Կրթահամալիրի հեղինակային ծրագրում առաջնային տեղ է զբաղեցնում տարատեսակ բովանդակությամբ «սովորող-սովորեցնող» նախագծերի իրականացումը։ Նախագիծը ընդգրկում է սովորողների տարատարիք խմբեր, առարկայական տարբեր ոլորտներ և գործունեության բազմազան ձևեր։ Գործունեության ընթացքում հաշվի են առնվում սովորողների կարողությունները, հմտությունները և տարիքային առանձնահատկությունները։
Այս մեթոդի կիրառումը սովորեցնողին հնարավորություն է տալիս զարգացնել արդեն ձեռք բերված հմտությունները, ապահովել դրանց շարունակականությունն ու կատարելագործումը։ Այն խթանում է յուրաքանչյուր մասնակցի՝ հանդես գալ սեփական նախաձեռնություններով, ներկայացնել անձնական հետաքրքրությունները, կիսվել սեփական փորձով ու ձեռքբերումներով։
Մեթոդի կիրառության արդյունքում մշտապես փոխվում են սովորողի և սովորեցնողի դերերը։ Սովորողը հայտնվում է կենտրոնում՝ փոխանցելով իր փորձն ու կարողությունները։ Նա հնարավորություն է ստանում հանդես գալ սովորեցնողի դերում և ուսումնական գործընթացը դիտարկել այլ տեսանկյունից։
Բացի այդ, ավագ սովորողները հանդես են գալիս որպես հմուտ առաջնորդներ, իսկ փոքրերը՝ հետաքրքրությամբ լի և պատրաստակամ սովորողներ։
Այս փոխադարձ ուսուցման ընթացքում ոչ միայն ձեռք են բերվում տեխնիկական հմտություններ, այլև զարգանում են հաղորդակցման, փոխօգնության և համագործակցության կարողությունները։
«Սովորող-սովորեցնող» նախագծերը կիրառվում են ամբողջ ուսումնական տարվա ընթացքում՝ տարբեր առարկաների շրջանակներում։
Այդպիսի մի հետաքրքիր, ուսուցողական և արդյունավետ համատեղ նախագիծ իրականացրինք Թեհմինե Հարությունյանի հետ։ Նախագծի թեման Բարեկենդան տոնն էր։
Նախագիծը իրականացվել է երկարացված օրվա ճամբարի ընթացքում։
Մի փոքր պատմեմ կրթահամալիրում երկարացված օրվա ճամբարի կազմակերպման կարգի մասին, որը իր բովանդակությամբ տարբերվում է մյուս դպրոցներում իրականացվող երկարացված օրվա գործունեությունից։
Երկարացված ուսումնական օրվա ճամբարը (այսուհետ՝ ծառայություն) որոշված է կրթահամալիրի, դպրոցի կանոնադրությամբ, կրթական ծրագրի ուսումնական պլանով, սովորողի ուսումնառության պայմանագրի հավելվածով։
Երկարացված ուսումնական օրը կազմակերպվում է որպես տարատարիք սովորողների ճամբար, որտեղ ապահովվում են ինքնակրթություն , հանգիստ, սնունդ և տարբեր գործունեություններ։ Երկարացված ուսումնական օրը կազմակերպում է կրթահամալիրի մանկավարժական աշխատողը (այսուհետ՝ կազմակերպիչ), նախօրոք հրապարակված ծրագրով և աշխատակարգով։ Սովորողի անհատական աշխատակարգում ինքնակրթության համար կարող է նախատասվել մինչև 45 րոպե։ Երկարացված օրվա կազմակերպիչը պատասխանատու է իր խմբի քանակի, սովորողների ամենօրյա հաճախումների գրանցման համար։
Մեր նպատակն է սովորողներին լրացուցիչ կրթություն ապահովելը՝ ելնելով նրանց նախասիրություններից և դպրոցի հնարավորություններից։ Նախ և առաջ կազմակերպիչը կազմում է շաբաթական ծրագիրը, տեղադրում է բլոգում, ներկայացնում է շաբաթվա ընթացքում կատարված աշխատանքը, յուրաքանչյուր սովորողի համար կազմում է անհատական օրացույց, իսկ վերջում տրամադրում է հաշվետվություն։
Կազմակերպիչը պարտավորվում է կատարել սովորողների հաճախումների հաշվառում, սովորողների ուղեկցում (նաև տրանսպորտ) և ծնողների հետ կապ՝ էլեկտրոնային եղանակով։
