Ազգային-ծիսական գործունեությունը կարևոր տեղ է զբաղեցնում 5–6 տարեկան սաների դաստիարակության և զարգացման գործընթացում։ Այդ գործունեության միջոցով երեխաները ծանոթանում են հայ ժողովրդի ավանդույթներին, ազգային տոներին, սովորույթներին և ծեսերին՝ ձևավորելով սեր մշակույթի և ազգային արժեքների նկատմամբ։ Խմբասենյակում կազմակերպվող ազգային-ծիսական խաղերը, երգերը, պարերը և խոհանոցային գործունեությունը նպաստում են սաների ստեղծագործական ունակությունների, հաղորդակցման հմտությունների և գեղեցիկի հանդեպ ճաշակի զարգացմանը՝ միաժամանակ ապահովելով ուրախ և հետաքրքիր ուսումնական միջավայր։ Այս ամենն ավելի ամուր ու կայուն է, երբ սաներին միանում են ծնողները, բարձր դասարանների սովորողները։
Իմ աշխատանքային տարիների ընթացքում միշտ կարևորել եմ ազգային-ծիսական նախագծերի իրականացումը։ Ֆիզարձակուրդից հետո 5–6 տարեկանների խմբասենյակ մուտք գործելը ինձ համար դարձավ հետաքրքիր, նոր և զարմանահրաշ փորձառություն, որին մոտեցա մեծ պատասխանատվությամբ ու սիրով։
Այս խմբում աշխատելը կարևոր փոփոխություն էր ինձ համար։ Ես վերադարձել էի արդեն այլ կարգավիճակով, և սաների հանդեպ ձևավորվել էր յուրահատուկ, մայրական ջերմությամբ լի վերաբերմունք։ Մեզ տրված ժամանակի ընթացքում միասին խաղում էինք, երևակայում, մտածում նոր ու հետաքրքիր անելիքներ։ Այդ ստեղծագործական ու ազատ միջավայրում սկսեցի որոնել այնպիսի գործունեություններ, որոնք առավել սիրելի և հոգեհարազատ կլինեին այս տարիքի երեխաների համար։
Մենք սկսեցինք միասին խաղալ, երգել, պատրաստել և վայելել։ Այս ամբողջ գործընթացին աստիճանաբար միացան նաև ծնողները՝ դառնալով մեր նախաձեռնությունների կարևոր մասնակիցներն ու աջակիցները։
Առաջին համագործակցությունը Տիրայրի մայրիկի՝ Լուսինեի հետ էր, ով խմբասենյակ բերեց նոր ազգային խաղեր։ Լուսինեն «Մասունք» ազգագրական երգ ու պարի համույթի անդամ է և հյուրընկալվեց մեզ մոտ «Հարթակում ծնողն է» նախագծով։
Խաղացինք հայկական-ավանդական խաղեր՝ Ձիթամզուկ, Գինինա, Ընկուզախաղեր։
Այնուհետև Հրաչի մայրիկը՝ Արևիկը, իր պարային ընկերների հետ հյուրընկալվեց մեզ, և միասին կազմակերպեցինք մեծ պարատոն։
Հյուրընկալեցինք Երևանի Պեյո Յավորովի անվան հ. 131 դպրոցի «Դարե» պարի խմբին։
Ունեցանք շատ գեղեցիկ, ոգեշնչող և պարային օր։
Շնորհակալություն մեր սիրելի Հրաչի մայրիկին՝ Արևիկին, նախաձեռնության համար։
Կրթահամալիրը բաց հարթակ է սովորողների և սովորեցնողների համար։
Ահա՛ փոքրիկ հատված մեր հանդիպումից։
Տիրայրն ու իր մայրիկը բեմադրեցին Հովհաննես Թումանյանի «Շունն ու կատուն» ստեղծագործությունը՝ երեխաներին փոխանցելով ազգային գրականության ջերմությունն ու հումորը։
Մայիսյան 21-րդ հավաքին, որպես ծննդյան նվեր, հյուրընկալել էինք մեր Տիրայրի մայրիկին՝ Լուսինեին։
Հարթակում ծնողն էր, իսկ ծննդյան նվերը՝ մեր թումանյանական բառ ու բանով ներկայացված «Շունն ու կատուն»։
Առանձնահատուկ տեղ զբաղեցրեց նաև ազգային խոհանոցը։ Հինգ տարեկանները մեծ սիրով են պատրաստում, և մենք որոշեցինք միասին պատրաստել ազգային-ծիսական ուտեստներ՝ փոխինձ, ղափամա, գաթա, այլ ավանդական ուտեստներ։ Փոխինձի ներկայացումը եղել է Մարտունու բարբառով, որպեսզի սաները տարբերեին տարածաշրջանի ուտեստներն ու խոսքը։
- Պատրաստվում ենք Հարիսայի ծեսին
- Պատրաստում ենք ասիլ-վասիլներ
- Պատրաստում ենք Փոխինձ
- Պատրաստում ենք Ղափամա
- Պատրաստում ենք Միջինքի գաթա
Ազգային տոները ևս իրենց բոլոր ծիսական բաղադրիչներով դարձան մեր առօրյայի անբաժանելի մասը։ Միասին նշեցինք Տրնդեզը, Միջինքը, Զատիկը, Կրկնազատիկը, «Ջան գյուլումը»՝ յուրաքանչյուր տոն վերածելով ուրախ, ուսուցողական և հիշարժան փորձառության։
