը)։Հետո թեքվեցի մեր սովորողների կողմը, տեսա, թե ինչպես էին ձայնագրիչները, հեռախոսները ձեռքներին, մոտենում տարբեր մարդկանց, ժպտում, հարցազրույց վարում։ Տեսա ու տխրեցի այն մտամոլոր, տխուր դեմքով երեխաների համար։ Էնպես էի ուզում վազել նրանց մոտ և բերել, խառնել մեզ, որ իրենք էլ լինեին իրենց ժամանակի կրողը։ Մանկավարժությունն անշարժ, մտամոլոր, լուռ կանգնած սովորողների կողքին խամրեց, փոքրացավ, անէացավ։ Մինչդեռ այնքան վերևում է այս հրաշալի մասնագիտությունը, այնքան հեռու է մտամոլոր, տխուր, լուռ դեմքերով կանգնած աշակերտներից։ Էստեղ ինքս ինձ համար շատ բան պարզեցի ու անցա առաջ, մտքումս` Էքզյուպերիից տողեր` «Տե՛ր Աստված, սովորեցրու ինձ մանր քայլերի արվեստը»։
Ամեն անգամ նոր դասարանի հետ աշխատելիս, աշխատում ես նաև ծնողական նոր համայնքի հետ։ Անչափ կարևոր է, որ ծնողը հասկանա այն , ինչ արվում է, հասկանա և ընդունի։ Ծնողի հետ համագործակցությունը մանկավարժության հենքում է։ Այստեղից պետք է սկսել։ Այս անթոլոգիան էլ հենց ծնող- ուսուցիչ սիրուն, անմիջական համագործակցության արգասիքն է։
Ստեղծագործական երևակայությունը զարգացնելու համար շատ մեթոդներ ենք կիրառում կրթահամալիրում: Մեր ստեղծագործական առաջին քայլերից էր «Մեկ նախադասություն` ես, մեկ նախադասություն` դու» մեթոդը: Հաճախ ես ասում էի առաջին նախադասությունն ու լռում , իրենք սկսում էին ոգևորված շարունակել միտքս, արդյունքում սիրուն — սիրուն հորինուկներ էին ծնվում: Լինում էին նաև դեպքեր, որ իրենք էին առաջին նախադասությունն ասում, ես էի շարունակում։ Հաճախ` քայլքի, ճամփորդությունների, տարբեր գործունեությունների ընթացքում էլ սկսում ենք մեր սիրելի երգերի բառերը փոխած երգել, մեկս մյուսի միտքը շարունակելով հավես երգեր ենք հորինում: Սովորողները շատ են սիրում, երբ միասին երգեր հորինելով- երգելով քայլում ենք, արդեն մեզ մոտ դարձել է սովորություն, եթե քայլում ենք, ուրեմն պետք է երգենք ու երգեր հորինենք։
Այս առումով չափազանց կարևոր են իտալացի մանկակագիր Ջաննի Ռոդարիի թե՛ ստեղծագործությունները, թե՛ «Ստեղծագործական երևակայության քերականություն» աշխատությունը։ Ջ․ Ռոդարիի ստեղծագործությունները նպաստում են, որպեսզի երեխաների մոտ ձևավորվի վառ երևակայություն, ստեղծագործ ճկուն միտք, զարգանան խոսքային հմտություններ, և այս հատկանիշների շնորհիվ էլ նրանց խաղարկուն մտածողությունը, տող-պատկերները մի կախարդական, գունեղ աշխարհ են ստեղծում՝
․․․Իսկ ես ասացի․
– Բինգ- բոնգ- բանգ։
Հետո գնացինք ընկեր Քրիստինեի մոտ և ասացինք․
– Բիլբաբու- բուլբաբի։
Ընկեր Քրիստինեն զարմացավ, բայց հետո, իհարկե, հասկացավ, որ կատակ ենք անում, ու ինքն էլ մեզ պատասխանեց․
– Լալաբիլա՜, գուլաբի՜։
Գրում է Նարի Սուքիասյանը։
Կամ այս մեկը՝
Տերևը սկսեց վախից լաց լինել, իսկ քամին միացրեց Էյֆելյան աշտարակի լույսերն ու գեղեցիկ երաժշտությունը, սրբեց տերևի արցունքները և նրան հրավիրեց պարելու։
Գրում է Կարո Հակոբյանը։
Կամ մեկ ուրիշը՝
Մի անգամ մի տերև որոշեց պարել սովորել։ Ընկերներին հավաքեց և եկավ Արևմտյան դպրոց՝ ընկեր Սեդայի մոտ և տեսավ , որ 3.2 դասարանի սովորողներն ընկեր Սեդայի մոտ պարել են սովորում։ Տերևը մոտեցավ նրանց ու ասաց․
-Կարո՞ղ ենք մենք էլ միանալ ձեզ և պարել սովորել։
Ստեղծագործում է է Մելիսա Հունանյանը և վերջում երևակայությունը հասցնում գագաթնակետին՝ գրելով․
-Եվ տերևներն ընկերացան երեխաների հետ և սովորեցին «Թամզարա» պարել։
Ահա մեկն էլ՝
Նրանք մտան գրքերի մեջ։ Երկու տերև գրքերի մեջ շա՜տ խաղացին, խաղացին, մի օր էլ սովորեցին կարդալ և գրել։ Տերևները դպրոցում շատ լավ էին իրենց պահում և մեկը մյուսին միշտ օգնում էր։
Տերևների ուսուցիչ ընկեր Տերևը միշտ գովում էր նրանց ընկերությունը։
Գրում է Լիլի Խալաթյանը։
Եվ այս մեկը՝
Այդ պահին ուսուցիչ ծառը քնից արթնացավ և տեսավ, որ անտառպարկ են եկել 3.2 դասարանի սովորողները։
Գրում է Միքայել Տերտերյանը։
Եվ այսպիսի բազմաթիվ տող- խաղեր, հեքիաթներ, մտքեր․․․
Մեր ուսումնական բլոգի « Հորինուկներ» էջը շարունակ համալրվում է սովորողների կողմից հորինված այսպիսի բառ- պատկերներով, գուներանգներով, տեքստ-խաղ հորինուկներով, որոնք նրանց ստեղծական ճկուն մտքի, երևակայության արտացոլումներն են։
Ստեղծագործական երևակայության զարգացման հարցում շատ կարևոր են նաև մեր կազմակերպած հանդիպումները հայ ժամանակակից գրողների հետ: Նրանց հետ մեր զրույցները, քննարկումները, ընթերցումները ևս շատ են օգնում բառապաշարի հարստացման, ազատ և անկաշկանդ ստեղծագործելուն։ Սովորողները մեծ սիրով են մասնակցում նմանատիպ հանդիպումներ- վարպետության բաց պարապմունքներին։
Խաղ- վիկտորինա ժամանակակից գրողների ստեղծագործություններով
Մի շատ հավես ու սիրուն նախագիծ էլ ծնվեց այս ընթացքում։ 6-րդ դասարանցի մեր Դավիթ Խաչատրյանը շատ ծրագրերի է տիրապետում։ Նկատելով նրա պատրաստած խաղերը՝ գաղափար առաջացավ, որ կրթահամալիրում հյուրընկալվող ժամանակակից գրողների ստեղծագործությունների շուրջ էլ հետաքրքիր խաղեր ստեղծենք։ Դավիթին առաջարկեցի, սիրով համաձայնեց և միացավ իմ «Ճանաչենք ժամանակակից գրողներին» նախագծին։
Ստորև Դավթի պատրաստած խաղերն են ու իմ պատումը այս սիրուն նախագծի մասին՝
Համագործակցային աշխատանք «Ճանաչենք ժամանակակից գրողներին» նախագծով՝ Քրիստինե Հովսեփյանի հետ
Սիրուն համագործակցություն 6-րդ դասարանցի Դավիթ Խաչատրյանի հետ
