Հեղինակ՝ Ռեյմոնդ Սմալլիան
Թարգմանիչ՝ Գևորգ Հակոբյան
Մերստոնի կղզին
Նավի վրա
1895 թվականի մայիսի 3։ Ես և Հոլմսը գտնվում ենք օվկիանոսային շքեղ նավի վրա, որն անցնում է Արևելյան Հնդկաստանի մի փոքրիկ կղզու կողքով։ Այդ ամենը տեղի ունեցավ հետևյալ կերպ։
Ես բաժանվել էի իմ ընթերցողից ուշ երեկոյան՝ Հոլմսի Եվրոպա մեկնելու նախօրեին։ Նա բացակայում էր գրեթե երեքուկես ամիս և բոլորովին անսպասելի վերադարձավ անցած շաբաթ՝ ապրիլի 28-ին։ Հրաշալի օր էր։ Ես զբոսնում էի այգում, երբ հանկարծ թիկունքիցս լսեցի ծանոթ ձայնը
-Ես ենթադրում էի, որ Ձեզ այստեղ կգտնեմ, — ասաց նա։ — Վերադարձա տուն, բացեցի ճամպրուկներս, հասկացա, որ Դուք դուրս եք եկել, և մտածեցի, որ այսպիսի հրաշալի եղանակին անպայման կցանկանաք զբոսնել։
Օ՜, Հոլմս, — ուրախությամբ բացականչեցի ես։ — Անգամ չէի էլ մտածում, որ Դուք արդեն վերադարձել եք։ Պատմե՛ք Ձեր ճանապարհորդության մասին։
-Ավելի ուշ, — ծիծաղեց Հոլմսը։ — Իսկ հիմա ասացեք՝ չե՞ք ցանկանա ինձ հետ ճանապարհորդել դեպի Արևելյան Հնդկաստան։
-Արևելյան Հնդկաստա՞ն, — զարմացած բացականչեցի ես։ — Իհարկե, կատակում եք։ Թե՞ Ձեր վերջին գործն է Ձեզ այնտեղ ձգում։
-Ո՛չ, իհարկե, — պատասխանեց նա։ — Ես հաջողությամբ ավարտեցի այդ գործը մայրցամաքում։ Այն այնքան բարդ չէր, որքան սպասում էի, և, ըստ էության, սովորական դեպք էր։ Այնուամենայնիվ, իմ ներկայությունը կենսական նշանակություն ուներ, և բոլոր հանցագործները ձերբակալվեցին։ Ուստի կրկին հարցնում եմ՝ ինչպե՞ս եք վերաբերվում Արևելյան Հնդկաստան մեկնելու առաջարկին։
-Բայց ծախսե՜րը, — առարկեցի ես։ — Իմ ներկայիս բանկային հաշիվը հազիվ թե թույլ տա ինձ նման շքեղություն։
-Փաստորեն, Վաթսոն, այս ճանապարհորդությունը մեզ ոչինչ չի արժենա, և ծովային ուղևորությունը նույնիսկ կարող է բավական օգտակար լինել։
-Մանրամասն բացատրեք, — խնդրեցի աճող հետաքրքրությամբ։
-Իհարկե, կբացատրեմ, — պատասխանեց Հոլմսը, — բայց նախ առաջարկում եմ ճաշել։ Այսօր չեմ հասցրել նախաճաշել։։
Մոտ մեկ ժամ անց՝ առատ ճաշից և իր վերջին գործի մասին մանրամասն պատմելուց հետո, մենք հարմարավետ տեղավորվել էինք պատշգամբում, և Հոլմսը շարունակեց.
-Ահա և վերջ, Վաթսոն, ինչ վերաբերում է գնդապետ Մերստոնին։ Հիշո՞ւմ եք, որ նա Արևելյան Հնդկաստանի մի շատ փոքրիկ կղզում գնեց իր եղբորը պատկանող տունը։
-Այո՛, հիշում եմ։
-Գիտե՞ք, թե ինչու է գնել այդ տունը։
-Ենթադրում եմ՝ որպես մեկուսի հանգստի վայր։
-Դա միայն պատճառներից մեկն է, Վաթսոն, բայց ոչ ամբողջ պատմությունը։ Ի՞նչ-որ բան գիտե՞ք Մերստոնի նախնիների մասին։
-Ոչինչ չգիտեմ։
-Նրա նախապապը՝ կապիտան Մերստոնը, բավական հայտնի անձնավորություն է եղել։
-Իսկ ինչո՞վ էր նա հայտնի։
-Ասում են՝ ծովահեն է եղել։
-Ծովահե՞ն, — զարմացա ես և ժպիտով ավելացրի․ — Դուք ասացիք՝ «հայտնի՞», թե՞ «վատ համբավ ունեցող»։
-Կարծում եմ՝ այս դեպքում այդ երկու ածականներից ցանկացածն էլ տեղին կլինի, թեև անձամբ ես նախընտրում եմ նրան հայտնի համարել։ Նա, իսկապես, շատ արտասովոր մարդ է եղել։
-Ի՞նչ իմաստով, — հարցրի՝ որոշակի թերահավատությամբ։
-Օ՜, Վաթսոն, նա նման էր Ռոբին Հուդին՝ թալանում էր հարուստներին և թալանածը բաժանում աղքատներին։ Ես նրան համարում եմ աշխարհի բոլոր ֆիլիբուստերներից ամենահամակրելին։ Իհարկե, ես չեմ պատրաստվում արդարացնել օրենքի հանդեպ նրա անհարգալից վերաբերմունքը։ Այնուամենայնիվ, լիակատար արդարության համար պետք է ավելացնել, որ որպես օրենքը խախտած մարդ՝ նա չափազանց մարդասեր էր։Նախ՝ նրա ծովահենությունը անարյուն էր․ առնվազն չկա որևէ վկայություն այն մասին, որ նա երբևէ որևէ մեկին ֆիզիկական վնաս է պատճառել։ Երկրորդ՝ նա երբեք չէր վերցնում գրավված նավի ամբողջ բեռը․ նա իր գերիների հետ վարվում էր ամենամեծ հարգանքով, և նրանց ազատ արձակելը նրա համար միշտ պատվի հարց էր։ Իրականում, դրա համար նա մեկ անգամ չէ, որ վտանգել է իր կյանքը։Երրորդ՝ նա միշտ փրկում էր ցանկացած նավ, որը հայտնվում էր աղետի մեջ։ Ինչպես արդեն ասացի, նա ավելի մարդասեր էր, քան իմ ծանոթ բոլոր ծովահեններից որևէ մեկը:
Որոշ ժամանակ առաջ ես նրա կյանքի վերաբերյալ լուրջ ուսումնասիրություն եմ կատարել և կարծում եմ, որ այն կարող էր հետաքրքրաշարժ պատմական վեպի հիմք դառնալ։ Նա բարձր զարգացած անհատականություն էր՝ հազվագյուտ ձեռագրեր հավաքելու մոլուցքով և շախմատի հանդեպ մեծ կրքով։ Կարծում եմ՝ հենց այդ կիրքը կարող է կապված լինել մեր առաջիկա ճանապարհորդության հետ։
-Մե՞ր ճանապարհորդությունը, Հոլմս, — ժպիտով հարցրի ես։ — Իմ փոխարեն որոշո՞ւմ եք կայացնում։
-Ես իսկապես կարծում եմ, որ դուք կցանկանաք մեկնել, Վաթսոն, երբ լսեք պատմության ավարտը։
-Համակ ուշադրություն եմ։
-Ծեր կապիտան Մարսթոնը գրեթե իր ամբողջ ավարը բաժանեց աղքատ, բայց արժանավոր ընտանիքներին։ Սակայն դրա մի մասը նա պահեց, և կարծում ենք, որ մահվանից քիչ առաջ այն թաքցրել է Արևելյան Հնդկաստանի մի փոքրիկ կղզում, որտեղ իր տունն էր կառուցել։
