Ողջ ուսումնական տարվա ընթացքում համոզվել եմ, որ 5 տարեկան սանի համար խաղը սովորելու ամենաբնական և արդյունավետ ճանապարհն է։ Նախադպրոցական տարիքը սանի կյանքի ամենակարևոր և պատասխանատու փուլերից մեկն է։ Այս շրջանում են ձևավորվում մտածողությունը, խոսքը, երևակայությունը, ինքնուրույնությունը և հաղորդակցման հմտությունները։ Հենց այդ պատճառով նախակրթարանում խաղը համարվում է կրթության և դաստիարակության հիմնական միջոցներից մեկը։ 5 տարեկան սանի համար խաղը ոչ միայն զվարճանք է, այլև աշխարհը ճանաչելու, փորձ ձեռք բերելու և սովորելու կարևոր ճանապարհ։
Մեր կրթահամալիրում մեծ ուշադրություն է դարձվում սանի ազատ և ստեղծագործ զարգացմանը։ Մեր խմբասենյակային միջավայրն էլ կազմակերպել ենք այնպես, որ երեխան կարողանա խաղալ, ուսումնասիրել, համագործակցել և ինքնուրույն բացահայտումներ անել։ Ես ողջ ուսումնական տարվա ընթացքում կիրառել եմ խաղը` դիտարկելով այն որպես առաջատար գործունեություն։ Զարգացնող խաղերի միջոցով սաները սովորում են հաճույքով և դառնում են գործունեության ակտիվ մասնակից։
5 տարեկանների խմբասենյակում զարգացնող խաղերը նպաստում են նրանց բազմակողմանի զարգացմանը։ Խաղերի ընթացքում սանը սովորում է համեմատել, տարբերակել, հաշվել, տրամաբանել և արտահայտել իր մտքերը։ Էլ չեմ ասում, որ խաղի ընթացքում ունենում ենք բարձր տրամադրություն և անպակաս ժպիտներ։ Երբ գդալներով խցաններն էինք տեղափոխում բաժակի մեջ, Արմենը շատ հետաքրքիր առաջարկ արեց մեզ․
—Եկե՛ք հաջորդ անգամ խցանների փոխարեն կոնֆետներ բերեք մեզ համար, կոնֆետները տեղափոխենք ու հետո ուտենք։
Ես առաջարկեցի կոնֆետներով խաղալ տանը։ Իսկ հաջորդ օրը սաները պատմում էին, թե գդալով ի՞նչ առարկաներ էին տեղափոխել և ինչպե՞ս էին խաղացել տանը։ Դե իսկ ես շատ ուրախ էի, որ զարգացնող խաղը չի ավարտվել խմբասենյակում, այլ մտել է տուն ու շարունակություն ունեցել։
Շատ կարևոր են դիդակտիկ խաղերը, որոնք ուսուցողական նպատակ ունեն։ Օրինակ՝ գույների, ձևերի, կենդանիների կամ թվերի հետ կապված խաղերը օգնում են երեխաներին հեշտ և հետաքրքիր ձևով յուրացնել նոր գիտելիքներ։ Այսպիսի խաղերը զարգացնում են նաև երեխայի ուշադրությունն ու հիշողությունը։
Զարգացնող խաղերի մեծ մասը պատրաստվել է մեր խմբասենյակում՝ մեր ձեռքերով։ Դա ավելի հետաքրքրիր է դարձնում խաղի գործընթացը․ սանը սկզբից մինչև վերջ ներգրավված է խաղի մեջ, տեսնում է սկիզբը, վայելում ընթացքն ու սովորածն ամրապնդում վերջնարդյունքով։
Խաղերի մեծ մասն ուղղված է եղել սանի իմացական գործընթացի զարգացմանը, բոլոր խաղերը այս կամ այն չափով սանի մոտ նոր գիտելիքի ստացման, ամրապնդման համար դառնում են կարևոր աղբյուր։ Խաղի ընթացքում այնքա՜ն հետաքրքիր հարցեր են տալիս։ Խաղում ենք ու քննարկում, զրուցում, տրամաբանում։ Մի անգամ նույնիսկ տրամաբանությունը նրանց հասցրեց այնտեղ, որ սաները որոշեցին, որ ես գիշերները չեմ քնում ու իրենց համար խաղեր եմ մտածում։
Շարժուն խաղերը կարևոր են ֆիզիկական զարգացման համար։ Դրանք նպաստում են շարժունակությանը, կոորդինացիային, ճարպկությանը և ակտիվությանը։ Բացի այդ, շարժուն խաղերը երեխաների մոտ ստեղծում են ուրախ տրամադրություն և օգնում ազատվել լարվածությունից։
Կառուցողական խաղերը, օրինակ՝ խորանարդներով կամ կոնստրուկտորներով խաղերը, զարգացնում են մանր մոտորիկան, երևակայությունը և ստեղծագործական մտածողությունը։ Երեխաները սովորում են կառուցել, համադրել, փորձարկել և ստեղծել նոր ձևեր։
Զարգացնող խաղերի ընթացքում դաստիարակի դերը շատ կարևոր է։ Դաստիարակը պետք է կարողանա ստեղծել ջերմ և ապահով միջավայր, խրախուսել երեխաների նախաձեռնողականությունը և օգնել յուրաքանչյուր երեխայի ազատ արտահայտվել։ Կարևոր է, որ երեխան խաղի ընթացքում չվախենա սխալվելուց և իրեն զգա լիարժեք մասնակից։ Այդպիսի խաղերից էր «Մի՞րգ, թե՞ բանջարեղեն» խաղը, որը սաները շատ սիրեցին։ Այն զավեշտալի էր, ուսուցողական, և եթե անգամ սանը սխալվում էր, ժպտում էինք, փորձարկում միրգը կամ բանջարեղենը՝ ստեղծելով խմբում ուրախ, անկաշկանդ միջավայր։
Խմբասենյակի ճիշտ կազմակերպումն էլ մեծ ազդեցություն ունի խաղային գործունեության վրա։ Եթե միջավայրը հագեցած է հետաքրքիր խաղային նյութերով, գրքերով, կառուցողական պարագաներով և ստեղծագործական անկյուններով, երեխան ավելի ակտիվ և հետաքրքրված է մասնակցում խաղերին։
Զարգացնող խաղերը կարևոր դեր ունեն նաև սանի հուզական զարգացման մեջ։ Այն խաղերը, որոնք մենք ենք խաղացել, թույլ են տվել նրանց ազատ արտահայտել իրենց զգացմունքները, հասկանալ ընկերներին, հաղթահարել դժվարությունները և ձեռք բերել ինքնավստահություն։ Հենց խաղի միջոցով է սանը սովորում լինել նախաձեռնող, պատասխանատու և համագործակցող։
Իսկ այսօր մենք հասել ենք այն փուլին, որ 5 տարեկան սաները իրենք են հորինում խաղեր, կազմակերպում, խաղում, զվարճանում, սովորում․․․ Ողջ ուսումնական տարվա ընթացքում խաղը եղել է մեր յուրաքանչյուր օրվա կարևոր և անբաժանելի մասը։
