Հեղինակ՝ Հեզեր Շումեյքեր
Թարգմանիչ՝ Գևորգ Հակոբյան
Երեխաների իրավունքները դպրոցում
Մենք սովորում ենք այնքան ժամանակ, քանի դեռ մեզ բավականացնում է տոկունությունը։
Ասացվածք
Դպրոցական հենց առաջին շաբաթվա ընթացքում իմ որդին՝ Մայլզը, դասերի ավարտին չսպասելով, դուրս էր եկել դպրոցի շենքից։ Նա հուզված էր և պատրաստ էր փոխելու գործունեության տեսակը, ուստի ուղղվեց դեպի խաղահրապարակ։ Ուսուցիչները վերադարձրին նրան և բացատրեցին, թե ինչ է դասամիջոցը։
Երեխաները հասկանում են, որ դասերի միջև իրենց ընդմիջում է պետք։ Դասամիջոցն օգնում է, այլ ոչ թե խանգարում նրանց ուղեղին յուրացնելու գիտելիքները։ Կանոնավոր դասամիջոցները երեխայի իրավունքն են։
Ոչ ճիշտ կանոնների պատճառը
Դասամիջոցը բարերար ազդեցություն է ունենում հիշողության, ուսումնառության և ուշադրության, ինչպես նաև դպրոցից բավականություն ստանալու և դասերի նկատմամբ հետաքրքրության վրա։ Դասամիջոցը դպրոցականի համար պակաս կարևոր չէ, քան ճաշը ։
Տասնամյա Ռոբինը՝ ակտիվ և ինքնուրույն մի երեխա, հուսահատության մեջ էր, երբ տեղափոխվեց հինգերորդ դասարան։ Դպրոցների մեծ մասում հինգերորդ դասարանը պատկանում է տարրական դպրոցին, սակայն այնտեղ, որտեղ սովորում էր Ռոբին, այն համարվում էր միջին դպրոց, իսկ միջին դպրոցի աշակերտների համար մեծ դասամիջոց նախատեսված չէր։
Ռոբինը մենակ չէ։ Ամերիկյան դպրոցների մոտավորապես 30%-ում տարրական դասարանների սովորողների համար նախատեսված մեծ դասամիջոցը կարճ է կամ ընդհանրապես չկա։ Եվ սա սկսվում է հինգ տարեկանից։
Ի՞նչ է դասամիջոցը
Դասամիջոց։ Մենք պատկերացնում ենք երեխաների, որոնք դուրս են թռչում դպրոցի դռներից և բարձր աղաղակներով վազվզում միմյանց հետևից։ Մեր ընկալմամբ դասամիջոցը գործողություն է։
Երեխաների մեծ մասը դասամիջոցի ընթացքում նախընտրում է ակտիվ զբաղմունքներ, սակայն կարևոր է հասկանալ, որ դրա իմաստը միայն շարժման մեջ չէ։ Դա ընդմիջում է։ Ոմանք դասերի ընդմիջումն օգտագործում են վազվզելու, ծառեր մագլցելու, ճոճանակով ճոճվելու և աղաղակելու համար։ Մյուսները նախընտրում են հանգստություն։
Գևինը ֆուտբոլ էր խաղում։ Հարփերը ճյուղերից տնակներ էր կառուցում։ Էմիլին յոթ ընկերների հետ միասին ութանկյուն հրապարակում խաղում էր «դռնապաններ» խաղի ժամանակակից տարբերակը։
— Այսօր մեծ դասամիջոցին ես բանաստեղծություն գրեցի, — մի անգամ ինձ ասաց Մայլզը։ Երբեմն նա ակտիվ խաղեր էր խաղում, երբեմն զրուցում ընկերների հետ, երբեմն էլ մրջյունների լեզու հնարում։ Այս ամենը դասամիջոց է։ Երբ ես սովորում էի երրորդ դասարանում, ամբողջ մեծ դասամիջոցին պարան էի ցատկում կամ բռնոցի խաղում, բայց հինգերորդ դասարանում ընկերուհուս՝ Դանայի հետ հաճախ նստում էի մի անկյունում՝ ծառի կորացած բնին։ Մենք հեռանում էինք աղմկոտ դասընկերներից, որպեսզի զրուցենք և սուզվենք մեր սեփական մտքերի մեջ։ Սա նույնպես դասամիջոց է։
Դասամիջոցը պարտադիր չէ, որ կապված լինի ֆիզիկական ծանրաբեռնվածության հետ։ Սրա մասին հաճախ են մոռանում, հատկապես՝ ճարպակալման համաճարակով պայմանավորված լիովին հիմնավոր անհանգստության ֆոնին։ Դասամիջոցը ենթարկվելու անհրաժեշտությունից հանգստանալու ժամանակն է։ Դա հանգիստ է կանոնակարգված դասերից, մեծահասակների վերահսկողությունից և պարտադրված ընտրությունից։ Դասամիջոցը հոգեբանական, էմոցիոնալ, ճանաչողական (կոգնիտիվ), սոցիալական և ֆիզիկական հանգիստ է, որը հաճախ զուգորդվում է ակտիվ շարժումով։
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնները դասամիջոցը սահմանում են որպես «տարրական դպրոցի օրվա ռեժիմում կանոնավոր ժամանակահատվածներ, որոնք նախատեսված են ազատ ֆիզիկական ակտիվության և խաղի համար»։ Ռոբերտ Վուդ Ջոնսոնի հիմնադրամը դասամիջոցն անվանում է «երեխայի ընտրությամբ ֆիզիկական և սոցիալական ակտիվություն»։
Անկախ նրանից, թե ինչով են զբաղվում երեխաները դասամիջոցին, դասարան են վերադառնում հանգստացած։ Դա ազատ ընտրության, լիցքաթափման ժամանակն է․ ժամանակ, երբ երեխան դասընկերների հետ շփվում է սեփական կամքով, ժամանակ մտորումների համար, ժամանակ՝ սեփական մարմինը ազատորեն տնօրինելու։
Երեխաներն ունեն դասամիջոցի իրավունք։ Ուսումնառության համար դա պակաս կարևոր չէ, քան ճաշը։ Դպրոցները, որտեղ դասամիջոցների տևողությունը օրական տասից քսան րոպե է, վնասում են երեխաներին։ Երեխաների առաջադիմությունն ու ինտելեկտի մակարդակը ցույց են տալիս, որ նրանց անհրաժեշտ են երկար դասամիջոցներ, իսկ ընդհանրապես դասամիջոցից զրկել նրանց չի կարելի, որքան էլ որ նրանք «չարություն անեն»։
Ոչ ճիշտ կանոնների օգուտը
Երբ երեխաներին դասամիջոցների համար բավարար ժամանակ են տրամադրում, նրանք հասկանում են․
- Ինձ դուր է գալիս դրսում խաղալը։
- Շարժումը հրաշալի է։
- Վերադառնալով դասամիջոցից՝ ես նորից պատրաստ եմ կենտրոնանալ։
- Դասի ժամանակ ես պետք է ուշադիր լինեմ։ Դասամիջոցն իմ անձնական ժամանակն է։
- Խաղի կանոնների շուրջ համաձայնության գալը բարդ է, բայց մենք կարող ենք գլուխ հանել դրանից։
- Ես հավատարիմ ընկերներ ունեմ։ Նրանք ինձ օգնում են դժվար պահերին՝ դպրոցում թե տանը։
- Դասամիջոցին ընտրություն կատարելու հնարավորությունն ինձ հնարավորություն է տալիս զգալ, որ ինձ հարգում են։
- Դպրոցը մի վայր է, որտեղ կարող եմ լինել ինքս ինձ նման։
- Դպրոցում հետաքրքիր է։
Ինչո՞ւ է սա գործում