Այս կղզին տարիներ շարունակ պատկանում էր գնդապետ Մերսթոնի եղբորը՝ Էդուարդին։ Գրեթե հաստատված է, որ գանձը թաղված է կղզում՝ ինչ-որ տեղ, իսկ դրա մոտավոր արժեքը կազմում է շուրջ երկու հարյուր հազար ֆունտ՝ ոսկով և թանկարժեք քարերով։ Սակայն բացարձակապես անհայտ է, թե կոնկրետ որտեղ է թաղված գանձը, իսկ ամբողջ կղզին փորփրելն ավելի թանկ կարժենա, քան հենց գանձը։ Այսպիսով, գանձը շուրջ հարյուր տարի հանգչում է հողում։
Լոնդոնում գտնվելու ժամանակ, այն բանից մի քանի օր անց, երբ մենք նրա և սըր Ռեջինալդի հետ առաջին անգամ քննարկեցինք շախմատային խնդիրը, գնդապետ Մերսթոնն ինձ ասաց, որ Էդուարդը վերջերս ամուսնացել է մի ամերիկուհու հետ, որը չի դիմանում արևադարձային կլիմային և ցանկանում է ապրել իր ընտանիքի մոտ՝ Բոստոնում։ Ուստի Էդուարդը ամբողջ կալվածքը փոքր գումարով վաճառեել է իր եղբորը՝ պայմանով, որ գանձը հայտնաբերելու դեպքում այն հավասարապես կբաժանվի երկու եղբայրների միջև։
Այժմ, Վաթսոն, անցնում եմ պատմության եզրափակիչ մասին։ Մեկ շաբաթ առաջ Փարիզում գնդապետ Մերսթոնից հաղորդագրություն ստացա, որ գանձը գտնելու հույս է առաջացել, և նրան անհրաժեշտ է մեր օգնությունը։ Պարզվում է՝ Մերսթոնը մի քարտեզ է գտել, որը թաքցված է եղել կապիտանի հին գրադարանում պահվող հազվագյուտ գրքերից մեկի ձեռագրի էջերի արանքում։ Մանրամասներն ինձ հայտնի չեն, բայց Մերսթոնը վստահ է, որ քարտեզը կարող է բացահայտել գաղտնիքը։ Այն շախմատային դիրքերի սխեմաների տեսք ունի՝ յուրօրինակ կոդի ձևով արված ուղեկցող գրություններով։ Մերսթոնի խոսքերով՝ այստեղ անհրաժեշտ է գաղտնագրության և հետադարձ վերլուծության համադրություն։ Այդ պատճառով նա հրավիրում է մեզ իր կղզի՝ փոխհատուցելով մեր բոլոր ծախսերը՝ անկախ նրանից՝ գանձը կգտնվի, թե ոչ։ Հաջողության դեպքում եղբայրները խոստանում են մեզ տալ գանձի զգալի մասը։
Ա
Այսպիսով, այժմ մենք առաջին կարգի ուղևորներ ենք դեպի Արևելյան Հնդկաստան ընթացող շոգենավի վրա։ Մինչ այժմ եղանակը շատ լավ է եղել, և ճանապարհորդությունը խոստանում է հաճելի լինել։ Նավը պարզապես լեփ-լեցուն է շախմատիստներով։ Պարտիաներն ընթանում են տախտակամածին, սրահում, ճաշասրահում՝ գրեթե ամենուր։ Ուստի ես մեծ հաճույք եմ ստանում։ Իհարկե, մանրամասն գրանցում եմ մեզ հետ պատահող շախմատային բոլոր իրադարձությունները։
Այժմ ընթերցողը, որը ուշադիր հետևել է I մասում նկարագրված դեպքերին, պետք է որ հետադարձ վերլուծության ոլորտում լավ հմտություններ ունենա։ Ուստի նավի վրա տեղի ունեցող պատմությունները ես կներկայացնեմ այլ կերպ, քան արել եմ նախկինում։ Մասնավորապես, խնդրի նկարագրության մեջ լուծումը չեմ ներառի, այլ միայն կձևակերպեմ խնդիրները, որպեսզի ընթերցողը փորձի ինքնուրույն լուծել դրանք։ Բոլոր լուծումները տրված են այս գրքի վերջում։
