Իմ գործունեությունը կրթահամալիրում
Այս ուսումնական տարվա սեպտեմբերից «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում աշխատում եմ որպես ծրագրավորման դասավանդող։ Որքան հետաքրքիր ու գրավիչ, նույնքան էլ մարտահրավերային ու պատասխանատու է լինել մանկավարժ հատկապես այստեղ՝ հեղինակային կրթական ծրագրի միջավայրում։
Դասավանդումն իրականացնում եմ տարատարիք խմբերի հետ՝ կրտսերների (4-6-րդ դասարաններ) և ավագների (10-12-րդ դասարաններ)։ Դասավանդմանը զուգահեռ ղեկավարում եմ նաև Ավագ դպրոցի սովորողների մի քանի հետազոտական աշխատանքներ։
Յուրաքանչյուր տարիքային խումբ ունի աշխատանքի իր նրբություններն ու առանձնահատկությունները։ Դրանք պահանջում են անհատական մոտեցում, որպեսզի դասը լինի հետաքրքիր, մատուցումը՝ գրավիչ, իսկ մասնակցությունը՝ արդյունավետ։
Ասել, թե դժվարություններ չկան, կնշանակի չառերեսվել խնդիրներին և չփնտրել լուծումներ։ Ես ունեմ մի սկզբունք՝ մշտապես վերլուծել և մշտադիտարկման ենթարկել արդյունքները թե՛ յուրաքանչյուր դասից հետո, թե՛ ամսական կտրվածքով։ Սա ինձ հնարավորություն է տալիս հղկելու և կատարելագործելու իմ մեթոդները։
Հենց այդ մշտադիտարկումների և ինքնավերլուծության արդյունքում էլ ծնվեց «IT թանգարան» նախագծի գաղափարը։
Նախագծի նախապատմությունը
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ՏՏ լաբորատորիայում պահեստավորված էին բազմաթիվ հին համակարգիչներ՝ իրենց աշխատող ու չաշխատող դետալներով։ Դարակաշարերի վրա դրված այդ սարքավորումները մեծ հետաքրքրություն էին առաջացնում սովորողների մոտ՝ թե՛ կրտսերների, թե՛ ավագների։ Եթե կրտսերների համար այդ ամենն ուներ զուտ ճանաչողական բնույթ, ապա ավագների համար, ըստ իս, սա պարտադիր գիտելիք է։ Ինձ համար կարևոր է, որ սովորողը տիրապետի ոչ միայն ծրագրային գործիքներին, այլև ճանաչի այն սարքը, որով աշխատում է։ Ինչո՞ւ։ Որովհետև այդպես նրանք դադարում են լինել պարզապես «սպառող» և սկսում են հասկանալ տեխնիկայի աշխատանքի հիմնարար սկզբունքները։
Հենց այս գաղափարից ելնելով՝ հունվարյան ճամբարի ընթացքում «Դիջիթեքյան» աշխատարանը վերածվեց յուրօրինակ կրթական հարթակի, որտեղ կյանքի կոչվեց «IT թանգարան» նախագիծը։ Սա պարզապես ցուցադրություն չէ, այլ ուսումնական բաց լաբորատորիա, որը միավորում է անցյալի տեխնոլոգիական ձեռքբերումները և այսօրվա սովորողի հետազոտական միտքը։
Նախագիծը հնարավորություն տվեց սովորողներին «ներսից» տեսնել տեխնոլոգիաները, ուսումնասիրել համակարգչի կառուցվածքը, հասկանալ, թե որ դետալն ինչ գործառույթ ունի և ինչպես այն զարգացել տարիների ընթացքում։ Մեր նպատակը ոչ թե գործընթացը բարդացնելն էր, այլ տեխնոլոգիաները հասկանալի, հասանելի և հետաքրքիր դարձնելը։
Աշխատանքները համակարգելու համար կազմել էի հատուկ ուղեցույց, որտեղ մանրամասն ներկայացված էին ցուցանմուշների դասակարգումը, բլոգային պատումների բովանդակային պահանջները և հետազոտական քայլերը։
Երկշերտ ցուցադրություն. սարքեր և մարդիկ
Թանգարանի հայեցակարգը նախագծված է այնպես, որ այցելուն կարողանա տեսնել տեխնոլոգիական զարգացման ամբողջական և փոխկապակցված պատկերը։ Ցուցադրությունը բաղկացած է երկու փոխլրացնող մակարդակներից.
1. Տեխնիկական հիմք
Այստեղ ներկայացված են շուրջ 20 բացառիկ ցուցանմուշներ՝ հին մայրական սալիկներից մինչև տարբեր սերունդների հիշողության կրիչներ ու այլ սարքավորումներ։ Յուրաքանչյուր նմուշ ունի իր անհատական QR կոդը, որը յուրօրինակ «թվային դարպաս» է։ Սկանավորելով այն՝ այցելուն տեղափոխվում է սովորողի բլոգ, որտեղ ներկայացված է տվյալ սարքի պատմությունը, տեխնիկական բնութագիրն ու նշանակությունը։ Այսպիսով, ցուցանմուշը դադարում է լինել պարզապես «իր» և դառնում է ուսումնական նյութ։
2. Գաղափարական վերնաշերտ
Մենք կարևորել ենք ոչ միայն սարքերը, այլև այն մարդկանց, ում մտքի թռիչքի շնորհիվ ստեղծվել է այս ամենը։ Ցուցադրության վերին շարքում տեղադրված են համակարգչային գիտության մեջ հեղաշրջում կատարած նշանավոր գիտնականների և նորարարների պոստերները։ Ադա Լավլեյսից մինչև Ալան Թյուրինգ ու մեր օրերի տեխնոլոգիական հսկաներ․ այս մարդկանց դիմանկարները նույնպես համալրված են QR կոդերով։ Սա թույլ է տալիս սովորողներին և այցելուներին ճանաչել տեխնիկայի հետևում կանգնած անհատներին ու նրանց կատարած հսկայական ավանդը։
Թվային կամուրջ
Նախագծի «ողնաշարը» մեր նորաստեղծ թվային հարթակն է՝ IT թանգարան բլոգը, որտեղ ամփոփված է սովորողների կատարած հսկայական հետազոտական աշխատանքը։ Բլոգը հանդիսանում է կապող օղակ ֆիզիկական ցուցանմուշների և տեղեկատվական դաշտի միջև։
Սկանավորելով ցուցանմուշների կամ պոստերների վրայի QR կոդերը՝ այցելուն ակնթարթորեն տեղափոխվում է բլոգի համապատասխան բաժին, որտեղ ներկայացված են․
- Տեխնիկական պատմություն. սարքավորումների ստեղծման նախապատմությունը, դրանց զարգացման փուլերը և մանրամասն տեխնիկական բնութագրերը։
- Գիտական ժառանգություն. մեծագույն գիտնականների կենսագրությունները, նրանց կատարած հայտնագործությունները և ավանդը համաշխարհային գիտության ու տեխնոլոգիաների մեջ։
Այս մոտեցումը նշանակում է, որ մեր թանգարանը դուրս է գալիս ֆիզիկական տարածքի սահմաններից։ Այն հասանելի է ցանկացած վայրից և ցանկացած պահի՝ դառնալով կայուն ու հարստացվող ուսումնական ռեսուրս թե՛ մեր սովորողների, թե՛ ոլորտով հետաքրքրվածների համար։ Բլոգը ոչ միայն տեղեկատվական շտեմարան է, այլև սովորողների աշխատանքի թափանցիկության և հրապարակայնության ապացույցը։
Սովորողը՝ որպես բովանդակություն ստեղծող
Նախագծի ամենակարևոր ձեռքբերումը սովորողի՝ որպես գործուն սուբյեկտի և բովանդակություն ստեղծողի դիրքավորումն է։ Նրանք պարզապես այցելուներ չեն, այլ թանգարանի համահեղինակներ, ովքեր հանդես են եկել հետևյալ դերերում․
- Հետազոտողներ. սովորողները խորությամբ ուսումնասիրել են գիտնականների կյանքը, նրանց թողած ժառանգությունը և հին սարքավորումների աշխատանքի սկզբունքները։ Այս ընթացքում նրանք սովորել են աշխատել տեղեկատվական հսկայական հոսքերի հետ, առանձնացնել կարևորը և ստեղծել սեփական վերլուծական հոդվածները։ Սա նպաստել է նրանց թե՛ մասնագիտական գիտելիքների հարստացմանը, թե՛ մեդիագրագիտության և շարադրելու հմտությունների զարգացմանը,
- Թվային և ֆիզիկական բովանդակության ստեղծողներ. այս փուլում սովորողները կիրառել են իրենց տեխնիկական հմտությունները։ Նրանք ձևավորել են թանգարանի բլոգը, տեղադրել նյութերը և աշխատել դիզայնի վրա։ Հատկանշական է նաև աշխատանքի միջառարկայական կապը. սովորողները ստեղծել են եռաչափ (3D) մոդելներ, գծագրել և լազերային հաստոցով նրբատախտակներից պատրաստել են ցուցանմուշների հենակներն ու նկարների շրջանակները։ Սա ցույց է տալիս, թե ինչպես է ՏՏ-ն համադրվում կիրառական արվեստի ու դիզայնի հետ,
- Համադրողներ (Curators). սովորողները պատասխանատվություն են ստանձնել ֆիզիկական ցուցադրության կազմակերպման համար։ Նրանք մտածել են ցուցանմուշների տեղադրման տրամաբանության մասին, ապահովել են տեխնիկական լուծումները՝ ստեղծելով և տեղադրելով համապատասխան QR կոդերը։
Տարատարիք համագործակցություն և հեռանկար
Նախագիծն ունի շարունակական զարգացման միտում։ Հետագայում նախատեսում ենք ընդլայնել բովանդակությունը տեսանյութերի միջոցով (վիդեոբլոգներ, հարցազրույցներ), որտեղ էլ ավելի մեծ ներգրավվածություն կունենան կրտսեր և միջին դպրոցների սովորողները։
Նախագծի ստեղծագործական խումբը
Նախագծի հաջողությունը պայմանավորված է սովորողների թիմային և նպատակային աշխատանքով։ Մեր թիմի անդամներից յուրաքանչյուրն ուներ իր պատասխանատվության ոլորտը.
- Դիանա Հովհաննիսյան — Իրականացրել է ցուցանմուշների տեխնիկական դետալների խորը ուսումնասիրություն։ Դիանան պատասխանատու էր ֆիզիկական միջավայրում ցուցադրության կազմակերպման և ցուցանմուշների ընտրության և ճիշտ դասավորվածության համար։
- Լեո Աղաբեկյան — Համակարգել և իրականացրել է թանգարանի բլոգի աշխատանքները։ Լեոն խմբագրել և տեղադրել է իր և մյուս սովորողների կողմից մշակված հոդվածները, գեներացրել QR կոդերը և ապահովել թանգարանի թվային հասանելիությունը։
- Արմեն Հակոբյան — Զբաղվել է 3D մոդելավորմամբ, որը նախագծին հաղորդել է արդիական շունչ։ Բացի այդ, Արմենն ակտիվորեն աջակցել է Դիանային ֆիզիկական ցուցադրության կազմակերպման և դիզայներական լուծումների հարցում։
- Էդմոն Սահակյան -Իրականացրել է նախագծի «ինժեներական» մասը։ Էդմոնը նախագծել և լազերային հաստոցով նրբատախտակներից պատրաստել է ցուցանմուշների հենակներն ու նկարների շրջանակները՝ ցուցադրությանը տալով պրոֆեսիոնալ տեսք։
Վերջաբան. տեխնոլոգիան որպես կենդանի հիշողություն
Ամփոփելով նախագծի այս փուլը՝ կարող եմ վստահությամբ ասել, որ «IT թանգարան»-ը մեզ համար սոսկ հին սարքերի հավաքածու չէ։ Սա մի կենդանի օրգանիզմ է, որտեղ անցյալի տեխնոլոգիական «լռությունը» հանդիպում է այսօրվա սովորողի պրպտող մտքին ու ստեղծարար եռանդին։
Այս ընթացքում ես՝ որպես դասավանդող, տեսա ամենակարևորը. թե ինչպես են տարբեր տարիքի ու հետաքրքրությունների սովորողները միավորվում մեկ ընդհանուր գաղափարի շուրջ, ինչպես են միասին հաղթահարում տեխնիկական բարդություններն ու դառնում նոր բովանդակություն ստեղծող։ Մեր թանգարանը դեռ երկար ճանապարհ ունի անցնելու. այն շարունակաբար համալրվելու է նոր ցուցանմուշներով, թվային պատումներով ու հետազոտական նոր շերտերով։
Սա մեր փոքրիկ, բայց հաստատուն ներդրումն է հեղինակային կրթական ծրագրի զարգացման գործում, որտեղ տեխնոլոգիան ոչ թե վերջնակետ է, այլ հզոր գործիք է աշխարհը ճանաչելու, հասկանալու և վերափոխելու համար։ Մեր «IT թանգարանի» դռները բաց են բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են տեսնել տեխնիկայի էվոլյուցիան և զգալ սովորողի բացահայտման բերկրանքը։
