Վերջին շրջանում իմ մանկավարժական աշխատանքում ավելի հաճախ եմ փորձում կիրառել արհեստական բանականության տարբեր գործիքներ՝ դրանք դիտարկելով ոչ թե որպես պատրաստի լուծումներ, այլ որպես նոր գաղափարներ ստեղծելու, ուսումնական նյութը հետաքրքիր ներկայացնելու և դասապրոցեսը ավելի արդյունավետ կազմակերպելու հնարավորություն։
Օր օրի բացահայտում եմ նոր գործիքներ, նոր հնարավորություններ և փորձում հասկանալ՝ դրանցից որն ինչպես կարող եմ կիրառել իմ սովորողների հետ աշխատանքում։ Ինձ համար կարևոր է, որ տեխնոլոգիան ինքնանպատակ չլինի։ Այն պետք է լուծի կոնկրետ ուսումնական խնդիր, օգնի սովորողին ավելի հետաքրքրված մասնակցել և հնարավորություն տա դասի սովորական ընթացքը կազմակերպել մի փոքր այլ կերպ։

Այս փորձի շրջանակում արհեստական բանականության մի քանի գործիքների օգնությամբ ստեղծել եմ կարճ ուսումնական տեսանյութեր՝ հանելուկներով և նկարելուկներով։ Դրանք նախատեսված են դասի ընթացքում կիրառելու համար՝ որպես սովորողների մտավոր ակտիվությունը խթանող, ուշադրությունը թարմացնող և բոլորին մասնակցելու հնարավորություն տվող առաջադրանքներ։

Երբ դասին անհրաժեշտ է մի փոքրիկ «մտավոր դադար»

Դասի ընթացքում սովորողների ուշադրությունը երկար ժամանակ պահելը հեշտ չէ։ Նույնիսկ հետաքրքիր և բովանդակալից աշխատանքի դեպքում կարող է լինել պահ, երբ սովորողը հոգնում է, կորցնում կենտրոնացումը կամ պարզապես անհրաժեշտություն է ունենում փոխելու գործունեության ձևը։
Այդպիսի պահերին հաճախ պետք չէ երկար դադար կամ դասի ընթացքից դուրս գործողություն։ Երբեմն բավական է մի քանի րոպեանոց առաջադրանք, որը փոխում է աշխատանքի ռիթմը, բայց շարունակում է ծառայել ուսումնական նպատակին։
Հանելուկը, նկարելուկը հենց այդպիսի հնարավորություն են տալիս։
Սովորողը մի պահ դադարում է պարզապես լսելուց կամ գրավոր առաջադրանք կատարելուց և սկսում է դիտարկել, մտածել, համադրել, գուշակել, տարբերակներ առաջադրել։ Իսկ հետո այդ մտածածը գրավոր կամ բանավոր ձևակերպելու հնարավորություն է ստանում։
Այսպիսով՝ խաղային թվացող փոքրիկ առաջադրանքը վերածվում է մտավոր ակտիվ աշխատանքի։

Ի՞նչ խնդիր էի փորձում լուծել

Այս նյութերը ստեղծելիս ինձ համար կարևոր հարցերից մեկը եղել է՝ ինչպես անել, որ դասի ընթացքին ոչ միայն մի քանի ակտիվ սովորող, այլ ամբողջ դասարանը մտածի և մասնակցի։
Հաճախ, երբ ուսուցիչը հարց է ուղղում դասարանին, պատասխանում են նրանք, ովքեր արագ են կողմնորոշվում, ավելի վստահ են կամ պարզապես սովոր են հաճախ պատասխանել։ Մյուս սովորողները կարող են ունենալ իրենց տարբերակը, բայց չհասցնել արտահայտել այն։

Հանելուկների և նկարելուկների դեպքում փորձել եմ փոխել այդ մոտեցումը։
Առաջադրանքը նախ հնարավորություն է տալիս յուրաքանչյուր սովորողի ինքնուրույն մտածելու և իր պատասխանը ձևակերպելու, այնուհետև՝ գրելու։ Դրանից հետո էկրանին հայտնում է պատասխանը։
Այսինքն՝ այստեղ կարևոր է ոչ միայն ճիշտ պատասխանը, այլև այն, որ բոլորն ունենան մտածելու և մասնակցելու հնարավորություն։

Հանելուկներ․ մտածելու, համադրելու և գուշակելու գործընթաց

Հանելուկների տեսանյութերում սովորողին առաջարկվում է լսել կամ կարդալ հանելուկը, մտածել դրա հնարավոր պատասխանի մասին և վերջնական տարբերակը գրել կամ նկարել։

Երբ սովորողը փորձում է գուշակել, նա կատարում է մի քանի գործողություն՝

  • առանձնացնում է հուշող բառերն ու արտահայտությունները,
  • համադրում է դրանք իր ունեցած գիտելիքների հետ,
  • մտածում է հնարավոր պատասխաններ,
  • ձևակերպում է վերջնական պատասխանը։

Հատկապես հետաքրքիր է այն պահը, երբ տարբեր սովորողներ նույն հանելուկի համար տարբեր պատասխաններ են առաջարկում։ Այդ դեպքում առաջանում է բնական քննարկում․ ինչո՞ւ մեկը մտածեց այդպես, ո՞ր հուշումն օգնեց, ինչո՞ւ է մյուս տարբերակը ավելի համապատասխան։

Այս գործընթացը հնարավորություն է տալիս աշխատել ոչ միայն հիշողության, այլև մտածողության վրա։

Նկարելուկներ․ տեսնել, կարդալ, կապեր գտնել

Մյուս տեսանյութերում կիրառել եմ նկարելուկների՝ «Գուշակի՛ր բառը» ձևաչափը։

Այստեղ սովորողը բառը ստանում է ոչ թե պատրաստի ձևով, այլ պատկերների և նշանների միջոցով։ Նա պետք է դիտարկի պատկերները, մտածի դրանց անվանումների մասին և փորձի գտնել այն բառը, որը կարող է ստացվել դրանց համադրությունից։

Նկարելուկը հատկապես հետաքրքիր է նրանով, որ սովորողը միաժամանակ աշխատում է տեսողական ընկալման, բառապաշարի, լեզվական մտածողության և տրամաբանական կապերի վրա։

Այն նաև թույլ է տալիս նույն առաջադրանքը տարբեր սովորողների համար դարձնել տարբեր աստիճանի բարդության։ Ոմանք արագ են գտնում պատասխանը, մյուսները ավելի երկար են մտածում, իսկ երբեմն հենց մեկ սովորողի մտածած տարբերակն է հուշում մյուսներին։ Այս խաղը նաև հարմար է խմբային աշխատանք իրականացնելու համար։

Գրելը՝ որպես կարևոր փուլ

Ինձ համար կարևոր է, որ սովորողը պատասխանը միայն չասի։
Հանելուկից կամ նկարելուկից հետո պատասխանը գրելը փոքր, բայց կարևոր քայլ է։ Այդ դեպքում սովորողը ստիպված է վերջնականապես գտնել բառը, ուշադրություն դարձնել պատկերների նշաններին։
Այս փուլը նաև հնարավորություն է տալիս մասնակցել այն սովորողներին, ովքեր սովորաբար քիչ են խոսում դասարանում։

Ինչո՞ւ հենց արհեստական բանականություն

Այս նյութերի ստեղծման ընթացքում օգտագործել եմ արհեստական բանականության մի քանի գործիքներ։ Դրանցից յուրաքանչյուրն ինձ համար նոր հնարավորություններ բացահայտելու և փորձարկելու առիթ է, promt-եր գրելու կարողության ձևավորում․ մասնակցել եմ մի քանի վեբիներների։

Սակայն տեխնոլոգիան ինքնուրույն չի որոշում, թե ինչ է անհրաժեշտ տվյալ դասարանին։

Այստեղ ուսուցչի դերը շարունակում է մնալ առանցքային․ պետք է հասկանալ՝ ինչ նպատակով է ստեղծվում նյութը, որ տարիքային խմբի համար է նախատեսված, որքան բարդ պետք է լինի առաջադրանքը, դասի որ հատվածում է այն արդյունավետ կիրառել և ինչպես կապել այն ուսումնական գործընթացի հետ։

Օր օրի՝ նոր գործիք, նոր հնարավորություն

Արհեստական բանականության աշխարհում ամեն օր նոր բան եմ բացահայտում։ Մի գործիք կարող է օգնել գաղափար ձևակերպել, մյուսը՝ պատկեր ստեղծել, մեկ ուրիշը՝ ձայնային կամ տեսողական նյութ պատրաստել։
Դեռևս չեմ կարող ասել, որ բոլոր հնարավորություններն արդեն բացահայտել եմ։ Ընդհակառակը՝ յուրաքանչյուր նոր փորձ հաջորդ գաղափարի հնարավորություն է տալիս։
Այս փոքրիկ տեսանյութերը հենց այդ փորձերից մեկն են։

Ի՞նչ արդյունք եմ տեսնում

Նման առաջադրանքների կիրառման ժամանակ դասի մթնոլորտը փոխվում է։ Սովորողները սպասում են հաջորդ հանելուկին կամ նկարելուկին, փորձում են առաջինը գտնել պատասխանը, համեմատում են իրենց տարբերակները և հետաքրքրվում են ընկերների պատասխաններով, ոգևորվում, երբ պատասխանը ճիշտ է լինում։
Բայց ինձ համար ամենակարևոր արդյունքը ոգևորությունը չէ միայն։
Կարևոր է, որ սովորողը մտածում է, գրում է, փորձում է, սխալվում է, նորից մտածում և վերջնականապես ձևակերպում իր պատասխանը։
Սխալ պատասխանն այստեղ նույնպես կարող է ուսումնական արժեք ունենալ։ Այն հնարավորություն է տալիս քննարկելու՝ ինչու այդպես մտածեցինք և ինչն օգնեց կամ խանգարեց ճիշտ պատասխանը գտնել։

Փոքրիկ խաղից՝ մեծ ուսումնական հնարավորություն

Հանելուկներն ու նկարելուկներն առաջին հայացքից կարող են թվալ պարզապես զվարճալի խաղեր։ Սակայն ճիշտ կազմակերպման դեպքում դրանք կարող են դառնալ դասի արդյունավետ փոքրիկ գործիքներ։

Իսկ արհեստական բանականության գործիքներն այս գործընթացում ինձ տալիս են նոր գաղափարներ և նոր հնարավորություններ՝ դասը ավելի հետաքրքիր, ժամանակակից դարձնելու։

Ինձ համար սա շարունակվող փորձ է։ Ամեն նոր գործիք նոր հնարավորություն է, իսկ ամեն նոր հնարավորություն՝ ևս մեկ առիթ մտածելու, թե ինչպես կարող եմ այն դարձնել սովորողների համար օգտակար և հետաքրքիր գործունեություն։

Փորձում եմ ոչ թե պարզապես տեխնոլոգիան բերել դասարան, այլ գտնել այնպիսի կիրառություն, որի արդյունքում տեխնոլոգիան ծառայում է սովորողի մտածողությանը, հետաքրքրությանը և սովորելու ցանկությանը։

Գաղափարից մինչև տեսանյութ․ ինչպե՞ս եմ ստեղծում ուսումնական նյութերը

Արհեստական բանականության գործիքներով աշխատելիս ինձ համար հետաքրքիր է ոչ միայն վերջնական արդյունքը, այլև ստեղծման ընթացքը։ Ամեն նոր փորձ հնարավորություն է տալիս բացահայտելու գործիքի հնարավորությունները, հասկանալու դրա առավելություններն ու սահմանափակումները, երբեմն էլ՝ գտնելու սեփական լուծումները։

Որոշեցի ներկայացնել նաև աշխատանքի տեխնիկական կողմը, որպեսզի իմ փորձը օգտակար լինի այն դասավանդողներին, ովքեր կցանկանան նմանատիպ նյութեր ստեղծել իրենց սովորողների համար։

Քայլ 1-ին․ նյութի ընտրություն

Աշխատանքը սկսել եմ հանելուկների ընտրությունից։ Համացանցում փնտրել եմ 1-3-րդ դասարանների սովորողների տարիքին համապատասխան հանելուկներ։ Օգտվել եմ նաև իմ անձնական գրադարանից։ Տարիների ընթացքում հավաքել եմ բազմաթիվ մանկական գրքեր, որոնցից ընտրել եմ հետաքրքիր և համապատասխան նյութեր։

Ընտրության ժամանակ կարևորել եմ, որ հանելուկները լինեն հասկանալի, բայց միաժամանակ մտածելու տեղիք տան, պահանջեն ուշադրություն, տրամաբանություն և երևակայություն։ Փորձել եմ ընտրել այնպիսիները, որոնց պատասխանները սովորողներին ծանոթ առարկաներ, կենդանիներ կամ երևույթներ են։

Նյութը հավաքելուց հետո անցել եմ հաջորդ փուլին՝ ինչպես այն ներկայացնել, որ սովորողների համար լինի գրավիչ, իսկ դասի ընթացքում՝ հեշտ կիրառելի։

Քայլ 2-րդ․ ծանոթություն Claude AI գործիքին

Claude.ai արհեստական բանականության գործիքի մասին բավականին շատ էի լսել։ Հետաքրքրեց այն, որ գործիքը կարող է ոչ միայն պատասխանել հարցերին կամ մշակել տեքստեր, այլև հրահանգների հիման վրա ստեղծել ինտերակտիվ նյութեր։

Որոշեցի փորձարկել դրա հնարավորությունները՝ ստեղծելով հանելուկների շարք, որը կունենար գունավոր ձևավորում, ինքնաբերաբար փոփոխվող առաջադրանքներ և պատասխանների ցուցադրման հնարավորություն։

Սկսեցի գրել հրահանգներ՝ prompt-եր։ Սկզբում նկարագրում էի ընդհանուր գաղափարը, իսկ ստացված արդյունքը դիտելուց հետո հասկանում, թե ինչն է անհրաժեշտ փոխել կամ լրացնել։

Իմ առաջին հրահանգներից մեկը հետևյալն էր․

Հանելուկների շարք է։ Պետք է ստեղծել ետնանկար՝ բնության տեսարան, մուլտաշխարհի նման։ Վրան պետք է երևա հանելուկը։ Սա երեխաների համար ժամանցային-ուսումնական խաղ է՝ նախատեսված 1-3-րդ դասարանների համար։

Արդյունքը տեսնելուց հետո սկսեցի ավելի մանրամասն նկարագրել ոչ միայն արտաքին տեսքը, այլև առաջադրանքների ցուցադրման հաջորդականությունը։

Քայլ 3-րդ․ հրահանգի հստակեցում

Փորձարկումների ընթացքում հասկացա, որ որքան հստակ եմ նկարագրում իմ պատկերացրած արդյունքը, այնքան հեշտ է գործիքի հետ աշխատելը։

Ինձ անհրաժեշտ էր, որ սովորողները նախ տեսնեն հանելուկը, ունենան մտածելու ժամանակ, ապա էկրանին հայտնվի պատասխանը՝ համապատասխան նկարով։ Դրանից հետո ինքնաբերաբար պետք է սկսվեր հաջորդ հանելուկը։

Հրահանգը լրացրի այսպես․

Ստեղծիր հանելուկների շարք 1-3-րդ դասարանների սովորողների համար։ Ձևավորումը թող լինի գունավոր, բնության տեսարաններով, մուլտաշխարհի ոճով։

«Սկսել» կոճակը սեղմելուց հետո էկրանին հայտնվի առաջին հանելուկը։ Այն ցուցադրվի 10 վայրկյան, որից հետո երևա ճիշտ պատասխանը՝ համապատասխան նկարով։ Պատասխանը ցուցադրվի 4 վայրկյան, ապա ինքնաբերաբար սկսվի հաջորդ հանելուկը։ Նույն հաջորդականությունը կրկնվի բոլոր հանելուկների համար։

Այս փուլից հետո մուտքագրում էի արդեն ընտրված հանելուկները՝ յուրաքանչյուրի տակ նշելով ճիշտ պատասխանը։

Ստացված տարբերակը դիտում էի, ստուգում տեքստերի ընթեռնելիությունը, պատկերների համապատասխանությունը, անցումների հերթականությունը։ Անհրաժեշտության դեպքում նոր հրահանգներով փոփոխություններ էի կատարում։

Այս աշխատանքում հետաքրքիրն այն է, որ պարտադիր չէ առաջին փորձից ստանալ ցանկալի արդյունքը։ Հաճախ հենց փորձարկումների ընթացքում են առաջանում նոր գաղափարներ։

Քայլ 4-րդ․ երբ ցանկալի արդյունքը դեռ վերջնականը չէ

Claude-ի օգնությամբ կարողացա ստանալ իմ պատկերացրած հանելուկների շարքը, սակայն առաջացավ մեկ այլ խնդիր։

Ստացված նյութը HTML ձևաչափով էր։ Այսինքն՝ այն հնարավոր էր բացել և գործարկել որպես վեբէջ, բայց ինձ անհրաժեշտ էր պատրաստի տեսանյութ, որը կկարողանայի ցուցադրել դասի ընթացքում կամ տեղադրել YouTube-ում։
Սկսեցի փնտրել լուծում։

Որոշեցի օգտվել էկրանի տեսագրման հնարավորությունից։ Տեսագրեցի էկրանին ցուցադրվող ամբողջ ընթացքը՝ առաջին հանելուկից մինչև վերջինը։

Այսպես ինտերակտիվ նյութը վերածեցի տեսանյութի, որը հետագայում արդեն կարող էի մշակել։

Սա ևս մեկ բացահայտում էր ինձ համար․ երբ գործիքը չի տալիս հենց այն ձևաչափը, որն անհրաժեշտ է, կարելի է համադրել տարբեր ծրագրերի հնարավորությունները և հասնել ցանկալի արդյունքի։

Քայլ 5-րդ․ ձայնագրություն և մոնտաժ

Հաջորդ փուլը ձայնավորումն էր։
Փորձեցի գտնել հարմար AI տարբերակ, որով հնարավոր կլիներ հանելուկները ձայնագրել, սակայն ստացված լուծումները ինձ չբավարարեցին։ Որոշեցի հանելուկները կարդալ ինքս։

Ձայնագրեցի իմ ընթերցանությունը՝ փորձելով պահպանել այնպիսի տեմպ, որ սովորողները հասցնեն լսել, ընկալել և մտածել պատասխանի շուրջ։

Այնուհետև օգտագործեցի CapCut տեսանյութերի խմբագրման ծրագիրը։

Ծրագրի միջոցով մշակեցի էկրանի տեսագրությունը, ավելացրի իմ ձայնը, համապատասխանեցրի այն հանելուկների ցուցադրմանը և ստացա ամբողջական տեսանյութ։

Այս փուլում հատկապես կարևոր էր ձայնի և պատկերի համադրումը։ Հանելուկի ընթերցումը պետք է ավարտվեր այնպես, որ սովորողը դեռ ժամանակ ունենար մտածելու, մինչև էկրանին կհայտնվեր պատասխանը։

Արդյունքում ստացվեց մի նյութ, որի ստեղծման ընթացքում կիրառվել էին տարբեր գործիքներ, բայց ամբողջ աշխատանքը միավորված էր մեկ նպատակով։

Քայլ 6-րդ․ պատրաստի նյութի կիրառումը

Պատրաստի տեսանյութերը տեղադրել եմ YouTube հարթակում, որպեսզի դրանք հնարավոր լինի հեշտությամբ բացել և կիրառել։

Հանելուկների ամբողջական տարբերակը՝ այստեղ։