2025-2026 ուսումնական տարին Ավագ դպրոց-հետազոտական վարժարանում հետազոտական աշխատանքի կազմակերպման հինգերորդ տարին էր։ Հինգ տարվա փորձը հնարավորություն է տալիս հետազոտական աշխատանքը դիտարկել ոչ միայն որպես առանձին ուսումնական գործընթաց, այլև որպես հետազոտական մշակույթի ձևավորման նոր գործիք՝ հասկանալու, թե ինչպես են փոխվում սովորողների հետաքրքրությունները, աշխատանքի մեթոդները, ղեկավարի դերը և սովորողի ինքնուրույնության աստիճանը։
Հետազոտական աշխատանքը սովորողի համար անհատական ուսումնական գործունեության, ինքնուրույն աշխատանքի, թեմայի ընտրության, աղբյուրների ուսումնասիրության, տվյալների հավաքագրման, վերլուծության և հանրային ներկայացման միջավայր է։ 2025-2026-ի արդյունքները ցույց են տալիս, որ այս մշակույթն աստիճանաբար զարգանում է, սակայն դրա կազմակերպման մեջ դեռ կան խնդիրներ, որոնք հաջորդ փուլում պահանջում են ավելի համակարգված լուծումներ։
Հետազոտական աշխատանքի ընթացքը ուսումնական տարվա ընթացքում
Տարվա ընթացքում աշխատանքների պաշտպանությունները կազմակերպվել են դեկտեմբերից մինչև հունիս՝ աստիճանաբար մեծացող ինտենսիվությամբ։ Դեկտեմբերին պաշտպանվել է 8, իսկ հունիսին՝ արդեն 119 սովորողի աշխատանք։
Այս թվերը ցույց են տալիս երկու իրողություն։ Մի կողմից՝ հետազոտական աշխատանքը տարվա ընթացքում շարունակական գործընթաց է, մյուս կողմից՝ աշխատանքների զգալի մասը կենտրոնանում է ուսումնական տարվա վերջին ամիսներին։ Հուլիս-օգոստոսին և սեպտեմբերին նույնպես եղել են աշխատանքների ներկայացումներ։
Այսպիսի բաշխումը կազմակերպչական խնդիր է ստեղծում։ Ղեկավարների հարցման պատասխաններում աշխատանքի ուշացումը կապվում է ժամանակի ոչ արդյունավետ կառավարման, աշխատանքի հետաձգման, սովորողների ինքնակազմակերպման դժվարությունների և տարվա վերջում աշխատանքների կուտակման հետ։ Միաժամանակ խնդիրը միայն սովորողի պատասխանատվության շրջանակում չէ․ որոշ դեպքերում հետազոտական աշխատանքի ընթացքը բավարար հետևողականությամբ չի վերահսկվել նաև ղեկավարների կողմից։
Այսպիսով, պաշտպանությունների ժամանակագրությունը ցույց է տալիս, որ հետազոտական աշխատանքը դեռ ամբողջությամբ չի դարձել տարվա ընթացքում հավասարաչափ իրականացվող գործընթաց։ 2026–2027 ուսումնական տարվա համար կարևոր խնդիր է միջանկյալ փուլերի հստակեցումը և աշխատանքի ընթացքի ավելի վաղ վերահսկումը։
Թեմաների բազմազանության մասին
2025-2026-ի հետազոտական աշխատանքների ամենանշանակալի առանձնահատկություններից մեկը թեմաների լայն բազմազանությունն է։ Աշխատանքները ներառում են գրականություն, պատմություն, հասարակագիտություն, հոգեբանություն, բնագիտություն, էկոլոգիա, առողջություն, ծրագրավորում, ինժեներիա, արվեստ, երաժշտություն, դիզայն, տնտեսություն, բիզնես և մարքեթինգ։
Այս բազմազանությունը ցույց է տալիս, որ հետազոտական աշխատանքը աստիճանաբար դուրս է գալիս մեկ առարկայի շրջանակից։ Սովորողների թեմաները հաճախ ծնվում են անձնական հետաքրքրություններից, ապագա մասնագիտությունից, առօրյա փորձից, հասարակական խնդիրներից, ժամանակակից տեխնոլոգիաներից, արվեստից և մշակույթից։
Միաժամանակ այստեղ առաջանում է կարևոր խնդիր։ Սովորողի հետաքրքրությունը դեռ ինքնին բավարար չէ լավ հետազոտության համար։ Որոշ թեմաներ հետաքրքիր են, բայց քիչ են կապված կրթական ծրագրի հետ կամ չափազանց լայն են՝ հետազոտական հարցի վերածվելու համար։ Հետևաբար թեմայի ազատ ընտրությունը պետք է զուգակցվի թեմայի սահմանման, հարցի ձևակերպման և հետազոտական հնարավորությունների գնահատման հետ։
Արհեստական բանականությունը հետազոտական աշխատանքում
2025-2026-ի կարևոր նորություններից է արհեստական բանականության թեմաների արագ տարածումը։ Այստեղ առանձնանում են երկու գործընթաց՝ ԱԲ-ն որպես հետազոտության առարկա և ԱԲ-ն որպես հետազոտական աշխատանքի գործիք։
Որպես թեմա՝ ԱԲ-ն ուսումնասիրվել է կրթության, ծրագրավորողի մասնագիտության, մարքեթինգի և այլ ոլորտների համատեքստում։ Միաժամանակ սովորողներն ԱԲ-ն օգտագործել են աղբյուրների որոնման, տեքստի խմբագրման, ձևակերպումների, թարգմանության, գաղափարների մշակման և ներկայացումների պատրաստման համար։
Ղեկավարների պատասխանները ցույց են տալիս, որ հիմնական խնդիրը ԱԲ-ի կիրառումը մերժելը չէ, այլ դրա սահմանների որոշումը։ Առավել էական ռիսկն այն է, երբ ԱԲ-ն փոխարինում է սովորողի իրական աշխատանքին՝ աղբյուրների ուսումնասիրությանը, համադրմանը, տվյալների հավաքագրմանը և սեփական եզրակացության ձևակերպմանը։
Հետևաբար ԱԲ-ի տարածումը հետազոտական աշխատանքում առաջ է բերում նոր մանկավարժական խնդիր․ սովորողին պետք է սովորեցնել ոչ միայն օգտվել գործիքից, այլև տարբերակել գործիքի աջակցությունը սեփական հետազոտությունից։
Այս պայմաններում հատկապես կարևոր են այնպիսի առաջադրանքները, որոնք պահանջում են դաշտային դիտարկում, հարցում, չափում, փորձ, հարցազրույց կամ իրական միջավայրից տվյալների հավաքագրում։ Դրանք այն բաղադրիչներն են, որոնք հնարավոր չէ ամբողջությամբ փոխարինել տեքստային գեներացմամբ։
2025-2026-ի աշխատանքների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հետազոտության մեթոդները նույնպես բազմազան են։ Տեսական նյութի ուսումնասիրությանը զուգահեռ կիրառվում են հարցումներ, դիտարկումներ, ուսումնասիրություններ, փորձեր, չափումներ և տվյալների հավաքագրում։
Ֆիզիկայի, ինժեներության, ծրագրավորման, կենսաբանության և արվեստի մի շարք աշխատանքներում վերջնարդյունքը պարզապես գրավոր տեքստ չէ։ Սովորողները նախագծում են սարքեր, պատրաստում մոդելներ, իրականացնում փորձեր, ստեղծում խաղեր և ծրագրեր, աշխատում իրական միջավայրում։Այս փոփոխությունը կարևոր է ոչ միայն աշխատանքի ձևի, այլև հետազոտական մտածողության տեսանկյունից։ Հետազոտությունը աստիճանաբար տեղափոխվում է «գտնել և ներկայացնել» մոդելից դեպի «հարցադրել, ստուգել, փորձարկել, համադրել և ստեղծել» մոդել։
Ղեկավարի դերը
Հետազոտական աշխատանքի զարգացումը փոխում է նաև ղեկավարի աշխատանքը։ Ղեկավարն այլևս միայն տվյալ առարկայի մասնագետը չէ։ Նա միաժամանակ դառնում է թեմայի խորհրդատու, հետազոտական հարցի ձևակերպման ուղղորդող, աղբյուրների ընտրության խորհրդատու, ժամանակի կառավարման աջակցող, մասնագիտական կապերի ստեղծող և հանրային ներկայացմանը պատրաստող։
Որոշ դեպքերում ղեկավարը նաև օգնում է փոխել թեման կամ նեղացնել այն, երբ տեսնում է, որ ընտրված թեման չի համապատասխանում սովորողի հետաքրքրություններին կամ հնարավորություններին։
Այս առումով աշխատանքի հաջողությունը պայմանավորված է ոչ միայն թեմայի հետաքրքրությամբ, այլև երեք բաղադրիչների համադրությամբ՝ սովորողի մոտիվացիա, ղեկավարի հետևողական աջակցություն և թեմայի համապատասխանություն սովորողին։
Հիմնական խնդիրները
Հարցման պատասխանների և տարվա ընթացքում գրանցած կազմակերպական խնդիրների համադրումը թույլ է տալիս առանձնացնել չորս հիմնական խնդիր։
- Ժամանակի կառավարում
Աշխատանքների զգալի կուտակումը տարվա վերջին ցույց է տալիս, որ անհրաժեշտ է ավելի հստակ միջանկյալ փուլերի և ժամկետների գրանցման համակարգ։
2. Ղեկավարների ծանրաբեռնվածություն
Մեծ թվով սովորողների հետ աշխատելիս նվազում է յուրաքանչյուր սովորողի համար տրամադրվող անհատական ժամանակը։ Սա հատկապես խնդրահարույց է այն ղեկավարների համար, որոնք ունեն նաև այլ մասնագիտական և կազմակերպչական պարտականություններ։Կան ղեկավարներ, ովքեր 15-ի չափ աշխատանք են ղեկավարում, ինչը բնականաբար մեծ ծանրաբեռնվածություն է։
3. Գրախոսների ներգրավում
Արտաքին մասնագետների ներգրավումը հետազոտական աշխատանքի կարևոր ձեռքբերում է։ 2025-2026-ին գրախոսներ են եղել բժիշկներ, համալսարանի դասախոսներ, գիտությունների թեկնածուներ, արվեստագետներ, ծրագրավորողներ, ընկերությունների մասնագետներ, մարզիչներ, հոգեբաններ, ոլորտային կազմակերպությունների ներկայացուցիչներ և շրջանավարտներ։ Միաժամանակ նրանց որոնումն ու ներգրավումը հիմնականում իրականացվում է ուսուցիչների անձնական կապերի միջոցով։ Հաճախ մեծ դժվարությամբ ենք գտնում գրախոսների և ստիպված այդ աշխատանքը նույնպես ուսուցիչներն են անում։
4. Նյութատեխնիկական հնարավորություններ
Հատկապես բնագիտական և ինժեներական աշխատանքների դեպքում խնդիր է անհրաժեշտ նյութերի, սարքավորումների ձեռքբերումը։ Հետազոտական աշխատանքի զարգացման համար անհրաժեշտ է պարզ և արագ մեխանիզմ՝ հիմնավորված անհրաժեշտ նյութերի և սարքավորումների ձեռքբերման համար։
Սովորողը
Հետազոտական աշխատանքի արդյունքը միայն պատրաստված աշխատանքը չէ։ Ղեկավարների պատասխաններում ամենից հաճախ նշվող փոփոխությունները վերաբերում են սովորողի կարողություններին՝ ինքնուրույնության և պատասխանատվության աճին, սեփական թեմա առաջարկելու կարողությանը, աղբյուրների հետ աշխատելուն, վերլուծելուն և համեմատելուն, հանրային խոսքին և սեփական եզրակացությունը ձևակերպելուն։
Որոշ աշխատանքներում զարգանում է նաև օտար լեզվով ներկայացնելու վստահությունը։
Այս իմաստով հետազոտական աշխատանքը կարելի է դիտարկել որպես երկարաժամկետ կրթական գործընթաց, որի արդյունքը չափվում է ոչ միայն աշխատանքի բովանդակությամբ, այլև այն կարողություններով, որոնք սովորողը ձեռք է բերում այդ աշխատանքը կատարելու ընթացքում։
Սովորողներն ավելի հաճախ ընտրում են իրենց հետաքրքրություններին, ապագա մասնագիտական պատկերացումներին և ժամանակակից հասարակության խնդիրներին առնչվող հարցեր։ Այս աշխատանքի ընթացքում սովորողների մոտ ձևավորվում է ինքնուրույնությունը, պատասխանատվությունը, աղբյուրների հետ աշխատանքը, վերլուծական մտածողությունը, հանրային խոսքը և սեփական եզրակացությունը ձևակերպելու կարողությունը։
Միաժամանակ տարին ցույց տվեց համակարգի այն հատվածները, որոնք դեռ զարգացման կարիք ունեն՝ աշխատանքների կուտակումը տարվա վերջին, ժամանակի կառավարումը, ղեկավարների ծանրաբեռնվածությունը, արտաքին մասնագետների ներգրավման կազմակերպումը, նյութատեխնիկական ռեսուրսների հասանելիությունը և ԱԲ-ի կիրառման նոր պայմանները։
Հետազոտական աշխատանքը վարժարանում դառնում է միջավայր, որտեղ սովորողը սովորում է հարց տալ, փնտրել, ստուգել, համադրել, փորձել, սխալվել, վերլուծել և սեփական եզրակացությունը հանրայնորեն պաշտպանել։
2025-2026 ուսումնական տարվա ամենակարևոր արդյունքը հենց այս մշակույթի շարունակական ձևավորումն է։
Հղումներ`
