Իմ շատ սիրելի կրթահամալիրի մոտեցումներում անչափ գնահատում եմ արվեստն ամեն օր շնչել-արտաշնչելու հնարավորությունը։ Այստեղ բոլոր դասավանդողներն ու սովորողներն ունեն ստեղծագործելու, զարգանալու, ինքնարտահայտվելու մեծ հնարավորություններ։ Ճամբարային շրջաններն ինչպես սովորողների, այնպես էլ իմ ամենասիրելիներից են։ Միասնաբար արարելու հաճույքը անփոխարինելի է ինձ համար։
Սիրում եմ իրականացնել արվեստի համարյա բոլոր ճյուղերին առնչվող նախագծեր՝ երաժշտական, նկարչական, կարուձև, զարդարվեստ, խոհարարական։ Փափուկ խաղալիքների, ճակտոցների, գոտիների, զարդերի պատրաստման վարպետաց դասերը ոգևորել են շատերին։ Ունեցել ենք հանդիպումներ հայտնի ստեղծագործողների հետ։
Նախագծի մասին
Այս ուսումնական տարի ընդլայնել եմ դասավանդմանս ասպարեզը։ 2026թ․ ձմեռային ճամբարի ընթացքում «Փափուկ խաղալիքի պատրաստում» ճամբարային նախագծով համագործակցել եմ Աննա Պետրոսյանի, Անահիտ Նավասարդյանի, Մերի Գրիգորյանի, Մոնիկա Տոնոյանի և Գայանե Թորոսյանի ջոկատների հետ՝ ընդհանուր ունենալով 4 վարպետաց դաս 2-ական դասաժամով։ Մասնակիցները տարատարիք ճամբարականներ էին։ Միասին ֆետրից կարել ենք փափուկ խաղալիք, բազմապիսի զարդարել, աչք ու մազեր կպցրել, սովորել ենք աշխատել ասեղի հետ, նկատել ու հիացել ենք դասընկերների աշխատանքներով։ Ամենամեծ երջանկությունը երեխաների սրտերի բոցավառումն ու ոգևորությունն է։
Աննա Պետրոսյանը պատմում է․ «Այսօր մեր ճամբարականների ձեռքերում ծնվեցին այս փոքրիկ ու յուրահատուկ արջուկները։ Փափուկ խաղալիքի պատրաստման աշխատանքն իրականացվեց ընկեր Ջուլիետայի հետ՝ ստեղծագործական և ջերմ մթնոլորտում։
Երեխաներն իրենց էսքիզներից պատրաստեցին խաղալիքներ․ կտրեցին, կարեցին, լցրեցին և զարդարեցին՝ ցուցաբերելով մեծ հետաքրքրություն, համբերություն և երևակայություն։
Այս աշխատանքը համագործակցության, ընկերության և ստեղծագործ մտածողության գեղեցիկ փորձառություն էր»։

Մերի Գրիգորյանը պատմում է․ «Ընկեր Ջուլիետայից փափուկ խաղալիքներ պատրաստելու պարապմունքի առաջարկ ստացանք։ Մոնիկա Տոնոյանի «Ծիածան» և «Ամպ» ջոկատների մի խումբ ճամբարականներ շատ ոգևորված մասնակցեցին ու ստեղծեցին փափուկ խաղալիքները․․․» ։

Անահիտ Նավասարդյանը պատմում է․ «Հունվարյան ճամբարի ընթացքում պատրաստեցինք մեր սրտի խաղալիքները։ Ջուլիետա Քերոբյանն Արևմտյան դպրոցի 11-րդ ջոկատում անցկացրեց ճամբարային վարպետաց պարապմունք, որի ժամանակ սովորեցինք փափուկ խաղալիք պատրաստելու տեխնիկան, իսկ խաղալիքների ձևն ու գույնը ընտրեցին մեր ճամբարականները։ Ստացվեց շա՜տ հավես, գունեղ ու ուրախ ճամբարատոն»։


Մանե Հարությունյանն է իր պատրաստած ծաղկեփնջով։ Ահա Մանեի անդրադարձը մեր նախագծին։
Գայանե Թորոսյանը պատմում է․ «Ճամբարային օրերին մեզ միացավ ընկեր Ջուլիետան։ 4.1 ջոկատի ճամբարականները մեծ ուրախությամբ սկսեցին տեխնոլոգիական աշխատանքը. ֆետրի, թելի ու ասեղի օգնությամբ նրանք «կենդանացրին» իրենց պատկերացրած տիկնիկները»։
