Հեղինակներ՝ Դավիթ Մուրադյան, 12-րդ դաս․, Մարգարիտ Սարգսյան, ուսուցիչ

Մարգարիտ Սարգսյան

Որպես մանկավարժ՝ երկար աշխատել եմ 12-րդ դասարաններում և շատ եմ մտածել 12-րդ դասարանի կրթական գործընթացի յուրահատկությունների մասին։ Ունենք այս պատկերը։ Ավարտական փուլը լիքն է անիմաստ լարվածությամբ՝ մասնավոր պարապմունքներ, քննություններ, մասնագիտության ընտրություն, անորոշություն, անքնություն։ Ներկայիս շտեմարաններն ու քննական թեստերն անգիրի մասին են՝ սովորողը պետք է հսկայական ծավալի նյութ մտապահի: Հաճախ ուսուցումը վերածվում է մեխանիկական անգիր անելու գործընթացի։ Սովորողը պետք է յուրացնի մեծ ծավալի տեղեկատվություն, որը հաճախ կտրված է իրական կյանքից ու իր անձնական փորձից։ Դասին շտեմարանի մեխանիկական լրացումը քիչ բան է տալիս, հատկապես այն դեպքում, որ շատերը պարապում են ու հոգնել են մեխանիկական լրացումից։ Հեղինակային մանկավարժության սկզբունքները՝ ստեղծականություն, հետազոտող մտքի զարգացում, վերլուծելու հմտություններ, այլ, կարևոր են, և մենք փորձում ենք դրանք համադրել։ Ուսուցման գործընթացը դարձնել այլ բան՝ ոչ թե պարզապես փոխանցել գիտելիք, այլ համատեղ ստեղծել այն։ Այս հոդվածն ուսուցչի և աշակերտի՝ որպես գործընկերների համատեղ աշխատանքի արդյունք է։ Սա իրական «սովորող-սովորեցնող» նախագիծ է, որի նպատակն է անգիրը փոխակերպել հետազոտության, իսկ ուսուցիչ-աշակերտ հարաբերությունները՝ գործընկերության։

Դավիթ Մուրադյան

 Երբ իմ ուսուցիչն առաջարկեց իր հետ համատեղ հոդված գրել, սկզբում զարմացա։ 12-րդ դասարանում ամեն ինչ շատ պարզ է։ Ես վստահ եմ, որ նման աշխատանքները ոչ միայն կտրում են անգիրից (խոսքը միայն բովանդակային մասին է վերաբերում, ոչ թե կառուցվածքային), այլև առաջարկում են ուսուցման ու կրթման լրիվ նոր մեթոդ, ինչը վստահորեն հանգեցնում է ավելի առարկայական քննարկումների։ Միայն հեղինակների հռչակավոր խոսքեր արծարծելով չէ, որ հեղինակին կարողանում ես իր ամբողջ տեսքով ու հմայքով պատկերացնել։ Հեղինակներին, ինչքան էլ, որ նրանք առաջին հայացքից դժվարըմբռնելի, իրականությունից կտրված լինեն, միևնույնն է պետք է դիտարկել ամբողջության մեջ, և ոչ թե վերցնել ինչ-ինչ հատորներ և ներկայացնել դրանք որպես տվյալ գործչի գործունեության հիմնական ուղղություն։ Շատ դեպքերում հասարակության մեջ նույնիսկ գերազանցապես դրական դիրք գրավող մարդկանց, գործիչներին (նկատի ունեմ, որ նրանց հանդեպ միայն դրական վերաբերմունք է գործում՝ ելնելով իրենց արժանիքներից, սխրանքներից) մենք, կարելի է ասել, երկրորդ կողմից բնավ չենք ճանաչում կամ չենք ցանկանում ճանաչել, քանզի առաջին մասը մեզ ավելի դուրեկան և մեր մտածելակերպային լեզվին ավելի ընթեռնելի է թվում։ Նույնիսկ հայ մտքի այն հանճարները, որոնք ոսկե տառերով են գրել իրենց անունները, հանրության մեջ մշտապես արժանանում են գովասանքի ու մեծարանքի, նրանց աշխատանքներին ակնածանքով են վերաբերվում, ինչպես նաև փորձում են ամեն պատեհ-անպատեհ առիթներին նրանց խորհրդավոր, բայց ոգեշնչող խոսքերն ու մեջբերումները ներկայացնել։ Իրենց դժվար ժամանակների, դեպքերի պայմաններում թե՛ այդ նույն հասարակության, թե՛ նրա մեջ ձևավորվող (ձևավորված) բարքերի վերաբերյալ այնպիսի կարծիքներ են հայտնել, որ կարդալով ակամայից շեղվում ես՝ արդյո՞ք ճիշտ էիր ճանաչում այս գրողին կամ կպատկերացնեի՞ր, որ այս գրողը նաև այսպիսի բաներ է գրել։

Գրողին մենք, իմ սուբյեկտիվ կարծիքով, չպետք է ճանաչենք միայն այն բանի համար, որ նա այդպիսի հրաշալի ստեղծագործություններ է գրել. մենք պետք է նաև խորանանք նրա կենսագրության, ստեղծագործությունների մեջ, որպեսզի հասկանանք, թե իրականում ով է մեր առջև։ Եթե նման մոտեցումը գործեր, ժամանակին շատ ու շատ գրողներ պարզապես չէին անտեսվի և իրենց փոխանցած իրատեսական մտքերի համար չէին քարկոծվի։ Պետք չէ մարդուն դատապարտել և անվանարկել՝ ելնելով միայն նրա արտահայտած մտքերից։ Եթե նման բանաձևը շարունակի գործել, ապա միանշանակ մեծաթիվ մարդիկ կտուժեն, քանզի, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, մյուսները ուշադրություն կդարձնեն իրենց կողմից անվանված «թերությունների» վրա և պարզապես կանտեսեն գուցե բարձր մակարդակ ունեցող գործունեության այլ ուղղությունները։

Ուստի, այո՛, 12-րդ դասարանցին (ոչ միայն) պետք է այնքան գիտակցություն ու իմացականություն (ինչ-որ տեղ նաև համարձակություն) ունենա, որ փորձի դիտարկել գրողին, հրապարակախոսին ու գործչին այլ կողմից՝ իր ժամանակային ենթատեքստում՝ պարտադրված կամ չպարտադրված չակերտներից ու փակագծերից դուրս։ Նման աշխատանքները, վստահ եմ, ոչ միայն չեն վնասի, այլև ընդհակառակը, կբերեն նոր քննարկումների, նոր վարքագծային փոփոխությունների առաջարկների, որոնք էլ հետագայում դրական ազդեցություն կունենան հասարակության և նրա անդամների վրա։

Մարգարիտ Սարգսյան

Մեր աշխատանքի հիմքում կառուցողական մոտեցումն է,  ըստ որի՝ գիտելիքը պասիվ ընկալվող տեղեկատվություն չէ, այլ ակտիվ կառուցվող համակարգ։ Երբ սովորողը դառնում է գիտելիքի ստեղծման գործընթացի մասնակից, այն դառնում է սեփական և իմաստալից։ Դավիթի մտքերը վերևում կարդացիք․ դրանց ես չեմ միջամտել, դրանք ծնվել են Դավիթի ուսումնասիրությունների արդյունքում, առաջացել համատեղ քննարկումներից։ Ես՝ որպես ուսուցիչ, հարցադրումներ եմ առաջ քաշել, ասել՝ մտածի՛ր սրա շուրջ, սա կարդա՛, մյուսը կարդա՛, ամբողջության մեջ դիտարկի՛ր։  Պատրաստի պատասխան, լուծում չեմ տվել, տարբեր տեսանկյուններից ենք մոտեցել խնդիրներին։  Կարծում ենք՝ ուսուցման այս մոդելը պետք է կարևոր լիներ նաև բուհի համար։ Այս մոդելը հատկապես կարևոր է 12-րդ դասարանի համար, քանի որ այն սովորողին նախապատրաստում է բարձրագույն կրթությանը, որտեղ ինքնուրույն հետազոտական աշխատանքը, մտածող, վերլուծող ուսանողն առանցքային դեր ունի։ Բայց փաստն այն է, որ այդպես չէ։ Սա ուսուցման մեթոդ է, երբ շտեմարանային չոր նյութը կապում ես իրական մարդու՝ աշակերտի հետ, նրա մտահոգությունների, ապագայի նրա տեսլականի հետ։ Աշակերտը ուսումնասիրում է գրական նյութը՝ փորձելով հասկանալ, տեղափոխվել այդ ժամանակաշրջան, կապել ներկայի հետ, եզրահանգումներ անել։