Երկարացված օրվա կազմակերպման միջավայրը ընտրվում է ըստ ծրագրի և ըստ սովորողների նախասիրության․ դա կարող է լինել դասասենյակ, բակ, մարզասրահ, արվեստի սրահ, ջերմոց, ագարակ, ուսումնական կենտրոն։
Երկարացվախ օրվա կազմակերպման բովանդակությունները տարբեր են, կարող են լինել խմբային աշխատանքներ, ընտրովի գործունեություններ, պար, նկարչություն, սպորտ, ստեղծագործական զարգացման, ավանդական, բակային խաղեր, համերգներ, միջոցառումներ, միջավայրի խնամք։
Բարեկենդան տոնին ընդառաջ՝ մենք՝ ես և ընկեր Թեհմինեն, իրականացրինք համատեղ նախագիծ։ Նշեմ, որ Թեհմինե Հարությունյանը հանդիսանում է կրթահամալիրի Արևելյան դպրոց-պարտեզի երկարացված օրվա ճամբարի կազմակերպիչներից։ Այս ուսումնական տարվա ընթացքում նա աշխատել է 5-րդ և 6-րդ դասարանների սովորողներից կազմված խմբի հետ։
Իմ ղեկավարած խմբում առաջին դասարանի սովորողներ են։ Տարիքային տարբերությունը նպաստեց, որ համագործակցությունը կազմակերպվի արդյունավետ և հետաքրքիր պայմաններում։ Ավագ սովորողները սիրով փոխանցում էին իրենց տարիների ընթացքում ձեռք բերած փորձը՝ հանդես գալով թե՛ որպես սովորեցնող, թե՛ որպես ընթերցող, թե՛ որպես հարցերին պատասխանող ու վերլուծող։
Նկարելու և տեխնոլոգիական աշխատանքների ընթացքում նրանց արագությունն ու հմտությունները ոգևորում էին կրտսերներին, օգնում ավելի ինքնավստահ դառնալ և ներկայացնել իրենց կարողությունները։ Ամենակարևորն այն էր, որ երեխաները ձևավորել էին ընկերական միջավայր․ միասին քննարկում էին, կարծիքներ փոխանակում։
Երբ ավագները կարդում էին, փոքրերը մեծ հետաքրքրությամբ լսում էին նրանց։ Դա նաև կրտսերների մոտ խթանում էր ինքնուրույն, վարժ ու գեղեցիկ կարդալու ցանկություն։ Հատկապես բառուսուցման փուլում, երբ դեռ բոլոր տառերին ծանոթ չէին, այս փորձը շատ կարևոր էր։
«Բառուսուցում» հասկացությունը կարող է անծանոթ լինել ընթերցողին։ Մեր կրթահամալիրում առաջին դասարանում հայերենի ուսուցումը սկսվում է բառուսուցմամբ՝ Խնկոյանական մեթոդով։
Մեր տարատարիք սովորողների հետ նախաձեռնեցինք մեկշաբաթյա ուսուցողական նախագիծ, որի նպատակն էր պատրաստել դիմակներ՝ նվիրված Բարեկենդանին։
Սկզբում ընկեր Թեհմինեի երկարացված օրվա խմբի սովորողները իրենց փոքր ընկերների համար ընթերցեցին Հովհաննես Թումանյանի «Բարեկենդանը» հեքիաթը։ Հարց ու պատասխանի միջոցով քննարկեցին հեքիաթի բովանդակությունը, ապա դիտեցին մուլտֆիլմը։
Դրանից հետո սովորողներին ներկայացվեց Բարեկենդան տոնը՝ բացատրվեց դրա իմաստը, երբ և ինչպես են տոնում, ինչ տոն է հաջորդում։
Հաջորդ օրը ավագ սովորողների օգնությամբ փոքրերը նկարեցին դիմակների էսքիզները՝ ընտրելով իրենց նախընտրած կերպարները։

Հաջորդիվ իրականացրինք ևս մեկ գործունեություն, որը առավել տպավորիչ և հետաքրքիր դարձրեց դիմակների պատրաստման հետագա աշխատանքները։ Սովորողները պլաստիլինով պատրաստեցին «Բարեկենդանը» հեքիաթի իրենց նախընտրած հերոսներին, ապա ներկայացրին և վերապատմեցին հեքիաթը։
Հաջորդ օրերին սովորողները պատրաստեցին դիմակները։ Համագործակցությունը ընթանում էր ուրախ և ստեղծագործական մթնոլորտում։ Նրանք պատրաստեցին տարբեր դիմակներ՝ ուրախ և տխուր, զայրացած և բարի։ Ամեն դիմակի մեջ տեսանելի էր սովորողի անհատականությունը, ձեռագիրը և ներաշխարհը։
Իսկ Տեառնընդառաջի ծեսի ընթացքում մեր սովորողները հանդես եկան իրենց պատրաստած դիմակներով։ Տեառնընդառաջը մեր կրթահամալիրում նշվում է բակում՝ խարույկի շուրջ, ծիսական երգ ու պարով՝ ստեղծելով ջերմ և հիշարժան մթնոլորտ։
