Հեղինակ՝ Հեզեր Շումեյքեր
Թարգմանիչ՝ Գևորգ Հակոբյան
Տարրական դպրոցում արգելել տնային առաջադրանքները:
«Իմ որդին սիրում է տնային առաջադրանքները: Նա ամեն օր դպրոցից տուն է գալիս և հաճույքով նստում տնային աշխատանքն անելու», – պատմում էր ինձ Ռեբեկան: Նրա որդին վեց տարեկան էր, և նոր էր դպրոց գնացել: Մեկ տարի անց մենք վերադարձանք այս թեմային:
-Իմ կարծիքը փոխվել է, –ասաց նա:—Յոթ տարեկանում Լայամի տնային առաջադրանքների ծավալը զգալիորեն ավելացավ: Հաճախ նրան պարզապես անհրաժեշտ է հանգստանալ և լինել մեզ հետ: Երեկոյան մեզ մնում է ընդամենը երկուս ու կես ժամ։
Տղայի մայրը, անկասկած, իրավացի է: Դպրոցում ու երկարօրյա խմբում յոթժամյա պարապմունքներից, ինչպես նաև ճանապարհից հետո Լայամին իսկապես ամենից շատ անհրաժեշտ են հանգիստ և ընտանեկան ջերմություն: Եվ յոթ տարեկան աշակերտի համար ավելի լավ կլիներ լիցքաթափվել ու խաղալ՝ հաջորդ ուսումնական օրվանից առաջ ուժերը վերականգնելու և հանգստանալու համար: Հարցը հետևյալն է․ ո՞վ է կայացնում որոշումը:
Ոչ ճիշտ կանոնների պատճառը
Տնային առաջադրանքները օգուտ չեն բերում տարրական դպրոցի աշակերտներին: Դպրոցական դասերից հետո երեխաներին անհրաժեշտ են տեղ և ժամանակ այլ պարապմունքների համար:
Վեց տարեկան Դարենը, պայուսակը ճոճելով, դպրոցից դուրս թռավ բակ:
-Ողջո՛ւյն: Ինչպե՞ս անցավ օրդ, – նրան ողջունեց մայրը:
-Հիանալի՛, – պատասխանեց Դարենն ու ժպտալով սկսեց վազվզել ծառի շուրջը: Իսկ մեկ րոպե անց, հիշելով, թե ինչ կա ներսում, ուժգին գետնին խփեց պայուսակը:
-Ինձ տնային են տվել, – արցունքն աչքերին գոռաց նա: – Ատո՛ւմ եմ դպրոցը:
Ես տուն եմ գալիս աշխատանքից հոգնած: Անհրաժեշտության դեպքում ստիպված եմ լինում աշխատանքը տուն բերել, բայց արդյունավետ աշխատանքի ժամանակն արդեն անցել է: Ինձ համար ավելի լավ է հանգստանալ, հոգ տանել ընտանիքի մասին և պատրաստվել հաջորդ աշխատանքային օրվան: Երեխաները նույնպես դրա կարիքն ունեն:
Տնային առաջադրանքները ժամանակակից ուսուցման հիմքն են: Մենք ուզում ենք, որ մեր երեխաները լավ սովորեն, և ենթադրում ենք, որ տնային առաջադրանքները նրանց կօգնեն այդ հարցում: Այլապես ինչի՞ համար են դրանք պետք, այն էլ նախապատրաստական դասարանում: Որոշ ծնողների դա դուր է գալիս, որոշ ուսուցիչների դուր չի գալիս, բայց երբ երկու կողմերն էլ ներկայացնում են իրենց տեսակետները, հիմնվում են հիմնականում համոզմունքների վրա: Հետազոտությունների արդյունքները կզարմացնեն ձեզ. տնային առաջադրանքները չեն բարձրացնում առաջադիմությունը տարրական դպրոցում:
Ուսումնասիրելով հրապարակված արդյունքները՝ դուք կհասկանաք, որ դրանք բոլորը կարող են լուրջ փաստարկ ծառայել կրտսեր դասարաններում տնային առաջադրանքների դեմ: Տնային առաջադրանքները օգտակար են ավագ դասարաններում, միջին դասարաններում դրանք թույլատրելի են, բայց կրտսե՞ր դասարաններում: Հետազոտությունները ցույց են տալիս, որ դրանք անհրաժեշտ չեն: Ավելին՝ տարրական դպրոցում տնային առաջադրանքները դեպի վատն են փոխում երեխաների վերաբերմունքը դպրոցի և ուսման նկատմամբ:
Տնային ծանրաբեռնվածություն
Տնային առաջադրանքները կրքեր են բորբոքում աշակերտների շրջանում, բայց դա կրքոտ սեր չէ ուսման նկատմամբ: Երեխաները կրում են շապիկներ հետևյալ կարգախոսներով. «Տնային առաջադրանքներից ազատ գոտի», «Տնային առաջադրանքներ. դադարեցրե՛ք այս ցնդաբանությունը» և «Տնային աշխատա՞նք: Այն չքվեց-գնաց»: Եվս մեկ արտահայտություն, թերևս ամենախորաթափանցը. «Մայրիկն ավելի շատ է ուրախանում, քան ե՛ս, երբ տնային առաջադրանք չեմ ունենում։
-Ես սա գրում եմ արցունքն աչքերիս, – ինձ խոստովանեց մի տատիկ: – Իմ իննամյա թոռնիկը տնային աշխատանքն անում է ցերեկվա երեքից մինչև երեկոյան ութն անց կեսը: Ի՞նչ եք կարծում՝ նա սիրո՞ւմ է դպրոցը։
1980 թվականից ի վեր տարրական դպրոցում տնային առաջադրանքների ծավալն անընդհատ աճել է: 2004 թվականին Միչիգանի համալսարանի գիտնականները, որոնք ուսումնասիրել էին երեք հազար երեխայի, պարզել էին, որ 1981 թվականից ի վեր տնային առաջադրանքների կատարման վրա ծախսվող ժամանակն ավելացել է 51 տոկոսով, իսկ Մերիլենդի նահանգային համալսարանի անցկացրած հետազոտության համաձայն՝ աճը կազմել է 145 տոկոս: Այդ ժամանակը խլվում է այլ զբաղմունքներից և ծանր հուզական բեռ դառնում երեխայի ուսերին:
Վերցնենք, օրինակ, Չարլիին: Երկրորդ դասարանցուն տնային առաջադրանք էին տվել չորս առարկայից՝ ուղղագրությունից, իսպաներենից, մաթեմատիկայից և գրականությունից, գումարած քսան րոպե ընթերցանություն, ինչպես նաև տնային առաջադրանքների կայք մտնելու պահանջ: «Մենք մտանք կայք, և երբ իմ հոգնած որդին չկարողացավ գլուխ հանել մաթեմատիկայից, նրա մոտ հիստերիա սկսվեց․ նա լաց էր լինում ու ոտքերը խփում գետնին, – պատմում էր նրա մայրը: – Ոչ մի երեխա չպետք է այդքան հոգնի… և չպետք է երկու ժամ ծախսի տնային աշխատանքի վրա երկրորդ դասարանում: Ես ուղղակի հուսահատված եմ»։
Սա չափազանց շա՞տ է: Երեխաների տնային ծանրաբեռնվածությունը դժվար է որոշել, քանի որ այն կարող է շատ տարբեր լինել: Ծանրաբեռնվածությունը տարբերվում է տարբեր ուսուցիչների, դպրոցների, շրջանների մոտ, իսկ տարբեր երեխաներից միևնույն առաջադրանքը կատարելու համար տարբեր ժամանակ է պահանջվում: Միջին ցուցանիշներն այստեղ նշանակություն չունեն: Կարևորն այն է, թե տնային առաջադրանքն ինչպես է ազդում ձեր երեխայի վրա։
Իննամյա Թեյլորի ուսուցիչը ամեն օր տնային աշխատանք էր հանձնարարում։ «Դա դաժան է, – ասել է նրա մայրը։ – Նա ունի ամենօրյա փոքրիկ առաջադրանքներ և երկարաժամկետ նախագծեր»։ Թեյլորը պարզապես թաքցնում է տնային աշխատանքները ծնողներից:
Ամերիկյան շատ ընտանիքների ձանձրացրել են տնային առաջադրանքները: Ես դա գիտեմ, որովհետև ամեն օր բազմաթիվ մարդիկ մտնում են իմ բլոգ, որտեղ բացատրվում է, թե ինչու է մեր ընտանիքը կողմ արտահայտվում տնային աշխատանքների արգելմանը: Ահա որոշ արտահայտություններ, որոնք նրանք օգտագործել են համացանցում որոնումներ անելիս.
- «Տնային առաջադրանքները քայքայում են մեր ընտանիքը»։
- «Ինչո՞ւ երեխաները պետք է տնային առաջադրանքներ անեն, երբ նրանք առանց այն էլ 7 ժամ անցկացնում են դպրոցում»։
- «Տնային առաջադրանքները երրորդ դասարանում տանջալից են»։
- «Կա՞ն արդյոք ուսուցիչներ, որոնք դեմ են արտահայտվում տնային առաջադրանքներին»։
- «Ուղարկեք նամակ տնօրենին՝ տնային ծանրաբեռնվածությունը նվազեցնելու պահանջով»։
- «Տնային առաջադրանքների պատճառով չեմ կարողանում քունս առնել»։
Երբ ես սովորում էի քոլեջում, համակուրսեցուս մայրը մեզ բերեց «Երկրորդ հերթ» (The Second Shift) վերնագրով մի գիրք։ Գրքի հեղինակը՝ Բերքլիի սոցիոլոգիայի պրոֆեսոր Արլի Հոքշիլդը, գրում էր այն մասին, որ կանայք աշխատանքից հետո ստիպված են աշխատել երկրորդ հերթով, որը ներառում է տնային տնտեսությունը և երեխաների դաստիարակությունը: Ժամանակակից երեխաները՝ նույնիսկ փոքրերը՝ երեք և չորս տարեկան, առերեսվում են երկրորդ հերթին՝ իբր հանուն իրենց իսկ բարօրության: Դա տնային աշխատանքն է:
Ոչ ճիշտ կանոնների օգուտը
Երբ մենք վստահում ենք նորը ճանաչելու երեխայի բնական ձգտմանը և տարբեր եղանակներով աջակցում ենք ֆորմալ ուսուցմանը, երեխաները շատ բան են ձեռք բերում: Տնային առաջադրանքների վրա կենտրոնանալը ողջամիտ է դեռահասների համար: Թույլ տվեք փոքր երեխաներին ազատ աճել ու զարգանալ. դա ֆորմալ ուսուցմանն աջակցելու լավագույն միջոցն է:
- Սիրում եմ դպրոցը։
- Ես ժամանակ ունեմ այն ամենի համար, ինչն ինձ համար կարևոր է։
- Իմ գաղափարները կարևոր են։
- Ինձ դուր է գալիս ամեն օր ընտանիքիս հետ գրքեր կարդալ։
- Այնքան ուրախալի է ծնողներին պատմել, թե ինչ ենք անում դասարանում։
- Իմ ընտանիքը հոգ է տանում ուսման մասին: Ես նույնպես։
- Ամեն բան իր ժամանակն ունի՝ և՛ աշխատանքը, և՛ խաղը։
- Երկար օրվանից հետո բոլորին հանգիստ է պետք։
- Դպրոցում գլխավորը ուսուցիչն է, տանը՝ ծնողները։
- Ավագ երեխաներին տնային առաջադրանքներ են տալիս։ Նրանց համար արդեն ժամանակն է լրջանալու։
- Երբ մեծանամ, ես նույնպես տնային առաջադրանքներ կանեմ։
Երեխաները մեծահասակներ չեն
Մեզանից շատերի համար տնային աշխատանքը դպրոցական ուսուցման սովորական մասն է: Երեխաները կարող են դժգոհել, բայց մենք համոզված ենք, որ տնային առաջադրանքներն օգտակար են նրանց համար: Ցավն այն է, որ դա ընդամենը հավատ է: Բոլոր հետազոտությունները ցույց են տալիս, որ տարրական դպրոցում տնային առաջադրանքները չեն բարձրացնում առաջադիմությունը: Երեխաներն առանց այդ էլ ամբողջ օրն անցկացրել են դպրոցում, որտեղ մեծահասակները ցույց են տվել, թե ինչ անեն, իսկ ճանաչողական մտածողությունը ուսուցման միայն մեկ տեսակն է: Տնային առաջադրանքները կրճատում են այլ ուսուցման համար նախատեսված ժամանակը, այդ թվում՝ ֆիզիկական (խաղեր բաց օդում), սոցիալական (ընտանեկան զբաղմունքներ, ընթրիք, տնային պարտականություններ) և զգայական (հանգիստ լարված օրվանից հետո): Տնային առաջադրանքները նախատեսված են դասարանում սովորածն ամրապնդելու համար, բայց դրանք կարող են հանգեցնել ուղղակի հակառակ արդյունքի՝ երեխայի մեջ ձևավորելով զզվանք դպրոցի նկատմամբ: Եթե մենք ցանկանում ենք երեխաներին սովորեցնել պատասխանատվություն, ապա դա կարելի է անել այլ եղանակներով: Շատ ավելի կարևոր են դրական վերաբերմունքը և լավ քունը:
Ինչու է դա գործում
— Օ՛, մենք կիրառում ենք տասը րոպեի կանոնը, — ինձ ասաց այն դպրոցի տնօրենը, որտեղ սովորում է որդիս։ Ես ապշած նայեցի նրան։ Նա բացատրեց, որ երեխաներին խորհուրդ է տրվում տալ այնպիսի տնային առաջադրանքներ, որոնց վրա նրանք ծախսեն յուրաքանչյուր դասարանի համար տասական րոպե․ այսինքն՝ առաջին դասարանցիները՝ օրական տասը րոպե, հինգերորդ դասարանցիները՝ օրական հիսուն րոպե և այլն։ Հարիս Քուփերի հետազոտությունը լայնորեն հայտնի է, և Ծնողական ազգային կոմիտեն ու այլ կազմակերպություններ ընդունել են տասը րոպեի կանոնը։ Գրեթե ցանկացած վեճի համար կարելի է գտնել հետազոտություններ, որոնք հաստատում են երկու կողմերի փաստարկները։ Քուփերը՝ Դյուքի համալսարանի նեյրոբիոլոգը, 1989 թվականին անցկացրել է 120, իսկ 2006 թվականին՝ 60 հետազոտություն։ Արդյո՞ւնքը։ Տնային առաջադրանքների կատարման վրա ծախսված ժամանակը որևէ կերպ չի առնչվում տարրական դպրոցի աշակերտների առաջադիմության հետ։
Դպրոցների մեծ մասը սխալ է մեկնաբանում տասը րոպեի կանոնը։ Քուփերն այն առաջարկել է որպես տարրական դպրոցում տնային ծանրաբեռնվածությունը սահմանափակելու միջոց։ Դա նշանակում է, որ կանոնը պետք է պաշտպանի երեխաներին չափազանց մեծ ծանրաբեռնվածությունից, այլ ոչ թե սահմանի տնային առաջադրանքների նվազագույն անհրաժեշտ ծավալը։
Հետազոտության արդյունքները միանշանակ են, — համաձայնում է Արիզոնայի նահանգային համալսարանի պրոֆեսոր Էտտա Քրալովեցն իր «Տնային առաջադրանքների ավարտը» (The End of Homework) գրքում։ — Տարրական դպրոցում տնային առաջադրանքներից որևէ օգուտ չկա։
Ոչ մի հետազոտություն ցույց չի տվել տարրական դպրոցում տնային առաջադրանքների (ցանկացած ծավալի և քանակի) օգուտը, — գրում է կրթության ոլորտի մասնագետ Էլֆի Կոնը։ — Մենք կարծում ենք, որ երեխաները ստիպված են տնային առաջադրանքներ անել՝ հակառակ եղած փաստերին։
Ինքը՝ Քուփերը, լինելով տնային առաջադրանքների կողմնակից, նույնիսկ առաջին դասարանցիների համար համաձայնում է Քրալովեցի, Կոնի և մյուսների հետ։ Հետազոտությունների մասին իր զեկույցում նա գրում է․ «Չկա որևէ ապացույց այն մասին, որ տնային առաջադրանքների որևէ ծավալ բարելավում է տարրական դպրոցի աշակերտների առաջադիմությունը»։
Տնային առաջադրանքների օգուտը կախված է տարիքից: Քուփերի զեկույցի համաձայն՝ տարրական դպրոցի աշակերտները, որոնք պարապում էին միայն դասարանում, ցուցաբերում էին լավագույն արդյունքները: Ավելի մեծ երեխաների համար վերլուծությունը ցույց է տվել նվազագույն փոխկապակցվածություն (r = 0,07) տնային առաջադրանքների վրա ծախսված ժամանակի և միջին դպրոցում առաջադիմության միջև, ինչպես նաև թույլ կախվածություն՝ ավագ դպրոցականների մոտ: Բայց նույնիսկ ավագ դասարաններում օրական երկու ժամից ավելին արդեն որևէ կերպ չէր ազդում արդյունքի վրա: «Պետք է չափ պահպանել», — բացատրում է Քուփերը։
Հետազոտությունների արդյունքները
0-6 դասարաններ
● Տարրական դասարաններում տնային առաջադրանքները չեն բարելավում առաջադիմությունը։
● Տարրական դասարաններում տնային առաջադրանքները թուլացնում են սերը դպրոցի նկատմամբ։
Բարձր դասարանցիներ
● Տնային առաջադրանքները շատ չեն օգնում միջին դասարանների աշակերտներին: Առաջադիմության և տնային առաջադրանքների ծավալի միջև կախվածությունը նվազագույն է, եթե ընդհանրապես գոյություն ունի:
● Օրական երկու ժամից ավելի տնային աշխատանքը չի օգնում ավագ դասարանների աշակերտներին:
Հետազոտությունը չի բացահայտել տնային առաջադրանքների օգուտը, սակայն Քուփերի խոր վերլուծությունը ցույց է տալիս, որ տարրական դասարաններում տնային առաջադրանքները բացասաբար են անդրադառնում դպրոցի նկատմամբ երեխաների վերաբերմունքի վրա: Դա վտանգավոր է: Երեխաները դպրոցում պետք է անցկացնեն տասներեք տարի կամ նույնիսկ ավելի, և ավելի լավ է, որ ամենափոքրերը սիրեն դպրոցը: Տնային առաջադրանքները հաճախ նաև ընտանեկան կոնֆլիկտների պատճառ են դառնում: Today Show-ի կողմից քսանհինգ հազար ծնողների շրջանում անցկացված հարցումը ցույց է տվել, որ 76 %-ը կցանկանար, որ դպրոցում տնային առաջադրանքներ չտային: Ինչո՞ւ: Չափազանց շատ արցունքներ են թափվում երեկոյան՝ տնային աշխատանքի պատճառով ծագած կոնֆլիկտներում։
Մենք պարտավոր ենք ավելին իմանալ տնային առաջադրանքների մասին, նախքան տարիներ շարունակ երեխաներին անօգուտ ու ավելորդ աշխատանքով ծանրաբեռնելը։ Ապագա հետազոտությունները պետք է կենտրոնանան տարրական դասարանցիների յուրահատուկ կարիքների վրա։
Հրաժարվե՛ք տասը րոպեի կանոնից. այն գիտականորեն որևէ կերպ հիմնավորված չէ։ Սահմանե՛ք «զրո րոպեի» կանոնը։
Տնային առաջադրանքները տեղ չունեն փոքր երեխայի կյանքում։
Օրվա կարգուկանոն
Եթե ազատ ժամանակը շատ է, ապա փոքր ծավալի տնային աշխատանքը բոլորովին ընդունելի է թվում։ Սակայն այդ ընտրության գինը չափազանց բարձր է։ «Նույնիսկ տարրական դպրոցի աշակերտներն են ուշ երեկոյան նստում առաջադրանքներն ավարտելու համար, — պնդում են «Փաստարկներ ընդդեմ տնային աշխատանքի» (The Case Against Homework) գրքի հեղինակներ Սարա Բեննեթը և Նենսի Քալիշը։ — Քնի պակասը կարող է դառնալ դեպրեսիայի, սթրեսի բարձր մակարդակի պատճառ և նույնիսկ հանգեցնել ուշադրության ու ուսումնառության ընդունակության խանգարումների»։
Խորհելով այն ժամանակի մասին, որը երեխան կարող է նվիրել տնային աշխատանքին, կարևոր է հաշվի առնել օրվա բոլոր քսանչորս ժամերը։
Տարրական դպրոցի աշակերտների համար մանկաբույժները խորհուրդ են տալիս իննից տասնմեկ ժամ գիշերային քուն, իսկ ավելի փոքր երեխաների համար՝ է՛լ ավելի շատ: Հինգ տարեկան երեխան պետք է քնի տասից տասներեք ժամ: Ամենօրյա գործողությունները (հանվել, պատրաստվել քնին) նույնպես ժամանակ են խլում, հատկապես եթե փոքրիկը հոգնած է: Գիշերային տասը ժամ քունը, գումարած մեկական ժամ առավոտյան և երեկոյան պատրաստությունների համար, արդեն քսանչորս ժամից տասներկուսն է։
Դպրոցական դասերը սովորաբար տևում են յոթ ժամ, գումարած ժամանակը դեպի դպրոց և հետադարձ ճանապարհի վրա՝ ևս մեկ կամ երկու ժամ: Միջին հաշվով դպրոցական ավտոբուսով երթևեկությունը տևում է կես ժամ, թեև գյուղական վայրերում երեխաները շատ ավելի երկար են երթևեկում: «Ազատ» է մնում լավագույն դեպքում չորս ժամ։ Հաճախ ավելի քիչ։ Յոթ տարեկան Ջիմին հաճախում է երկարօրյա խումբ: Ծնողները, որոնք երկուսն էլ աշխատում են լրիվ աշխատանքային օրով, նրան տուն են տանում երեկոյան ժամը վեցին: Ընտանիքին մնում է ընդամենը երկու ժամ՝ միմյանց ողջունելու, ընթրելու, հանգստանալու և քնին պատրաստվելու համար: Դպրոցում և երկարօրյա խմբում անցկացրած երկար օրը հոգնեցնում է երեխային: Եվ Ջիմին միակը չէ: Երկրում 6,5 միլիոն երեխա, հիմնականում՝ տարրական դասարանցիներ, հաճախում են երկարօրյա խմբեր՝ դասերից առաջ կամ հետո։
Իմ առաջին դասարանցին՝ Զաքը, տուն է գալիս 16:45-ին՝ ավտոբուսով մեկժամյա երթևեկությունից հետո: Քնի ժամը երեկոյան 7-ն է, և նրան մնում է ընդամենը երկու ժամ տասնհինգ րոպե: Այդ ընթացքում նա պետք է հասցնի ողջունել, դասավորել պայուսակը և պատմել անցած օրվա մասին, քառասունհինգ րոպե խաղալ, ընթրել, լողանալ, հագնել գիշերազգեստը և հեքիաթ ունկնդրել քնելուց առաջ: Ուրիշ ոչ մի բանի համար ժամանակ չկա: Այն օրերին, երբ նրա եղբայրը դասեր ունի երաժշտական դպրոցում, Զաքը ստիպված է լինում սպասել և տուն է վերադառնում վեց անց կեսին։
Երեխաներին ժամանակ է հարկավոր խաղալու, օրվա ընթացքում ստացած տեղեկությունը յուրացնելու և հաջորդ օրվան պատրաստվելու համար: Տնային առաջադրանքների պաշտպանները հաճախ հետևյալ փաստարկն են բերում. «Նրանք, միևնույն է, տեսախաղեր են խաղում»: Ոմանք խաղում են: Սակայն շատ երեխաներ բավարար ազատ ժամանակ չունեն: Ահա թե ինչով են նրանք զբաղված․
● Հաճախում են երկարօրյա խմբեր։
● Զբաղվում են սպորտով, երաժշտությամբ, պարով, կերպարվեստով և այլն՝ ֆակուլտատիվ պարապմունքներին (կամ՝ արտադպրոցական խմբակներում)։
● Ներկա են գտնվում քույրերի և եղբայրների մասնակցությամբ միջոցառումներին։
● Տեղափոխվում են տնից տուն, որպեսզի հսկողության տակ լինեն։
● Ուսումնասիրում են մշակութային ժառանգությունը (չինական դպրոցներ, Աստվածաշնչի ուսումնասիրման խմբակներ)։
● Գնում են խանութ կամ ծնողների հետ զբաղվում տնային այլ գործերով։
● Սովորում են նվագել երաժշտական գործիքներ։
● Կատարում են ամենօրյա պարտականությունները։
● Հանգստանում և լիցքաթափվում են խաղերի, հեռուստացույցի և այլ զվարճանքների միջոցով։
