21-րդ դարի կրթական մարտահրավերների պայմաններում, երբ թվային տեխնոլոգիաները և արագ կյանքը վերափոխում են սովորելու և ընկալելու սովորական ձևերը, ես՝ որպես գրականության ուսուցիչ, հաճախ եմ մտածում այն մասին, թե դասական գրականությունն ինչպես հետաքրքիր և հասկանալի դարձնել ժամանակակից սովորողի համար։ Ինչպես գտնել այն բանալին, որը 21-րդ դարի սովորողի համար հետաքրքիր և արդյունավետ կդարձնի ուսուցումը, կօգնի սիրել, հաճույք ստանալ ու ընկալել գրականությունը։ Այն սովորողի համար, որը սովոր է արագ տեմպի, կարճ հոլովակների, փոփոխվող կադրերի ու արագության, դասական հայ գրականության տեմպը դանդաղ է՝ այլ իրականություն է, նկարագրությունները՝ երկար, դանդաղ, իսկ սովորողներն արագություն են ուզում, փոփոխություն։ Միևնույն ժամանակ պարզ է, որ մեր գրական ժառանգությունը բացառիկ է և՛ իր բովանդակությամբ, և՛ արտահայտչամիջոցներով, և՛ իր գույներով-ձայներով, և՛ խորհրդանիշներով, ու մենք կարևորում ենք դրա ընթերցումը, փոխանցումը, սովորողների՝ ոգևորությամբ ընթերցումն ու փոխանցումը։

Տարբեր մեթոդներով ու մոտեցումներով եմ աշխատում, փորձարկում, ուզում, որ սովորողները չձանձրանան, ներառվեն։ Սովորողների համար առավել սիրելի են նախագծերը, զրույցները, քննարկումները, դերային խաղերը։ Այս անգամ փորձեցինք կիրառել խաղային մեթոդը, բայց այնպես, որ և՛ մեծերը խաղան, և՛ փոքրերը։ Ավագ դպրոցի սովորողը խաղա սովորեցնելով, կրտսերինը խաղա սովորելով։ Ընկերանան ու օգնեն իրար, միասին սովորեն։ Գրականության ուսուցումը խաղով ոչ թե մեթոդական նորամուծություն է, այլ ամբողջական համակարգ, որը թույլ է տալիս սովորողին ոչ թե ստիպողաբար յուրացնել նյութը, այլ ապրել այն, դառնալ գրականության ընթերցման-յուրացման ակտիվ մասնակից։

Նախագծի գաղափարը ծնվեց 11-րդ դասարանի գրականության դասի ընթացքում սովորողների հետ քննարկումների արդյունքում։ Գաղափարը քննարկեցի իմ գործընկերոջ՝ «Քրոնոս» գիտակների ակումբի համակարգող, աշխարհագետ Էմանուել Ագջոյանի հետ, որն անմիջապես ոգևորվեց և դարձավ նախաձեռնող։ Նրա շնորհիվ գրական խաղը տեսք ու ձև ստացավ՝ վերածվեց մեդիահարթակի։ Որոշեցինք նախագիծը մարտին իրականացնել երեք փուլով, իսկ ապրիլին պլանավորում ենք զարգացնել այն։

Խաղի միջոցով երեխան սովորում է․ կարևոր է խաղը՝ համակագչային խաղը, դարձնել ուսուցման ձև՝ նոր բովանդակություն, իմաստ հաղորդելով։ Այս տեսանկյունից ինտելեկտուալ խաղը դառնում է այն հարթակը, որտեղ կրտսեր սովորողը ավագ ընկերոջ ղեկավարությամբ յուրացնում է գրական նյութը՝ զարգացնելով ոչ միայն հիշողությունը, այլև քննադատական մտածողությունը։

Փետրվար և մարտ ամիսները կրթահամալիրի օրացուցային, միասնական ընթերցանության նախագծերի ամիսներն են՝ նվիրված մեր մեծանուն գրողներին։ Այս տարի որոշեցինք նոր շունչ հաղորդել մեր նախագծերին՝ շեշտը դնելով խաղային մոդելի վրա։ Նախագծի հիմքում դրեցինք  մի քանի հիմնարար սկզբունքներ, որոնք պետք է ապահովեին գրականության յուրացման խոր և միաժամանակ ակտիվ գործընթաց։