Ինքս ապրում եմ գրականությամբ, և սովորողների ստեղծագործելու այս տաղանդը դեռ ամենասկզբում է ինձ ոգևորել։
Սիրելի՛ ընթերցող, այժմ քեզ եմ ներկայացնում մեր սովորողների ստեղծագործությունների իմ կազմած անթոլոգիաների թվային-թղթային տարբերակները, ունեմ աներկբա այն վստահությունը, որ գրքերը քեզ կտանեն մեր հրաշք սովորողների մաքուր, լուսավոր, վառվռուն աշխարհ, իսկ ես սրտխփոցով փակում եմ հերթական գիրքը՝ դնելով իմ սրտի գրադարակում․․․
Գրքերի թվային տարբերակները՝
«Հորինուկների անթոլոգիա»․ Երևան 2023 թ․
Սովորողների «Հորինուկների անթոլոգիա»-ն՝ սեղանի հավես գիրք․․․Երևան 2025թ․
Նախ ասեմ, որ մինչև գրքի հրատարակմանն անցնելը, մենք նաև «Մեդիաամսագրեր» ենք ստեղծում, որոնք սիրուն ու հետաքրքիր ընթերցարաններ են դառնում սովորողների համար՝
Մեր ստեղծած Մեդիաամսագրերը/ արխիվ՝ 2022-23թթ․/
Մեր ստեղծած Մեդիաամսագրերը/ արխիվ՝ 2024-25թթ․/
Մեզ համար շատ ոգևորիչ էր նաև բոլոր սովորողների համար անհատական QR կոդեր ստեղծելը։ Ամառային ճամբարի ընթացքում ընկեր Գրետայի և իր ջոկատի հետ՝ «Սովորող- սովորեցնող» նախագծով հանդիպում ունեցանք և մեր դասարանական բլոգի, ինչպես նաև յուրաքանչյուր սովորողի համար ստեղծեցինք QR կոդ, որը հնարավորություն ընձեռեց թղթային տարբերակից անցնել սովորողների բլոգներ։
Այս անգամ էլ գրքի շնորհանդեսը կազմակերպեցինք մեր չքնաղ Արատեսում, որտեղ մեզ միացան «Արմավ» հրատարակչության տնօրեն Արմինե Քոչարյանն ու խմբագիր, գրականագետ, բգդ․ Արմեն Ավանեսյանը։Շնորհանդեսի բացումն արեց Արմեն Ավանեսյանը, նա շնորհավորեց մեզ գրքի հրատարակման առթիվ և խորհուրդ տվեց շատ գրքեր կարդալ։
Միասին խարույկ վառեցինք, հավաքվեցինք շուրջը և սկսեցինք շնորհանդեսը, որից հետո էլ ընթերցեցինք անթոլոգիայից հատվածներ։ Մի սիրուն բոհեմական երեկո ունեցանք հրաշք Արատեսում։ Բնությունը շատ տրամադրող էր, ուզում էիր կարդալ ու կարդալ պսպղ աստղերի շլացնող լույսի տակ։ Ոչ ոք չէր ուզում գնալ քնելու․․․
․․․Ինքս ինձ մտածում էի, թե Արատեսի մեջ որքան շատ բոհեմ կա, որքան շատ սեր ու պոեզիա կա։ Գլուխդ վերցնես ու քաղաքի փոշուց, աղմուկից փախչես դեպի լեռները, դեպի բնությունը, որտեղ թռչունների անուշ դայլայլն ու թիթեռների խաղը մի ուրիշ զգացողությամբ կլցնեն հոգիդ, ու սիրտդ կերգի- կճախրի նրանց հետ, մոռացնել տալով աշխարհում ամեն ինչ․․․ Այս մտքերով էի, երբ Արմեն Ավանեսյանն ընդհատեց ինձ և, զմայլվելով հրաշք բնությամբ, երեկոյան ծղրիդների երգեցիկ ձայնով, ասաց, որ իմ հաջորդ հեղինակային գրքիս շնորհանդես- գինեձոնն էլ այստեղ կազմակերպենք և ժամանակակից գրողների, արվեստագետների մի սիրուն խմբի հետ գանք արատեսյան թարմ օդը շնչելու, խարույկի շուրջ պոեզիա կարդալու, բնության հետ ձուլվելու․․․Ժպտացի․
