Սովորողի համար ինքնաճանաչման փուլ է Միջին դպրոցը: Նրա մոտ մեծ ցանկություն է առաջանում ճանաչել ինքն իրեն: Ո՞ր ուսումնական առարկաներն են ամենից շատ իրեն հետաքրքրում: Դպրոցում իրականացվող ո՞ր գործունեություններն են ամենից շատ համընկնում իր հետաքրքրություններին:
 Ահա այս հարցերի որոնման ճանապարհին էլ սովորողներն իրենց ցանկությամբ և նախասիրությունների շրջանակում ընտրել են ուսումնական նախագծեր, որոնց շուրջ աշխատել են սիրով։
Ուսումնական նախագիծը Միջին դպրոցի 9-րդ դասարանի ուսումնական պլանով որոշված պարտադիր ուսումնական աշխատանք է։

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի յուրաքանչյուր սովորող ուսումնական տարվա ընթացքում պարտադիր պետք է իրականացնի առնվազն մեկ նախագիծ։ Միջին դպրոցի 9-րդ դասարանում սովորողն ուսումնական նախագիծը իրականացնում է իր ընտրած ընտրությամբ գործունեությունից, ուսումնական պլանով որոշված ինքնակրթությունից՝ որպես ինքնակրթության անհատական նախագիծ, ուսումնական օրացույցով որոշված կրթահամալիրային նախագծից, ծեսից։ Նախագծի հեղինակ կարող է լինել և՛ դասավանդողը, և՛ սովորողը։ 
Դասավանդում եմ կրթահամալիրի Միջին դպրոցում, հիմնականում 9-րդ դասարաններում։ Ունեմ ընտրությամբ խումբ։ Իրականացնում  ենք տարբեր ուսումնական նախագծեր, որոնց սովորողները սիրով են մասնակցում։
Այս ուսումնական տարվա ընթացքում ընտրությամբ խմբի սովորողները՝ 9-րդ դասարանցիները, ընտրեցին  «Հայ անվանի մարդիկ» նախագիծը։

Գիտության, տեխնիկայի, արվեստի, սպորտի բնագավառներում տարբեր երկրներում այնպիսի մեծ հաջողությունների են հասել հայերը, որ կարելի է նրանցով հպարտանալ, բայց նրանցից քչերին են ծանոթ մեր սովորողները։ Այս ուսումնական նախագծի իրականացմամբ սովորողները ձեռք են բերում աշխարհահռչակ հայերի մասին տեղեկություններ, կարողանում են ներկայացնել անգլերեն լեզվով։

Նախագծի նպատակն է ստեղծել մի հետաքրքիր ուսումնական փաթեթ դպրոցականների համար, որը կօգնի մատչելի անգլերենով տեղեկատվություններ ստանալ հայ անվանի մարդկանց մասին և կարողանալ անհրաժեշտության դեպքում ներկայացնել դրանք անգլերեն:
Սովորողներն ընտրեցին իրենց հետաքրքող հայտնի մարդկանց, միասին կազմեցինք այն բոլոր հարցերը, որոնց պատասխանները կկազմեին նախագծի բովանդակության հիմնական մասը: Աշխատանքի ընթացքը խոստումնալից էր։

Նյութերի հավաքման և մշակման գործընթացը սովորողների համար վերածվեց հետազոտական աշխատանքի։
Սովորողը հետազոտական աշխատանք կատարելիս կարող է օգտագործել տեղեկատվական տարբեր աղբյուրներ։ Աշխատանքի որակի չափանիշներն են տեղեկատվության հավաքագրման ամբողջականությունը և նյութի ներկայացման օբյեկտիվությունը, ինչպես նաև երկրորդական մանրամասների հակիրճ ներկայացումը։