1. «Սովորող-սովորեցնող» ձևաչափ: Սա կրթահամալիրի շուրջտարյա նախագծերից է, երբ ավագ սովորողներն իրենց հմտությունները, գիտելիքն են փոխանցում կրտսեր ընկերներին։ Կրթահամալիրում այս նախագիծն աշխատում է տարբեր ուղղություններով։ Այն անընդհատ նախագիծ է՝ իր օրացույցով, բովանդակությամբ և կազմակերպմամբ։

2. Ինտելեկտուալ խաղը՝ ուսուցման ֆլեշմոբային հարթակ։ Մենք այս մոտեցմամբ միավորեցինք խաղն ու գրականությունը՝ սովորողներին հնարավորություն տալով ստեղծելու, զարգացնելու իրենց պատկերացրած խաղերը, համատեղ վայելելու սովորելով խաղալու ընթացքը։

3․ Ավագ դպրոցի սովորողը՝ կազմակերպիչ-սովորեցնող, դիտարկող, լուսաբանող։ Սա նույնպես դարձավ ամբողջական նախագիծ՝ լեզվական հմտությունները բերել կոնկրետ ձևակերպումների, ներկայացնել տեսածն ու զգացածը, ներկայացնել իրենց և ընկերների աշխատանքը։

Խաղի երեք փուլերը կազմակերպեցինք կրթահամալիրի կրտսեր դպրոցներում՝ համագործակցելով Նաիրա Նիկողոսյանի, Արմինե Աբրահամյանի, Սոնա Փափազյանի և 5, 6-րդ դասարանների սովորողների հետ։ Շնորհակալ եմ ընկեր-գործընկերներիս՝ սովորողներիս աջակցության, աշխատանքի, կազմակերպման և լուսաբանումների համար։ Նախագիծն իրականացվեց բոլորիս համատեղ աշխատանքով, ջանքերով։

Ամփոփելով՝ կարելի է ասել, որ «Գրականության ուսուցումը խաղով» նախագիծը դարձավ հաջողված փորձառություն։ Այն հնարավորություն տվեց գրականության ուսուցումը վերածել հետաքրքիր արկածի։ Առաջիկայում կներկայացնենք նոր զարգացումներ, կկազմակերպենք գրական ֆլեշմոբներ, խաղային օնլայն ձևաչափին կավելանա նաև սովորողների կենդանի խաղը։

Որոշեցինք մարտ ամսին խաղը կազմակերպել երեք փուլով, արդեն ապրիլին առաջ քաշել դրա զարգացումը։

Նախագիծը։

Խաղի առաջին փուլում համագործակցեցինք Արևելյան դպրոցի հետ․ ուսուցիչ՝ Նառա Նիկողոսյան։ 11-րդ դասարանցիների նախագծային խումբը կազմակերպեց խաղը․ ունեցանք սովորողների, ուսուցչի ոգևորված մասնակցություն, արձագանք։

Սովորողների այս պատումները դարձան ամբողջական նախագծային փաթեթներ․ դրանք շատ կարևոր են և՛ որպես լեզվական, և՛ որպես նախագծային աշխատանքի բաղադրիչ։ Սովորողներն իրենց աշխատանքներով փոխանցեցին զգացածը, տեսածը, ներկայացրին գրական խաղի շուրջ իրենց աշխատանքը, պատմեցին ընթացքի մասին։ Առանձին պատումներով հանդես եկան և՛ կրտսեր դպրոցի մասնակից սովորողները՝ փոխանցելով իրենց ոգևորությունը, մոտեցումները, և՛ ավագ դպրոցի սովորողները՝ փոխանցելով իրենց աշխատանքի, կազմակերպման մասին իրենց մոտեցումները, պատումները։

Առաջին փուլի մասին են պատմում՝

11-րդ դասարանի սովորող Մանե Մայիլյանը,

5-րդ դասարանի սովորող Գնել Մելիքյանը,

11-րդ դասարանի սովորող Լիլի Զոհրաբյանը։

Հանդիպման երկրորդ փուլի մասին են պատմում՝

Հայոց լեզվի, գրականության ուսուցիչ Արմինե Աբրահամյանը և Արևմտյան դպրոցի սովորողները,

11-րդ դասարանի սովորող Նարե Եղիկյանը,

11-րդ դասարանի սովորող Լիլի Սարգսյանը։

Հանդիպման երրորդ փուլի մասին են պատմում՝

Մեր գործընկեր Սոնա Փափազյանը,

5-րդ դասարանի սովորողներ Սոնա Առուստամյանը և Էմանուել Այվազյանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով