Հեղինակ՝ Հեզեր Շումեյքեր
Թարգմանիչ՝ Գևորգ Հակոբյան

Շարունակություն

Տանը անցկացրած ժամանակը

Տեխնոլոգիաները երեխային պահում են փակ տարածքում։ Տեսախաղերը և էկրանի առջև անցկացվող այլ զբաղմունքները փոխարինում են բացօթյա խաղերին։

Բացօթյա խաղերը զարգացնում են թե՛մարմինը, թե՛ ուղեղը։ Դրսում խաղացող երեխաները զարգացնում են ոչ միայն շարժումների համակարգումը, այլև կենտրոնանալու կարողությունը։ Սա հատկապես նկատելի է ուշադրության պակասի և գերակտիվության համախտանիշի (ADHD) նշաններ ունեցող երեխաների դեպքում։

Երեխաներին անհրաժեշտ է ժամանակ անցկացնել տնից դուրս ոչ միայն վազելու և ֆիզիկական ակտիվությամբ զբաղվելու, այլև հնարամտությունը զարգացնելու և հոգեկան առողջությունը պահպանելու համար։ Դրսում խաղացող երեխաները նաև ավելի լավ են վերահսկում իրենց զայրույթը և ավելի լավ են դիմադրում հիվանդություններին։ Ծառերի մեջ պարզապես ժամանակ անցկացնելը նվազեցնում է ցանկացած տարիքի մարդկանց սթրեսը։

Եթե մենք անտարբեր չենք մեր երեխաների հանդեպ, պարտավոր ենք նրանց հնարավորություն տալ տնից դուրս խաղալու։ Եթե նրանք քիչ ժամանակ են անցկացնում դրսում, սկսում են ձանձրանալ, դառնում են պասիվ և անտարբեր։

Լեոնարդ Սաքսը երեխաների՝ կյանքի փորձ ձեռք բերելու անհրաժեշտության մասին պատմում է իր «Շեղվող տղաները» (Boys Adrift) գրքում։ Այդպիսի երեխաներին ոչինչ չի հետաքրքրում։ Նրանք ցանկություններ չունեն և ընկնում են ապատիայի ու ընկճվածության մեջ։

Եթե մենք անտարբեր չենք մեր մոլորակի հանդեպ, պարտավոր ենք երեխաներին հնարավորություն տալ տնից դուրս խաղալու։ Մարդիկ, որոնց մոտ մանկության տարիներից բնության մասին հիշողություններ են մնացել, չեն խնայում ո՛չ ժամանակ, ո՛չ գումար մոլորակը պաշտպանելու համար։ Քորնելի համալսարանի ներկայացուցիչ Նենսի Ուելսը պարզել է, որ երեխաներին բնության մասին հոգ տանելու մղելու լավագույն միջոցը նրանց մինչև տասնմեկ տարեկանը անտառում խաղալու, արշավների գնալու և ձկնորսությամբ զբաղվելու հնարավորություն տալն է։

«Երազանքների գիրկն ընկնելու» օգտակարությունը

Գրողներին ուղղվող ամենատարածված հարցերից մեկն այսպես է հնչում․ «Որտեղի՞ց եք գաղափարներ ստանում»։ Իմ գաղափարները ծնվում են զբոսանքների ժամանակ։ Գրքերի վերնագրերը մտքիս են գալիս մեքենայով երկար ճանապարհորդությունների ընթացքում, իսկ սյուժեները՝ դահուկներով զբոսնելիս։ Հավանաբար, ձեզ էլ ծանոթ է այս երևույթը․ «Այս միտքը ծագեց գլխումս, երբ ցնցուղ էի ընդունում»։ Կամ՝ «Այս մասին մտածեցի, երբ շան հետ զբոսնում էի»։

Սա «երազանքների գիրկն ընկնելու» պարգևն է․ այդպիսի վիճակում մեր ուղեղն այլ կերպ է աշխատում՝ հաճախ ավելի ստեղծագործաբար, քան այն ժամանակ, երբ կենտրոնացած ենք որևէ առաջադրանքի վրա։ Հոգեբան և «Վերածրագրավորում» (Rewired) գրքի հեղինակ Լարի Ռոզենը պնդում է, որ երբ մեր ուշադրությունը որևէ խնդրի վրա կենտրոնացած չէ, ուղեղն ինքնաբերաբար անցնում է թեթև նիրհի վիճակի։ «Երազանքների գիրկն ընկնելը» նոր գաղափարների ու հանկարծակի պայծառացումների հիմքն է։ Համակարգչի առաջ մշտապես նստող երեխաները զրկված են այդ ազատ ժամանակից, որն օգնում է հանգստանալ և ստեղծագործել։

Զարգացնող խաղերի օգուտը

Որոշ «զարգացնող» համակարգչային խաղերից ավելի լավ է հրաժարվել։ Փոքրիկ երեխաները կարող են սովորել տարբերակել գույները՝ շփվելով շրջակա աշխարհի հետ։ Նրանց համակարգչային ծրագիր պետք չէ՝ իմանալու համար, թե ինչպես է բառաչում կովը։ Բազմաթիվ խաղեր իբրև թե սովորեցնում են հաշվել և կարդալ, բայց իրականում դրանցից օգուտը մեծ չէ։

Այնուամենայնիվ, երբ խոսքը որոշակի հմտություններ ձեռք բերելու մասին է, որոշ ընտանիքներում կարծում են, որ հիմնական հասկացությունները համակարգչի օգնությամբ բացատրելն ավելի պարզ է և արդյունավետ։ «Քայդենը բազմապատկման աղյուսակը սովորեց ուրախ և անցավ, – պատմում էր նրա մայրը։ – Իսկ իմ հայրիկն ինձ ստիպում էր անգիր անել։ Դա շատ ծանր էր ու տհաճ… Նա ինձ արթնացնում էր «Քանի՞ս կլինի յոթ անգամ յոթ» հարցով»։ Իր որդին ձեռագիր տառերը սովորել է և ժամը ճանաչել վարժվել համակարգչային ծրագրի միջոցով, իսկ հնգամյա դուստրը համակարգիչն օգտագործում է եբրայերեն տառերը սովորելու համար։

Որոշ դպրոցներում յուրաքանչյուր աշակերտի նոութբուք են տրամադրում, սովորաբար միջին դպրոցում, իսկ երբեմն էլ ավելի վաղ։ Դյուքի համալսարանի հետազոտողներ Հելեն Լեդը և Ջեյքոբ Վիգդորը հետևել են այդպիսի մի քանի հազար աշակերտների առաջադիմությանը։ Պարզվել է, որ նոութբուքների հայտնվելուց հետո կարդալու և հաշվելու հմտությունները վատթարացել են։ Որքան ցածր էր աշակերտի առաջադիմությունը, այնքան ավելի զգալի էին այդ վատթարացումները։

Ուսուցման գործիքների դերում համակարգիչների ճշմարիտ արժեքը, հավանաբար, կբարձրանա դրանց կատարելագործմանը համընթաց։ Օրինակ՝ աղջիկները կարող են էապես բարելավել տարածական պտտման իրենց հմտությունը՝ տարածության մեջ եռաչափ օբյեկտի պտույտը պատկերացնելու կարողությունը։ Տորոնտոյի համալսարանից Ջին Ֆենգի և այլ հոգեբանների աշխատանքը հիմք է տալիս ենթադրելու, որ ակտիվ տեսախաղերը բարելավում են աղջիկների տարածական ընկալումը, ընդ որում՝ ազդեցությունը պահպանվում է նույնիսկ հինգ ամիս անց։ Էությունը ««հրաձգային» (action) խաղերից ուսուցողական կարևոր բաղադրիչները քաղելու մեջ է», – ասում է Ֆենգը։ Հետազոտողները հույս ունեն, որ տեսախաղերի կիրառումը կօգնի հարթել գենդերային տարբերությունները այնպիսի ոլորտներում, ինչպիսին ճարտարագիտությունն է։

Սկզբում դժվար է զսպել հիացմունքը համակարգչային ուսուցման շնորհած հնարավորությունների։ Բայց չի կարելի մոռանալ իրական աշխարհի ճոխության ու հարստության մասին։ Մենք հակված ենք գերագնահատելու չափելի, ձևայնացված ուսուցումը և թերագնահատելու ուսուցման ոչ գծային եղանակն ու երեխաների կողմից տարբեր գաղափարների ինքնուրույն ստուգումը։ Յուրաքանչյուր մեթոդ ունի իր տեղը։ Մեր խնդիրն է հետևել, որպեսզի ուսուցման մի տեսակը դուրս չմղի մյուսին։

Տեսախաղեր և բռնություն

Իմ առաջին գրքում կա մի գլուխ՝ «Ռումբեր, ատրճանակներ և վատ տղաներ․ ամեն ինչ թույլատրված է» վերնագրով։ Ես դեմ չեմ ագրեսիվ դերային խաղերին։ Բակում սուսերամարտը, խաղալիք ատրճանակներն ու «Դու սպանվա՛ծ ես» աղաղակները՝ այս ամենը երեխայի զարգացման առողջ կողմերից են։

Բոլորովին այլ բան է նախապես պլանավորված բռնությունը, հատկապես դրա ակնառու պատկերումը։ Նախապես պատրաստի ցանկացած խաղ (երեխային փոխանցվող ձևավորված գաղափար) ավելի փոքր արժեք է ներկայացնում երեխայի ուղեղի համար։ Երեխաները շատ զգայուն են տեսողական կերպարների նկատմամբ, և միևնույն կերպարների կրկնությունը նվազեցնում է բռնության հանդեպ նրանց անհանդուրժողականությունը։ Մի բան է պատկերացնել բարի և վատ տղաների միջև ճակատամարտը, և բոլորովին այլ բան, երբ երեխան տեսնում է արյունով ու ավերածություններով հավաստի պատկերներ։ Տեսախաղերում առկա է բռնության երկու տեսակ․ 1) ավանդական «հրաձգություններ», որտեղ պետք է պայքարել թշնամու դեմ (զինվորներ, զոմբիներ), և 2) սոցիալական նորմերի խախտմամբ խաղեր, օրինակ՝ հեծանիվով երեխաների սպանությունը և կանանց նկատմամբ բռնությունը։ Զոմբիների վրա կրակելու մեջ սարսափելի ոչինչ չկա։ Բայց հետազոտողները պնդում են, որ երեխաների սպանությունները, նույնիսկ վիրտուալ, ամենևին էլ անվտանգ չեն։ Այովայի նահանգային համալսարանից Դուգլաս Ջենթայլը կարծում է, որ խաղի բովանդակությունը շատ կարևոր է։ Նա պարզել է, որ տեսախաղերն ազդում են երեխայի ապրումակցման ունակության վրա։ Երեխաները, որոնք խաղացել են սոցիալական վարքին նպաստող խաղեր, ավելի մեծ չափով են հակված եղել կարեկցանքի ու ապրումակցման, կարողացել են իրենց դնել ուրիշների տեղը։ «Բռնի խաղերի դեպքում մենք նկատում ենք ճիշտ հակառակը»,— ասում է նա։ Լեոնարդ Սաքսը համոզված է, որ այս ոլորտի հետազոտությունների արդյունքներն նույնքան միանշանակ են, որքան պասիվ ծխելու վտանգները։

  Ստուգում

Ժամանակն է սահմանել նոր, հստակ սահմաններ, եթե ձեր երեխան…

●  Կոպտում է և բարկանում համակարգչային խաղերից հետո։

● Ի վիճակի չէ անջատել համակարգիչը։

● Քիչ ժամանակ է անցկացնում տնից դուրս։

● Լարված և հոգնած տեսք ունի։

● Էկրանի առջև ավելի շատ ժամանակ է անցկացնում, քան ընկերների հետ։

● Մեկուսանում է ընտանեկան կյանքից։

Փորձառություն

«Ախպե՛րս, ինչո՞ւ պարզապես հաղորդագրություն (SMS) չուղարկեցիր։ Չէ՞ որ դա ավելի հեշտ է»։ Ինը տարեկան որդիս զանգահարել էր դպրոցական ընկերոջը՝ հանդիպման մասին պայմանավորվելու համար։

Ընկերը լիովին իրավացի է։ SMS ուղարկելն ավելի հեշտ է։ Հենց դրա համար էլ որդիս զանգահարում է։ Նրան փորձառություն է պետք։ Իմ պարտականությունն է՝ նրան հնարավորինս շատ հնարավորություններ ընձեռել մարդկանց հեռախոսով զանգահարելու համար և սովորեցնել անձնական շփում։ Ես չեմ մտահոգվում, որ որդիս չի սովորի SMS ուղարկել։ Բայց անձնական շփումը շատ ավելի բարդ է։ Երեխաներին փորձառություն է պետք։

Իսկ ի՞նչ կասեք սոցիալական ցանցերի մասին։ Երեխաներին պետք է ընկերական հմտությունների փորձառություն իրական կյանքում, ինչպես նաև մղումների վերահսկում։ Կարո՞ղ է արդյոք երեխան զսպել իր բարկությունը։ Հաճա՞խ է նա մեղադրում մարդկանց և չի ընդունում իր սխալները։ Գիտի՞ նա, թե երբ է պետք կիսվել գաղտնիքներով, և երբ՝ լռել։ Ընկերության և ինքնատիրապետման այս հմտությունները ձևավորվում են տարիքի հետ։ Եթե երեխայի մոտ դրանք դեռևս ձևավորված չեն, ուրեմն նա պատրաստ չէ սոցիալական ցանցեր օգտագործելուն։

Բջջային հեռախոսներ

Սեփական հեռախոսը սկզբում հայտնվեց դեռահասների մոտ, հետո՝ 8–12 տարեկան երեխաների, իսկ այժմ՝ արդեն բոլորովին փոքրիկների։ Սովորաբար դրանք սմարթֆոններ են, որոնք առաջարկում են ինտերակտիվություն և բազմաթիվ գայթակղություններ։

Բջջային հեռախոսների համար գործում են նույն կանոնները, ինչ մնացած տեխնոլոգիաների համար։ Ամեն ինչ նախօրոք կշռադատեք։

Հինգ տարեկան դստերը հեռախոս տալիս Հոլին օգտագործել է պայմանագրի գաղափարը, որը փոխ էր առել այլ ծնողներից։ Պայմանների թվում էին հետևյալները՝ անջատել հեռախոսը ռեստորաններում, SMS չուղարկել, եթե կարելի է ասել հեռախոսով, չուղարկել մարմնի ինտիմ մասերի լուսանկարներ։ Հոլին ապշած էր, որ իր դուստրը շատ բաներ չգիտի։ «Մենք ենթադրում ենք, որ մեր երեխաները գիտեն մեզ համար ակնհայտ ճշմարտությունները։ Նման բան չկա։ Նրանք չունեն կյանքի մեր փորձը»։

 Երեխաներ, որոնք դաստիարակվում են ցածր տեխնոլոգիական  միջավայրում․
«Մենք նույնիսկ հեռուստացույց չունենք,— ասում է երեք տարեկան դստեր մայրը՝ Նադյան։— Ես փորձում եմ նրան հեռու պահել այդ ամենից»։ Բայց նույնիսկ այն երեխաները, որոնք մեծանում են ցածր տեխնոլոգիական միջավայրում, ամենուր բախվում են տեխնիկային։ Դայակներն իրենց հետ բերում են բջջային հեռախոսներ և տեսանյութեր ցույց տալիս։ Դպրոցական ավտոբուսում երեխաները գրպանի խաղեր են խաղում։ Շարժական տեխնոլոգիաները մեր երեխաների ապրած աշխարհի մասն են։ Յուրաքանչյուր երեխայի պետք է սովորեցնել ժամանակակից տեխնիկայից օգտվելու կանոնները՝ անկախ նրանից, թե ինչպիսի ընտանիքում է նա մեծանում։

Մի՛ մոռացեք, որ արգելված պտուղը քաղցր է։ Երեխային անհրաժեշտ է ձեր օգնությունը տեխնոլոգիաների գայթակղություններին դիմակայելու համար։ Երբ նա դառնա տասնութ տարեկան, ստիպված է լինելու ինքնուրույն կողմնորոշվել թվային աշխարհում։ Նրան դա սովորեցնելը մեր պարտականությունն է, որովհետև ուրիշ ոչ ոք դա չի անի։

Երեխաների իրավունքները թվային աշխարհում․

  • Աշխարհում, որտեղ նա մեծանում է, ներգրավված լինելու իրավունք։
  • Օրվա մեծ մասը իրական, ոչ վիրտուալ աշխարհի հետ շփվելու իրավունք։
  • Անձնական շփման սոցիալական հմտությունները սովորելու և կյանքում կիրառելու իրավունք։
  • Առանձնանալու իրավունք։
  • Տեխնոլոգիաների անվտանգ սահմանների մասին իմացության իրավունք։
  • Բավարար քնի իրավունք։
  • Շրջապատողների կողմից կանոնավոր, լիարժեք ուշադրության իրավունք։

Փորձարկե՛ք սա․ ավելացրեք ձեր զինանոցում

Երբ ձեզ ինչ-որ բան դուր չի գալիս, մեծ է գայթակղությունը ընդհանրապես արգելելու նոր տեխնոլոգիաները և անջատելու բոլոր սարքերը։ Դա կօգնի վերակազմակերպել ընտանիքի կյանքը, հատկապես եթե բանը շատ հեռուն է գնացել։ Այնուամենայնիվ, վիրտուալ աշխարհը ժամանակակից կյանքի մասն է։ Թվային սարքերի օգնությամբ մենք վճարում ենք հաշիվները, իմանում նորությունները, կապ պահպանում ընկերների հետ, պլանավորում ճանապարհորդություններ, հավաքում տեղեկատվություն և այլն, ուստի, ի վերջո, անհրաժեշտ է գտնել ողջամիտ փոխզիջում։

Երբ խոսքը ողջամիտ սահմանափակումների մասին է, առաջին հերթին պետք է մտածել նոր տեխնոլոգիայի օգտագործման ժամանակի, վայրի, ինչպես նաև երեխայի զարգացման մակարդակի մասին։ Թվային տեխնիկան համապատասխանեցրեք ձեր արժեքներին։

Վիրտուալ և իրական աշխարհների հարաբերակցությունը

Հետազոտող Լարի Ռոզենն իրեն հայտարարում է տեխնոլոգիաների կողմնակից։ Նա ավելի քան երեսուն տարի ուսումնասիրում է տեխնոլոգիաների ազդեցությունը հոգեկանի վրա և մեծ մասամբ հատուկ վտանգներ չի տեսնում։ Բայց վերջին մի քանի տարիներին նրան մտահոգում է սահմանափակումների բացակայությունը։ 12 տարեկանից փոքր երեխաների համար նա առաջարկում է 1:5 հարաբերակցությունը։ Դա նշանակում է, որ պլանշետով կես ժամ խաղալուն պետք է բաժին ընկնի երկուսուկես ժամ խաղ մաքուր օդում լինելուն կամ այլ զբաղմունքների՝ չկապված համակարգչի կամ հեռուստացույցի հետ։ Երբ երեխան մեծանում է, այդ հարաբերակցությունը կարող է փոխվել։

Նման հարաբերակցությունները շատ օգտակար են, երբ խոսքը երեխայի ազատ ժամանակի մասին է։ Այսինքն՝ այն ժամանակի, երբ երեխան դպրոցում չէ, չի քնում և զբաղված չէ իր օրակարգում նշված գործերով։ Օրինակ՝ չորս տարեկան փոքրիկը, որ ցերեկը քնում է, հաճախում է մանկապարտեզ և մարզասրահ, ունի մոտավորապես չորս ժամ չպլանավորված ազատ խաղերի համար։ Ընդ որում, էկրանի առջև անցկացրած ժամանակը չպետք է գերազանցի քսանհինգ րոպեն։ Մեկ այլ օգտակար կողմնորոշիչ. չորս տարեկանից փոքր երեխաների համար գրեթե ողջ ազատ ժամանակը պետք է նվիրված լինի իրական աշխարհի հետ փոխազդեցությանը, իսկ ավելի մեծ երեխաների համար՝ առնվազն 80%-ը։

«Էկրանային ժամանակը» ոչ միայն ընդլայնում է հորիզոնները, այլև նեղացնում է դրանք՝ խլելով ժամանակը այլ զբաղմունքներից։ Եթե դուք կարևորում եք ազատ խաղը և խաղը մաքուր օդում, հոգ տարեք, որպեսզի ձեր երեխաներն ամեն օր ստանան դրանցից յուրաքանչյուրի բավարար չափաբաժինը։

Արդյո՞ք դա նպաստում է շփմանը

Երկու տարեկան Էլին ծիծաղում էր և ձեռքով անում տատիկին։ Տատիկն ապրում է այլ մայրցամաքում, սակայն տեսազանգերը թույլ են տալիս պահպանել կապը և հիշել մեկմեկու։

Թվային տեխնոլոգիաները կարելի է օգտագործել տարբեր ձևերով։ Եթե տեսազանգերը համախմբում են ընտանիքը, կարելի է առանց մտավախության դրանք ներառել կյանքում։ Դրանք ոչնչով հնարավոր չէ փոխարինել, և տեսազանգերը նույնիսկ փոքրիկ երեխաներին թույլ են տալիս վայելել շփումը հեռվում ապրող ազգականների հետ։

Սրբազան ժամանակ սահմանեք

1970-ական թվականներին իմ ծնողները ընտանեկան շփմանը նպաստող  կանոններ սահմանեցին՝ սեղանի շուրջ ոչ մի ընթերցանություն։ Բացառություն էր արվում նախաճաշի համար, որովհետև բոլորը քնաթաթախ էին, իսկ ծնողները ցանկանում էին թերթ կարդալ։ Մյուս կանոնն ասում էր՝ ընթրիքի ժամանակ հեռախոսին մոտ չենք գալիս։ Կես ժամը նվիրվում էր միմիայն ընտանիքին։

Այսօր ընտանեկան շփմանը սպառնում են ոչ թե գրքերն ու թերթերը, այլ բազմազան գաջեթները։ Ընտանեկան կապերն ամրապնդելու համար սահմանեք սրբազան ժամանակ։ Որպես կանոն՝ դա այն ժամանակն է, երբ բոլորը հավաքվում են սեղանի շուրջ։ Բայց ամեն ինչ կախված է ձեր ընտանիքից։ Դա կարող է լինել նաև մեքենան։ Երբ բոլորը գնում են միասին՝ անջատելով գաջեթները, մեքենայում սովորաբար լսվում են ծիծաղ և զրույցներ։ Որոշեք հարմար ժամանակը և մի շեղվեք սահմանված կանոնից։ Դուք երեխաներին պարզ, բայց հստակ ազդանշան եք ուղարկում՝ ընտանիքը շատ կարևոր է։ Եվ կա ժամանակ, երբ ընտանեկան շփումն ընդհատել չի կարելի։

Տարածական և ժամանակային սահմանափակումներ

Վեցամյա Ջեյքոբն ու Դիլանը կռվում էին գրադարանում, մինչ մյուս բոլոր երեխաները հեքիաթ էին լսում: Բուն կռվի մեջ վատ բան չկա, քանի որ նման աշխույժ խաղերն օգտակար են երեխաների համար: Պարզապես ժամանակն ու տեղն էին անհամապատասխան: Ճիշտ նույնպիսի սահմանափակումներ կարելի է սահմանել տեխնոլոգիաների համար: Համակարգիչներն այժմ դարձել են շարժական, բայց դա չի նշանակում, թե մենք չենք կարող սահմանափակել դրանց շարժունակությունը: Սահմանափակումներ դրանց օգտագործման ժամանակը և տեղը:

Դա կարող է լինել համակարգչի և հեռուստացույցի արգելքն աշխատանքային օրերին, քանի որ ընտանեկան շփման, զբոսանքների և չկարգավորված ազատ խաղի համար առանց այն էլ քիչ ժամանակ է մնում: Կամ օրական կես ժամ: Ամերիկյան մանկաբուժության ակադեմիան ի սկզբանե երեխաներին խորհուրդ էր տալիս էկրանի առջև ժամանցի համար հատկացնել օրական ոչ ավելի, քան մեկ-երկու ժամ՝ նույնիսկ հանգստյան օրերին:

«Մեզ մոտ բոլոր համակարգիչներն ու գաջեթները միայն տան առաջին հարկում են, – պատմում է երկու երեխաների մայր Մելիսան: – Սա վերաբերում է նաև մեծահասակներին: Դրսում դրանց օգտագործելն արգելված է»: Ընտանիքը հավաքվում է միասին՝ նորագույն տեխնոլոգիաներից օգտվելու համար: Նույն տարածքում գտնվելը մտերմացնում է, իսկ ծնողներն հնարավորություն են ունենում հետևելու, թե էկրանի առջև անցկացրած ժամանակն ինչպես է ազդում երեխաների տրամադրության վրա:

Այլ ընտանիքներ հերթագայում են օրերը, երբ տեսախաղերը թույլատրված են, այն օրերի հետ, երբ դրանք արգելված են՝ ներառյալ առանց վիրտուալ ժամանցի հանգստյան օրերը, այսինքն՝ 5:2 հարաբերակցությամբ: Մարթայի ընտանիքում փորձեցին նման ժամանակացույց՝ ամեն շաբաթ հինգ օր օնլայն և երկու օր օֆլայն, և դա նրանց դուր եկավ: Նրա երեխաները սկզբում դժգոհ էին, բայց հետո սկսեցին ուրախանալ առանց համակարգչի օրերով. ավելի քիչ աղմուկ ու գոռգոռոց, և ավելի շատ ընտանիքի հետ անցկացրած ժամանակ: Չերիլը փորձեց էկրանային ժամանակից ազատել կիրակի օրերը և տեսավ, որ դա բարերար է ազդում երեխաների, հատկապես աուտիզմ ունեցող Միլոյի վրա. «Ի՜նչ հրաշալի օրեր են: Միլոն սովորականից ավելի շփվող է դառնում. հանում է փազլները, խորանարդիկներն ու գրքերը: Զարմանալիորեն քիչ է բացասական արձագանքը»:

Սահմանե՛ք ժամանակի և վայրի սահմանափակումներ

Սահմանափակումների օրինակներ․

  • Օրական երեսուն րոպե։
  • Աշխատանքային օրերին՝ երեկոյան, էկրաններից օգտվելու արգելք։
  • Օրը մեկ կամ երկու ժամ՝ հանգստյան օրերին։
  • Արգելել համակարգիչներն ու հեռուստացույցները ննջասենյակում (նաև ծնողների մոտ):
  • Համակարգիչներից և հեռուստացույցից օգտվելու արգելք սեղանի շուջը (ուտելիս)։
  • Քնին նախորդող մեկ ժամվա ընթացքում էկրաններից օգտվելու արգելք։

Ուսուցում և ժամանց

Որոշ ընտանիքներում տարբերակում են դնում ուսուցման և համակարգչի ու հեռուստացույցի միջոցով ժամանցի միջև: Մինչև չորս տարեկան երեխայի համար ոչ մի տարբերություն չկա: Ե՛վ ուսուցումը, և՛ ժամանցը հեռացնում են երեխաներին իրական աշխարհից, որն անհրաժեշտ է նրանց զարգացման համար:

Մեր ընտանիքում երեխաներն իրենք են որոշում, թե ինչով զբաղվեն համակարգչով: Դրան ի լրումն՝ ծնողները կարող են ընտրել նյութ, որն անվանում ենք ուսուցողական՝ ֆիլմ, առցանց տեսանյութ կամ այլ տեղեկատվություն:

Շատ հանձնարարականներ էկրանի առջև անցկացրած ժամանակից դուրս են թողնում «դպրոցական դասերը»: Տարրական դպրոցում տնային առաջադրանքների օգուտն ապացուցված չէ, ուստի այդ տարիքում տնային աշխատանքները կատարելու համար համակարգիչ պետք չէ (տե՛ս Կանոն 8. «Արգելել տնային առաջադրանքները տարրական դպրոցում»):

Տասը տարեկանից բարձր երեխաների համար գլխավոր հարցը ստեղծարարությունն է: Համակարգչով ստեղծագործական զբաղմունքները ծրագրավորումն են կամ տեսանյութերի ստեղծումը: Չի կարելի իրար հակադրել ուսուցումն ու ժամանցը: Ինչպես բոլոր մանկական խաղերում, ամենահետաքրքիրն այն է, ինչը համատեղում է ժամանցն ու ուսուցումը:

Փոխե՛ք ծնողի, երեխայի և համակարգչի փոխհարաբերությունները

Ծնողները չեն սիրում հանդես գալ ժամանակաչափի դերում: Եթե երեխան բարկանում է ձեզ վրա էկրանի առջև անցկացրած ժամանակը սահմանափակելու համար, ժամանակն է դուրս գալու այդ դերից: Փոխեք ծնողի և երեխայի դերերը՝ ժամանակին հետևելու պարտականությունը դնելով հենց նրա վրա: Որոշ ծնողներ օգտագործում են ներկառուցված ժամանակաչափ (թայմեր), որն ավտոմատ անջատում է խաղը, բայց ավելի լավ է փորձել սովորական ժամանակաչափ, որը սովորեցնում է երեխային կառավարել իր մղումները: Սա երեխաների մեջ կամքի ուժ է ձևավորում․ մի հատկություն, որն օգտակար է բոլոր առումներով, այլ ոչ թե հնազանդվելու սովորություն:

Էկրանի առջև անցկացվող ժամանակը որպես խրախուսանք և պատիժ

Եթե երեխաները խախտում են տեխնոլոգիաների օգտագործման հետ կապված սահմանված կանոնը (խնդրում են երկարաձգել խաղի ժամանակը կամ ուշադրություն չեն դարձնում ժամանակաչափին), ծնողների արձագանքը պետք է լինի համարժեք: Պնդե՛ք կանոնների պահպանման վրա: Այնուամենայնիվ, նման զանցանքը, որպես կանոն, պայմանավորված է նրանով, որ հաշվի չեն առնվում երեխայի զգացմունքները, և ուստի անհրաժեշտ է կենտրոնանալ զգացմունքների ու խնդրի լուծման, այլ ոչ թե պատժի վրա:

Կանոնները սահմանելուց հետո փորձեք չօգտագործել լրացուցիչ էկրանային ժամանակը որպես պարգևատրում լավ վարքի համար: Ցանկանո՞ւմ եք խրախուսել երեխային: Ձգտեք ժամանակ անցկացնել նրա հետ:

Ժամանակակից տեխնոլոգիաների սահմանափակման վերաբերյալ խորհուրդներ

1․ Որոշե՛ք վիրտուալ և իրական աշխարհների ընդունելի հարաբերակցությունը։ Օրվա ո՞ր մասը կարող է երեխան անցկացնել էկրանի առջև։

Ամերիկյան մանկաբուժության ակադեմիան խորհուրդ է տալիս օրական ամենաշատը մեկ-երկու ժամ, այսինքն՝ մոտավորապես 1:7 հարաբերակցություն: Որոշ հետազոտողներ մինչև տասը տարեկան երեխաների համար թույլատրելի են համարում 1:5 հարաբերակցությունը: Սա նշանակում է, որ պլանշետով կես ժամ խաղալուն պետք է կամ համապատասխանի երկուսուկես ժամ այլ խաղ՝ բակում և տանը:

2․ Քնելուց առնվազն մեկ ժամ առաջ անջատե՛ք բոլոր հեռախոսները, համակարգիչներն ու հեռուստացույցները։

3․ Հանե՛ք թվային սարքավորումները ննջասենյակներից։ (Գիշերները երեխաները ստուգում են հաղորդագրությունները)։

4․ Վերացրե՛ք հակամարտությունը, բարկությունն ու վերահսկողությունը ծնողի և երեխայի հարաբերություններից։ Թողեք, որ երեխան ինքը կառավարի իր մղումներն ու հետևի էկրանի առջև անցկացրած ժամանակին։

5․ Հստակ ձևակերպե՛ք ձեր սպասելիքները. ոչ մի փնթփնթոց, հորդորանք կամ խնդրանք: Նման վարքագիծը վկայում է այն մասին, որ երեխան ընդմիջման կարիք ունի:

6․ Հնարավորինս շատ ժամանակ տրամադրե՛ք իրական կյանքին։ Արդյո՞ք էկրանի առջև անցկացրած ժամանակը դուրս չի մղում այլ զբաղմունքներ, այդ թվում՝ ազատ խաղն ու աշխույժ խաղերը մաքուր օդում:

7․ Հատկացրե՛ք «սրբազան ժամանակ»։ Սա այն ժամանակահատվածն է, երբ տեխնոլոգիաներն արգելված են, օրինակ՝ երբ ամբողջ ընտանիքը հավաքվում է ընթրիքի շուրջ։

8․ Դաստիարակե՛ք տեխնոլոգիաներից օգտվելու մշակույթ. ձեր կողքին գտնվող մարդն ավելի կարևոր է, քան էկրանից այն կողմ գտնվողը։

9․ Խոսե՛ք երեխայի հետ էկրանի «կլանող» հատկության մասին։ Օգնե՛ք երեխային ուշադրություն դարձնել այն պահերին, երբ նա չի կարողանում ազատվել տեսախաղի մասին մտքերից կամ չի կարողանում ընդհատել խաղը։ Սա ազդանշան է, որ հանգստանալ է պետք։

10․ Ժամային սահմանափակումներ դրեք  ժամանակակից տեխնոլոգիաներից օգտվելու համար։ Օրինակ՝ ցերեկվա ժամը չորսից մինչև վեցը։

11․ Սահմանե՛ք ժամանակահատվածներ, երբ վիրտուալ աշխարհը սահմանափակ է կամ արգելված՝ աշխատանքային օրերին՝ զրոյից երեսուն րոպե, իսկ հանգստյան օրերին՝ թերևս մեկից երկու ժամ։

12․ Կարելի է նաև սահմանել համացանցից «հանգստի շաբաթական օր»: Կամ ամսական մեկ շաբաթ, կամ էլ հանգստյան օրերին։

13․ Կազմակերպե՛ք հարմարավետ միջավայր, որտեղ կհավաքվեն ընտանիքի բոլոր անդամները։ Օրինակ՝ թույլ տվեք երեխաներին համակարգիչներից և գաջեթներից օգտվել միայն հյուրասենյակում։

14․ Ինքներդ մի՛ խախտեք սահմանված կանոնները։

Եթե ինչ-որ բան ձեզ անհանգստացնում է, ուրեմն փոփոխությունների ժամանակն է։

Պահպանե՛ք «հանգստի օրը»

Սահմանե՛ք համացանցից «հանգստի օր»․ դա կարող է լինել ուրբաթը, կիրակի կամ շաբաթվա ցանկացած այլ օր։ Այդ օրը հեռախոսներն ու համակարգիչներն անջատված են։ Ազգականներին և ծանոթներին նախապես տեղեկացրե՛ք, որ «առանց տեխնիկայի օրը» անհասանելի եք լինելու։ Կամ թերևս ձեզ ավելի հոգեհարազատ է «առանց հեռուստացույցի օրը»։

Եթե չեք կարող ամբողջ օրն առանց կապի մնալ, սահմանափակվեք, օրինակ, կիրակի երեկոյով կամ թույլատրեք տեխնիկայից օգտվել միայն առավոտյան՝ կես ժամ։ Մեզ դուր է գալիս մշտապես կապի մեջ լինել, բայց իրականում հաղորդագրությունների մեծ մասում շտապ ոչինչ չկա։ Հոգ տարեք, որ արտակարգ իրավիճակներում մեկ կամ երկու հոգի կարողանան կապ հաստատել ձեզ հետ։

Հիշե՛ք՝ «հանգստի օրվա» արդյունավետությունը կախված է ձեզնից։ Երեխաները գլուխ կհանեն։ Դուք նույնպես պետք է հաղթահարեք։

Ուշադրություն դարձրե՛ք, թե ինչով եք զբաղված այդ օրը։ Ավելի շա՞տ ժամանակ եք անցկացնում մաքուր օդում։ Ավելի շա՞տ եք զրուցում երեխաների հետ։ Զբոսնո՞ւմ եք։ Ամեն դեպքում, հենց այս զբաղմունքներն էին փոխարինվել վիրտուալ աշխարհով։

Գիշերը քնելու համար է

Որդիս մաթեմատիկայի դասին անցնում էր դիագրամներ, և դասարանում հարցում էին անցկացրել՝ երբ եք քնում։ «Քնում եմ երեկոյան իննին,— պատասխանել էին շատ երեխաներ,— իսկ հետո արթնանում եմ ու տեսախաղեր խաղում»։ Մի տղա (տասնմեկ տարեկան) կանոնավորապես տեսախաղեր էր խաղում մինչև կեսգիշեր։

Անկողնում տեսախաղերը «ոչխարներ հաշվելու» ճիշտ հակառակ ազդեցությունն ունի։ Քնելուց անմիջապես առաջ էկրանի առջև անցկացրած ժամանակը բազմաթիվ խնդիրների աղբյուր է դառնում. այն գրգռում է ուղեղը և ճնշում մելատոնինի՝ քնելուն նպաստող հորմոնի արտադրությունը։ Ծնողների գլխավոր պարտականություններից մեկն է երեխայի մոտ (այդ թվում՝ անձնական օրինակով) քնի նկատմամաբ առողջ սովորություններ ձևավորելը։ Տարրական դպրոցի երեխաները պետք է քնեն իննից մինչև տասնմեկ ժամ և շուտ պառկեն քնելու․ հստակ սահմանված ծեսերը կօգնեն նրանց հանգստանալ և քնել։ Մանկապարտեզի հասակի երեխաներին քնի ավելի շատ ժամանակ է անհրաժեշտ։

Սխալ մոտեցում ժամանակակից տեխնոլոգիաներին

Հնարավոր է՝ ձեզ դաժան թվա ժամանակակից տեխնոլոգիաների վրա սահմանափակումներ դնելը, երբ ուրիշ ընտանիքներում այդ առումով երեխաներին լիակատար ազատություն է տրվում։ Մի՛ անհանգստացեք, որ դա վատ կանդրադառնա ձեր երեխաների վրա։ Նրանք ամեն դեպքում կյուրացնեն համակարգչով աշխատելու հմտությունները։ New York Times թերթին տված հարցազրույցում Google-ի ղեկավարներից մեկը՝ Ալան Իգլը, նշում է. «Մեր ընկերությունում մենք, ինչպես և բոլորը, ձգտում ենք առավելագույն պարզեցնել տեխնոլոգիաների օգտագործումը։ Ոչ մի պատճառ չկա, որ երեխաները չկարողանան սովորել օգտվել դրանցից, երբ մեծանան»։ Ինքը՝ Իգլը, իր երեխաներին ուղարկում է Վալդորֆյան դպրոց, որտեղ մեծ տեղ է հատկացվում գործնական հմտություններին և բնության հետ շփմանը։

Ըստ Pediatrics ամսագրում հրապարակված հետազոտության արդյունքների՝ երեխաների համար ավելի օգտակար է համակարգչից օգտվել շաբաթական մեկ անգամ, քան ամեն օր։ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (ՄՏԻ) պրոֆեսոր Շերի Թըրքլը, որ մասնագիտացած է տեխնոլոգիաների ազդեցության ուսումնասիրության մեջ, հարցում է անցկացրել հազարավոր երիտասարդների շրջանում և պարզել, որ երեխաներին ամենից շատ անհրաժեշտ են ընտանիք, ուշադրություն և լիարժեք, հագեցած կյանք։ Տվե՛ք նրանց այս ամենը։ Եվ մի փոքր էլ ժամանակակից տեխնոլոգիաներ։ Մնացածը նրանք կկարողանան ինքնուրույն։ Դուք բարիք եք անում ձեր երեխաներին՝ օգնելով ընտելանալ ժամանակակից տեխնոլոգիաների աշխարհին, ճիշտ այնպես, ինչպես տան պարտականությունների և քնելու ժամանակացույցի դեպքում։

Օգտակար արտահայտություններ

  • Ժամանակաչափը ինքդ ես սահմանել։
  • Պետք է ապացուցես, որ տիրապետում ես քեզ։
  • Վիրտուալ աշխարհում վատ ոչինչ չկա, բայց միայն չափավոր օգտվելու դեպքում։
  • Կանգ առնելը դժվար է։ Ինչպե՞ս ես դա անելու։
  • Երևում է՝ համակարգիչը քեզ կլանել է։
  • Սա ազդանշան է ինքդ քեզ ասելու. «Է՛յ, մի փոքր թուլացրու տեմպը»։
  • Հասկանում եմ, որ դժվար է կտրվելը։
  • Խաղերն այնպես են նախագծված, որ երբեք չավարտվեն։
  • Դեռ չես ավարտել, բայց արդեն անջատելու ժամանակն է։
  • Պահպանի՛ր խաղն ու դի՛ր դադարի ռեժիմի վրա։ Ամեն ինչ կպահպանվի, հետո կշարունակես։
  • Պետք է ինձ ապացուցես, որ համակարգչից ուժեղ ես։
  • Ավելի լավ է ներողություն անձամբ խնդրես։
  • Արդյո՞ք դա կասեիր անձնական զրույցում (սոցիալական ցանցերի վերաբերյալ)։
  • Եթե տրամադրությունդ փոխվում է, նշանակում է՝ դադար վերցնելու ժամանակն է։
  • Բոլորին էլ անհրաժեշտ է հանգստանալ համացանցից։
  • Արի փորձենք։
  • Անշուշտ, կարող ես խաղալ, բայց ոչ հիմա։
  • Հաց ուտելիս հեռախոսները մի կողմ ենք դնում։
  • Գիտես կանոնը՝ ննջասենյակում էկրաններ չենք օգտագործում։
  • Հիմա զբոսնելու ժամանակն է։

Արտահայտություններ, որոնցից ավելի լավ է խուսափել

  • Իհարկե, կարելի է։ դա ուսուցանում է։
  • Լավ, էլի մեկ րոպե։
  • Եթե չշտապես, այլևս համակարգչի առջև չես նստի։
  • Կարծում եմ՝ անհանգստանալու կարիք չկա։ Երեխաները միշտ էլ նստած են էկրանների առջև։

Ընտրությունը ձերն է

Չկա համընդհանուր մոտեցում, որը կբավարարեր բոլորին, հատկապես թվային տեխնոլոգիաների հարցում։ Կան ընտանիքներ, որտեղ ծնողները տեխնոլոգիական ոլորտի մասնագետներ են (օրինակ՝ ծրագրավորողներ), և ողջ ընտանիքով սիրում են ինտերակտիվ խաղեր խաղալ։ Կան ընտանիքներ էլ, որտեղ տեխնոլոգիաների կիրառումը հասցված է նվազագույնի։ Սակայն, ծնողների մեծ մասը միջին դիրք է գրավում՝  հույսը դնելով պատահականության վրա։ Անկախ նրանից, թե տեխնոլոգիաների օգտագործման որ մակարդակն է ձեզ համար ընդունելի, կարևոր է ամեն ինչ լավ ծանրութեթև անել, սահմանել հստակ կանոններ ու սահմանափակումներ։ Գործե՛ք նպատակադրված։ Թեև տեխնոլոգիաներն այսօր մեր կյանքի անբաժանելի մասն են, վաղ տարիքի երեխաների զարգացման համար շատ ավելի օգտակար է էկրաններից հեռու ժամանակ անցկացնելը։

Էջի նկարը՝ Արմինե Թոփչյանի