Մեր առօրյայում կարևոր տեղ գտան նաև ազգային խաղերը։ Այստեղ ևս ունեցանք ակտիվ համագործակցություն ծնողների, Մարինե Մկրտչյանի և վեցերորդ դասարանի սովորողների հետ։ Այս ամենին միացան նաև իմ մանկության խաղերը, որոնք խաղացել եմ իմ հայրենի գյուղում՝ Արծվանիստում։
Ըկուզախաղերը Մարինե Մկրտչյանի հետ
Ազգային խաղեր և նվագարաններ․ «Հարթակում ծնողն է»․
Ցանկանում եմ առանձնացնել նաև Համբարձման ծեսը Հարթավան գյուղում, որն իրականացրինք իմ մանկության հիշողություններին և մեր տարածաշրջանին բնորոշ ավանդույթներով ու ուրախությամբ՝ ստեղծելով իսկական համայնքային տոն։
Ամփոփելով 5–6 տարեկանների հետ անցկացրած մեր ուսումնական տարին՝ կարող եմ վստահորեն ասել, որ այն լի էր նոր բացահայտումներով, հետաքրքիր փորձառություններով և ջերմ համագործակցությամբ։ Այս ընթացքում մենք միասին ուսումնասիրեցինք, խաղացինք, երգեցինք, պարեցինք և ընտանիքներ տարանք ազգային-ծիսական մշակույթի կարևոր բաղադրիչները։
Սաները սովորեցին ազգային խաղեր ու երգեր, որոնք ժամանակի ընթացքում դարձան ոչ միայն իրենց, այլև ընտանիքների սիրելի զբաղմունքներից։ Մեր պատրաստած ազգային-ծիսական ուտեստները, հատկապես փոխինձի պատրաստման եղանակը, տեղափոխվեցին ընտանիքներ, իսկ այն միասին պատրաստելը դարձավ ընտանեկան հաճելի և սպասված իրադարձություն։
Ազգային խաղերը ևս շարունակություն ունեցան ընտանիքներում․ սաները տուն տարան մեր խաղերը, իսկ ընտանիքներից խմբասենյակ վերադարձան ծնողների մանկության խաղերն ու հիշողությունները՝ ստեղծելով սերունդների միջև գեղեցիկ կապ։
Այս ամենի արդյունքում մեր ուսումնական տարին անվանեցինք ազգային-ծիսական-ընտանեկան տարի, որը դարձավ սիրով, համագործակցությամբ և ազգային արժեքներով լի մի ամբողջական ճանապարհ։
Հաջորդ ուսումնական տարում նախատեսում ենք շարունակել և զարգացնել ազգային-ծիսական-ընտանեկան նախագծի շրջանակում իրականացվող աշխատանքները՝ առավել խորացնելով սաների կապը ազգային մշակույթի, ընտանեկան ավանդույթների և համայնքային կյանքի հետ։
Մեր նպատակն է, որ երեխաները ոչ միայն ճանաչեն ազգային արժեքները, այլև դառնան դրանց կրողն ու փոխանցողը։ Այդ նպատակով շարունակելու ենք ուսումնասիրել և վերականգնել հայկական տոների, ծեսերի, խաղերի, երգերի և պարերի ավանդույթները՝ ներգրավելով նաև ընտանիքներին։
Նախատեսում ենք ստեղծել ընտանեկան ծիսական օրացույց, որի միջոցով ընտանիքները տարվա ընթացքում միասին կվերապրեն և կկազմակերպեն տարբեր ազգային տոներ ու ծեսեր։ Կշարունակենք հավաքագրել ընտանիքներում պահպանված ավանդույթները, բաղադրատոմսերը, խաղերը և ընտանեկան պատմությունները՝ ձևավորելով մեր ընդհանուր մշակութային հիշողության փոքրիկ շտեմարանը։
Առավել մեծ ուշադրություն կդարձնենք ժողովրդական խաղերի և բանահյուսական նյութերի ուսումնասիրությանը, ինչպես նաև ազգային արհեստների, ձեռագործ աշխատանքների և կենցաղային մշակույթի տարրերի ճանաչմանը։ Սաները հնարավորություն կունենան ոչ միայն ծանոթանալու, այլև փորձելու և ստեղծագործաբար կիրառելու դրանք։
Կշարունակենք ամրապնդել ընտանիք–դպրոց համագործակցությունը՝ կազմակերպելով համատեղ ծիսական հանդիպումներ, ստեղծագործական աշխատարաններ, բաց ուսուցումներ և ընտանեկան նախագծեր, որոնց միջոցով ազգային արժեքները կդառնան երեխաների առօրյայի բնական և սիրելի մասը։
Վստահ ենք, որ այս շարունակական աշխատանքը կօգնի երեխաներին ձևավորել ազգային ինքնագիտակցություն, գնահատել իրենց արմատներն ու մշակույթը, ինչպես նաև սիրով ու հպարտությամբ փոխանցել դրանք հաջորդ սերունդներին։
