«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Ավագ դպրոցում հետազոտական աշխատանքների համակարգման և սովորողների հետ աշխատանքի ընթացքում իմ հիմնական խնդիրներից մեկը հենց այս անցումն ապահովելն է՝ տեքստի ընթերցումից և վերլուծությունից դեպի սեփական հարցադրումը և հեղինակային խոսքը։ Հետազոտական աշխատանքների հետ աշխատելու իմ փորձի ընթացքում ընթերցանությունը դիտարկում եմ ոչ թե որպես հետազոտությանը նախորդող առանձին փուլ, այլ որպես այն ձևավորող հիմնական գործընթաց։ Սովորողի հետազոտական աշխատանքի որակը մեծապես պայմանավորված է նրանով, թե նա որքան խորությամբ է կարողանում կարդալ, հասկանալ, համադրել, հարցադրումներ անել, առանձնացնել էականը և, վերջապես, սեփական վերաբերմունքը ձևակերպել կարդացածի նկատմամբ։

Հետազոտական աշխատանքների համակարգված ներդրման առաջին տարիներից՝ 2022-2023 ուսումնական տարվանից սկսած, տարբեր թեմաներով սովորողների հետ իրականացրել եմ աշխատանքներ, որոնց ընթացքում ընթերցանությունը դարձել է հետազոտական աշխատանքի մեկնարկային և շարունակական գործիք։ Մինչև այժմ աշխատանք եմ իրականացրել ավելի քան 50 հետազոտական աշխատանքի շրջանակում՝ տարբեր կարողությունների, հետաքրքրությունների և պատրաստվածության սովորողների հետ։

Այս փորձը ցույց է տալիս, որ սովորողին «հետազոտել սովորեցնելը» նախևառաջ նշանակում է նրան սովորեցնել կարդալ ոչ միայն տեքստի բովանդակությունը, այլև տեքստի գաղափարը, կառուցվածքը, հեղինակի դիրքորոշումը, կիրառած լեզվական ու գեղարվեստական միջոցները և դրանց հիման վրա սեփական հարցը ձևակերպել։

1. Հիմնախնդիրը

Հետազոտական աշխատանքների ընթացքում հաճախ հանդիպող խնդիրներից մեկն այն է, որ սովորողը կարողանում է գտնել անհրաժեշտ տեղեկատվությունը, սակայն դժվարանում  է  այդ  տեղեկատվության  հետ  ինքնուրույն  աշխատել։ Տեքստի հետ աշխատանքի ավանդական մոտեցման դեպքում սովորողը կարող է պատասխանել «ի՞նչ է ասում հեղինակը» հարցին, բայց դժվարանալ պատասխանել հաջորդ հարցին՝ «ի՞նչ եմ ես տեսնում այդ տեքստում, ինչո՞ւ է դա կարևոր և ի՞նչ կարող եմ ասել դրա մասին»։ Այս խնդիրը հատկապես տեսանելի է հետազոտական աշխատանքի առաջին փուլում, երբ սովորողը պետք է ընտրի թեմա, հիմնավորի դրա արդիականությունը, ձևակերպի նպատակն ու խնդիրները և սկսի աշխատել աղբյուրների հետ։

Այստեղ առաջանում է կարևոր տարբերություն՝ կարդալ, հասկանալ, վերարտադրել և կարդալ, հարցադրել, վերլուծել, մեկնաբանել, սեփական տեսակետ ձևակերպել, ստեղծել հեղինակային խոսք։

Իմ աշխատանքում շեշտը դրվում է երկրորդ շղթայի ձևավորման վրա։

2.Կիրառվող մեթոդը

Հետազոտական աշխատանքի սկզբնական փուլում սովորողի հետ տեքստը դիտարկում ենք որպես հարցերի և հնարավոր հետազոտական ուղղությունների աղբյուր: Աշխատանքը պայմանականորեն կառուցում եմ հետևյալ հաջորդականությամբ.

1. Ընթերցում

Սովորողը ծանոթանում է հիմնական և լրացուցիչ տեքստերին՝ առանձնացնելով առանցքային գաղափարները, փաստերը, ձևակերպումները, հակասությունները և իրեն հետաքրքրող հատվածները։

2. Հարցադրում

 «Ի՞նչ է ասում տեքստը» հարցից անցնում ենք «ինչո՞ւ է հեղինակը սա ասում», «ինչպե՞ս է դա ներկայացնում», «ի՞նչ հարց է այստեղ առաջանում», «ո՞ր տեսակետը կարող է վիճարկվել կամ լրացվել» հարցերին։

3.Վերլուծություն և համադրում

Սովորողը համադրում է տարբեր տեքստեր, հեղինակների տեսակետներ, գրական ստեղծագործություն և դրա վերաբերյալ քննադատական նյութեր՝ փորձելով գտնել ոչ միայն նմանություններ, այլև տարբերություններ և հակասություններ։

4. Սեփական դիրքորոշում

Սովորողը ձևակերպում է ոչ թե պարզապես այն, ինչ կարդացել է, այլ այն, ինչ ինքը կարծում է կարդացածի հիման վրա։

5.Հեղինակային խոսք

Վերջնական փուլում սովորողը պետք է կարողանա իր դիտարկումները վերածել ամբողջական, հիմնավորված խոսքի՝ փաստարկներով, օրինակներով և հղումներով։

Այս մոտեցման կարևոր սկզբունքն այն է, որ սովորողի կարծիքը չի փոխարինում ընթերցմանը, իսկ ընթերցված տեքստը չի փոխարինում սովորողի կարծիքին։ Հեղինակային խոսքը ձևավորվում է դրանց փոխազդեցության արդյունքում։

3. Աշխատանքի իրականացման ընթացքը հետազոտական աշխատանքներում

Այս տրամաբանությամբ աշխատանքն սկսվում է դեռևս թեմայի ընտրությունից։ Օրինակ՝ սովորողին պատրաստի թեմա առաջարկելու փոխարեն փորձում եմ նրան բերել այնպիսի հարցադրումների, որոնցից կարող է ձևավորվել սեփական հետազոտական թեման։ Սկզբնական փուլում սովորողը կարդում է թեմային առնչվող մեկ կամ մի քանի տեքստ և կատարում պարզ, բայց նպատակային աշխատանք՝

  • առանձնացնում է այն միտքը, որն իրեն հետաքրքրել է,
  • նշում է այն հարցը, որի շուրջ համաձայն չէ հեղինակի հետ,
  • գտնում է այն հատվածը, որը ցանկանում է ավելի խորությամբ ուսումնասիրել,
  • համադրում է տարբեր հեղինակների տեսակետները,
  • փորձում է ձևակերպել իր սեփական հարցը։

Այս աշխատանքից հետո միայն անցնում ենք հետազոտության նպատակի, խնդիրների և  արդիականության  ձևակերպմանը։ Այսինքն՝  թեման  չի  առաջանում  միայն «հետաքրքիր թեմա գտնելու» ցանկությունից։ Այն առաջանում է տեքստի հետ աշխատանքի արդյունքում ձևավորված հարցից։

Հետազոտական աշխատանքների ընթացքում հատկապես կարևոր եմ համարում նաև սովորողի կողմից աղբյուրների հետ աշխատելը։ Սովորողը պետք է կարողանա տարբերել հեղինակային միտքը սեփական մեկնաբանությունից, ճիշտ մեջբերել, հղում կատարել և, ամենակարևորը, հասկանալ, թե ինչու է տվյալ աղբյուրը ներառել իր աշխատանքում։ Այդ պատճառով աշխատանքը հաճախ կառուցվում է այսպիսի պարզ հարցի շուրջ. «Ի՞նչ է ասում աղբյուրը և ի՞նչ ես դու ասում դրա հիման վրա»։ Այս հարցը թույլ է տալիս խուսափել հետազոտական աշխատանքի՝ պարզապես տարբեր աղբյուրներից հատվածներ հավաքելու ձևից։

4.Արդյունքները

Այս մոտեցման արդյունքում հետազոտական աշխատանքը սովորողի համար աստիճանաբար դառնում է ոչ թե պատրաստի տեղեկության ներկայացում, այլ սեփական մտքի կառուցման գործընթաց։ Աշխատանքների ընթացքում նկատելի է հատկապես երեք կարևոր փոփոխություն։Սկզբնական փուլում սովորողը հաճախ առաջարկում է լայն և նկարագրական թեմաներ, իսկ տեքստերի հետ աշխատանքի արդյունքում սկսում է ձևակերպել ավելի կոնկրետ, խնդրային հարցեր։ Սովորողը սկսում է աղբյուրը դիտարկել ոչ միայն որպես տեղեկություն վերցնելու միջոց, այլ որպես տեսակետ, որի հետ կարելի է համաձայնել, չհամաձայնել, համադրել այլ տեսակետների հետ և օգտագործել սեփական փաստարկը կառուցելու համար։ Հետազոտական աշխատանքի վերջնական տարբերակում սովորողը աստիճանաբար անցում է կատարում վերարտադրվող խոսքից դեպի մեկնաբանող և փաստարկող խոսք։ Նա ոչ միայն ներկայացնում է կարդացածը, այլ փորձում է պատասխանել իր առաջադրած հարցին։ Այս գործընթացը հատկապես կարևոր է տարբեր կարողությունների սովորողների հետ աշխատելիս։ Ավելի թույլ պատրաստվածություն ունեցող սովորողի դեպքում աշխատանքը կարող է սկսվել մեկ տեքստից և մեկ պարզ հարցից, իսկ ավելի պատրաստված սովորողի դեպքում՝ մի քանի աղբյուրների համադրումից, հակադիր տեսակետների ուսումնասիրությունից և սեփական վարկածի ձևակերպումից։

5. Մոտեցման գործնական կիրառելիությունը

Առաջարկվող մոտեցումը կիրառելի է ոչ միայն գրականության կամ հայոց լեզվի դասերին։ Տեքստի հետ աշխատելու նույն տրամաբանությունը հնարավոր է կիրառել պատմության, հասարակագիտության, բնագիտական և այլ առարկաների դասերին, քանի որ ցանկացած առարկայական տեքստ կարող է դառնալ հարցադրումների, վերլուծության և սեփական խոսքի ձևավորման հիմք։ Հատկապես արդյունավետ է այս մոտեցումը հետազոտական աշխատանքի նախապատրաստական փուլում, երբ սովորողը պետք է անցում կատարի ուսումնառության ընթացքում ստացած տեղեկությունից դեպի ինքնուրույն ուսումնասիրություն։ Այս աշխատանքը կապվում է նաև Հանրակրթության պետական չափորոշչով ամրագրված կարողությունների զարգացման տրամաբանության հետ՝ նպաստելով քննադատական և վերլուծական մտածողության, հաղորդակցական կարողությունների, տեղեկատվության հետ աշխատելու և սեփական տեսակետը հիմնավորելու հմտությունների զարգացմանը։

Մոտեցման կիրառումը օրինակով

11-րդ դասարանի սովորող Մանե Հովսեփյանի «Էլիֆ Շաֆաքի «Անհետ կորած ծառերի կղզին» վեպը» հետազոտական աշխատանքի մեկնակետը գեղարվեստական տեքստն է։ Սակայն ընթերցման ընթացքում վեպը բացվում է մի քանի փոխկապակցված խնդիրների միջոցով՝ ինքնության ճգնաժամ, տեղահանություն, մշակութային հիշողություն, սերնդամիջյան տրավմա, երկմշակութայնություն և «երրորդ տարածք»։ Սովորողի ձևակերպած նպատակը միայն վեպի թեմաները ներկայացնելը չէ։ Նա փորձում է հասկանալ, թե ինչպես են այդ խնդիրները ձևավորում կերպարների աշխարհընկալումն ու ինքնության կառուցումը։ Դրան համապատասխան՝ հետազոտության խնդիրների մեջ ներառվում են Կիպրոսի պատմական համատեքստը, «երրորդ տարածքի» գաղափարը, թզենու խորհրդանիշը, Կոստասի, Դեֆնեի և Ադայի կերպարների ուսումնասիրությունը, ինչպես նաև լռության, տրավմայի և հիշողության կապը։

Այս օրինակում ընթերցանությունը զարգանում է երեք ուղղությամբ՝գեղարվեստական տեքստ, համատեքստ, սեփական մեկնաբանություն։ Այսինքն՝ սովորողը ոչ միայն ասում է, թե ինչի մասին է վեպը, այլ փորձում է պատասխանել այն հարցին, թե ինչպես և ինչու են վեպում ներկայացված խնդիրները ազդում կերպարների ինքնության և աշխարհընկալման վրա։ Այստեղ արդեն տեքստը դարձել է հետազոտական հարցի առաջացման աղբյուր։

Նմանատիպ այլ աշխատանքների կարող եք ծանոթանալ անցնելով հղումներով՝

  • Մարի Համբարչյան․ «Մեդեա. դիցաբանությունից գրականություն»
  • Էլզա Պետրոսյան․ «Խոսքի  կերպարանափոխությունը համաշխարհային մուլտիպլիկացիայում»
  • Տաթև Մամիկոնյան․ «Խալեդ Հոսեյնի «Օդապարուկ թռցնողը» վեպը»
  • Հայկ Փիլիպոսյան․ «Դ.Ջ. Սելինջերի «Փրկիչը տարեկանի արտում» վեպը»

Իսկ հետազոտական աշխատանքի կարևորագույն արդյունքը, իմ դիտարկմամբ, պատրաստի աշխատանքի առկայությունը չէ, այլ այն պահը, երբ սովորողը կարողանում է կարդացածի հիման վրա ասել ոչ միայն՝ «հեղինակն ասում է», այլև՝ «ես այս տեքստի հիման վրա կարծում եմ…, որովհետև…»։