Հոկտեմբերյան ամենամյա հեղինակային 21-րդ մանկավարժական բաց հավաքին ընդառաջ
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում մշակված հեղինակային ծրագիրը տարիների ընթացքում ստեղծված մանկավարժական փորձ է, ուսուցչի և սովորողի հարաբերությունների գործընկերային, կրթական բաց միջավայր, արժեքների համակարգ և, ի վերջո, ուսումնական հաստատությունների փունջ՝ միավորված մեկ կազմակերպության մեջ։ Երբ հեղինակային կրթական ծրագրի մասին խոսում է ԿԳՄՍ-ի անտեղյակ պաշտոնյան և ամեն անգամ բարձրացնում հարցեր՝ հեղինակային ծրագիրը «հաստատվա՞ծ է, թե՞ ոչ», «փորձաքննություն անցա՞ծ է, թե՞ ոչ», ցնցվում ես․ ինչպե՞ս կարող է լիազոր մարմնի կողմից հաստատաված, ամեն տարի պետական դրամաշնորհ ստացած ծրագրի հետ կապված այսպիսի հարց հնչել․․․
Գուցե հետևյալ հարցն ավելի տեղին կլիներ՝ «ի՞նչ է տեղի ունենում այն հեղինակային ծրագրի հետ, որը տասնամյակներ շարունակ մշակվել, ստեղծվել, զարգացել է՝ լինելով պետական ծրագրին այլընտրանք»։ Այն գործում է դեռևս խորհրդային շրջանից և ունի իրավական շարունակություն։ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի պատմությունն սկսվում է դեռևս այն ժամանակից, երբ «հեղինակային կրթական ծրագիր» հասկացությունը Հայաստանի կրթական օրենսդրության մեջ ձևակերպված էլ չէր։ Կրթահամալիրում ստեղծվածը, մշակվածը հե՛նց հայաստանյան հողի վրա ծնված մանկավարժական փորձ է, ազատ ստեղծող ուսուցչի դրսևորում է՝ Դպրոցը՝ որպես բաց միջավայր, Ուսուցիչը՝ ոչ միայն միակ դասագրքից միակ նյութ փոխանցող, Սովորողը՝ ոչ միայն գնահատանիշ ստացող, այլ գնահատվող և այլն․․․
Ստեղծման պահից կրթահամալիրի մոտեցումները պետական կրթական ծրագրի այլընտրանքն են՝ ուսումնական պլաններով, նախագծային ուսուցմամբ, մեդիակրթությամբ, ճամփորդություններով, բաց և ներառական միջավայրով, ինքնուրույնության ու ստեղծականության վրա հիմնված մանկավարժությամբ։
Ի վերջո, Օրենքը ճանաչեց այս՝ գոյություն ունեցող կրթական իրականությունը․ 2022 թ. «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխությամբ սահմանվեց, որ այլընտրանքային ծրագրերի փորձաքննության և հաստատման նոր կարգը չի տարածվում այն այլընտրանքային ծրագրերի վրա, որոնք օրենքի՝ ուժի մեջ մտնելուց առաջ առնվազն 3 տարի գործել են․ դրանք համարվում են երաշխավորված։
Օրենսդիրը փաստացի ճանաչեց, որ կրթության մեջ կան ծրագրեր, որոնք նոր չեն ստեղծվում։ Դրանք ապրող, գործող, տարիներով փորձարկված կրթական ծրագրեր են, որոնք անընդհատ են փոխում ու զարգանում։
Այս մոտեցումը, կարծում եմ, կարևոր է, քանի որ կրթական նորարարությունը չի սկսվում ամեն անգամ նոր իրավական փաստաթղթից։ Այո՛, կան դեպքեր, որոնք կյանքով են ստեծվում, և պետությունը ոչ թե ստեղծում է նորարարություն, այլ ճանաչում է արդեն գոյություն ունեցողը։
Բայց ի՞նչ է տեղի ունենում այն ծրագրի հետ, որը օրենքի ուժով արդեն իսկ համարվում է երաշխավորված։ Դեռևս 1989 թվականից սկիզբ առած և արդեն 37 տարի անընդհատ գործող Հայաստանի միակ պետական հեղինակային այլընտրանքային կրթական ծրագիրը ժամանակին պետության կողմից ստացավ վստահություն՝ որպես հայ կրթական միտքն այլընտրանքային ուղիով զարգացնելու հիմնարար հարթակ։
Եթե հեղինակային ծրագիրը յուրաքանչյուր նոր կարգավորման դեպքում ստիպված է նորից ապացուցել իր գոյության իրավունքը, մենք վտանգում ենք մի կարևոր բան՝ կրթական հիշողությունը։ Կրթական համակարգը զարգանում է ոչ միայն նոր ծրագրեր ստեղծելով, այլ այն զարգանում է՝ պահպանելով արժեքավոր փորձը, վերլուծելով տարիների արդյունքները, զարգացնելով գործող մոդելները, փոխանցելով փորձը։