Օրն արդեն իսկ հագեցած է մինչև վերջ: Երեխաներին դպրոց ճանապարհելով մենք չպետք է նրանց դատապարտենք արտաժամյա աշխատանքի:
Ի՞նչ է հարկավոր երեխաներին տնային առաջադրանքների փոխարեն։
- Շարժում։
- Ազատություն՝ ցուցումներին հետևելու պարտավորությունից:
- Խաղ։
- Ընթերցանություն սեփական հաճույքի համար (գլխավորը՝ հաճույքն ու բերկրանքն են):
- Ժամանակ՝ իրենց հետաքրքրող գործերով զբաղվելու համար։
- Հանգիստ։
- Ընտանեկան ուշադրություն:
- Տնային պարտականություններ:
- Զբոսանքներ, հնարավորության դեպքում՝ բնության գրկում:
- Կանոնավոր և երկարատև քուն:
Ավելի լավ, քան տնային աշխատանքը․ ընթերցանություն
Տնային առաջադրանքներն արգելող դպրոցները հայտնվում են նորությունների թողարկումներում, օրինակ՝ Նյու Յորքի № 116 պետական տարրական դպրոցը, որը տնային առաջադրանքները չեղարկեց 2015 թվականին, և Քվեբեքի Սենտ-Ամբրուազ քոլեջը, որը նույնն արեց 2014 թվականին: № 116 դպրոցի տնօրեն Ջեյն Սուն ծնողներին ուղղված իր ուղերձում նշում էր. «Տնային առաջադրանքների վնասակար ազդեցությունը լավ հայտնի է»։ Դպրոցի նոր քաղաքականությունը խրախուսում է ընտանիքներին սահմանափակել էկրանների առջև անցկացրած ժամանակը և քարոզում է խաղեր ու ընթերցանություն:
Ամենակարևորն այստեղ արդյունքն է։ Արդյո՞ք տնային առաջադրանքներից հրաժարվելն աշխատում է: Նման համարձակ քայլի համարձակվել են մի քանի դպրոցներ, որոնցից մեկը Մերիլենդ նահանգի Գեյթերսբուրգ քաղաքի տարրական դպրոցն է:
Գեյթերսբուրգում տնային առաջադրանքները չեղարկեցին 2012 թվականին։ Դրանց փոխարեն տնօրեն Ստեֆանի Բրանտը աշակերտներին և նրանց ծնողներին առաջարկեց քնելուց առաջ կես ժամ ընթերցել։ Սա մեկ տարվա համար նախատեսված փորձնական ծրագիր էր, քանի որ ենթադրում էր փոփոխություններ ընդհանուր մշակույթի մեջ։ Այնուամենայնիվ, այս գրիքը գրելու շրջանում ծրագիրը շարունակում է գործել։ Տնային առաջադրանքների չեղարկումից հետո թեստային արդյունքները գրեթե չփոխվեցին, իսկ տնային առաջադրանքներով պայմանավորված հուզական ծանրաբեռնվածությունը վերացավ:
Գեյթերսբուրգի փորձարարության բնորոշ առանձնահատկությունը ցածր եկամուտ ունեցող բնակչությամբ շրջանն է: Աշակերտների 82 %-ն ապրում էր աղքատության մեջ, իսկ 70 %-ը մեծանում էր ընտանիքներում, որտեղ անգլերենը մայրենի լեզուն չէր: Սա տնային առաջադրանքների չեղարկման օգուտը ժխտողների ամենատարածված փաստարկներից մեկն է: «Ձեզ համար հեշտ է ասելը, – պնդում են ծնողներն ու ուսուցիչները, – իսկ ի՞նչ անեն աղքատ ընտանիքների աշակերտները»: Նրանք կարծում են, որ ցածր եկամուտ ունեցող ընտանիքներում երեխաները տանը աջակցություն չեն ստանում, ուստի լրացուցիչ պրակտիկայի կարիք ունեն՝ տնային առաջադրանքների տեսքով: Այնուամենայնիվ, ծնողների մեծ մասը հոգ է տանում երեխաների մասին՝ անկախ եկամտի մակարդակից, և ի վիճակի է տնային աշխատանքը փոխարինել ընթերցանությամբ: Ավանդական տնային առաջադրանքներն ամենադժվարը տրվում են այն երեխաներին, որոնց ընտանիքում լարված մթնոլորտ է, ընդ որում՝ անկախ բարեկեցությունից: Երեխայի կրթությանն աջակցելու հարցում ծնողների մասնակցությունը կարող է տարբեր ձևեր ընդունել, և տնային աշխատանքը դրանցից միայն մեկն է:
Ընթերցանության սովորությունը շատ օգտակար է առաջադիմության համար, իսկ տնային առաջադրանքները հաճախ ընթերցանության համար ժամանակ չեն թողնում: 2013 թվականին անցկացված հետազոտության արդյունքների համաձայն՝ երեխաների մեծ մասը ութ տարեկանից հետո դադարում է կարդալ հանուն հաճույքի: Մտածեք այս մասին. ութ տարեկանը շատ կարճ ժամանակահատված է այն բանից հետո, երբ երեխան սովորում է կարդալ: Ինչպես մեզ հիշեցնում է «Reading Rainbow» («Ընթերցանության ծիածան») նախագծի վարող Լևար Բարթոնը, յոթից ինը տարեկան հասակը վճռորոշ է նրա համար, թե արդյոք մարդն ամբողջ կյանքում գրքեր կկարդա: Գեյթերսբուրգի դպրոցականները շաբաթական երկու գիրք էին կարդում:
Ընտանեկան կյանքը և տնային աշխատանքը
«Սովորե՛լն է քո աշխատանքը, – ասում են ծնողները երեխաներին, – ես ընթրիքից հետո կլվանամ ամանները, իսկ դու գնա տնայինդ արա»։ Նման ազդակները ծնողներին դնում են սպասարկողի անցանկալի կարգավիճակում։ Արդյունքում մեծանում է երես առած մի սերունդ, որը ֆիզիկական աշխատանքն իր արժանապատվությունից ցածր է համարում։ Այնինչ և՛ տանը, և՛ դպրոցում երեխաները պետք է մաքրություն ու կարգուկանոն պահպանեն իրենց շուրջը:
Ընտանիքներին անհրաժեշտ է միասին ժամանակ անցկացնել, որպեսզի երեխաները սովորեն աման լվանալ, գազար կտրատել, լվացարանը մաքրել, օգնել քույրերին ու եղբայրներին, մարզանք անել, նվագել երաժշտական գործիքներ, նկարել ու զբաղվել ցանկացած այլ ստեղծագործական աշխատանքով կամ պարզապես նստել գրքով: Այս հմտությունները ձևավորում են առօրյա կյանքի ռիթմը: Տնային առաջադրանքները չպետք է դուրս մղեն ուսուցման մյուս ձևերը:
Ո՞վ է գլխավորը:
Տնային առաջադրանքները, ըստ սահմանման, կատարվում են դպրոցից դուրս, այսինքն՝ տանը:
Տնային աշխատանքը կարող է հանգեցնել հեղինակությունների բախման: Ո՞վ է գլխավորը: Եթե երեխան հոգնած է, և նրան անհրաժեշտ է քնել, արդյո՞ք ծնողների կարծիքը պետք է ավելի ծանրակշիռ լինի, քան ուսուցչի խոսքը: Եթե ծնողները համաձայն չեն տնային աշխատանք անելու անհրաժեշտության կամ դրա ծավալի հետ, ո՞ւր պետք է դիմեն: Տնային առաջադրանքների հարցը լարում է առաջացնում ծնողների և ուսուցիչների մոտ, և, անշուշտ, երեխաների: Երեխայի կյանքում երկու հիմնական հեղինակություն կա՝ ծնողները և ուսուցիչները: Այնուամենայնիվ, նրանց դերերն ու հարաբերական ազդեցությունը մնում են չպարզված:
Ծնողները սովոր են պատասխանատվություն կրել իրենց ընտանիքի համար: Մենք գիտենք, թե երբ է երեխաներին անհրաժեշտ զբոսնել, իսկ երբ՝ պարզապես լիցքաթափվել: Մենք տեսնում ենք, թե երբ են նրանք հոգնած: Մենք ենք որոշում, թե երբ երեխային ուղարկենք ֆուտբոլի պարապմունքների, և մենք ենք սահմանում օրվա ռեժիմը, այդ թվում՝ քնելու ժամը: Երբ երեխաները դպրոց են գնում, ընտանեկան կյանքին սկսում են միջամտել կողմնակի մարդիկ: Ո՞վ է որոշում, թե երեխան ինչով պետք է զբաղվի տանը:
Այն մշակույթում, որտեղ տնային առաջադրանքները համարվում են բնականոն երևույթ, ենթադրվում է, որ դպրոցն իրավունք ունի տնօրինելու երեխայի ժամանակը դասերի ավարտից հետո: Մնացած ամեն ինչ երկրորդական է դառնում՝ ընտանեկան կյանքը, քունը, խաղը: Ծնողները բողոքում են, երբ տնային առաջադրանքները քայքայում են ընտանեկան կյանքն իր խաղաղությամբ ու զբաղմունքների ազատ ընտրությամբ: Մարդու հիմնարար իրավունքներից մեկը մասնավոր կյանքի իրավունքն է՝ առանց արտաքին միջամտության: Պետությունը, ի դեմս դպրոցի, ներխուժում է անձնական տիրույթ: Ուսուցչի իշխանությունը, որը նրան թույլ է տալիս տնային հանձնարարություններ տալ, բախվում է ծնողների իշխանության հետ, որոնք իրավունք ունեն տնօրինելու ընտանեկան կյանքը: «Ո՞վ է տնօրինում երեխայի ժամանակը, – հարցնում է Կրալովեցը: – Տնային առաջադրանքները ստիպում են ընտանիքներին հետևել կրթական այն օրակարգին, որը սահմանում է պետությունը»:
Ընտանիքների մեծ մասը դեմ չէ տնային առաջադրանքներին, եթե դրանք շատ ժամանակ չեն խլում: Տնային առաջադրանքների մասին իմ բլոգը կարդացած հարյուր հազարավոր մարդկանց մեջ կային նաև այնպիսիք, որոնք կողմ էին արտահայտվում դրանց պահպանմանը: Նրանց փաստարկներն ընդհանուր բան ունեին. նրանք առաջարկում էին պարապմունքների ողջամիտ ժամանակացույց: Հաճախ դա օրական տասից քսան րոպեի տնային աշխատանքն էր տարրական դպրոցի աշակերտների համար: Նրանց կարծիքով նման ծանրաբեռնվածությունը չափավոր է, և երեխային բավականին ժամանակ է մնում խաղերի, ֆուտբոլի, լողանալու և երեկոյան այլ զբաղմունքների համար:
Այնուամենայնիվ, նույնիսկ փոքր ծավալի տնային աշխատանքը կարող է վնաս հասցնել: «Շեյլային քիչ էին հանձնարարում, և առաջադրանքները դժվար չէին, բայց նա դրանք չէր սիրում, – պատմում է նրա մայրը: – Ամեն օր նրա մեջ հակակրանք էր ձևավորվում դպրոցի նկատմամբ: Եթե նա տուն է եկել, ուրեմն դասերն ավարտվել են»: Բացի այդ, տասը կամ քսան րոպեի համար նախատեսված տնային առաջադրանքները հաճախ ավելի շատ ժամանակ են խլում: «Յուրաքանչյուր դասարանի համար տասը րոպեի կանոնը պարզապես ծիծաղելի է, – պատմում է երկրորդ դասարանցու մայրը՝ Հեյդին: – Հնարավոր է՝ առաջադրանք տվող ուսուցիչն հենց այդպես էլ մտածում է, բայց դրանց կատարումը դեռ երբեք այդքան քիչ ժամանակ չի խլել»:
Շատ ծնողներ կհամաձայնեն նրա հետ: «Ծնողական պարադոքս. ուրախության ծով խնդիրների օվկիանոսում» (All Joy and No Fun) գրքի հեղինակ Ջենիֆեր Սենիորի խոսքերով՝ «տնային աշխատանքը նոր ընթրիքն է»։ Ընտանեկան ընթրիքը շփման ժամանակ է, բայց այն պետք է լինի ազատ, այլ ոչ թե պարտադիր: Արտաքին ոչ մի ուժ ձեզ չի հրահանգում, թե ինչ ուտել և ինչ քննարկել սեղանի շուրջ: Ի տարբերություն ընթրիքի՝ խոհանոցի սեղանին դրված տնային աշխատանքը որոշվում է ոչ թե ձեր, այլ դպրոցի կողմից: Եթե տնային աշխատանքը ընտանիքում փոխարինում է ընթրիքին, ուրեմն իսկական ընտանեկան շփման համար այդ ժամանակը կորսված է:
Երեխան ընտանիքինն է: Երեխան դպրոցի սեփականությունը չէ
Ծնողները երեխայի կյանքում հիմնական հեղինակությունն են: Պետությունը կարող է միջամտել միայն բռնության կամ ծնողական պարտականությունները չկատարելու դեպքում: Ուսուցիչներն ու դպրոցները պետք է ընդունեն, որ ծնողներն իրավունք ունեն չանելու ընտանիքին պարտադրվող տնային աշխատանքը, եթե իրենք դա չեն ցանկանում: Ուսուցչի պարտականությունն է՝ առավելագույն ջանքեր գործադրել երեխային կրթելու համար: Ծնողները պարտավոր են հոգ տանել նրա կյանքի բոլոր ասպեկտների մասին, և շահերի բախման դեպքում ծնողների խոսքը պետք է վճռորոշ լինի:
Ահա թե ինչ է ասում այդ մասին Միչիգան նահանգի օրենսդրությունը։
Դպրոցական օրենսգիրք, վերջին խմբագրություն
Ակտ 451, 1976 թ., 380.10
Ծնողների և օրինական ներկայացուցիչների բնական ու հիմնարար իրավունքն է որոշել իրենց երեխաների դաստիարակությունը, ուսուցումն ու կրթությունը: Նահանգի ենթակայության տակ գտնվող հանրային դպրոցները բավարարում են աշակերտների կարիքները՝ ծնողների և օրինական ներկայացուցիչների հետ համագործակցությամբ, որպեսզի անվտանգ ու դրական միջավայրում զարգացնեն նրանց մտավոր ունակություններն ու մասնագիտական հմտությունները:
Ե՞րբ են թույլատրելի տնային առաջադրանքները տարրական դպրոցում:
● Երբ դրանք ուրախություն են բերում:
● Երբ դա ընթերցանություն է՝ հանուն հաճույքի:
●Երբ դրանք պարբերական չեն (տարեկան 1–3 անգամ, քառորդը մեկ անգամ):
● Երբ դրանք պարտադիր չեն:
● Երբ դրանք կատարվում են ինքնուրույն: Երեխաներն առաջադրանքը կատարում են իրենք, իսկ մեծահասակին ներգրավում են միայն այն դեպքում, երբ ցանկանում են կիսվել նրա հետ:
● Երբ դրանք նպաստում են դպրոցի և ուսման հանդեպ սիրուն, օրինակ՝ երբ առաջադրանքն ուժեղացնում է երեխաների հետաքրքրությունը թեմայի նկատմամբ (նախագծեր):
Ե՞րբ պետք է սկսվեն տնային հանձնարարությունները։
Աշակերտների, ծնողների և ուսուցիչների մեծամասնությունը կարծում է, որ ավագ դասարաններում տնային հանձնարարությունները պետք են։ Դասերն ավելի կարճ են դառնում, կյանքը՝ ավելի լուրջ, իսկ տնային աշխատանքը կարող է շատ կարևոր լինել բարդ նախագծերի կամ խորը վերլուծությունների համար՝ լինի դա քիմիա, թե շարադրություն։
Չարժե ենթադրել, որ աշակերտը կկարողանա յոլա գնալ առանց անցումային շրջանի, եթե տարրական դպրոցում նա տնային հանձնարարություններ չի ունեցել, իսկ ավագ դասարաններում դրանք բավականին ծավալուն են։ Ահա թե ինչու են անհրաժեշտ միջին դասարանները։ Ինչպես խոստովանել է մի աշակերտուհի, որին միջին դասարաններում տնային աշխատանք չէին հանձնարարում, ավագ դասարաններում տնային հանձնարարություններին նման կտրուկ անցումը նրան հեշտ չի տրվել։ Նա նախանձում էր իր համադասարանցիներին, որոնց մոտ արդեն ձևավորվել էր տանը կանոնավոր պարապելու սովորությունը։
