Աշակերտ, որը դեռ մանկուց համոզված է, որ ցանկություններն ու հույզերը պետք է զսպել բանականությամբ, այլապես ստիպված կլինենք ապրել «ջունգլիներում»՝ գիշատիչների ու մակաբույծների կողքին, աշակերտ, որի համար ինտելեկտուալ կյանքը հաճույքի աղբյուր է՝ անսահման բազմազան և նուրբ, մինչդեռ մեր սովորական հաճույքների մեծ մասը հակված է ժամանակի ընթացքում մաշվելուն և վերանալուն, մի խոսքով ՝ մի աշակերտ, որն ունակ է հասկանալ, որ գիտելիքը ստրկությունից ազատվելու միակ միջոցն է և միակ մխիթարությունը՝ մեր գոյաբանական մենության մեջ:
Այս իդեալական աշակերտի կերպարն է սկսում ուրվագծվել մտքումս, երբ լսում եմ, օրինակ, այսպիսի արտահայտություն.
«Այն ամենի համար, ինչին հասել եմ, պարտական եմ պետական դպրոցին»։
Ես կասկածի տակ չեմ դնում այս խոսքերն ասողի անկեղծ երախտագիտությունը։
«Հայրս հասարակ բանվոր էր, և այն ամենի համար, ինչին հասել եմ, պարտական եմ պետական դպրոցին»։
Ես չեմ նսեմացնում նաև այդ դպրոցի վաստակը։
«Ես ներգաղթյալների զավակ եմ և այն ամենի համար, ինչին հասել եմ, պարտական եմ պետական դպրոցին»։
Բայց, ինչ արած, ինձնից ուժեղ է այդ զգացումը․ հենց լսում եմ երախտագիտության այս հրապարակային արտահայտությունը, աչքերիս առաջ մի ֆիլմ է հայտնվում՝ լիամետրաժ ֆիլմ, որն, անշուշտ, փառաբանում է դպրոցը, բայց հատկապես այն տղային, որը հաճախել է այդ դպրոցը։ Այն տղային, որը դեռ առաջին դասարանի առաջին իսկ ժամից պիտի հասկանար, որ պետական դպրոցը պատրաստ է երաշխավորելու իր ապագան՝ մի փոքրի՜կ պայմանով․ նա պետք է դառնսր այնպիսի աշակերտ, ինչպիսին դպրոցն է ցանկանում տեսնել։
Իսկ ամո՛թ ու խայտառակությո՛ւն նրանց, ովքեր չեն արդարացնում այդ սպասելիքները։
Եվ ահա գլխումս մի մեղմիկ ձայն է սկսում մեկնաբանել այդ ֆիլմը։
— Ճիշտ է, բարեկա՛մս, դու շատ բան ես պարտական պետական դպրոցին, չափազանց շատ, բայց ոչ ամեն ինչ։ Բնավ ոչ ամեն ինչ։ Ահա թե որտեղ ես սխալվում։ Դու մոռանում ես պատահականության քմահաճույքների մասին։
Օրինակ՝ գուցե դու մյուսներից ավելի ընդունակ ես եղել կամ գուցե երիտասարդ ներգաղթյալ ես, ում մեծացրել էին սիրալիր ու հեռատես ծնողները, ինչպես իմ ծանոթ Քահինայի ծնողները, որոնք ցանկանում էին, որ իրենց երեք դուստրերն անկախ ու կրթված դառնան, որպեսզի հետագայում ոչ մի տղամարդ նրանց հետ չվարվի այնպես, ինչպես իրենց սերնդի կանանց հետ էին վարվում։
Եվ, ընդհակառակը, կարող էիր իմ ընկեր Պիեռի նման ընտանեկան ողբերգության զոհը դառնալ և ուսման մեջ գտնել քո միակ փրկությունը։ Կարող էիր ամբողջովին խորասուզվել ուսման մեջ, որպեսզի դասերի ընթացքում գոնե ժամանակավորապես մոռանայիր այն, ինչ քեզ սպասվում էր տանը։
Կամ էլ, Միննիի նման, կարող էիր ասթմայիդ գերին դառնալ և անհագ ծարավ զգալ՝ հնարավորինս շատ բան սովորելու, այն էլ՝ հենց այդ պահին, որպեսզի ազատվեիր հիվանդի քո անկողնուց։
«Սովորել՝ շնչելու համար,— մի անգամ ասաց նա ինձ։— Ինչպես պատուհաններն են լայն բացում։ Սովորել, որպեսզի չխեղդվես։Սովորել, կարդալ, գրել, շնչել՝ պատուհաններն ավելի ու ավելի լայն բացելով։ Օդ եմ ուզում, օդ։ Երդվում եմ՝ դպրոցական աշխատանքն ասթմայից ազատվելու իմ միակ միջոցն էր։ Ինձ համար միևնույն էր, թե դասավանդումն ինչ որակի է։ Ինձ պարզապես պետք էր վեր կենալ անկողնուց, գնալ դպրոց, հաշվել, բազմապատկել, բաժանել, մտապահել Մենդելևի օրենքները, ամեն օր մի փոքր ավելի բան իմանալ, քան նախորդ օրը։ Ահա այն ամենը, ինչ ուզում էի։ Շնչե՜լ, օդ շնչել, օդ»։
Կամ գուցե դու էլ Ժերոմի նման տառապում էիր մեգալոմանիայով՝ համեմված հումորի լավ չափաբաժնով։
«Հենց որ սովորեցի կարդալ ու հաշվել, հասկացա, որ աշխարհն իմն է։ Տասը տարեկանում հանգստյան օրերս անցկացնում էի տատիկիս հյուրանոց-ռեստորանում և, սրահում մատուցողներին օգնելու պատրվակով, հաճախորդների գլուխը տանում էի՝ նրանց տարատեսակ բարդ հարցեր տալով։ Քանի՞ տարեկան էր Լյուդովիկոս XIV-ը, երբ մահացավ։ Ի՞նչ է ցույց տալիս ածականը։ Որքա՞ն է 123-ի և 72-ի արտադրյալը։
Ամենից շատ ինձ դուր էր գալիս այսպիսի պատասխանը․ «Չգիտեմ, բայց երևի դու հիմա կասես ինձ»։
Տասը տարեկանում տեղացի դեղագործից կամ քահանայից ավելի շատ բան իմանալը շատ հավես էր ու զվարճալի։ Նրանք շոյում էին այտերս, բայց իրականում ուզում էին գլուխս պոկել։ Այդ ամենն ինձ զվարճացնում էր»։
Գերազանց աշակերտներ էին Քահինան, Միննին, Պիեռը, Ժերոմը, դու և իմ մեկ այլ ընկերուհին՝ Ֆրանսուազը, որը դեռ վաղ մանկությունից ամեն ինչ սովորում էր խաղալով՝ առանց նվազագույն դժվարության։
Ա՜խ, նա օժտված էր լուրջ բաներով զվարճանալու ապշեցուցիչ ունակությամբ։
Նա նույնիսկ դասական գրականության ագրեգացիայի քննությունն անցավ այնպիսի հեշտությամբ, կարծես մասնակցում էր հեռուստախաղին։
Ներգաղթյալների, բանվորների, ծառայողների, տեխնիկների, ուսուցիչների կամ մեծահարուստ բուրժուաների զավակներ էին նրանք։ Իրարից խիստ տարբեր էին, բայց բոլորն առանց բացառության գերազանց աշակերտներ էին։
Պետական դպրոցի համար նվազագույնն այն էր, որ նկատեր նրանց՝ քեզ հետ միասին։ Եվ օգներ քեզ դառնալ այն մարդը, ով այսօր կաս։
Իսկ դու կարծում ես, թե պետական դպրոցը ճանապարհի եզրին բավականաչափ շատ մարդկանց չի՞ թողնում։
Դպրոցին չափազանց մեծարելով՝ դու, ըստ էության, աննկատ շոյում ես սեփական անձդ։ Քեզ քիչ թե շատ գիտակցաբար ներկայացնում ես որպես իդեալական աշակերտ։ Այդպիսով քողարկում ես այն անհամար գործոնները, որոնք մեզ այդքան անհավասար են դարձնում գիտելիք ձեռք բերելու հարցում՝ կյանքի հանգամանքները, շրջապատը, հիվանդությունները, խառնվածքը…
Ա՜խ, խառնվածքը։ Հանելուկների հանելուկը։
«Այն ամենի համար, ինչին հասել եմ, պարտական եմ պետական դպրոցին»։
Մի՞թե սա չի նշանակում, որ ուզում ես քո ընդունակությունները ներկայացնել որպես առաքինություններ (թեև մեկն ամենևին չի բացառում մյուսը)։
Ուզո՞ւմ ես հաջողություններդ բացատրել կամքով, համառությամբ ու անձնազոհությամբ։ Հենց սա՞ է քո նպատակը։
