2026 թվականի մայիսի 22-23-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջում անցկացվեց մասնագիտական կրթության 1-ին բաց գիտաժողովը, որը միավորեց Հայաստանի տարբեր մարզերի քոլեջների ուսանողներին, դասավանդողներին և մասնագիտական կրթության ոլորտի ներկայացուցիչներին։ Գիտաժողովի հիմնական նպատակը մասնագիտական կրթության զարգացմանը, ուսանողական հետազոտական մտածողության խթանմանը, միջմասնագիտական համագործակցության ձևավորմանը և կիրառական ու նորարար նախագծերի ներկայացմանը նպաստելն էր։ Գիտաժողովը կարևոր էր ոչ միայն իր ձևաչափով, այլև բովանդակությամբ։ Այն ցույց տվեց, որ ժամանակակից մասնագիտական կրթությունը վաղուց արդեն սահմանափակված չէ միայն տեսական ուսուցմամբ։ Ուսանողները ներկայացան որպես հետազոտողներ, նախագծողներ, վերլուծողներ և ստեղծարար մտածողությամբ մասնագետներ, ովքեր կրթական միջավայրում արդեն իրական խնդիրների լուծումներ են առաջարկում։
Գիտաժողովի աշխատանքները կառուցված էին մասնագիտական երեք հիմնական ուղղությամբ՝ զբոսաշրջություն, շուկայաբանություն/մարքեթինգ և համակարգչային գեղարվեստական նախագծում/վեբ-դիզայն։
Նախապես հրապարակվել էին հետազոտական աշխատանքների սեղմագրերը, որոնց մեջ ներկայացված էին մեթոդաբանական մոտեցումների ամփոփագրեր՝
- դաշտային ուսումնասիրություններ,
- համեմատական վերլուծություններ,
- թվային նախագծման մեթոդներ,
- UX/UI և վեբ տեխնոլոգիաներ,
- հարցումներ և լսարանի ուսումնասիրություն,
- բովանդակային և մարքեթինգային վերլուծություն,
- արհեստական բանականության և XR տեխնոլոգիաների կիրառում,
- կրթական ինտերակտիվ մեթոդներ։
Գիտաժողովում ներկայացված աշխատանքները փաստեցին, որ մասնագիտական կրթության համակարգում ձևավորվում է նոր մտածողություն, որտեղ առաջնային են միջառարկայականությունը, տեխնոլոգիական մտածողությունը և իրական խնդիրների լուծման կարողությունը։
Առանձնապես ուշագրավ էին ոչ սեբաստացի մասնակիցների նախագծերը, որոնք աչքի էին ընկնում իրենց կիրառական ուղղվածությամբ և տեղային խնդիրների լուծման փորձերով։
Հատկանշական է, որ նախագծերի զգալի մասը կառուցված էր «սովորել՝ ստեղծելով» սկզբունքի վրա։ Ուսանողները ներկայացնում էին ոչ միայն տեսական հետազոտություններ, այլև պատրաստի պրոդուկտներ, թվային հարթակներ, բիզնես մոդելներ, սոցիալական նախագծեր և կիրառական տարբեր լուծումներ։
Էջմիածնի Վ․ Համազասպյանի անվան պետական քոլեջի ուսանողների «Ֆինանսական գրագիտության հիմնախնդիրները ՀՀ հանրակրթական դպրոցներում» նախագիծը կարևոր սոցիալական ուղղվածություն ուներ։ Ուսանողները ոչ միայն ուսումնասիրել էին ավագ դպրոցականների ֆինանսական գիտելիքների մակարդակը, այլև ստեղծել էին ամբողջական կրթական էկոհամակարգ՝ «ՖինԿոդ» ինտելեկտուալ խաղ, անձնական բյուջեի կառավարման ուղեցույց և դպրոցական սեմինարների մոդել։
Զբոսաշրջային նախագծերից առանձնացավ «Հայաստանի ամենագեղեցիկ տեսարժան վայրերը քարտեզի վրա նշված չէ» նախաձեռնությունը, որի նպատակն էր պատրաստել մրցունակ զբոսաշրջության մասնագետներ, որոնք կարող են մշակել և կազմակերպել զբոսաշրջային երթուղիներ, արդյունավետ հաղորդակցվել տարբեր երկրների զբոսաշրջիկների հետ, կազմակերպել տուրիստական ծառայություններ, աշխատել հյուրանոցային, թանգարանային և տուրօպերատորական ոլորտներում, ինչպես նաև ներկայացնել Հայաստանի պատմամշակութային և բնության ժառանգությունը։
Վանաձորի Ս․ Թևոսյանի անվան պետական պոլիտեխնիկական քոլեջի ուսանողի ներկայացրած «Royal Horse Arena Club» կայքէջի նախագիծը փաստում էր, որ ժամանակակից մասնագիտական կրթությունը կարևորում է նաև թվային ներկայության մշակույթը։ Կայքը նախագծված էր UX/UI ժամանակակից սկզբունքներով՝ ապահովելով պարզ նավիգացիա, թեմատիկ վիզուալ միջավայր և հաճախորդների հետ արդյունավետ հաղորդակցություն։
Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջի «Future Prompting Lab Syunik» նախագիծը գիտաժողովի ամենանորարար աշխատանքներից էր։ Այն համադրում էր WebXR տեխնոլոգիաները, արհեստական բանականությունն ու մշակութային ժառանգության թվայնացումը՝ ստեղծելով վիրտուալ զբոսաշրջային միջավայր։ Առանձնապես կարևոր էր նախագծի ներառականությունը․ այն հնարավորություն էր տալիս նաև հենաշարժողական խնդիրներ ունեցող մարդկանց վիրտուալ կերպով բացահայտել Սյունիքի պատմամշակութային վայրերը։
Էջմիածնի պետական քոլեջի «Green Soul» նախագիծը զբոսաշրջությունը կապում էր համայնքային կյանքի, մշակույթի և տեղական արտադրության հետ։ Այստեղ տուրիզմը դիտարկվում էր ոչ միայն որպես ճանապարհորդություն, այլև որպես մասնակցային փորձառություն՝ ներառելով թեմատիկ խաղեր, բնական թեյերի արտադրություն և գյուղական համայնքների ներգրավում։
Հատուկ ուշադրության արժանի էին նաև «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջի ուսանողների ներկայացրած հետազոտություններն ու նախագծերը, որոնք արտացոլում էին կրթահամալիրի հեղինակային մանկավարժության հիմնական սկզբունքները՝ հետազոտական ուսուցում, նախագծային գործունեություն, թվային ստեղծարարություն և գործնական փորձառություն։
Զբոսաշրջության ուղղությամբ ներկայացված «Հայաստանի մարզերը» նախագիծը տարիներ շարունակ իրականացվող ուսումնական-հետազոտական աշխատանքի արդյունք է, որի շրջանակում ուսանողները հավաքագրում, ուսումնասիրում և եռալեզու ձևաչափով ներկայացնում են Հայաստանի մարզերի պատմամշակութային և զբոսաշրջային ներուժը։ Նախագիծը ոչ միայն տեղեկատվական ռեսուրս է, այլև ուսանողական դաշտային աշխատանքի, հայրենագիտական ուսումնասիրությունների և թվային բովանդակության ստեղծման օրինակ։
Մարքեթինգի ուղղությամբ ներկայացված աշխատանքները հիմնականում վերաբերում էին ժամանակակից թվային տնտեսության և հաճախորդակենտրոն կառավարման խնդիրներին։ Հաճախորդների սպասարկման որակի և հավատարմության փոխկապվածությանը նվիրված հետազոտությունը ցույց էր տալիս, որ սպասարկումը կազմակերպության մրցունակության առանցքային գործոններից է, իսկ հաճախորդի դրական փորձառությունը վերածվում է երկարաժամկետ վստահության և բրենդային կապի։
Հետաքրքիր էին նաև «Հաճախորդների պահպանման մարքեթինգային ռազմավարությունները շուկայական հարաբերություններում» հետազոտությունը, որտեղ Amazon և Wildberries հարթակների օրինակով վերլուծվում էին հաճախորդների հավատարմության ձևավորման մեխանիզմները, տվյալահեն մարքեթինգի հնարավորությունները և թվային առևտրի ժամանակակից միտումները, ինչպես նաև Կարեն Մարգարյանի «Պատգամ-կոմիքս» աշխատանքը, այն է՝ կոմիքսի միջոցով ժամանակակից և տեսողական ձևաչափով ներկայացնել Եղիշե Չարենցի «Պատգամ» բանաստեղծության գաղափարական բովանդակությունը, նպաստել երիտասարդների հետաքրքրության աճին հայ գրականության նկատմամբ և ցույց տալ, թե ինչպես կարելի է դասական գրական ստեղծագործությունը վերածել ժամանակակից գրաֆիկական պատմության։
Սեբաստացի քոլեջի ուսանողների ներկայացրած աշխատանքներն առանձնացան իրական փորձի, դաշտային հետազոտությունների, թվային գործիքների կիրառման և կրթության ու աշխատանքի աշխարհի միջև կապեր ստեղծելու իրական փորձառությամբ՝ ամբողջացնելով գիտաժողովի հիմնական գաղափարը՝ մասնագիտական կրթությունը որպես հետազոտական, ստեղծարար և հասարակական պատասխանատվություն կրող գործունեություն։
Գիտաժողովը ցույց տվեց, որ մասնագիտական կրթության ոլորտում ձևավորվում է նոր կրթական մշակույթ, որը հետազոտող, նախագծող և ստեղծող է։
Ներկայացված աշխատանքները հիմնավորեցին, որ ուսանողները կարողանում են՝
- ուսումնասիրել իրական խնդիրներ,
- առաջարկել կիրառական լուծումներ,
- աշխատել թվային և նորարար տեխնոլոգիաներով,
- համադրել կրթությունը, բիզնեսը և ստեղծարարությունը,
- ձևավորել սոցիալական և համայնքային ազդեցություն ունեցող նախագծեր։
Գիտաժողովի կարևոր ձեռքբերումներից էր նաև տարբեր քոլեջների միջև համագործակցության և մասնագիտական հաղորդակցության ձևավորումը։ Երկու օր շարունակ ստեղծվեց բաց կրթական միջավայր, որտեղ ուսանողները ներկայացնում էին իրենց աշխատանքները, սովորում միմյանցից, քննարկում, համեմատում և վերաիմաստավորում մասնագիտական կրթության հնարավորությունները։
Մասնագիտական կրթության ուսանողական բաց գիտաժողովը դարձավ հետազոտության, նորարարության, թվային ստեղծարարության և հանրային ազդեցություն ունեցող գաղափարների ձևավորման կենտրոն՝ նախանշելով ուսանողական գիտահետազոտական համագործակցության նոր հեռանկարներ հաջորդ տարիների համար։
