Հեղինակ՝ Հեզեր Շումեյքեր
Թարգմանիչ՝ Գևորգ Հակոբյան

Կարգի՛ բերեք ձեր հեռախոսը

Երկու տարեկան Սոնյան խաղում էր մոր հետ։ Երբ մայրը վերցրեց իր բջջային հեռախոսը, աղջնակը լաց եղավ։ Մեկ այլ երկու տարեկան աղջիկ՝ Ջեյմին, դիմեց ավելի արմատական միջոցների․ մոր հեռախոսը նետեց աղբամանը։

«Ինձ սարսափելի զգացի, — պատմում էր Սոնյայի մայրը, — նրա համար հեռախոսը նշանակում էր, որ պատրաստվում եմ գնալ մի վայր, ուր ինքը չի կարող ինձ հետ գալ՝ մեծահասակների վիրտուալ աշխարհ, և նա իրեն լքված էր զգում»։

Ոչ ճիշտ կանոնների պատճառը

Երեխաները լավ վարքագիծ ու կենսական սովորույթներ յուրացնում են մեծահասակներից։ Ժամանակակից տեխնոլոգիաների հանդեպ առողջ վերաբերմունքը սկսվում է ձեզանից։

Երբ խոսքը վերաբերում է էկրանների առջև անցկացրած ժամանակին, ծնողների մեծ մասը մտածում է երեխաների համար նախատեսված սահմանափակումների մասին։ Սակայն մեծահասակները տեխնոլոգիաներից օգտվում են է՛լ ավելի անկանոն։ Երեխաները ոչ միայն խանդում են գաջեթներին, այլև հետևում են ձեզ։

Որտե՞ղ է գտնվում ձեր հեռախոսը, երբ երեխային վերցնում եք դպրոցից։ Իսկ ընթրիքի՞ ժամանակ։ Երբ քնելուց առաջ երեխայի համար հեքիա՞թ եք կարդում։ Ե՞րբ եք վերջին անգամ հանգստացել, ինչ-որ բանով տարվել կամ ուրախացել կյանքի լիարժեքությամբ։ «Մեր օրերում երեխաները ստիպված են բավարարվել ծնողներով, որոնք ֆիզիկապես կողքին են, բայց մտքերով՝ ինչ-որ հեռու տեղ», — ասում է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր Շերի Թերքլը։

Օրինակ լինելը ձանձրալի է։ Երբեմն դա ծնողական պարտականությունների ամենաբարդ մասն է։ Մենք անդադար աչքի առջև ենք․ ցուցադրում ենք մեր լավագույն որակները, խոսում բարյացակամ, լինում կարգապահ։ Մենք կարող ենք օրինակ ծառայել ոչ միայն առողջ ապրելակերպի, այլև ժամանակակից տեխնոլոգիաների հանդեպ բանական վերաբերմունքի հարցում։ Դրանց օգտագործման հարցում օրինակ լինելը նույնպես մտնում է ծնողների պարտականությունների մեջ։

Երեխաները զարգանում և սովորում են հիմնականում իրական աշխարհի հետ փոխազդեցության արդյունքում։ Եվ նրանց մասին հոգ տանող մարդիկ պետք է իրենց ամբողջ ուշադրությունը նվիրեն նրանց՝ առանց ուրիշ բաների մասին մտածելու և շեղվելու։ Եթե ցանկանում ենք դաստիարակել տեսախաղերից կախվածություն չունեցող երեխա, որն ընդունակ է հոգ տանել ընտանիքի անդամների մասին և հաճույք ստանալ կյանքից, ապա նախ պետք է ուշադիր նայենք ինքներս մեզ։

Ոչ ճիշտ կանոնների օգուտը

Ճիշտ այնպես, ինչպես մենք օրինակ ենք ծառայում քնի հետ կապված լավ վարքի և առողջ սովորությունների հարցում, մենք պետք է երեխաների մեջ ձևավորենք ժամանակակից տեխնոլոգիաների հետ փոխազդեցության առողջ սովորություններ, ինչը նրանց կօգնի հաղթահարել առօրյա կյանքի դժվարությունները։ Ցուցաբերե՛ք զսպվածություն և բանական հավասարակշռություն։ Նման վարքագիծը երեխաներին ցույց կտա․

  • Ես կարևոր եմ, և ինձ գնահատում են:
  • Քաղաքավարությունը պահանջում է ամբողջ ուշադրությունը նվիրել կողքին գտնվող մարդկանց։
  • Ծնողներս ուրախ են ինձ տեսնել, և ես ստիպված չեմ մրցակցել հեռախոսի հետ։
  • Երբեմն իսկապես կարևոր բան է տեղի ունենում։ Ես կարող եմ սպասել։ Սա բացառություն է։
  • Ես գիտեմ, թե երբ է մայրիկին անհրաժեշտ աշխատել։
  • Լարված աշխատանքը լավ է, բայց ոչ անընդհատ։
  • Աշխարհում մշտապես ինչ-որ նոր բան է ստեղծվում, բայց կյանքի լավագույն բաներից որոշները չեն փոխվում։
  • Ընտանիքը կարևոր է։
  • Միասին մեզ լավ ենք զգում։

Ինչո՞ւ է սա գործում

Դաստիարակության դժվարություններին բախվելիս հակված ենք կենտրոնանալու նրա վրա, թե երեխաների մոտ ինչն «այնպես չէ»։ Շատ ավելի բարդ է ինքներս մեզ վրա ուշադրություն դարձնելը։

Թերքլը՝ ՄՏԻ-ի կլինիկական հոգեբանը, տասնամյակներ շարունակ ուսումնասիրել է տեխնոլոգիաների ազդեցությունը երեխաների վրա։ Նա զարմանքով նկատել է, որ հենց երեխաներն են ամենաշատը տուժում մեծահասակների կողմից ժամանակակից տեխնոլոգիաների ոչ խոհեմ օգտագործումից։ «Հայրիկս անդադար հեռախոսով է խոսում», — պատմում են երեխաները։ Կամ՝ «Մայրիկս ասում է՝ «մեկ րոպե», բայց ինքը շարունակում է խաղալ հեռախոսով և ուշադրություն չի դարձնում ինձ»։ Բոլոր տարիքի երեխաները՝ նախադպրոցականներից մինչև դեռահասներ, հարգանքի և լիարժեք ուշադրության կարիք ունեն։

Ծնողները ստիպված են լինում մի քանի գործ անել միաժամանակ։ Երբ տանը երեխա կա, մենք չենք կարող առանց շեղվելու ցնցուղ ընդունել կամ ճաշ պատրաստել։ Մենք լվանում ենք սպասքը և աչքի պոչով հետևում փոքրիկին կամ ականջ դնում՝ արդյոք նորածինը չի արթնացել։ «Մեծ տարբերություն կա այն բանի միջև, որ մայրը սպասքը լվանալու համար իր ամբողջ ուշադրությունը չի նվիրում երեխային, և այն բանի, որ նա էլեկտրոնային փոստն է կարդում կամ հաղորդագրությունները», — ասում է Թերքլը։ Փոխվում են ռիթմն ու ինտենսիվությունը։ Երեխաները դա նկատում են։ Զգում են։ Եվ էկրանն ընկալում են որպես մրցակից։

Վնաս է հասցվում նաև ծնողներին։ Ամերիկացի չափահասների ավելի քան մեկ երրորդը աշխատանքային փոստը ստուգում է ընթրիքի ժամանակ։ Կեսը նայում է փոստարկղին և թերթում հաղորդագրությունները կեսգիշերին կամ առավոտյան՝ անկողնուց ելնելուց առաջ։ Հաղորդագրությանն անմիջապես պատասխանելու անհրաժեշտությունից առաջացած մշտական լարվածությունը սթրես է առաջացնում, որն այնքան ուժգին է, որ որոշ երկրներում նման պրակտիկան արգելված է։ Ներկայումս Գերմանիայում օրենքն արգելում է անհանգստացնել աշխատակիցներին հանգստյան օրերին, իսկ որոշ դեպքերում՝ նաև երեկոյան ժամերին։ «Ապացուցված կապ կա մշտական հասանելիության և հոգեկան հիվանդությունների տարածվածության միջև», — գրել է Գերմանիայի աշխատանքի նախարար Անդրեա Նալեսը 2014 թվականին «The Christian Science Monitor»-ում հրապարակված հոդվածում։

Լարի Ռոզենը, որ ավելի քան երեսուն տարի ուսումնասիրել է տեխնոլոգիաների ազդեցությունը մարդու հոգեկանի վրա, պնդում է, որ մեծահասակների կողմից սմարթֆոնների օգտագործումն արդարացիորեն անվանում են կպչուն վիճակ։ Մենք անդադար ստուգում ենք հաղորդագրությունները, թարմացնում ծրագրերը, նորից ստուգում և թողնում ենք բոլոր գործերը, երբ նոր հաղորդագրություն է հայտնվում։ Տեխնոլոգիաներից նման կախվածությունը առանձնակի հաճույք չի պատճառում։ Ընդհակառակը, այն ուղեկցվում է տագնապի զգացումով, մշտական զգացողությամբ, թե հետ ես մնում, հնացել ես կամ դարձել ես անհասանելի։ Կախվածությունը մարդուն մղում է հաճույքներ որոնելուն։ Կպչուն վիճակը ստիպում է կրկնել որոշակի գործողություններ, որպեսզի նվազեցվեն սթրեսն ու տագնապը։

Ըստ Ռոզենի՝ շատերը կարծում են, թե խնդիրը կօգնի լուծել տեխնոլոգիաներից լիովին հրաժարվելը և յուրօրինակ «դետոքսիկացիան», սակայն շատ ավելի արդյունավետ են գործում սահմանափակումները։ Ջանալով չտրվել հաղորդագրությունները ստուգելու մշտական գայթակղությանը՝ մենք թուլացնում ենք այդ ցանկությունը։ Հաղորդագրությունները կարող են գալ ցանկացած պահի, ինչն ավելի է նպաստում սովորույթի ձևավորմանը։ Հաղորդագրությունները ստուգելիս ուղեղն ամեն անգամ արտադրում է նեյրոմեդիատորներ՝ ուժեղացնելով այդ շրջափուլը։ Ընդմիջումները կամ հաղորդագրությունների ստուգումը որոշակի ինտերվալներով սահմանափակելը, վիրտուալ և իրական աշխարհների միջև ողջամիտ հավասարակշռությունը՝ այս ամենը բեռնաթափում է մեծահասակի ուղեղը և լավ օրինակ է ծառայում երեխայի համար։

Որքան շատ ենք իմանում երեխայի ուղեղի զարգացման մասին, այնքան ավելի ենք համոզվում, թե որքան ենք անհրաժեշտ մեր երեխաներին։ Քեթրին Շթայներ-Ադերը՝ հոգեբան և «Մեծ խզում. մանկության և ընտանեկան հարաբերությունների պաշտպանությունը թվային դարաշրջանում» (The Big Disconnect: Protecting Child and Family Relationships in the Digital Age) գրքի հեղինակը, ասում է, որ տեխնիկայի մեր դարում նեյրոբիոլոգիան հաստատում է երեխաների ուսուցման հետ կապված երկու հին ճշմարտություն․ 1) ուղեղը ձևավորում է մարդկանց հետ փոխազդեցությունը, և 2) ծնողների դերը չափազանց մեծ է։ Մենք պետք ենք մեր երեխաներին։

Երեխաները մեծահասակներ չեն

Մենք ասում ենք. «Իմ հեռախոսն իմ աշխարհն է»։ Կամ. «Ես պետք է կապի մեջ լինեմ, իսկ եթե հանկարծ որևէ մեկին պետք գա՞մ»։ Բայց մենք պետք է հասանելի լինենք մեր երեխաների համար հենց հիմա։ Տեխնոլոգիաների օգտագործման վրա սահմանափակումներ չդնելով՝ մենք, որպես կանոն, մեզնից խլում ենք հենց այն կյանքի ժամանակը, որին ձգտում ենք։ Մենք անդադար նայում ենք հեռախոսին մասամբ այն պատճառով, որ դա պահանջում է ուղեղի քիմիան։ Եվ մեր ուժերի սահմաններում է զսպել այդ ցանկությունը։ Մենք նայում ենք հեռախոսին՝ ինչ-որ բան բաց թողնելու վախից դրդված։ Մի կողմ դնելով հեռախոսը՝ մենք բաց կթողնենք սոցիալական ցանցում մեր ընկերոջ վերջին մեկնաբանությունը կամ մայրամուտի լուսանկարը, բայց հակառակ դեպքում մենք բաց կթողնենք երեխայի հետ շփումն ու իսկական մայրամուտի տեսարանը։

Սահմանափակումները հնարավոր են

Ընկերուհիս, որ ամսական երեք հազար SMS էր ուղարկում, հաղթահարեց այդ սովորությունը։ Երբ մենք վերջին անգամ տեսել էինք իրար, նա ցրված էր։ Հաճախ ընկերուհուս աչքերն ու ուշադրությունը տեղափոխվում էին դեպի ձեռքում պահած հեռախոսը, ասես ինչ-որ մեկը ձգեր անտեսանելի թելից։

Հիմա ընկերուհիս այլևս բացակայող տեսք չուներ։ Ի՞նչն էր դարձել նման փոփոխության պատճառը։

– Հեռախոսս գցեցի ցեմենտե հատակին,– բացատրեց ընկերուհիս։

Եվ քանի դեռ այն վերանորոգում էին, նա հանկարծ հասկացավ, որ չի շտապում այն հետ վերցնել.

– Այնքան հաճելի է, երբ քեզ չեն անհանգստացնում։

Այս պարտադրված ընդմիջումը ստիպեց Ելենային վերանայել իր սովորությունները։ Նա զանգահարում էր ընկերներին՝ զրուցելու համար, իսկ SMS ուղարկում էր որևէ բանի շուրջ արագ պայմանավորվելու համար։ Ավարտելով գործերը՝ անջատում էր համակարգիչը։ Գիշերը նա անջատում էր վերանորոգված հեռախոսը, որպես զարթուցիչ էլ չէր օգտագործում։

Այժմ Ելենան տարիներ ի վեր առաջին անգամ օգտագործում է սովորական զարթուցիչ և գիշերները լավ է քնում։ «Ես ինքս եմ որոշում սահմանները,– ասում է նա։– Ինձ դուր է գալիս ազատությունը»։

Ծնողներից շատերը չեն կարողանում գտնել այս հավասարակշռությունը։ Երեխաները տեսնում են՝ մեծահասակներն իրենց համար սահմանափակումներ չեն դնում հեռախոսների և այլ սարքերի օգտագործման հարցում։ Մեծահասակները ընդհատում են ընթրիքը կամ հեքիաթի ընթերցումը՝ SMS ուղարկելու համար։ Մեծահասակները տանը զբաղվում են աշխատանքային գործերով, ցանկացած պահի ստուգում են աշխատանքային փոստը և ասում. «Սա մեկ րոպե կտևի»,— իսկ հետո երկար ժամանակով անհետանում են։ Երեխաները սահմանափակումներ չեն տեսնում։ Մեծահասակի ուշադրությունն անկայուն է։ Եվ երեխաները յուրացնում են հետևյալը. 1) թույլատրված է անընդհատ ընդհատել դիմացինին, 2) վիրտուալ աշխարհն ավելի լավն է ու կարևոր, քան իրականը։

Լինել անհասանելի

Միակ բանը, որ ցանկանում եմ անել գիշերվա ժամը 12-ից մինչև առավոտյան 7-ը, շնչելն է։

Դուք կարող եք ձեզ թույլ տալ անհասանելի լինել։ Երբեմն նույնիսկ սեփական երեխաների համար։ Եթե որևէ բան պատահի, ապա, ամենայն հավանականությամբ, նրանք կգտնեն բջջային հեռախոսով որևէ մեծահասակի՝ ձեզ հետ կապ հաստատելու համար։

Երեկ ես էլեկտրոնային նամակ ստացա՝ ստորագրությունից հետո հետևյալ նշումով. «Ես նամակներին պատասխանոմ եմ աշխատանքային օրերին՝ ժամը 12:00-ից 14:00-ն և երեկոյան 20:00-ից հետո»։ Լիովին ողջամիտ է։ Ուղարկողը փոքրիկ երեխաների մայր է։ Տասներկուսից երկուսը երեխաների ցերեկային քնի ժամն է։ Ութից հետո երեխաները քնում են։ Հանգստյան օրերը նվիրվում են ընտանիքին։ Նա հստակ սահմաններ է դրել և նախապես տեղեկացրել բոլորին։

Երբ աշխատում էի ոչ առևտրային կազմակերպություններում, շատ ժամանակ էի անցկացնում անտառում՝ այցելելով աշխատանքի համար անհրաժեշտ վայրերը։ Այն բանից հետո, երբ բջջային հեռախոսները մտան մեր առօրյա կյանք, ես սկսեցի ինձ հետ հեռախոս վերցնել, բայց այն միացնում էի միայն ճաշի կամ այլ ընդմիջումների ժամանակ՝ հաղորդագրություններին պատասխանելու համար։ «Ինչպե՞ս կապվել քեզ հետ,– հարցրեց ինձ գործընկերս,– դու պետք է այն ամբողջ ժամանակ միացրած պահես»։ Նոր տեխնոլոգիաները փոխեցին մեր ակնկալիքները։ Ես նկատեցի, որ մշտական հասանելիությունը շեղում է ինձ աշխատանքից։ Ես չէի կարող պատասխանել գրասենյակից ստացվող հարցերին՝ գտնվելով անտառում։ Ինձ անհրաժեշտ էր կենտրոնանալ այն մարդկանց վրա, ում հետ հանդիպում էի, և այն տեղանքի վրա, որտեղ գտնվում էի։ Որոշ ժամանակ անց ես նորից սկսեցի անջատել հեռախոսը՝ հաղորդագրությունները ստուգելով օրական մի քանի անգամ։ Ինձ մոտ կան ժամանակահատվածներ, երբ անհասանելի եմ կապի համար։ Եթե հասանելի լինեմ բոլորի համար, ապա չեմ կարողանա օգնել ոչ ոքի։

Եղե՛ք հասանելի կյանքի, այլ ոչ թե հեռախոսի համար։

Տարանջատեք աշխատանքը կյանքից։

Երևի մտածում եք, որ ղեկավարը դժգոհ կլինի, եթե չկարողանա կապվել ձեզ հետ ոչ աշխատանքային ժամերին։ Պարտադիր չէ․ լիովին հնարավոր է, որ նա թեթևություն զգա։ Հնարավոր է՝ նա նույնպես հոգնել է աշխատանքից և անընդհատ կապի մեջ լինելու անհրաժեշտությունից։

Մտածեք այն մասին, թե ինչն է աշխատանքի ու անձնական կյանքի միջև եղած սահմանն այդքան խոցելի (ծակծկված) դարձրել։ Մշտապես կապի մեջ լինելը բժիշկների և ջրմուղի աշխատողների ճակատագիր է։ Մնացած մեծամասնության համար դա պարտադիր չէ։ Անշուշտ, ամեն ինչ չէ, որ կախված է ձեզնից, բայց անհրաժեշտ է հստակ սահմաններ դնել աշխատանքի և անձնական կյանքի միջև։

Մենք բողոքում ենք անձնական կյանքում սեփականի պակասից։ Մեզ ջղայնացնում է, երբ հանգստյան օրերին ստիպված ենք լինում պատասխանել աշխատանքային նամակներին, բայց միևնույն ժամանակ հպարտանում ենք նրանով, որ անփոխարինելի ենք, որ մեզ գնահատում են։ «Օ՜, սա ինձ են գրել»։ Ինչ-որ մեկը մեր կարիքն ունի։ Մենք կարևոր ենք։

Մեկ այլ տարածված թակարդ է տեխնոլոգիաների օգտագործումը տնից հեռավար աշխատելու համար։ Ես ինքս ֆրիլանսեր եմ և գիտեմ՝ ինչի մասին եմ խոսում։ Այնքան գայթակղիչ է լինել երեխաների հետ և միևնույն ժամանակ աշխատել։ Բայց շատ ծնողների համար դա վերածվում է մշտական սթրեսի և երկու գործն էլ լավ անելու անկարողության։ Եթե աշխատում եք տանը, առանձնացրեք աշխատանքային ժամեր և դայակ վարձեք։ Աշխատանքային ժամանակը (նույնիսկ եթե դա երկու ժամ է) ծախսվում է շատ ավելի արդյունավետ, երբ լիովին կենտրոնացած եք ձեր առջև դրված խնդրի վրա։ Մենք ասում ենք, թե «դա անում ենք հանուն երեխաների», բայց երեխաներն ուղղակի ձեր մշտական ներկայության կարիքը չունեն։ Նրանց որոշակիություն է պետք՝ դուք ներկա՞ եք, թե՞ բացակա։ Իսկ դա դուք ինքներդ պետք է հստակեցնեք։

 Ժամանակն է որոշելու՝ դուք ներկա՞ եք, թե՞ բացակա։

Տեղեկատվության կարևորությունը

Երբ տեսնում եք էկրանների առջև նստած մարդկանց՝ գլուխները կախ, վազվզող  աչքերով ու կռացած մեջքով, նրանք բոլորն էլ նույն տեսքն ունեն։ Նրանք կարող են թերթ կարդալ, Facebook-ում հաղորդագրություններ նայել կամ աշխատել։ Բայց ձեզ համար դժվար է հասկանալ, թե նրանք ինչով են զբաղված։

Երեխաները նույնպես չեն հասկանում։ «Ես կարծում էի, թե դուք ամբողջ օրը տեսախաղեր եք խաղում»,– ասել է մի ութ տարեկան երեխա ծնողներին։ Նա սիրում էր տեսախաղեր և լիովին տրամաբանորեն դատել էր, որ ծնողները նույնպես խաղում են, երբ տեսնում էր, որ նրանք աչք չեն կտրում էկրանից։

Համակարգիչը կամ ցանկացած այլ թվային սարք մի դարպաս է, որը կարող է տանել ուր ասես։ Մենք չգիտենք, թե ինչ է տեղի ունենում։ Մենք չգիտենք՝ մարդը ձանձրանո՞ւմ է, թե՞ ինչ-որ բանով տարված է։ Մեր երեխաները չգիտեն, թե ինչպես իրենց պահեն մեզ հետ։ Բացատրեք նրանց, թե ինչ եք անում։ Ռեյչելը՝ Սոնյայի մայրիկը, հիմա անպայման դա անում է, երբ վերցնում է հեռախոսը․ «Նայիր, ես զանգում եմ հայրիկին»։ Երեխաներին տեղեկատվություն է պետք հասկանալու համար, թե կարելի՞ է արդյոք ձեզ շեղել (երեխան կարող է մտածել․ «Հա՜, նա ուղղակի քարտեզն է ուսումնասիրում․ ես կարող եմ խոսել նրա հետ»), և արդյոք ձեր զբաղմունքը կապ ունի՞ իր հետ («Օ՜, հիանալի է, նա նստած է համակարգչի մոտ և ուսումնասիրում է իմ ամառային ֆուտբոլային ճամբարի տարբերակները։ Նա հիմա զբաղված է, բայց ես գիտեմ, որ կարևոր եմ նրա համար»)։

Ծնողական փորձ ձեռք բերելով՝ ես ավելի ու ավելի եմ համոզվում, որ «համակարգչի մոտ նստած ծնողները» և երեխաները անհամատեղելի են։ Այնուամենայնիվ, երբեմն ինձ համակարգիչ է պետք գալիս, երբ երեխաների հետ տանն եմ լինում։ Նույնիսկ պարզ բաները՝ գրադարանի գրքերի ժամկետը երկարաձգելը, տոմսեր գնելը, հաշիվները վճարելը, առցանց որոշակի ժամանակ են պահանջում։ Երբ երեխաները զբաղված են ազատ խաղով, ինձ մոտ հնարավորություն է առաջանում ցուցակից ջնջել այդ գործերի մի մասը։

Խնդիրն այն է, որ երեխաները չգիտեն, թե ես ինչով եմ զբաղված, երբ նայում եմ էկրանին։ Նրանք պարզապես տեսնում են ինձ համակարգչի առջև նստած։ Երբ ես տանն ինչ-որ բան եմ անում, դա բոլորովին այլ հարց է։ Այո, ես շեղվում եմ նրանցից, բայց նրանք տեսնում են, թե ես ինչով եմ զբաղված, և ես, ամենայն հավանականությամբ, նախկինի պես կարողանում եմ խոսել նրանց հետ։

Ուստի, նախքան համակարգչի առջև նստելը, ես հայտարարում եմ իմ մտադրությունների մասին․ «Ես արձակուրդի ծրագրերն եմ կազմում»։ Կամ՝ «Ես ստուգում եմ՝ արդյոք գրադարանից ձեզ համար գրքերը եկել են»։ Կամ՝ «Ես մեր մեքենայի համար նոր դողեր եմ փնտրում»։ Այս բոլոր զբաղմունքները հատուկ կենտրոնացում չեն պահանջում, և ինձ կարելի է շեղել։ Երբեմն ես ասում եմ․ «Ես աշխատում եմ։ Ինձ լռություն է պետք»։