Ճիշտ է, դու աշխատասեր ու համառ աշակերտ էիր, և դա քո վաստակն է։ Բայց չէ՞ որ շատ վաղ տարիքից կարողացել ես օգտվել հասկանալու քո ընդունակությունից։ Դեռ դպրոցական աշխատանքի հետ առաջին իսկ առնչություններից զգացել ես հասկանալու անսահման ուրախությունը և հասկացել, որ գործադրած ջանքն ինքնին խոստանում էր այդ ուրախությունը։
Այն ժամանակ, երբ ես նստում էի գրասեղանիս առջև՝ սեփական անխելքության հանդեպ համոզմունքից ջախջախված, դու անցնում էիր գործի ՝ անհամբերությունից թրթռալով։ Դու անհամբեր էիր, ուզում էիր որքան հնարավոր է շուտ անցնել հաջորդ գործին, որովհետև մաթեմատիկայի այն խնդիրը, որի վրա ես քնում էի, դու լուծում էիր մի ակնթարթում։
Մեր տնային աշխատանքները քո մտքի համար ցատկահարթակներ էին, իսկ ինձ համար՝ շարժվող ավազներ, որոնց մեջ խրվում էին մտավոր կարողություններս։
Դու ավարտում էիր դասերդ՝ բավարարված կատարած աշխատանքիցդ ու քամու պես ազատ էիր զգում քեզ, մինչդեռ ես՝ սեփական տգիտությունից շվարած, խեղճ սևագիրս էի զարդարում խնամքով քաշված գծերով, որոնք, սակայն, ոչ ոքի չէին կարող խաբել։
Արդյունքում դու աշխատասեր էիր, իսկ ես՝ ծույլ։
Մի՞թե հենց դա էր ծուլությունը՝ սեփական անձի մեջ խրվելն ու տեղից չշարժվե՞լը։
Իսկ աշխատասիրությունն ի՞նչ էր։
Ինչպե՞ս էին աշխատում նրանք, ովքեր լավ էին սովորում։ Որտեղի՞ց էին այդ ուժը գտնում։
Սա էր իմ մանկության հանելուկը,որը միշտ հետապնդել է ինձ։
Այն ջանքերը, որոնց մեջ ես ոչնչանում էի, քեզ համար հենց սկզբից ինքնադրսևորման ու հաջողության գրավական էին։
Դու և ես այն ժամանակ չգիտեինք Պիաժեի այս պարզ ու հստակ ձևակերպումը․ «Պետք է հաջողության հասնել ՝ հասկանալու համար»։ Չգիտեինք նաև, որ երկուսս էլ՝ դու և ես, այդ սկզբունքի կենդանի օրինակներն էինք։
Հասկանալու այս կիրքը վճռականությամբ պահպանել ես ամբողջ կյանքիդ ընթացքում և շատ ճիշտ ես արել։ Այն դեռ այսօր էլ փայլում է աչքերիդ մեջ։
Նա, ով կհանդգներ քեզ նախատել դրա համար, պարզապես նախանձոտ հիմարի մեկն է։
Բայց, աղաչում եմ, դադարի՛ր քո ընդունակությունները որպես առաքինություններ ներկայացնելուց։ Դա խառնում է խաղաքարտերը և ավելի է բարդացնում կրթության՝ առանց այդ էլ չափազանց բարդ խնդիրը (բացի այդ, սա բնավորության բավական տարածված թերություն է)։
Գիտե՞ս՝ ով էիր դու իրականում։
Դու «քաղցրիկ աշակերտ» էիր։
Այսպես էի ես ուսուցիչ դառնալուց հետո մտքումս անվանում իմ գերազանց սովորող աշակերտներին՝ այդ հազվագյուտ մարգարիտներին, երբ նրանցից հայտնաբերում էի դասարանում։
Ես շատ էի սիրում իմ այդ «քաղցրիկ աշակերտներին»։ Նրանք ինձ հանգստացնում էին մյուսներից հետո և միաժամանակ իմ ոգեշնչման աղբյուրն էին։
Նա, ով ամենաարագն է հասկանում, ամենաճիշտն է պատասխանում և հաճախ դա անում է հումորով։ Այդ հանկարծ լուսավորվող հայացքը և հեշտությամբ սովորելու ու հասկանալու զուսպ դրսևորումը բանականության գերագույն շնորհն է…Օրինակ՝ փոքրիկ Նոեմին։ Ներեցե՛ք, արդեն մեծ Նոեմին․ նա հիմա տասնմեկերորդ դասարանում է։ Անցյալ տարի ֆրանսերենի նրա ուսուցիչը դպրոցական բնութագրում նրան շնորհակալություն էր հայտնել ընդամենը մեկ բառով․
«Շնորհակալություն»։
Ուսուցիչն այլևս չէր գտնում գովասանքի խոսքեր։
Նոեմի Պ․, ֆրանսերեն՝ 19/20։ Շնորհակալություն։
Արդարացի է․ պետական դպրոցը շատ բան է պարտական Նոեմիին։
Ճիշտ այնպես, ինչպես իմ երիտասարդ զարմիկ Պիեռին, որը վերջերս մեզ հայտնեց, որ ավարտական քննությունները հանձնել է գերազանց, ապա գնաց առագաստանավով դիմակայելու օվկիանոսին, որն այդ տարվա՝ 2007-ի հուլիսի առաջին օրերին առանձնապես կատաղի էր։
«Մի փոքր ավելի ուժեղ զգացողություններ, քան քննությունները…»,— կարծես ասում էր մեզ նրա գեղեցիկ ծիծաղը։
Այո՛, ես միշտ սիրել եմ լավ սովորող աշակերտներին։
Բայց նաև խղճացել եմ նրանց, որովհետև նրանք էլ իրենց տառապանքներն ունեն՝ երբեք չհիասթափեցնել մեծահասակներին, արդարացնել նրանց սպասումները, նյարդայնանալ, երբ ընդամենը երկրորդն են, մինչդեռ ինչ-որ մեկը զբաղեցնում է առաջին տեղը, կռահել ուսուցչի հնարավորությունների սահմանները հե՛նց առաջին դասից, դե, իհարկե, դասարանում էլ մի փոքր ձանձրանալ, դիմանալ թույլ սովորողների ծաղրանքին ու նախանձին կամ էլ ուսուցիչների հետ լեզու գտնելու կամ նրանց սիրելին լինելու մեղադրանքներին։
Եվ այս ամենին ավելանում են մեծանալու սովորական դժվարությունները, որոնցից նրանք էլ, մյուսների նման, զերծ չեն մնում։
«Քաղցրիկ աշակերտի» մի տիպիկ օրինակ՝ Ֆիլիպը։
Ֆիլիպը վեցերորդ դասարանում էր սովորում մոտավորապես 1975 թվականին։ Տասնմեկամյա Ֆիլիպը չափազանց նիհար էր, ականջները՝ գլխից ուղղահայաց դուրս ցցված։ Նա ուներ հսկայական ատամնաշար, որի պատճառով խոսում էր այնպես, որ «ս» հնչյունը սուլոցով էր արտասանում՝ մեղվի բզզոցի նման։
Հարցրի նրան՝ արդյոք լավ է յուրացրել լեզվի ուղիղ և փոխաբերական իմաստների մասին այն հասկացությունը, որի շուրջ խոսել էինք նախորդ օրը։
— Ուղիղ և փոսաբերական իմա՞ստ։ Հիանալի եմ յուրացրել, պարո՛ն։ Ես նույնիսկ լիքը օլինակներ ունեմ։
— Խնդրեմ, Ֆիլի՛պ, լսում ենք քեզ։
— Ուրեմն, երեկ երեկոյան մեր տանը հյուրեր կային։ Մայրիկս ինձ ներկայացրեց փոսաբերական իմաստով։
Ասաց․ «Սա Ֆիլիպն է՝ իմ կրտսեր որդին»։ Ճիշտ է, ես ամենափոքրն եմ, համենայնդեպս՝ առայժմ, բայց ամենևին էլ փոքր չեմ․ իմ տարիքի համար նույնիսկ բավականին բարտրահասակ եմ։
Հետո ասաց․ «Նա թռսնի ախորժակ ունի»։ Սա հիմարություն է, որովհետև, որքան գիտեմ, թռսուններն օրական իրենց քաշի չափ սնունդ են ուտում, իսկ ես գրեթե ոչինչ չեմ ուտում։
Նա նաև ասաց, որ ես միշտ ամպերում եմ, մինչդեռ այդ պահին ես նրանց բոլորի հետ նստած էի սեղանի շուրձ։ Բոլորը կարող էին դա հաստատել։
Իսկ նա ինձ հետ խոսում էր միայն ուղիղ իմաստով․ «Լռի՛ր, սրբի՛ր բերանդ, արմունկներդ սեռանին մի՛ դիր, բարի գիսեր ասա ու գնա քնելու»։
Այս ամընից Ֆիլիպը եզրակացրեց, որ փոխաբերական լեզվով խոսում են տանտիրուհիները, երբ ներկայացնում են իրենց հյուրերին, իսկ ուղիղ իմաստով՝ մայրերը, երբ խոսում են իրենց երեխաների հետ։
— Եվ ուսուցիսները, պարո՛ն,— ավելացրեց նա,— երբ խոսում են իրենց աշակերտների հետ։
Չգիտեմ՝ ինչ է դարձել իմ սուլախոս Ֆիլիպը՝ «քաղցրիկ աշակերտի» կատարյալ մարմնավորումը։
Ինչո՞վ է նա զբաղվում այսօր։ Գուցե ուսուցի՞չ է դարձել։ Շատ կուզենայի։
Կամ, ավելի լավ կլիներ, եթե աշխատեր նորմալ Ավագ դպրոցում կամ ուսուցիչների վերապատրաստման որևէ ինստիտուտում, որպեսզի ապագա ուսուցիչներին սովորեցներ հասկանալ աշակերտների իրական էությունը՝ այնպիսին, ինչպիսին նրանք կան։
Բայց գուցե նա կորցրել է իր մանկավարժական շնորհները։ Գուցե նրան չափազանց հնարամիտ են համարել ուսուցչություն անելու համար։ Գուցե նա քնել է… Կամ թռել հեռու։
-7-
Ուրեմն աշակերտն հենց այնպիսին է, ինչպիսին որ կա։ Բանն էլ հենց դրանում է։
— Զգո՛ւյշ եղիր, — զգուշացնում էին ինձ ընկերներս, երբ ձեռնամուխ եղա այս գիրքը գրելուն, — դպրոցականները շատ են փոխվել քո մանկության ժամանակներից ի վեր, փոխվել են նաև այն տասներկու տարիների ընթացքում, ինչ դու այլևս չես դասավանդում։ Նրանք հիմա բոլորովին ուրիշ են, գիտե՞ս։
Այո՛ և ո՛չ։
Այդ երեխաներ ու դեռահասները ճիշտ նույն տարիքին են, ինչ ես էի հիսունականների վերջին։ Սա, համենայն դեպս, մեր միջև եղած նմանություններից մեկն է։ Նրանք առաջվա պես շատ վաղ են արթնանում, նրանց դասացուցակներն ու դպրոցական պայուսակները նույնքան ծանր են, իսկ ուսուցիչները՝ բարի թե չար, շարունակում են մնալ նրանց զրույցների սիրելի թեման։
Ահա էլի ընդհանուր երեք բան։
Ա՜, այո՛։ Մի տարբերություն կա․ այժմ նրանք շատ ավելի շատ են, քան իմ մանկության տարիներին, երբ շատերի համար կրթությունն ավարտվում էր համապատասխան վկայական ստանալով։ Եվ հիմա նրանք տարբեր գույների են՝ համենայն դեպս իմ թաղամասում, որտեղ ապրում են ժամանակակից Փարիզը կառուցած ներգաղթյալները։ Նրանց թվաքանակն ու մաշկի գույնը էական տարբերություններ են, դա ճիշտ է, բայց այդ տարբերությունները վերանում են, հենց որ դուրս ենք գալիս 20-րդ շրջանից։ Հատկապես մաշկի գույնի տարբերությունը։ Մեր բլուրներից իջնում ես դեպի Փարիզի կենտրոն, և գունավոր մաշկով դպրոցականներն աստիճանաբար ավելի ու ավելի քիչ են հանդիպում։ Իսկ Պանթեոնի շրջակայքում գտնվող լիցեյներում նրանց ընդհանրապես չես հանդիպի։ Կենտրոնում շատ քիչ են աֆրիկացի և արաբ դպրոցականները՝ այսպես ասած, ողորմածության չափաբաժին։ Եվ ահա մենք վերադառնում ենք վաթսունականների սպիտակամորթ աշակերտներով լի դպրոցին։
Ո՛չ, այսօրվա և երեկվա դպրոցականների միջև հիմնարար տարբերությունն այլ բանում է․ այժմ ընդունված չէ կրել ավագ եղբայրներից մնացած հին սվիտերները։ Ահա՛ իրական տարբերությունը։
Մայրս Բեռնարի համար սվիտեր էր գործում, իսկ երբ նա մեծանում էր, այն փոխանցում էր ինձ։ Նույնն էր նաև մեր ավագ եղբայրների՝ Դյումեի և Ժան-Լուիի դեպքում։ Մայրիկի գործած սվիտերները Սուրբ Ծննդյան յուրաքանչյուր տոնի անխուսափելի անակնկալն էին։ «Մայրիկի սվիտեր» ապրանքանիշ կամ պիտակ գոյություն չուներ, բայց, այնուամենայնիվ, իմ սերնդի երեխաների մեծ մասը կրում էր մայրիկների գործած սվիտերները։
Այսօր ամեն ինչ այլ է։ Այսօր բոլորին՝ փոքրերին ու մեծերին, հագցնում է Մարքեթինգ տատիկը։ Հենց նա է հագցնում շոր ու կոշիկ, կերակրում ու խմեցնում, սանրում, դպրոցականին զինում անհրաժեշտ պարագաներով ու էլեկտրոնային սարքերով, անվաչմուշկներով, ինքնագլոր տալիս, հեծանիվ կամ մոպեդ նստեցնում, զվարճացնում, տեղեկացնում, ուղղորդում, անընդհատ երաժշտական չափաբաժիններ ներարկում և պտտեցնում սպառման աշխարհում։
Հենց նա է օրորում նրան քնեցնելիս ու արթնացնում, իսկ երբ երեխան նստում է դպրոցական նստարանին, հեռախոսը թրթռում է գրպանում՝ հանգստացնելով նրան․ «Մի՛ վախեցիր, ես այստեղ եմ, քեզ հետ եմ, հեռախոսիդ մեջ։ Դու այլևս դպրոցական գետտոյի պատանդը չես»։
—8—
Յոթանասունականներին մի երեխա մահացավ։
Եկեք նրան անվանենք Ժյուլ՝ ի պատիվ 1878–1883 թվականներին հանրային կրթության նախարար Ժյուլ Ֆերիի։
Ենթադրենք, որ այդ Ժյուլն անմահ էր և հավերժ գոյություն ուներ։ Իրականում նա աշխարհ էր եկել ընդամենը մեկ դար առաջ, և ես հանկարծ զարմանքով հասկանում եմ, որ նա ավելի կարճ կյանք է ունեցել, քան մայրս։
Մոտավորապես 1760 թվականին Ժան-Ժակ Ռուսոն նրան հորինել էր Էմիլ անունով՝ որպես մտավոր փորձի մի նախատիպ։ Մեկ դար անց Վիկտոր Հյուգոն կրկին աշխարհ բերեց նրան՝ իր պարտքը համարելով երեխաներին ազատել ծանր աշխատանքի ճիրաններից, որոնց մեջ նրանց էր նետում նոր ձևավորվող արդյունաբերական աշխարհը։
«Երեխան ունի մարդ դառնալու իրավունք, — գրում էր Հյուգոն «Տեսած բաներում» գրքում, — մարդուն մարդ է դարձնում լուսավորությունը, իսկ լուսավորությունը կյանք է տալիս կրթությանը։ Հետևաբար երեխան լիակատար իրավունք ունի կրթություն ստանալու՝ անվճար և պարտադիր»։
1870-ականների վերջին Հանրապետությունը այս երեխային նստեցրեց աշխարհիկ, անվճար և պարտադիր դպրոցի նստարանին՝ բավարարելու նրա կրթական հիմնական կարիքները, սովորեցնելու մշակութային հմտություններ՝ կարդալ, գրել, հաշվել, տրամաբանել՝ առանց որոնց նա չէր կարող ձևավորվել որպես անհատ, քաղաքացի և ազգի բաղկացուցիչ անդամ։
Ժյուլը գոյություն ուներ երկու կերպարանքով․ դպրոցում նա աշակերտ էր, տանը՝ որդի կամ դուստր։ Ընտանիքը հոգ էր տանում նրա դաստիարակության, իսկ դպրոցը՝ կրթության մասին։ Այս երկու աշխարհները գրեթե անթափանց էին միմյանց համար։ Փակ էր նաև հենց Ժյուլի աշխարհը։
Դեռահաս տարիքում նա բոլորովին անպատրաստ էր մտնում բուռն հասունացման շրջան, տարակուսում էր հակառակ սեռի առանձնահատկությունների շուրջ, երևակայում ու հորինում՝ ձեռքի տակ եղած միջոցներով լուծումներ գտնելով։ Ինչ վերաբերում է խաղերին, ապա դրանց մեծ մասը կախված էր միայն նրա երևակայությունից ու հնարամտությունից։
Բացառիկ դեպքերից բացի, Ժյուլին չէին անհանգստացնում մեծահասակների հուզական, տնտեսական կամ մասնագիտական հոգսերը։ Նա ոչ որևէ ընկերության աշխատակից էր, ոչ ընտանիքի վստահելի խորհրդակիցը, ոչ էլ ուսուցիչների զրուցակիցը։
Իհարկե, այդ կորսետային հասարակությունը պարզունակ էր միայն արտաքուստ․ զգացմունքները բազմաթիվ ճեղքերից ներթափանցում էին այնտեղ՝ հաղորդելով նրան մարդկային բարդություն։
Սակայն Ժյուլի իրավունքները սահմանափակվում էին կրթության իրավունքով, իսկ պարտականությունները՝ որդու, աշակերտի և զինվորի պարտականություններով։ Զինվոր, որը նշանակում էր լինել թնդանոթի միս։ 1914–1918 թվականներին վեց միլիոն Ժյուլերից 1 միլիոն 350 հազարը սպանվեցին, իսկ ողջ մնացածների մեծ մասը տուն վերադարձավ հաշմանդամ դարձած։
Ժյուլն ապրեց հարյուր տարի։
1875–1975 թվականներին։
Ընդհանուր առմամբ՝ այդպես։
XIX դարի վերջին քառորդում արդյունաբերական հասարակության ճիրաններից ազատված՝ հարյուր տարի անց նա հայտնվեց շուկայական հասարակության ճիրաններում, որը նրան դարձրեց սպառող-երեխա։
—9—
Այսօր մեր մոլորակի վրա գոյություն ունի երեխաների հինգ տեսակ՝ սպառող-երեխա՝ մեզ մոտ, արտադրող-երեխա՝ այլ երկինքների տակ, մեկ այլ տեղ՝ զինվոր-երեխա, մարմնավաճառ-երեխա և, վերջապես, մետրոյի կորացած գովազդային պաստառների վրա՝ մահացող երեխա, որը սոված ու անօգնական աչքերով նայում է մեր հոգնածությանը։
Նրանք բոլորն էլ երեխաներ են։ Բոլոր հինգը։
Եվ բոլոր հինգին էլ շահագործում են։
—10—
Սպառող-երեխաների մեջ կան այնպիսիք, որոնք տնօրինում են իրենց ծնողների միջոցները, և այնպիսիք, որոնք տնօրինելու ոչինչ չունեն։ Կան գնողներ և կան նրանք, ովքեր ինչ-որ կերպ հայթայթում են իրենց ուզածը։
Երկու դեպքում էլ երիտասարդ գնորդը, ծախսելով իր չվաստակած գումարը, դառնում է սեփականատեր՝ առանց անձնական միջոցներ ծախսելու։
Ահա թե ինչ է սպառող-երեխան․ երեխան, որը նվազագույն ջանք անգամ չգործադրելով՝ դառնում է սեփականատեր սպառման այն նույն բազմաթիվ ոլորտներում, որտեղ սպառում են իր ծնողներն ու ուսուցիչները՝ հագուստ, սնունդ, հեռախոսակապ, երաժշտություն, էլեկտրոնիկա, տրանսպորտ, ժամանց։
Այսպիսով, նա սկսում է խաղալ նույն տնտեսական դերը, ինչ մեծահասակները, որոնց վրա դրված են իր դաստիարակության և կրթության հոգսերը։ Նրանց նման նա էլ շուկայի հսկայական մասն է կազմում, նրանց նման նպաստում է դրամական շրջանառությանը։ Այն, որ այդ գումարներն իրենը չեն, ոչինչ չի փոխում։ Նրա ցանկությունները, ինչպես և ծնողների ցանկությունները, մշտապես խթանվում ու նորացվում են, որպեսզի մեքենան շարունակի աշխատել։
Այս տեսանկյունից նա շատ կարևոր անձ է՝ լիիրավ հաճախորդ։
Ինչպես մեծահասակները։
Ինքնուրույն սպառող։
Սկսած իր առաջին մանկական ցանկություններից։
Որոնց բավարարումն իբր արտահայտում է այն սերը, որ ցուցաբերում են նրա հանդեպ հարազատները։
Մեծահասակները, նույնիսկ երբ փորձում են պաշտպանվել, չեն կարողանում դրան որևէ քիչ թե շատ լուրջ հակադրություն առաջարկել։ Այսպես է զարգանում շուկայական հասարակությունը․ սիրել երեխային՝ հենց այս երեխային, այնքան ցանկալի, որ նրա ծնունդով ծնողները սկսում են իրենց անվերջ պարտքի տակ զգալ նրա առաջ, նշանակում է սիրել նրա ցանկությունները, որոնք շատ արագ վերածվում են կենսականորեն անհրաժեշտ պահանջմունքների։
Սիրո պահանջմունքի՞, թե՞ իրերի պահանջմունքի։ Այո՛, հենց այդպես, որովհետև այս սերն ապացուցվում է իրեր գնելով։
Երեխա ունենալու ցանկությունը…
Մի րոպե, ահա ևս մեկ տարբերություն այսօրվա երեխայի և իմ մանկության երեխայի միջև․ արդյո՞ք ես ցանկալի երեխա էի։
Սիրված՝ այո՛, այնքանով, որքանով սիրում էին այն հեռավոր ժամանակներում։ Բայց ցանկալի՞։
Հետաքրքիր է՝ ինչ դեմք կընդուներ իմ ծեր մայրիկը, որի հարյուրամյակի առաջին տարեդարձը մենք վերջերս նշեցինք (այս գիրքը գրելն, այնուամենայնիվ, չափազանց երկար է տևում), եթե ես նրան այսպիսի հարց տայի։
— Ի դեպ, մայրի՛կ, դու ինձ ուզո՞ւմ էիր։
— …
— Այո՛, ճիշտ լսեցիր․ ուզում եմ իմանալ՝ արդյոք ես ցանկալի երեխա էի, դու ու հայրիկը ցանկանո՞ւմ էիք, որ ես ծնվեմ։
Արդեն պատկերացնում եմ, թե ինչպես է նա նայում ինձ։ Լսում եմ, թե ինչպես է երկար լռում։ Եվ հետո հարցին հարցով պատասխանում.
— Ասա՛, քեզ մոտ ամեն ինչ կարգի՞ն է։
Եթե ես շարունակեի ավելի խորը. փորփրել, լավագույն դեպքում մի քանի փաստարկային պարզաբանում կստանայի։
— Պատերազմ էր։ Հայրդ արձակուրդում էր։
Նա մեզ՝ ինձ ու քո երեք եղբայրներին, տարավ Կասաբլանկա, իսկ ինքը միացավ ամերիկյան յոթերորդ բանակին՝ Պրովանսում ափհանմանը մասնակցելու համար։ Դու ծնվեցիր Կասաբլանկայում։
Կամ էլ կլսեի հարավից սերած իսկական մոր հետևյալ բացատրությունը.
— Ես մի փոքր վախենում էի, որ աղջիկ կլինի։ Միշտ տղաներին եմ նախընտրել։
Եվ ոչ մի խոսք այն մասին, թե արդյոք ես ցանկալի երեխա եմ եղել, թե ոչ։ Մեր ընտանիքում նման հարցերը համարում էին անհեթեթ։
Լավ, վերադառնանք երեխա-սպառողին։
Եկեք ամեն ինչ մինչև վերջ պարզենք։ Երբ նկարագրում եմ նրան, ամենևին էլ նպատակ չունեմ այդ երեխային ներկայացնելու որպես արհամարհանքի արժանի, անուղեղ հեդոնիստի։ Մյուս կողմից՝ ես ոչ մի կերպ կոչ չեմ անում վերադառնալ «մայրիկի գործած սվիտերներին», թիթեղյա խաղալիքներին, կարկատած գուլպաներին, ընտանեկան խնդիրների մասին լռելուն, Օգինոյի մեթոդին և այն ամենին, ինչի պատճառով այսօրվա երիտասարդությունը մեր երիտասարդության տարիները պատկերացնում է սև-սպիտակ կինոյի նման։ Ո՛չ, ես ընդամենը ինքս ինձ հարց եմ տալիս՝ ինչպիսի՞ ծույլիկ աշակերտ կլինեի, եթե զուտ պատահականությամբ ծնված լինեի մոտ տասնհինգ տարի անց։
Կասկած չկա․ ես կդառնայի սպառող-ծույլիկ։ Իմ մտավոր հասունության պակասը կլրացնեի սպառողական հասունությամբ, որը դեռահասի ցանկությունները նույնքան օրինական է դարձնում, որքան նրա ծնողների ցանկությունները։ Ես դա ինձ համար սկզբունքի կվերածեի։ Ահա թե ինչպես եմ ինքս ինձ լսում․
— Դուք համակարգիչ ունեք։ Ես էլ եմ ուզում, դրա իրավունքն ունեմ։ Հատկապես եթե դուք չեք ուզում, որ դիպչեմ ձերին ։
Եվ ինձ կզիջեին։ Սիրուց դրդված։ Այլասերվա՞ծ սեր։ Հեշտ է այդպես ասել։ Յուրաքանչյուր դարաշրջան ունի ծնողական և որդիական սերն արտահայտելու իր լեզուն։ Մերը նախընտրում է իրերի լեզուն։
Մի՛ մոռացեք «Տատիկ Մարքեթինգի» ախտորոշումը․ «Սա առանձնահատկություն է»։
Ինչպես շատ ու շատ տղաներ ու դեռահասներ, որոնց մասին ամեն կողմից լսում եմ, ես էլ կկարողանայի համոզել մայրիկիս, որ շրջապատին համապատասխանելու և, հետևաբար, հոգեկան հավասարակշռությունս պահպանելու համար ինձ անպայման անհրաժեշտ է այս կամ այն գնումը։
— Մամ, ինձ պետք է, ուղղակի խիստ անհրաժեշտ է գնել NNN-ի վերջին մոդելը։
Մի՞թե մայրիկս կուզենար, որ ես ինձ վտարանդի զգամ։ Չէ՞ որ ես առանց այդ էլ ինձ այդպիսին եմ զգում՝ իմ մշտական անհաջողությունների պատճառով։ Մի՞թե դա քիչ է։
— Մամ, երդվում եմ՝ առանց դրա ես կատարյալ հիմարի տեսք կունենամ։ (Ո՛չ, այդպես չէ․մի փոքր շտկում «հիմար» բառն արդեն հնացել է։) Ես անկապ տեսք կունենամ։ (Միշել Օդիարը իր ժամանակին խոսել է նկուղի մասին:
-Մայրիկ ,եթե չվճարես,ինձ նկուղ կտանեն:)
Եվ իմ սիրող մայրիկը հաստատ տեղի կտար ինձ։
Բայց մի՞թե տասնհինգ տարի անց ես դեռ չորս եղբայրներից կրտսե՞րը կլինեի։ Կուզենայի՞ն ինձ ունենալ։ Թույլ կտայի՞ն, որ ծնվեի,վիզաս կխփեին։
Ընտանեկան բյուջեի հարց է՝ ինչպես և մնացած ամեն ինչ։
—11—
Այդ «ամեն ինչը» ,, որին այսօրվա երիտասարդ ուսուցիչը պատրաստ չէ, երեխա-սպառողներով լի մի ամբողջ դասարանի հետ հանդիպումն է։
Իհարկե, նա ինքն էլ է այդպիսին եղել, և իր երեխաներն էլ են այդպիսին, բայց այս դասարանում նա ուսուցիչ է։ Իսկ ուսուցիչ լինելով՝ նա չի լսում ծնողական սիրո և իր զավակի հանդեպ պարտքի այն ձայնը, որն իր հայրական սրտում է հնչում։
Աշակերտը նրա այն ցանկալի երեխան չէ, որի հանդեպ սերը հալեցնում է ուսուցչական կազմի սրտերը։ Այստեղ դպրոց է, քոլեջ, լիցեյ․ այստեղ մենք տանը չենք, խանութում չենք։ Այստեղ չեն բավարարում ամենափոքր քմահաճույքներն ու նվերներ չեն շռայլում, այստեղ բավարարում են հիմնական կարիքները։ Կրթություն ստանալու կարիքը, ընդ որում՝ մի կարիք, որի բավարարումը հատկապես դժվար է, որովհետև նախ պետք է այն արթնացնել։
Ուսուցչի համար հեշտ չի լինի գլուխ հանել այս քմահաճույքներից ու կարիքներից։
Իսկ երիտասարդ հաճախորդին էլ ուրախ ապագա չի սպասում․ նա ստիպված է լինելու քմահաճույքների փոխարեն հոգալ իր կարիքները, լարել ուղեղը՝ միտքը մարզելու համար, ազատվել հագուստից ,նորաձև իրերից գիտելիք ձեռք բերելու համար, փայլփլուն խաղալիքները փոխանակել անտեսանելի աբստրակցիաների հետ։
Եվ դեռ պետք է վճարի այդ գիտելիքների՝ դպրոցական գիտելիքների համար, մինչդեռ քմահաճույքների բավարարումը նրանից ոչինչ չի պահանջում։
Ահա անվճար կրթության պարադոքսը, որը մեզ է ժառանգել Ժյուլ Ֆերին․ շուկայական հասարակության մեջ պետական դպրոցն այսօր մնում է վերջին վայրը, որտեղ երեխա-սպառողը ստիպված է անձամբ վճարել՝ համարժեքը համարժեքով.․ աշխատանք՝ գիտելիքի դիմաց, ջանք՝ առարկաները յուրացնելու դիմաց, ինքնուրույն դատողություն՝ համաշխարհային մտավոր արժեքներին հասնելիւ դիմաց, դասերին մշտապես ներկայություն՝ անորոշ ապագայի դիմաց։ Ահա թե ինչ է պահանջում նրանից դպրոցը։
Եթե հանգամանքները հաշվի առնելու ունակությամբ զինված լավ աշակերտին այս իրավիճակը բավարարում է, ապա ինչո՞ւ այն պետք է բավարարի ծույլըկներին։։
Ինչո՞ւ նա պետք է հրաժարվի իր սպառողական հասունության կարգավիճակից՝ հանուն հնազանդ աշակերտի կասկածելի դիրքի, մի դիրքի, որն իր աչքին իրեն մանկամիտ ու ոչ հասուն է դարձնում։
Ինչո՞ւ նա պետք է ինչ-որ բանով վճարի դպրոցին, երբ այն հասարակությունը, որտեղ ապրում է, առավոտից երեկո նրան անվճար առաջարկում է գիտելիքի փոխարինիչներ՝ զգացողությունների և առևտրային հարաբերությունների տեսքով։
Որքան էլ նա իրեն դասարանում անհաջողակ աշակերտ զգա, մի՞թե տանը՝ խաղային վահանակը ձեռքին , նա չի դառնում Տիեզերքի տիրակալը։ Իսկ երբ մինչև լուսաբաց գրվում է,, մի՞թե նրան չի թվում, թե շփվում է ամբողջ աշխարհի հետ։ Մի՞թե ստեղնաշարը նրան հասանելի չի դարձնում ցանկացած գիտելիք, որ կցանկանա ձեռք բերել։ Իսկ վիրտուալ բանակների դեմ մղվող մարտերը մի՞թե նրան լիարժեք կյանքի զգացում չեն պարգևում։
Ուրեմն ինչո՞ւ նա պետք է այդ ամենը փոխարինի ինչ-որ խղճուկ դասարանում դրված աթոռով։
Ինչո՞ւ պետք է հանդուրժի մեծահասակների դժգոհ մեկնաբանությունները իր եռամսյակային առաջադիմության վերաբերյալ, երբ իր սենյակում փակվելով, ընտանիքից ու դպրոցից հեռու, ինքն է դառնում իր թագավորն ու աստվածը։
Անկասկած, եթե այն երկուսներ ստացող աշակերտը, որը ես էի, ծնված լիներ տասնհինգ տարի անց, և եթե նրա մայրիկը չգոհացներ նրա ամենափոքր քմահաճույքները, նա նույնպես կբացեր ընտանեկան չհրկիզվող պահարանը, բայց այս անգամ՝ ինքն իրեն նվեր գնելու համար։
Նա իրեն կնվիրեր բոլորից փախչելու այդ միջոցը՝ վերջին ճիչը։ Եվ կկպչեր էկրանին, կանհետանար դրա մեջ՝ սերֆինգի նման սահելով տարածության ու ժամանակի միջով՝ առանց սահմանների ու արգելքների, առանց ժամանակացույցերի ու հորիզոնների։
Նա անվերջ ու անիմաստ կզրուցեր առցանց՝ իր նմանների հետ։
Նա կպաշտեր այս դարաշրջանը, որն իր վատ սովորող աշակերտներին ոչ մի ապագա չերաշխավորելով՝ նրանց պարգևում է տեխնիկա, որն օգնում է ոչնչացնել ներկան։
Եվ նա կդառնար կատարյալ որս այն հասարակության համար, որը հաջողությամբ բազմացնում է գեր երիտասարդների՝ զրկելով նրանց սեփական դիմագծից ու սեփական մարմնից։
—12—
— Ի՞նչ։ Ե՞ս՝ գեր, անմարմին երիտասարդ։ (Աստվա՛ծ իմ, էլի նա…) Ո՞վ է քեզ թույլ տվել իմ փոխարեն խոսել։
Գրո՛ղը տանի, ինչո՞ւ հիշեցի նրան՝ այն ծույլիկ աշակերտին, որը մի ժամանակ ես էի։ Ինչո՞ւ նորից արթնացրի այդ անջնջելի հիշողությունը։ Ես արդեն հասել էի վերջին էջերին, նա ինձ չէր անհանգստացրել այն պահից ի վեր, երբ խոսում էինք Մաքսիմիլիանի մասին, և ահա նորից ինքս նրան կանչեցի։
— Պատասխա՛ն տուր։ Ո՞վ է քեզ թույլ տվել մտածելու, որ եթե ես ծնված լինեի տասնհինգ տարի անց, կդառնայի այնպիսի սպառողական մոլուցքով տառապող ծույլիկ , որի մասին դու խոսում ես։
Անկասկած, նա է։ Եվ, ինչպես միշտ, պահանջում է բացատրություններ՝ փոխանակ ինքն իր արդյունքները ցույց տալու։
Դե լավ, եկեք խոսենք։
— Իսկ ե՞րբվանից է ինձ քո թույլտվությունը պետք՝ ինչ-որ բան գրելու համար։
— Այն պահից, երբ սկսեցիր դատարկաբանել երկուսներ ստացողների մասին։ Այդ թեմայի գլխավոր մասնագետը ե՛ս եմ, համենայն դեպս, ինձ այդպես է թվում։
Հետաքրքիր է՝ կարո՞ղ ես մասնագետ լինել մի բանում, որից ինքդ ես տառապում։
Մի՞թե հիվանդները կարող են փոխարինել իրենց բուժող բժիշկներին, իսկ ծույլիկները՝ ուսուցիչներին։
Միայն թե թույլ չտալ, որ նա այս թեմայով երկար խոսի․ այդպես մի ամբողջ էջերի կույտ կվատնենք։ Շուտ, շուտ փակել նրա բերանը։
— Լավ, ենթադրենք՝ այդպես է։ Իսկ այսօր ինչպիսի՞ ծույլիկ աշակերտ կլինեիր դու։
— Եթե ամեն ինչ այսօր տեղի ունենար, ես հիանալի գլուխ կհանեի ամեն ինչից։ Չէ՞ որ կյանքում միայն դպրոցը չէ։ Այո՛, այո՛, պատկերացրու։ Դու սկզբից մինչև վերջ մեր գլուխն ես տանում դպրոցով, բայց չէ՞ որ այլ ելքեր էլ կան։ Դու լիքը ընկերներ ունես, որոնք առանց դպրոցի էլ իրենց տեղն են գտել կյանքում։ Ճի՞շտ է։ Նայիր՝ Բերտրանը, Ռոբերը, Մայքը, Ֆրանսուազը։ Նրանք արագ պրծան դպրոցից ու իրենց կյանքով են ապրում։ Եվ շատ էլ լավ են ապրում, ճի՞շտ չէ։
Օրինակ՝ ես այսօր կարող էի էլեկտրոնիկայի չեմպիոն դառնալ։ Իսկ ինչո՞ւ ոչ։
— …
— Ի՞նչ է, քեզ դուր չի՞ գալիս այս հեռանկարը։ Իհարկե, չի կարող դուր գալ, չէ՞ որ դու ինքդ էլ չես կարողանում գլուխ հանել ամենապարզ համակարգչից։ Ուզո՞ւմ ես, որ ես այդպես էլ ծույլիկ մնամ ։
Չհրկիզվող պահարան կոտրող։ Որպեսզի ինձ ուրիշներին օրինակ բերե՞ն։ Լավ, ենթադրենք՝ ես տասնհինգ տարի առաջ ծնված լինեի, ծույլիկ լինեի և , քո դասարանի ամենավատ աշակերտը, իսկ դու իմ մասին ճառեր ասեիր. «Ինձ դրա համար չեն սովորեցրել, ինձ դրա համար չեն պատրաստել…»։ Դե ինչպե՞ս է, հարմա՞ր է։
— …
— Ամեն դեպքում, ով էլ լինեմ կամ էլ չլինեմ, դա չէ կարևորը։
— Իսկ ի՞նչն է կարևոր։
— Այն, թե ինչ է իրենից ներկայացնում այդ «դրա»-ն, որին, ինչպես ասում են երիտասարդ ուսուցիչները, իրենք պատրաստված չեն եղել։
Ահա՛ գլխավոր հարցը։ Դու ինքդ հենց նոր դա ասացիր։
— Իսկ ո՞րն է պատասխանը։
— Ամեն ինչ հին է, ինչպես աշխարհը․ ուսուցիչները պատրաստ չեն գիտելիքի և անգիտության բախմանը։
Ահա և վերջ։
— Դե, դե, շարունակիր…
— Խնդրեմ։ Այսօր խոսում են կողմնորոշման կորստի, բռնության, սպառողականության մասին, այս ամբողջ հիմարությունը ներկայացնում են որպես բացատրություն։ Վաղը մեկ ուրիշ բան կգտնեն։ Դու ինքդ էլ ասացիր՝ «դրա»-ի իրական էությունը չի կարելի ներկայացնել այն տարրերի միջոցով, որոնք օբյեկտիվորեն նրա բաղկացիւցիչ մասն են կազմում։
— Ինչն էլ ամենևին այն ավելի հասկանալի չի դարձնում։
— Հենց այդ եմ ասում՝ գիտելիքի և տգիտության բախում։ Հարվածը չափազանց ուժեղ է լինում։ Ահա՛ «դրա »-ի իրական էությունը։ Լսո՞ւմ ես ինձ։
— Լսում եմ, լսում։
Ես լսում եմ նրան, իսկ նա, բարձրանալով ամբիոնի վրա, ինքնավստահ ինչպես երբևէ ,սկսում է ինձ դասախոսություն կարդալ։ Եթե ճիշտ եմ հասկանում, նրա ասածից հետևում է, որ «դրա»-ի իրական էությունը թաքնված է գիտելիքի ինչպես հասկացվում է, և տգիտության,ինչպես այն իրականում կա,հավերժական հակամարտության մեջ,ուսուցիչների բացարձակ անկարողության մեջ՝ հասկանալու այն լիակատար տգիտությունը, որի մեջ գտնվում են իրենց ծույլիկ աշակերտները։
Չէ՞ որ իրենք լավ են սովորել, համենայնդեպս՝ այն առարկան, որը հիմա դասավանդում են։ Ըստ երևույթին, դասավանդողների հիմնական դժվարությունն այն է, որ նրանք չեն կարողանում իրենց պատկերացնել մի վիճակում, երբ չգիտեն այն, ինչ իրենք գիտեն։ Անկախ այն բանից ,թե ինչպիսի դժվարություններով է ուղեկցված եղել իրենց ուսումը, դրա արդյունքում ձեռք բերած գիտելիքներն այնքան են միաձուլվում իրենց էությանը, այնքան անբաժանելի դառնում իրենցից, որ դրանից հետո դրանք ընկալում են որպես միանգամայն ակնհայտ բան («Բայց սա չէ՞ որ ակնհայտ է»)։ Նրանք չեն կարողանում պատկերացնել, որ նրանց համար, ովքեր տվյալ պահին լիակատար տգըտության մեջ են, այդ գիտելիքները կարող են բոլորովին օտար լինել։
— Ահա, օրինակ, դու ինքդ, որ մի ամբողջ տարի ծախսեցիր «ա» տառը սովորելու վրա… Կարո՞ղ ես այսօր քեզ պատկերացնել մի վիճակում, երբ ոչ կարդալ ու ոչ էլ գրել չգիտես։ Ո՛չ։ Ճիշտ այնպես, ինչպես մաթեմատիկայի ուսուցիչը չի կարող պատկերացնել, թե ինչպես է հնարավոր չիմանալ, որ երկու անգամ երկու՝ չորս է։ Բայց չէ՞ որ մի ժամանակ դու էլ կարդալ չգիտեիր։ Դու տառերի մեջ ճոճվում էիր, ինչպես աղբակույտի մեջ։ Խղճուկ տեսարան էր, ասեմ քեզ։ Հիշո՞ւմ ես Ջիբութին։ Իսկ հիմա թույլ տուր հիշեցնել քեզ ավելի մոտ անցյալը, երբ կարծում էիր, թե աղջիկդ՝ Ալիսը, որն այսօր քեզնից ավելի շատ է կարդում, միտումնավոր չի ուզում կարդալ դպրոցական առաջին ընթերցանության տեքստերը։ Հիմարություն էիր անում, չէ՞։ Է՛յ, դու, անպիտան հայրիկ։
Իսկ ինքդ ինչպե՞ս էիր տանջվում։ Մոռացե՞լ ես։ Մոռացե՞լ ես, որ քեզնից շատ ավելի երկար ժամանակ պահանջվեց , քան աղջկադ, որպեսզի սովորես կարդալ։ Բայց ահա պարոնն արդեն մեծացել է, դարձել գիտելիքներով զինված չափահաս մարդ, և նրան արդեն նյարդայնացնում է իր սեփական աղջիկը, որը չի սովորում։ Քո ուսուցչական գիտելիքներն ու ծնողական անհանգստությունն իսպառ զրկել են քեզ այդ զգացումից՝ չիմանալու զգացումից։
Ես լսում եմ, լսում։ Վերջ, նա ոգևորվել է, հիմա նրան այլևս չես կանգնեցնի։
— Դուք բոլորդ նույնն եք, ուսուցիչներդ։։ Ձեզ պակասում է մի հատուկ դասընթաց՝ չիմացության մասին։ Դուք մի ամբողջ կույտ քննություններ եք հանձնում՝ ստուգելու համար ձեր ձեռք բերած գիտելիքները, մասնակցում եք տարբեր մրցույթների, բայց առաջին բանը, որ պիտի սովորեք, այն է, թե ինչպես հասկանալ այն մարդու վիճակը, որը չգիտի այն, ինչ դուք գիտեք։ Հրաշալի կլիներ, եթե որևէ հեղինակավոր քննության ժամանակ, երբ թեկնածուն հավակնում է շքեղ լիցեյում բարձր պաշտոն զբաղեցնելուն, նրան խնդրեին պատմել դպրոցական տարիների իր ամենասարսափելի անհաջողություններից մեկի մասին, օրինակ՝ թե ինչպես է երկրորդ կամ երրորդ դասարանում մաթեմատիկայից լրիվ ձախողվել, և փորձել բացատրել այդ երևույթի պատճառները։
— Հավանաոար,նա մեղքը կգցեր այն ժամանակվա իր ուսուցչի վրա։
— Դա չի անցնի։ Ուսուցիչն է մեղավոր․ գիտենք, այդ ամենն արդեն անցել ենք։ Ո՛չ, թող ավելի խորն ուսումնասիրի ինքն իրեն, թող իսկապես հասկանա, թե ինչու էր այդ տարի այդքան թուլացել։ Թող պատճառը փնտրի իր մեջ, իր շրջապատում, իր մտքում, հոգում, օրգանիզմում, նեյրոններում, հորմոններում՝ ամենուր։ Եվ թող նաև հիշի, թե ինչպես դուրս եկավ այդ վիճակից։ Ի՞նչ ստիպված եղավ անել դրա համար։ Թող պատմի հենց այն ներքին ռեսուրսների մասին, որոնց օգնությամբ հաղթահարեց դժվարությունները։ Որտե՞ղ էին թաքնված այդ ռեսուրսները։ Ավելին ասեմ՝ սկսնակ ուսուցիչներին պետք է նաև հարցնել, թե ինչու են ընտրել հենց այդ առարկան, այլ ոչ թե մեկ ուրիշը։ Ինչո՞ւ են ցանկացել անգլերեն դասավանդել, այլ ոչ թե մաթեմատիկա կամ պատմություն։ Առարկայի հանդեպ սիրո՞ւց։ Լավ, ուրեմն թող հիշեն նաև այն առարկաները, որոնք չէին սիրում։ Թող վերհիշեն ֆիզիկայից ունեցած դժվարությունները, փիլիսոփայությունից լիակատար անկարողությունը,, ֆիզկուլտուրայի դասերից ազատվելու կեղծ տեղեկանքները։ Մի խոսքով՝ նրանք, ովքեր պատրաստվում են ուսուցիչ դառնալ, չպետք է որևէ պատրանք ունենան իրենց դպրոցական անցյալի վերաբերյալ։ Նրանք պետք է գոնե մի փոքր զգացած լինեն անգիտության վիճակը, եթե ուզում են օգնել մեզ դուրս գալ դրանից։
— Եթե ճիշտ եմ հասկանում քեզ, դու կարծում ես, որ ավելի լավ է աշխատանքի ընդունել այն ուսուցիչներին,ովքեր նախկինում ծույլիկ են եղել ոչ թե գերազանցիկ։
— Իսկ ինչո՞ւ ոչ։ Եթե նրանք կարողացել են դուրս գալ այդ վիճակից և հիշում են, թե ինչպիսին են եղել այն ժամանակ։ Ի վերջո, դու ինձ շատ բանով ես պարտական։
— …
— Այդպես չէ՞։
— …
— Ո՛չ։ Իսկ ես կարծում եմ, որ դու դասավանդելու տեսանկյունից ինձ ահավոր շատ բանով ես պարտական։ Չէ՞ որ ուսուցիչ ես դարձել հենց այն պատճառով, որ մի ժամանակ ծույլիկ էիր։ Ճի՞շտ չէ։ Անկեղծ եղիր։ Եթե դասարանում փայլուն առաջադիմություն ունենայիր, ուրիշ բանով կզբաղվեիր։ Իրականում դու վերադարձար Ջիբութիի աղբակույտը՝ այս անգամ ուսուցչի կոստյումով, որպեսզի այնտեղից դուրս քաշես ուրիշ ծույլիկների։ Եվ այդ ամենը իմ շնորհիվ։ Որովհետև դու գիտեիր, թե ինչ էի ես զգում։ Սա էլ է գիտելիք, չե՞ս կարծում։
(Եթե նա կարծում է, թե ես իրեն այդպիսի հաճույք կպատճառեմ, չարաչար սխալվում է…)
— Ես կարծում եմ, որ դու արդեն հոգնեցրել ես ինձ քո այդ էմպաթիայով, և քո խոսքերից ցանկացած ուսուցիչ կատաղության կհասնի։ Եթե ժամանակին մի փոքր ջանք գործադրեիր, ինքդ էլ դուրս կգայիր այդ աղբակույտից։
Այստեղ նա սկսում է զայրանալ։ Նախ՝ որովհետև չգիտի «էմպաթիա» բառի իմաստը, և երկրորդ՝ որովհետև, երբ ես բացատրում եմ այն, այնքան լավ է հասկանում, որ դա իրեն ավելի է զայրացնում։
— Ո՛չ մի կարեկցանք։ Գրողի ծոցը ձեր էմպաթիան։ Ձեր այդ էմպաթիան ամեն ինչ կփչացնի։ Ոչ ոք ձեզանից չի պահանջում մեր տեղը դնել ձեզ։ Ձեզանից պահանջվում է փրկել այն երեխաներին, որոնք իրենք չեն կարողանում ձեզանից օգնություն խնդրել։ Հասկանո՞ւմ ես, թե՞ ոչ։ Ձեզանից պահանջվում է ձեր բոլոր գիտելիքներին ավելացնել նաև ինտուիցիա՝ հասկանալ, թե ինչ է անգիտությունը։ Եվ գնացե՛ք, դուրս քաշե՛ք ծույլիկներին ։ Դա՛ է ձեր աշխատանքը։ Վատ սովորողն ինքը կկարողանա հավաքվել, պարզապես սովորեցրե՛ք նրան դա անել։ Ձեզանից միայն դա են պահանջում։
— Ո՞վ է պահանջում։
— Ե՛ս։
— Ա՜յ դու… Դե լավ, մասնագե՛տ, իսկ դու ինքդ ի՞նչ կարող ես ասել անգիտության այդ վիճակի մասին։
— Ես կասեի, որ դա ամենևին էլ այնպիսի սև խոռոչ չէ, ինչպիսին ձեզ է թվում։ Ճիշտ հակառակը։ Դա մի տեսակ մսնր-մունր բաների շուկա է, հնոտիների տոնավաճառ, որտեղ կարելի է ամեն ինչ գտնել, բացի դպրոցում ձեզ դասավանդածը սովորելու ցանկությունից։ Վատ սովորողն իրեն երբեք տգետ չի համարում։
Ես, օրինակ, հաստատ ինձ այդպիսին չէի համարում։ Ես ինձ ապուշ էի համարում, իսկ դա բոլորովին այլ բան է։ Ծույլիկը իրեն համարում է կա՛մ անարժան, կա՛մ աննորմալ, կա՛մ ըմբոստ, կամ էլ նա ընդհանրապես ամեն ինչի վրա թքած ունի, և ապրում է՝ համոզված լինելով,որ բացի այն ամենից ինչ դուք պատրաստվում եք սովորեցնել նրան դպրոցում,ինքը լիքը ուրիշ բաներ էլ գիտի։ Բայց միևնույն ժամանակ նրա մտքով անգամ չի անցնում, որ ինքը ՉԳԻՏԻ այն, ինչ դուք գիտեք։ Եվ շատ շուտով նա ընդհանրապես այլևս չի ուզում ձեզանից որևէ գիտելիք ստանալ։ Նա դրանց վրա խաչ է քաշում։ Երբեմն դա շատ ցավոտ է լինում, բայց… ինչպե՞ս ասեմ։ Նրան ավելի է դուր գալիս իր ցավով տառապելը, քան այդ ցավից ազատվելու փորձ անելը։ Դժվար է հասկանալ, բայց այդպես է։ Նա սկսում է սեփական տգիտությունը ներկայացնել որպես իր էության ամենախորքային հատկանիշը։ Նա պարզապես մաթեմատիկայից լավ չի սովորում չէ, այլ լրիվ զրո է։ Ահա այսպես։ Եվ քանի որ պետք է ինչ-որ բանով փոխհատուցի այդ ամենը, նա փայլում է այլ բնագավառներում։ Օրինակ՝ ես՝ չհրկիզվող պահարաններ բացելու գործում։ Եվ մի քիչ էլ՝ ծեծկռտուքներում։ Իսկ երբ հայտնվում է ոստիկանությունում, և սոցիալական աշխատողը հարցնում է նրան, թե ինչու է խուսափում դպրոց հաճախելուց, գիտե՞ս՝ նա ինչ է պատասխանում.
—
— Նույնը, ինչ ուսուցիչը, այն է՝ «դրա՛», «դրա՛»։ «Դպրոցն ինձ համար չէ, ես դրա համար չեմ ստեղծված», — ահա թե ինչ է պատասխանում նա։ Եվ ինքն էլ, առանց գիտակցելու, խոսում է տգիտության ու գիտելիքի սարսափելի բախման մասին։ Նրա «դրա»-ն նման է ուսուցչի ասած «դրա»-ին։ Ուսուցիչները կարծում են, թե իրենց չեն պատրաստել դասարանում աշակերտներ գտնելու համար, իսկ աշակերտները համոզված են, որ չեն ծնվել այնտեղ նստելու համար։ Երկու կողմում էլ նույն «դրա»-ն է։
— Իսկ ինչպե՞ս հաղթահարել այս «դրա»-ն, եթե այստեղ կարեկցանքն հակացուցված է։
Նա սկսում է անհարմար զգալ, շփոթվել։
Իսկ ես շարունակում եմ պնդել.
— Դե, ինչպե՞ս։ Չէ՞ որ դու ամեն ինչ գիտես՝ առանց սովորելու։ Հուշիր՝ ինչպե՞ս դասավանդել, եթե պատրաստված չես այս «դրա»ի համար։ Ինչ-որ մեթոդ գիտե՞ս։
— Մեթոդների պակաս, հենց հակառակը, չկա։ Ամենուր միայն մեթոդներ են։ Դուք միայն տարբեր մեթոդների հետևում եք թաքնվում, թեև հոգու խորքում հրաշալի գիտեք, որ ոչ մի մեթոդ այստեղ չի օգնի։ Որովհետև նրան մի կարևոր բան պակասում է։
— Իսկ ի՞նչն է պակասում։
— Չեմ կարող ասել։
— Ինչո՞ւ։
— Անպարկեշտ բառ է։
— Էմպաթիայից է՞լ վատ։
— Անկասկած։ Մի բառ, որը բացարձակապես չի կարելի արտասանել ո՛չ դպրոցում, ո՛չ լիցեյում, ո՛չ համալսարանում, ո՛չ էլ որևէ նման վայրում…
— Բայց այնուամենայնիվ՞։
— Ո՛չ, իսկապես չեմ կարող…
— Դե՛, ասա՛, ասա՛։
— Ասում եմ՝ չեմ կարող։ Եթե կրթության մասին խոսելիս համարձակվես այդ բառն արտասանել, տեղում քեզ կքարկոծեն։
— …
— …
— …
— Սե՛ր։
—13—
Ճիշտ է, երբ խոսքը դասավանդելու մասին է, մեզանում անպարկեշտ է համարվում անգամ սիրո մասին ակնարկելը։ Դա նույնն է, ինչ կախվողի տանը պարանից խոսելը։
Այն սերը նկարագրելու համար, որ զգում են օրիորդ Ժ.-ն, Նիկոլ Ա.-ն և այս էջերում իմ պատմած մյուս ուսուցիչները, ինչպես նաև նրանցից շատերը, ովքեր ինձ հրավիրում են իրենց դասարաններ, ու բոլոր այն անխոնջ աշխատողները, որոնց ես չեմ ճանաչում, ավելի լավ է դիմել փոխաբերության։
Ուրեմն՝ փոխաբերություն։
Եվ այս դեպքում՝ թևավոր փոխաբերություն։
Կրկին՝ Վերկոր։
Առավոտ է, անցյալ տարվա սեպտեմբերը։
Սեպտեմբերի հենց սկիզբը։
Այս գրքի էջերից մեկի վրա աշխատելիս ուշ եմ քնել։ Արթնանում եմ՝ անհամբեր շարունակելու ցանկությամբ։ Արդեն պատրաստվում եմ վեր թռչել անկողնուց, բայց ինձ կանգնեցնում է ինչ-որ մեղմ աղմուկ։ Տան շուրջը ծվծվոցներ։ Ամեն կողմից բարակ, սուր ծլվլոցներ են լսվում։ Ա՜հ, ճիշտ է։ Ծիծեռնակները պատրաստվում են չվել։ Ամեն տարի, մոտավորապես նույն ժամանակ, նրանք միմյանց հանդիպում են նշանակում էլեկտրական լարերի վրա։ Դաշտերն ու ճանապարհների եզրերը ծածկվում են բաժանարար գծերով ։ Նրանք պատրաստվում են երկար թռիչքին։ Իսկ այդ աղմուկը հանդիպման ուրախությունից է։ Նրանք, ովքեր դեռ պտտվում են օդում, թույլտվություն են խնդրում միանալու լարերին արդեն նստածներին, որոնք անհամբերությունից դողում են՝ հորիզոնից այն կողմ թռչելու պատրաստ։
Շո՛ւտ, շո՛ւտ։ Մենք թռչում ենք, թռչո՜ւմ։ Նրանք թռչում են, թռչո՜ւմ՝ հյուսիսից հարավ, Հիչքոքի ֆիլմերի թռչնային զորագնդերի նման։
Հենց այդ կողմերն են նայում մեր ննջասենյակի պատուհանները՝ մեկը դեպի հյուսիս, մյուսը՝ դեպի հարավ։ Մեծ պատուհանը՝ դեպի հարավ, փոքրիկը՝ դեպի հյուսիս։ Եվ ամեն տարի նույն դրաման է կրկնվում. ծիծեռնակների մի մասը, խաբվելով իրար դիմաց գտնվող պատուհանների թափանցիկությանը, բախվում է փոքրիկ պատուհանի ապակուն։
Ուստի այսօր առավոտյան գրելու մասին խոսք լինել չի կարող։ Ես բացում եմ հյուսիսային փոքրիկ պատուհանը, լայն բացում հարավայինը, նորից պառկում անկողնում, և մենք ամբողջ առավոտ հետևում ենք, թե ինչպես են ծիծեռնակների էսկադրիլիաները թռչում մեր սենյակով։ Այս անգամ նրանք անսպասելիորեն լուռ են, գուցե վախեցած երկու պառկած էակներից, որոնք հետևում ե են իրենց շքերթին։։
Միայն մեծ պատուհանի երկու կողմերում գտնվող երկու նեղ փեղկերն են փակ մնում։ Տարածքը բավական լայն էր.աշխարհի բոլոր թռչունները կարող էին թռչել դրանց միջով։ Բայց, միևնույն է, առանց դժբախտ պատահարների չի անցնում. երկու-երեք հիմարիկներ անպայման բախվում են այդ փոքրիկ փեղկերին։
Մոտավորապես այսպիսին է նաև ծույլիկ աշակերտների քանակը։ Մեր նորմայից շեղումները։ Նրանք, ովքեր ընդհանուր շարքից դուրս են մնացել։ Նրանք, ովքեր ուղիղ ճանապարհով չեն գնում։ Նրանք, ովքեր մնացել են լուսանցքում։։
Եվ վերջում՝ հարված ապակուն։
Գը՛մփ։
Ու հայտնվում է գորգին։
Այդ ժամանակ մեզնից մեկը վեր է կենում, ձեռքի ափի մեջ վերցնում ուշագնաց ծիծեռնակին։ Այն չափազանց թեթև է՝ասես քամով են լցված ոսկորները։ Մենք սպասում ենք, մինչև նա ուշքի գա, և բաց պատուհանից դուրս ենք թողնում, որ միանա ընկերներին։
Կենդանացած թռչնակը, դեռ մի փոքր շփոթված, թռչում է՝ երկնքում զիգզագներ գծելով, ապա ուղղվում ուղիղ դեպի հարավ ու անհետանում իր ապագայի մեջ։
Ահա այսպիսի փոխաբերություն։ Գուցե ոչ լավագույնը, բայց հենց այսպիսին է այն ուսուցչի սերը, որի աշակերտները թռչում են խելակորույս թռչունների պես։
Ամբողջ կյանքում հենց այս գործով են զբաղվելու օրիորդ Ժ.-ն կամ Նիկոլ Ա.-ն՝ ուշագնաց ծիծեռնակների մի փոքրիկ երամի ուշքի բերելով։
Նրանց ջանքերը միշտ չէ, որ հաջողությամբ կպսակվեն։ Անհաջողություններ էլ կլինեն։ Ոմանք այդպես էլ գիտակցության չեն գա, այդպես էլ կմնան գորգին պառկած կամ հաջորդ ապակուն բախվելով՝ գլուխները կջարդեն։ Այդ դեպքում նրանք մեր խղճի մեջ կթողնեն կրծող զղջման խոր անդունդներ, ինչպես մեր պարտեզի խորքում գտնվող փոսը, որտեղ հանգչում են սատկած ծիծեռնակները։
Բայց, այնուամենայնիվ, մենք կրկին ու կրկին կփորձենք օգնել նրանց, և մեզ կհաջողվի։
Սրանք մեր աշակերտներն են։
Նրանցից ոմանց նկատմամբ մեր համակրանքն ու հակակրանքը, որոնք, պետք է ասել, միանգամայն իրական են, այստեղ նշանակություն չունեն։ Փորձի՛ր գուշակել՝ նրանցից ում ենք սիրում, ում՝ ոչ, և ինչպես ենք սիրում կամ չենք սիրում։ Խոսքը բոլորովին էլ այդ սիրո մասին չէ։
Ուշագնաց ծիծեռնակին պետք է վերակենդանացնել։ Եվ վերջ։
ՇՆՈՐՀԱԿԱԼԱԿԱՆ ԽՈՍՔ
Ինչպես միշտ, շնորհակալությունն եմ հայտնում Ժ.-Բ. Պոնտալիսին, Ժան-Ֆիլիպ Պոստելին, Ժակ Բայնակին, Ժան Գերենին, Ժան-Մարի Լակլավտինին, Յուգ Լըկլերկին, նաև Ֆիլիպ Բեն Լահսենին, Ժան-Լյուկ Ժենիտոյին, Վերոնիկ Ռիշարին, Քրիստինին և Ֆրանսուա Մորելին, Շառլոտին և Վենսան Շնեգանսին, Ժան-Միշել Մարիուին, մի խոսքով՝ բոլոր նրանց, ովքեր համբերատարությամբ տարել են մեզ՝ ինձ ու իմ ծույլիկ աշակերտին, մինչ ես գրում էի այս էջերը։
