Նման հոդված գրելու շարժառիթը դարձան «Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 167-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը», ինչպես նաև՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Մանկավարժության լաբորատորիայի ղեկավար Մարգարիտ Սարգսյանի նկատառումներն այդ նախագծի վերաբերյալ:

Կարդացի նախագիծը և այն կարծիքին եմ, որ այստեղ քննարկելու որևէ բան չկա: Կատարվել են միայն կազմակերպչական, վարչական և ֆինանսական հետևանքներ ունեցող փոփոխություններ, որոնք սոսկ պետք է ընդունել որպես ի գիտություն: Միանգամայն ճիշտ է բնորոշել Մարգարիտ Սարգսյանն այդ փոփոխությունները՝ «…պարզապես որոշակիորեն վերաձևակերպում են գործող համակարգը՝ պահպանելով դրա հիմնական տրամաբանությունը»: Մարգարիտն այն կարծիքին է, որ կամավոր ատեստավորման համակարգը որևէ էական փոփոխություն, առաջընթաց չի արձանագրել հանրապետության հանրակրթության ոլորտում: Սահմանվել են Հանրակրթության պետական չափորոշիչները, բայց արդյո՞ք ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացը նպաստել է այդ չափորոշիչների տարրական, հիմնական և միջնակարգ կրթական աստիճանների վերջնարդյունքների բարելավմանը հանրակրթական դպրոցներում: Այս առումով միանգամայն տեղին է Մարգարիտ Սարգսյանի պնդումը, որ ուսուցիչների ատեստավորման արդյունավետությունը պետք է գնահատվի ոչ միայն քննությունը հաղթահարած ուսուցիչների թվով, այլև այն փոփոխություններով, որոնք տեղի են ունենում դասարանում, սովորողի կյանքում, դպրոցի մշակույթում և ամբողջ կրթական համակարգում։  

Մարգարիտը էլ ավելի առաջ է գնում իր եզրահանգումներում և գրում է, որ մենք ասում ենք, որ դպրոցը պետք է ձևավորի մտածող, նախաձեռնող, հետազոտող, ստեղծագործող, ինքնուրույն որոշումներ կայացնող անհատ, իսկ ուսուցչին առաջարկում ենք պատրաստվել քննության, յուրացնել մեծածավալ մասնագիտական նյութ որոշակի աղբյուրներից, անգիր անել սահմանումներ, տարբերակել մանր ու բարդ տեսական դրույթներ և սահմանափակ ժամանակում լուծել նեղ մասնագիտական առաջադրանքներ։

Մեր երկրի կրթական համակարգում առաջացած այս իրական հակասությունը լուծելու համար Մարգարիտն առաջարկում է ուսուցիչների մասնագիտական գիտելիքների ստուգմանը նպատակաուղղված կամավոր ատեստավորման քննությունը փոխարինել հետազոտական աշխատանքով: Գերազանց է գրված հետազոտական աշխատանքի թեմաների ընտրության մասին հատվածը, որը ներառում է մանկավարժական գործունեության գրեթե բոլոր ուղղությունները՝ ուսումնական առարկայի կամ դասընթացի կատարելագործում, ուսուցման մեթոդներ, սովորողի անհատական զարգացում, սովորողների առաջադիմության թվանշանային և որակական գնահատում, նախագծային ուսուցում, կրթական տեխնոլոգիաներ և ուսումնական միջավայր: Այստեղ կարելի է ավելացնել նաև առարկայական ծրագրի բովանդակությանը (գիտելիք, հմտություն, դիրքորոշում, արժեքային բաղադրիչ) վերաբերող նշումներ ըստ ուսումնական ոլորտների՝ մայրենի լեզու և գրականություն, պատմություն և հասարակագիտություն,  մաթեմատիկա, բնագիտություն, օտար լեզուներ, համակարգչային տեխնիկա/ինֆորմատիկա: Այնուամենայնիվ, պետք է արտահայտեմ իմ կարծիքն այն մասին, որ տարիներ առաջ ընդունված (հենց Մարգարիտ Սարգսյանի կողմից առաջարկված ) և որոշ ժամանակ գործող կամավոր ատեստավորման մեր կրթահամալիրային այլընտրանքն ավելի ընդունելի է, քանի որ այն ներառում է հեղինակային կրթական ծրագրի անհամեմատ ավելի շատ բաղադրիչների հանրային ներկայացում ատեստավորվող մանկավարժի կողմից՝ հրապարակումներ «Դպիր»-ում, մեթոդական մշակումներ, առարկայական ուսումնական ծրագրերի կազմում, իրականացրած ուսումնական նախագծեր, ուսճամփորդություններ,,, :

Այս ամենով հանդերձ՝ միանգամայն հասկանալի է, որ մեր կրթահամալիրի Մանկավարժության լաբորատորիայի ղեկավար Մարգարիտ Սարգսյանը հետազոտական աշխատանքի կատարումը որպես կամավոր ատեստացիայի քննական թեստի այլընտրանք արել է՝ նկատի ունենալով կրթահամալիրում աշխատող մանկավարժներին, քանի որ վերը թվարկված մանկավարժական գործունեության ձևերը հիմնականում մեր կրթահամալիրում իրապես իրականացվող գործառույթներ են:

Այստեղ հարց է առաջանում. ի՞նչ կրթական քաղաքականություն պետք է ընդունի ԿԳՄՍ նախարարությունը, որպեսզի հանրապետության այլ հանրակրթական դպրոցներում նույնպես փարատվի մանկավարժների մասնագիտական գիտելիքների չափի վերաբերյալ կասկածը, և կամավոր ատեստավորումը չսահմանափակվի միայն նրանց մասնագիտական գիելիքները ստուգող հարցաշարերով:  

Հնարավոր կլինի՞ ուսումնական առարկայի դասավանդման մեթոդաբանության, նորարար մանկավարժական մոտեցումների վրա հիմնված հարցաշարերով անցկացնել հանրապետության այլ հանրակրթական դպրոցների ուսուցիչների կամավոր ատեստավորումը:

Հայաստանի համալսարաններում պաշտոնապես դասավանդվում է «որոշակի ուսումնական առարկայի դասավանդման մեթոդիկա» կամ «մեթոդաբանություն», սակայն դասախոսների կողմից սեփական դասերի ընթացքում ճիշտ մեթոդաբանական ուղղվածության կիրառումը մնում է հայաստանյան կրթական համակարգի ամենացավոտ և չլուծված խնդիրներից մեկը։

Հայաստանի Հանրապետության հանրակրթության նոր պետական չափորոշիչը հաստատվել է 2021 թվականի փետրվարի 4-ին (ՀՀ կառավարության N 136-Ն որոշմամբ): Պետական չափորոշչում հստակեցված են սովորողների 8 կարողունակությունները: Իսկ հանրակրթական դպրոցների ուսուցիչները գիտեն արդյոք, թե ինչ կարողունակություններ պետք է ունենա հանրակրթական դպրոցի ուսուցիչը, որպեսզի սովորողի մոտ կարողանա ձևավորել այդ 8 կարողունակությունները, ինչպես նաև՝ սովորողները բավարարեն չափորոշիչներում նշված սովորողների գիտելիքներին և կարողություններին ներկայացվող բոլոր դասարանների վերջնարդյունքային պահանջները:

Այս առաջ քաշված հարցադրումներին միանշանակ և վստահ պատասխան տալ չկարողանալն է ստիպում մտածել, որ մեր երկրի կրթական բարեփոխումները պետք է սկսել նախ և առաջ բարձրագույն ուսումնական հաստատություններում՝ համալսարաններում:

Տարբեր ուսումնական առարկաների դասավանդման մեթոդաբանությունները Հայաստանի բուհական ծրագրերի պարտադիր մասն են, հատկապես մանկավարժական ուղղվածություն ունեցող ֆակուլտետներում: Մանկավարժական կադրեր պատրաստում են Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում: ԵՊՀ-ի, Բրյուսովի համալսարանի և Շիրակի ու Վանաձորի պետական համալսարանների մանկավարժական բաժիններում կան հատուկ դասընթացներ՝ «Մաթեմատիկայի դասավանդման մեթոդիկա», «Օտար լեզուների դասավանդման մեթոդիկա», «Պատմության դասավանդման մեթոդիկա» և այլն։ Խնդիրն այն է, որ դասախոսներն իրենք կիրառում են ոչ ճիշտ մեթոդաբանություն:

Որո՞նք են հիմնական մեթոդաբանական խնդիրները Հայաստանի համալսարաններում։

  • Ավանդական (պասիվ) մեթոդների գերակայություն։ Դասախոսների մեծ մասը դեռևս առաջնորդվում է «մենախոսության» (լեկցիոն) ձևաչափով: Դասախոսը պարզապես կարդում կամ թելադրում է նյութը, իսկ ուսանողը պասիվ լսող է կամ կոնսպեկտավորող:
  • «Գիտնական, բայց ոչ մանկավարժ» դասախոսը։ Շատ դասախոսներ իրենց ոլորտի փայլուն մասնագետներ կամ գիտնականներ են, ունեն գիտական կոչումներ, բայց չունեն մանկավարժական կարողություններ և հմտություններ: Նրանք տիրապետում են ուսումնական առարկային վերաբերող տեղեկատվության մեծ մասին, բայց չեն կարողանում այն մեթոդապես ճիշտ, մատչելի և հետաքրքիր փոխանցել ուսանողին:
  • Գնահատման հնացած համակարգ։ Շատ դեպքերում խրախուսվում է նյութի մեխանիկական սերտումը (վերարտադրողական մեթոդ), այլ ոչ թե քննադատական մտածողությունը, վերլուծությունը կամ գործնական կիրառությունը:

Այս թվարկած երեք պատճառներն են, որ կրթությունը հաճախ մնում է դասախոսակենտրոն, այլ ոչ թե ուսանողակենտրոն, թեև վերջին տարիներին արտասահմանում կրթություն ստացած երիտասարդ կադրերի հաշվին իրավիճակը աստիճանաբար փոխվում է:

Վերը թվարկած երեք պատճառների հետևանքն է, որ համալսարանում ձևավորվում է պասիվ, տարբեր իրավիճակներում հիմնականում դիտողի և լսողի կարգավիճակով անկամք ու մանկավարժական գործունեությամբ չհետաքրքրվող ուսանող, ով դիպլոմ է ստանում և գնում դպրոց՝ ուսուցիչ աշխատելու՝ ետևում ունենալով ձևական անցկացրած մանկավարժական պրակտիկա մի որևէ դպրոցում: Այսքանից հետո ուզո՞ւմ ենք, որ մեր դպրոցները համալրվեն բանիմաց մանկավարժներով:

Իսկ ինչպե՞ս են բանիմաց և կարող ուսուցիչներ պատրաստում կրթական առաջատար համակարգեր ունեցող երկրներում:

Ֆինլանդիա

Ուսուցիչ պատրաստող բոլոր ծրագրերը պահանջում են մագիստրոսի աստիճան:

Առարկայական մեթոդաբանությունը չի դասավանդվում կտրված իրականությունից. ապագա ուսուցիչները սովորում են կիրառել քննադատական մտածողություն, իրականացնել մանկավարժական հետազոտություններ և անցնում են երկարատև կլինիկական/դպրոցական պրակտիկա՝ փորձառու մենթորների ուղեկցությամբ: Մոտավորապես նույն գործունեությունն է իրականացնում նաև «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր ոտք դրած նորեկ ուսուցիչը: Աշխատանքային առաջին երեք ամիսներին նա աշխատում է փորձառու մենթոր-ուսուցչի ղեկավարությամբ:

Մեծ Բրիտանիա և ԱՄՆ (Պրակտիկային մոտեցված համակարգեր)

Անգլիայում գործում է PGCE (Postgraduate Certificate in Education-կրթության ոլորտի հետբուհական վկայական), որը ստանալու համար մանկավարժական մասնագիտություն սովորող ուսանողն իր ուսումնառության վերջին տարվա մինչև 70-80%-ը անցկացնում է դպրոցներում՝ մանկավարժ մեթոդիստի հսկողությամբ իրական դասարաններում աշխատելով:

Գերմանիա (Երկփուլ համակարգ)

Ուսուցչի պատրաստումը բաժանված է երկու հստակ փուլի. առաջինը համալսարանական ակադեմիական կրթությունն է, երկրորդը՝ պարտադիր երկամյա գործնական վերապատրաստումը դպրոցում, և որպես ուսանող գնահատվում է մեթոդաբանական հմտությունների համար:

Ուսուցիչների մասնագիտական չափորոշիչներ գործու՞մ են առաջնակարգ կրթական համակարգեր ունեցող երկրներում

Ուսուցիչների մասնագիտական չափորոշիչները (Professional Teaching Standards) գործում են աշխարհի ավելի քան 80% երկրներում։ Դրանք ներդրվել են կրթության որակը վերահսկելու, ուսուցիչների որակավորումը բարձրացնելու և նրանց կարիերայի աճը համակարգելու նպատակով։

Ամփոփում

Բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսուցիչների պատրաստման խնդիրը

Հայաստանյան կրթական համակարգի ամենացավոտ խնդիրներից մեկը կապի բացակայությունն է հանրակրթության պահանջների և բուհական ծրագրերի միջև։ Փաստորեն Հայաստանում չեն ընդունվել ուսուցիչների մասնագիտական չափորոշիչներ: Այդուհանդերձ, ընդունված են ուսուցիչների գնահատման տարակարգեր, որոնք շնորհվում են հիմնականում հաշվի առնելով ուսուցչի մասնագիտական գիտելիքները ատեստացիայի միջոցով:

Ի՞նչ ունենք այսօր: Բուհերում գործում են Մասնագիտության կրթական ծրագրերը (ՄԿԾ) և Բարձրագույն մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչները։ Սակայն դրանք հիմնականում ուղղված են ուսանողին ակադեմիական գիտելիք տալուն (օրինակ՝ որ լավ մաթեմատիկոս կամ պատմաբան դառնա), բայց ոչ թե նպատակային պատրաստելուն այն գործնական հմտություններին, որոնք պահանջում է դպրոցի նոր չափորոշիչը։

Բուհերում ուսուցիչների պատրաստման առանձին, միասնական պետական մասնագիտական չափորոշիչ, որը համահունչ կլիներ դպրոցական նոր պահանջներին, փաստացի չկա: Ստացվում է պարադոքսալ իրավիճակ. պետությունը դպրոցի ուսուցչից պահանջում է կարողունակություններ, նախագծային ուսուցում և ՏՀՏ հմտություններ, բայց բուհը շարունակում է ապագա ուսուցիչներին պատրաստել հին, տեսական մեթոդներով:

Ինչպե՞ս է լրացվում այդ բացը: Քանի որ բուհական համակարգը դանդաղ է արձագանքում փոփոխություններին, ԿԳՄՍ նախարարությունը ստիպված է լինում ուսուցիչների վերապատրաստումն ու «չափորոշումը» անել արդեն դպրոց մտնելուց հետո՝ հենց կամավոր ատեստավորման, տարակարգերի և Ուսուցիչների շարունակական մասնագիտական զարգացման (CPD) նոր շրջանակի միջոցով:

Շրջանը փակվեց: Կունենա՞նք խոստումնալից ապագա: Առայժմ աղոտ է ապագան:

Օգտագործված աղբյուրներ՝

Strengthening Clinical Preparation: The Holy Grail of Teacher Education.

Transforming Teacher Education Through Clinical Practice Report.

Teacher Education Around the World Study.

Teacher professional standards across leading
education systems

https://scholarworks.bgsu.edu/cgi/viewcontent.cgi?article=1801&context=honorsprojects