Խոնարհումով և շնորհակալությամբ՝
երջանկահիշատակ և սիրելի ավագ ընկերոջս՝
Գայանե Թերզյանին

Ներածություն

Ժամանակակից կրթական համակարգում կրթության որակի բարձրացումը պահանջում է դասավանդման նորարարական մեթոդների ներդրում։ Ավանդական դասախոսության ձևաչափով դասավանդումը հաճախ չի ապահովում ուսանողների բավարար ներգրավվածություն և լիարժեք չի նպաստում նրանց գործնական հմտությունների ձևավորմանը։ Հաշվի առնենք նաև, որ քոլեջի ուսանողները արդեն երեխաներ չեն և գրեթե մոտենում են այն տարիքին, երբ նրանց կարելի է մեծահասակ անվանել։ Այս դեպքում առաջանում է կարևոր հարց՝ ինչպես սովորեցնել դեռահաս-մեծահասակին՝ այն մարդուն, որը մշտապես զբաղված է, ում ժամանակը սահմանափակ է, և ով հաճախ չի ցանկանում այն վատնել իր կարծիքով ոչ կիրառական, տեսական գիտելիքների վրա։
Սույն հոդվածի նպատակն է ներկայացնել շուկայաբանություն դասավանդող մասնագետի կողմից կիրառվող մեթոդները, ինչպես նաև ցույց տալ, թե ինչպես կարող են այլ մասնագիտությունների դասավանդման ընթացքում կիրառվող մեթոդները վերափոխվել և հարմարեցվել մարքեթինգի ուսուցման գործընթացին։ Հոդվածը նպատակ ունի նաև մշակելու և ներկայացնելու այնպիսի մեթոդներ, որոնք առավել արդյունավետ կլինեն շուկայաբանության ուսումնասիրման և դասավանդման շրջանակներում։
Այս նպատակին հասնելու համար հեղինակի կողմից առաջադրվել են մի շարք խնդիրներ․

  • ուսումնասիրել տվյալ ոլորտում առկա միջազգային դասավանդման փորձը,
  • համագործակցել գործընկերների հետ, ծանոթանալ ավելի փորձառու մասնագետների աշխատանքային փորձին, կիրառել ուսումնասիրված մեթոդները, այնուհետև վերափոխել և հարմարեցնել դրանք տվյալ դասընթացի առանձնահատկություններին,
  • սեփական դասավանդման փորձի հիման վրա ստեղծել նոր մեթոդներ և մոտեցումներ։

Սույն հոդվածը կարող է հետաքրքրել ինչպես սկսնակ, այնպես էլ փորձառու դասավանդողներին, որոնք ցանկանում են վերանայել և կատարելագործել իրենց դասավանդման ոճը, ինչպես նաև որոնում են գիտելիքի փոխանցման նոր և արդյունավետ ուղիներ։ Այն կարող է օգտակար լինել նաև ուսանողներին, որոնք կատարում են իրենց առաջին քայլերը դասավանդման ոլորտում և աշխատում են սկսնակ սովորողների հետ «սովորող-սովորեցնող» նախագծերի շրջանակում։ Հոդվածը կարող է հետաքրքրել նաև վերապատրաստում իրականացնող մասնագետներին, ովքեր փնտրում են դասընթացների կազմակերպման և անցկացման նոր մեթոդներ։
Դեռահասների հետ աշխատանքի և դասավանդման մեթոդների ուսումնասիրությունը նպատակահարմար է սկսել մեծահասակների կրթությունն ուսումնասիրող գիտությունից՝ անդրագոգիկայից։ Դեռահասը, իրեն զգալով արդեն ձևավորված և ինքնուրույն անհատ, ձգտում է ձեռք բերել կիրառական և գործնական գիտելիքներ, որոնք հետագայում կարող են օգնել նրան մասնագիտական գործունեության և եկամուտ ստանալու հարցում։ Սակայն կարևոր է հասկանալ, որ գործնական գիտելիքը, առանց ամուր տեսական հիմքի, չի կարող բարձր արժեք ունենալ։

Անդրագոգիկայի մեթոդներ և Դեյվիդ Քոլբի էմպիրիկ ուսուցման շրջափուլը
Ինչպես հայտնի է, անդրագոգիկան մեծահասակների կրթության և դասավանդման մեթոդներն ուսումնասիրող գիտություն է, որը հնարավորություն է տալիս հասկանալ ուսուցման գործընթացի առանձնահատկությունները։ Տարբեր հետազոտությունների ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ գոյություն չունի մեկ միասնական մեթոդ կամ «պատրաստի բանաձև»՝ մեծահասակներին կամ դեռահասներին արդյունավետ կրթելու համար։
Խոսելով տվյալ ոլորտի գիտական մոտեցումների մասին՝ հարկ է նշել, որ այս խնդրով, բացի անդրագոգիկայից, զբաղվում են նաև նեյրոգիտությունը, էմպիրիկ կամ փորձարարական ուսուցումը և տրանսֆորմացիոն ուսուցումը։
Մեծահասակ սովորողը սովորաբար գիտակցում է ուսուցման կարևորությունը, հետաքրքրված է կրթական գործընթացով և ցանկանում է տեսնել դրա գործնական արդյունքները։ Սակայն անդրագոգիկայի մեթոդները միշտ չեն, որ նույն արդյունավետությունն ունեն դեռահասների շրջանում։ Դեռահասներից ոչ բոլորն են լիովին գիտակցում կրթության նշանակությունը, իսկ մասնագիտության ընտրության որոշումները հաճախ կայացվում են ծնողների ազդեցությամբ։
Տրանսֆորմացիոն ուսումնառության տեսությունը հնարավորություն է տալիս փոխելու մարդու «իմաստային հեռանկարները», այսինքն՝ վերանայելու նախկին պատկերացումները և կարծրատիպերը։ Սա հատկապես կարևոր է վերաորակավորման և փոփոխությունների կառավարման գործընթացներում։ «Տրանսֆորմացիոն» կամ փոխակերպող ուսուցման տեսությունը բացատրում է, թե ինչպես են մեծահասակները սովորում նման «լուսավորման» պահերի՝ ինսայթների միջոցով։ Տեսությունը հիմնված է այն գաղափարի վրա, որ ուսուցումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ նոր գիտելիքները համադրվում են նախկին փորձի հետ, կամ երբ հին պատկերացումները դիտարկվում են նոր տեսանկյունից։
Եվ վերջապես՝ էմպիրիկ կամ փորձառական ուսուցման տեսությունը։ Չինացի փիլիսոփա Կոնֆուցիոսն ասել է․ «Ասա՛ ինձ, և ես կմոռանամ, ցո՛ւյց տուր ինձ, և ես կհիշեմ, թո՛ւյլ տուր անեմ, և ես կհասկանամ»։ Ոչ մի գրականություն չի կարող հաղորդել այնքան խորը գիտելիքներ, որքան այն փորձը, որը մարդը ձեռք է բերում ինքնուրույն գործելու ընթացքում։ Էմպիրիկ ուսուցման տեսությունը պնդում է, որ մեծահասակների ուսուցման հիմքում գործնական փորձի իմաստավորումն է։ Մեծահասակներն առավել արդյունավետ սովորում են գործողության միջոցով, այլ ոչ թե պարզապես գրքերից թվեր և սահմանումներ մտապահելով։ Նույնը կարելի է ասել նաև դեռահասների մասին։ Դեռահասը սովորում է այն ժամանակ, երբ հնարավորություն ունի փորձարկելու, «շոշափելու» տրված գիտելիքը և համոզված է, որ այն կիրառելի է իրական կյանքում։
Դեյվիդ Քոլբն առանձնացնում է էմպիրիկ ուսուցման չորս փուլ․

  • Կոնկրետ փորձառություն — սովորողը ներգրավվում է իրական կամ մոդելավորված իրավիճակում
  • Հայեցողական դիտարկում — ստացված փորձի վերլուծություն և անդրադարձ
  • Վերացական հայեցակարգում — եզրահանգումների և տեսությունների ձևավորում
  • Ակտիվ փորձարկում — նոր գաղափարների կիրառում գործնականում։

Այսպիսով, դիտարկելով վերոնշյալ ուսուցման շրջափուլը, որպես դասավանդող՝ հանգում եմ այն եզրակացության, որ հատկապես շուկայաբանության ուսուցման գործընթացում կարևոր է ոչ միայն տեսական գիտելիքների փոխանցումը, այլ նաև ուսանողների վերլուծական մտածողության, ստեղծագործականության և հաղորդակցական հմտությունների զարգացումը։ Այս համատեքստում առանձնահատուկ կարևորություն են ստանում ինտերակտիվ և փորձարարական ուսուցման մեթոդները, որոնք ապահովում են ուսանողների ակտիվ մասնակցությունը ուսումնական գործընթացին։