Կարուձև
Փորձս ցույց է տվել, որ կարուձևի պարզ նախագիծ արդյունավետ իրականացնելու համար (մասնակիցները երբևէ ասեղ չբռնած երեխաներ են) անհրաժեշտ է մինչև 10 հոգու մասնակցություն, որպեսզի հասցնեմ բոլորի համար ասեղ թելել, հանգույց անել, կարը ցուցադրել, շտկել էսքիզի կտրվածքը, կարն ավարտել կամ ցուցադրել կոճակի ամրացման ձևը։ Քանի որ երրորդ դասարանցիները մոտ 20 հոգի էին, հասցնելն իսկապես բարդ էր։ Մերի Գրիգորյանն ու Մոնիկա Տոնոյանն ամբողջ ընթացքում լիարժեք աջակցել են, հակառակ դեպքում երկու դասաժամում չէինք տեղավորվի։ Իսկ 8 հոգանոց խմբի դեպքում կարողացանք նաև փոքր դետալներ ավելացնել, զարդարել, ավելի յուրօրինակ աշխատանքներ ստանալ։ Աշխատանքն արդյունավետ ստացվեց նաև այն պատճառով, որ 4-5-րդ դասարանցիներն ավելի հեշտ էին սովորում ու ինքնուրույն կարողանում էին առաջացած որոշ դժվարություններ հաղթահարել։ Փոքրերը կարիք ունեն ոչ միայն ֆիզիկական օգնության, այլ նաև քաջալերման։ Այսպիսով՝ անգամ առաջին դասարանցիների հետ հնարավոր է կարուձևի նախագիծ իրականացնել, եթե աշխատանքային խումբը փոքր լինի։
Անահիտ Նավասարդյանի ջոկատում կային կարուձևի հաճախած սովորողներ, ինչը շատ օգտակար եղավ։ Փորձառուները կողքից հուշում էին ընկերներին, պարզ հարցերում օգնում։ Այս դեպքում մեծ խմբում մի քանի օգնական կար, ինչը հեշտացնում էր նախագծի իրականացումը, նաև սովորող-սովորեցնող մեթոդն էր աշխատում՝ շատ սահուն ձևով իրար փոխանցելով գիտելիքը։ Կարուձևի նախագիծը գրավում է և՛ տղաներին, և՛ աղջիկներին, միշտ թարմություն է մտցնում։ Իրենց ստեղծածի բերկրանքով ինքս էլ ուրախանում ու գոհանում եմ։ Խմբի չափն ու խմբի անդամների տարիքը, իհարկե, ազդում են բովանդակության վրա։ Եթե փոքրերի հետ մի կարատեսակով կարվող աշխատանք եմ նախատեսում, մեծերին առաջարկում եմ մի քանի կարատեսակով, դետալների ամրացումով աշխատանք, ինչպես նաև ինքնուրույն ստեղծագործելու ու տեխնիկապես կատարման ձևը գտնելու ազատ տեղ եմ թողնում։ Սա շատ է նպաստում երևակայության, մտքի ճկունության զարգացմանը, նորարարությանը։
Հելունագործություն
Հելունագործության դեպքում հասկացա, որ մեծ խմբին մեկ դասով անգամ պարզ բան սովորեցնելը, բացի շղթայից, հնարավոր չէ։ Անհրաժեշտ է գոնե մի քանի դաս ու 4-5 հոգուց ոչ ավելի մեծ խումբ։ Այս գործիքը պահանջում է ավելի մեծ վարպետություն, ձեռքի վարժվածություն։ Սա է պատճառը, որ 1-2-րդ դասարանցիները դժվարանում էին նույնիսկ պարզ շղթան գործելիս։ Հելունագործություն անում ենք միայն լրացուցիչ կրթության խմբի հետ։
Զարդերի պատրաստում
Զարդեր պատրաստելիս երևի ամենադժվարն այնպես անելն է, որ հուլունքները հատակին չհայտնվեն։ Այս հարցը սովորաբար հարմար տարաներով և ավելի մեծ չափի հուլունքեր ընտրելով եմ լուծում։ Այնպես որ ականջօղերի, թևնոցների պատրաստումը ամենահաջողված ու սիրված նախագծերին եմ դասում։
Սովորաբար, երբ դասի ընթացքում հրահանգներ եմ տալիս, դասասենյակում աշխատանքային բզզոցը չի ընդհատվում։ Միշտ մտածում եմ, որ մեծ մասն ինձ չի էլ լսում։ Բայց երբ անսպասելի հարցնում եմ՝ ձեզ դո՞ւր է գալիս կարուձևը, ստանում եմ միասնական պատասխան՝ այո՛։ Սովորողները ցանկություն են հայտնում, որ կարուձևի դաս լինի ընտրությամբ գործունեության առարկայի շրջանակում, կամ իրականացվող նախագիծը շարունակական լինի։ Իհարկե, դա ինձ համար շատ ոգեշնչող է։
Արվեստը
Արվեստն անխոս մեծ ներդրում ունի կրթության մեջ ։ Արվեստի միջոցով նոր ձևավորվող մարդը սկսում է ինքն իրեն ճանաչել, իր ձեռքի հմտությունները բազմացնել, գեղեցիկի զգացումն արթնացնել ու զարգացնել։ Արվեստն օգնում է ավելի հեշտ շփվել միմյանց հետ, ավելի լավ հասկանալ հույզերդ, ցանկություններդ, բացահայտել ձգտումներդ։ Արվեստը կարծես անտեսանելի, անշոշափելի հիմք է, որը ձևավորում է մարդու ճաշակը, աշխարհայացքը։ Արվեստն օգնում է թուլանալ, հանգստությամբ լցվել, անկեղծանալ, բացվել, վստահել, խաղաղվել։ Կարելու ընթացքում սովորաբար զրուցում ենք, երբեմն քթներիս տակ երգում ենք։ Հոգին թևեր է առնում այդ ժամանակ, սկսվում է իսկական արարումը, թևածում է սերը։ Խմբում նկատելի շատանում է ներդաշնակությունը։ Ընտանեկան հարազատ մթնոլորտ է ստեղծվում, որտեղ ամեն մեկը գտնում է հոգևոր բավարարվածություն։ Սա հենց մարդու հոգևոր զարգացումն է, ինչին ուղղված են իմ բոլոր գործունեությունները՝ մաթեմատիկայից մինչև երգ, պար և կարուձև։ Սա հենց այն է, ինչ պահանջում է կրթահամալիրի կրթական այլընտրանքային ծրագիրը։
Ի՞նչ է ինձ տալիս կարուձևը
Այն միջոց է հմտություններ փոխանցելու, սեր ու երջանկություն տարածելու, և ես ինձ լիարժեք բավարարված եմ զգում ամեն դասից հետո։
Արվեստի և հոգևոր զարգացման թեմայով վերջերս եմ ունեցել հետաքրքիր հարցազրույց յոգ, փիլիսոփա, թաքնագետ, մեծ ուսուցիչ Տրդատ Դոնիկյանի հետ։
Ահա իմ իրականացրած նախագծերը․
- Մանդալան՝ որպես թերապևտիկ միջոց,
- «Արտադրությամբ ուսուցում»/ Հայկական զարդանախշերով գոտիներ, ճակտոցներ 2.2 ջոկատի հետ,
- «Արտադրությամբ ուսուցում»/ Հայկական զարդանախշերով գոտիներ, ճակտոցներ (4-րդ ջոկատի հետ),
- Թևնոցների պատրաստում,
- Հելունագործության ուսուցում,
- Խաղալիք-բարձի պատրաստում,
- Փափուկ խաղալիքների պատրաստում, ճակտոցներ 11, 14, 16, 17-րդ ջոկատների և Հարավային դպրոցի «Ամպ» ջոկատ հետ,
- Շապիկների վրա նկարչություն․ համագործակցային նախագիծ,
- Յուրօրինակ զարդերի պատրաստում հայտնի դիզայներ Արմինե Գևորգյանի հետ,
- Վարպետության դաս Աննա Մարուքյանի հետ. զարդերի պատրաստում հուլունքներով,
- Համեղագույն կոնֆետների պատրաստում Ալյոնա Սաֆոյանի հետ,
- Կարուձևը ընկեր Ջուլիետայի հետ,
- Մանդալայանկարչության դաս ընկեր Շուշանի ջոկատի հետ,
- Համեղագույն կոնֆետների պատրաստում Ալյոնա Սաֆոյանի հետ,
- Յուրօրինակ զարդերի պատրաստում հայտնի դիզայներ Արմինե Գևորգյանի հետ։
Նախորդ հոդվածս «Դպիր» ամսագրում՝ «Մաթեմատիկան՝ որպես երջանկություն տանող ուղի»։
