Ամառային ճամբարը կամ ուսուցման 4-րդ շրջանը նոր բացահայտումների, անկեղծ ընկերության և անսահման ստեղծագործելու շրջան է։ Այն կրթական հարթակ է, որը թույլ է տալիս խմբասենյակային ուսուցումը փոխարինել բացօթյա ուսուցմամբ։ Մեր ամառային ճամբարի հիմքում դրված էր սովորողի ինքնուրույնության խթանումը, ստեղծագործական մտածողության զարգացումն ու սոցիալականացումը։ Գործունեության յուրաքանչյուր ձև ընտրված էր այնպես, որ ապահովեր երեխայի համակողմանի և ներդաշնակ զարգացումը։ Ես` որպես «Հորինուկ» ջոկատի ղեկավար, փորձում էի ճամբարը դարձնել այնպիսի վայր, որտեղ յուրաքանչյուր օրը լիներ արկածային՝ լի ծիծաղով, բացահայտումներով և գիտելիքներով։ Ճամբարականների օրակարգը բազմազան էր, իսկ իրականացվող գործունեության տեսակները՝ տարբեր։
Ամառային ճամբարի յուրաքանչյուր օր Արևելյան դպրոցում մի նոր բացահայտում էր․ հատկապես պետք է առանձնացնեմ Տաթև Մանվելյանի հետ համագործակցությունը, երբ դպրոցի կանաչ և խնամված բակը վերածվել էր իսկական և իրական արվեստանոցի։ «Հորինուկ» ջոկատի ճամբարականների առավոտը սկսվեց իսկական ստեղծագործական եռուզեռով։ Ճամբարականները, զինված վրձիններով, ներկերով, կտավներով և անսահման երևակայությամբ, անցան գործի։ Մինչև նրանք կտավին էին հանձնում իրենց վառ ճամբարային տպավորությունները, բակում հնչում էին ընկեր Տաթևի ֆլեյտայի հնչյունները։Դա պարզապես տեխնոլոգիական գործունեություն չէր, այլ իսկական պլեներ՝ հույզերի, երաժշտության և գույների տոն ։
Այո՛, ճամբարը հնարավորություն է տալիս յուրաքանչյուրիս բոլորովին նոր կողմերով դրսևորվել։ Միջավայրի փոփոխությունն ու գործունեության ազատությունը հանձնում են մեզ միանգամայն «նոր» սովորողների։ Դասարանում լռակյաց, գուցե մի քիչ կաշկանդված կամ ուսումնական առումով ոչ այնքան ակտիվ երեխան ճամբարում հանկարծ դառնում է առաջնորդ։ Այն սովորողը, ով դժվարանում էր երկար կենտրոնանալ ուսումնական որևէ առաջադրանքի կատարման ժամանակ, օրինակ, խոհանոցային գործունեության ընթացքում հանկարծ ստանձնում է գլխավոր դերը՝ հստակ բաշխելով գործերը, կազմակերպելով մթերքների մաքրումն ու սեղանի ձևավորումը։ Այստեղ պետք է նշեմ, որ նման գործունեության տեսակների իրականացումը երեխայի համար վերածվում է իսկական լաբորատորիայի, որտեղ զարգանում են տարբեր հմտություններ։ Կարևորը ոչ թե կատարյալ արդյունքն է կամ իդեալական մաքրությունը, այլ հենց ճանաչողական և ստեղծագործական գործընթացը, որն անցնում է երեխան։
Ճամբարը ցույց է տալիս երեխաների հուզական խորությունը։ Երբեմն ամենաաշխույժ ու «չլսող» համարվող երեխաները կենդանիների կամ բույսերի խնամքի ժամանակ ցուցաբերում են այնպիսի նրբանկատություն, համբերատարություն ու հոգատարություն, որ հիացնում են ճամբարի ղեկավարին։ Նրանց մեջ արթնանում է թույլին պաշտպանելու և խնամելու բնական բնազդը։ Ճամբարի ընթացքում իրականացվող ճամփորդությունների ժամանակ, երբ ճանապարհը դժվար է լինում, ջնջվում են «ես»-ի սահմանները։ Երեխաները սկսում են նկատել միմյանց՝ մեկը մյուսին ձեռք է մեկնում, կիսվում է ջրով, օգնում է կրել ուսապարկը։ Սա այն սոցիալական զարգացման հիմքն է, որը հնարավոր չէ ստեղծել միայն ուսումնական պարապմունքների միջոցով։
Յուրաքանչյուր ճամփորդություն մեզ համար նախապես պլանավորված, ուսումնասիրված և հետազոտական տարրեր պարունակող նախագիծ է, որին պատրաստվում ենք պատշաճ՝ ուսապարկի պարունակություն, երթուղու ուսումնասիրություն, անվտանգության կանոններ և այլն։ Հատկապես տպավորիչ էր Արևելյան դպրոցից դեպի Հարավային դպրոց տանող ճանապարհով քայլքը, որը սեբաստացի ճամփորդ ճամբարականներն անցան զրույցներով, միջավայրի խնամք իրականացնելով, նաև ճանաչեցին կրթական միջավայրը։ Միանգամից համեմատական տարան, թե կրթահամալիրի որ մասնաճյուղերում են եղել, ինչ գործունեության տեսակներ են իրականացրել։ Հարավում չէին եղել, ինչն էլ բացահայտում էր նրանց համար։
Ամփոփելով՝ սովորողը և ուսուցիչը հաջողում են այն ժամանակ, երբ ուսուցումը վերածվում է հաճելի հայտնագործության, որտեղ չկան ձախողվելու վախեր, կան միայն փորձելու, սովորելու, համագործակցելու և ստեղծագործելու անսահման հնարավորություններ։
Ճամբարի ընթացքում ստեղծված տեսանյութերը, ճամբարականների պատումները արտացոլում են մեր իրականացրած նախագծերի հաջողությունը։