Կիրառվող մեթոդները շուկայաբանության դասավանդման մեջ
Այս հարցերի շուրջ ես՝ որպես հեղինակ, սկսել եմ մտածել կրթահամալիր ընդունվելու առաջին իսկ օրերից։ Ուսումնասիրվել է ավագ գործընկերների փորձը, կիրառվել տարբեր մեթոդներ ուսումնական պարապմունքների ընթացքում, այնուհետև դրանք վերափոխվել և հարմարեցվել են տվյալ առարկայի առանձնահատկություններին։
Բերված մեթոդները կիրառելի են ոչ միայն շուկայաբանություն դասավանդման ընթացքում և կարող են օգտակար լինել նաև այլ ոլորտների դասավանդողների համար։ Հոդվածում ներկայացված են նաև հեղինակային մեթոդներ, որոնք ստեղծվել են սեփական փորձի և դասային գործընթացի ընթացքում կատարված դիտարկումների հիման վրա։
Շուկայաբանության դասավանդման ընթացքում, ինչպես նաև ցանկացած այլ առարկայի դեպքում, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջը առաջնորդվում է ուսանողակենտրոն մոտեցմամբ, որի հիմքում ընկած է «սովորել՝ անելով» սկզբունքը։ Յուրաքանչյուր թեմա ուղեկցվում է գործնական առաջադրանքով, որը հնարավորություն է տալիս ուսանողներին կիրառելու ստացած գիտելիքները իրական կամ իրականին մոտ իրավիճակներում։

Ուսանողների կողմից մշակված նախագծերը և գործարար ծրագրերը հրապարակվում են առցանց հարթակում՝ հեղինակի բլոգում, ինչը նպաստում է պատասխանատվության ձևավորմանը և աշխատանքի որակի բարձրացմանը։ Դասային գործընթացի ընթացքում խրախուսվում են քննարկումները, գաղափարների փոխանակումը և ստեղծագործական մոտեցումը, ինչի արդյունքում ձևավորվում է ակտիվ և համագործակցային ուսումնական միջավայր։
Ներկայացնենք մեթոդները՝ ավելի մանրամասն հավելելով դրանք գործնական օրինակներով․
Խմբային աշխատանք։ Սա այն տարածված մեթոդներից է, որը թույլ է տալիս բացահայտել ուսանողների ոչ միայն տեսական կամ գործնական գիտելիքները կամ հմտությունները, այլև, այսպես կոչված, soft skills կամ փափուկ հմտությունները։ Այլ կերպ ասած՝ այն հմտությունները, որոնք թույլ կտան սովորողին առավել վստահ և անկաշկանդ ներկայանալ թիմի մեջ, խոսել թիմի անունից, կարողանալ առաջ տանել իր կարծիքը։
Ուսանողներն աշխատում են թիմերով՝ մշակելով մարքեթինգային ռազմավարություններ, բիզնես պլաններ և նախագծեր։ Տվյալ աշխատանքը՝ որպես կանոն, համարվում է այլ մեթոդների մեջ ներառվող և կարևոր դեր խաղացող մի եղանակ։ Մեր կարծիքով այն չի կարող առանձին, ուրույն մեթոդ համարվել, քանի որ չունի ինչ-որ առանձնահատկություն, որը բնորոշ է այլ մեթոդներին։ Յուրաքանչյուր խմբային աշխատանք հանդես է գալիս որպես սովորողների փոխհարաբերությունների կատալիզատոր, այն մի կողմից սովորեցնում է, տալիս տեսական և գործնական հմտություններ, մյուս կողմից էլ հանդիսանում ուսանողի թիմում աշխատելու, նրա վարքագիծը ստուգելու հնարավորություն։ Շատ ուսանողներ երբեմն հրաժարվում են տվյալ աշխատանքի տեսակից, խնդրում տալ իրենց անհատական հանձնարարություն, ոմանք շատ էմոցիոնալ են արձագանքում, ինչը թույլ է տալիս բացահայտել որոշ առանձնահատկություններ և երբեմն ուղղորդել սովորողին տվյալ հմտությունը զարգացնելու նպատակով։ Ամեն դեպքում սա լավ մեթոդ է, որը միշտ կիրառվում է Քոլեջի ուսումնական գործընթացի շրջանակներում։
Case Study (կամ ուսուցում իրական օրինակի վրա)  մեթոդի կիրառումը թույլ է տալիս վերլուծել իրական կամ իրականին մոտ գեներացված բիզնես- իրավիճակներ և առաջարկել լուծումներ: Տվյալ մեթոդը զարգացնում է վերլուծական մտածողությունը, խթանում է կիրառել դասի ընթացքում ստացված տեսական գիտելիքները, ինչպես նաև զարգացնում է որոշումների կայացման հմտությունները։ Մեթոդը հաճախ կիրառվում է Մերչենդայզինգ, Մարքեթինգային գործընթացի իմացություն, ինչպես նաև 1-ին կուրսի ուսանողների ընտրության առարկայի ուսուցման ժամանակ: Տվյալ մեթոդը կիրառվում է նաև Ձեռներեցություն մոդուլի դասավանդման ժամանակ, երբ ուսանողին հանձնարարված է ստեղծել սեփական բիզնեսը և մշակել գործարար ծրագիր: Ընդ որում՝ սովորողներին առաջարկվում է ստեղծել գործարար ծրագիր՝ հաշվի առնելով մեր երկրի իրական տնտեսական պայմանները: Որպես օրինակ՝ բերենք մի քանի նախագծերի օրինակներ՝ Սրահի նախագծում և մերչենդայզինգի մեթոդների կիրառում, Գործարար ծրագրի ստեղծում։ Գործնական աշխատանք Data analitics առարկայի շրջանակներումEST վերլուծություն