Շրջապատող մարդկանց բացատրելը, թե ինչով եք զբաղված, քաղաքավարության հարց է, ընդ որում՝ բոլորովին կապ չունի, թե քանի տարեկան են այդ մարդիկ։ Երեկ ես ականատես եղա մի տեսարանի, երբ տեխնիկայից հեռու, մոտ յոթանասուն տարեկան մի տիկին վիրավորվեց զրուցակցից, ով սկսել էր ինչ-որ բան հավաքել իր սմարթֆոնում։ «Դուք ինձ լսո՞ւմ եք, թե՞ հեռախոսով եք զբաղված»,– ջղայնացած հարցրեց նա։ «Անշուշտ, լսում եմ։ Պարզապես գրի եմ առնում ձեր ասածը,– պատասխանեց զրուցակիցը։– Սա իմ նոթատետրն է»։ Բացատրեք, թե ինչ եք անում, այլապես ոչ ոք չի իմանա։

Խորը հարաբերություններ

Մինչ սոցիալական ցանցերի ի հայտ գալը մեր ժամանակն ու ուշադրությունը նախատեսված էին միայն մտերիմ ընկերների և ընտանիքի անդամների համար։ Ծանոթներ էին անվանվում այն մարդիկ, որոնց հետ մենք ժամանակ առ ժամանակ առնչվում էինք, բայց նրանց շատ ժամանակ չէինք հատկացնում։

Օրինակ՝ երկու երեխաների մայր Քեթրինը սոցիալական ցանցերում ունի հինգ հարյուր ընկեր։ Օրական մի քանի անգամ նա մեկնաբանություններ է թողնում քիչ ծանոթ մարդկանց բլոգներում։ Սոցիալական ցանցերը նրան թույլ են տալիս իրեն աշխարհից կտրված չզգալ, հատկապես եթե հաշվի առնենք, որ նա փոքր երեխաների հետ տանն է նստած, բայց Քեթրինը միևնույն է գիտակցում է, որ զրկված է մտերիմ ընկերների հետ ջերմ (մտերմիկ) շփումից։

Ինչպես ասել է հայտնի նկարչուհի Ջորջիա Օ’Քիֆը. «Ծաղիկն ըստ էության ոչ ոք չի տեսնում, այն այնքան փոքր է։ Մենք ժամանակ չունենք, իսկ տեսնելու համար ժամանակ է պահանջվում ինչպես ընկերության համար»։

Խորը հարաբերությունները ժամանակ են պահանջում։ Դրանք մենք պահպանում ենք այն մարդկանց հետ, ում հետ ապրում ենք, և նրանց հետ, ովքեր թանկ են մեզ համար։ Նայե՛ք, թե ում վրա եք ծախսում ձեր ժամանակը։ Այն բաշխվա՞ծ է սիրելի մարդկանց, թե՞ ծանոթների միջև։ Դուք փայփայո՞ւմ եք խորը հարաբերությունները, թե՞ վատնում եք դրանք։

Եթե ցանկանում ենք, որ մեր երեխաները զրկված չլինեն մարդկանց՝ ընկերների, իսկ ժամանակի ընթացքում՝ կողակցի հետ խորը հարաբերություններից, ապա պետք է նրանց ցույց տանք լուրջ կապերի էությունն ու հմայքը։ Մենք պետք է օրինակ ծառայենք, թե ինչպես պետք է վերաբերվել այն մարդկանց հետ, որոնք թանկ են մեզ համար։

Երեխաներին կապված մի՛ պահեք

«Իսկ ի՞նչ, եթե նա իսկապես կարիք ունի ինձ հետ կապվելու»։ Հեռախոսն ամբողջ ընթացքում միացրած պահելու ցանկությունը, որպեսզի երեխաները մշտապես կապի մեջ լինեն, պայմանավորված է մեր մշակույթին բնորոշ ճգնաժամի զգացումով։ Մենք ապրում ենք մշտական տագնապի մեջ։ Երբ երեխան անմիջապես չի պատասխանում կարճ հաղորդագրությանը (СМС-ին), մենք սկսում ենք անհանգստանալ։ Մասամբ դա պայմանավորված է առօրյա կյանքում ռիսկի մեր ընկալմամբ (տե՛ս Կանոն 1. «Անվտանգություն»

Ժամանակ առ ժամանակ երեխաներին պետք է ազատություն տալ։ Թող գնան զբոսնելու՝ առանց գրպանում հեռախոս ունենալու։ Շուրջբոլորը բջջային հեռախոսներով լիքը մարդիկ կան, որոնք կօգնեն, եթե նրանք իսկապես զանգահարելու կարիք ունենան։ Թող երեխաները հասկանան, որ կարիք չկա ձեզ տեղեկացնելու, եթե իրենց նախնական պլաններն արմատապես փոխվեն։ Երեխային ազատություն տալով՝ դուք օգնում եք նրան պատրաստվելու, որ հայտնվելով դժվար իրավիճակում… ինքնուրույն ելք գտնի դրանից։

Ես աշխատում եմ կապի մեջ լինել, երբ որդիս դպրոցում է, այն դեպքի համար, եթե այնտեղից զանգահարեն և ասեն, որ նա հիվանդացել է։ Բայց պատահում է նաև այնպես, որ թե ամուսինս, թե ես անհասանելի ենք լինում։ Հենց այդ պատճառով էլ հարցաթերթիկներում կա կետ, որտեղ նշվում են արտակարգ իրավիճակների համար նախատեսված կոնտակտները (կապի միջոցները)։

Երեխայի խնդիրն է՝ ուսումնասիրել շրջակա աշխարհն ու հաստատել իր ինքնուրույնությունը։ Նրան կարիք չկա ստուգելու կես ժամը մեկ։ Երկուսդ էլ ավելի քիչ կանհանգստանաք, եթե սահմանեք ողջամիտ սահմաններ և կապված չլինեք հեռախոսին։