Հնդկական շախմատի հավաքածուի հանելուկը
Մայիսի 4։ Այսօր տեղի ունեցավ շախմատային առաջին դեպքը, ընդ որում՝ արտասովոր։
Նավի վրա երկու եղբայր կա՝ Հնդկաստանի բնիկ բնակիչներ, որոնք ունեն հնդկական շախմատի մի հիանալի, բայց բավականին տարօրինակ հավաքածու։
Խաղաքարերի ձևը հեշտ է ճանաչել․ սովորականներից դրանք տարբերվում են միայն նրանով, որ նավակները պատրաստված են մարտական փղերի տեսքով, բայց անսովոր է դրանց գույնը։
Այս հավաքածուում սև և սպիտակ խաղաքարերի փոխարեն կարմիր և կանաչ խաղաքարեր են։
Ես և Հոլմսը տախտակի վրա տեսանք հետևյալ դիրքը։

Խաղացողները որոշ ժամանակով ընդհատել էին պարտիան և գնացել զբոսնելու նավի վրա։ Շախմատի մյուս սիրահարները դիտում էին անսովոր խաղաքարերը և փորձում էին կռահել, թե դրանցից որոնք են սպիտակները, իսկ որոնք՝ սևերը՝ միաժամանակ արտահայտելով իրար հակասող կարծիքներ։
Հոլմսը մոտ մեկ րոպե ուշադիր զննեց դիրքը, ապա ասաց. «Պարոնայք, կարիք չկա կռահելու․ տրամաբանորեն կարելի է եզրակացնել, թե այս գույներից որն է իրականում սպիտակը։
Այսպիսով, առաջարկում եմ ընթերցողին որոշել, թե այս գույներից որն է սպիտակը։
Եվս մեկ հարց՝ տեղադրության վերաբերյալ։
Մայիսի 6։ Հաջորդ դեպքը, որն ունի շատ գեղեցիկ լուծում, կրկին կապված է սխալ դիրքում տեղադրված զինվորի հետ։
Տախտակամածի վրա զբոսնելիս ես ու Հոլմսը նկատեցինք երկու պարոնի, որոնք մտահոգված ուսումնասիրում էին հետևյալ դիրքը։

Մենք կանգ առանք խաղացողների կողքին։
Այդ պահին սևերը կատարեցին փոխատեղում, և դրանից անմիջապես հետո Հոլմսը զինվորը ճիշտ դիրքում տեղադրեց։ Բնականաբար, երկու խաղացողներն էլ զարմացան և հետաքրքրվեցին, բայց Հոլմսը բացատրեց, թե ինչպես էր կռահել զինվորի դիրքը։ Իսկ ինչպե՞ս նա իմացավ այդ մասին։
Հոլմսը լուծում է վեճը։
Հարմար պահ որսալով՝ Ալիսը դիմեց երեքին էլ՝ հարցը լուծելու համար։ Նրանք կրկին ներկայացրին իրենց փաստարկները, բայց քանի որ բոլորը միաժամանակ էին խոսում, Ալիսին շատ դժվար էր հասկանալ, թե նրանցից յուրաքանչյուրն ինչ էր ասում։
Լյուիս Քերոլ
Մայիսի 8։ Հոլմսն այստեղ արդեն շախմատային դետեկտիվի համբավ էր ձեռք բերել։ Նրա մասին շատ էին խոսում, և հաջորդ՝ բավականին զվարճալի դեպքն ավելի մեծացրեց նրա ժողովրդականությունը։
Մենք տեսանք ընդհատված մի պարտիա և մի քանի խաղացողների, որոնք վիճում էին՝ արդյոք սևերը կարող են տվյալ դիրքում փոխատեղում կատարել (նկ. 30)։

Մեկը պնդում էր, որ սևերը կարող են կարճ փոխատեղում կատարել, բայց ոչ երկար։ Երկրորդն ասում էր, որ սևերը կարող են երկար փոխատեղում կատարել, բայց ոչ կարճ։ Երրորդը պնդում էր, որ նրանք ընդհանրապես չեն կարող փոխատեղում կատարել։ Նրանցից յուրաքանչյուրը ներկա էր եղել պարտիայի որոշակի փուլերում, բայց նրանցից ոչ մեկը պարտիան ամբողջությամբ չէր տեսել։ Այդ պատճառով նրանցից յուրաքանչյուրը տարբեր փաստեր էր հիշում և դրանք վկայակոչում իր տեսակետը հիմնավորելու համար։
Հոլմսի հայտնվելուն պես բոլորը դիմեցին նրան՝ խնդրելով լուծել իրենց վեճը։ Քանի որ նրանք միաժամանակ էին ներկայացնում իրենց տեսակետները, ինձ ու Հոլմսին շատ դժվար էր հասկանալ, թե նրանցից յուրաքանչյուրն ինչ էր ասում։ Երբ այս խառնաշփոթը մի կերպ հանդարտվեց, Հոլմսին հաջողվեց պարզել պարտիայի պատմության վերաբերյալ հետևյալ տեղեկությունները։
1. Սպիտակները սևերին առավելություն էին տվել՝ մեկ նավակով։
2․ Սպիտակները դեռ իրենց ձիերից և ոչ մեկով քայլ չէին արել։
3. Զինվորներից ոչ մեկը դեռ չէր փոխակերպվել այլ խաղաքարի։
4․ Սպիտակների վերջին քայլը եղել էր զինվորի քայլը e2-ից e4։
Այս փաստերն իմանալուց հետո Հոլմսը կրկին ուսումնասիրեց դիրքը և ասաց․
— Դուք բոլորդ սխալվում եք, պարոնա՛յք։ Եթե դուք ճիշտ եք ներկայացրել փաստերը, ապա սևերը կարող են փոխատեղում կատարել երկու կողմերից էլ, թեև այժմ քայլը նրանցը չէ։ Սակայն սպիտակների հաջորդ քայլից հետո սևերն իսկապես կարող են երկու կողմերից էլ փոխատեղում կատարել։
-Իսկ դա կարելի է ապացուցե՞լ, — զարմացած հարցրեց վիճողներից մեկը։
-Դե, իհարկե, — պատասխանեց Հոլմսը։
-Կարելի՞ է ապացուցել, որ սևերը կարող են փոխատեղում կատարել, — անվստահությամբ կրկին հարցրեց նույն վիճողը։
-Իհարկե։
— Իսկապես զարմանալի է, միստր Հոլմս։ Ես բազմաթիվ դիրքեր գիտեի, որոնցում կարելի է ապացուցել, որ տվյալ կողմը չի կարող փոխատեղում կատարել, բայց երբեք չէի հանդիպել մի իրավիճակի, երբ հնարավոր լիներ ապացուցել, որ տվյալ կողմը կարող է փոխատեղում կատարել։
-Ես էլ երբեք չեմ տեսել, — պատասխանեց Հոլմսը։
-Ահա թե ինչն է ինձ տարակուսանքի մեջ գցում, — շարունակեց վիճողը։ — Ես կարող եմ հասկանալ, թե ինչպես կարելի է ապացուցել, որ արքան կամ նավակը քայլ են արել, բայց երբեք չեմ հասկանա, թե ինչպես կարելի է ապացուցել, որ նրանք քայլ չեն արել։
-Տվյալ դեպքում դա ապացուցելը շատ հեշտ է, — ասաց Հոլմսը։
-Իսկ դուք հասկանո՞ւմ եք՝ ինչպես դա ապացուցել։
Կորած զինվորի դեպքը
Մայիսի 9։ Այսօր Հոլմսին խնդրեցին պարզաբանել ևս մեկ հարց, որին մենք հանդիպեցինք հետևյալ շախմատային դիրքում (նկ. 31)։
Սպիտակ զինվորն անզգուշաբար ընկել էր խաղատախտակից, և խաղացողներից ոչ մեկը հստակ չէր հիշում, թե որ դաշտում էր այն եղել։ Ուսումնասիրելով դիրքը՝ Հոլմսն ասաց․
— Ցավոք, միայն այս դիրքի հիման վրա անհնար է որոշել, թե որտեղ էր կանգնած զինվորը: Ինձ պարտիայի ընթացքի մասին որևէ տեղեկություն է պետք։ Ի՞նչ կարող եք ասել այդ մասին։

-Արքաները դեռ քայլ չեն արել, — պատասխանեց խաղացողներից մեկը։ — Դա ինչ-որ չափով կօգնի՞ ձեզ։
-Տեսնենք, — ասաց Հոլմսը՝ կրկին ուսումնասիրելով դիրքը։ — Դե, իհարկե, օգնում է։ Հիմա ես գիտեմ, թե որտեղ պետք է կանգնած լիներ զինվորը։
-Իսկ որտե՞ղ։
-Ինչի՞ց ելնելով։
Մայիսի 12։ Շախմատի տեսության տեսանկյունից՝ այսօրվա դեպքն ամենահետաքրքիրն էր նավի վրա մինչ այժմ տեղի ունեցած բոլոր դեպքերից։
Տախտակամածի վրա զբոսնելիս՝ անկյունը թեքվեցինք և հանկարծ տեսանք շախմատային պարտիա՝ հետևյալ դիրքում (նկ. 32)։

Սպիտակներով խաղացողը ձեռքը հեռացնում էր f4 դաշտում գտնվող զինվորից։ Ուրեմն նա հենց նոր էր այն տեղափոխել։
Սակայն մենք չէինք տեսել, թե որ դաշտից էր նա այն տեղափոխել՝ f2-ից, e3-ից, թե g3-ից:
Տեղավորվելով՝ սկսեցինք հետևել։ Սևերը դեռ չէին պատասխանել քայլին, իսկ Հոլմսը շատ ուշադիր ուսումնասիրում էր դիրքը։ Հանկարծ նա հարցրեց․
-Պարոնա՛յք, խաղատախտակի վրա կա՞ գոնե մեկ խաղաքար, որն անցողիկ զինվորի փոխակերպման արդյունքում է ստացվել։
-Ո՛չ, — պատասխանեց խաղացողներից մեկը։
-Օ՜, ուրեմն այս հանելուկի պատասխանը պարզ է, — ասաց Հոլմսը։
Ի՞նչ հանելուկ, — հարցրեց երկրորդ խաղացողը։
-Տեսնո՛ւմ եք, — պատասխանեց Հոլմսը, — անկյունը շրջանցելիս նկատեցի, որ դուք զինվորի քայլն ավարտեցիք, բայց չգիտեի, թե որ դաշտից էիք այն տեղափոխել։ Հիմա արդեն գիտեմ։
Հոլմսն ինչպե՞ս իմացավ դա։
-Դժվա՞ր է։
Մայիսի 14։ Այսօր ես ու Հոլմսը հանդիպեցինք հետևյալ շախմատային դիրքին (նկ. 33)։

-Թվում է՝ խաղի ընթացքում բավական դժվար է հասնել նման դիրքի, — նկատեցի ես։
Ի պատասխան՝ Հոլմսը հանկարծ ծիծաղեց։
-Գիտե՞ք, Վաթսոն, ես կարող էի ձեր բոսուելյան դիտարկմանը ջոնսոնյան պատասխան տալ։ Գիտե՞ք Ջոնսոնի և Բոսուելի մասին պատմությունը ջութակի համերգի ժամանակ։ Ջութակահար-վիրտուոզն իր ելույթն ավարտեց չափազանց բարդ մի երաժշտական հատվածով։ «Ըստ երևույթին, այս հատվածը շատ դժվար է կատարել» — ասաց Բոսուելը Ջոնսոնին։ «Դժվա՞ր, — պատասխանեց Ջոնսոնը։ — Ես կուզենայի, որ դա անհնար լիներ»։
Ես էլ կարող էի այս դիրքի վերաբերյալ նման դիտարկում անել՝ ասելով. «Դժվա՞ր է։ Ես կուզենայի, որ դա անհնար լիներ»։ Սակայն հազիվ թե արժե այդպես ասել, քանի որ այս դիրքն իրականում անհնար է։ Չգիտեմ՝ ովքեր են խաղացել այս պարտիան, բայց ով էլ որ լինեն, նրանք չգիտեն շախմատի կանոնները։
Հոլմսն ինչպե՞ս որոշեց, որ այս դիրքն անհնար է։
Այս հատվածում բերված խնդիրների լուծումները կներկայացնեք հաջորդ անգամ։ Մինչ այդ փորձեք ինքնուրույն գտնել լուծումները։
Էջի նկարը՝ Արմինե Թոփչյանի