Այսօր արդեն 21-րդ անգամ իրականացվող հոկտեմբերյան ամենամյա մանկավարժական հավաքին տեղին է բարձրաձայնել ոչ միայն ձեռքբերումների, այլև 21-րդ դարի Հայաստանի համար անթույլատրելի այն իրողության մասին, որով փորձում են կաշկանդել կամ անտեսել գոյություն ունեցող եզակի պետական հեղինակային ծրագիրը, կամ էլ՝ լիազոր մարմինը առաջարկում է անցնել փորձաքննություն․ ինչո՞ւ, իրավական ո՞ր կարգով․․․ Փորձեցի այսօրվա նոր տեխնոլոգիաներով՝ հատկապես ԱԲ-ի տարբեր ծրագրերով, գտնել՝ քանի հեղինակային այլընտրանքային երաշխավորված ծրագիր է գործում ՀՀ-ում․․․
Հարց․ Գտի՛ր Հայաստանի Հանրապետությունում պետական հեղինակային ծրագրով աշխատող ուսումնական հաստատություններ։
ԱԲ․ Հայաստանի Հանրապետությունում պետական հեղինակային (այլընտրանքային) կրթական ծրագրերով աշխատող հիմնական պետական ուսումնական հաստատություններն են.
1․«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր (պետական այլընտրանքային հեղինակային ծրագիր), որը ներառում է մի շարք կառուցվածքային ստորաբաժանումներ և դպրոց-պարտեզներ։
2․Անանիա Շիրակացու անվան ճեմարան (կրթական համալիրում գործում են հեղինակային ծրագրերով հենքային և խորացված ուսուցման հոսքեր տարբեր ուղղություններով՝ բնագիտական, հումանիտար, տնտեսագիտական, ճարտարագիտական/ֆիզմաթ և արվեստ):
Այսօր Հայաստանի հանրակրթական դաշտում պետական հեղինակային այլընտրանքային ծրագրերի պատկերը չափազանց տխուր է․ հանրապետությունում գործում է ընդամենը մեկ ամբողջական կայացած պետական հեղինակային ծրագիր՝«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը, որն իր 37-ամյա անխափան ուղով վաղուց կայացել է որպես ամբողջական կրթական միջավայր ու մոդել՝ 2 տարեկանից մինչև քոլեջային մասնագիտական կրթություն իրականացնող հեղինակային ծրագրերի փաթեթներով․․․
Փաստ է, ապացույց, որ 21-րդ դարում կրթահամալիրի ամենամյա հոկտեմբերյան 21-րդ մանկավարժական հավաքին այդքան քիչ թվով (ըստ էության՝ միակ) լիարժեք հեղինակային ծրագիրը, դեռ «ապացուցման», «փորձաքննության» խնդիր ունի։ Երբ 2007թ․ հե՛նց այս նպատակով պետական բյուջեից ստանում է դրամաշնորհ։
Պետության և հեղինակային կրթություն իրականացնող կազմակերպության հարաբերությունը չպետք է կառուցվի միայն վերահսկողությամբ։ Պետության դերը նաև նորարարությունը ճանաչելն ու պաշտպանելն է։
Հասկանալի, որ նոր ստեղծվող ծրագրերի համար անհրաժեշտ են փորձաքննական, ստուգման և նախնական հաստատման որոշակի ժամանակահատվածներ։ Սակայն անթույլատրելի և անհիմն է նույնիսկ մտածել, որ կարող են այդ վարչարարական ֆիլտրերը տարածել այն միակ հաստատության վրա, որն արդեն 37 տարի շարունակ գործում է, ապացուցել է իր կենսունակությունը և դարձել հանրապետության կրթական զարգացման կղզյակը Երևանի բնակելի արվարձաններից մեկում ՝Բանգլադեշում։ Ինչո՞ւ է այնպես, որ հեղինակային ծրագիր ընտրող ընտանիքը քաղաքի տարբեր ծայրերից, մոտակա համայնքներից 70-ից ավելի ուղղություններով հասնում է Բանգլադեշ, երբ պիտի հանրության պահանջարկ ունեցող ծրագիրը մոտեցնար պատվիրատուին՝ ընտանիքին․ այս ուղղությամբ պիտի լինի լիազոր մարմնի՝ ԿԳՄՍ-ի ու կրթահամալիրի աշխատանքը․․․
Փաստ է․ հայաստանյան կրթություն իրականացնող բոլոր կազմակերպությունների, հաստատությունների միավորողը մեկն է՝ ՀՀ հանրակրթության պետական չափորոշիչը։ Պետական չափորոշիչը սահմանում է՝ ինչ արդյունք պետք է ունենա սովորողը։ Հեղինակային ծրագիրը կարող է որոշել՝ ինչպես հասնել այդ արդյունքին։ Հենց այստեղ էլ ծնվում է կրթական բազմազանությունը, որը պիտի լինի մեր կրթական համակարգի հարստությունը։ Բայց հանրակրթության նոր պետական չափորոշչի ներդրմամբ ոնց որ առաջնորդվում են «մեկ չափը՝ բոլորին» կամ «զրոյական կետից սկսվող» պարզունակ մոտեցումներով, որոնք հակասում են նոր չափորոշչի տրամբանությանը։
Հաճելիորեն հետաքրքիր փաստը է, որ ՀՀ պետական նոր չափորոշչի առանցքային գաղափարները, մեթոդական նորարարությունները և գործնական մոտեցումները օդից չեն․ դրանց զգալի մասը տասնամյակներ շարունակ փորձարկվել, մշակվել, կյանքով փորձվել, ապացուցվել են հենց գործող միակ պետական հեղինակային ծրագրում: Սա նույնպես խնդրեցի ստուգել ու համադրել ԱԲ-ին․․․
| «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր հեղինակային ծրագրում վաղուց գործող մոտեցումներ | ՀՀ պետական նոր չափորոշչում ամրագրված համարժեքներ |
| Մեդիակրթություն և 1 սովորող – 1 համակարգիչ (անհատական թվային գործիքների կիրառումը որպես ամենօրյա ուսումնական գործիք) | Թվային գրագիտության և տեխնոլոգիաների ինտեգրումը բոլոր առարկայական ծրագրերում |
| Նախագծային ուսուցում և ճամբարներ (ուսումնական տարին՝ բաց նախագծերով, ուսումնական օրացույցով և ճամբարային բաց միջավայրերով) | Նախագծային մեթոդների, կարողունակությունների վրա հիմնված ուսուցում, հետազոտական աշխատանքների կարևորում |
| Սովորողի ընտրովի գործունեություն (անհատական հետաքրքրությունների զարգացման լայն բաղադրիչներ) | Ուսումնական պլանի ճկուն և անհատականացված բաղադրիչների խրախուսում |
| Բնութագրող (ստեղծագործական) գնահատում (առանց թվային նիշերի՝ կրտսեր դպրոցում, բլոգային հաշվետվություններ) | Ձևավորող և զարգացնող գնահատման համակարգի ներդրման հայեցակարգային ուղղություններ |
Կից ներկայացնում եմ նաև ԱԲ-ի ավելի ընդարձակ համադրություն-համեմատությունները․․․
Այստեղից էլ ծնվում է ամենացավոտ հարցը. եթե այս մոդելն իր արդյունավետությունն ապացուցել է արդեն 37 տարի, ինչո՞ւ է այն շարունակում սահմանափակվել քաղաքի մեկ թաղամասում՝ մնալով միակն ու եզակին, և ինչո՞ւ պետական մակարդակով չի խրախուսվում կամ վերածվում լայնածավալ «բլեյան ցանցի»՝ տարածվելով Հայաստանի բոլոր մարզերում ու համայնքներում։
Գուցե այսօր պետք է հարցը ձևակերպել ոչ թե՝ «Ունի՞ արդյոք Սեբաստացի կրթահամալիրը հաստատված հեղինակային ծրագիր», այլ՝ «Ի՞նչ է նշանակում պետականորեն ճանաչված հեղինակային կրթությունը և ինչպե՞ս պետք է պետությունը վերաբերվի այն կրթական փորձին, որը տասնամյակներ շարունակ ապացուցել է իր կենսունակությունը»։
Հեղինակային կրթական ծրագիր-առեքելությունը իրական, կենդանի կյանքով է լեցուն․ փաստաթղթից ավելին է։
21-րդ դարում ունենալ միայն մեկ այսպիսի հեղինակային կենտրոն նշան է, որ պետական կրթական քաղաքականությունը պետք է կտրուկ փոխի իր վերաբերմունքը․ որպես լիազոր մարմին «Հոկտեմբերյան ամենամյա հեղինակային 21-րդ մանկավարժական բաց հավաքը» ողջունի ու տարածի ողջ հանրապետությով․․․
Հեղինակային ծրագրի ուժը նրա անկախությունն է, որի պաշտպանությունն ու տարածումը ուսումնական ամենօրյա աշխատանք է, որը ստեղծական է, որով զբաղված է սեբաստացիական համայնքը․․․