Ես նույնպես հաճախել եմ տարրական դպրոց, որտեղ տնային հանձնարարություններ չէին տալիս, իսկ ավագ դասարաններում տնային ծանրաբեռնվածությունս մեծ էր։ Սակայն միջին դասարաններում ինձ բավարար ժամանակ տրամադրվեց սահուն անցման համար։ Երեխաներին կարող է օգտակար լինել միջին դասարաններում տնային հանձնարարությունների սահմանափակ «փորձառությունը», նախքան նրանք կբախվեն տնային լուրջ ծանրաբեռնվածությանը ավագ դասարաններում կամ ավելի ուշ՝ քոլեջում։
Սակայն այստեղ չափն անցնելու վտանգ կա։ Միջին դպրոցական տարիքը նուրբ, անցումային շրջան է։ Բացի այդ, նույնիսկ ավագ դպրոցականներին օգուտ չեն բերում օրական երկու ժամից ավելի տևողությամբ տնային հանձնարարությունները։ Խելամիտ է յոթերորդ և ութերորդ դասարաններում ներդնել ոչ կանոնավոր տնային հանձնարարություններ, որպեսզի երեխաները սովորեն տանը պարապել, մտապահել հանձնարարությունները և ինքնուրույն աշխատել։ Եթե միջին դասարաններում տնային աշխատանքն անհրաժեշտ է սովորելու սովորություն ձևավորելու համար, ապա կարելի է սահմանափակվել երեկոյան երեսունից քառասունհինգ րոպեով, բայց ոչ ամեն օր։
Ամենահարմար տարիքը տնային աշխատանքների համար
| Նախադպրոցականներ և զրո դասարան | Ոչ |
| Տարրական դպրոց | Ոչ |
| Միջին դասարաններ | Տնային աշխատանքների վարժեցնել յոթերորդ, ութերորդ դասարաններում |
| Ավագ դասարաններ | Օրական երկու ժամից ոչ ավելի․ ոչ ամեն օր բոլոր առարկաներից |
Տնային հանձնարարությունները ծնողների համար չեն
Տնային հանձնարարությունների վաղաժամ ներդրման մեկ այլ խնդիրն այն է, որ երեխաները չեն կարողանում ինքնուրույն գլուխ հանել դրանցից։
Էլզայի՝ երկրորդ դասարանում սովորող որդին լաց եղավ, երբ հասկացավ, որ վեց առարկայից տրված տնային առաջադրանքները կատարելու համար պետք է երկու ժամ տրամադրի։ «Երեկ ես նրա փոխարեն արեցի տնային հանձնարարությունը և ինձ մեղավոր չզգացի,— պատմում էր ինձ նրա մայրը։— Եվ ես հետագայում էլ կկատարեմ հանձնարարությունները նրա փոխարեն, եթե տեսնեմ, որ նա տիրապետում է նյութին և հասկանում է, թե ինչպես դա անել ինքնուրույն»։ Ծնողները հաճախ խոստովանում են, որ իրենց երեխաների փոխարեն անում են տնային աշխատանքը, որպեսզի նրանց զերծ պահեն դպրոցում տհաճություններից։ Բայց ուսուցիչները չեն սիրում խաբեությունը։
Երբ տարրական դպրոցում մենք օգնում ենք ծանրաբեռնված երեխաներին, նրանց մոտ սովորություն է ձևավորվում՝
1) տնային հանձնարարությունները կատարելիս հույսը դնել ծնողների կամ գոնե նրանց ակտիվ օգնության վրա,
2) սպասել, որ իրենց կհիշեցնեն դասերը պատրաստելու անհրաժեշտության մասին։
Ես հիշում եմ, թե ինչպես էի տասնչորս տարեկանում զարմանքով հետևում, որ ընկերուհուս մայրը նրան հիշեցնում է, որ ժամանակն է տնային հանձնարարությունները կատարելու։ Ընկերուհիս փնթփնթում էր ու տնքտնքում, բայց պարզ էր, որ երկուսն էլ սովորել էին իրենց դերերին՝ մեկի՝ ձանձրացնողի, գլուխ տանողի, մյուսի՝ դժգոհողի։ Ես ապշած էի։ Մայրս ինձ երբեք չէր ասում, թե երբ և ինչպես պետք է անել տնային հանձնարարությունները։ Ես դրան չէի էլ սպասում։ Տնային հանձնարարություններն իմ գործն էին, իմ պատասխանատվությունը։ Երբեմն նա հարցնում էր. «Ի՞նչ ես անելու երեկոյան»։ Եվ վերջ։
Տնային հանձնարարությունները պետք է 100%-ով լինեն երեխայի պատասխանատվությունը։ Երբ տնային հանձնարարություններն ի հայտ են գալիս համապատասխան տարիքում, երեխաներն ի վիճակի են գլուխ հանել դրանցից։ Ծնողները չպետք է ստիպեն երեխաներին դասերը պատրաստել (տե՛ս Կանոն 10՝ «Մի՛ դրեք ձեր ստորագրությունը»)։
Տնային հանձնարարությունները սիրող երեխաները
Ի՞նչ անել, եթե երեխան ուզում է տնային հանձնարարություններ կատարել»,— հարցնում են ծնողները։ Եթե դուք տնային հանձնարարությունների կողմնակից չեք, իսկ ձեր դստերն այդ միտքը դուր է գալիս, ոչ մի դեպքում մի՛ կանգնեցրեք նրան։ Երեխաները սիրում են դպրոց-դպրոց խաղալ, իսկ շատերի համար տնային հանձնարարությունները դպրոցական ուսուցման մի մասն են։ Իմ որդի Զաքը սիրում է տանը գրատախտակին ցուցումներ գրել և երևակայական աշակերտների օրագրերը ստուգել։ Դպրոց խաղալն օգնում է երեխաներին հասկանալ կյանքը։ Կարևորն այն է, որ դա մնա խաղ՝ գործողություն, որը երեխան ընտրում է սեփական նախաձեռնությամբ։
Ուշադիր հետևեք երեխային։ Շատ երեխաներ «ուզում են» տնային հանձնարարություններ կատարել, որովհետև վախենում են դպրոցում պատժվելուց։ Պարզեք, թե ինչ է լինում չկատարված տնային աշխատանքի դեպքում։ Հարցրեք. «Ի՞նչ է ասել ուսուցիչը տնային հանձնարարության վերաբերյալ» կամ «Ի՞նչ է լինում, եթե աշակերտը չի արել տնայինը»։ Համոզվեք, որ տնային աշխատանքը երեխայի ազատ ընտրությունն է, և նա դա չի անում վախից դրդված։ Վախը վնասակար է ուսման համար։
Տնային հանձնարարությունները սիրող ծնողները
Եթե ձեզ դուր են գալիս տնային հանձնարարությունները, իմացեք՝ դուք միայնակ չեք։ Շատ ծնողներ համոզված են, որ ցանկացած տարիքում տնային աշխատանքն այլ զբաղմունքներից ավելի լավ է օգնում երեխաների մեջ դաստիարակել այնպիսի որակներ, ինչպիսիք են պատասխանատվությունն ու աշխատասիրությունը։ Չնայած նրան, որ հետազոտությունները տարրական դասարաններում որևէ կապ չեն հայտնաբերել տնային հանձնարարությունների և առաջադիմության բարելավման միջև, իսկ հուզական առումով դրա գինը երբեմն չափազանց բարձր է լինում, շատ ընտանիքներ դեմ չեն չափավոր տնային աշխատանքին և կարծում են, որ այն կոփում է բնավորությունը։
Երեխայի դաստիարակության բազմաթիվ խելամիտ եղանակներ կան։ Անկախ նրանից, թե ինչպես եք վերաբերվում տնային հանձնարարություններին, հենց ծնողները, այլ ոչ թե դպրոցները պետք է որոշեն՝ թույլատրել տնային աշխատանքը կրտսեր դասարաններում, թե ոչ։ Այլ կերպ ասած՝ տնային աշխատանքը կարող է լինել ոչ պարտադիր՝ ծնողներին հասանելի դաստիարակչական գործիք։
Որոշ ուսուցիչներ արդեն կիրառում են այս մեթոդը։ «Իմ երրորդ դասարանցի որդու ուսուցիչն ամեն շաբաթ առաջարկում է ոչ պարտադիր տնային հանձնարարությունների փաթեթ,— պատմում է Ռոբինը։— Թայը երբեք դրանք չի անում, բայց նրա երկու ընկերների ծնողները ստիպում են նրանց տանը պարապել։
Ինչո՞ւ գոյություն ունեն տնային հանձնարարությունները
Նրանք, ովքեր հանդես են գալիս տնային հանձնարարությունների օգտին, ցանկանում են իրենց երեխաներին տեսնել հաջողակ և կարծում են, որ տնային աշխատանքը դեպի հաջողություն տանող ճանապարհ է։ Առաջադիմությունից բացի՝ ծնողներն ու ուսուցիչները հաճախ խոսում են պատասխանատվության զգացման և տան ու դպրոցի միջև կապի մասին։
Պատճառները, թե ինչու են ուսուցիչները տնային հանձնարարություններ տալիս․
- Տան ու դպրոցի միջև կապ հաստատել և ծնողների հետ հաղորդակցվել։
- Սովորեցնել պատասխանատվություն, կարգապահություն և ժամանակը բաշխելու կարողություն։
- Համոզմունքը, որ տնային աշխատանքը բարելավում է առաջադիմությունը։
- Գոհացնել ծնողներին և վարչակազմին։
Պատճառները, թե ինչու են ծնողները ողջունում տնային հանձնարարությունները
- Սովորելու օգտակար սովորություն ձևավորել։
- Հետևել դպրոցին և իմանալ, թե ինչ են սովորեցնում երեխաներին։
- Համոզվել, որ ուսուցիչներն առաջնորդվում են բարձր չափանիշներով և կատարում են իրենց պարտականությունները։
- Երեխաներին տալ լավագույնը՝ ելնելով այն համոզմունքից, որ տնային աշխատանքը դեպի հաջողություն տանող ճանապարհ է։
Եկեք ավելի մանրամասն դիտարկենք այս պատճառները։
Կապը տան և դպրոցի միջև
Տնային հանձնարարությունները նախատեսված են ոչ այնքան երեխաների, որքան ծնողների համար,— ասաց ինձ տարրական դպրոցի մի ուսուցիչ։— Շատ ծնողներ ուշադրություն չեն դարձնում, թե ինչ ենք անում դասարանում, եթե այդ նյութը նրանց չի հասնում տնային հանձնարարության տեսքով։ Դա պահպանում է կապը դպրոցի և տան միջև։
Նպաստավոր միջավայրում մեծացող երեխաները՝ երբ ծնողները բավարարում են նրանց ֆիզիկական ու հուզական կարիքները և խոսում կրթության արժեքի մասին, սովորաբար լավ են առաջադիմում դպրոցում։ Այդ ծնողներն իրենք են հաստատում կապը տան և դպրոցի միջև։ Սակայն տանը նպաստավոր միջավայր ձևավորելու ջանքերը չեն սահմանափակվում տնային հանձնարարություններով։
Ծնողներն ասում են, որ տնային հանձնարարություններն իրենց հնարավորություն են տալիս գնահատել երեխաների առաջադիմությունը։ Սակայն բավական են պարզապես հետաքրքրվածությունն ու ներգրավվածությունը։ Դպրոցական հաջողությունները կարելի է գնահատել ըստ այն ամենի, ինչ երեխաները տուն են բերում իրենց ուսապարկերում. դրա համար ոչ մի տնային հանձնարարություն չի պահանջվում։
Օգտակար սովորություններ՝ պատասխանատվություն և ժամանակի կառավարում
Որպես տնային առաջադրանքների օգտին բերվող փաստարկ՝ մեծահասակները հաճախ նշում են, որ դրանք օգնում են երեխաներին զարգացնելու այնպիսի հմտություններ, ինչպիսիք են պատասխանատվությունը և ժամանակի կառավարումը։
Երեխային պատասխանատվություն կարելի է սովորեցնել նաև այլ եղանակներով։ Երբ դուք վեց տարեկան եք, պատասխանատվություն է ամեն օր դպրոցից տուն բերել երկու ձեռնոցը, ճաշի տուփն ու գլխարկը։ Ութ տարեկանում պատասխանատվությունն այն է, որ ժամանակին արթնանաք և դպրոցի համար ինքներդ պատրաստեք ձեր լանչը։ Ինչպես բնութագրել է մի մայր՝ «հենց դրա համար են պետք ընտանի կենդանիներն ու տնային պարտականությունները»։
Ընտանիքներում առանց այդ էլ դաստիարակվում են պատասխանատվության և ժամանակի կառավարման հմտությունները։ Նախ հավաքիր անկողինդ, հետո կարող ես խաղալ։ Ես հասկանում եմ, որ ուզում ես դիտել սիրելի հաղորդումդ, բայց դու գիտես կանոնը. նախ պետք է լվանալ ափսեները։ Սրանք պատասխանատվության և ժամանակի կառավարման ամենօրյա դասեր են։
Հաճախ ծնողներին հուզում են բնավորության դաստիարակության հարցերը։ «Նպաստո՞ւմ է արդյոք տնային աշխատանքը այնպիսի հատկանիշների զարգացմանը, ինչպիսիք են կամքի ուժն ու վճռականությունը»,– հարցնում է նախադպրոցական տարիքի երեխայի հայրը։ Նա ցանկանում է իմանալ՝ արդյոք գիտական հետազոտությունները, ինչպիսին է հետաձգված հաճույքի թեստը, վկայում են տնային առաջադրանքների օգտին։
Ուոլթեր Միշելը մարշմելոուի օգնությամբ ուսումնասիրել է երեխաների ինքնավերահսկողությունը և հաճույքը հետաձգելու կարողությունը. իր աշխատանքի արդյունքները նա լայն հանրությանը ներկայացրել է 2014 թ.-ին՝ «Մարշմելոուի թեստը» (The Marshmallow Test) գրքում։ Ես կապ հաստատեցի իմ ընկերուհու՝ գիտնական և երկու երեխաների մայր Տանյա Շլամի հետ, որը Միշելի հետ աշխատել է նախկին նախադպրոցականների երեսուն տարի հետո ուսումնասիրության վրա։ «Ինքնավերահսկողության զարգացումը հսկայական նշանակություն ունի,– ասում է Շլամը։– Բայց դրա համար տնային առաջադրանքներ պետք չեն»։ Ինքնավերահսկողություն կարող են դաստիարակել ամենատարբեր զբաղմունքները՝ մարտարվեստներից մինչև երաժշտություն. մեծ նշանակություն ունի նաև ծնողների օրինակը։ Օրինակ՝ մեր ընտանիքն այս հատկանիշը դաստիարակում է մթերային խանութում։ Մենք կոնֆետներ չենք գնում՝ հրուշակեղենի բաժնով դեպի դրամարկղ անցնելիս։ «Ինչո՞ւ են սրանք այստեղ»,– հարցրեց Զաքը։ «Որպեսզի օգնեն մեզ դիմակայել գայթակղությանը և զարգացնել ինքնավերահսկողությունը»,– պատասխանեցի ես։
Լրացուցիչ պարապմունքներ
Ֆակուլտատիվ պարապմունքները չպետք է խանգարեն ուսմանը»,– հաճախ ասում են ուսուցիչները։ Իմ ծանոթ մանկավարժների մեծ մասը կարծում է, որ դպրոցը պետք է առաջին տեղում լինի։
Ծնողների պարտականությունն է ապահովել երեխայի բազմակողմանի զարգացումը։ Ֆակուլտատիվները լրացուցիչ պարապմունքներ են, որոնք ընտանիքում կարևոր են համարվում։ Դա կարող է լինել հրեական դպրոց կամ չինարենի դասեր, սպորտ կամ հասարակական աշխատանք։ Դրանց գլխավոր տարբերակիչ հատկանիշն այն է, որ չեն մտնում դպրոցական ծրագրի մեջ։
