Արհեստական բանականության և բարձր տեխնոլոգիաների արագ զարգացող ժամանակաշրջանում կրթության առջև ծառացած գլխավոր մարտահրավերներից մեկն է ձևավորել ոչ միայն տեղեկացված, այլև ստեղծարար մտածողություն ունեցող, նորարար, ինքնուրույն որոշումներ կայացնող և լուծումներ առաջարկող սերունդ։ Այսօր, երբ տեղեկատվությունը առատ է և հասանելի, կրթության արժեքը որոշվում է ոչ թե փոխանցված գիտելիքի քանակով, այլ նրանով, թե որքանով է սովորողը կարողանում այդ գիտելիքը վերածել արժեք ստեղծող գործողության։ Այս հոդվածը ներկայացնում է, թե ինչպես արտադրության վրա հիմնված ուսուցումը կարող է դառնալ այդ անցման արդյունավետ կրթական մոդելը։

Արտադրության վրա հիմնված ուսուցումը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում կիրառվող կարևոր մեթոդներից է, որի առանցքում սովորողն է՝ որպես ակտիվ ստեղծող և հետազոտող։ Ուսուցումը կազմակերպվում է ոչ թե տեսական նյութի շուրջ, այլ իրական արտադրանք ստեղծելու գործընթացի միջոցով՝ սկսած խնդրի ձևակերպումից և գաղափարի մշակումից մինչև փորձարկում, որակի գնահատում, հաշվարկներ և հանրային ներկայացում։ Այս մոտեցման մեջ գիտելիքը դադարում է լինել ինքնանպատակ․ այն դառնում է գործիք՝ խնդիր լուծելու, սխալը տեսնելու, վերլուծելու և նոր լուծումներ առաջարկելու համար։

Մեր իրականացրած նախագծերում արտադրության վրա հիմնված ուսուցումը գործնականում իրականացվել է երկու հիմնական ուղղությամբ՝ բուսական ծագման կենսակայուն պլաստիկ թաղանթների (տոպրակների) ստացում և բուսական յուղերից բնական օճառների պատրաստում։ Երկու նախագծերն էլ սկիզբ են առել իրական և արդիական խնդիրներից՝ պլաստիկ թափոններով պայմանավորված բնապահպանական ճգնաժամից և կենցաղային քիմիական միջոցների առողջապահական ու էկոլոգիական բացասական ազդեցությունից։ Այս մեկնարկային հարցադրումները սովորողներին մղել են ոչ թե պարզապես «կատարել առաջադրանք», այլ որոնել, համեմատել, փորձարկել և սեփական փորձով հասկանալ՝ ինչպիսին կարող է լինել կենսակայուն և անվտանգ այլընտրանքը։

Կենսակայուն պլաստիկ տոպրակների նախագծի շրջանակում սովորողներն ուսումնասիրել են ավանդական պլաստիկ տոպրակների կիրառման երկարաժամկետ հետևանքները շրջակա միջավայրի վրա, ինչպես նաև շուկայում առկա այլընտրանքային փաթեթավորման նյութերը։ Հաջորդ փուլում նրանք անցել են փորձի նախագծմանն ու իրականացմանը՝ ստանալով բուսական հիմքով (կարտոֆիլի և եգիպտացորենի օսլա) պոլիմերային թաղանթների փորձանմուշներ։ Կազմակերպվել են կրկնակի փորձեր՝ տարբեր համամասնություններով, ինչը հնարավորություն է տվել համեմատել արդյունքները և հասկանալ բաղադրության ազդեցությունը նյութի հատկությունների վրա։ Արտադրական գործընթացը ուղեկցվել է դիտարկումներով և չափումներով․ գնահատվել են ստացված տոպրակների ամրությունն ու առաձգականությունը, իրականացվել է ինքնարժեքի հաշվարկ՝ մեկ միավոր մակերեսի համար, ինչպես նաև կատարվել է համեմատական վերլուծություն ավանդական պլաստիկի հետ։ Աշխատանքի կարևոր բաղադրիչ է եղել նաև կենսաքայքայման ընթացքի հետևումը։ Այս ամենը սովորողներին օգնել է ձևավորել արտադրական մտածողություն՝ նյութը գնահատել ոչ թե «ստացվեց–չստացվեց» սկզբունքով, այլ կիրառելիության, որակի և նպատակահարմարության տեսանկյունից։

Բնական օճառների պատրաստման նախագծում սովորողները գործնականում կիրառել են քիմիայի հիմնարար գիտելիքները՝ ուսումնասիրելով և իրականացնելով օճառացման գործընթացը։ Պատրաստվել են բնական օճառներ՝ տարբեր բուսական յուղերի համադրություններով և բնական հավելումներով։ Արտադրանքի որակը ուսումնասիրվել է փորձարկումների միջոցով․ չափվել է pH-ը, դիտարկվել է կարծրացման ընթացքը, գնահատվել են փրփրագոյացումը, հոտը, գույնը և ընդհանուր ֆունկցիոնալ հատկությունները։ Ստացված արտադրանքը բերվել է «ապրանքային տեսքի»՝ փորձարկվել են փաթեթավորման և պիտակավորման տարբերակներ, նախապատրաստվել է հանրային ներկայացում։ Արտադրական գործընթացում ներգրավված սովորողները «սովորող — սովորեցնող» ձևաչափով կազմակերպել են ուսուցում կրթահամալիրի տարբեր տարիքային խմբերի համար՝ փոխանցելով իրենց գիտելիքն ու փորձը։

Միևնույն ժամանակ, նախագծի իրականացման ընթացքում ի հայտ են եկել նաև մի շարք սահմանափակումներ և դժվարություններ։ Դպրոցական պայմաններում արտադրական գործընթացը պահանջում է ժամանակի ճշգրիտ պլանավորում, նյութերի հասանելիության ապահովում և անվտանգության մշտական վերահսկում։ Որոշ փորձեր հնարավոր չէր իրականացնել արդյունաբերական մասշտաբի պայմաններին մոտ, ինչը սահմանափակում էր արդյունքների համեմատական ընդհանրացումները։ Սակայն հենց այս սահմանափակումներն են սովորողներին օգնել գիտակցել գիտական և արտադրական գործընթացների իրական բարդությունը և տարբերությունը լաբորատոր փորձի ու արդյունաբերական արտադրության միջև։

Ծրագրի ավարտին ձևակերպվել են հստակ և չափելի վերջնարդյունքներ․

  • Ստացվել են կենսակայուն պլաստիկ տոպրակների փորձանմուշներ, ուսումնասիրվել են դրանց ֆիզիկական հատկությունները (ամրություն, առաձգականություն) և դիտարկվել է կենսաքայքայման ընթացքը։
  • Կատարվել են ինքնարժեքի հաշվարկներ և համեմատական վերլուծություններ, ինչը սովորողներին տվել է արտադրական մտածողություն՝ արդյունքը գնահատել նաև կիրառական և տնտեսական տեսանկյուններից։
  • Պատրաստվել են բնական օճառների խմբաքանակներ՝ տարբեր բաղադրատոմսերով, իրականացվել են որակի փորձարկումներ (pH, փրփրագոյացում, կարծրություն, տեսք, բույր)։
  • Զարգացել են սովորողների լաբորատոր, հետազոտական և թիմային աշխատանքի հմտությունները՝ չափում, տվյալների գրառում, վերլուծություն, եզրակացության ձևակերպում, դերաբաշխում, պատասխանատվություն և անվտանգ աշխատելու մշակույթ։

Իրականացված նախագիծը ցույց տվեց, որ արտադրության վրա հիմնված ուսուցումը արդյունավետ ճանապարհ է՝ տեղեկատվության սպառողից դեպի արժեք ստեղծող սովորող անցումը ապահովելու համար։ Երբ սովորողը սեփական ձեռքով ստեղծում է արտադրանք, ստուգում դրա որակը, հաշվարկում ծախսը, վերլուծում արդյունքը և ներկայացնում հանրությանը, կրթությունը դառնում է կիրառելի, հիշվող և ներքին համոզմունք ձևավորող գործընթաց։ Արտադրության վրա հիմնված ուսուցումը չի փոխարինում դասական կրթությանը, այլ լրացնում և ուժեղացնում է այն՝ տալով իրական համատեքստ գիտելիքի կիրառման համար։ Ճիշտ կազմակերպման դեպքում դպրոցական միջավայրը կարող է վերածվել փոքր, բայց արդյունավետ ուսումնաարտադրական հարթակի, որտեղ գիտելիքը վերածվում է գործողության, իսկ սովորողը՝ ժամանակակից աշխարհի պահանջներին համապատասխան մտածող և պատասխանատու անհատի։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով