Ի՞նչ պետք է փոխվի ատեստավորման փիլիսոփայության մեջ․ ինչպե՞ս եմ ես տեսնում զարգացումը

Շարունակեմ․․․

Ուսուցիչը պարզապես գիտելիքի կրող չէ․ դրա համար կան գրքեր, համացանց՝ մեդիա և տպագիր բազմաթիվ ռեսուրսներ։ Ուսուցիչը սովորել սովորեցնողն է, աջակիցը, ոգևորողը․․․Ուսուցիչն ամեն օր աշխատում է սովորողների, ծնողների հետ, բախվում տարբեր իրավիճակների ու խնդիրների, խոսում ու լսում յուրաքանչյուր սովորողի, որն անհատականություն է՝ իր ուրույն զարգացմամբ, առանձնահատկություններով, կրթական պահանջմունքներով։ Նրա մասնագիտական արժեքը միայն դասագրքային, բառարանային գիտելիքի իմացությամբ կամ մեթոդական պահանջների անգիր յուրացմամբ չի կարող չափվել։

Ուսուցիչը մասնագետ է, որի աշխատանքը ենթադրում է մշտական որոնում, փորձարկում, վերլուծություն, նորարարություն և ստեղծագործական մտածողություն։ Ուսուցիչն աշխատում է մերօրյա սովորողի հետ՝ բախվելով ժամանակի մարտահրավերների հետ․ սովորողի հոգեբանություն, զարգացման առանձնահատկություններ, մտածողություն․․․

Կարծում եմ՝ կամավոր ատեստավորումը չպետք է վերածվի հերթական քննության, որի համար ուսուցիչը ստիպված է ամիսներով պարապել, անգիր անել տեսական նյութեր և պատրաստվել ճիշտ պատասխաններ վերարտադրելուն։ Ատեստավորումը պետք է դառնա հնարավորություն՝ բացահայտելու ուսուցչի իրական մասնագիտական ներուժը, խրախուսելու նրա նախաձեռնությունը և հնարավորություն տալու նրան դրսևորվել որպես հետազոտող, ստեղծագործող ու հանրային մասնագիտական խոսքի կրող։ Մարդ, որ գործառույթը կրթական գործընթացի կազմակերպումն ու համապատասխան հմտությունների ձևավորումն է։

Մեր առաջարկած մոտեցման առանցքում մեկ կարևոր գաղափար է՝ ուսուցչին պետք է հնարավորություն տալ ոչ թե պարզապես քննվելու, թեստ լրացնելու, այլ ստեղծագործելու և հետազոտելու։

Առաջարկում եմ ատեստավորման պարտադիր և բովանդակային բաղադրիչ դարձնել ուսուցչի ընտրած-առաջարկած թեմայով նոր հետազոտական կամ ստեղծագործական աշխատանքի իրականացումը։ Այն պետք է դառնա ուսուցչի մասնագիտական կարողությունների բացահայտման, զարգացման հիմնական հարթակներից, խթաններից մեկը, ոչ թե հերթական պարտականությունը, ձևը։ Ուսուցիչն ինքն է ընտրում իրեն հետաքրքրող թեման, ուսումնասիրում իր մասնագիտական գործունեության ընթացքում նկատած խնդիրը, ձևակերպում հետազոտության, ստեղծագործության նպատակը, դիտարկումներ ու փորձարկումներ իրականացնում, մշակում նոր մեթոդներ, ուսումնական նյութեր կամ մանկավարժական լուծումներ և վերլուծում ստացված արդյունքները։ Թեման կարող է վերաբերել հեղինակային կրթական ծրագրի զարգացմանը, ուսումնական առարկայի կամ դասընթացի կատարելագործմանը, ուսուցման մեթոդներին, սովորողի անհատական զարգացմանը, գնահատմանը, նախագծային ուսուցմանը, կրթական տեխնոլոգիաներին, ուսումնական միջավայրին կամ մանկավարժական գործունեության ցանկացած այլ ուղղության։ Ավելին՝ աշխատանքը պարտադիր չէ, որ ունենա գիտական հոդվածի ավանդական ձևաչափ։ Այն կարող է լինել փորձարարական նախագիծ, հեղինակային մեթոդի մշակում, ուսումնական միջավայրի ուսումնասիրություն, ստեղծագործական նախագիծ, մեթոդական մշակում կամ այլ ինքնուրույն աշխատանք։ Ուսուցիչը պետք է հնարավորություն ունենա իր աշխատանքի ընթացքն ու արդյունքները ներկայացնելու անհատական ուսումնական բլոգում կամ այլ մասնագիտական մեդիա հարթակում՝ իր մտորումները, փորձարկումները, բացահայտումներն ու եզրակացությունները դարձնելով հասանելի մյուսներին։

Աշխատանքի իրականացման շրջանակում ուսուցիչը պետք է հնարավորություն ունենա՝

  1. Ընտրելու թեման։ Այն պետք է բխի իր մասնագիտական հետաքրքրություններից, մանկավարժական գործունեությունից, կրթական միջավայրում նկատած խնդրից, հանրակրթությունը զարգացնելու տեսլականից, Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված նպատակներից և դրանց գործնական կիրառությունից։
  2. Հետազոտելու և փորձարկելու։ Ուսուցիչը պետք է ուսումնասիրի խնդիրը, պարզի դրա առաջացման պատճառները, իրականացնի դիտարկումներ, փորձարկի մեթոդներ և մշակի նոր լուծումներ։
  3. Ստեղծելու։ Արդյունքը կարող է լինել հեղինակային մեթոդ, ուսումնական նյութ, կրթական նախագիծ, գնահատման գործիք կամ մանկավարժական նոր մոտեցում։
  4. Վերլուծելու։ Նա պետք է կարողանա ներկայացնել իր աշխատանքի ընթացքը, դժվարությունները, արդյունքներն ու բացահայտումները, ինչպես նաև հիմնավորել իր եզրակացությունները։
  5. Հանրայնացնելու։ Իր աշխատանքը պետք է ներկայացնի անհատական բլոգում կամ այլ հասանելի մասնագիտական հարթակում՝ այն հասանելի դարձնելով կրթական համայնքին։
  6. Կիսվելու և ազդեցություն ունենալու։ Ուսուցիչը պետք է հնարավորություն ունենա իր փորձով մասնակցելու կրթական քննարկումներին և նպաստելու այլ ուսուցիչների մասնագիտական զարգացմանը։

Կարևոր է, որ ուսուցիչը ոչ միայն վերջնական աշխատանքը ներկայացնի, այլև պարբերաբար հրապարակայնացնի դրա ընթացքը, միջանկյալ արդյունքները, դժվարություններն ու մասնագիտական մտորումները։ Սա հնարավորություն կտա և՛ ընթացքին հետևելու, և՛ կեղծարարությունից խուսափելու։

Ինչպե՞ս գնահատել ուսուցչի հետազոտական աշխատանքը․ պարզ է, որ նման մոտեցումը բարդ է, ստուգելը, գնահատելը դժվար է։

Առաջարկվող մոտեցումը չի նշանակում, որ գնահատումը պետք է դառնա սուբյեկտիվ կամ ձևական։ Ընդհակառակը՝ անհրաժեշտ է մշակել հստակ, թափանցիկ և բոլորի համար հասկանալի գնահատման չափանիշներ։

Գնահատման կենտրոնում պետք է լինեն՝

  • Ինքնուրույնությունը և հեղինակային ներդրումը՝ որքանով է աշխատանքը ուսուցչի սեփական նախաձեռնության և մտածողության արդյունք։
  • Խնդրի արդիականությունն ու հիմնավորվածությունը՝ որքանով է ընտրված թեման առնչվում իրական մանկավարժական խնդրի։
  • Հետազոտական մտածողությունը՝ որքանով է ուսուցիչը կարողանում հարցադրումներ ձևակերպել, ուսումնասիրել, դիտարկել և վերլուծել։
  • Ստեղծագործական նախաձեռնությունը՝ ինչ նոր մոտեցումներ, մեթոդներ կամ լուծումներ է առաջարկում։
  • Փորձարկումների հիմնավորվածությունը՝ որքանով են ընտրված գործողություններն ու մեթոդները համապատասխանում հետազոտության նպատակին։
  • Արդյունքների վերլուծությունը՝ որքանով է ուսուցիչը կարողանում ներկայացնել ոչ միայն հաջողությունները, այլև դժվարությունները, անհաջող փորձերն ու դրանցից քաղած դասերը։
  • Կիրառելիությունն ու տարածման հնարավորությունը՝ ինչ արժեք կարող է ունենալ աշխատանքը մյուս ուսուցիչների և կրթական համայնքի համար։
  • Արդիականությունն ու կապը ներկայի հետ՝ որքանով և ինչպես կարող է կապվել այսօրվա սովորողի, դպրոցի, ուսումնական գործընթացի հետ։

Հատուկ շեշտեմ՝ հետազոտական, ստեղծագործական աշխատանքի գնահատումը չպետք է կախված լինի միայն այն բանից, թե ուսուցիչը հասե՞լ է նախապես ակնկալվող արդյունքին։ Հետազոտությունը միշտ չէ, որ ավարտվում է հաջողված փորձարկմամբ։ Կարևորը սկզբունքների պահպանումն է, աշխատանքը, դրա ներկայացումը, որից հասկանալի է դառնում ուսուցչի ներուժը, մտածողությունը․․․

Պետք է գնահատել ոչ միայն արդյունքը, այլև մտածողության ընթացքը, ինքնուրույնությունը, մասնագիտական դատողությունը և փորձից սովորելու կարողությունը։ Անհրաժեշտ է նաև ապահովել աշխատանքների գնահատման թափանցիկությունը, գնահատողների պատրաստվածությունը և առարկայական ու մասնագիտական առանձնահատկությունների հաշվառումը։ Ատեստավորումը չպետք է դառնա ուսուցչի համար նոր բեռ․ սա պարզ է։ Ատեստավորում տանջանքի ու վախի մթնոլորթի ստեղծման համակարգ դարձնելը ձախողման կտանի։

Այս առաջարկի իրականացման համար անհրաժեշտ է նաև մտածել ուսուցչի աշխատանքի պայմանների մասին։

Եթե հետազոտական աշխատանքը պարզապես ավելացվի ուսուցչի առօրյա պարտականություններին, առանց մեթոդական աջակցության, ժամանակի և անհրաժեշտ ռեսուրսների տրամադրման, ապա մենք կստանանք հերթական ձևական պահանջը։ Պետք է նախատեսել խորհրդատվություն, մեթոդական աջակցություն, հետազոտական աշխատանքի իրականացման ուղեցույցներ, մասնագիտական մենթորություն և հասանելի հարթակներ․ անվճար աջակցություն Հատուկ ուշադրություն պետք է դարձնել նաև հավասար հնարավորություններին։ Բոլոր ուսուցիչները չունեն նույն տեխնիկական, նյութական և մասնագիտական ռեսուրսները։ Հետևաբար գնահատումը չպետք է առավելություն տա այն ուսուցիչներին, որոնք աշխատում են ավելի բարենպաստ պայմաններում կամ ունեն լրացուցիչ ֆինանսական հնարավորություններ։ Այսպիսով տեսանելի կլինեն և՛ ուսուցչի մեդիահմտությունները, և՛ ԱԲ-ից օգտվելու հմտությունները․․․

Պետք է գնահատել ուսուցչի աշխատանքը՝ հաշվի առնելով նրա իրական պայմաններն ու հնարավորությունները, այլ ոչ թե այն ռեսուրսները, որոնցից նա կարողացել է օգտվել կամ մտապահման հմտությունները։

Ուսուցիչը պետք է դառնա հանրային մասնագիտական խոսքի կրող

Այս առաջարկի մեջ կա նաև մեկ այլ կարևոր գաղափար, որը հաճախ անտեսվում է։ Ուսուցիչը պետք է հնարավորություն ունենա դուրս գալու միայն դասարանի և դպրոցի սահմաններից և ներկայանալու հանրությանը՝ որպես մասնագիտական կարծիք ունեցող, սեփական փորձը ներկայացնող, կրթական խնդիրների շուրջ խոսող ու առաջարկություններ անող մասնագետ։ Ուսուցիչը կրկնողից պիտի դառնա ստեղծող․ մարդ, որը պատասխանատու է իր ստեղծածի համար։ Սա չի նշանակում, որ յուրաքանչյուր ուսուցիչ պետք է դառնա բլոգեր կամ ակտիվ հրապարակախոս։ Սակայն յուրաքանչյուր ուսուցիչ պետք է հնարավորություն ունենա իր փորձը, հետազոտությունն ու ստեղծած արժեքը ներկայացնելու մասնագիտական համայնքին և հանրությանը։ Այսպիսով կրթական համայնքի կապերն ակտիվ կլինեն, ուսուցիչներն իրար կճանաչեն, համատեղ նախագծեր կիրականացվեն, առաջ կգան առաջնորդներ։ Այսպիսով շատ գործընթացներ ավելի բնականոն կդառնան․ սկսած տնօրենի ընտրությունից, մինչև վերապատրաստող ուսուցիչ ընտրելը։

Շատ ուսուցիչներ ունեն հետաքրքիր գաղափարներ, հաջողված մեթոդներ, հեղինակային մշակումներ, բայց դրանց մասին գիտեն միայն իրենց աշակերտներն ու անմիջական գործընկերները։ Դրանք տեսանելի չեն, չեն դառնում հանրային ռեսուրս, հարստություն, իրականում հենց սա է հարստացնում հայաստանյան հանրակրթությունը։

Պատկերացնենք, որ յուրաքանչյուր ուսուցիչ ատեստավորման ընթացքում ստեղծում է իր մասնագիտական հետազոտությունը, հրապարակում դրա ընթացքը, ներկայացնում արդյունքները, իսկ մյուս ուսուցիչները կարողանում են ուսումնասիրել, քննարկել և կիրառել այդ փորձը։

Մենք աստիճանաբար կձևավորենք ոչ միայն ատեստավորված ուսուցիչների, այլև մասնագիտական ակտիվ համայնք։

Ավելին՝ այդ աշխատանքները չպետք է մնան միայն անհատական բլոգներում։ Անհրաժեշտ է ձևավորել հաջողված փորձի հավաքագրման, ուսումնասիրման, համակարգման և տարածման մեխանիզմ։ Այդպես առանձին ուսուցչի նախաձեռնությունը կարող է դառնալ ամբողջ հանրակրթության զարգացման ռեսուրս։

Կձևավորվի մի միջավայր, որտեղ ուսուցիչը ոչ թե սպասում է, թե իրեն ինչ կսովորեցնեն, այլ ինքն է ստեղծում գիտելիք, տարածում փորձ և մասնակցում կրթության զարգացմանը։ Դառնում է սովորող ուսուցիչ․ սա ենք չէ՞ ուզում։

Սա արդեն շատ ավելին է, քան ատեստավորման ընթացակարգի փոփոխությունը։ Սա ուսուցչի մասնագիտական դերի վերաիմաստավորում է։

Ներկայացված կառավարության որոշման նախագիծը պետք է դիտարկել ոչ միայն առաջարկվող ընթացակարգային փոփոխությունների, այլև այս ավելի մեծ նպատակի տեսանկյունից։ Հետազոտական-ստեղծագործական աշխատանքի ներառումը կարող է կարևոր քայլ լինել, բայց այն չի փոխի համակարգը, եթե պահպանվի գիտելիքի մեխանիկական վերարտադրության վրա հիմնված գնահատման գերակշռող տրամաբանությունը։

Մենք չենք կարող մի կողմից հանրակրթության մեջ կարևորել կարողունակությունները, արժեքները, ստեղծագործականությունն ու ինքնուրույնությունը, իսկ մյուս կողմից ուսուցչի մասնագիտական որակը չափել հիմնականում անգիր սովորած նյութով և նեղ մասնագիտական բարդ առաջադրանքներով։

Ժամանակն է այս անհամապատասխանությունը հաղթահարել։

Ատեստավորման արդյունավետությունը պետք է գնահատվի նաև երկարաժամկետ հետադարձ կապի միջոցով։ Պետք է ուսումնասիրել՝ ինչ է փոխվել ատեստավորում անցած ուսուցչի աշխատանքում, ինչ նոր մոտեցումներ են կիրառվում, ինչպես է փոխվում սովորողի ուսումնառության փորձը, ինչ ազդեցություն է ունենում ուսուցչի մասնագիտական զարգացումը դպրոցի կրթական միջավայրի վրա։

Ատեստավորումը պետք է դառնա ոչ թե ուսուցչի մասնագիտական ճանապարհի հերթական քննությունը, այլ շարունակական զարգացման, ինքնադրսևորման և կրթական արժեք ստեղծելու հնարավորություն։

Մենք պետք է ուսուցչին վստահենք և նրան ստեղծագործելու ազատություն տանք․ սա կարևոր է։ Կրթական համակարգը չի կարող զարգանալ, եթե ուսուցիչը շարունակում է մնալ միայն սահմանված պահանջները կատարող։

Մեզ պետք է ուսուցիչ, որը ոչ թե պարզապես գիտի պատրաստի պատասխանները, այլ կարողանում է ինքնուրույն հարցեր ձևակերպել, հետազոտել։ Ոչ թե միայն կիրառում է ուրիշների ստեղծած մեթոդները, այլ ստեղծում է իր մեթոդները։ Ոչ թե միայն դասավանդում է, այլ հետազոտում, ուսումնասիրում, փորձարկում և հանրայնացնում իր փորձը։

Եվ ամենակարևորը՝ եթե ուզում ենք դպրոցում ունենալ ստեղծագործող, մտածող, նախաձեռնող ու ինքնուրույն սովորող, նախ պետք է այդպիսին լինելու հնարավորություն տանք հենց ուսուցչին։

Ուսուցչին պետք է ազատել անգիրի պարտադրանքից և հնարավորություն տալ դառնալու իր մասնագիտության, գործի հեղինակ կամ համահեղինակ։

Ատեստավորման իրական նպատակը պետք է լինի ոչ թե պարզելը, թե ուսուցիչն ինչքան լավ է պատրաստվել քննությանը, այլ բացահայտելը, թե ինչ կարող է նա ստեղծել իր գիտելիքի, փորձի և մասնագիտական մտածողության միջոցով․ հնարավորություն տալ և առաջ մղել։

Մենք ատեստավորում ենք ոչ թե քննություն հանձնող մարդու, այլ կրթություն ստեղծող մասնագետի։ Այս առաջարկը կարող է զարգացվել, քննարկվել, բերվել այնպիսի տեսքի, որ ընդունելի լինի բոլոր կողմերի համար, բայց որ ամենակարևորն է՝ կապահովի ուսուցչի ու հանրակրթության իրական զարգացումը՝ ստեղծել-զարգացնելով մտածող մասնագետ-հետազոտողների համայնք։ Մտածե՛ք։