Տեխնիկայի հետ վարվելու ոչ ճիշտ կանոններ

Մի՛ փորձեք միաժամանակ լինել տարբեր տեղերում։

Դրե՛ք հեռախոսը զամբյուղում կամ մեկ այլ որոշակի տեղում։

Սահմանե՛ք զանգերի համար որոշակի ժամեր

Սովորե՛ք ասել. «Ես անհասանելի եմ։

Գիտակցե՛ք, որ դուք անհասանելի լինելու իրավունք ունեք։

Գնահատիր կողքիդ գտնվողներին։

Պահպանե՛ք հանգստություն։

Գիշերն ամեն ինչ անջատե՛ք։

Անջատե՛ք գաջեթները «սրբազան ժամերին»։

Գիտակցե՛ք մեկ գործառույթ ունեցող իրերի արժեքը (օգտագործե՛ք սովորական զարթուցիչ)։

  Փորձե՛ք սա – ավելացրե՛ք այն ձեր զինանոցում

Յուրաքանչյուր ընտանիք պետք է գտնի տեխնոլոգիաների օգտագործման «ճիշտ» հավասարակշռությունը։ Ամենակարևորը հիմնական ուղղությունները սահմանելն է, որպեսզի երեխաներին ողջամիտ վարքագծի օրինակ ծառայեք և չշեղվեք ձեր կենսական արժեքներից։

Գնահատե՛ք ձեր կողքին գտնվողներին

Ավագ դպրոցում սովորելիս իմ առաջին աշխատատեղը գրքի խանութն էր։ Տասնվեց տարեկանում եu չգիտեի, թե ինչ անել, երբ խանութում հեռախոսն է զանգում, իսկ եu սպասարկում եմ հաճախորդին։ Բայց մեզ մոտ գործում էր հետևյալ կանոնը. «Ձեր առջև կանգնած մարդն արժանի է ձեր ուշադրությանը»։ Այս կանոնն ամենևին չի հնացել։ Մեր առջև կանգնած մարդիկ մեր ընտանիքի անդամներն են, երեխաները, հարևաններն ու համայնքը։ Եվ նրանք մեր մեջ պետք է տեսնեն մարդկանց, այլ ոչ թե հեռախոսներով մարմիններ։

Վիրտուալ աշխարհները բաժանում են միևնույն սենյակում գտնվող մարդկանց։ Մենք չենք հասկանում՝ այդ մարդը մեզ հետ է, թե ոչ։ Հնարավոր է՝ ձեզ թվում է, թե երեխաների հետ անցկացնում եք ամբողջ օրը, սակայն բացակայող հայացքն ու «Ի՞նչ» հարցը հակառակն են փաստում։ Դուք պետք է կամ բացակայեք, կամ ներկա լինեք։

Նոր տեխնոլոգիաներից օգտվելիս վարվելակերպի կանոններ

Երբ ճաշի ժամանակ վեր ենք կենում սեղանից, շրջապատի մարդկանց ասում ենք. «Ներողություն»։ Հանդիպումից ուշանալիս զանգահարում և նախապես զգուշացնում ենք։

Եթե մենք երեխաների կողքին ենք, բայց պետք է որոշ ժամանակով շեղվենք, քաղաքավարության կանոնները պահանջում են տեղեկացնել այդ մասին։ Օրինակ, երբ ինձ առջևում սպասվում է երկար հեռախոսազրույց, ես նախապես զգուշացնում եմ երեխաներին. «Ես հիմա կզանգահարեմ բժշկին։ Ինձ պետք է ուշադիր լսել, թե նա ինչ կասի։ Խնդրում եմ, եթե պատրաստվում եք որևէ աղմկոտ բանով զբաղվել, գնացեք ձեր սենյակ։ Ես ձեզ կասեմ, երբ ավարտեմ»։ Այդպես ես կարողանում եմ հանգիստ զանգահարել, իսկ երեխաները գիտեն, որ աղմկել կարելի է, ուղղակի՝ այլ տեղում։

Նույնը վերաբերում է համացանցին․ «Ես պատրաստվում եմ (նամակ գրել, բժշկական ապահովագրություն ձևակերպել և այլն)։ Ինձ պետք է կենտրոնանալ։ Դուք կարող եք դիմել ինձ, եթե ուզում եք որևէ բան հարցնել։ Ես ձեզ կասեմ, երբ ավարտեմ։ Հետո մենք կգնանք այգի»։

Բացատրե՛ք, թե ինչով եք զբաղված

Տեղեկացրե՛ք, թե ինչով եք զբաղված, որպեսզի երեխաները իմանան, թե ինչու է ձեր հայացքը հառած էկրանին․ «Ես զանգահարում եմ հայրիկին» կամ «Ես նայում եմ եղանակի տեսությունը»։ Եթե անհարմար եք զգում ասել, թե ինչ եք անում, նշանակում է՝ դրանով պետք է զբաղվել երեխաների բացակայությամբ։

Սահմանե՛ք ժամանակային պատուհաններ

Համակարգիչներն այժմ դարձել են շարժական (մոբայլ), սակայն դա չի նշանակում, թե մենք չենք կարող սահմանափակել դրանց օգտագործումը ժամանակի և տարածության մեջ։ Սովորե՛ք ասել․ «Ես հասանելի չեմ»։ Սովորե՛ք մերժել և սահմանափակումներ դնել՝ պահպանելով ձեր ժամանակը։ SMS-ների, զանգերի և նամակների չափից ավելի քանակը մասնատում է մեր մտածողությունը՝ առաջացնելով հոգնածություն և դատարկության զգացում։

Ես հիշում եմ այն ժամանակները, երբ լայն տարածում գտան ինքնապատասխանիչները․ «Ի՞նչ է պատահել հեռախոսիդ,– հարցրեց ինձ ընկերուհիս,– զանգում է, զանգում, ու ուրիշ ոչ մի բան»։ Հեռախոսի հետ ամեն ինչ կարգին էր․ ինքնապատասխանիչն էր փչացել։ Բայց ընկերուհուս դիտողությունը ցույց տվեց, որ հաղորդակցման այդ ձևը դարձել էր մշակութային նորմ։ Հիմա՝ տարիներ անց, մենք շրջապատից ակնկալում ենք ակնթարթային պատասխան և մշտական հասանելիություն ցանցում (կամ՝ մշտական միացում ցանցին)։

Սահմանափակելով ձեր հասանելիությունը՝ դուք գնում եք հոսանքին հակառակ։ Դուք պարտավոր չեք ենթարկվել ընդհանուրի կարծիքին, սակայն քաղաքավարության կանոնները պահանջում են նախապես զգուշացնել։ Հնարավոր տարբերակներն են․

