Ներածական մաս
Այս հոկտեմբերին Հայաստանը դառնում է բնապահպանական գլոբալ ուշադրության կենտրոն՝ հյուրընկալելով COP-17 համաժողովը։ Աշխարհն անհանգստացած է կենսաբազմազանության, անհետացող տեսակների, էկոհամակարգերի հավասարակշռության և մոլորակը փրկելու հրամայականով։ Պարբերաբար հավաքվում են նման հարցեր քննարկելու։
Բայց երբ հայացք ենք նետում մեր ներքին՝ հասարակական ու հոգևոր միջավայրին, մասնավորապես՝ կրթությանը, տեսնում ենք զարմանահրաշ և միաժամանակ տագնապալի մի փաստ։ Մենք հաճախ մոռանում ենք, որ միատեսակ դպրոցական շենքերը դեռ կրթական համակարգ չեն, իսկ կրթական գործի բուն մասնակիցները՝ ուսուցիչը, սովորողը և ծրագրերը, այդ շենքերում տեղադրված մեխանիկական դետալներ չեն, այլ կենդանի, շնչող էկոհամակարգ։
Պետության կողմից հստակ միտում է զգացվում բոլոր դպրոցները դարձնել միատեսակ՝ հեշտ հսկվելի։ Իսկ բնության մեջ, ինչպես և կրթության մեջ, կանոնն անխախտ է. մոնոկուլտուրան (միատեսակությունը) տանում է դեգեներացիայի, իսկ բազմազանությունը՝ կյանքի ու զարգացման։
1. Կրթությունը որպես կենդանի էկոհամակարգ
Բնության մեջ անտառը կենդանի օրգանիզմ է, որտեղ միահյուսված են հարյուրավոր տեսակի բույսեր, ծառեր և միկրոօրգանիզմներ։ Եթե այնտեղ մնա միայն միատեսակ ծառերի մեկ տեսակ, անտառը կկորցնի իր ինքնակարգավորման ու կայունության ունակությունը։ Կամ պատկերացնենք մի տարածք, որտեղ խախտվել է բնական շղթան, և վերացել են հավասարակշռությունը պահպանող տարրերը․ համակարգն անխուսափելիորեն գնում է կործանման։
Նույն կերպ կրթական համակարգը չի կարող դիտարկվել որպես մեխանիկական գործարան, որտեղ «արտադրվում են» միանման շրջանավարտներ։ Առողջ կրթական դաշտը պահանջում է բազմազանություն՝ հանրակրթության մասին ՀՀ օրենքով նախատեսված հեղինակային, այլընտրանքային, մասնագիտացված և դասական դպրոցների համակեցություն։ Այս բազմազանությունն է, որ յուրաքանչյուր երեխայի տալիս է իրեն համապատասխան «էկոլոգիական խորշը» գտնելու և լիարժեք բացվելու հնարավորություն։
2. Մոնոկուլտուրայի վտանգը և բյուրոկրատական ճնշումը
Այսօր մեր կրթական համակարգի ամենամեծ վտանգն ու արգելակը միատարրության՝ մոնոկուլտուրայի ձգտումն է։ Կենտրոնացված վարչարարությունը, նախարարության մշտական փորձը՝ «բոլոր թելերը մեկ ձեռքում հավաքելու», խիստ հսկողությունն ու համահարթեցումը փորձում են կաղապարել դպրոցները։
Գյուղատնտեսության մեջ մոնոկուլտուրան սպանում է հողի բերրիությունը և այն խոցելի դարձնում առաջին իսկ հիվանդության ժամանակ։ Նույն կերպ էլ կրթության մեջ․ երբ ամեն ինչ ենթարկվում է խիստ, միանման հրահանգների և բյուրոկրատական հաշվետվությունների, սպանվում է ստեղծարար միտքը, իսկ դպրոցը կորցնում է իր ինքնատիպ դեմքը։
3. Ազատություն և համայնքային վստահություն
Ինչպե՞ս բուժել համակարգը։ Պատասխանը պարզ է՝ վերահսկողությունը պետք է փոխարինել փոխադարձ վստահությամբ։ Կրթական էկոհամակարգի բնականոն զարգացման համար կենսականորեն անհրաժեշտ են ազատությունը, դպրոցների ինքնավարությունը և նրանց զարգացմանը նպաստելը՝ ինչպես պետական կառույցների, այնպես էլ բուն կրթական համայնքի կողմից։ Պետական ու տեղական իշխանությունների և կրթական համայնքի փոխհարաբերությունները վարչա-հրամայականից պետք է անցնեն փոխադարձ օգնության և վստահության դաշտ։
Երբ որոշումների կայացման լծակները տրվում են մանկավարժական համայնքին ու ծնողներին, համակարգը դառնում է դիմացկուն, ճկուն և ունակ՝ արձագանքելու ժամանակի մարտահրավերներին։
Եզրակացություն. Ապագայի կրթական էկոհամակարգը
Այս հոկտեմբերին, երբ Հայաստանը հյուրընկալում է COP-17 համաժողովը, եկեք մտածենք ոչ միայն բնության կանաչ սահմանների, այլև մեր մտքի ու կրթության էկոհամակարգի մասին։ Կրթական բազմազանության՝ տարբեր կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների, կրթահամալիրների պաշտպանությունը և նրանց աջակցությունը, բյուրոկրատական կապանքներից ազատագրումը և դպրոցների ինքնավարության ապահովումը մեր երկրի ապագայի, մտավոր հարստության և կայուն զարգացման միակ հավաստի գրավականն են։
Նորից հիշեցնենք․ կրթության բնագավառում համահարթեցումը տանում է համակարգի խոցելիության մեծացման։ Իսկ առողջ կրթական էկոհամակարգը պահանջում է մեթոդների, մոտեցումների, գաղափարների և անհատականությունների բազմազանություն։
