Նախագիծը՝ որպես սովորողի ուսումնական աշխատանքի ձև․ ի՞նչ ենք անում և ո՞ւր ենք գնում 2026–2027 ուսումնական տարում

Նախագծային ուսուցումը կրթահամալիրում․ փորձից՝ նոր փուլ

Կրթահամալիրում նախագծային գործունեությունը վաղուց չի սահմանափակվում կրթահամալիրի ուսումնական օրացույցով որոշված նախագծերով։ Կրթական ծրագրի տարբեր բաղադրիչները՝ ուսումնական ճամփորդությունները, բարձունքների հաղթահարումները, ուսումնական ճամբարները, համերգները, ցուցադրությունները, կարող են կազմակերպվել որպես ուսումնական նախագծեր կամ կառուցվել նախագծային աշխատանքի տրամաբանությամբ։

Կրթահամալիրի տարբեր ուսումնական հաստատությունների սովորողներն իրականացնում են անհատական և խմբային ուսումնական նախագծեր։ Նրանք ընտրում են իրենց հետաքրքրող թեման, որոշում աշխատանքի ուղղությունն ու քայլերը, աշխատում անհատապես կամ համագործակցությամբ և աշխատանքի արդյունքները ներկայացնում հանրությանը։ Ներկայացման վայրը կարող է դուրս գալ կրթահամալիրի սահմաններից․ սովորողները հետազոտությունների արդյունքները ներկայացնում են նաև համապատասխան մասնագիտական կամ հանրային միջավայրերում։

Կրթահամալիրում իրականացվող նախագծային աշխատանքի ծավալը կարելի է պատկերացնել նախորդ ուսումնական տարվա տվյալներով․

  • Ավագ դպրոցում իրականացվել է շուրջ 355 հետազոտական աշխատանք։ Եթե սովորողը չի հասցնում ավարտել աշխատանքը, այն շարունակում է ուսումնական հինգերորդ շրջանում՝ հուլիս-օգոստոս ամիսներին։ Կան սովորողներ, որոնք իրենց կատարած աշխատանքների հանրային ներկայացումները կազմակերպում են սեպտեմբերին։
  • Միջին դպրոցում իրականացվել է մոտ 400 ուսումնական նախագիծ, այդ թվում՝ բնագիտական առարկաներից կատարված նախագծեր, որոնք համարվել են նաև ավարտական քննական աշխատանքներ։
  • Քոլեջում սովորողներն իրականացրել են շուրջ 300 նախագծային աշխատանք։

Նախագծերի և դրանցում ներգրավված սովորողների թվերը կարող են չհամընկնել, քանի որ մեկ նախագիծ կարող են իրականացնել մի քանի սովորողներ։

Այսպիսով՝ նախագծային տրամաբանությունը կրթահամալիրի ուսումնական կյանքի կազմակերպման սկզբունքներից մեկն է․ այն դրսևորվում է ոչ միայն առանձին ուսումնական նախագծերում, այլև կրթական ծրագրի տարբեր բաղադրիչների կազմակերպման մեջ։

Հանրակրթության պետական նոր չափորոշիչներով ուսումնական նախագիծ իրականացնելը դարձել է 7-12-րդ դասարանների յուրաքանչյուր սովորողի պարտադիր ուսումնական աշխատանք․ «26. 7-12-րդ դասարաններում յուրաքանչյուր սովորող տարեկան իրականացնում է առնվազն մեկ ուսումնական նախագիծ՝ իր ընտրած առարկայից կամ առարկաներից»։

Այս պահանջը կրթահամալիրի համար սկզբունքորեն նոր խնդիր չի ստեղծում, քանի որ նախագծային աշխատանքն այստեղ արդեն ձևավորված փորձ ունի։ Սակայն այն նոր մասշտաբ է հաղորդում խնդրին․ նախագծային գործունեությունը պետք է հասանելի և կազմակերպելի լինի յուրաքանչյուր սովորողի համար։ Կրթահամալիրում նախագծային աշխատանք կատարում են ոչ միայն 7-12-րդ դասարանցիները, այլև քոլեջի ուսանողները։