«Ես էլեկտրոնային նամակներին պատասխանում եմ օրը մեկ անգամ»։

«Շնորհակալություն։ Ես կպատասխանեմ, երբ կարողանամ։ Ես փոքր երեխաներ ունեմ և ամեն օր չէ, որ միացնում եմ համակարգիչը»։

Եթե ես հասանելի լինեմ բոլորի համար, ապա չեմ կարողանա օգնել ոչ մեկին։

Սահմանե՛ք «սրբազան» ժամանակ և ձևավորե՛ք օգտակար սովորություններ

Որտե՞ղ է գտնվում ձեր հեռախոսը, երբ երեխային վերցնում եք դպրոցից։

Անջատե՛ք բոլոր սարքերը, որպեսզի հասկանաք, թե ինչպես է անցնում ձեր օրը։ Մեզ դուր է գալիս, երբ կյանքը ենթարկվում է որոշակի ռիթմի, ներառյալ քնի, արթնության, հանգստի և համատեղ զբաղմունքների ամենօրյա ռիթմերը։ Հեռախոսներն ու համակարգիչները կարող են մեզ կապել ում հետ ասես և ինչի հետ ասես, օրվա ու գիշերվա ցանկացած ժամի, սակայն դա չի նշանակում, թե պետք է դրանք օգտագործել հենց այդպես։

Որոշե՛ք, թե օրվա որ ժամին է ավելի լավ հրաժարվել ամեն տեսակի տեխնիկայից։ Փորձե՛ք սկսել այն պահերից, երբ ընտանիքը հավաքվում է միասին, այլ ոչ թե նրանցից, երբ ձեր ներկայությունը պարտադիր չէ։ Ես ամեն ինչ անջատում եմ նախքան երեխաների՝ դպրոցից տուն վերադառնալը։ Այդ ժամանակ ես կարողանում եմ իմ ողջ ուշադրությունը նվիրել նրանց։ Մի՛ մոռացեք, որ երեխաները կարիք ունեն տեսնելու ձեզ, այլ ոչ թե ձեր հեռախոսը։ Սա ընտանիքի վերամիավորման ժամանակն է։

Ամեն մի սարք բացում է անսահման հնարավորություններ։ Հեռախոսն օգտագործում են լուսանկարելու, աշխատանքային փոստը ստանալու համար, որպես զարթուցիչ, ֆիթնես-տրեկեր, տեղեկատու և այլն։ Հնարավորությունների հենց այս անսահմանափակությունն էլ սահմանափակումների կարիք ունի։ Տեխնիկական սարքերի բազմաֆունկցիոնալությունը մեզ ստիպում է մշտապես ընտրություն կատարել։

Զարգացրե՛ք օգտակար սովորություններ, որոնք ձեզ կօգնեն։ Մենք ի վիճակի չենք անընդհատ դիմադրել գայթակղությանը, ուստի ազատվե՛ք դրանից։ Հեռախոսը թողեք հարևան սենյակում կամ ընտանեկան ավանդույթ ձևավորեք՝ հեռախոսները հավաքելով զամբյուղի, թխվածքի ձևամանի կամ դատարկ ակվարիումի մեջ։ Սարքերն անջատելու ծես (ռիտուալ) սահմանեք։ Երբ ես չեմ օգտագործում համակարգիչը, էկրանը ծածկում եմ անձեռոցիկով (կամ՝ կտորով)։ Այն անջատված է՝ լիովին և խորհրդանշորեն։

 «Սրբազան» ժամանակի օրինակներ

  • Ճաշասեղանի շուրջը։
  • Ննջասենյակներում։
  • Երբ երեխաներին վերցնում եք դպրոցից։
  • Զբոսայգում։
  • Մեքենայով միասին ճամփորդելիս։
  • Զբոսնելիս։
  • Խոհանոցում։
  • Ռեստորանում։
  • Հյուրերին ճանապարհելուց հետո։
  • Մանկական միջոցառման ընթացքում։
  • Այլ միջոցառումների ժամանակ։
  • Հանգստի ժամանակ։
  • Արձակուրդների ժամանակ։

Գիտակցե՛ք, թե ինչն է ձեզ հանգստություն բերում

Գնդակը նետել բասկետբոլի զամբյուղի մեջ։ Զբոսնել շան հետ։ Մեկ գավաթ թեյ խմել։ Դուրս գալ զբոսանքի։ Դուք պետք է իմանաք, թե որ զբաղմունքներն են հանգստացնում մարդկային ուղեղը (ֆիզիկական վարժություններ, հանգիստ, մեդիտացիա, շփում բնության հետ) և դրանցից որոնք են համապատասխանում հենց ձեզ (գործել, տայցզի, խաղ շան հետ)։ Սովորեցրե՛ք երեխային իր յուրաքանչյուր օրվա մեջ ներառել հանգստացնող զբաղմունքներ և օգնե՛ք նրան հասկանալ, որ դա վերականգնում է իր ուժերը։ Ձեզ համար կազմակերպե՛ք նման ընդմիջումներ և ներգրավե՛ք երեխային։ Դա օգնում է թոթափել այն գրգռվածությունը, որն առաջանում է էկրանի առջև ժամանակ անցկացնելուց հետո։

Մտովի լուսանկարներ արե՛ք

Հետևե՛ք, թե որքան հաճախ եք տեսախցիկն ուղղում երեխայի դեմքին։ Մենք սիրում ենք մեր երեխաներին, և լուսանկարների տեսքով հիշողություններ պահպանելու ցանկությունը լիովին բնական է։ Սակայն անդադար նկարելը շեղում է ուշադրությունը։

Մի անգամ զբոսայգում ես ականատես եղա մի տեսարանի, թե ինչպես էր մանկապարտեզի դաստիարակը հեռախոսով լուսանկարում իր սաների չարաճճիությունները։ Հիանալի օր էր, և երեխաները խաղում էին ավազարկղում ու ծիծաղում՝ մրջյուններ գտնելով։ Նիկը լուսանկարներն ուղարկում էր ծնողներին, որպեսզի նրանք էլ ուրախանան երեխաների հետ միասին։