Սովորողների նախագծային խմբերը համացանցում և տպագիր գրքերում որոնեցին և գտան իրենց հետաքրքիր բովանդակային նյութերը: Բոլոր նյութերը հավաքվեցին Word Office ֆայլում՝ ըստ նախօրոք կազմած հարցերի բովանդակության:
Հատկանշանական է նաև Գեղարքունիքի մարզի Լանջաղբյուր գյուղի խմբի մասնակցությունը մեր նախագծին։ Նրանք մեզ միացան Լինդեն Մելմգրենի, ով  կամավորական է ԱՄՆ-ից, և անգլերենի ուսուցչուհի Աիդա Հակոբյանի ուղեկցությամբ։
Մեր համագործակցությունը նոր չէ։
«Սեբաստացու օրեր» ստուգատեսի շրջանակում կրթահամալրում էին Լանջաղբյուրի միջնակարգ դպրոցի սովորողներն ու դասավանդողները։ Նրանք մասնակցեցին անգլերենի նախագծային խմբի աշխատանքներին։
Կրթահամալիրի և Լանջաղբյուր գյուղի սովորողները համատեղ ճամբարային օրեր էլ են ապրել: Կրթահամալիրի սովորող ճամբարականները հյուրընկալվել են գյուղացիների տներում: Այսպես ավելի մոտ գտնվեցին գյուղի բնականոն ու հետաքրքիր առօրյային: Միասին անցկացրեցին բնապահպանական, էկոլոգիական ուսումնասիրություններ: Ծանոթացան տարածաշրջանին, մոտակա գտնվող պատմամշակութային և տեղացիների համար կարևոր վայրերին:
Կրթահամալիրի օրացույցով մայիսի 28-ը սեբաստացիների  համար բարձունքի հաղթահարման օր է․ հայաստանյան տարբեր բարձունքներից սեբաստացիական միասնական ողջույնով միանում ենք միմյանց։ Լանջաղբյուրցիների հետ  հաղթահարեցինք Իլիկավանքի բարձունքը։

Մարտ ամսին հավաքված բոլոր նյութերը տեղադրվեցին ուսումնական բլոգների «Ուսումնական նախագիծ» բաժնում: Նախագծի վերջնական արդյունքների առաջին ներկայացումները ամփոփվեցին կլոր սեղանով: Իրենց աշխատանքները ներկայացրին առաջին խմբի սովորողները։
Կլոր սեղանին ներկայացան նաև մաթեմատիկայի ընտրությամբ խմբի սովորողները։ նրանք ներկայացրին Մաթեմատիկա առարկայից կատարած իրենց աշխատանքներն ու նախագծերը։ Ստուգատեսի ընթացքում առանձնակի կարևորվել է սովորողների ուսումնական բլոգներում հրապարակումները Հանրահաշիվ և Երկրաչափություն առարկաներից։ Այդ նպատակով իրականացվել է բլոգների ուսումնասիրություն, որի շրջանակում հաշվառվել և առանձնացվել են «Հանրահաշիվ» և «Երկրաչափություն» բաժինների բոլոր հրապարակումները։ Ուսումնասիրվել է կատարված առաջադրանքների ամբողջականությունը, գրագիտությունը և համապատասխանությունը ուսումնական ծրագրին։  Բոլոր աշխատանքները խմբագրվել և ամփոփվել են «Մաթեմատիկա» ամսագրի 8-րդ համարում՝ դառնալով սովորողների մարտ ամսվա գործունեության տեսանելի արդյունքը։
Դասարանական լավագույն ներկայացումների հիման վրա հնարավոր է նաև կազմակերպել հանրային ներկայացումներ, որտեղ ներկա կգտնվեն այլ դասարանների սովորողներ, դասավանդողներ, ծնողներ:

Ուզում եմ ներկայացնել նաև ռադիոն՝ որպես ուսումնական նախագիծ։
Ուսումնական ռադիոն ստեղծվում է որպես ուսումնական աշխատանք և դրա իրականացման արդյունքն է: Այն լրացուցիչ կրթություն է․ սովորողների անհատական, խմբային, ընտանեկան, ուսումնական նախագիծ:
Այս աշխատանքն ուղղված է  և՛ գրավոր, և՛ բանավոր խոսքի  մշակմանը:  Թեմայի ընտրությունը, հարցերի կազմումը, դրանք ներկայացնելը, զրույցի բռնվելը, արագ կողմնորոշվելը ըստ իրավիճակի, նոր հարցերի առաջադրումը կարևոր հմտություններ են, որոնք ձեռք է բերում սովորողը՝ հարցազրույցներ վարելիս:
«Սարալանջ» ռադիոն առցանց ռադիո-նախագիծ է՝ վեբ-ռադիո, որն ունի իր հրապարակված ծրագիրը, իր բլոգը, որը ստեղծել և վարում են նախագծի համակարգողները։ Հեռարձակվում է 2019 թվականի նոյեմբեր ամսից: Ռադիոյի նորամուտը կրթահամալիրի տոնի առթիվ էր:
«Սարալանջ» ռադիոյի նպատակն է․

  • ներկայացնել, լուսաբանել դպրոցում տեղի ունեցող իրադարձությունները,
  • սովորողների ամենահետաքրքիր պատմություններն ու հետաքրքրությունները։

Ռադիոթողարկումները տարաբնույթ են՝ գրական, երաժշտական, ռադիոթատրոն….

«Սարալանջ» ռադիոն մեր կրթահամալիրի ամենաազատ և անմիջական մեդիահարթակներից մեկն է։ Սա պարզապես ձայնագրությունների շարք չԷ, այլ մի տարածք, որտեղ սովորողի խոսքը դառնում է լսելի, իսկ միտքը՝ հանրային։ Եթե կարծում եք, որ ռադիո թողարկումները նկարահանելը և ձայնագրելը հեշտ աշախտանք է, ապա, ցավոք, դուք սխալվում եք։ Պատկերացրեք մի դպրոց, որտեղ յուրաքանչյուր  ոք ունի ազատության իրավունք, պատկերացրիք, այժմ պատկերացրեք, թե ինչ դժվար է այդ աղմուկի մեջ սովորողին ձայնագրելը, համոզել, որ անկաշկանդ խոսի։ Որքան բարդ է այդ ամենը մոնտաժել և, վերջիվերջո, սցենար գրել, որը պետք է խմբագրվի մոտ 100 անգամ։
Չնայած սրան՝ սովորողները սիրով են մասնակցում ռադիոթողարկումներին։  Մեջբերում եմ «Սարալանջ»-ի լրագրող Մարիա Վաթյանի տպավորությունները․
«Ես Մարիան եմ՝ «Սարալանջ» ռադիոյի ձայնը։ Ուզում եմ կիսվել իմ տպավորություններով և կատարած աշխատանքով։ Ինձ համար ռադիոհաղորդավար լինելը պարզապես նախասիրություն չէ, այլ իմ դպրոցական կյանքի ամենակարևոր մասը։ Նաև այն հնարավորություն է տալիս լինել դպրոցական անցուդարձի կենտրոնում և օգտակար լինել իմ ընկերներին ու ուսուցիչներին։ Ես սիրով եմ պատրաստվում յուրաքանչյուր թողարկմանը, որպեսզի դպրոցական դասամիջոցները լինեն ավելի ուրախ և տեղեկատվական։ Ինձ համար ամենահիշարժան և պատասխանատու պահն առաջին թողարկումն էր։ Տարվա սկիզբն էր, կար մեծ հուզմունք ու հետաքրքրություն։ Այդ թողարկումը նվիրված էր նորություններին, սովորողներին։ Առաջին իսկ թողարկման շրջանակներում ես հնարավորություն ունեցա հարցազրույց վարել միս Բուշի՝ Միջին դպրոցի տնօրենի հետ։ Մեր զրույցի առանցքում նոր ուսումնական տարվա սպասվելիք նորություններն ու ծրագրերն էին, և ես ջանում էի անել ամեն ինչ, որպեսզի այն լինի տպավորիչ ու տարբերվող։ Այս նախագիծն ինձ համար առաջին հերթին արդյունավետ համագործակցություն է ընկեր Անահիտ Մելքոնյանի հետ։ Լինելով նախագծի հեղինակը և ղեկավարը՝ ընկեր Անահիտն ինձ վստահեց ռադիոյի «ձայնը» լինելու պատիվը։ Նրա խորհուրդները, աջակցությունը և ինձ վստահելու պատրաստակամությունը օգնեցին, որ ես աճեմ որպես հաղորդավար և հասկանամ այս գործի նրբությունները»։
Մեր հանդիպումը Հանրային ռադիոյի և հեռուստատեսության հանձնաժողովի հետ ունեցավ իր բովանդակային շարունակությունը։ Մի քանի օր անց հրավեր ստացանք Հանրային ռադիոյից, որտեղ մեր սովորողները պետք է մասնակցեին նախատեսվող հաղորդմանը և ներկայացնեին կրթահամալիրն ու իրենց գործունեությունը։ Մասնակցեցինք և ստացանք հաջորդ հրավերը։
Հանրային ռադիոյի «Արևիկ» մանկապատանեկան ռադիոկայանի «Զարթուցիչ» հաղորդման հյուրերը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սաներն էին։ Նրանք պատմեցին կրթահամալիրի հագեցած առօրյայի, ուսումնական նախագծերի և մյուս կարևոր իրողությունների մասին, որոնցով էլ պայմանավորված է կրթահամալիրի առանձնահատկությունը։
«Սարալանջ» ռադիոյի լրագրողներից Մանե Օհանջանյանը շարունակում է համագործակցել «Արևիկ» ռադիոկայանի հետ, նա արդեն Արևիկի լրագրողներից է և վարել է տասնյակ հաղորդումներ։
Լանջաղբյուր գյուղի Վ․Ադամյանի անվան միջնակարգ դպրոցն արդեն ռադիո ունի։

«Սարալանջ»-ը սովորողի ձայնն է, որտեղ ազատությունը զուգակցվում է պատասխանատվության հետ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով