Այսօր կրկին քննարկվում է ուսուցիչների կամավոր ատեստավորման համակարգի փոփոխության հարցը։ Ներկայացվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 167-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը, որով առաջարկվում են ատեստավորման գործընթացի որոշակի փոփոխություններ։

Սակայն այստեղ շատ ավելի կարևոր հարց կա․ արդյո՞ք առաջարկվող փոփոխությունները փոխում են ատեստավորման հիմքում ընկած փիլիսոփայությունը, թե՞ պարզապես որոշակիորեն վերաձևակերպում են գործող համակարգը՝ պահպանելով դրա հիմնական տրամաբանությունը։

Փնտրեցի փաստացի ուսումնասիրություններ՝ կրթության բովանդակությանն ուղղված, զարգացում արձանագրող ուսումնասիրություններ, համակարգային զարգացման մասին խոսք չգտա։ Ուսուցիչների հետ իմ քննարկումներում խուճապ ու հուսահատություն տեսա։

Իմ համոզմամբ՝ եթե ուսուցչի գնահատման հիմքում շարունակում են գերակշռել անգիր սովորելը, նեղ մասնագիտական, մանր ու հաճախ խրթին առաջադրանքները, ապա էական փոփոխություն տեղի չի ունենում։ Մենք շարունակում ենք ուսուցչին պատրաստել քննություն հանձնելուն, այլ ոչ թե խրախուսել նրա մասնագիտական զարգացումը, հետազոտական գործունեությունն ու ստեղծագործական ներուժը։

Խնդիրը միայն ատեստավորման բովանդակությունը չէ։ Խնդիրը դրա հիմքում դրված սկզբունքն է․ մենք չենք կարող մեզ անսկզբունք շռայլություն թույլ տալ։ Սկզբունքը՝ կրթության կազմակերպման նորարարությունն է, կրթության գործընթացում բովանդակության ու մոտեցումների արդիականացումը։

Այստեղ մի շատ ավելի կարևոր հարց է առաջանում․ ի՞նչ տվեց կամավոր ատեստավորումը հանրակրթությանը, կրթության զարգացմանը, ուսուցչական ներուժի բացահայտմանն ու խթանմանը։

Կամավոր ատեստավորման համակարգի ներդրումն իր հետ բերեց բազմաթիվ տեսանելի և անտեսանելի խնդիրներ, մասնագիտական անհամաձայնություններ, դժգոհություններ, բացասական վերաբերմունք և, ցավոք, նաև ուսուցիչների արժանապատվությունը խոցող ու նվաստացնող իրավիճակներ։ Այն դարձավ հանրակրթական համայնքում լարվածության, երբեմն նաև ուսուցիչներին միմյանց հակադրելու պատճառ։

Իհարկե, համակարգն ունեցավ նաև հստակ ու շոշափելի արդյունք․ կամավոր ատեստավորումը հաղթահարած ուսուցիչների համար նախատեսվեց վարձատրության բարձրացում։ Սա կարևոր խրախուսման մեխանիզմ է, և որևէ կերպ չեմ թերագնահատում դրա նշանակությունը։ Ուսուցիչը պետք է արժանապատիվ վարձատրվի, իսկ մասնագիտական զարգացումը՝ խրախուսվի։

Ի՞նչ փոխվեց դպրոցում։ Ի՞նչ փոխվեց ատեստավորումը հաղթահարած ուսուցչի ամենօրյա աշխատանքում։ Ի՞նչ նոր հմտություններ, մեթոդներ, մանկավարժական մոտեցումներ սկսեց կիրառել նա։ Ի՞նչ փոխվեց այդ ուսուցչի դասավանդած սովորողների ուսումնառության փորձի, ինքնուրույնության, քննադատական մտածողության, ստեղծագործականության և կրթական արդյունքների տեսանկյունից։ Ի՞նչ նոր մշակույթ ձևավորվեց դպրոցում, ի՞նչ մասնագիտական փորձ տարածվեց, ի՞նչ նորարարություններ ծնվեցին։

Ունե՞նք արդյոք այս հարցերի պատասխանները։ Կա՞ համակարգված ուսումնասիրություն, հետազոտություն, հետադարձ կապ, որը թույլ կտա գնահատել կամավոր ատեստավորման իրական ազդեցությունը հանրակրթության վրա։

Մենք հաշվարկել ենք մասնակիցների թիվը, արձանագրել հաղթահարածների քանակը, սահմանել վարձատրության բարձրացման մեխանիզմներ, բայց արդյո՞ք նույն հետևողականությամբ ուսումնասիրել ենք, թե ինչ կրթական արժեք է ստեղծվել այդ գործընթացի արդյունքում։

Որքա՞ն ժամանակ է ծախսել ուսուցիչը քննությանը պատրաստվելու համար, քանի՞ ժամ է պարապել, քանի՞ կրկնուսույցի է դիմել և որքա՞ն գումար է վճարել՝ հաճախ իր ամենօրյա մանկավարժական գործունեության մեջ անմիջականորեն չկիրառվող նեղ մասնագիտական մանրամասներն ու բարդ տեսական դրույթները յուրացնելու համար։

Սրանք հռետորական հարցեր չեն միայն։ Դրանք համակարգի արդյունավետության գնահատման կարևոր բաղադրիչներ են։ Պետությունը պետք է իմանա ոչ միայն, թե որքան ռեսուրս է ծախսվել ատեստավորման կազմակերպման վրա, այլև ինչ արդյունք է ստացել կրթական համակարգը այդ ներդրման դիմաց։

Ուսուցչի գիտելիքի ստուգումը դեռևս չի նշանակում, որ փոխվել է նրա դասավանդման որակը, իսկ աշխատավարձի բարձրացումն ինքնին չի երաշխավորում կրթական միջավայրի բարելավում։

Խնդիրն, անշուշտ, ատեստավորումը հաղթահարած հարգելի ուսուցիչները չեն։ Խնդիրը համակարգային մոտեցման մեջ է։

Ուսուցչի վարձատրության բարձրացումը կարևոր արդյունք է ուսուցչի համար, բայց հանրակրթության զարգացման արդյունքը շատ ավելի լայն պետք է լինի։

Եթե ատեստավորման նպատակը կրթության որակի բարձրացումն է, ապա դրա արդյունավետությունը պետք է գնահատվի ոչ միայն քննությունը հաղթահարած ուսուցիչների թվով, այլև այն փոփոխություններով, որոնք տեղի են ունենում դասարանում, սովորողի կյանքում, դպրոցի մշակույթում և ամբողջ կրթական համակարգում։

Շարունակ մտածում եմ այս թեմայի շուրջ, կարդում և եզրակացությունս այսպիսին է՝ հանրակրթության նպատակները մի բան են, ուսուցչի ատեստավորման պահանջները՝ մեկ այլ բան

Իմ կարծիքով, այստեղ առկա է բովանդակային և մեթոդաբանական անհամապատասխանություն հանրակրթության ոլորտի օրենսդրությամբ ամրագրված նպատակների և ուսուցչի մասնագիտական կարողությունների գնահատման գործող տրամաբանության միջև։

Հանրակրթության մասին օրենքի և հանրակրթության պետական չափորոշչի հիմքում սովորողի համակողմանի զարգացումն է, կարողունակությունների ձևավորումը, քննադատական և ստեղծագործական մտածողությունը, հաղորդակցությունը, համագործակցությունը, ինքնուրույնությունը, արժեքային համակարգի զարգացումը։

Այսինքն՝ մենք ասում ենք, որ դպրոցը պետք է ձևավորի մտածող, նախաձեռնող, հետազոտող, ստեղծագործող, ինքնուրույն որոշումներ կայացնող անհատ։

Բայց ինչպե՞ս ենք գնահատում այն ուսուցչին, որը պետք է ձևավորի այդպիսի սովորող։

Նրան առաջարկում ենք պատրաստվել քննության, յուրացնել մեծածավալ մասնագիտական նյութ՝ որոշակի աղբյուրներից, անգիր անել սահմանումներ, տարբերակել մանր ու բարդ տեսական դրույթներ և սահմանափակ ժամանակում լուծել նեղ մասնագիտական առաջադրանքներ։

Ստացվում է տարօրինակ իրավիճակ․ սովորողից պահանջում ենք ոչ թե պարզապես անգիր անել, այլ մտածել, վերլուծել, հետազոտել և ստեղծագործել, իսկ ուսուցչից պահանջում ենք հենց այն, ինչից փորձում ենք հեռանալ կրթության մեջ։

Սա պարզապես մեթոդական անհամապատասխանություն չէ։ Սա կրթական փիլիսոփայության հակասություն է։

Եթե մենք կարևորում ենք սովորողի ստեղծագործականությունը, հետազոտական կարողությունները, քննադատական մտածողությունն ու ինքնուրույնությունը, ապա նույն արժեքները պետք է լինեն նաև ուսուցչի մասնագիտական գնահատման հիմքում։

Իհարկե, սա չի նշանակում, որ ուսուցիչը չպետք է ունենա խորքային առարկայական գիտելիքներ։ Ընդհակառակը՝ առանց գիտելիքի հնարավոր չէ ստեղծագործել։ Մասնագիտական կրթությունն ու որակավորումը պետք է ապահովեն անհրաժեշտ գիտելիքային հիմքը, իսկ շարունակական մասնագիտական գնահատումը պետք է պարզի նաև այդ գիտելիքի արդիականությունը, կիրառման կարողությունը, մանկավարժական մտածողությունն ու մասնագիտական զարգացման դինամիկան։

Մենք պետք է տարբերություն դնենք մասնագիտական գիտելիք ունենալու և այդ գիտելիքը մասնագիտական գործունեության մեջ ստեղծագործաբար կիրառելու միջև։

Ի՞նչ պետք է փոխվի ատեստավորման փիլիսոփայության մեջ

Ուսուցիչը պարզապես գիտելիքի կրող չէ․ դրա համար կան գրքեր, համացանց՝ մեդիա և տպագիր բազմաթիվ ռեսուրսներ։ Նա ամեն օր աշխատում է մարդկանց, գաղափարների, խնդիրների, տարբեր իրավիճակների ու չբացահայտված հնարավորությունների հետ, յուրաքանչյուր սովորող անհատականություն է՝ իր ուրույն զարգացմամբ, առանձնահատկություններով, կրթական պահանջմունքներով։ Նրա մասնագիտական արժեքը միայն դասագրքային գիտելիքի իմացությամբ կամ մեթոդական պահանջների անգիր յուրացմամբ չի կարող չափվել։

Ուսուցիչը մասնագետ է, որի աշխատանքը ենթադրում է մշտական որոնում, փորձարկում, վերլուծություն, նորարարություն և ստեղծագործական մտածողություն։

Ուստի կամավոր ատեստավորումը չպետք է վերածվի հերթական քննության, որի համար ուսուցիչը ստիպված է ամիսներով պարապել, անգիր անել տեսական նյութեր և պատրաստվել ճիշտ պատասխաններ վերարտադրելուն։

Ատեստավորումը պետք է դառնա հնարավորություն՝ բացահայտելու ուսուցչի իրական մասնագիտական ներուժը, խրախուսելու նրա նախաձեռնությունը և հնարավորություն տալու նրան դրսևորվել որպես հետազոտող, ստեղծագործող ու հանրային մասնագիտական խոսքի կրող։

Սա առանցքային հարցադրում է, որը կարող է փոխել կրթության քաղաքականությունը, մեթոդաբանությունը՝ ապահովելով զարգացում, ռեսուրսների ճիշտ բաշխում և շարունակականություն։ Չեմ պատկերացնում կրթական համակարգի զարգացումն առանց դրանում ներառված գործող անձանց՝ ուսուցիչների ներառման ու համատեղ աշխատանքի։ Նոր մտքերը, զարգացումները պետք է առաջանան ու զարգանան ուսուցչի աշխատանքում, ուսուցչի հետազոտոթյուններում։ Միայն ժամանակի հետ քայլող և սովորող ուսուցիչը կարող է սովորել սովորեցնել՝ ձևավորելով կիրթ, իր իրավունքներն իմացող, պաշտպանող քաղաքացու։ Կամակատարների, անգիրի դպրոցը կկրկնի կամակատարների, անգիրի շրջափուլը։ Մտածե՛ք։