Մինչև սմարթֆոնը հանելը նույն այդ դաստիարակը շփվում էր երեխաների, այլ ոչ թե բացակայող ծնողների հետ. «Օ՜, ի՞նչ ես գտել։ Ինչպիսի՜ մեծ փոս է։ Նայիր, թե որքան արագ է վազում այն մրջյունը»։ Անշուշտ, նա շարունակում էր խոսել երեխաների հետ, սակայն մեծ քանակությամբ լուսանկարներ անելը շատ ժամանակ էր խլում։ Նրա դեմքն ու ուշադրությունը ցրված էին։ Նույնիսկ «վայրկենական» թվացող գործերն ավելի շատ ժամանակ են պահանջում, քան մեզ թվում է։

Մի՛ ծանրաբեռնեք ձեր կյանքը

«Գրավել» նշանակում է զբաղեցնել ժամանակն ու տարածությունը։ Եթե դուք ձեռքն եք վերցնում հեռախոսը՝ ձանձրույթը ցրելու կամ հաղորդագրություն ստանալը ստուգելու համար, ուրեմն սկսում եք օգտագործել այն՝ ժամանակը լցնելու և ազատ տարածությունը զբաղեցնելու համար։

Օնլայն սարքերը գրավիչ են, սակայն դրանք գողանում են մեր ուշադրությունը։ Մի՞թե մահվան մահճում մենք կասենք. «Ափսո՜ս, որ քիչ ժամանակ եմ անցկացրել սոցիալական ցանցերում»։

Կազմե՛ք այն ամենի ցանկը, ինչ կցանկանայիք անել ձեր կյանքի ընթացքում, և կանոնավոր կերպով թարմացրե՛ք այն։ Ի՞նչի համար եք դուք ժամանակ գտնում։ Ի՞նչ եք ուզում անել ձեր անգին կյանքի հետ։ Հոգեհանգստի արարողությունները, գերեզմանոցներն ու քաղցկեղի ստուգումները մարդկային մահկանացու լինելու առողջ հիշեցումներ են, որոնք օգնում են սահմանել առաջնահերթությունները։ Եթե չգիտեք, թե ինչն է ձեզ համար ամենակարևորը, փորձե՛ք մի կողմ դնել հեռախոսը և ազատությո՛ւն տվեք ձեր մտքերին։ Հիշե՛ք ասացվածքը. «Եթե ուզում ես իմանալ, թե ինչին է հակված սիրտդ, նայիր, թե ուր են փախչում մտքերդ»։

Կամ, ինչպես ասել է Ստիվ Ջոբսը. «Ձեր ժամանակը սահմանափակ է, մի՛ վատնեք այն՝ ապրելով ուրիշի կյանքով»։

Մի՛ շեղվեք նրանից, ինչը ճիշտ եք համարում։ Դրանք ձեր կյանքի առաջնահերթություններն են։ Ստորև բերված են մի քանի համապարփակ կանոններ, որոնք կօգնեն պարզելու՝ արդյոք տեխնոլոգիաներն օգնում են այդ նպատակների իրագործմանը, թե խանգարում։

Արդյո՞ք դա համախմբում է ընտանիքը։

Արդյո՞ք ամրապնդում է ընկերությունը։

Արդյո՞ք դա ավելացնում է ժպիտների քանակը։

Արդյո՞ք չի խախտում սրբազան ժամանակը։

Արդյո՞ք դա չի խանգարում զբաղվել նրանով, ինչը ձեզ հետաքրքիր է։

Արդյո՞ք ճիշտ է ընտրված ժամանակը։

Արդյո՞ք ճիշտ է ընտրված տեղը։

Արդյո՞ք ճիշտ է ընտրված տևողությունը։

Թերքլը հիշեցնում է մեզ. «Պետք չէ մերժել տեխնոլոգիաները կամ նվազեցնել դրանց նշանակությունը։ Պարզապես պետք է դրանք իրենց տեղը դնել»։

Օգտակար արտահայտություններ

Ես զանգահարում եմ տատիկիս։

Ես նայում եմ եղանակի տեսությունը, որպեսզի իմանամ՝ արդյոք անձրև չի գա, երբ գնանք այգի։

Ես պատրաստվում եմ աշխատել։ Աղմկոտ խաղերը՝ առաջին հարկում։

Քեզ իմաց կտամ, երբ ավարտեմ։

Ողջո՛ւյն: Ուրախ եմ քեզ տեսնելու համար: Ինչպե՞ս անցավ օրդ:

Դու իրավացի ես: Սեղանի շուրջ՝ ոչ մի հեռախոս:

Ներիր, բայց ես պետք է հեռախոսով խոսեի։ Շնորհակալ եմ, որ չաղմկեցիր։

Լավ է, որ գիտես, թե ինչպես պետք է վարվել, երբ կարևոր զանգ ունեմ։

Ես հասանելի չեմ լինի։ Առավոտյան անջատում եմ հեռախոսը։

Արտահայտություններ, որոնցից ավելի լավ է զերծ մնալ։

Դա ընդամենը մեկ րոպե կխլի։

Մմմ, ես քեզ լսեցի։

Հանգի՛ստ:

Մի՛ աղմկիր։

Ի՞նչ։

Ընտրությունը ձերն է

Համակարգչային տեխնիկայի օգտագործման հարցում կարգուկանոն հաստատելով՝ դուք ազդում եք ձեր թոռների վրա։ Եթե ձեր երեխաները տեսնում են, որ իրենց հետ արդարացի են վարվում, ամենայն հավանականությամբ, նրանք նույն կերպ կվարվեն նաև իրենց երեխաների հետ։ Սահմանափակումներն ու առողջ սովորությունները կարող են արդյունավետ լինել մի քանի սերունդների համար։

Վիրտուալ աշխարհը փոխվելու է։ Անհնար է կանխատեսել, թե ինչպիսին այն կդառնա․ մենք կարող ենք միայն ասել, որ՝ այլ։ Սակայն երեխան պատրաստ կլինի նոր սարքերի ու տեխնոլոգիաների ի հայտ գալուն, եթե գիտենա, թե ինչպես են մարդիկ բանական սահմանափակումներ դնում և հոգ տանում միմյանց մասին։ Նրանից կպահանջվի կառավարել իր ժամանակը տեխնոլոգիաների անընդհատ կատարելագործման դարաշրջանում։ Ահա թե ինչու այժմ նա ունի ձեր առաջնորդության կարիքը։ Երեխաներին անհրաժեշտ է, որ մենք մշակենք ընտանեկան կյանքի ռիթմը, սահմանափակումներ դնենք և ձևավորենք առողջ սովորություններ, որոնք ապագայի հիմքը կդնեն։

Էջի նկարը՝ Արմինե Թոփչյանի