Սովորողի կողմից Excel ծրագրով ստեղծված և վիզուալիզացիայի միջոցով ներկայացված տվյալների վերլուծության արդյունքները


Ուսումնական խաղեր։ Բոլորին հայտնի է, որ այս մեթոդները ուսանողների կողմից ամենասիրվածներից մեկն է: Խաղը արդյունավետ գործիք է, որը պասիվ լսելուց անցում է կատարում դրա ակտիվ «կիրառմանը»։ Այն վերացնում է հոգեբանական պատնեշները, բարձրացնում մոտիվացիան և թույլ է տալիս անվտանգ կերպով գործնականում կիրառել նոր գիտելիքները։ Գոյություն ունեն խաղերի մի քանի տարատեսակներ, որոնցից մեկն էլ դերային խաղն է (Role Play): Ուսանողները ստանձնում են տարբեր դերեր (մարքեթոլոգ, հաճախորդ, բիզնեսի ղեկավար, վաճառքի մենեջեր, հաճախորդ) և մոդելավորում են իրական շուկայական իրավիճակներ։ Սա նպաստում է հաղորդակցման հմտությունների զարգացմանը, կաշկանդվածության վերացմանը, արագ որոշում կայացնելու հմտության զարգացմանը։ Տվյալ մեթոդը գրեթե ամենասիրվածն է ուսանողների կողմից, այն ստիպում է սովորողին հայտնվել հոգեբանորեն ճգնաժամային իրավիճակում, վերապրել տվյալ իրավիճակը և զարգացնում է անվտանգ միջավայրում գտնվելու հմտությունները: Այս մեթոդը շատ է կիրառվում Ձեռներեցություն, Վաճառքի հմտություններ մոդուլների ընթացքում։ Բերենք մի քանի օրինակ՝ ՄտագրոհՎաճառքի հմտություններ