2026–2027 ուսումնական տարում կրթահամալիրի միջին և ավագ դպրոցներում ու քոլեջում նախագծային աշխատանքի կազմակերպման մասշտաբը պատկերացնելու համար ներկայացնենք սովորողների թվաքանակը։

ԾրագիրՍովորողների քանակ
Ավագ դպրոց՝ 10-րդ դասարան176
Ավագ դպրոց՝ 11-րդ դասարան157
Ավագ դպրոց՝ 12-րդ դասարան154
Միջին դպրոց՝ 7-րդ դասարան360
Միջին դպրոց՝ 8-րդ դասարան313
Միջին դպրոց՝ 9-րդ դասարան275
Քոլեջ՝ 1-ին կուրս162
Քոլեջ՝ 2-րդ կուրս147
Քոլեջ՝ 3-րդ կուրս93
Քոլեջ՝ 4-րդ կուրս44
Մեկամյա արհեստագործական ծրագիր33
Ընդամենը1914

Այս քանակությամբ սովորողների նախագծային աշխատանքը կազմակերպելու համար հրամայական է կրթահամալիրի մանկավարժական աշխատողների և մյուս մասնակիցների միասնական մոտեցումը։ Միասնական պետք է լինեն նախագծային աշխատանքի հիմնական սկզբունքները, ոչ թե նախագծերի իրականացման ձևերը։ Կրթահամալիրում նախագծերը դիտվում են որպես սովորողների և դասավանդողների համատեղ ուսումնական աշխատանք։ Յուրաքանչյուրս պետք է ընդունի, որ նախագիծը կրթահամալիրում պարզապես առաջադրանք կամ միջոցառում չէ։ Այն սովորողի իրական, կենդանի ուսումնական գործունեության կազմակերպման ձև է, որի ընթացքում սովորողը հարց է ձևակերպում, գտնում լուծումներ, համագործակցում, ստեղծում է արդյունք, հրապարակում և ներկայացնում է այն։

Մեծ թվով նախագծերի առկայությունը դեռ չի նշանակում նախագծային ուսուցման բարձր որակ։ Հետևաբար 2026–2027 ուսումնական տարում կարևոր է ոչ միայն արձանագրել, թե քանի նախագիծ է իրականացվել, այլ հասկանալ՝ սովորողի ինչպիսի գործունեությունն է կազմակերպվում նախագծի միջոցով, և ինչ է սովորողը ձեռք բերում այդ գործունեության ընթացքում։

Սակայն խնդիրը միայն կազմակերպչական չէ․ այն նաև մանկավարժական է։ Եթե հարյուրավոր սովորողներ պետք է իրականացնեն նախագծային աշխատանք, յուրաքանչյուր մանկավարժ պետք է կարողանա տարբերել սովորական ուսումնական առաջադրանքը նախագծային գործունեությունից, հասկանալ իր դերը նախագծում և գնահատել ոչ միայն վերջնական արդյունքը, այլև սովորողի անցած ուսումնական ճանապարհը։

Կրթահամալիրում նախագծային աշխատանքի հաջորդ փուլը ոչ թե նախագծերի քանակի ավելացումն է, այլ նախագծային ուսուցման որակի գիտակցված զարգացումը։

Կարևոր է պատասխանել հարցին, թե ինչն է նախագծային ուսուցումը դարձնում նախագծային։

Նախագծային աշխատանքը՝ որպես սովորողի ուսումնական գործի կազմակերպման ձև

Նախագծային ուսուցումը նախագծային է դառնում ոչ թե այն պատճառով, որ ուսումնական աշխատանքը կոչվում է «նախագիծ», այլ այն պատճառով, որ փոխվում է սովորողի գործունեության բնույթը։

Նախագիծը սովորողի ուսումնական գործունեություն է, որի ընթացքում նա ձևակերպում է իրեն հետաքրքրող հարց կամ խնդիր, որոշում արդյունքի հասնելու միջոցներ և ստեղծում ու ներկայացնում է ստացած սեփական արդյունքը։

Նախագծի իրականացման փուլերը և գործիքները կարող են տարբեր լինել՝ կախված խնդրից, առարկայից և ակնկալվող արդյունքից։ Անփոփոխը ոչ թե աշխատանքի ձևն է, այլ սովորողի գիտակցված մասնակցությունը, ինքնուրույն գործունեությունը և ստացած արդյունքի հիմնավորված ներկայացումը։

Նախագիծը սկսվում է թեման (խնդիրը, հարցը) որոշելուց։ Այն ունենում է վերնագիր և կարճ նկարագրություն (անոտացիա)։ Ցանկալի է, որ նկարագրությունում նշվի սպասվելիք արդյունքը։

Որոշվում են նախագծի իրականացման քայլերը, օգտագործվող գործիքները, այդ թվում՝ ԱԲ, և դրանց իրականացման ժամանակացույցը։ Կարևոր է, որ սովորողը այս հարցում կրավորական դեր չընդունի, այլ մասնակցի որոշումներ կայացնելուն, գիտակցի իր անելիքը։

Իրականացման փուլը տեղեկատվություն հավաքելուց բացի պետք է պարունակի հետազոտություն, հանդիպումներ, գործունեություն։ Կարևոր է նշել, որ տեղեկություն գտնելը դեռ հետազոտություն չէ։ Հետազոտությունը ենթադրում է հարցադրում, տեղեկությունների կամ տվյալների ուսումնասիրություն, դրանց վերլուծություն և եզրակացություն։ Կախված նախագծի բնույթից՝ այն կարող է ներառել նաև դիտարկում, փորձարկում, չափումներ, հարցազրույցներ կամ այլ գործնական գործողություններ։ Աշխատանքի իրականացման փուլում կարևորվում է համագործակցությունը սովորողների, մանկավարժների, ծնողների, մասնագետների, համայնքի հետ։

Աշխատանքի կատարման ընթացքում կարող են փոփոխվել աշխատանքի ծավալը, ժամանակացույցը, գործիքները։

Աշխատանքի ավարտին սովորողը ունենում է իրական արդյունք՝ նյութ, ֆիլմ, փորձ, ցուցադրություն, քարտեզ, մոդել, հրապարակում, միջոցառում և այլն։

Նախագծի կարևոր ավարտական փուլը արդյունքի ներկայացումն է։ Սովորողը, հնարավորության դեպքում՝ համագործակցելով դասավանդողների և ընկերների հետ, որոշում է՝ ինչ ձևով, որտեղ և ում ներկայացնել իր աշխատանքը։ Ներկայացումը հնարավորություն է տալիս արդյունքը դուրս բերել սովորողի անհատական աշխատանքի շրջանակից, ստանալ արձագանք և այն դարձնել հասանելի ուրիշներին։ Սովորողը ակտիվորեն մասնակցում է արդյունքի ներկայացման կազմակերպման որոշումների կայացմանը։

Նախագծի ընթացքը կարելի ներկայացնել այսպիսի սխեմայով․

Հարցադրում → Պլանավորում → Հետազոտում և գործունեություն → Արդյունքի ստեղծում → Ներկայացում → Անդրադարձ

Նախագծի որակը գնահատելու հարցեր

Նոր ուսումնական տարում անհրաժեշտ է նախագծերի մասին մտածել ոչ միայն քանակական, այլ հատկապես որակական ցուցանիշներով։

Իրականացված նախագիծը գնահատում ենք ոչ միայն արդյունքով, այլև անցած ճանապարհով։ Նախագիծը գնահատել կարելի է այսպիսի հարցերի պատասխանելով․

  • ի՞նչ հարց կամ խնդիր է լուծել,
  • ի՞նչ է սովորել սովորողը,
  • ի՞նչն է կատարել ինքնուրույն,
  • ի՞նչ հետազոտություն է իրականացրել,
  • ի՞նչ է ստեղծել,
  • ո՞ւմ հետ է համագործակցել,
  • ի՞նչ իրական արդյունք է ստացել,
  • ինչպե՞ս է ներկայացրել արդյունքը,
  • ի՞նչ կփոխեր հաջորդ անգամ։

Այս հարցերի հենքի վրա պետք է ստեղծվեն գործիքներ, որոնք նաև սովորողին հնարավորություն տան գնահատելու իր կատարած աշխատանքը, ստացված արդյունքը։

Որպես իրականացված նախագծի կրթական արդյունք կարևոր է դառնում, թե ինչ տվեց այս աշխատանքը սովորողին, թե ինչպիսի սովորող ձևավորվեց այդ արդյունքը ստեղծելու ընթացքում։ Նախագծային աշխատանքը կարող է նպաստել սովորողի անձնային որակների զարգացմանը, եթե դրա ընթացքում նա իրական հնարավորություն ունի ինքնուրույն որոշումներ կայացնելու, պատասխանատվություն ստանձնելու, նախաձեռնություն ցուցաբերելու և սեփական աշխատանքի արդյունքի համար պատասխան տալու։

Թվարկենք այդ որակներից մի քանիսը․

  • ինքնուրույնություն — ինքնուրույն որոշումներ կայացնելու և գործելու կարողություն,
  • պատասխանատվություն — ստանձնած աշխատանքի և արդյունքի համար պատասխանատվություն կրելու պատրաստակամություն,
  • նախաձեռնողականություն — գաղափարներ առաջարկելու և դրանք իրականացնելու ձգտում,
  • հետևողականություն — սկսած աշխատանքը շարունակելու և ավարտին հասցնելու կարողություն,
  • համագործակցելու պատրաստակամություն — ընդհանուր նպատակին հասնելու համար ուրիշների հետ արդյունավետ աշխատելու ունակություն,
  • ստեղծագործականություն — նոր գաղափարներ և լուծումներ առաջարկելու պատրաստակամություն,
  • ինքնավստահություն — սեփական գաղափարները հիմնավորելու և ներկայացնելու պատրաստակամություն,
  • ազնվություն — սեփական աշխատանքի իրական ընթացքն ու արդյունքները ներկայացնելու, աղբյուրները պատշաճ նշելու, սխալներն ընդունելու և արդյունքները չկեղծելու պատրաստակամություն։

Նախագծային աշխատանքում առանձնահատուկ կարևորություն ունի ազնվությունը։ Սովորողը պետք է կարողանա տարբերակել սեփական աշխատանքը ուրիշների աշխատանքից, նշել օգտագործած աղբյուրները, ճշմարտացի ներկայացնել հավաքած տվյալներն ու ստացած արդյունքները, ընդունել սխալներն ու անհաջող փորձերը։ Կարևոր է ոչ միայն, թե ինչ արդյունք է ստացել, այլև այն, թե ինչպես է հասել այդ արդյունքին։

Նախագծային աշխատանքը սովորեցնում է պատասխանատու և ազնիվ վերաբերվել սեփական գործունեությանը՝ տարբերակել սեփական աշխատանքը ուրիշի աշխատանքից, նշել օգտագործած աղբյուրները, չկեղծել տվյալները և ընդունել նաև անհաջող արդյունքը։ Արհեստական բանականությանը դիմելիս նշել, թե երբ և ինչ նպատակով է սովորողն օգտագործել ԱԲ-ն, և աշխատանքի որ մասն է կատարել ինքնուրույն։

Պակաս կարևոր չէ նաև սովորողի կարողությունների զարգացմանը նպաստելը։ Կառանձնացնեի․

  • հետազոտական կարողություն․ հարց ձևակերպել, վարկած առաջադրել, տեղեկություն որոնել և ընտրել, դիտարկել, փորձարկել, չափել, տվյալներ հավաքել և եզրակացություն անել։
  • քննադատական մտածողություն․ համադրել տեղեկությունները, տարբերել փաստը կարծիքից, հարցականի տակ դնել ստացված տեղեկությունը, հիմնավորել սեփական տեսակետը։
  • խնդիր լուծելու կարողություն՝ տեսնել խնդիրը, բաժանել այն փուլերի, առաջարկել լուծումներ, փորձարկել և անհրաժեշտության դեպքում փոխել լուծման եղանակը։
  • ստեղծագործական կարողություն՝ գաղափարը վերածել կոնկրետ արդյունքի՝ մոդելի, փորձի, ֆիլմի, հոդվածի, քարտեզի, մեդիանյութի, ցուցադրության և այլն։
  • հաղորդակցական կարողություն՝ հարցազրույց վարել, հարցեր տալ, լսել, բանավոր և գրավոր արտահայտվել, ներկայացնել սեփական աշխատանքի արդյունքը։
  • համագործակցային կարողություն՝ դերեր բաշխել, պայմանավորվել, ընդհանուր որոշումներ ընդունել, օգնել խմբի անդամներին և պատասխանատվություն կրել ընդհանուր արդյունքի համար։
  • ինքնակազմակերպման կարողություն՝ նպատակ դնել, աշխատանքը պլանավորել, ժամանակը կառավարել, հետևել ժամկետներին և կազմակերպել սեփական աշխատանքը։
  • թվային և մեդիա կարողություն՝ թվային գործիքներով տեղեկություն որոնել, մշակել, ստեղծել և տարածել բովանդակություն։
  • ինքնագնահատման և անդրադարձի կարողություն՝ գնահատել ոչ միայն վերջնական արդյունքը, այլև սեփական աշխատանքի ընթացքը՝ ի՞նչ ստացվեց, ի՞նչ չստացվեց, ինչո՞ւ և ի՞նչը կարելի է հաջորդ անգամ փոխել։

Նախագծային աշխատանքը սովորողի մոտ պետք է ձևավորի հաջորդ խնդիրը ավելի ինքնուրույն, գիտակցված և արդյունավետ լուծելու կարողություն։

Ո՞ւր ենք գնում․ նախագծային ուսուցման զարգացման խնդիրները

Կրթահամալիրում 2026–2027 ուսումնական տարում նախագծային աշխատանքների հետ կապված խնդիրները կարելի է բաժանել չորս խմբի․

1․ Միասնական սկզբունքներ։ Հստակեցնել՝ ինչ պահանջներ պետք է բավարարի սովորողի նախագիծը՝ անկախ առարկայից և իրականացման ձևից։

2․ Մանկավարժների մասնագիտական զարգացում։ Կրթահամալիրի կուտակած փորձը դարձնել վերապատրաստման և փորձի փոխանակման հիմք։

3․ Սովորողի ինքնուրույնություն։ Նախագծի բոլոր փուլերում մեծացնել սովորողի մասնակցությունը հարցադրմանը, պլանավորմանը, որոշումների կայացմանը և արդյունքի ներկայացմանը։

4․ Որակի գնահատում և անդրադարձ։ Գնահատել ոչ միայն ստացված արդյունքը, այլև սովորողի հետազոտական աշխատանքը, ինքնուրույնությունը, համագործակցությունը և սովորածը։

2026–2027 ուսումնական տարում մեր խնդիրը ոչ միայն նախագծային աշխատանքների կազմակերպումն է, այլև դրանց կրթական որակի գիտակցված զարգացումը։ Դրա համար անհրաժեշտ է կրթահամալիրի տարիների փորձը դարձնել ընդհանուր մասնագիտական քննարկման և ուսուցման հիմք, հստակեցնել նախագծային աշխատանքի հիմնական սկզբունքները և ստեղծել սովորողի ինքնուրույն գործունեությունը գնահատելու գործիքներ։

Նախագծային ուսուցման որակը որոշվում է ոչ միայն ստեղծված արդյունքով, այլև այն ճանապարհով, որով սովորողը հասնում է այդ արդյունքին։ Մեր առաջիկա աշխատանքի առանցքում պետք է լինի սովորողը՝ որպես հարցադրող, հետազոտող, ստեղծող և իր աշխատանքի համար պատասխանատու մասնակից։

Նկարը՝ Գևորգ Հակոբյանի ֆեյսբուքյան էջից