Դավիթ Մուրադյան

Այն աշխատանքները, որոնք կատարվել են տարբեր տարիների ընթացքում, ցույց են տալիս անհատի՝ կարծիքների ձևավորման կամ փոփոխման բնական գործընթացը։ Հասկանալի է, որ ամեն սովորող ավելի փոքր դասարաններում դրսևորում է այլ դիրքորոշումներ, իսկ ավելի հասուն տարիքում՝ առավել հիմնավոր ու կայուն։ Եթե փորձենք չկոնկրետանալ հնարավոր մասնագիտությունների ընտրության մեջ՝ հիմք ընդունելով հետազոտություն-վերլուծությունները, ապա ուղղակիորեն կփաստենք՝ նման վերլուծությունները անհրաժեշտ են կյանքի բոլոր փուլերում և բոլոր մասնագիտություններում (քննադատաբար մոտենալ, մտածել ընդունված բանաձևերից դուրս, ճանաչել աշխարհը և ինքդ քեզ բոլոր կողմերից և այլն)։ Այսինքն՝ այս սկզբունքը չի գործում միայն հատուկենտ մասնագիտությունների համար, այն կյանքի մի մասն է, ճիշտ հիմքերի վրա, զարգացած հասարակության օգնությամբ հաճելի ու երազած կյանք կառուցելու միջոց։ Թող որ սա չհնչի որպես հերթական պաթոսային ուղերձ՝ անիրականալի մեսիջներով, այլ թող լինի սեփական անձի, հասարակության վերանայման, վերադաստիարակման ուղեցույց՝ նախ ինքդ քեզ, հետո կողքիններիդ վերափոխելու համար։

Մարգարիտ Սարգսյան

 Մեր աշխատանքի մոդելը հետևյալն էր։ Սովորողին հնարավորություն տվեցի ընտրելու, շտեմարանային նյութը, հարցադրումները վերածելու հետազոտության։ Առաջադրանքների հիմքում ընկած էր հետևյալ հարցադրումը՝ գտիր այս թեմայի արձագանքը կամ պատճառահետևանքային կապը ժամանակակից Հայաստանում կամ քո անձնական կյանքում, լուծումներ առաջարկիր։ Առաջադրանքի այս ձևը սովորողին օգնեց հետազոտող դառնալ։ Սովորողը ոչ թե պատրաստի պատասխանների ու անգիր հետևից գնաց, այլ ունեցավ փոքր հետազոտություններ, որոնց հիմքում բնագրի ընթերցումն է, քննարկումը, սեփական մտքերը։ Որպես ուսուցիչ օգնեցի, տրամադրեցի աղբյուրների ցանկ, ուղղորդող հարցադրումներ արեցի, քննարկում կազմակերպեցի, իսկ սովորողն իրականացրեց որոնումը, վերլուծեց գտածը և ներկայացրեց իր դիտարկումները։ Այսպիսով՝ սովորողը կարդաց տրված նյութերը՝ բնագիր, վերլուծություն, գիտելիքը դարձավ ոչ թե վերևից ներկայացված դոգմա, այլ կենդանի քննարկման արդյունք։

Այս մոդելը կարող է հիանալի այլընտրանք դառնալ 12-րդ դասարանի ավանդական դասավանդմանը։ Այն սովորողին չի պատրաստում պարզապես քննությունների, այլ՝ կյանքին։ Այն փոխում է ուսուցչի դերը՝ դարձնելով նրան ոչ թե գիտելիքի միակ աղբյուր, այլ առաջնորդ, ղեկավար։ Այս աշխատանքի արդյունքում ունեցանք հետաքրքիր քննարկումներ, լսեցի Դավիթի մտքերը, որոնք հետաքրքիր էին, հասուն։