-Առա՜ջ Աստված․․․
Ընթերցողական նախագծերն առաջին դասարանում

Ընթերցողական նախագծերի մասին շատ երկար կարելի է խոսել, հատկապես, երբ մայրենին սրտիդ մեջ է, իսկ գրականությունը՝ հաշտությունդ աշխարհի հետ։
2025-2026 ուսումնական տարում ես ու «Իմացումի հրճվանքը» կրկին ձեռք ձեռքի տված ընդառաջ գնացինք 2019 թվականին ծնված երեխաներին, ովքեր պսպղ աչուկներով, պայծառ դեմքով, արև ժպիտով նայեցին մեզ։ Այս տարի նորից առաջին դասարանցիների գունեղ ու չքնաղ աշխարհում ենք․․․
Ընթերցողական նախագծերի իրականացումը հենց սեպտեմբերի 1-ից էլ սկսվում է և շարունակվում ամբողջ տարին։
Բառուսուցումը կարևոր շրջան է առաջին դասարանցիների համար, և բառուսուցման համար կիրառում ենք տարբեր մեթոդներ: Չափազանց կարևոր է, որ այս շրջանում երեխաները չհիասթափվեն և հավեսով աշխատեն։ Իհարկե, մեզ օգնում է խաղը։ Ուսուցումն իրականացնում ենք հավես խաղերի միջոցով, սովորում ենք առանց ձանձրանալու և տրտնջալու։
Բառուսուցումն արդեն ավարտել ենք, սովորողները գրում , մուտքագրում և կարդում են։
Այս շրջանում փոքրիկ տեքստեր ենք սկսել կարդալ, և մի օր, երբ Ղ․ Աղայանի «Արևի հրամանն» էինք կարդում, ես միացրի իմ ընթերցմամբ՝ «Արևի հրամանը» աուդիոհեքիաթը։(Ամանորին դիտել-ունկնդրել-քննարկել էինք նաև իմ ընտանեկան դպրոցում ստեղծված «Ցանկությունների ծառը» հեքիաթի աուդիոընթերցումը )։ Սովորողները շատ ուրախացան, երբ իմ ձայնը ճանաչեցին։ Համակ ուշադրությամբ լսում էին։ Այսպես էլ առաջացավ «Մայիսյան հավաք»-ի և ամառային ճամբարի շրջանակում դերային ընթերցումների, աուդիոթատրոնների փաթեթ ստեղծելու գաղափարը։
Որպես մեկնարկ՝ «Ջա՜ն, ես արդեն կարող եմ շատ գրքեր կարդալ»․․․
Ընթերցողական շուրջտարյա նախագիծն առաջին դասարանում։
Ինչպես նաև շուտով ավարտին կհասցնենք մեր «Մեդիաայբբենարանների» ամփոփման աշխատանքները։
Այսպիսով՝
Այսպիսինն է «Իմացումի հրճվանք» ծրագիրը, որը ժամանակի ընթացքում այնքան հարազատացավ ինձ, որ սկսեցի ամեն ինչի մեջ փնտրել այդ հրճվանքը։ Ես դժվար եմ գրում, բայց ինձ ճանաչողները գիտեն, որ երբ սկսում եմ գրել, ուրեմն այլևս փախչել չեմ կարողանում և գրում եմ այնպես, ինչպես զգում եմ։ Իսկ «Իմացումի հրճվանքը» ամեն օր ինձ նոր թևեր է տալիս․ ստեղծագործ մարդու համար, հավատացե՜ք, շատ կարևոր են այս թևերը։ էն սիրուն հեռուները, որտեղ առանց թևերի երբեք չես հասնի, նույնիսկ , եթե հմուտ օդաչու լինես։ էդ հեռուները քո սրտին այնքան մոտ են դառնում․․․
Թատրոն-դերախաղերը, ընթերցողական ամենատարբեր նախագծերը, հանդիպումները արդյունավետ միջոց են սովորողների լեզվամտածողության, հաղորդակցական կարողությունների և անձնային զարգացման համար։ Դրանք նպաստում են սովորողի ներաշխարհի բացահայտմանը, ինքնավստահության ձևավորմանը և ուսուցման գործընթացը առավել հետաքրքիր ու կենդանի են դարձնում։ Իսկ ընթերցողական ամենատարբեր նախագծերին ասում ենք՝ ջա՜ն, մի ուրիշ հավեսով, խանդավառությամբ եմ անցնում այս նախագծին ․ երբ երեխաներին ոգևորում է իմ խանդավառությունը, այ դրանով ապրում եմ։ Եվ դա է պատճառը, երբ ամեն անգամ մտնում եմ տուն, տանեցիներս ինձ երանի են տալիս։
Նախագծային ուսուցման և կրթական միջավայրի աջակցությամբ հնարավոր է բացահայտել նոր կարողություններ՝ նույնիսկ այնպիսիները, որոնց գոյության մասին նախկինում անգամ պատկերացում չի եղել։
Երկար չեմ գրի այստեղ, բայց լիահույս եմ, որ մի օր մանկավարժության մասին իմ բոլոր մտորումները, «Իմացումի հրճվանք» ծրագրի կարևորության մասին իմ մտքերը , «Մանկավարժությունը որպես սրտի արվեստ» իմ համոզմունքները մի սիրուն, համեստ գրքում հրատարակված կունենամ սեղանիս վրա, որը պիտի որ նպաստի՝ զարգանա իսկական մանկավարժությունը, որը թռիչքի կպատրաստի շատ մանկավարժների՝ օգնելով հասկանալ, ընդունել, ապրել «Իմացումի հրճվանք»-ը․․․Այսպես ես էլ իմ փոքրիկ ներդրումը կունենամ հեղինակային մանկավարժության տարածման գործում։
«Իմացումի հրճվանք» ծրագիրը ներառում է բոլոր առարկաները, գործունեության ձևերը։ Ծրագրի նպատակն է սովորողին որպես անհատ ձևավորելը, ստեղծագործական երևակայությունը զարգացնելը, ինչպես նաև հեղինակային ծրագիր իրականացնելը։ Ծրագիրը թույլ է տալիս, որ սովորողը խաղի միջոցով, խաղից չկտրվելով ձեռք բերի չափորոշչին համապատասխան գիտելիքներ։ Նպաստում է, որ սովորողը ստեղծագործի, անկաշկանդ արտահայտի սեփական մտքերը, ձևավորվի որպես անհատ, ճանաչի ու սիրի իրեն, ընկերներին, շրջապատող աշխարհը․․․Իսկ մի՞թե սրանից կարևոր այլ մանկավարժություն գիտեք աշխարհում։Ապրելն ու ապրումակցելը, կենդանի հաղորդակցումը, սրտաբուխ սերը՝ ահա մանկավարժի ամենակարևոր հատկանիշները։
Կոմիտասը կասեր՝
«Եթե մանուկը չի հասկնար ձեր դաստիարակությունը, հանցանքը ձերն է, որովհետև չեք կրցած հասկնալ անոր հոգին. պետք է վար իջնել մինչև անոր հոգեկան աստիճանը և զայն առնելով ձեզի հետ բարձրացնել:
Ուսուցիչ պարոննե՛ր և քույրե՛ր, զգուշությամբ ու երկյուղածությամբ մոտեցեք դաստիարակության գործին, խիստ փափուկ պաշտոն մըն է ձերը, դաստիարակելու կոչված եք սերունդ մը, որ ապագա ազգն է, սխալ ուղղությամբ՝ ազգ մը կխորտակեք վերջը»։
Այս տողերը կարդում ու խորհում եմ, այս տողերը կարդում ու շնորհակալ եմ, այս տողերը կարդում ու հասկանում եմ տողերից անդինը․․․Այս տողերը կարդում ու սիրում եմ մեր կրթահամալիրը․․․