Բացի դերային խաղից՝ որպես տարատեսակ՝ շատ օգտակար է կիրառել խաղայնացման, կամ, այսպես կոչված, գեյմիֆիկացիայի մեթոդը՝ դասային գործընթացի մեջ խաղային  էլեմենտներ ներդնելով՝ կիրառել միավորներ, վարկանիշներ, «նվաճումներ»: Սա թույլ կտա պահպանել սովորողների ներգրավվածությունը: Եվս մի խաղի տարատեսակ՝ քեյս-խաղեր (սիմուլյացիոն խաղեր): Սրանք ոչ ստանդարտ խնդիրների լուծում պահանջող իրավիճակներ են, երբեմն ասոցիատիվ բնույթ կրող իրավիճակներ, որոնք իրականացվում են սահմանափակ ռեսուրսների կամ ժամանակի պայմաններում։ Օրինակ՝ Ձեռներեցի կերպարը կամ լուցկիներով խաղը:
Դաշտային գործնական աշխատանք: Այս մեթոդը շուկայաբանության բաժնի սովորողների ամենասիրելի մեթոդներից մեկն է։ Այն ներառում է խմբային աշխատանք դրսում՝ այսպես կոչված՝ դաշտային պայմաններում։ Տարածքը հաճախ ընտրվում է ուսումնական հաստատության հարակից հատվածում կամ ուսանողների բնակավայրում, երբեմն նաև այլ քաղաքներում՝ տեղական բիզնեսների և խանութների գործունեությունն ուսումնասիրելու նպատակով։
Ուսանողներին հիմնականում հանձնարարվում է ուսումնասիրել կամ վերլուծել որևէ երևույթ կամ գործընթաց, ինչպես նաև իրական խորհրդատվություն տրամադրել խանութների կամ կազմակերպությունների մարքեթինգային հարցերի վերաբերյալ։ Մեթոդը բաղկացած է միմյանց հետ փոխկապակցված երեք փուլերից․
Տեսական փուլ՝ տեսական նյութի ուսումնասիրություն և աշխատանքային ուղեցույցի քննարկում,
Դաշտային փուլ՝ բուն դաշտային աշխատանք, որը ներառում է տվյալների հավաքագրում, ֆիքսում, լուսանկարում և այլ դիտարկումներ,
Վերլուծական փուլ՝ վերադարձ լսարան, հավաքագրված տվյալների վերլուծություն, եզրակացությունների ձևակերպում և արդյունքների ներկայացում։
Տվյալ մեթոդը ապացուցել է իր արդյունավետությունը, քանի որ նպաստում է ուսանողների թիմային աշխատանքի հմտությունների զարգացմանը, պարտականությունների ճիշտ բաշխմանը, տեսական նյութի արագ յուրացմանը և սահմանափակ ժամանակի արդյունավետ կառավարմանը։ Այսպիսի աշխատանքների օրինակներ են՝ Մերչենդայզինգի կանոնների ուսումնասիրությունԱռևտրի սրահի դասավորվածության վերլուծությունՑուցափեղկերի դասավորվածության ուսումնասիրություն, Բրենդերի արքետիպերի մշակում։

Սովորողների կողմից ԱԲ-ի միջոցով ստեղծված Գրանդ Քենդի և Դան Դեսերտ բրենդերի արքետիպերը: Արքետիպերի մշակում նախագիծ:

Jigsaw մեթոդ կամ «Խճանկար»: Այս մեթոդը կիրառվում է այն դեպքերում, երբ սովորողներին անհրաժեշտ է յուրացնել տեսական մեծածավալ ուսումնական նյութ։ Ուսումնական նյութը բաժանվում է մի քանի մասի, իսկ սովորողները՝ նույն քանակությամբ խմբերի։ Յուրաքանչյուր խումբ ուսումնասիրում է նյութի մեկ հատված և մասնագիտանում տվյալ մասի շուրջ։ Այն բանից հետո, երբ խմբերը յուրացնում են իրենց հատվածը, կատարվում է խմբերի վերադասավորում այնպես, որ յուրաքանչյուր նոր խմբում ընդգրկված լինեն տարբեր հատվածների «մասնագետներ»։ Յուրաքանչյուր մասնակից պարտավոր է իր ուսումնասիրած հատվածը ներկայացնել և բացատրել նոր խմբի անդամներին՝ ապահովելով, որ նրանք ևս հասկանան և յուրացնեն տվյալ նյութը։
Արդյունքում նոր ձևավորված խմբերում ուսանողները փոխադարձաբար ներկայացնում և բացատրում են իրենց հատվածները, ինչի շնորհիվ յուրաքանչյուր սովորող սկսում է տիրապետել ամբողջ ուսումնական նյութին։
Որպես եզրափակիչ փուլ՝ կազմակերպվում է մրցույթ կամ գնահատման գործընթաց, որի միջոցով պարզվում է, թե որ թիմն է առավել արդյունավետ յուրացրել ուսումնական նյութը։
Գրքի խմբային ընթերցանություն: Սա վերոհիշյալ մեթոդի ավելի պարզ և թեթև տարբերակն է։ Այն առանձնանում է նրանով, որ դասավանդողը կարողանում է խթանել ուսանողների հետաքրքրությունը մասնագիտական գրականության նկատմամբ և ձևավորել ընթերցանության մշակույթ։ Ուսանողների խմբին տրվում է մասնագիտական գրքից մեկ գլուխ, որը բաժանվում է մասերի, ընթերցվում և ներկայացվում դասի ավարտին։ Կարևոր պայման է, որ ներկայացումը համալրվի իրական օրինակներով և գործնական դիտարկումներով, որոնք գրքում ներկայացված չեն։
Այսպիսով՝ այս մեթոդը ուսանողներին հնարավորություն է տալիս մի քանի դասաժամերի ընթացքում ընթերցելու մասնագիտական գրքեր, քննարկելու, վերլուծելու և համատեղ ուսումնասիրելու մասնագիտական նյութերը։
Թվային գործիքների և արհեստական բանականության կիրառում դասային գործընթացի ընթացքում։ Դասավանդման ընթացքում օգտագործվում են առցանց հարթակներ, որոնք նպաստում են ինտերակտիվ ուսուցմանը և հետադարձ կապի ապահովմանը։ Նման մեթոդները նաև շատ ավելի ակտիվ կիրառվում են ուսանողների կողմից «Սովորող-սովորեցնող» նախագծերի շրջանակում։ Ուսանողները կիրառում են Quizziz, Canva, այլ հարթակներ՝ դասային գործընթացը ավելի խաղային և հետաքրքիր դարձնելու նպատակով (hաշվետվություն Երազիկ Հովհաննիսյանի բլոգից): Հիշատակենք նաև վերջին շրջանում արհեստական բանականության կիրառումը ուսումնական գործընթացի ընթացքում: Այն խթանում է սովորողին՝ կիրառելու տվյալ հարթակը օգտակար նյութեր և կոնտենտ ստեղծելու համար, ինչը կարևոր գործոն է  շուկայաբանություն ուսումնասիրող ուսանողի համար: Օրինակ՝ բրենդի արքետիպերի ստեղծում ԱԲ-ի միջոցով: Այս նախագծում միաժամանակ տեղ են գտել երկու մեթոդներ՝ դաշտային աշխատանքը և ԱԲ-ի կիրառումը:

Եզրակացություն
Ամփոփելով հոդվածս՝ եկել եմ այն եզրահանգման, որ ժամանակակից շուկայաբանության դասավանդումը պահանջում է ոչ միայն տեսական գիտելիքների փոխանցում, այլև այնպիսի ուսումնական միջավայրի ձևավորում, որտեղ սովորողը դառնում է ուսուցման գործընթացի ակտիվ մասնակից։ Ինտերակտիվ, փորձարարական և գործնական մեթոդների կիրառումը հնարավորություն է տալիս ուսանողներին ոչ միայն յուրացնել նյութը, այլև զարգացնել վերլուծական մտածողությունը, ստեղծագործականությունը, հաղորդակցման և թիմային աշխատանքի հմտությունները։
Դասավանդման փորձը ցույց է տալիս, որ դեռահաս-մեծահասակ սովորողը առավել արդյունավետ է սովորում այն դեպքում, երբ հասկանում է ուսումնասիրվող նյութի կիրառական արժեքը, ներգրավված է գործընթացում և հնարավորություն ունի փորձարկել սեփական գաղափարները։ Հետևաբար դասավանդողի կարևորագույն խնդիրներից մեկը տեսական գիտելիքը կյանքի և իրական պրակտիկայի հետ կապելն է։
Ներկայացված մեթոդները հնարավորություն են տալիս ուսումնական գործընթացը դարձնելու ավելի ճկուն, կենդանի և մոտ իրական աշխատանքային միջավայրին։ Դրանք նպաստում են սովորողների ինքնուրույնության, պատասխանատվության և մասնագիտական ինքնավստահության ձևավորմանը, ինչը հատկապես կարևոր է ժամանակակից արագ փոփոխվող աշխարհում։
Այսպիսով՝ կարելի է փաստել, որ շուկայաբանության արդյունավետ դասավանդումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ դասավանդողը մշտապես որոնում, վերաիմաստավորում և ստեղծագործաբար վերափոխում է ուսուցման մեթոդները՝ հաշվի առնելով սովորողների տարիքային, հոգեբանական և մասնագիտական առանձնահատկությունները։

Էջի նկարը՝ Վաճառքի հմտություններ դերային խաղից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով