Ժամանակակից կրթության կարևորագույն խնդիրներից մեկը սովորողի՝ ինքնուրույն մտածելու, հարցադրումներ ձևակերպելու, տեղեկատվություն որոնելու, հետազոտելու և վերլուծելու, փաստերի միջև կապեր բացահայտելու ու հիմնավորված եզրակացություններ կատարելու կարողությունների զարգացումն է։ Այս համատեքստում առանձնահատուկ նշանակություն ունի հետազոտական աշխատանքը, որը սովորողին հնարավորություն է տալիս ոչ միայն ձեռք բերել գիտելիքներ, այլև հանդես գալ որպես բացահայտող և ստեղծագործող, իր ուսումնական գործունեությունն էլ ավելի հագեցած ու բովանդակալից դարձնող անհատ։

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հասարակագիտական մասնախմբում հետազոտական աշխատանքների կազմակերպումը դիտարկվում է որպես սովորողի անհատական հետաքրքրությունների, մասնագիտական կողմնորոշման և հասարակական կյանքի տարբեր երևույթներն ու իրադարձություններն ուսումնասիրելու կարողությունների զարգացման կարևոր միջոց։ Հասարակագիտական առարկաների առանձնահատկությունը պայմանավորված է նրանով, որ դրանց ուսումնասիրության առարկան մարդն է, հասարակությունը, պատմական իրադարձությունները, սոցիալական հարաբերությունները, քաղաքական և տնտեսական գործընթացները, մշակութային արժեքներն ու դրանց փոխազդեցությունները։ Հասարակագիտական առարկաներից հետազոտական աշխատանքների իրականացման առանձնահատկությունները բխում են նաև մասնախմբի ներսում ձևավորված հարաբերությունների մակարդակից:

Կրթահամալիրի հասարակագիտական մասնախմբում հետազոտական գործունեության առանձնահատկություններից է այնպիսի միջավայրի ձևավորումը, որտեղ սովորողը հնարավորություն ունի համագործակցելու տարբեր մասնագետների, այլ կրթական հաստատությունների սովորողների և գիտական համայնքի ներկայացուցիչների հետ, ստանալու մասնագիտական խորհրդատվություն և աջակցություն, վերանայելու իր աշխատանքի բովանդակությունը, որից հետո հանրայնացնելու հետազոտության արդյունքները։

Այս գործընթացի արդյունավետությունը պայմանավորված է մի շարք փոխկապակցված ուղղություններով, որոնցից առանձնահատուկ կարևորություն ունեն՝

  1. Արտակրթահամալիրային մասնագետների ներգրավումը հետազոտական աշխատանքների իրականացման գործընթացում՝ որպես խորհրդատու մասնագետներ:
  2. Արտակրթահամալիրային մասնագետների ներգրավումը հետազոտական աշխատանքների իրականացման գործընթացում՝ որպես գրախոսներ:
  3. Համատեղ հետազոտական աշխատանքների իրականացումը այլ կրթական հաստատությունների սովորողների հետ:
  4. Հետազոտական աշխատանքների հանրային ներկայացումը արտակրթահամալիրային հարթակներում /օրինակ՝ ԵՊՀ, ԳԱԱ ՀԱԻ, ԳԱԱ ՓՍԻԻ, այլ/:
  5. Նախնական գրախոսության իրականացումը հասարակագիտական մասնախմբում /գործընկերների կարծիքներ, դիտարկումներ, առաջարկներ/:
  6. Հասարակագիտական առարկաներից սովորողների հետազոտական աշխատանքների հանրային ներկայացումների մասնախմբային օրացույցը՝ որպես աշխատանքների ներկայացումների համակարգված կազմակերպման ձև:

1.Արտակրթահամալիրային մասնագետների ներգրավումը որպես խորհրդատու մասնագետներ

Հետազոտական աշխատանքի արդյունավետ իրականացման կարևոր պայմաններից մեկը մասնագիտական խորհրդատվության կազմակերպումն է։ Չնայած դասավանդողը սովորողին ուղղորդում, աջակցում է հետազոտության բոլոր փուլերում, սակայն առանձին թեմաների ուսումնասիրությունը կարող է պահանջել այնպիսի գիտելիքներ և փորձառություն, որոնք դուրս են գալիս դպրոցական առարկայական ծրագրի սահմաններից։ Այս առումով կարևոր է արտակրթահամալիրային մասնագետների՝ գիտնականների, դասախոսների, պատմաբանների, հասարակագետների, իրավաբանների, տնտեսագետների, սոցիոլոգների, մշակութաբանների և այլ ոլորտների ներկայացուցիչների ներգրավումը հետազոտական գործընթացում։

Նեղ մասնագետի աջակցությունը սովորողին հնարավորություն է տալիս հետազոտվող խնդրին մոտենալ ոչ միայն ուսումնական, այլև գիտական և մասնագիտական տեսանկյունից։ Խորհրդատուն կարող է աջակցել թեմայի հստակեցմանը, հետազոտական հարցերի ձևակերպմանը, համապատասխան աղբյուրների ընտրությանը, ուսումնասիրության մեթոդների որոշմանը և ստացված արդյունքների մեկնաբանմանը։

Օրինակ՝ պատմագիտական հետազոտության շրջանակում մասնագետը կարող է սովորողին ուղղորդել դեպի արխիվային նյութեր, սկզբնաղբյուրներ և մասնագիտական գրականություն՝ օգնելով տարբերակել պատմական փաստը դրա մեկնաբանությունից։ Սոցիոլոգիական ուսումնասիրության դեպքում խորհրդատուն կարող է աջակցել հարցաթերթիկի ճիշտ կազմմանը, հարցվողների շրջանակի ձևավորմանը և տվյալների վերլուծությանը։ Իրավագիտական թեմայի ուսումնասիրման ժամանակ մասնագետը կարող է օգնել հասկանալու իրավական նորմերի բովանդակությունը, դրանց կիրառման առանձնահատկությունները և համապատասխան օրենսդրական աղբյուրների օգտագործման սկզբունքները։

Այս համագործակցությունը նպաստում է նաև սովորողի մասնագիտական կողմնորոշմանը։ Անմիջական շփումը տվյալ ոլորտի մասնագետի հետ հնարավորություն է տալիս ծանոթանալու գիտական աշխատանքի բնույթին, մասնագիտական գործունեության առանձնահատկություններին և հետազոտական խնդիրների լուծման իրական գործընթացին։

Հասարակագիտական թեմաներով հետազոտական աշխատանքներում ներգրավված խորհրդատու, աջակցող մասնագետների ընտրանուց՝

Բացի վերը նշվածից՝ արտակրթահամալիրային մասնագետների կողմից նաև իրականացվում են գիտական հետաքրքրություն ներկայացնող թեմաների առաջադրում, ինչպես նաև հետազոտական աշխատանքի իրականացման մեթոդներին և ներկայացվող պահանջներին վերաբերող հանդիպում-քննարկումներ:

Այս առումով կարևոր եմ համարում ԵՊՀ դասախոս, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հայկազ Հովհաննիսյանի հետ հանդիպումը, ով «Հետազոտական աշխատանքի իրականացման մեթոդները և ներկայացվող պահանջները» թեմայով դասախոսության ժամանակ բավականին մանրամասն ներկայացրեց հետազոտական աշխատանքի կազմակերպման և իրականացման հիմնական սկզբունքները՝ կարևորելով թեմայի ընտրության, հետազոտական հարցի ձևակերպման, աղբյուրների հետ աշխատանքի, ինչպես նաև գիտական բարեվարքության պահպանման կանոնները:

Բավականին արդյունավետ և օգտակար էր նաև Մ. Մաշտոցի անվան Մատենադարանի Միջնադարյան արվեստի ուսումնասիրման բաժնի վարիչ, արվեստագիտության թեկնածու Նազենի Ղարիբյանի հետ հանդիպումը, ով  գործնական խորհուրդների և առաջարկությունների միջոցով ներկայացրեց հետազոտական գրագրության հիմունքները:

Գիտական հետաքրքրություն ներկայացնող թեմաներ առաջադրելու նպատակով իրականացվել են նաև հանդիպումներ ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատողների հետ, որոնց հետ քննարկումները խթանեցին սովորողների հետաքրքրությունը հնագիտության և ազգագրության ոլորտներում։

2. Արտակրթահամալիրային մասնագետների ներգրավումը որպես գրախոսներ

Եթե խորհրդատու մասնագետի հիմնական գործառույթը հետազոտության իրականացման ընթացքում սովորողին ճիշտ ուղղորդելն ու աջակցելն է, ապա գրախոսի դերը հետազոտական աշխատանքի արդյունքների մասնագիտական գնահատումն ու դրանց կատարելագործմանն ուղղված դիտարկումների ներկայացումն է։

Արտակրթահամալիրային մասնագետների ներգրավումը որպես գրախոսներ կարևոր նշանակություն ունի հետազոտական աշխատանքների որակի բարձրացման համար։ Այն հնարավորություն է տալիս սովորողի կատարած աշխատանքը դիտարկել ոչ միայն դասավանդողի կամ կրթահամալիրի ներքին չափանիշների, այլև համապատասխան գիտական ոլորտի պահանջների տեսանկյունից։ Գրախոսն անդրադառնում է հետազոտության թեմայի արդիականությանը, նպատակի և խնդիրների ձևակերպմանը, օգտագործված աղբյուրների արժանահավատությանը, մեթոդաբանության համապատասխանությանը, փաստարկների տրամաբանական կառուցվածքին, եզրակացությունների հիմնավորվածությանը և աշխատանքի գիտական ու գործնական նշանակությանը։

Հասարակագիտական թեմաներով հետազոտությունների դեպքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում աղբյուրների քննական ուսումնասիրությանը, պատմական և հասարակական երևույթների համատեքստային վերլուծությանը, տարբեր տեսակետների համադրմանը և հետազոտողի անձնական կարծիքը փաստերից հստակ տարբերակելու կարողությանը։

Գրախոսությունը չի սահմանափակվում աշխատանքի թերությունների թվարկմամբ։ Դրա կարևորագույն նպատակը սովորողին հետադարձ կապ տրամադրելն է՝ մատնանշելով աշխատանքի ուժեղ կողմերը, բացահայտելով այն խնդիրները, որոնք լրացուցիչ ուսումնասիրության կարիք ունեն, և առաջարկելով բարելավման հնարավոր ուղիներ։ Կարևոր եմ համարում նշել, որ այս գործընթացը սովորողին ծանոթացնում է գիտական հաղորդակցության մշակույթին։ Նա սովորում է ընդունել մասնագիտական քննադատությունը, վերանայել սեփական տեսակետները, հիմնավորել իր որոշումները և պատասխանատվություն կրել ներկայացվող արդյունքների համար։

Այսպիսով, արտակրթահամալիրային մասնագետի գրախոսությունը նպաստում է հետազոտական աշխատանքի օբյեկտիվ գնահատմանը, սովորողի գիտական մտածողության զարգացմանը և հետազոտական արդյունքների հանրային ներկայացման պատրաստվածության բարձրացմանը։

Հասարակագիտական թեմաներով հետազոտական աշխատանքներում ներգրավված գրախոս մասնագետների ընտրանուց՝

3. Համատեղ հետազոտական աշխատանքների իրականացումը այլ կրթական հաստատությունների սովորողների հետ

Ժամանակակից կրթական միջավայրում հետազոտական գործունեությունը գնալով ավելի շատ է հիմնվում համագործակցության, փորձի փոխանակման և գիտելիքի համատեղ ստեղծման սկզբունքների վրա։ Այս տեսանկյունից կարևոր ուղղություն է այլ կրթական հաստատությունների սովորողների հետ համատեղ հետազոտական աշխատանքների իրականացումը։ Նման համագործակցությունը սովորողներին հնարավորություն է տալիս ուսումնասիրելու ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող խնդիրներ, համադրելու տարբեր կրթական միջավայրերում ձևավորված մոտեցումները և միասին հասնելու հետազոտական արդյունքների։

Հասարակագիտական թեմաներով հետազոտությունների համար այս ձևաչափը հատկապես արդյունավետ է, քանի որ հասարակական երևույթների ուսումնասիրությունը հաճախ պահանջում է տարբեր համայնքների, սոցիալական խմբերի, պատմական իրադարձությունների և մշակութային միջավայրերի համեմատություն։ Օրինակ՝ տարբեր կրթական հաստատությունների սովորողները կարող են համատեղ ուսումնասիրել իրենց բնակավայրերի պատմական հիշողության առանձնահատկությունները, մշակութային ժառանգության պահպանման խնդիրները, երիտասարդների քաղաքացիական մասնակցությունը, հանրային տարածքների օգտագործումը, համայնքային ինքնության ձևավորման գործընթացները կամ տեղական ինքնակառավարման հիմնախնդիրները։

Համատեղ հետազոտության կազմակերպման ընթացքում սովորողները կարող են միասին ձևակերպել հետազոտական հարցը, մշակել աշխատանքի իրականացման պլանը, բաժանել առաջադրանքները, հավաքագրել և վերլուծել տվյալները, համադրել ստացված արդյունքները և պատրաստել միասնական հետազոտական նյութ։

Այսպիսի աշխատանքը զարգացնում է ոչ միայն հետազոտական, այլև համագործակցային կարողությունները։ Սովորողները սովորում են լսել միմյանց, հիմնավորել իրենց տեսակետները, քննարկել անհամաձայնությունները, համաձայնեցնել աշխատանքի փուլերը և ստանձնել պատասխանատվություն ընդհանուր արդյունքի նկատմամբ:

Համատեղ հետազոտությունների մյուս առավելությունն այն է, որ դրանք կարող են վերածվել շարունակական համագործակցության։ Մեկ հետազոտության շրջանակում ձևավորված կապերը կարող են հիմք դառնալ հետագա նախագծերի, համատեղ քննարկումների, գիտաժողովների և հանրային ներկայացումների կազմակերպման համար։

Այսպիսով, այլ կրթական հաստատությունների սովորողների հետ հետազոտական համագործակցությունը ընդլայնում է ուսումնառության սահմանները, խթանում գիտելիքի համատեղ ստեղծումը և նպաստում սովորողների՝ համագործակցային ու հասարակական կյանքին ակտիվորեն մասնակցող անհատներ դառնալուն։

Համատեղ իրականացված հետազոտական աշխատանքի հիանալի օրինակ է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հետազոտական վարժարանի 11-րդ դասարանի սովորող Դավիթ Մուրադյանի և իր քուրդ ընկերների՝ Երևանի Հրանտ Դինքի անվան թիվ 44 հիմնական դպրոցի սովորող Նիկոլայ Սիաբանդովի ու Արագածոտնի մարզի Սիփանի միջնակարգ դպրոցի սովորող Նուրի Իբոյանի՝ «Քրդական իրականության մշակութային ասպեկտը» թեմայով հետազոտական աշխատանքը, որի արդյունքները ներկայացվել են Գյումրիում կայացած «ՀՀ ազգային փոքրամասնությունների մշակույթը» հանրապետական աշխատարանում /«Շանթ» հեռուստաընկերության անդրադարձը/:

Աշխատանքը ներկայացվել է նաև կրթահամալիրում՝ հասարակագիտական ամենամյա բաց ստուգատեսի շրջանակում /հատված հանդիպումից՝ քրդական «Զագրոս» թերթի խմբագիր Լիաննա Մհոյանի ֆեյսբուքյան էջում:

Հետազոտական աշխատանքը տպագրվել է Հայաստանի քրդական ազգային խորհրդի «Զագրոս» պաշտոնաթերթում, որի 7-րդ էջում կարող եք ընթերցել աշխատանքի առաջին մասը /Զագրոս», էջ 7/:

Արագածոտնի մարզի Սիփանի միջնակարգ դպրոցի սովորող Նուրի Իբոյանը նաև արժանացել է «Տիգրան Հայրապետյան 2025» ամենամյա մրցանակին, որով քաղաքագետ, հրապարակախոս, վերլուծաբան Տիգրան Հայրապետյանի անվամբ սահմանված մրցանակը հանրայնացվել է՝ դուրս գալով կրթահամալիրի սահմաններից:

4. Հետազոտական աշխատանքների հանրային ներկայացումը արտակրթահամալիրային հարթակներում

Հետազոտական աշխատանքի կարևորագույն փուլերից մեկը դրա արդյունքների հանրային ներկայացումն է, որի շնորհիվ հետազոտությունը դառնում է ավելի արժեքավոր, իսկ սովորողն իրեն զգում է կարևորված, լսված ու գնահատված:

Այս առումով կարևոր նշանակություն ունի սովորողների հետազոտական աշխատանքների ներկայացումը հատկապես արտակրթահամալիրային հարթակներում, օրինակ՝ Երևանի պետական համալսարանում, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտում, ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտում, ինչպես նաև այլ գիտակրթական հաստատություններում և մասնագիտական քննարկումների հարթակներում։

Նման հարթակներում հանդես գալը սովորողին հնարավորություն է տալիս իր աշխատանքը ներկայացնելու մասնագիտական լսարանին, ծանոթանալու գիտական հաղորդակցության մշակույթին և ստանալու արձագանքներ այն մարդկանցից, որոնք զբաղվում են համապատասխան ոլորտի ուսումնասիրությամբ։

Արտակրթահամալիրային հարթակներում հետազոտական աշխատանքների ներկայացումն ունի մի շարք կարևոր առավելություններ.

  • Այն բարձրացնում է սովորողի պատասխանատվությունը սեփական աշխատանքի որակի նկատմամբ։ Մասնագիտական լսարանի առջև հանդես գալուց առաջ սովորողը ուշադրություն է դարձնում հետազոտության բովանդակության ճշգրտմանը, աղբյուրների ստուգմանը և փաստարկների հիմնավորմանը:
  • Այն նպաստում է սովորողի ինքնավստահության, հաղորդակցական կարողությունների և հրապարակային խոսքի զարգացմանը։
  • Գիտակրթական հաստատությունների հետ կապերը հնարավորություն են տալիս ընդլայնելու հետազոտական աշխատանքի շրջանակը, բացահայտելու նոր թեմաներ և ձևավորելու մասնագիտական համագործակցության նախադրյալներ։
  • Նման ներկայացումները նպաստում են սովորողի աշխատանքի հանրայնացմանը և ցույց են տալիս, որ դպրոցական հետազոտությունը կարող է դառնալ գիտական ու հասարակական քննարկումների նյութ:
  • Հանրային ներկայացումը նպաստում է հետազոտության հետագա զարգացման փուլին: Մասնագիտական լսարանի հարցերը, դիտարկումներն ու առաջարկները հիմք են դառնում լրացուցիչ ուսումնասիրությունների, նոր հետազոտական հարցադրումների և աշխատանքի վերանայման համար։

Այս ամենի արդյունքում արտակրթահամալիրային հարթակներում հետազոտական աշխատանքների ներկայացումը կարևոր հարթակ է կրթական միջավայրի և գիտական համայնքի միջև կապի ամրապնդման, ինչպես նաև սովորողի հետազոտական գործունեության շարունակական զարգացման համար։

Արտակրթահամալիրային հարթակներում հետազոտական աշխատանքների հանրային ներկայացումների ընտրանուց՝

5. Հետազոտական աշխատանքների նախնական գրախոսությունը հասարակագիտական մասնախմբում

Հետազոտական աշխատանքի որակի ապահովման կարևոր նախապայման է դրա նախնական քննարկումն ու գրախոսությունը հասարակագիտական մասնախմբում։

Մինչև հետազոտության հանրային ներկայացումը կամ արտակրթահամալիրային գրախոսության ուղարկելը աշխատանքը քննարկվում է նախ մասնախմբի գործընկերների հետ։ Այս գործընթացը հնարավորություն է տալիս բացահայտելու աշխատանքի ուժեղ կողմերը, նկատելու բովանդակային և մեթոդական խնդիրները, ճշգրտելու ձևակերպումները և բարելավելու հետազոտության ընդհանուր կառուցվածքը։

Նախնական գրախոսության առանձնահատկությունն այն է, որ այն իրականացվում է համագործակցային և աջակցող միջավայրում։ Գործընկերների նպատակը ոչ թե միայն գնահատական տալն է, այլ սովորողին և աշխատանքը ղեկավարող դասավանդողին օգնելը՝ հետազոտությունը դարձնելու առավել ամբողջական, հիմնավորված և ներկայացման պատրաստ։

Քննարկման ընթացքում մասնախմբի անդամները անդրադառնում են հետևյալ հարցերին.

  • Արդյո՞ք հետազոտության թեման հստակ է և համապատասխանում է աշխատանքի բովանդակությանը։
  • Արդյո՞ք հիմնավորված են հետազոտության արդիականությունը, նպատակը և խնդիրները:
  • Արդյո՞ք ընտրված աղբյուրները բավարար են և արժանահավատ։
  • Արդյո՞ք կիրառված մեթոդները համապատասխանում են հետազոտական խնդրին։
  • Արդյո՞ք փաստարկները տրամաբանորեն կապված են միմյանց հետ։
  • Արդյո՞ք եզրակացությունը բխում է աշխատանքի նպատակից և խնդիրներից:
  • Արդյո՞ք պահպանված են հղումների, մեջբերումների և ակադեմիական ազնվության պահանջները։
  • Արդյո՞ք աշխատանքը պատրաստ է հանրային ներկայացման, և ի՞նչ լրացուցիչ քայլեր են անհրաժեշտ աշխատանքը էլ ավելի բարելավելու համար:

Այս գործընթացը նպաստում է ոչ միայն հետազոտական աշխատանքի որակի բարձրացմանը, այլև մասնախմբի ներսում մասնագիտական համագործակցության ամրապնդմանը։ Այն ստեղծում է փորձի փոխանակման միջավայր, որտեղ գործընկերները համատեղ քննարկում են հետազոտական աշխատանքի կազմակերպման խնդիրները, ներկայացնում իրենց մոտեցումներն ու առաջարկները:

Այսպիսով, հասարակագիտական մասնախմբում նախնական գրախոսությունը հետազոտական աշխատանքի որակի ապահովման կարևոր մեխանիզմ է, որը կապում է անհատական աշխատանքը մասնագիտական համագործակցության և հանրային ներկայացման գործընթացների հետ։

6. Հետազոտական աշխատանքների հանրային ներկայացումների մասնախմբային օրացույցը

Հետազոտական աշխատանքների կազմակերպման և իրականացման արդյունավետության կարևոր պայմաններից մեկը դրանց հանրային ներկայացումների ժամանակացույցի համակարգված պլանավորումն է։

Մասնախմբային օրացույցի ձևավորումը հնարավորություն է տալիս հետազոտական գործունեությունը կազմակերպել փոխկապակցված ու շարունակական գործընթացի տեսքով։ Այն հետազոտական աշխատանքների հանրային ներկայացումների միասնական հարթակ է, որը հասանելի է մասնախմբի անդամներին և հետազոտական աշխատանք իրականացնող սովորողներին։ Անհրաժեշտության դեպքում օրացույցը ուղարկվում է արտակրթահամալիրային մասնագետներին, գրախոսներին և համագործակցող կրթական հաստատությունների ներկայացուցիչներին աշխատանքների հանրային ներկայացումներին մասնակցելու համար։

Մասնախմբային օրացույցի կազմման ընթացքում հաշվի է առնվում յուրաքանչյուր հետազոտական աշխատանքի առանձնահատկությունները, սովորողի պատրաստվածության մակարդակը, թեմայի բարդությունը, մասնագիտական խորհրդատվության անհրաժեշտությունը և հանրային ներկայացման նախատեսվող հարթակը։

Կարևոր եմ համարում նշել, որ օրացույցի  հիմնական նպատակը հետազոտական գործընթացի կազմակերպմանն աջակցելն է, մասնակիցների միջև հաղորդակցությունը հեշտացնելը և յուրաքանչյուր աշխատանքի զարգացման ընթացքը տեսանելի դարձնելը։ Բացի այդ, օրացույցը հնարավորություն է տալիս ամփոփելու մասնախմբի հետազոտական գործունեության արդյունքները՝ արձանագրելով իրականացված աշխատանքների թիվը, ներգրավված մասնագետների շրջանակը, համագործակցող կրթական հաստատությունները, հանրային ներկայացումների քանակը և սովորողների մասնակցության աստիճանը:

Հասարակագիտական առարկաներից հետազոտական աշխատանքների հանրային ներկայացումների ժամանակացույց՝

Այսպիսով, հասարակագիտական մասնախմբում հետազոտական աշխատանքի կազմակերպման առանձնահատկությունները փոխկապակցված են և գործում են որպես միասնական համակարգ՝ ապահովելով հետազոտական աշխատանքի ամբողջական ընթացքը՝ մեկնարկից մինչև արդյունքների հանրային ներկայացում և հետագա զարգացում։

Հեղինակ՝ Վարդան Կարապետյան
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, հասարակագիտական մասնախմբի ղեկավար