Դասամիջոցն ուսումնառության դաշնակիցն է։ Դասամիջոցը հրաշալի կերպով ուժեղացնում է գիտելիքներ ձեռք բերելու կարողությունը և բարելավում վարքագիծը դասարանում։ Կանոնավոր դասամիջոցներն օգնում են երեխաներին յուրացնելու նոր նյութը, զարգացնում են ճշտապահությունը և հիշողությունը։ Դասամիջոցները բարձրացնում են առաջադիմությունը։ Երկարատև դասամիջոցից հետո երեխաներն ավելի քիչ են խուսափում աշխատանքից, քիչ են տեղում անհանգիստ շարժվում, ավելի հազվադեպ են խանգարում կողքին նստածին և, որպես կանոն, ավելի ուշադիր են լսում ուսուցչին։
Ամերիկյան մանկաբուժության ակադեմիան (AAP) դասամիջոցները համարում է պարապմունքների անհրաժեշտ ընդմիջում, որը նշանակալի օգուտ է բերում ճանաչողական, սոցիալական, էմոցիոնալ և ֆիզիկական առումներով։ Դասամիջոցներն այնքան կարևոր են երեխաների առողջության և զարգացման համար, որ 2013 թվականին AAP-ն հանդես եկավ հուշագրով, որում ասվում էր. «Դասամիջոցը երեխայի զարգացման կարևոր ու անհրաժեշտ բաղադրիչն է… և դրանից չի կարելի հրաժարվել պատժի կամ ուսուցման նպատակով»։ Մի՛ զրկեք երեխաներին դասամիջոցից։ Ո՛չ վատ վարքի պատճառով, ո՛չ էլ որևէ այլ պատրվակով»։
Ջորջիա նահանգի համալսարանի պրոֆեսոր Օլգա Ջարեթը, ով ուսումնասիրում է դասամիջոցների ազդեցությունը, պարզել է, որ դասամիջոցից հետո դասարան վերադարձած չորրորդցիներն ավելի ուշադիր են և քիչ են շեղվում։ Մինեսոտայի համալսարանի հոգեբան Էնթոնի Պելեգրինին, ուսումնասիրելով երրորդցիներին, նույնպես նկատել է, որ որքան երկար են տևում պարապմունքները, այնքան երեխաներն ավելի անուշադիր են դառնում։ Այս մասին են փաստում նաև դպրոցների տնօրենները։ 2009 թվականին Ռոբերտ Վուդ Ջոնսոնի հիմնադրամն հարցում անցկացրեց տարրական դպրոցների երկու հազար տնօրենների շրջանում, և գրեթե բոլորը համաձայնեցին, որ դասամիջոցն օգնում է երեխաներին կենտրոնանալու ուսման վրա և բարելավում է նրանց վարքագիծը։
Շատ ծնողներ և ուսուցիչներ գիտեն, որ երեխաներին դասամիջոցներ են անհրաժեշտ՝ էներգիան լիցքաթափելու համար։ Երբեմն մենք մտածում ենք, թե խոսքը միայն ֆիզիկական էներգիայի մասին է, սակայն այստեղ մեծ դեր են խաղում նաև հույզերը։ Ուսումնական օրվա ընթացքում երեխաներն ապրում են ամենատարբեր հույզեր՝ ընկճվածությունից, երբ չի հաջողվում կատարել ուսուցչի հանձնարարությունը կամ ճիշտ բռնել մատիտը, մինչև բարկություն՝ ենթադրյալ անարդարության կամ որևէ դպրոցական կանոնի պատճառով, ինչպես նաև ընդհանուր զգայական գերբեռնվածություն հասակակիցների կոլեկտիվում գտնվելու պատճառով։ Երեխաների հույզերը շատ ուժեղ են, և նրանք դրանք արտահայտում են շարժման միջոցով, այս մասին է ասում փոքրահասակ երեխաների դաստիարակության մասին գրքերի հեղինակ Դորոթի Բրիգսը։ Դասամիջոցը երեխաներին հնարավորություն է տալիս պարպելու իրենց հուսահատությունն ու կատաղությունը աղաղակների և վազվզոցի միջոցով։
Ցերեկային դասամիջոցները նույնքան կարևոր են, որքան գիշերային քունը։ Դրանք օգնում են երեխայի ուղեղին հանգստանալու և վերականգնվելու։ Վերականգնում են հոգեկան հավասարակշռությունն ու հարգանքը սեփական անձի նկատմամբ։ Սա ազատ ընտրության ժամանակն է կանոնակարգված օրվա ընթացքում։
Որքան շատ են դասամիջոցները, այնքան ավելի լավ
Pediatrics ամսագրի 2009 թվականի հետազոտությունը ցույց է տվել, որ հավելյալ դասամիջոցները բարելավում են երրորդցիների՝ թեստավորման արդյունքները։ Դեռևս հին հույներն էին նկատել մտավոր և ֆիզիկական զարգացման միջև կապը։ Ուղեղի ժամանակակից հետազոտողները հաստատում են, որ ֆիզիկական ակտիվությունը կապված է ինտելեկտի հետ, քանի որ զարգացնում է ուղեղի գործադիր ֆունկցիաները՝ ճանաչողական հմտությունների այն համալիրը, որը ներառում է ուշադրությունը, ուսումնառությունը, նպատակադրումը, մղումների վերահսկումը, հիշողությունն ու կազմակերպվածությունը։ Ֆիզիկական ակտիվությունը մեծացնում է հիպոկամպը, կատարելագործում հիշողությունն ու տարածական կողմնորոշումը։
Բազմաթիվ հետազոտություններ ցույց են տվել, որ դասարանում երեխաների վարքագիծը բարելավվում է դասամիջոցից հետո։ Եվ որքան շատ են նրանց դասամիջոցները, այնքան ավելի լավ։ Դա հատկապես նկատելի է այն երեխաների մոտ, ում համար դժվար է տեղում նստելն ու կենտրոնանալը։ Օլգա Ջարեթն ասում է, որ հավելյալ դասամիջոցները օգնում են ՈՒՊՀՇ (СДВГ)ՈՒՆԵՑՈՂ երեխաներին։ Նրա հետ համամիտ է Վաշինգտոնի նահանգային համալսարանի նեյրոբիոլոգ Յաակ Պանկսեպը։ Նա մանրակրկիտ ուսումնասիրել է ՈՒՊՀՇ-ն և դրա ազդեցությունը խաղի վրա։ Պանկսեպը պնդում է, որ երեխաները (ինչպես նաև սոցիալական կաթնասունների ձագերը) պետք է բավարարեն խաղալու իրենց պահանջմունքը, նախքան պատրաստ կլինեն անցնելու զարգացման հաջորդ՝ ավելի հասուն փուլին։ Պարապմունքներում ընդմիջումների բացակայության դեպքում խաղի նրանց պահանջմունքը չի բավարարվում։ Եթե խնդիրը շարժման մեջ է, ապա լուծումը դասամիջոցն է։
Այնուամենայնիվ, այն երեխաներին, որոնք հրում են իրենց կողքին նստածներին և չեն կարողանում տեղում հանգիստ նստել, հաճախ պատժում են՝ դասամիջոցին դասարանից դուրս չթողնելով։ Սա նշանակում է, որ դասամիջոցից զրկվում են հենց նրանք, ովքեր դրա կարիքն ամենաշատն ունեն։ Նման հակաարդյունավետ գործելակերպը միայն ամրապնդում է այդ երեխաների՝ որպես «դժվար» երեխաների մասին կարծիքը և զրկում նրանց իրենց հնարավորությունների սահմաններում սովորելու իրական հնարավորությունից։
Երեխաները մեծահասակներ չեն
Դասամիջոցներին աղմուկն ու վազվզոցը կարող են անմիտ թվալ։ «Ժամանակի իմաստազուրկ կորուստ, – մտածում ենք մենք։ – Դպրոցը նախատեսված է ուսուցման համար, իսկ մեր օրերում ուսումնական ծրագիրը շատ հագեցած է։ Բացի այդ, նրանք վազվզում են ֆիզկուլտուրայի դասերին»։ Սակայն դասամիջոցը շքեղություն չէ՝ մեզ ժառանգություն հասած անցյալ օրերից. պարապմունքների ընդմիջումներն օգնում են երեխայի ուղեղին յուրացնելու անցած նյութը և նախապատրաստվելու հաջորդ դասին։ Կրթական առումով դասամիջոցն ուսումնական օրվա շատ կարևոր մասն է։ Սովորաբար այն լցվում է ֆիզիկական ակտիվությամբ, սակայն սա միայն ֆիզիկական լիցքաթափում չէ, այլև հոգեբանական ու էմոցիոնալ։ Դասամիջոցը ենթարկվելու անհրաժեշտությունից հանգստանալու ժամանակն է։ Սա ամբողջ ուսումնական օրվա ընթացքում միակ ժամանակն է, երբ երեխային թույլատրվում է լինել ինքն իր նման. այն ազատագրում է և վերականգնում ուժերը, համալրում է էներգիայի պաշարները, օգնում է կենտրոնանալու դասարանային պարապմունքների վրա։
Ինչո՞ւ է անհրաժեշտ «փրկել» դասամիջոցը։
Childhood Education ամսագրի տվյալներով՝ մինչև 2005 թվականն ամերիկյան 40 դպրոցական շրջաններ կրճատել էին մեծ դասամիջոցի ժամանակը կամ ընդհանրապես չեղարկել այն։ Սիեթլում KUOW հանրային ռադիոկայանի կողմից իրականացված հետազոտությունը ցույց է տվել, որ Սիեթլի տարրական անվճար դպրոցների թիվը, որոնցում մեծ դասամիջոցը կարճ է կամ ընդհանրապես չեղարկված է, կրկնապատկվում է յուրաքանչյուր երկու տարին մեկ։ 2010 թվականին այդպիսի դպրոց կար ընդամենը մեկը։ Երկու տարի անց՝ վեցը։ 2014 թվականին մեծ դասամիջոցը բացակայում էր կամ շատ կարճ էր (քսան րոպե և ավելի քիչ) տասնմեկ դպրոցում։
Իմ տարրական դպրոցում ուսումնական օրվա ընթացքում երեք դասամիջոց կար՝ քսանրոպեանոց առավոտյան, տասնհինգրոպեանոց կեսօրին, ինչպես նաև մեկժամանոց դասամիջոց դրանց միջև՝ ճաշի և հանգստի համար (իհարկե, բոլոր ողջամիտ երեխաները ձգտում էին արագ ուտել և վազում էին խաղահրապարակ)։ Անշուշտ, «հին ու բարի ժամանակների» մասին հուշերը հեշտ է մի կողմ նետել որպես չափազանցված, անպետք և նույնիսկ սխալ։ Սակայն իմ հիշողությունն ինձ չի դավաճանել։
Կրթության ոլորտի մասնագետների վկայությամբ, օրինակ՝ Մանհեթենվիլի քոլեջի պրոֆեսոր Ռոնդա Քլեմենթսի, մինչև 1990 թվականը Միացյալ Նահանգների տարրական դպրոցներում օրական երեք դասամիջոցը համարվում էր ընդունված չափանիշ։
Առանց մեծ դասամիջոցի կամ չափազանց կարճ դասամիջոցով պարապմունքները դժգոհություն են առաջացնում երեխաների շրջանում։ «Ատում եմ դպրոցը», – մորն ասել է վեցամյա Ամիրը։ Անցյալ տարի նրան դուր էր գալիս դպրոց գնալ, և միակ բանը, որ փոխվել էր, դասամիջոցն էր։ Եթե առաջին դասարանցիներին դուրս էլ էին թողնում, ապա վերջին դասի զանգից առաջ ընդամենը մի քանի րոպեով։
Դասամիջոցների արժանիքները
Մարդկային ուղեղը հանգստի կարիք ունի։ Մենք չենք կարող երկար ժամանակ ուշադրությունը կենտրոնացնել մեկ բանի վրա, և մեզ անհրաժեշտ են փոփոխություններ՝ տեղի փոփոխություն կամ ցանկացած այլ նորույթ։ «Սովորել՝ հաշվի առնելով ուղեղի աշխատանքը» (Teaching with the Brain in Mind) գրքի հեղինակ Էրիկ Ջենսենը խոսում է ուշադրության ցիկլերի մասին։ Կենտրոնացումը ենթարկվում է ցիկլերի, որոնք սովորաբար տևում են 90-ից 110 րոպե։ Այս գլխի վրա աշխատելիս ես վերջերս վեր էի կենում աթոռից՝ ընդմիջում անելու համար։ Երկարատև ուշադրության կենտրոնացումից հետո մեզ ընդմիջում է անհրաժեշտ։ Այդպես է աշխատում մարդկային ուղեղը։
Շատ երկրներում ընդունում են այս առանձնահատկությունը և ուսումնական օրվա մեջ ներառում են մի քանի կարճ դասամիջոցներ։ Ֆինլանդիայում տարրական դպրոցի աշակերտները յուրաքանչյուր 45 րոպե պարապմունքից հետո դուրս են գալիս բակ՝ 15-րոպեանոց դասամիջոցի։ Ճապոնիայում նույն տարիքային խմբի երեխաներին հասնում է 10 կամ 15 րոպե տևողությամբ ընդմիջում՝ մեկ ժամ դասերից հետո, քանի որ 40–50 րոպե ուսուցումից հետո ուշադրությունը սկսում է ցրվել։ Դասամիջոցները նաև օգնում են մտապահել ստացված տեղեկությունը։ Սա «մշակման ժամանակն» է, երբ ուղեղում քիմիական նյութերը տեղեկատվությունը փոխադրում են երկարաժամկետ հիշողության մեջ։
Երեխաների կողմից նոր տեղեկատվության մշակման եղանակներից մեկը խաղն է։ Սա ճշմարիտ է շատ կինեսթետիկների համար։ Հենց որ ես ավարտում եմ գիրք կարդալը, իմ վեցամյա որդին վեր է թռչում և սկսում բեմականացնել այն։ Բեմականացնելով լսածը՝ լինի դա տեղեկություն պտտահողմի մասին, թե Լոնգֆելոյի փառաբանած «Փոլ Ռևիրի նժույգարշավի» մասին պատմությունը, նա այդ տեղեկատվությունը դարձնում է իրենը և մտապահում այն։ Ստանալով ազատ ժամանակ նոր գաղափարները խաղի մեջ ներառելու համար, երեխաներն ավելի լավ են հիշում այն, ինչ իրենց պատմել են դասարանում։
Դասամիջոցը մի՛ կիրառեք որպես պատիժ
«Դու ուշ ես հանձնել առաջադրանքները։ Այսօր առանց ճաշի կմնաս»։
Մենք կսարսափեինք, եթե ուսուցչից նման բան լսեինք։ Ցերեկային ժամին սնունդ ընդունելը երեխաներին թույլ է տալիս վերականգնել ուժերը և կենտրոնանալ կեսօրից հետո պարապմունքների վրա։ Նույնը վերաբերում է նաև դպրոցական դասամիջոցին։ Այն սրբազան է։ Երեխան ուսումնական օրվա ընթացքում դասամիջոցի իրավունք ունի։ Եվ այնուամենայնիվ, չնայած նրան, որ դպրոցական դասացուցակում նախատեսված է դասամիջոց, չկա որևէ երաշխիք, որ երեխաներին այն կտրամադրեն։
Լյուսին մանկապարտեզ է հաճախում։ Նա շատ ակտիվ և շփվող երեխա է, ում համար դժվար է տեղում հանգիստ նստելը։ Երբ Լյուսին պարապմունքների ժամանակ չափից շատ էր խոսում կողքինի հետ կամ ուշանում էր, հնգամյա աղջնակին դասամիջոցին դուրս չէին թողնում։ Վեցամյա Ռայանը շեղվում էր և ժամանակին չէր կատարում մաթեմատիկայի առաջադրանքները։ Ուսուցիչը ստիպում էր նրան աշխատանքն ավարտել դասամիջոցի ժամանակ։
Բոլոր երեխաներն արժանի են դասամիջոցին հանգստանալու՝ անկախ վարքագծից կամ առաջադիմությունից։ Դասամիջոցն անհրաժեշտ է նրանց առողջության և հաջող ուսուցման համար։
Ամերիկյան մանկաբուժության ակադեմիան խորհուրդ է տալիս ոչ մի դեպքում երեխաներին չզրկել դասամիջոցից որպես պատիժ։ Այնուամենայնիվ, ուսուցիչները շարունակում են երեխաներին կարգապահության վարժեցնել՝ նրանց զրկելով դասամիջոցից, կամ սահմանում են կանոններ, որոնցում առկա է նման սպառնալիք։ Սա ամենափոքր դիմադրության ուղին է. ուսուցիչները գիտեն, թե երեխաները որքան են սպասում դասամիջոցին։
Դասամիջոցից զրկում են տարբեր պատճառներով։ Առաջին հերթին՝ վարքագծի պատճառով, ապա հաջորդում է տնային կամ դասարանական աշխատանքը չկատարելը, իսկ հաճախ՝ նույնիսկ լրացուցիչ պարապմունքների համար՝ «հատուկ ծառայությունների» քողի տակ։
Ջեքը չէր բարևում և չէր ժպտում մարդկանց, ուստի նրան առաջարկեցին լրացուցիչ պարապմունքներ դպրոցական հոգեբանի հետ։ Նրանք տարբեր խաղեր էին խաղում սոցիալական հմտությունների զարգացման համար։ Սակայն Ջեքի համար լրացուցիչ պարապմունքները նշանակել էին այն ժամերին, երբ երեխաների սոցիալական ակտիվությունն առավելագույնն է՝ մեծ դասամիջոցին։ Կլարային՝ բնիկ ամերիկացուն (հնդկացուն), գրանցել էին իր ժողովրդի պատմության լրացուցիչ պարապմունքների։ Նրա ծնողները ուրախ էին, որ նա ավելին կիմանա հնդկացիների պատմության և ավանդույթների մասին, բայց ոչ խաղերի հաշվին։
Ինչ վերաբերում է դասարանական աշխատանքին, ապա դասամիջոցից զրկելու տեսքով պատիժների տարածումը հանգեցնում է տնային առաջադրանքներով ծանրաբեռնված երեխաների թվի ավելացմանը (տե՛ս Կանոն 8. «Արգելել տնային առաջադրանքները տարրական դպրոցում»)։ Դպրոցներից մեկում երեխաներին զրկել էին դասամիջոցից, եթե ծնողները չէին ստորագրել նրանց տետրերը։ Մեկ այլ դպրոցում նրանց թողնում էին դասարանում չլուծված խնդիրների պատճառով։ Երեխաները պետք է գիտակցեն իրենց արարքների հետևանքները, սակայն պատիժը պետք է համապատասխանի խախտման լրջությանը։ Դպրոցական դասամիջոցը որևէ առնչություն չունի տետրերի, մաթեմատիկայի և չկատարված տնային առաջադրանքների հետ՝ բացառությամբ մեկ ասպեկտի. երեխաներին անհրաժեշտ է դասամիջոցը կենտրոնանալու համար։
Ռոբերտ Վուդ Ջոնսոնի հիմնադրամի կողմից 2013 թվականին անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ դպրոցական շրջանների մեծ մասում (63 %) բացակայում են դասամիջոցից զրկելն արգելող նորմերը։ Դպրոցական շրջանի մակարդակով երեխաների պաշտպանության քաղաքականությունը հսկայական նշանակություն ունի աշակերտների՝ դասամիջոցներին հասանելիությունն ապահովելու համար, հատկապես երկու առումով.
1) դասամիջոցից չի կարելի զրկել վատ վարքագծի համար,
2) դասամիջոցից չի կարելի զրկել առաջադրանքները չկատարելու համար։
Ես հարգում եմ ուսուցիչներին։ Ես հարգում եմ կրթության ոլորտի աշխատողներին և հավատում եմ, որ նրանք կգտնեն երեխաներին կարգապահության վարժեցնելու այլընտրանքային եղանակներ՝ առանց նրանց զրկելու դասամիջոցից։
Ֆիզկուլտուրայի դասը դասամիջոց չէ
2011 թվականին Նյու Յորք նահանգի Քվինս թաղամասի № 101 դպրոցում «նախադպրոցական» (նախապատրաստական) դասարանի աշակերտների ծնողների կեսը ստորագրեց մի պահանջագիր՝ խնդրելով երկարացնել դասամիջոցի տևողությունը: Դրա փոխարեն տնօրենը մտցրեց ֆիզկուլտուրայի լրացուցիչ դաս:
Ֆիզկուլտուրայի պարապմունքները դաս են՝ ֆորմալ/պաշտոնական ուսուցում ուսուցչի ղեկավարությամբ: Անշուշտ, դասի ընթացքում երեխաները ֆիզիկապես ակտիվ են, սակայն, ինչպես պարզել է Օլգա Ջարեթը, ֆիզկուլտուրայի դասերին ակտիվությունն հաճախ ավելի ցածր է, քան դասամիջոցին: Երեխաները նստում կամ կանգնում են՝ սպասելով իրենց հերթին կամ լսելով ուսուցչի բացատրությունները: Ֆիզկուլտուրայի դասերը շատ օգտակար են, սակայն դրանք երեխաներին ստեղծագործական, էմոցիոնալ և սոցիալական առումով այնպիսի օգուտ չեն բերում, ինչպիսին ազատ խաղը դասամիջոցի ընթացքում: Ինչպես նշել է երեխաներից մեկը. «Մարզադահլիճում քեզ ասում են՝ ինչ անես, իսկ ընկերներդ խաղում են ուրիշ թիմում»։
Դասարանում արվող նախավարժանքը նույնպես չի փոխարինում լիարժեք դասամիջոցին: «Մեր աշակերտները միշտ շարժման մեջ են, — հաճախ ասում են ուսուցիչները: — Նրանք ամբողջ օրը նստած չեն նստարաններին: Նրանք շատ ակտիվ են»։
Սակայն շարժումն ինքնին դեռ ամեն ինչ չէ: Մեծահասակները հաճախ շփոթում են շարժումն ու կազմակերպված պարապմունքները դասամիջոցի հետ: Հարցրեք ցանկացած երեխայի, և նա իսկույն կբացատրի ձեզ. «Դասամիջոցը նրա համար է, որ ես խաղամ ընկերներիս հետ», «Դասամիջոցին ես կարող եմ գնալ ուր ուզում եմ», «Դասամիջոցին զվարճալի է»։
Մեր օրերում, երբ երեխաներն շատ ժամանակ են անցկացնում փակ տարածքում, իսկ ճարպակալումը նրանց շրջանում տարածվում է համաճարակի արագությամբ, մենք հակված ենք մտածելու, որ դասամիջոցի հիմնական օգուտը ֆիզիկական ակտիվությունն է: Ահա թե ինչու շատ մեծահասակներ ուշադրություն չեն դարձնում դպրոցական դասամիջոցների ժամանակի կրճատման վրա: Ենթադրվում է, որ ֆիզիկական ծանրաբեռնվածության պահանջմունքը բավարարվում է այլ եղանակներով. երեխաներին թույլատրվում է քայլել դասարանում, ուսուցիչները նախավարժանք են կազմակերպում, իսկ շաբաթական երկու անգամ անցկացվում են ֆիզկուլտուրայի դասեր: Որոշ դպրոցներում մեծ դասամիջոց նախատեսված է միայն շաբաթական երկու կամ երեք անգամ, երբ դասացուցակում չկան ֆիզկուլտուրայի դասեր:
Ֆիզկուլտուրայի պարապմունքները չեն փոխարինում դասամիջոցին: Դասարանում արվող նախավարժանքը՝ նույնպես: Դասամիջոցը ոչնչով հնարավոր չէ փոխարինել:
Ինչպիսի դասամիջոցներ պետք է լինեն դպրոցում
Տարրական դպրոցում ուսումնական օպտիմալ գործընթացը պետք է հաշվի առնի հետևյալ պահանջները.
● Ամենօրյա դասամիջոցներ։
● Հավասարակշռված դասամիջոցներ։
● Ավելի շատ դասամիջոցներ։
● Ավելի երկար դասամիջոցներ։
● Դասամիջոցների պաշտպանվածություն (ոչ մի օր առանց դասամիջոցի, դրանք ֆիզկուլտուրայի դասերով փոխարինելու կամ դասամիջոցից զրկելու անթույլատրելիություն)։
● Բոլոր տարիքի երեխաների պաշտպանվածություն (դասամիջոցներ բոլոր դասարանների համար)։
1. Ամենօրյա դասամիջոցներ
Դասամիջոցները պետք է լինեն ամենօրյա: Դրանցից են կախված երեխայի ուշադրությունը, նրա մտածողական կարողությունները, հիշողությունը և վերաբերմունքը ուսման նկատմամբ:
2. Հավասարակշռված դասամիջոցներ
Հաճախակի ընդմիջումները ուսումնական գործընթացում օգնում են երեխայի ուղեղին: Դասամիջոցները պետք է բաշխված լինեն ամբողջ ուսումնական օրվա ընթացքում՝ առնվազն առավոտյան և կեսօրից հետո: Ճաշի հետ համատեղված մեկ մեծ դասամիջոցը բավարար չէ արդյունավետ ուսուցման համար: Նույնը վերաբերում է «դասամիջոցը» ուսումնական օրվա վերջին րոպեներին տեղափոխելու պրակտիկային:
3. Ամենօրյա դասամիջոցների քանակը
Տարրական դասարանների աշակերտներին օրական անհրաժեշտ է երկու կամ երեք դասամիջոց: Ըստ Օլգա Ջարեթի կատարած հետազոտության՝ չորրորդ դասարանցիներին խորհուրդ է տրվում օրական առնվազն երկու դասամիջոց: Ավելի փոքր երեխաների համար որքան շատ լինեն դասամիջոցները, այնքան լավ: Երրորդ դասարանի և ավելի փոքր աշակերտներին անհրաժեշտ է օրական առնվազն երեք դասամիջոց:
● 0–3-րդ դասարաններ — օրական 3 անգամ։
● 4–5/6-րդ դասարաններ — օրական 2–3 անգամ։
● 6–8-րդ դասարաններ — օրական 1+ անգամ (առնվազն 1 անգամ)։
4. Դասամիջոցների տևողությունը
Յուրաքանչյուր դասամիջոցի տևողությունը պետք է լինի առնվազն 20–30 րոպե: Ավելի կարճ դասամիջոցի ընթացքում երեխաները հասցնում են վազվզել, սակայն զրկված են հանգստի սոցիալական և ճանաչողական ասպեկտից: Մի քանի րոպեում նրանք չեն կարողանում կազմակերպել իմաստալից խաղ:
Ուշադիր հետևեք դասամիջոցների «ոտնձգությունների»- ն (դրանց կրճատման փորձերին)։ Այս ժամանակի մեջ չպետք է մտնեն շարք կանգնելն ու հագնվելը: Որոշ դպրոցներում շարք կանգնելը խլում է թանկարժեք ազատ ժամանակից հինգից տասը րոպե: Եթե դասամիջոցին հատկացվում է երեսուն րոպե, ապա դա պետք է լինի խաղի լիարժեք երեսուն րոպե:
5. Դասամիջոցի պաշտպանվածությունը
Դասամիջոցը դասամիջոց է (ոչ մի փոխարինում ֆիզկուլտուրայի դասերով): Սա ազատ, չկարգավորված խաղի, խաղընկերների և խաղի թեմայի ընտրության ազատության ժամանակն է: Դասամիջոցը համարվում է երեխայի իրավունքը, և այն չի կարելի խլել վատ վարքի կամ ցածր առաջադիմության պատճառով:
6. Դասամիջոց բոլոր տարիքների համար
Մինչև 11–12 տարեկան երեխաներն ունեն ամենօրյա դասամիջոցների կարիք: Սա վերաբերում է ինչպես տարրական դասարանցիներին, այնպես էլ միջին դպրոցի հինգերորդ և վեցերորդ դասարանցիներին: Որոշ դպրոցներում դասամիջոցները նախատեսված են միայն ամենափոքրերի համար, և դրանք չեղարկում են արդեն երրորդ դասարանում: Իդեալական տարբերակն է՝ դասամիջոցներ բոլոր դասարանների համար՝ զրոյականից մինչև ութերորդ: Որքանո՞վ է ձեր դպրոցը մոտ այս իդեալին:
Դպրոցների վարկանիշը
Ո՞ր տողն է զբաղեցնում ձեր դպրոցը վարկանիշում:
| Չունեն ամենօրյա դասամիջոցներ | Ընդունելի չէ |
| 20 րոպե կամ ավելի քիչ | Ուսուցման համար ամբողջ հնարավորությունը չի օգտագործվում |
| 30 րոպե և ավելի | Ճիշտ ճանապարհին է |
| 50 րոպե և ավելի | Բարձրագույն մակարդակ |
Դասամիջոցները նախապատրաստական դասարաններում
«Դասամիջոց» տերմինը կիրառելի է միայն տարրական դպրոցի համար: Նախադպրոցական տարիքի երեխաներին պարզապես ընդմիջումներ չեն անհրաժեշտ։
Փոքր երեխաների համար չկազմակերպված ազատ խաղը ներսում և դրսում պետք է զբաղեցնի օրվա մեծ մասը: Այս տարիքային խմբի համար 20-ից 40 րոպե տևողությամբ «դասամիջոցը» ընդունելի չէ:
Երբ նախադպրոցականներին բերում են տարրական դպրոցի պարապմունքներին, նրանք հաճախ ենթարկվում են ավելի մեծ երեխաների համար նախատեսված ռեժիմին: «Դասամիջոց» հասկացությունը կիրառելի չէ հինգ տարեկան և ավելի փոքր երեխաների համար: Նման երեխաների արդյունավետ ուսուցման համար անհրաժեշտ է առնվազն երկու ժամ տևողությամբ ազատ խաղ: Հետազոտությունները ցույց են տալիս, որ եթե սահմանափակում ենք ազատ խաղի ժամանակը, այն դառնում է մակերեսային: Երեխան հրաժարվում է լուրջ խաղերից, որովհետև գիտի, որ իրեն շուտով ընդհատելու են:
Դասամիջոցների կանոնները և կոնֆլիկտները
Նույնիսկ դասամիջոցներին երեխաներին միշտ չէ, որ երաշխավորված է խաղալու հնարավորությունը:
Առաջին դասարանցի Ջեյդենը դպրոցական խաղահրապարակում տեսավ թխկու կարմիր ու դեղին տերևներ և բարձրացրեց դրանք, որպեսզի փունջ սարքի ու նվիրի մայրիկին: Դաստիարակը ստիպեց նրան ամբողջ դասամիջոցը կանգնել ցանկապատի մոտ՝ որպես պատիժ «Գետնից ոչինչ չբարձրացնել» կանոնը խախտելու համար: Հինգ տարեկան Մայլսը պատժվեց այն բանի համար, որ ոտքերով հավաքում էր փայտի տաշեղները խաղահրապարակում: Նա ստիպված եղավ ամբողջ դասամիջոցը նստել պատի մոտ:
Դասամիջոցներին վարքագծի կանոնները կարող են շատ տարօրինակ լինել: Այն դպրոցում, որտեղ սովորում է որդիս, երեխաներին թույլ չեն տալիս ձյուն վերցնել: Եվ սա խնդիր է, քանի որ ուսումնական տարվա երկու երրորդը խաղահրապարակը ծածկված է ձյունով:
Դպրոցները նման կանոններ են սահմանում, որպեսզի խուսափեն կոնֆլիկտներից դասամիջոցի քաոսի ընթացքում: Սակայն դասամիջոցի գլխավոր առավելություններից մեկը հասակակիցների հետ կոնֆլիկտների լուծման մեջ պրակտիկա անելու հնարավորությունն է երեխաների համար: Ավելի լավ կլիներ մտցնել «մարդկանց վնաս չպատճառել» կանոնը և սովորեցնել աշակերտներին կոնֆլիկտներ լուծելու հմտությունը: Երեխաներին պրակտիկա է անհրաժեշտ, երբ առաջանում է կոնֆլիկտների հավանականություն: Դասամիջոցի ուսուցողական նշանակությունը դժվար է գերագնահատել:
Դպրոցական դասամիջոցների oգտակարությունը
Հանգիստ և լիցքաթափվելու հնարավորություն
Ուղեղն ունակ է կենտրոնանալու միայն որոշակի ժամանակով, որից հետո նրան հանգիստ է անհրաժեշտ: Դասամիջոցներն օգնում են երեխաներին վերադառնալ դասարան՝ վերականգնելով ուշադրությունը կենտրոնացնելու ունակությունը: Բացի այդ, նրանք կարողանում են դուրս մղել զգայական և ֆիզիկական ավելցուկային էներգիան:
Վարքի բարելավում
Վատ վարքը հաճախ ձանձրույթի, ընկերների հետ խոսելու ցանկության կամ ինքնավերահսկողության ունակության սպառման հետևանք է: Դասամիջոցից հետո երեխաներն ավելի քիչ են խախտում կարգապահությունը դասարանում:
Ֆիզիկական ակտիվություն
Ֆիզիկական ծանրաբեռնվածությունն ու շարժումն օգնում են պահպանել երեխայի առողջությունը, դիմակայել գիրությանը և խթանել արյան շրջանառությունը՝ ուղեղի աշխատանքը բարելավելու համար:
Առաջադիմության բարելավում
Դասերի ընթացքում կանոնավոր ընդմիջումներն օգնում են բարելավելու հիշողությունը, ուսումնառությունը և ուշադրությունը՝ կարևոր ճանաչողական ֆունկցիաներ, որոնք անհրաժեշտ են ուսումնական օրվա ընթացքում մտավոր գործունեության համար։
Ընկերություն
Դասամիջոցը երեխային հնարավորություն է տալիս մյուս երեխաների հետ սոցիալական կապեր ձևավորել։ Երեխաները ոչ միայն ընկերներ են ձեռք բերում, այլև սովորում են խաղահրապարակում շփվել համադասարանցիների հետ։
Կոնֆլիկտների կարգավորման պրակտիկա
Օգտակար այս կողմի մասին հաճախ են մոռանում։ Դասամիջոցը կանոնները ճշտելու և տարաձայնությունները պարզելու ժամանակն է։ Կոնֆլիկտների լուծումը բարդ սոցիալական հմտություն է՝ ամենակարևորներից մեկը պատերազմները, բուլինգը և բռնությունը կանխելու համար։ Դասամիջոցի ընթացքում ծագած կոնֆլիկտները կարող են ջղայնացնել խաղահրապարակում ներկա դաստիարակներին, սակայն երեխաների համար շատ օգտակար է ինքնուրույն հարթել տարաձայնությունները։ Նրանց կօգնեն խաղաղություն պահպանելու վերաբերյալ խորհուրդները։
Ազատ ընտրություն և փորձարարություն
Դպրոցական դասամիջոցը երեխաներին հնարավորություն է տալիս իրագործելու իրենց գաղափարներն ու առաջնորդվելու իրենց հետաքրքրություններով, ինչը շատ կարևոր է ցանկացած տարիքի մարդու համար։
Ուրախություն
Ո՞րն է երեխաների ամենասիրելի առարկան։ Դասամիջոցը։ Ուրախությունը, որ պարգևում է դասամիջոցը, ամրապնդում է երեխայի հուզական առողջությունը և ձևավորում դրական վերաբերմունք դպրոցի նկատմամբ։
Կազմակերպված դասամիջոց
Պատկերացրեք, որ չգիտեք, թե ինչով զբաղվել դասամիջոցին։ Հենց սա է տեղի ունենում այն երեխաների սերնդի հետ, որոնք զրկված են դասամիջոցներից և չգիտեն, թե ինչ անեն ազատ ժամանակը։ Չիկագոյի և Բոստոնի դպրոցները վերջերս դասացուցակ են վերադարձրել դասամիջոցները, և այս միտումը նկատվում է ամբողջ երկրում, հատկապես քաղաքային դպրոցական շրջաններում։
Վերականգնումից հետո դասամիջոցները հաճախ ձեռք են բերում նոր կառուցվածք։ Կազմակերպված դասամիջոցը ենթադրում է «Playworks» և «Peaceful Playgrounds» նման ընկերությունների հատուկ պատրաստված մեծահասակների ներկայությունը, որոնք հանդես են գալիս որպես «մարզիչներ»՝ օգնելով կազմակերպել խմբային խաղեր և լուծել կոնֆլիկտները։ Օրինակ՝ Վաշինգտոն նահանգի Բելվյու քաղաքի դպրոցներում դրական վարքագծի մասնագետները կազմակերպում են ֆուտբոլի և «Սառիր» (պահմտոցի-արձանիկ) խաղեր։
Որոշ դպրոցների անցումային շրջանում իսկապես անհրաժեշտ է նման օգնություն։ Այնուամենայնիվ, կազմակերպված դասամիջոցը չպետք է լինի վերջնական նպատակը։ Կառուցվածքի առկայությունը նշանակում է, որ խաղերը ղեկավարում և կազմակերպում են մեծահասակները, այլ ոչ թե երեխաները, ինչն ինքնին զրկում է դասամիջոցն իր իմաստից։ Օրինակ՝ «Peaceful Playgrounds»-ում շեշտը դնում են շարժման և ֆիզիկական զարգացման վրա, ինչպես նաև առաջարկում են խաղահրապարակներում տեղադրել տառեր և թվեր։ Բայց դասամիջոցի իմաստը դա չէ։ Իմաստը ազատության և ընտրության իրավունքն է։
«Playworks»-ի նման ընկերությունները պնդում են, որ կազմակերպված դասամիջոցները բարելավում են դպրոցականների վարքագիծը և բարձրացնում նրանց ֆիզիկական ակտիվությունը, սակայն Կրթության նախարարության հովանու ներքո Մարթա Բլիքերի և նրա գործընկերների անցկացրած հետազոտությունները էական տարբերություն ցույց չեն տվել։ Ուսուցիչները հայտնում են, որ երեխաներն ավելի շատ են շարժվում, սակայն շարժման չափող սարքերի տվյալները դա չեն հաստատում։ Աշակերտների վարքագիծն իսկապես բարելավվում է, երբ նրանք դասամիջոց են ունենում, բայց այն բարելավվում է անկախ «Playworks»-ի ջանքերից։
KUOW հանրային ռադիոյի հաղորդումներից մեկում պատմվում էր երկու տղաների մասին, որոնք չէին ցանկացել մասնակցել կազմակերպված խմբային խաղերին։ Նրանց մոտեցավ դաստիարակը։ «Որոշե՛ք,– ասաց նա,– դասամիջոցը շուտով կավարտվի»։ Տղաներից մեկը ժպտաց․ «Մենք ուղղակի ամպերին ենք նայում»,– պատասխանեց նա։
Երեխաները չեն ցանկանում անդադար գտնվել հսկողության տակ։ Եթե պրոֆեսիոնալ կազմակերպումը օգնում է վերադարձնել դասամիջոցները դասացուցակ, ապա դա օգտակար առաջին քայլ է, սակայն երեխաներն ունեն իսկական դասամիջոցների իրավունք։
Փորձե՛ք սա՝ ավելացրե՛ք ձեր զինանոցում
Դասամիջոցները վերադարձնելը ծնողների և մանկավարժների ընդհանուր խնդիրն է։ Որոշ քայլեր համեմատաբար հեշտ են, մյուսները զգալի ջանքեր են պահանջում։ Հանուն դասամիջոցների արժե՛ ջանք թափել։
Պաշտպանե՛ք դասամիջոցի իրավունքը
Երեխաներին դպրոցական դասամիջոցներից զրկելը վնասակար է ինչպես առողջության, այնպես էլ ուսուցման համար։ Որպես կանխարգելիչ միջոց՝ փորձե՛ք երկտող գրել ուսուցչին՝ շարադրելով ձեր տեսակետն այն մասին, որ դասամիջոցը չպետք է օգտագործվի որպես կարգապահության պահպանման միջոց (տե՛ս Հավելված, Նամակների նմուշներ)։ Նմանատիպ նամակ կարելի է ուղարկել նաև դպրոցի տնօրենին և դպրոցական խորհրդին։ Դպրոցների մեծ մասը ձգտում է լսել ծնողների կարծիքը։ Ամեն դեպքում դուք բաց կլինեք երկխոսության համար։
Պարզ քայլեր
Լուրջ փոփոխությունները ժամանակ են պահանջում։ Ստորև թվարկված պարզ քայլերը կօգնեն լրացնել առաջացած բացը։
Վաղաժամ դասամիջոց
Հարևան դպրոցում ներմուծել են երրորդ դասամիջոցը՝ խաղահրապարակը բացելով դասերն սկսվելուց քսան րոպե առաջ։ Տնօրենը խրախուսում է երեխաների ակտիվ խաղերը մինչև դասի զանգը։ Ակտիվ խաղը շատ կարևոր է, քանի որ երեխաների մեծ մասը դպրոց է գալիս ավտոբուսով (նստած) կամ մեքենայով (նույնպես նստած)։ Վաղ դասամիջոցը շատ պարզ միջոց է դպրոցի համար նվազագույն ծախսերով լրացուցիչ դասամիջոց ավելացնելու համար։
Կամավոր օգնականներ դասամիջոցների ընթացքում
Երբեմն դպրոցական անձնակազմը պարզապես չի հերիքում։ Փորձե՛ք ծնողների շրջանում գտնել կամավորներ, որոնք համաձայն են հետևել երեխաներին լրացուցիչ դասամիջոցի ընթացքում։ Նրանք կարող են նույնիսկ կոնֆլիկտների լուծման վերաբերյալ վերապատրաստում անցնել։ Նման կամավորների առկայության դեպքում ուսուցիչները կարող են հանգիստ պատրաստվել հաջորդ դասին։
Շարժումը դասարանում
Դասարանային ֆիզիկական ակտիվության ծրագրերը, ինչպիսիք են «Brain Gym»-ը կամ «Instant Recess»-ը, ոչ մի դեպքում չի կարելի շփոթել դասամիջոցների հետ։ Դրանք ուսուցչի ղեկավարությամբ դասարանում կատարվող վարժություններ են։ Միևնույն ժամանակ, թերևս, դա լավագույնն է, որ դպրոցը կարող է առաջարկել տվյալ պահին։ Կարճ մարզանքը ուսումնական օրվան շարժում է ավելացնում և բարելավում է արյան շրջանառությունը։
Ազատ խաղ
Եթե դպրոցական դասացուցակում անհնար է անմիջապես ներառել ևս մեկ դասամիջոց, յուրաքանչյուր ուսուցիչ կարող է դասի ընթացքում ժամանակ հատկացնել ազատ խաղի համար։ Դա կլինի հանգիստ՝ սոցիալական, հուզական և ճանաչողական առումներով։
Պայքարե՛ք դպրոցական դասամիջոցների համար
Ոչ անտարբեր ծնողներն ամբողջ երկրով մեկ ակցիաներ են անցկացնում՝ ի պաշտպանություն դպրոցական դասամիջոցների։ Դուք կարող եք միանալ նրանց։ Պարզապես որոնողական համակարգում մուտքագրե՛ք «Ծնողները ցանկանում են ավելի շատ դպրոցական դասամիջոցներ» և նայե՛ք արդյունքները։ Դուք կտեսնեք բազմաթիվ պատմություններ այն մասին, թե ինչպես են ծնողները պահանջում դասացուցակ վերադարձնել դասամիջոցները։ Այնտեղ դուք կգտնեք թե՛ գաղափարներ, թե՛ դաշնակիցներ։
Հնարավոր է՝ ձեր բոլոր պահանջները չբավարարվեն։ Ֆլորիդա նահանգի Լի շրջանում ծնողները պայքարում էին դասամիջոցների վերականգնման համար դրանց չեղարկումից հետո։ Նրանք պահանջում էին քսան րոպե, բայց ստացան տասնհինգ․ նրանք պահանջում էին դասամիջոցներ 0-ից 8-րդ դասարանների համար, բայց ստացան միայն 0-ից 5-րդ դասարանների համար։ Իդեալական տարբերակում դասամիջոցներ պետք է ունենան բոլոր երեխաները, բայց ձեզ, հնարավոր է, անհրաժեշտ լինի պայքարի երկարաժամկետ ռազմավարություն մշակել։
Ուսումնասիրե՛ք դպրոցական դասամիջոցների հիմնախնդիրը
Սկսե՛ք երեխաներից
Երեխաները գերազանց հասկանում են արդարության և դպրոցական դասամիջոցների հետ կապված խնդիրները։ Հարցուփորձ արե՛ք նրանց դասամիջոցների մասին։ Չեղարկվո՞ւմ են դրանք արդյոք։ Որքա՞ն է դրանց տևողությունը։ Պարզապես լսե՛ք՝ առանց եզրահանգումներ անելու։ Երեխան կարող է չափազանցնել, բայց նրա տեսակետը ձեզ համար կբացահայտի այնպիսի կողմեր, որոնք ձեր մտքով իսկի չէին էլ անցնի։
Պարզե՛ք դպրոցի պաշտոնական քաղաքականությունը դասամիջոցների վերաբերյալ
Իմացե՛ք դասացուցակում դասամիջոցների ժամերի մասին։ Քանի՞ դասամիջոց է նախատեսված ուսումնական օրվա ընթացքում։ Քանի՞ րոպե։ Ամեն օ՞ր, թե՞ ոչ։ Կա՞ արդյոք տարբերություն դասամիջոցների թվի և տևողության միջև տարբեր դասարաններում։ Կարո՞ղ է արդյոք դասամիջոցը չեղարկվել այս կամ այն պատճառով։
Դիտարկե՛ք երեխաներին դասամիջոցին
Թույլտվությո՛ւն խնդրեք դպրոց այցելել դասամիջոցի ընթացքում։ Տեսե՛ք, թե որքան հաճախ են երեխաներին «նստեցնում պահեստայինների նստարանին» (ստիպում նստել կամ կանգնել ցանկապատի մոտ) դասամիջոցի ընթացքում և որքան տևողությամբ։ Դա նշան է այն բանի, որ դաստիարակներին, հնարավոր է, օգնություն է անհրաժեշտ՝ կոնֆլիկտների լուծման իրենց հմտությունները կատարելագործելու համար։ Դասամիջոցը, որի ընթացքում երեխան նստած է և չի մասնակցում խաղին, դասամիջոց չէ։
Պարզե՛ք ուսուցիչների կարիքները
Ի՞նչն է մտահոգում ուսուցիչներին: Ի՞նչ աջակցություն օգտակար կլինի նրանց համար: Փոփոխությունները հարգալից գործընկերության արդյունք են դառնում:
Գտե՛ք գործընկերներ
Համախոհներ գտեք։ Դիմեք ընկերներին և ծանոթներին: Զրույց սկսեք: Գտեք մարդկանց, ովքեր կիսում են ձեր տեսակետը: Ծնողներին և մանկավարժներին պատմեք փոփոխությունների օգտակարության մասին և փորձեք կազմակերպել դաշնակիցների խումբ, որը կաջակցի ձեզ փոփոխությունների շուրջ քննարկման ժամանակ:
Գտե՛ք ավելի հաճախակի և երկարատև դասամիջոցներ ունեցող դպրոցների օրինակներ
Հնարավոր է՝ քաղաքի մեկ այլ շրջանի դպրոցներից մեկում ուսումնական օրվա ընթացքում երկու դասամիջոց կա, իսկ ձերում՝ մեկ: Լավագույն տարբերակը տեղական դպրոցը որպես օրինակ վերցնելն է, սակայն կարելի է գտնել նաև այնպիսին, որի մասին պատմում են նորություններում, և կապ հաստատել նրա հետ: Ամենակարևորը ավելի շատ դասամիջոցներ ունեցող տնօրենի և ձեր դպրոցի միջև կապ հաստատելն է: Հաճախ դասամիջոցները վախեցնում են, սակայն մարդիկ ավելի հաճախ են համաձայնում փորձել, եթե ինչ-որ մեկն արդեն հաջողության է հասել:
Հարգանքով վերաբերվեք կրթության ոլորտի աշխատակիցներին
Կրթության ոլորտի աշխատակիցները հոգ են տանում երեխաների մասին: Տնօրենին տեղեկացրեք ձեր տեսակետների և դասամիջոցների շուրջ քննարկում սկսելու ծրագրերի մասին: Որոշում կայացնողներին ծանոթացրեք գիտական հետազոտությունների արդյունքներին և Ամերիկյան մանկաբուժության ակադեմիայի հանձնարարականներին:
Ներգրավեք անկախ մասնագետների
Նախապատրաստվելուց հետո հրավիրեք անկախ մասնագետների՝ ելույթ ունենալու ժողովին կամ միջոցառմանը: Դա օրինականություն կհաղորդի ձեր պահանջներին:
Պաշտպանեք երեխաների շահերը
Հավաքեք ստորագրություններ: Փոփոխությունների պաշտպանությանն ուղղված հանրային արշավը սովորաբար ներառում է խնդրագրեր և ստորագրահավաք: Բազմաթիվ դպրոցներում հաջողվում է հարյուրավոր ստորագրություններ արագորեն հավաքել:
Մասնակցեք դպրոցական խորհրդի նիստերին
Ծանոթացեք դպրոցական խորհրդի անդամների հետ: Եկեք նիստին և ներկայացրեք ձեր փաստարկները դասամիջոցների օգտին: Ինչպես արտահայտվել է աշակերտուհիներից մեկի մայրը, ով հաջողությամբ վերադարձրել էր դասամիջոցները դստեր դպրոցում. «Ճռռացող անիվը յուղել է պետք»:
Ներգրավեք երեխաներին
Կարող եք չկասկածել՝ երեխաները ողջունելու են դասամիջոցները: Օգտագործեք նրանց էներգիան: Թող նրանք նամակներ գրեն, ելույթներ ունենան, պլակատներ նկարեն, տեսանյութեր նկարահանեն, հարցազրույցներ տան մամուլին: Ժողովրդավարության այս դասը նրանք կհիշեն ողջ կյանքում:
Եվ թող ձեզ չկանգնեցնի մանկական հրապարակների համար բարդ ու թանկարժեք սարքավորումներ ձեռք բերելու անհրաժեշտությունը: Մանկությանս տարիներին ես դասամիջոցներն անցկացնում էի ցանցապատ ցանկապատով քառակուսի ասֆալտապատ հրապարակում: Այնտեղ ոչ մի սարքավորում չկար՝ միայն մի քանի հին անվադող և կլաս խաղալու գծեր: Ո՛չ մարզապատ, ո՛չ ճոճանակներ, ո՛չ սահնակներ: Երեխաներին անհրաժեշտ են միայն ազատ տարածքներ և ժամանակ:
Օգտակար արտահայտություններ
- Ես կցանկանայի ավելին իմանալ մեր դպրոցում դասերի միջև դասամիջոցների մասին: Կարո՞ղ ենք զրուցել:
- Հետազոտությունները ցույց են տալիս, որ դասամիջոցները բարելավում են քննությունների արդյունքները:
- Գիտե՞ք, որ դասամիջոցները բարելավում են երեխաների վարքագիծը դասարանում և առաջադիմությունը:
- Մեր դպրոցում դասամիջոցի տևողությունը ընդամենը քսան րոպե է: Դա ավելի քիչ է, քան տարրական դպրոցի երեխաների օպտիմալ ուսուցման համար առաջարկվող ժամանակի կեսը:
- Կան դասամիջոցներին նվիրված հետաքրքիր հետազոտություններ: Տեսե՞լ եք դրանք:
- Ահա New York Times-ի հոդվածը այս թեմայով:
- Ես կցանկանայի ձեզ հետ կիսվել տեղեկատվությամբ:
Ընտրությունը ձերն է
Հնարավոր է՝ դուք ձեզ չեք տեսնում հասարակական գործչի դերում, բայց որպես մայր կամ հայր՝ պարտավոր եք բարձրաձայնել խնդրի մասին, եթե հասկանում եք, որ դա վնասում է ձեր երեխային: Նայեք ձեր շրջանի մյուս դպրոցներին: Գուցե ձեր երեխայի դպրոցում կան դասամիջոցներ, իսկ մյուսներում՝ ոչ: Դասամիջոցների բացակայությունն ամենասուրն է զգացվում այն դպրոցներում, որտեղ սովորում են ցածր եկամուտ ունեցող ընտանիքների երեխաներ: Փաստերը սարսափելի են: Կոլումբիայի համալսարանի մանկավարժական քոլեջի աշխատակից Ջոդի Ռոթի և այլոց կողմից անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ ԱՄՆ-ում աղքատության մեջ ապրող տարրական դպրոցի աշակերտների 44%-ը զրկված է դասամիջոցներից:
Էջի նկարը՝ Նունե Խաչիկօղլյանի
