Սովորել հողից, ստեղծել սեփական ձեռքերով, հոգ տանել կյանքի մասին

Կրթական պարտեզը միայն ծառերի, ծաղիկների, կանաչ տարածքների ու արահետների ամբողջություն չէ։ Այն կենդանի ուսումնական միջավայր է, որտեղ սովորողը ճանաչում է բնությունը, սովորում աշխատել, ստեղծել, խնամել, պատասխանատվություն կրել և տեսնել իր աշխատանքի արդյունքը։ Այս միջավայրում այգեպանի դերը շատ ավելի մեծ է, քան բույսեր տնկելն ու ջրելը։ Այգեպանը նաև մանկավարժ է՝ իր գործով, փորձով, վերաբերմունքով ու ամենօրյա աշխատանքով։

Լինելով Վայոց ձորի մարզից՝ խաղողագործությունն ու հողի հետ աշխատանքը միշտ հարազատ են եղել ինձ։ Այն, ինչ տարիներ շարունակ եղել է իմ կյանքի փորձը, այսօր փորձում եմ փոխանցել սովորողներին։ Ինձ համար կարևոր է, որ նրանք ոչ միայն տեսնեն կատարված աշխատանքը, այլև մասնակցեն դրան, սովորեն գործիքներ օգտագործել, ճանաչեն բույսերը, հասկանան հողի, ջրի, արևի նշանակությունը և սեփական ձեռքերով ստեղծեն իրենց միջավայրը։

Իմ աշխատանքում կարևորում եմ նաև յուրաքանչյուր հանդիպում տիար Բլեյանի հետ։ Այդ հանդիպումները նոր հայացք են ձևավորում, հնարավորություն տալիս վերանայելու արդեն արվածը, նոր մանկավարժական լուծումներ գտնելու և դրանք գործնականում փորձարկելու։ Հերթական հանդիպումներից հետո մեր ուշադրության կենտրոնում հայտնվեցին Հարավային դպրոցի լանջերի, մուտքերի անվտանգության, կանաչ տարածքների պահպանման և նոր արահետների ստեղծման խնդիրները։


Ստեղծել, հինը օգտագործել, նոր կյանք տալ

Ամփոփում

Սովորողների հետ փորձեցինք հին իրերին նոր կյանք տալ։ Կոտրված պլաստմասե աթոռների նստատեղերն օգտագործեցինք նոր նստարաններ պատրաստելու համար։ Դրանք տեղադրեցինք լանջերի վերին հատվածում՝ միաժամանակ լուծելով անվտանգության, հանգստի և դիտարկման տարածք ունենալու խնդիրները։ Այժմ ծառերի ստվերում կարելի է նստել, հանգստանալ և հետևել մարզադաշտում անցկացվող մարզական խաղերին։

Այս աշխատանքը սովորողներին սովորեցնում է, որ ամեն ինչ չէ, որ պետք է դեն նետել։ Երբեմն ստեղծագործական միտքը, ձեռքի աշխատանքն ու ճիշտ մոտեցումը հին իրին նոր նշանակություն են տալիս։ Սա նաև ռեսուրսների խնայողության, վերօգտագործման և շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի գործնական դաս է։

Կանաչ մուտք՝ համատեղ հոգատարության արդյունք

Ամփոփում

Հարավային դպրոցի կենտրոնական մուտքի ծաղկանոցը երկար ժամանակ մեր հոգածության ներքո էր։ Տնկում էինք, ջրում, խնամում, բայց նորատունկ թփերն ու ծաղիկները հաճախ կոտրվում կամ տրորվում էին։ Սովորողների հետ քննարկեցինք՝ ինչպես պահպանել մեր աշխատանքը։ Որոշեցինք որոշ ժամանակով սահմանազատել ճանապարհը՝ գեղեցիկ ցանկապատ տեղադրելով։

Սովորողները նույնպես դարձան նախաձեռնության մասնակիցները։ Նրանք ընկերներին զգուշացնում էին, հորդորում չտրորել բույսերը, պահպանել կանաչ տարածքը։ Այսօր արդեն ունենք բարեկարգ, կանաչ ու ծաղկուն մուտք՝ ծաղիկներով և ծաղկամաններով։

Ինձ համար կարևոր է, որ սովորողը հասկանա՝ միջավայրը միայն իրեն տրված տարածք չէ, այլ մի բան, որի ստեղծման ու պահպանման պատասխանատվությունը նաև իրենն է։

Նոր արահետներ՝ նոր կանաչ տարածքներ

Ամփոփում

Լանջերի անվտանգությունն ապահովելու և նոր կանաչ միջավայր ստեղծելու նպատակով սովորողների հետ որոշեցինք ճանապարհի աջ ու ձախ հատվածները վերածել կանաչ տարածքների՝ թողնելով քայլելու համար նախատեսված արահետներ։

Սկզբում սահմանազատեցինք ճանապարհը, ապա հողը նախապատրաստեցինք, խոտ ցանեցինք ու սկսեցինք ջրել։ Ամենօրյա խնամքի, համբերության և հետևողական աշխատանքի շնորհիվ աստիճանաբար ստացանք մեր ուզած արդյունքը։

Այս գործընթացում սովորողները սովորում են ոչ միայն հող մշակել ու խոտ ցանել, այլև հասկանալ, որ բնության հետ աշխատանքը ժամանակ և շարունակական հոգատարություն է պահանջում։ Արդյունքը միանգամից չի երևում, բայց այն անպայման գալիս է հետևողական աշխատանքի շնորհիվ։

Պարտիզպանի տնակը՝ բաց սովորողների առաջ

Ամփոփում

Հարավի մի գողտրիկ անկյունում պարտիզպանի տնակն է, որտեղ պահվում են այգեգործական գործիքներն ու անհրաժեշտ պիտույքները։ Տնակի ստեղծման գաղափարը շատ պարզ է․ այն պետք է հասանելի լինի սովորողներին։

Սովորողը կարող է մոտենալ, բացել դուռը, վերցնել անհրաժեշտ գործիքը, օգտագործել այն և աշխատանքն ավարտելուց հետո մաքուր ու անվտանգ վերադարձնել իր տեղը։

Իմ տղաներն արդեն դարձել են իմ լավ ընկերները։ Նախ՝ ծանոթացրել եմ նրանց գործիքներին, դրանց նշանակությանը, անվտանգության կանոններին, ապա՝ սովորեցրել ճիշտ օգտագործել։ Կարևոր է, որ գործիքներով աշխատելիս նրանք կարողանան հոգ տանել իրենց և ընկերների անվտանգության մասին։

Սա տեխնոլոգիական և գործնական հմտությունների փոխանցման կարևոր գործընթաց է։ Սովորողները ծանոթանում են գործիքներին, սովորում դրանց կիրառությունը, աշխատանքի հաջորդականությունը, նյութերի օգտագործումը, անվտանգությունն ու կազմակերպումը։

Ինձ համար կարևոր է, որ այս հմտությունները չմնան միայն դպրոցի տարածքում։ Սովորողը պետք է կարողանա իր սովորածը կիրառել տանը, բակում, օգնել ծնողներին, տատիկին ու պապիկին։ Սրանք հմտություններ են, որոնք անհրաժեշտ են ողջ կյանքի ընթացքում։

Խաղողի նոր թարմաներ՝ ավանդույթի շարունակություն

Ամփոփում

Կրթահամալիրի պարտեզային մշակույթում առանձնահատուկ տեղ ունի խաղողագործությունը։ Խաղողի մշակության, խնամքի ու բերքահավաքի շարունակությունն է նաև մեր ստեղծած գինին։

Ինքս լինելով Վայոց ձորից՝ խաղողի վազի խնամքի ավանդույթն ինձ համար հարազատ է։ Այսօր արդեն փորձում եմ այդ փորձը փոխանցել սովորողներին։

Հարավի պարտեզում խաղողի նոր թարմաներ ստեղծեցինք։ Պարտիզպանի տնակի հարևանությամբ նոր անկյուն ձևավորեցինք, ամրացրինք ձողերը, կապեցինք խաղողի վազերը՝ շարունակելով կանաչ միջավայրի ստեղծումը։

Նպատակ ունենք նման թարմաները շատացնել, որպեսզի դրանք ժամանակի ընթացքում  դառնան ստվերաշատ կանաչ տաղավարներ։ Սովորողները մասնակցում են աշխատանքին, սովորում խաղողի վազի խնամքը, կապը, ձևավորումը։ Այսպես փոխանցվում է ոչ միայն գյուղատնտեսական գիտելիք, այլև ազգային ավանդույթ, սերունդների փորձ և մշակույթ։

Ընտանեկան ծառատունկ․ յուրաքանչյուր ծառ՝ իր պատմությամբ

Ամփոփում

Մեր մանկավարժության մեջ կարևոր են բնությունը, այգին ու միջավայրը սիրելը, խնամելն ու պահպանելը։ Իսկ այս աշխատանքում ընտանիքի ներգրավվածությունը շատ կարևոր է։

Կարևորում ենք, որ յուրաքանչյուր սովորող ունենա իր ծառը կամ թուփը, որն իր ծնողի, տատիկի կամ պապիկի հետ միասին կընտրի, կբերի և կտնկի Հարավի պարտեզում։

Նախապես ուսումնասիրում ենք պարտեզը, որոշում՝ ինչ ծառեր ու թփեր են պակասում, տեղեկացնում ծնողներին, և միասին անցնում գործի։ 

Ընտանեկան ծառատունկը սեբաստացի ընտանիքների համար դառնում է իսկական տոն՝ համատեղ աշխատանքի, ջերմության ու համագործակցության օր։

Իսկ ծառատունկից հետո մեր հաճելի ավանդույթն է միասին ընդմիջել Հարավի թոնրատանը՝ վառարանի շուրջ կարտոֆիլ ուտել, տաք լավաշը կիսել։ Այսպիսի հանդիպումներն ավելի են ամրացնում ընտանիք-դպրոց կապը։

Բայց ամենակարևորը ծառատունկից հետո է սկսվում։ Սովորողի համար իր տնկած ծառի խնամքը դառնում է ամենօրյա աշխատանք։ Նա հետևում է աճին, ջրում, խնամում, ուրախանում նոր տերևներով։ Յուրաքանչյուր ծառ ձեռք է բերում իր պատմությունը, իսկ սովորողը՝ պատասխանատվություն։

Այգեպանի աշխատանքը՝ կյանքի հմտությունների դպրոց

Այս բոլոր նախաձեռնությունները մեկ ընդհանուր գաղափար ունեն․ սովորողը պետք է լինի ոչ թե միջավայրի պասիվ օգտագործողը, այլ դրա ստեղծողն ու հոգատար պահապանը։

Այգեպանի հետ աշխատելով՝ սովորողը ձեռք է բերում բազմաթիվ գործնական և տեխնոլոգիական հմտություններ՝

  • ճանաչում և ճիշտ օգտագործում է այգեգործական գործիքները,
  • սովորում է աշխատանքի անվտանգության կանոնները,
  • ծանոթանում է հողի մշակման, սերմնացանի, տնկման և բույսերի խնամքի աշխատանքներին,
  • սովորում է վերօգտագործել հին իրերն ու նյութերը,
  • մասնակցում է տարածքի նախագծման, բարեկարգման և կանաչապատման աշխատանքներին,
  • սովորում է աշխատել խմբով, համագործակցել, կազմակերպել աշխատանքը և պատասխանատվություն ստանձնել,
  • ձեռք բերած հմտությունները կիրառում է նաև ընտանիքում ու առօրյա կյանքում։

Ինձ համար մեծ ձեռքբերում է, երբ սովորողն ինքնուրույն մոտենում է գործիքներին, գիտի՝ որն ընտրել, ինչպես օգտագործել, ինչպես պահպանել։ Երբ նկատում է վնասված բույսը, ինքն է որոշում ջրել, խնամել, ուղղել։ Ուրախանում եմ, երբ ընկերոջն է սովորեցնում իր իմացածը։ Այդ պահերին հասկանում եմ, որ մեր համատեղ աշխատանքն արդեն դարձել է կրթություն։

Կրթական պարտեզը երբեք ավարտուն չէ․ այն անընդհատ ստեղծվում, փոխվում ու զարգանում է։ Ամեն նոր արահետ, ծառ, թուփ, նստարան կամ ծաղկանոց մեր համատեղ աշխատանքի արդյունքն են։

Իսկ այգեպանի ամենակարևոր հաջողությունը, կարծում եմ, ոչ թե իր տնկած ծառերի քանակն է, այլ այն սովորողները, որոնք վաղը կկարողանան ինքնուրույն ծառ տնկել, խնամել իրենց բակը, աշխատել գործիքներով, պահպանել բնությունը և իրենց շուրջը ստեղծել ավելի լավ միջավայր։

Ես ուզում եմ, որ Հարավի յուրաքանչյուր սովորող պարտեզից հեռանա ոչ միայն նոր գիտելիքով, այլև ձեռքերով ստեղծած գործով, ձեռք բերած հմտությամբ և բնության հանդեպ հոգատարությամբ։ Չէ՞ որ սա է կրթական պարտեզի ամենամեծ արդյունքը։