Հայտնի է, որ լրացուցիչ պարապմունքները, որոնք կապ չունեն տնային աշխատանքի հետ, այդ թվում՝ երաժշտությունն ու սպորտը, նպաստում են երեխայի ուղեղի զարգացմանը։ Հետևաբար, մենք պետք է մտածենք այն մասին, թե նրա օրակարգում ինչն է «ավելորդ»։
Վերջին շրջանում դպրոցներում կրճատում են արվեստի ծրագրերը, ուստի շատ կարևոր է ժամանակ գտնել ֆակուլտատիվների համար։ Երբեմն ծնողները չափազանց շատ են ծանրաբեռնում երեխային լրացուցիչ պարապմունքներով։ Դա ճիշտ է։ Բայց որոշ երեխաներ պարզապես հանդուրժում են դպրոցը և բառացիորեն կենդանանում են, երբ զբաղվում են նրանով, ինչն իրենց հետաքրքիր է։ Ո՞վ կարող է ասել, թե ինչն է ավելի կարևոր տվյալ երեխայի համար։
Լրացուցիչ պարապմունքներն այն են, ինչը դուրս է գալիս դպրոցական ծրագրի շրջանակներից։ Դրանք պարտադիր չէ, որ լինեն ֆակուլտատիվներ։
Քունն ավելի կարևոր է
Եթե մենք ուզում ենք, որ դպրոցականը քննություններին ավելի լավ արդյունքներ ցույց տա, ավելի շատ տեղեկատվություն յուրացնի, նրա մոտ զարգանան ստեղծագործական մտածողությունը և դժվարությունները հաղթահարելու մոտիվացիան, ապա այդ նպատակներին հասնելու միջոցը բնավ էլ տնային առաջադրանքները չեն։ Դա քունն է։
Քնի ազգային հիմնադրամի կարծիքով՝ մեր երեխաները տառապում են քնի պակասից՝ գերծանրաբեռնված օրակարգի, էլեկտրոնային սարքերի առատության և, իհարկե, տնային առաջադրանքների պատճառով։ Երեխաների մոտ մեկ երրորդը քնի պակաս ունի տնային աշխատանքի հետևանքով։ Տարրական դպրոցում երեխաներին քիչ ժամանակ է մնում քնելու համար. 30%-ը կանոնավոր կերպով քնում է յոթ-ութ ժամ կամ նույնիսկ ավելի քիչ, իսկ մեծամասնությունը չի լրացնում խորհուրդ տրվող ինը-տասնմեկ ժամը։ Հինգ տարեկան նախադպրոցականին անհրաժեշտ է քնել ավելի շատ՝ տասից տասներեք ժամ։ Կարող է թվալ, թե քունը ժամանակի դատարկ վատնում է, բայց տարեցտարի ավելի ու ավելի շատ գիտական տվյալներ են հայտնվում, որոնք հաստատում են դրա օգտակարությունը։ Եթե երեխան բավարար է քնում, նրա մոտ բարելավվում են առաջադիմությունը, ուշադրությունն ու վարքը։
Փորձե՛ք սա. ավելացրե՛ք ձեր զինանոցում
Կարևոր է պարզել, թե որքանո՞վ է ընդունելի երեխաներին տնային առաջադրանքներ հանձնարարելը։
Եթե այն ձեզ անհանգստացնում է, ուղղակի սկսեք դիտարկումներից։
Օրինակ՝ Քեթին՝ յոթ երեխաների մայրը, ստանձնել էր «վերակացուի» դերը, երբ իր առաջնեկը դպրոց գնաց։ «Ես ամեն օր վիճում էի նրա հետ տնային աշխատանքի պատճառով՝ ինչ-որ շարային պատրաստության հրահանգչի պես, որովհետև կարծում էի, որ այդպես է պետք»։
Երկու տարի անց, երբ առաջին դասարան գնաց նրա դուստրը, Քեթին տեսնում էր, թե ինչպես է աղջիկը լաց լինում և ամեն կերպ խուսափում ամենօրյա տնային առաջադրանքներից։ «Նա սկսում էր գանգատվել որովայնի ցավերից և հայտարարում էր, որ չի ուզում դպրոց գնալ,– պատմում էր Քեթին։– Հետո ինձ հասավ, որ վեց տարեկան երեխայի համար սա չափազանց շատ է»։ Քեթին սկսեց ուսումնասիրել տնային առաջադրանքների վերաբերյալ իրեն հասանելի ողջ տեղեկատվությունը և հասկացավ, որ տարրական դպրոցում դրանցից ոչ մի օգուտ չկա։ Նա խոսեց ուսուցիչների հետ, չեղարկեց կամ նվազեցրեց իր երեխաների տնային առաջադրանքների ծավալը, իսկ երեխաներից մեկին որոշեց կրթել տանը։
Հետևեք ձեր ընտանիքին և վերլուծեք այն ամենը, ինչ տեսնում եք։ Ի՞նչ է անհրաժեշտ ձեր երեխային դպրոցից հետո։ Որքա՞ն ժամանակ են խլում նրանից տնային առաջադրանքները։ Մե՞ծ է արդյոք հուզական ծանրաբեռնվածությունը։ Ստանձնո՞ւմ եք արդյոք ոստիկանի դեր, վերջացնո՞ւմ եք դասերը երեխայի փոխարեն։ Նպաստո՞ւմ է արդյոք տնային աշխատանքը դպրոցի նկատմամբ դրական վերաբերմունքի պահպանմանը։
Պատրաստվելուց հետո անցեք Կանոն 9-ին՝ «Հրաժարվել վնասակար տնային առաջադրանքներից»։ Այն պարունակում է երաշխավորություններ ծնողների և ուսուցիչների համար, որոնք օգնում են սկսել զրույցը և ձեռնամուխ լինել անհրաժեշտ փոփոխություններին։
Օգտակար արտահայտություններ
- Ջան, ինչ հիանալի է։ Դու շատ բան ես սովորել։
- Այսօր դպրոցից հետո զբոսնե՞լ ես։ Լավ կլիներ մի քիչ վազվզել։
- Դու հոգնած տեսք ունես։ Ինչպե՞ս անցավ օրդ։
- Թվում է՝ քեզ համար օգտակար կլիներ հանգստանալը։
- Արի նստենք բազմոցին ու միասին կարդանք։
- Կարող եմ խաղալ մինչև ընթրիք։
- Բոլորին էլ հանգիստ է պետք։
- Քունն օգտակար է։ Այն ամրապնդում է քո ուղեղը։
- Պետք է ոչ միայն աշխատել, այլև հանգստանալ։
Արտահայտություններ, որոնցից ավելի լավ է խուսափել
- Նստիր և զբաղվիր տնային առաջադրանքովդ։
- Միևնույն է, պետք է տնայինդ անես։
- Ամենակարևորը տնային աշխատանքն է։
- Չանես տնայինդ՝ չես ընդունվի քոլեջ։
- Արի, քեզ օգնեմ։
- Այսօր կարող ես չանել։
- Տնային աշխատանքդ չկատարես՝ կզրկվես դասամիջոցից։
- Ամենից առաջ տնային աշխատանքն է։
Ընտրությունը ձերն է
Հնարավոր է՝ ձեր երեխան դեռ փոքր է, կամ դուք չեք բախվել լուրջ խնդիրների։ Հնարավոր է՝ ձեր երեխան հեշտությամբ է հարմարվում տնային առաջադրանքներին, կամ դուք ինքներդ մանկության տարիներին տնային էիք անում, և դա ձեզ չի անհանգստացնում։ Շատերը սկսում են որպես տնային առաջադրանքների հաստատուն կողմնակիցներ, և այլ հնարավորությունների մասին մտածելու համար ժամանակ է պահանջվում։ Մենք ցանկանում ենք լավ ծնողներ լինել, իսկ մեր մշակույթն ակնհայտորեն նախապատվությունը տալիս է տնային աշխատանքներին։ Բայց ուսուցիչների տեսակետները նույնպես փոխվում են։ Ինչպես նշել է «Փաստարկներ ընդդեմ տնային աշխատանքի» գրքի համահեղինակ Սառա Բեննետը, ամենաշատ տնային առաջադրանքները տալիս են անփորձ ուսուցիչները՝ քիչ աշխատանքային ստաժով։ Որոշեք ձեր ընտանիքի առաջնահերթությունները։ Որքան մեծանա երեխան այնքան կշատանա տնային առաջադրանքների ծավալը, անհրաժեշտ միջոցներ ձեռնարկեք հավասարակշռությունը վերականգնելու համար։
Էջի նկարը՝ Սեդա Վիրաբյանի
