Հեղինակ՝ Հեզեր Շումեյքեր
Թարգմանիչ՝ Գևորգ Հակոբյան

Տատիկին կարելի է չհամբուրել

Վեցամյա Գեյբը դուրս վազեց սենյակից՝ ազատվելով տատիկի գրկախառնությունից։

— Թաց համբույրներ։ Չեմ սիրում թաց համբույրներ, — բղավում էր նա՝ բարձով սրբելով իր դեմքը։

Ոչ ճիշտ կանոնների պատճառը

Լավ պահվածքի էությունը մարդկանց հանդեպ հարգանքն է։ Հարգե՛ք երեխայի ցանկությունը, որպեսզի նույնիսկ սիրող տատիկը նրան չհպվի։ Սա նաև անվտանգության գերազանց դաս է։

Մենք երեխաներից քաղաքավարություն ենք ակնկալում։

— Բարևիր, — հորդորում ենք մենք։

Եթե խոսքը տատիկի մասին է, ապա ակնկալում ենք, որ երեխան կհանդուրժի գրկախառնություններն ու համբույրները՝ անկախ իր ցանկությունից։

Բոլորին շատ է անհանգստացնում ողջույնը։ Մենք ուզում ենք ցույց տալ, որ «լավ» ծնողներ ենք, ովքեր կատարում են իրենց պարտականությունները և մեծացնում դաստիարակված երեխա։ Մենք ուզում ենք, որ ազգականները հիանան մեր զավակով կամ, առնվազն, որ երեխան արդարացնի նրանց ակնկալիքները։ Սոցիալական ճնշումը կարող է շատ ուժեղ լինել, քանի որ այս դեպքում մեր ծնողական ունակությունները հանրայնորեն գնահատվում են։

Լավ վարքաձևը շատ կարևոր է սոցիալական ներդաշնակության համար, սակայն այն սովորեցնելիս պետք է հարգանք ցուցաբերել։ Ի վերջո, լավ վարքաձևի էությունը ուրիշների նկատմամբ հարգանքն է։ Սա նշանակում է, որ դաստիարակության ընթացքում մենք պետք է հարգենք նաև մեր երեխաներին։

Ինչ վերաբերում է ողջունելուն և հրաժեշտ տալուն, ապա պետք է հարգենք երեխայի`  իրեն հարմար տեմպով սովորելու իրավունքը և հրաժարվելու անցանկալի հպումներից, նույնիսկ տատիկի կողմից։

 Սխալ կանոնների օգտակարությունը

Երբ մենք հարգանք ենք ցուցաբերում, երեխաները դա յուրացնում են։ Երեխայի համար կարևոր է հասկանալը, որ ընտանիքում ինքն իրավունքներ ունի։

Ես գիտեմ, որ մարդիկ ողջունում են միմյանց։ Երբ պատրաստ լինեմ, ես էլ կողջունեմ։

Երբեմն ես վախենում եմ։ Մեծահասակները դա հասկանում են։

Ինձ մոտ ավելի լավ է ստացվում, երբ ինձ հարմար է, երբ ինձ չեն ստիպում։

Ես կարող եմ սահմաններ դնել նույնիսկ նրանց համար, ում սիրում եմ։ Ես կարող եմ ասել մարդկանց, թե ինձ ինչն է դուր գալիս, իսկ ինչը՝ ոչ։

Իմ մարմինն ինձ է պատկանում։ Ես եմ որոշում՝ կկիսվեմ նրանով, թե ոչ։

Մարդիկ չեն կարող ինձ հպվել միայն այն պատճառով, որ նրանք իմ ազգականներն են։

 Ինչո՞ւ է դա աշխատում։

Երեխաների տարօրինակ արձագանքը, երբ նրանք շրջվում են կամ չեն ցանկանում ողջունել, պայմանավորված է նրանց զարգացման գործընթացով։ «Փոքր երեխաները հաճախ չեն հետևում ողջունելու հետ կապված լավ վարքի կանոններին», — նշում են Լորա Դևիսն ու Ջենիս Քիզերը «Դարձեք այն ծնողը, որը ցանկանում եք լինել» («Becoming the Parent You Want to Be») գրքում։ Երեխաներին սովորեցնելու լավագույն ձևը սեփական օրինակն է։ Մի պարտադրեք որոշակի բառեր կամ գործողություններ․ առաջին հերթին, միշտ գոյություն ունեն այլընտրանքներ, և երկրորդ՝ երեխան  լռելու իրավունք ունի։

Փոքր երեխաները հաճախ վախենում են անծանոթ մարդկանցից և անսովոր արտաքինից։ Նրանք կարող են ուժեղ, իռացիոնալ վախ զգալ տարօրինակ գլխարկով, ակնոցով, մորուքով մարդկանցից կամ իրենց համար ցանկացած նոր արտաքին ունեցող անձանցից։

Ինչպես նշում են Դևիսն ու Քիզերը, զարգացման վաղ փուլերում երեխան կարող է անտեսել իրեն դիմող մարդկանց։ Եթե նա չի պատասխանում քաղաքավարի «Ինչպե՞ս ես» հարցին, գուցե դա կոպտություն չէ, պարզապես նա շատ զբաղված է։ Ողջունելուց հրաժարվող նախադպրոցական երեխան կարող է գտնվել զարգացման այն փուլում, երբ իր համար կարևոր է հայտարարել սեփական ինքնուրույնության մասին։

Դուք կարող եք խոսել ձեր ակնկալիքների մասին, խրախուսել, լավ վարքի օրինակ ցույց տալ, սակայն փոքր երեխային անհրաժեշտ է որոշակի ազատություն և գործելու տարածք։ Հնարավոր է, որ նա դեռևս ընդունակ չէ անել այն, ինչ իրենից պահանջվում է։

«Օ՜, ուշադրություն մի դարձրեք,– շփոթված ասում ենք մենք։– Նա պարզապես ամաչկոտ է»։

Երբ երեխային «ամաչկոտ» կամ «կոպիտ» պիտակ ենք կպցնում, դժվարացնում ենք նրա ուսուցման գործընթացը։ Ինչպես նշում է մանկաբույժ և մանկավարժ Ուիլյամ Սիրսը (William Sears) պիտակները դժվար է վերացնել, և երեխաները դրանք յուրացնում են։ Նրանք կարող են մտածել. «Երևի ես դաստիարակված չեմ։ Ես վատն եմ» կամ «Ես ամաչկոտ եմ։ Ես չեմ կարող փոխվել։ Ես միշտ այսպիսին եմ լինելու»։

Հաճախ մենք երեխաներին պիտակավորում ենք, որպեսզի թաքցնենք մեր սեփական շփոթվածությունը։ Եթե երեխային անվանում ենք «չշփվող» կամ «կոպիտ», դա կարող է հակառակ ազդեցությունն ունենալ և չօգնել նրան յուրացնելու քաղաքավարության ու լավ վարքի կանոնները։

Մեծահասակներն այնքան մեծ ու ուժեղ են, որ երեխաները պարզապես չեն կարող նրանց դիմադրել։ «Երեխաները ոչ մի հնարավորություն չունեն տատիկների ու պապիկների դեմ, որոնք ամբողջ սիրով ու ոգևորությամբ նետվում են նրանց վրա»,– ասում է Դեբ Բայլը(Deb Byehl), որը երկար տարիներ աշխատել է որպես դաստիարակ Օհայո նահանգի Կոլումբուս քաղաքի փոքր երեխաների դպրոցում։

Տատիկի համբույրները կարող են աննշան բան թվալ, սակայն երեխային ստիպել հանդուրժել այնպիսի հպումներ, որոնք նրա համար տհաճ են, վատ նախադեպ է ստեղծում։ Հետագայում դա կարող է ավելի լուրջ հետևանքներ ունենալ։ Երեխան պետք է իմանա, որ ինքը իրավունք ունի սահմաններ դնելու և պաշտպանելու իր անձնական տարածքը։

Համբույրներն ու գրկախառնությունները ընկերների ու ազգականների հետ երկու կողմ ունեն՝ մարմինը և լավ վարքը։ Երբեմն, փորձելով երեխաներին սովորեցնել քաղաքավարության կանոնները, մենք մոռանում ենք, որ երկու կողմերն էլ կարևոր են։ Երեխաները պետք է հասկանան, թե ինչն է թույլատրելի երկու դեպքում էլ։

Դարձե՛ք ձեր երեխայի դաշնակիցը։ Ձեր նպատակն է սովորեցնել նրան լավ վարք, անվտանգություն և ընդունելի սահմաններ՝ առանց նրան վախեցնելու կամ շփոթեցնելու։ Երեխայի անվտանգությունը պահանջում է զգուշություն, և փոքրիկին վաղ տարիքից պետք է սովորեցնել, որ ինքն է «իր մարմնի տերը»։

Ե՞րբ պետք է երեխաները ինքնուրույն բարևեն։ Մոտավորապես տարրական դպրոցի կեսերին։ Այդ ժամանակ զարգացման հետ կապված բազմաթիվ գործոններ, որոնք երեխային ստիպում են խուսափել շփումից, արդեն թուլացած են լինում, օրինակ՝ ծնողներից բաժանվելու դժկամությունը կամ անծանոթ մարդկանց նկատմամբ վախը։

Հավանաբար, տարրական դպրոցի տարիքի երեխաները բարևելուն և լավ վարքի մյուս կանոններին այնքան մեծ նշանակություն չեն տալիս, որքան դուք, սակայն նրանք արդեն ունակ են անել այն, ինչ իրենցից ակնկալվում է։

Նախապես պատմեք ձեր ակնկալիքների մասին, տանը վարժվեք և օգնեք երեխային զգալ, թե որքան հաճելի է, երբ քեզ անկեղծորեն բարևում են։ Օրինակ՝ բացատրեք, որ երբ նա գնում է ընկերոջ տուն հյուր, պետք է բարևի տան բոլոր անդամներին։

Հաղորդակցվելու ունակությունները բոլոր երեխաների մոտ տարբեր են։ Տասը տարեկան Ջոշը չի սիրում եկեղեցի գնալ և անծանոթ մարդկանց բարևել, մինչդեռ նրա վեցամյա եղբայրը հաճույքով ողջունում է բոլորին։

Որոշ երեխաներ պարզապես մոռանում են, որ պետք է բարևել։ Ցո՛ւյց տվեք այն վարքագծի օրինակը, որը ցանկանում եք տեսնել ձեր երեխայի մոտ, և մի՛ շտապեցրեք նրան։

Երեխաները մեծահասակներ չեն

Երբ հանդիպում ենք ուրիշ մարդկանց և ողջունում նրանց, հաճախ մեզ թվում է, թե բոլորը գնահատում են մեր հաջողությունները երեխաների դաստիարակության հարցում։ Արդյո՞ք իմ երեխան բավականաչափ քաղաքավարի է։ Արդյո՞ք ես արդարացրել եմ իմ ծնողների սպասելիքները։ Արդյո՞ք ինձ հաջողվում է դաստիարակել ուշադիր և քաղաքավարի երեխաներ։

Խոսքը ձեր մասին չէ։ Երեխան կարող է ունենալ լիովին հիմնավոր պատճառներ՝ որևէ մեկին չողջունելու կամ չգրկելու ։ Լավ վարքագիծը հարգանքի դրսևորում է, ուստի հարգեք ձեր երեխային և թույլ տվեք նրան արտահայտել իր զգացմունքները։

Այստեղ կա նաև անվտանգության հարց։ Երեխաները պետք է իմանան, որ դուք իրենց կողքին եք, երբ նրանք չեն ցանկանում, որ որևէ մեկը դիպչի իրենց։ Վերջնական նպատակն է, որ նրանք բարևեն և հարգանքով վերաբերեն բոլորին, ում հանդիպում են։ Անհրաժեշտ է հիշել, որ այս նպատակին հասնելը ժամանակ է պահանջում։

Ծերերի նկատմամբ վախը

 «Ինչո՞ւ ձեռքերիդ վրա որդեր կան»։

 «Պապիկից վատ հոտ է գալիս»։

«Տատիկի քթի մեջ ի՞նչ խողովակ է»։

Ցցված անոթներ, կախված մաշկ վզին, բծեր, կնճիռներ, խռպոտ ձայն, հատուկ հոտ – դուք կարող եք ամենայն հավանականությամբ ուշադրություն չդարձնել այս ամենին, երբ հանդիպում եք տարեց հարազատին, բայց երեխաների համար նման առանձնահատկությունները կարող են առաջացնել շփոթություն և նույնիսկ վախ։

– Ե՞ս էլ եմ ծերենալու։
– Տատիկի ձեռքերին իսկապե՞ս որդեր են։
– Ի՞նչ սարք է, որով նա քայլում է։
– Քթի մեջ ի՞նչ խողովակ է։
– Ինչու՞ պապիկը ինձ չի լսում, իսկ ուրիշները լսում են։

Պապիկս ծակծկող կզակ ուներ, նրանից ծխախոտի հոտ էր գալիս, խոսում էր խռպոտ ձայնով և հազում էր։ Երբ դիմում էի նրան, ինձ չէր լսում։ Մեկ ուրիշ տարեց հարազատ ուներ զգայուն լսողական սարք, որը բարձր ու խռխռացող ձայն էր արձակում, երբ շատ էի մոտենում։ Հինգ տարեկանում այս ամենը ինձ մի փոքր վախեցնում էր։

Տարեցները տարբեր են լինում, իսկ փոքր երեխաները հաճախ վախենում են արտասովոր արտաքինով մարդկանցից։ Վախեցնել կարող են մորուքը, գլխարկը, կնճռոտ մաշկը, ձեռնափայտը, հաշմանդամի սայլակը և թթվածնի բալոնը։ Տվեք երեխային հնարավորություն խոսելու տարեցների մասին և տալ հարցեր։

Անծանոթ ազգականներ

-Ալիա, արի գրկիր ինձ։

Ալիան, որը երկուս ու կես տարեկան է, նայում է անծանոթ կնոջը, որ կանգնած է դռան շեմին։ Նրա տատիկը ապրում է Նյու Յորքում, իսկ Ալիան՝ ծնողների հետ Օհայոյում, և նրանք հանդիպում են միայն տարին մեկ անգամ։ Աղջիկը նայում է ձեռքերը իրեն մեկնած տարօրինակ կնոջը և թաքնվում մեքենայի ետևում։

Տատիկին այցելության ժամանակ ծնողները իրենց երեխաներից ակնկալում են, որ նրանք կնետվեն տատիկի գիրկը կամ գոնե կողջունեն քաղաքավարի ժպիտով։ Դժբախտությունն այն է, որ տատիկը, հորեղբայր Ռոդնին կամ զարմուհի Սարան կարող են երեխայի համար անծանոթ մարդիկ լինել։ Ծնողները երեխաներին հաճախ կրկնում են, որ նրանք պետք է զգուշանան անծանոթներից, բայց երբեմն մենք մոռանում ենք, որ այդ կատեգորիային կարող են պատկանել նաև հարազատները։

Մենք ենթադրում ենք, որ երեխաները կգրկեն ամենատարբեր մարդկանց։ Օրինակ՝ Գրետչենը իր երեխաներին՝ երեք տարեկան աղջկան և նորածնին, տարել էր առևտրի կենտրոն՝ Սանտա Կլաուսի հետ հանդիպման։ Նա երկու երեխաներին էլ նստեցրել էր Սանտայի ծնկներին, որպեսզի լուսանկարի և ուղարկի հարազատներին։ Բայց նկարը չստացվեց։ «Երեխաների դեմքերին ուրախություն չէր, այլ տագնապ։ Նրանք իրենց ապահով չէին զգում անծանոթ մարդու ծնկներին»։

Որքա՞ն ժամանակ է անցել հարազատի վերջին այցից։ Եթե մեկ ամսից ավելի է, ապա երեխային պետք է պատրաստել։ «Մեզ հյուր կգա Ջեննի մորաքույրը։ Նա երկար ժամանակ մեզ մոտ չի եղել»։ Եթե ենթադրում եք, որ երեխան կարող է թաքնվել ձեր ետևում կամ նյարդայնանալ, նախապես զգուշացրեք երկու կողմերին, թե ինչ սպասել։ Ասեք երեխային. «Ջեննի մորաքույրը սիրում է գրկախառնություն։ Ես նրան կգրկեմ։ Եթե ուզում ես, դու էլ կարող ես նրան գրկել»։ Իսկ հարազատին՝ «Դու Ջեքին չես տեսել գարնանից և շատ ես սպասում հանդիպմանը։ Բայց Ջեքը քեզ լավ չի հիշում։ Նրան որոշ ժամանակ պետք կլինի, որ քեզ վարժվի»։ Կամ՝ «Ջեքը հիմա չի սիրում համբույրներ։ Նրան ավելի շատ դուր է գալիս ձեռք սեղմելը»։

Ժամանակ հատկացրեք վախերը ճանաչելու և վստահություն հաստատելու (կամ վերականգնելու) համար։

  Հեռախոսազանգեր և տեսակապ

Քայդենը չէր ուզում մոտենալ հեռախոսին։ Զանգել էր նրա հորեղբայր Ֆիլը Քայդենին ծննդյան օրվա կապակցությամբ շնորհավորելու համար, բայց Քայդենը միայն գլուխն էր օրորում։ Հորեղբայրը վիրավորվեց, իսկ նրա մորաքույրն ու տատիկը հայտարարեցին, որ վեց տարեկան տղան պետք է խոսի հեռախոսով։ Նա պետք է իմանա, թե ինչ է քաղաքավարությունը։ «Քայդենը համաձայնում է հեռախոսով խոսել միայն այն հարազատների հետ, ում վերջերս է տեսել,– բացատրում է նրա մայրը։– Մյուսների հետ հրաժարվում է»։

Երեխաներն ապրում են ներկայով, և նրանց վարքը օրեցօր կարող է փոխվել։ Մի ստիպեք նրանց։ Խնդիրը ամաչելը չէ։ Եվ ոչ էլ այն, որ չեն սիրում ձեզ։ Ոչ էլ լավ դաստիարակությունը։ Պարզապես երեխաների համար դժվար են վիրտուալ այցելությունները։

Երբ ես մեկնում եմ քաղաքից, լինում է, որ երեխաներիցս մեկը ցանկանում է ինձ հետ խոսել հեռախոսով, իսկ մյուսը՝ ոչ։ Եկեք ընդունենք, որ հաճախ ենք հեռախոսով հիմար հարցեր տալիս։ Օրինակ՝ «Ի՞նչ ես հիմա անում»: Պատասխանը կլինի՝ «Քեզ հետ հեռախոսով խոսում եմ»։ Հեռախոսային խոսակցությունից ավելի շատ հաճույք կստանաք, եթե այն լինի կամավոր։ Ժամանակի ընթացքում երեխաներն ընտելանում են հեռախոսազանգերին և տեսակապին ու շփվում են հաճույքով։

Լինել սեփական մարմնի տերը

Սամանթայի մայրը սիրում է հանդիպելիս համբուրվել։ Մի անգամ, երբ մայրը եկել էր նրան դպրոցից տուն տանելու, Սամանթան խուսափեց և չցանկացավ համբուրել մորը։ «Դու պարտավոր չես, բայց ես քեզ կհամբուրեմ»,– հայտարարեց մայրը և ուժով համբուրեց նրան։

Որոշ իմաստով Սամանթայի մայրը ճկունություն դրսևորեց․ «Մի՛ համբուրիր ինձ, եթե չես ցանկանում»։ Սակայն միևնույն ժամանակ նա սխալ ուղերձ էր փոխանցում․ «Ես քեզ կհամբուրեմ՝ անկախ նրանից, թե դու դա ցանկանում ես, թե ոչ»։ Քո մարմինը քեզ չի պատկանում։

Խուտուտների, համբույրների և գրկախառնությունների հարցում երեխան իրավունք ունի հրաժարվելու ոչ ցանկալի շփումներից։ Իհարկե, երեխային պետք է լողացնել և տանել բժիշկի։ Երբեմն նրանց պետք է կանգնեցնել, որպեսզի վնաս չպատճառեն մյուսներին։ Բայց երբ խոսքը վերաբերում է հանդիպումներին և հրաժեշտներին, սիրո արտահայտումներին, երեխաներն ունեն իրավունք լինել իրենց մարմնի տերը։

Այս ուղերձը երեխային պետք է լինի հստակ և անընդհատ՝ քո մարմինը քեզ է պատկանում։ Եթե ցանկանում ես, կարող ես ուրիշին թույլ տալ հպվել։ Կարող ես արգելել շփումները։ Իր մարմնի նկատմամբ երեխայի իրավունքը հարգանքի, անձնական կյանքի և անվտանգության հարց է։

Երբ երեխային սովորեցնում եք իր մարմնի անվտանգության հետ կապված կանոնները, զրույցը հաճախ հասնում է լավ և վատ հպումների թեմային։ Ամենապարզ մակարդակում վատ հպումը այն հպումն է, որը տհաճ է։ Եթե այն տհաճ է թվում, ապա իսկապես տհաճ է։ Երեխաները պետք է հասկանան, որ իրենք իրավունք ունեն իրենց մարմնի նկատմամբ անձնական տարածքի և գաղտնիության։

Այս դասը յուրացնելու համար երբեմն ժամանակ է անհրաժեշտ։ Իմ վեցամյա որդուն դպրոցում համբուրել էր մի ուրիշ երեխա։ Նրան դուր չէր եկել և կրկնել էր ուսուցչի խոսքերը․ «Դպրոցում չի կարելի համբուրվել»։ Հետագայում մենք դա քննարկեցինք։

-Ունես իրավունք, որ քեզ չհամբուրեն, եթե չես ուզում, – ասացի ես։

-Դպրոցում չի կարելի համբուրվել, – կրկնեց Զաքը։

-Դու պարտավոր չես հանդուրժել համբույրները, – հիշեցրի նրան։- Ո՛չ դպրոցում, ո՛չ սննդամթերքի խանութում, ո՛չ ավտոբուսում, ո՛չ տանը՝ ո՛չ մի տեղ։

-Եղավ, – ակնհայտորեն թեթևացած շունչ քաշեց Զաքը։

Բայց արդյո՞ք ընտանիքի անդամները ինչ-որ հատուկ կարգավիճակում են: Արդյո՞ք տատիկի համբույրը կամ քեռու գրկախառնությունը պատկանում են այլ կատեգորիայի: Ո՛չ։ Հնարավոր է, որ ընտանիքի անդամների դեպքում սա նույնիսկ ավելի կարևոր է։ Չնայած սովորաբար մենք ավելի շատ անհանգստանում ենք օտար մարդկանցից եկող վտանգից, երեխաները ֆիզիկական և սեռական բռնության հաճախ են ենթարկվում այն մարդկանց կողմից, որոնց ճանաչում են (տես Կանոն 4․ «Թույլատրվում է զրուցել օտար մարդկանց հետ»)։ «Ընտանիքի անդամի» կարգավիճակը նշանակություն չունի։

Երեխաներն իրավունք ունեն սահմաններ դնելու իրենց մարմնի նկատմամբ։

 Օրինակի ուժը

Կարիք չկա երեխաներին ասելու՝ «Բարևի՛ր տիկին Ջեքսոնին» կամ «Համբուրի՛ր տատիկին»։ Երեխաները սովորում են ընդունված ողջույնի ձևերը օրինակներից։

Մեծահասակներին թվում է, թե բարևելը կամ հրաժեշտ տալը շատ հեշտ են, բայց դա այդպես չէ։ Երեխաները բախվում են նոր միջավայրի, նոր մարդկանց և նոր զգացումների։ Նոր իրավիճակում հայտնվելիս երեխան կարող է շփոթվել։ Նույնը կարող է տեղի ունենալ, երբ տուն են գալիս նոր մարդիկ։ Նախքան երեխաները կկարողանան կենտրոնանալ լավ վարքի կանոնների վրա, նրանք պետք է իրենց ապահով զգան։ «Ես տեսնում եմ, որ դու ուզում ես իմ կողքին լինել»։

Դուք կարող եք երեխային օրինակ ցույց տալ՝ սովորեցնելով և մարզելով նրան ուրիշ ժամանակ: Դեբրան իր երեխաներին սովորեցնում էր ամուր սեղմել ձեռքը: Եվ նրանք անհամբերությամբ սպասում էին, թե երբ են հոր գործընկերներին հանդիպելիս ցուցադրելու իրենց նոր հմտությունը:

Եթե հյուրերի եք սպասում, մարզվեք տիկնիկների վրա կամ երեխաներին բացատրեք իրավիճակը. «Երբ ինչ-որ մեկը գալիս է մեր տուն, ընդունված է մոտենալ դռանն ու բարևել: Դա մարդկանց թույլ է տալիս զգալ, որ իրենց սիրով են սպասել»:

Երեխաներին դուր է գալիս, երբ իրենք գիտեն, թե ինչ անել: Այդպես նրանք իրենց ավելի վստահ են զգում: Սակայն պետք է հիշել, որ նույնիսկ այն երեխան, ով գիտի, թե ինչ պետք է անել, միշտ չէ, որ կարող է դրսևորել իրեն այնպես, ինչպես պահանջվում է: Երբեմն վախն ու այլ զգացմունքներն ավելի ուժեղ են գտնվում:

 Լավ վարվելաձևի էությունը հարգանքն է ուրիշների հանդեպ

Փորձե՛ք սա. ավելացրե՛ք ձեր զինանոցում:

 Հարցրե՛ք երեխային

Պարզե՛ք, թե ինչու երեխային դուր չեն գալիս պապիկի գրկախառնությունները կամ տատիկի համբույրները: Բեղե՞րը, մե՞ծ կուրծքը, տարօրինակ հո՞տը, քրտի՞նքը, օծանելի՞քը, թաց համբույրները՞, թե՞ ուժեղ գրկախառնությունները: Երեխաներին կարող են վախեցնել մաշկի վրայի շագանակագույն բծերը («Դա հիվանդությո՞ւն է: Ես կմեռնե՞մ, եթե դիպչեմ դրան»), խռպոտ ձայները կամ խլությունը («Նա չի լսում, թե ես ինչ եմ ասում: Դա ինձ դուր չի գալիս»):

Պարզելով, թե ինչն է ամենից շատ անհանգստացնում երեխային, քննարկե՛ք դա նրա հետ: Երբեմն ոչինչ փոխել պետք չէ. «Այո՛, պապիկի բեղերը մի քիչ փշոտ են, չէ՞»: Երբեմն էլ անհրաժեշտ է սահմաններ գծել. «Ադան չի սիրում երկար համբույրներ: Միայն մի հատիկ պաչիկ այտին»:

Ծանոթացրե՛ք երեխային ազգականների հետ

Փենին ազգականների լուսանկարները փակցրել էր սառնարանին այնպես, որ դրանք երեխաների աչքի առաջ լինեին: Երեխաներն արդեն սովոր էին նրանց դեմքերին, և նրանց հաճախ էին պատմում մորեղբայր Էրիկի կամ Մելիսա մորաքրոջ (հորաքրոջ) մասին: Բարեկամների այցելությունից առաջ Փենին հանում էր լուսանկարը, որպեսզի երեխաները կարողանային ձեռք տալ դրան և լավ զննել: «Հիշո՞ւմ ես՝ դու և Մելիսա մորաքույրը ինչպես էիք շոկոլադե կտորներով նրբաբլիթներ թխում: Հետաքրքիր է՝ այս անգամ նա ինչ կմտածի»: Գտե՛ք տարբերակ՝ երեխաներին հեռու ազգականների հետ ծանոթացնելու համար:

 Հալեցնել սառույցը

Փոքր երեխաները սիրում են ինչ-որ բանով զբաղված լինել: Եթե երեխան չի ցանկանում գրկախառնվել, նա կարող է հյուրից վերարկուն վերցնել: Նախապես պատրաստե՛ք երեխային այդ իրավիճակին. «Երբ գա իմ ընկերուհի Գրետան, կարող ենք նրան հյուրասիրել որևէ ըմպելիքով»: Հետո երեխային առաջարկեք մասնակցել. «Կցանկանա՞ս Գրետայի համար բաժակ բերել»:

Եթե տատիկը ցանկանում է գրկել թոռնիկին, առաջարկե՛ք նրանց միասին գիրք կարդալ: Երեխան սկզբում կարող է տեղավորվել սենյակի մյուս ծայրում, բայց շուտով կհետաքրքրվի և որոշ ժամանակ անց կմոտենա տատիկին: Երեխաները կարող են համակրանքով արագ լցվել անծանոթ մարդկանց հանդեպ, բայց դա հազվադեպ է տեղի ունենում անմիջապես ծանոթանալուց հետո:

Օրինա՛կ ծառայիր

Ձեր վարքով օրինա՛կ ծառայեք: Գրկե՛ք Բրենդա մորաքրոջը (հորաքրոջը): Ձեր գործողությունները ցույց կտան, որ այդ մարդուց պետք չէ զգուշանալ: Ձեր խոսքերն ու գործողությունները նաև կփաստեն, որ գրկախառնություններն ու համբույրները ազգականներին բարևելու ձևերից են, ճիշտ այնպես, ինչպես ձեռքսեղմումն ու «ուրախ եմ հանդիպման համար» արտահայտությունը մեր մշակույթում համարվում են ընդունված ողջույններ: Երեխաները մշակույթը միշտ յուրացնում են շրջապատի օրինակով:

Ուղղորդե՛ք, բայց մի՛ ստիպեք

Մի՛ ստիպեք երեխաներին ինչ-որ բան ասել կամ անել: «Բարևի՛ր միստր Մորգանին», «Գրկի՛ր պապիկին». բոլորս էլ լսել ենք նման արտահայտություններ, իսկ երբեմն էլ ինքներս ենք ասել դրանք: Եթե ցանկանում եք երեխայից որևէ արդյունքի հասնել, քննարկե՛ք դա նախապես: Բացատրե՛ք նրան, թե ինչն է համարվում ընդունված և ինչ եք դուք ակնկալում իրենից: Կարելի է հիշեցնել («Չե՞ս ուզում գրկել պապիկին»), բայց ստիպելը անհարգալից վերաբերմունք է երեխայի զգացմունքների նկատմամբ:

Առաջարկե՛ք այլընտրանք

Երեխային այլընտրանք առաջարկե՛ք. «Կարող ես ձեռքով անել: Կարող ես ժպտալ: Կարող ես ասել՝ «ողջույն»»: Կամ՝ «Պարտադիր չէ ինչ-որ բան ասել: Պարզապես ինձ հետ մոտեցի՛ր դռանը»: Կամ էլ՝ «Պարտադիր չէ երկար խոսել հեռախոսով, պարզապես փորձիր ասել՝ «Բարև, պապի՛կ»»:

Տեղեկացրե՛ք

Երեխաների մեծ մասը սովորում է մեծահասակների օրինակով, բայց եթե երեխայի համար դժվար են ստացվում շփման կանոնները, ապա պարզապես բացատրեք դրանք նրան: Հնգամյա Հենքը չէր պատասխանում այն մարդկանց, ովքեր բարևում էին իրեն: Մայրիկը նրան բացատրեց. «Երբ մարդը բարևում է, նա սպասում է, որ իրեն ի պատասխան նույնպես կբարևեն: Այդպես է ընդունված, դա բարյացակամության դրսևորում է»: Հենքը չէր սովորել բարևել ուրիշների օրինակով, բայց բացատրությունից հետո սկսեց անել դա: Եթե ձեր երեխան նման է Հենքին, պետք է նրան ուղղակիորեն ասել. «Երբ ինչ-որ մեկը բարևում է քեզ, դու կարող ես ասել «ողջույն» կամ ձեռքով անել»:

Տեղեկատվության մեկ այլ տեսակ է սեփական մարմնի և մարմնական անվտանգության մասին տարրական (բազային) գիտելիքները: Կան բազմաթիվ մանկական գրքեր, որոնք պատմում են «լավ» և «վատ» հպումների մասին, սակայն երբեմն հարազատների բուռն սերն ու ջերմությունը շփոթեցնում են երեխային: Այնպիսի մանկական գրքերը, ինչպիսին է «Մայլզը սեփական մարմնի տերն է» (Miles Is the Boss of His Body) ստեղծագործությունը, սովորեցնում են, թե ինչպես անձնական սահմաններ գծել նույնիսկ բարի մտադրություններ ունեցող ազգականների հետ շփման մեջ:

Անհրաժեշտության դեպքում օգնե՛ք երեխային սահմաններ գծել. «Տատիկն ուզում է քեզ գրկել: Դու ուզո՞ւմ ես գրկախառնվել: Ո՞չ: Լա՛վ, ասա՛ նրան այդ մասին: Նա կհասկանա»:

Տեղեկացրե՛ք նաև ազգականներին: Դա կկանխի թյուրիմացությունները և հյուրերին կդարձնի ձեր համախոհը: Նյու Յորք նահանգի Բուֆալո քաղաքի ընտանիքների աջակցության կենտրոնն առաջարկում է. «Ազգականներին ասեք, որ դուք երեխային սովորեցնում եք լինել սեփական մարմնի տերը, ինչպես նաև հպումների հետ կապված անվտանգության կանոնները, որպեսզի նրանք չնեղանան ձեր երեխաների վարքից»:

 Մեծահասակները նույնպես սեփական մարմնի տերն են:

Տատիկը նույնպես իրավունք ունի սահմաններ գծելու իր մարմնի հանդեպ: Ողջույններն ու խաղերը կարող են չափազանց բուռն դառնալ, և ոչ բոլոր հյուրերն են համաձայն մանկական սիրո նման դրսևորումներին: Այդպիսի դեպքերում հասկացրեք հյուրերին, որ նրանք նույնպես իրավունք ունեն սահմաններ հաստատելու և բարձրաձայնելու այն մասին, ինչն իրենց դուր չի գալիս:

Հրաժեշտ տալը դժվար է

Ամեն անգամ, երբ գալիս է տատիկին ու պապիկին հրաժեշտ տալու ժամանակը, որդիս՝ Մայլզը, անհետանում է: Նա նրանց «ցտեսություն» չի ասում, այլ ծպտուն չհանած հեռանում է ու ինչ-որ տեղ թաքնվում: Նա տխրել չի սիրում

Հրաժեշտը կարող է իսկական փորձություն դառնալ երեխայի համար: Մոտ ընկերոջից կամ սիրելի ազգականից բաժանվելու արձագանքը կարող է տարբեր լինել. երեխան կարող է պապանձվել, փախչել կամ թաքնվել: «Գնա՛, հրաժեշտ տուր Ռոդնի քեռուն (հորեղբորը)»,— ասում ենք մենք: Բաժանվելը տխուր է: Երբեմն այնքան տխուր, նույնիսկ կարճատև այցելության դեպքում, որ երեխաներն ի վիճակի չեն լինում հաղթահարել իրենց հասած հսկայական վիշտը: Եթե ձեր երեխայի համար դժվար է հրաժեշտ տալը, սկսեք ողջույններից, իսկ հրաժեշտին անցեք այն ժամանակ, երբ նա մի փոքր կմեծանա:

Մի՛ շտապեցրեք երեխային

Յոթնամյա Մոհամեդը միշտ պատրաստակամորեն դայակի համար ըմպելիք էր բերում և վերցնում նրա վերարկուն: Երբ դայակը սենյակ էր մտնում, նա ոտքի էր կանգնում:

Սեմի մայրիկը չէր պնդում, որ որդին հանդիպելիս անպայման գրկախառնվի ու համբուրի, բայց ուզում էր, որ նա բարևի. «Բարևի՛ր, իսկ հետո կարող ես գնալ խաղալու զարմուհիներիդ հետ: Լուիզ մորաքրոջը (հորաքրոջը) շատ հաճելի է, որ մենք բարևում ենք իրեն: Դա նման է ուտելուց առաջ ձեռքերը լվանալուն. այդպես է ընդունված»:

Ողջույնի մասին պատկերացումներն ամեն ընտանիքում յուրովի են: Ընդունեք, որ դրանք կարող են տարբեր լինել: Ձգտեք հասնել ձեր կողմից սահմանված չափանիշներին, բայց մի ակնկալեք, որ երեխան կարող է համապատասխանել դրանց ցանկացած տարիքում և ցանկացած պահի: Եթե դուք անընդհատ օրինակ եք ծառայում և ցույց տալիս, թե ինչպիսի վարքագիծ եք ակնկալում, երեխաներն ի վերջո սկսում են վարվել այնպես, ինչպես ընդունված է ընտանիքում: Փորձարկումներ արեք այն մակարդակով, որը ձեզ ընդունելի է թվում, բայց հարգեք երեխային, ձեզ և շրջապատին: Եվ մի շտապեցրեք երեխային։

 Օգտակար արտահայտություններ

Ողջույններ

Կարող ենք միասին բարևել։

Դա նորմալ է։ Մեծերին դուր է գալիս բարևելը։ Երեխաներին երբեմն մի փոքր ավելի շատ ժամանակ է պետք։

Ջենի մորաքրոջը (հորաքրոջը) հաճելի է, երբ մոտենում և բարևում են իրեն։

Հիմա նրա համար դա անելը դժվար է ։

Դա նորմալ է։ Նա բարևել է, բայց յուրովի։

Գիտեմ, որ նա լսել է, թե ես ինչպես բարևեցի։

Ամեն ինչ կարգին է։ Ես տեսա նրան, իսկ նա էլ տեսավ ինձ։

Установка границ для дружеских прикосновений (даже для бабушки)

Ընկերական հպումների համար սահմաններ հաստատելը (նույնիսկ տատիկի համար)

Եթե ուզում ես, կարող ես տատիկին գրկել։

Երևում է, որ չես ուզում գրկախառնվել։

Նա քեզ երկար ժամանակ չի տեսել։

Արի՛ միասին բարևենք նրան։

Պետք չէ ինձ համբուրել։

Հիմա չեմ ուզում գրկախառնվել։

Գուցե հետո։

Լսեցի, թե ինչպես Ադան ասաց․ «Առանց համբույրների»։

Քայլը չի ուզում գրկախառնվել։

«Ոչ»-ը նշանակում է «ոչ»։

Հպումները պետք է հաճելի լինեն։

Դու ես քո մարմնի տերը։

Երբեմն երեխաները չեն ուզում, որ իրենց գրկեն։ Դա նորմալ է։

Քեզ օգնե՞մ, որ նա դադարեցնի։

Քեզ ինչ-որ բան դո՞ւր չի գալիս

Արտահայտություններ, որոնցից ավելի լավ է զերծ մնալ։

Նա ուղղակի ամաչում է։

Մի՛ ամաչիր, բարևի՛ր տիկին Վոգելբերգին։

Օ՜, ներեցեք, սովորաբար նա չի թաքնվում։

Դու քեզ կոպիտ ես պահում։

Բարևի՛ր պարոն Ջեքսոնին։

Համբուրի՛ր պապիկին։

Գրկի՛ր Նենսիին և բարի գիշեր մաղթիր նրան»։

Ընտրությունը ձերն է

Մեծահասակները շատ զգայուն են վարքագծի այնպիսի դրսևորումների հանդեպ, ինչպիսիք են ողջույններն ու հրաժեշտները: Երբեմն պարզվում է, որ ձեր ընտանիքում ընդունված վարվեցողության կանոնները հակասում են շրջապատի ակնկալիքներին։

Եթե ուրիշ ծնողները պնդում են, որ երեխան քաղաքավարի ողջյունի ձեզ. «Բարև ձեզ, տիկին/պարոն Թոմաս»,– և շփոթվում են, երբ նա դա չի անում, հասկացրե՛ք նրանց, որ ամեն ինչ կարգին է. «Ամեն ինչ նորմալ է: Ես տեսնում եմ, որ նա բարևեց, բայց յուրովի»։

Եթե պատրաստվում եք հյուր գնալ ձեր մեծ մորաքրոջը (կամ հորաքրոջը)՝ Սինթիային, ում պահանջները չափազանց խիստ են, նախապես քննարկեք սպասվող այցը։ Տանը փորձեք դերային խաղի միջոցով․ «Սինթիա մորաքույրը սիրում է ձեռքով բարևել։ Արի փորձենք։ Ամուր․․․ ոչ թույլ, բայց ոչ էլ չափազանց ամուր․․․ դե՛, այ հենց այսպես»։

Ի՞նչ կլինի, եթե մենք անտեսենք երեխայի զգացմունքները և թույլ տանք, որ տատիկը համբուրի նրան: Չափազանց խիստ մի՛ եղեք ձեր հանդեպ: Աշխատե՛ք հարգել մարմնի հետ կապված սահմանները, բայց եթե դա միշտ չէ, որ հնարավոր է, երեխայի հետ սարսափելի ոչինչ չի պատահի։

Էջի նկարը՝ Սմբատ Պետրոսյանի