Դավիթ Մուրադյան

Գրականության և հայոց լեզվի դասընթացների շրջանակում տարատեսակ թեմաներով իրականացված հետազոտություն-վերլուծությունները մեծ դեր ունեն սովորողի աշխարհայացքի ձևավորման գործում։ Նրանք թիրախավորում են նրա՝ աշխարհը ճանաչելու, նրա հետ փոխգործակցելու, սեփական երկրի ավանդույթների ու պատմականորեն զարգացած, ձևավորված ու արմատացած մոտեցումների ուսումնասիրությունը, ինչպես նաև հիմք են ծառայում փոփոխվող ու անընդհատ թարմացվող աշխարհում մտածելակերպի ու վերաբերմունքի նոր մոդել առաջարկելու։ Նմանատիպ վերլուծությունները թույլ են տալիս հարցը դիտարկել ամբողջական համատեքստում, նույնիսկ խորանալ՝ վերհանելու այն քողարկված ու հասարակության աչքից հեռացված (կամավոր թե ոչ) հատվածները, որոնք միգուցե շրջադարձային նշանակություն կունենան, իսկ հետազոտողները դոմինոյի էֆեկտով կկարողանան վերաբերմունքային, հայեցակարգային էլ ավելի նոր բանաձևեր, մոդելներ ստեղծել ու առաջարկել հասարակությանը՝ սկզբում ինքն իրեն ու իր թերությունները ճանաչելու, այնուհետև կայուն պետություն, կրթված ու զարգացած հասարակություն կերտելու համար։

«Մենք կապ չունենք» բանաձևը վաղուց չի աշխատում, ժամանակավրեպ է, քանզի համաշխարհայնացման պայմաններում որևէ պետություն, որևէ ժողովուրդ պարզապես չի կարող դուրս մնալ, բոլորը բոլորի վրա թեկուզ չնչին չափով, բայց ազդեցություն են թողնում, և սա է այն անկյունաքարային գործոնը, որի վրա պետք է մեծ ուշադրություն հրավիրել և փորձել հարմարվել նրա առաջարկած մոդելին՝ անշուշտ, սեփական արժեքներն ու սկզբունքները պահպանելով։

Ինձ՝ նախ որպես սովորողի, հետո՝ հետազոտողի, աշխատանքը տվեց պատմական հիմքի վրա ձևավորված կարգի, վարքագծի ուսումնասիրության միտք ու հնարավորություն։ Որպես սովորողի՝ հետազոտությունն ինձ տվեց իրողություններն ու գործընթացներն ավելի լայն պատկերացնելու, տեղ-տեղ ընդունված բանաձևերից դուրս մտածելու, գործելու հնարավորություն (և պետք է ընդունեմ, որ սա, ինչքան էլ որ հակասական հնչի, կարող է լավ արդյունքների բերել)։ Իբրև հետազոտողի՝ այն ընձեռեց ուսումնասիրության մեծ պաշար ու աղբյուր՝ հասկանալու, թե ինչպես, ինչու, ինչ պատճառներով և որտեղ սկիզբ առավ ավանդական մոտեցումներ որդեգրելու առաջնահերթությունը, և ինչպես, որտեղ, ինչ հանգամանքներում պետք է ձևավորվի նոր հայեցակարգի ընդունման անհրաժեշտություն։ Շատ դեպքերում, մի շարք հանգամանքներով պայմանավորված, առաջարկվող մոդելը, եթե չենք փորձում հասկանալ, ապա վերջին հաշվով փորձում ենք խուսափել նրանից, այսինքն՝ պարտադրում ենք մեզ խուսափել իրականությունից (որոշ բացառություններով), ինչը մեզ, դժբախտաբար, առավել բացասական դիրքում է դնում։ Ուստի, հասարակության և պետության մեջ տեղի ունեցող յուրաքանչյուր գործընթացի նկատմամբ որոշակի քննադատական դիրք գրավելը և ավանդապես զարգացած ու ամրապնդված փակագծերից դուրս մտածելը ծառայում է որպես միջոց՝ աշխարհի ու ինքներս մեզ հետ հարաբերվելու, փոխգործակցելու ավելի ճշգրիտ բանաձև առաջ բերելու, սեփական թերություններին ծանոթանալով առավել ամուր ու զարգացած պետություն ու բարձր արժանիքներ ունեցող քաղաքակիրթ հասարակություն ստեղծելու համար։

Ամփոփենք։ Աշխատանքի այս ձևը կարող ենք հաջողված համարել․ այն կարող է զարգանալ, ընդլայնվել՝ նոր արդյունքներ և զարգացումներ գրանցել։

Դավիթի ուսումնասիրությունների փաթեթը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով