«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում «Ցտեսություն» նախագիծը փուլային է՝ շուրջտարյա։ Այն ապահովում է սովորողների ներառումն ըստ իրենց հետաքրքրությունների, ընտրությունների, կրթական հետագծի, փոխանցած հմտությունների, այլ։

Կարևոր է հասկանալ, որ 12-րդ դասարանը ամբողջական համակարգ է՝ իր խնդիրներով, անհատականացված պլանով, քննական նախապատրաստությունով, կյանքով, որը սովորողի գործունեություն է։ Այն չի սահմանափակվում քննական անգիրով կամ տոնախմբությամբ․ համակարգ է, որը 12-րդ դասարանի սովորողին հնարավորություն է տալիս ներկայանալու, կարևորվելու և խոսելու։ Ներկայիս կրթական համակարգում սա թերևս ամենաանհասկանալի, անորսալի կրթական աստիճանն է, որը պետք է մինչև վերջ անհատականացնել՝ հարմարեցնել պատանու նախասիրություններին, կրթական կարիքին և առաջընթացին։ 12-րդ դասարանի և՛ ավարտական, և՛ միասնական քննությունները ոչինչ չեն տալիս սովորողին։ Արդյունքում սովորողը ստիպված է հեռանալ դպրոցից, հետաքրքրություններից, կյանքից։ Սերտել թեմաներ, որոնք բացի սերտման հմտությունից այլ հմտություններ չեն ձևավորում։ Դպրոց ու բուհ կապն էլ օտարված, անհասկանալի է մնում։ Այս մասին իմ մտորումներն առանձին կներկայացնեմ։ Հիմա ուզում եմ խոսել աշխատանքի մի ձևի մասին, ներկայացնել որոշակի արդյունքներ։

Որպես Հայոց լեզվի, Գրականության ուսուցիչ՝ ուզել եմ շեշտադրել, առաջ բերել երկու կարևոր մոտեցում՝

1․ Ինչպես անել, որ շտեմարանային անգիրը վերածվի ուսումնասիրությունների, որ սովորողն իրականացնի Հանրակրթության պետական չափորոշչով որոշված կարողունակությունները, որոնք անհամատեղելի են թեստային առաջադրանքների հետ։

2․ Կարդա հայ ժամանակակից և արտասահմանյան գրականություն. կարդացածը կապի իր և իր կյանքի, զարգացումների հետ։

Ուսումնասիրությունների շուրջ աշխատել ենք ամբողջ տարվա ընթացքում։ Ուսումնասիրություններն իրականացվել են տարբեր մոտեցումներով՝

1․ Սովորողի, սովորողների խմբի առաջարկով,

2․ Իմ առաջարկով,

3․ Կրթահամալիրի Գրական ակումբի հեղինակներից,

4․ Ծնողների, ժամանակակից գրողների, գործընկերների առաջարկով։

Աշխատել ենք տարբեր մոտեցումներով՝ անհատական և խմբային ուսումնասիրություններ, դասարանական, խմբային քննարկումներ, գրական դատեր ու բանավեճեր։ Շտեմարանային ծանր անգիրի մեջ այս քննարկումները դարձան մի օղակ, որն իր ձևով կապեց սովորողին գրականության, դպրոցի հետ։ Սովորողների բլոգները գործուն, հետաքրքիր ու հրապարակային դարձան։ Սովորողները դարձան նախաձեռնող, ակտիվ։

Սովորողների հետ ունեցանք համատեղ ուսումնասիրություններ, որոնց մի մասը դարձավ հոդված, մյուս մասն էլ դեռ կդառնա, դրանք բերվեցին-հրապարակվեցին «Դպիր» մանկավարժական ամսագրում։ Սրանք իրենց ձևաչափով հետաքրքիր մանկավարժական հնարքներ դարձան, որտեղ սովորող-ուսուցիչ համագործակցությունը, կապը վերածվեց գործընկերության, համատեղ ու միասնական աշխատանքի։ Այս նյութերում դրսևորվեցին սովորողներն իրենց հասունությամբ, ինքնուրույնությամբ, իրենց մոտեցումները, խնդիրները ձևակերպելու, առաջ բերելու, հիմնավորելու հմտություններով, կարողունակություններով։

«Դպիր» մանկավարժական ամսագրի հրապարակումներ՝

Գործունեության հետաքրքիր փորձեր դարձան նաև փոդքաստերը, որոնց ստեղծումը հենց սովորողների առաջարկով էր։ Սովորողները ուզեցին խոսել, մեր քննարկումների հումորը, ձևաչափն ինչ-որ չափով տեսագրել, ներկայացնել, պատմել։ Նշեցին, որ սա իրենց համար հիշողություն կդառնա։ Արդեն նկարահանման ընթացքը հետաքրքիր ու կառուցողական էր՝ ուսումնական, որը նորից միավորեց խմբին, հավաքվեցին իրար գլխի, օգնեցին իրար։

Ֆիլմեր՝

Քննարկում 1

Քննարկում 2

Ինձ զարմացրեց նաև սովորողների պատրաստակամությունը, հավեսն այս քննական ծանր շրջանում իրենց նյութերը ներկայացնելու, ամփոփելու, կլոր սեղան բերելու ցանկությունը։ Սովորողներն իրենք ցանկացան ամփոփել ու ներկայացնել իրենց աշխատանքը․ ներկայացման տարբեր ձևաչափեր ունեցանք, դրանց մի մասը բերեցինք օրացույց՝ ուզեցանք ցույց տալ աշխատանքի տարբեր մոդելներ՝

1․ Սովորողի անհատական նախագիծ,

2․ Ստեղծագործական նախագիծ,

3․ Խմբային աշխատանք, ներկայացում։

Ունեցանք սովորողների ներկայացումների մայիսյան օրացույց․ աշխատանքների մի մասը ներկայացրեցինք օրացույցով, մյուս մասն էլ դասարանում, խմբում քննարկում-ներկայացումներ դարձան։

Ունեցաք այսպիսի օրացուցային հանդիպումներ․

1․ Օրը՝ ապրիլի 20, ժամը՝10։10-11։50, վայրը՝ Ավագ դպրոցի ընթերցասրահ, տևողությունը՝ 40 րոպե։ Անդրանիկ Փարադյանի վարպետության դասը։

Հրավերը

2․ Հանդիպման օրը՝ մայիսի 12, ժամը՝ 11։55, տևողությունը՝ 40 րոպե, վայրը՝ Ավագ դպրոցի ընթերցասրահ։ Անդրանիկ Փարադյան, Դավիթ Մուրադյան, Աշոտ Զոզանյան, Մաքս Սինհա, Գոհար Բարսեղյա, Էլեանոր Պետրոսյան, Քեթրին Բուդաղյան, Ալիսա Հաոբյան, Նարե Մելիքյան: Գրականության ուսուցման այլընտրանքային ձև, դրա արդյունքներից։

Գրականության ուսուցման մեր փորձից ու արդյունքներից։

Կրթահամալիրում սովորելը՝ մասնագիտական կողմնորոշման խթան, գրականության այլընտրանքային ուսուցում

5․ Մայիսի 14, ժամը՝ 11։55-12։35, վայրը՝ Ավագ դպրոցի ընթերցասրահ։ Սեդա Ստեփանյան․ կրթահամալիրում սովորելը՝ ստեղծագործական աշխատանքով զբաղվելու ոգեշնչում։ Գրքի շնորհանդես։ Սեդայի գրքի պրեզենտացիան, քննարկում։

Հանդիպումները հետաքրքիր էին, խիտ, նոր ու ամբողջական հարցադրումներով, զարգացմանն ուղղված առաջարկներով։

Ուզում եմ կարևորել և առանձին ներկայացնել սովորողների ուսումնասիրությունները, որոնք մեր պատանիների հետաքրքիր ընտրության, գրական ճաշակի, մտածելակերպի, ոճի ինքնատիպ շարադրանքներ են։ Ներկայացված փաթեթում չեմ ներկայացրել միայն, այսպես ասած, լավ սովորողների նյութերը, ընդգրկել եմ բազմաշերտ, տարբեր հմտություններ, գիտելիք, աշխարհայացք ունեցող սովորողների նյութեր։ Նպատակս բազմազանությունը, մտածողությունը, աշխատանքի ձևը ցույց տալն է, ոգեղենությունը փոխանցելը։

Ներկայացվող նյութերից՝

Սովորողների աշխատանքային փաթեթներից՝