Լավ։ Հիանալի է: Ճիշտ է։ Իսկ հիմա թողնենք դասարանը և վերադառնանք մեր՝ մեծահասակներիս խոսակցությանը։
Վերլուծենք այդ ցուցական դերանունը։ Բայց զգո՛ւյշ։ Վտանգավոր բառեր են դրանք՝ այդ դերանունները, հակահետևակային ականներ՝ թաքնված ակնհայտ իմաստի տակ, որոնք պատրաստ են թռչել ուղիղ ձեր դեմքին, եթե դրանք ժամանակին չվնասազերծեք։ Օրինակ՝ «դա»…Քանի անգամ ենք «Դու դա դիտմամբ ես անում» մեղադրանքը հնչեցնելիս մեզ հարց տվել, թե տվյալ դեպքում ի՞նչ է նշանակում «դա» դերանունը։ Դիտմամբ անում ես ի՞նչը։ Վերջին արած հիմարությո՞ւնը։ Ո՛չ, այն տոնից, որով մենք հնչեցրել ենք մեղադրանքը (տոնն էլ է չէ՞ կարևոր), հստակ կարելի է հասկանալ, որ մեղավորն այդպես է անում միշտ, ամեն անգամ, և նրա գործած վերջին հիմարությունը միայն հաստատում է նրա համառությունը։ Այդ դեպքում, դիտմամբ ի՞նչ անել.
Ինձ չհնազանդվե՞լ։
Չսովորե՞լ։
Չկենտրոնանա՞լ։
Չհասկանա՞լ։
Նույնիսկ չփորձե՞լ հասկանալ։
Ինձ դիմադրե՞լ։
Ինձ կատաղեցնե՞լ։
Ուսուցիչներիդ հունի՞ց հանել։
Ծնողներիդ հուսահատեցնե՞լ։
Վատթարագույն սովորություններիդ տեղի՞ տալ։
Ներկադ ապականելով՝ ապագադ կործանե՞լ։
Բոլորի վրա թքա՞ծ ունենալ։
Այդպես է, հա՞, դու բոլորի վրա թքած ունես։ Ձեռք ես առնո՞ւմ:
Լավ, համարենք, որ այս ամենը ճիշտ է:
Այս դեպքում մեկ այլ հարց է ծագում` մակբայինը:Ինչո՞ւ միտումնավոր: Ի ՞նչ նպատակով: Ո՞րն է այդպես վարվելու պատճառը: Եթե նա միտումնավոր է դա անում, ուրեմն նա ինչ-որ պատճառ պե՞տք է ունենա:
Ինչո ՞ւ միտումնավոր: Սեփական հաճո՞ւյքի համար: Պահը վայելելո՞ւ համար։
Բայց հաջորդ՝ անխուսափելի պահը, այն, որ նա անցկացնելու է ինձ հետ, մի շատ ծանր քառորդ ժամ է լինելու նրա համար, չէ՞ որ ես նրան հանդիմանելու եմ։ Գուցե նա հենց այդպե՞ս է ուզում ապրել՝ հանգիստ ու խաղաղ, կամաց-կամաց ծուլանալով՝ ուշադրություն չդարձնելով իր հասցեին հնչող հայհոյանքներին ու հանդիմանություններին։ Ինչ-որ հեդոնի՞զմ։ Ո՛չ, նա հրաշալի գիտի, որ ոչինչ չանելու երջանկության համար արժանանում են արհամարհական հայացքների, համընդհանուր դատապարտման, որոնք ծնում են ինքնատելություն։ Այդ դեպքում ինչո՞ւ։ Ինչո՞ւ է նա, այնուամենայնիվ, դա անում միտումնավոր։Մյուս ծույլիկների հարգանքը շահելո՞ւ համար։ Որովհետև ջանասիրությունը դավաճանությո՞ւն կլիներ նրանց հանդեպ։ Նա կամավոր խաղու՞մ է վատերի կողմից՝ ընդդեմ լավերի, ջահելների՞ կողմից՝ ընդդեմ ծերերի։ Սա սոցիալականացվելու նրա ձև՞ն է։ Եթե այդպե՞ս եք ուզում, ուրեմն այդպես է։ Համենայն դեպս վերջին թեզը շատ տարածված է․ դժվար դեռահասների ստեղծում են խմբավորումներ, իսկ վատ սովորող աշակերտներն էլ ձգտում են պատսպարվել նմանատիպ ճահճում, որը վխտում է ամեն տեսակ տականքներով։ Այս բացատրությունը հարմար է նաև նրանով, որ իր տակ ունի որոշակի սոցիոլոգիական հիմք. նման ֆենոմեն, անկասկած, գոյություն ունի։ Բայց այն լիովին դուրս է մղում տղայի անհատականությունը՝ միշտ եզակի, որը, անկախ նրանից՝ գոյություն ունի տղայական բանդաների ֆենոմենը, թե ոչ, կյանքի այս կամ այն պահին մնում է մեն-մենակ իր ձախողումների հետ, իր ապագայի հետ, իսկ երեկոյան՝ քնելուց առաջ, ինքն իր հետ։ Եկեք նայենք նրան։ Դիտարկենք նրան, ինչպես հարկն է։ Ո՞վ կհամարձակվի պնդել, թե նա հիմա լավ է։ Ո՞վ կարող է նրան կասկածել այն բանում, որ նա դա անում է միտումնավոր։
Դու դա միտումնավոր ես անում…
Ճիշտն ասած, այս բացատրություններից և ոչ մեկը լիովին բավարար չէ։ Դրանք բոլորը բավարար են այնքանով-որքանով, բայց…
Ահա մի վարկած.
Հնարավո՞ր է արդյոք, որ, ի հեճուկս քերականական բոլոր կանոնների, այդ «դա» դերանունը մատնանշի նաև մի օբյեկտ, որը նախադասությունից դո՞ւրս է։ Օրինակ՝ հենց մեզ։
Մեր սեփական աչքերում մեր պատկերի արժեզրկումը։ Մեր պատկերը, որն ինքն էլ կարիք ունի մի լավ հայելու: Մի դա ,որը մեղադրում է մեկ ուրիշին՝ տվյալ դեպքում այս ծույլիկին՝ նրանում, որ նա արտացոլում է ինչ-որ մի մեծահասակի կերպար՝ անօգնական ու տագնապած, որը բախվել է ինչ-որ անհասկանալի խոչընդոտի։ Սակայն, Աստված վկա, որքա՜ն մաքուր ու օգտակար են այն սկզբունքները, որոնք ես ուզում եմ ներշնչել այս երեխային։ Եվ որքա՜ն անհրաժեշտ են այն գիտելիքները, որոնք ես տալիս եմ այս աշակերտին։
Երեխայի մենությանն արձագանքում է մեծահասակի իմ սեփական մենությունը։
Դու դա դիտմամբ ես անում։
Իսկ երբ խոսքը վերաբերում է ամբողջ դասարանին, երբ երեք տասնյակ աշակերտ սկսում են դա դիտմամբ անել, ես՝ ուսուցիչս, սուր զգում եմ, որ ինձ մշակութային մակարդակով լինչի են ենթարկում։ Իսկ եթե այս «դա»-ն վերաբերում է մի ամբողջ սերնդի՝ «մեր ժամանակներում նման բանն աներևակայելի էր», — եթե մի քանի սերունդ շարունակ դա դիտմամբ անեն, նշանակում է՝ մենք անհետացող տեսակի վերջին ներկայացուցիչներն ենք, վերջինը նրանցից, ովքեր հիշում են այն ժամանակները, երբ երիտասարդությունը (հենց մենք այդ տարիներին) մեզ հասկանալի էր… Եվ մենք մեզ այնքան մենակ ենք զգում այս հին, աղքատիկ կյանքում, բայց այնքան խորաթափանց, այնքան զգոն, այնքան իրազեկ, ինչպես այն ժամանակ, երբ երիտասարդ էինք․ մենք քաղաքակիրթ ժամանակների մի բուռ վկաներ ենք, որոնք շարունակում են ճիշտ մտածել՝ բացարձակապես կտրված լինելով այն ամենից, ինչ դարձել է իրական կյանքը՝ հակառակ մեր ցանկության։
Դուրս մղվածները…
Որովհետև դուրսմղվածության զգացումը չի հարվածում միայն արվարձանների վերջին օղակներից այն կողմ դուրս մնացած բնակչությանը. այն սպառնում է նաև մեզ՝ իշխող մեծամասնությանս, հենց որ դադարում ենք հասկանալ մեզ շրջապատող աշխարհի թեկուզ մի մասնիկը, հենց որ անսովորի բուրմունքը կործանարար է դառնում ժամանակի ոգու համար Ինչպիսի՜ շփոթմունք ենք ապրում այդժամ։ Եվ ինչպե՞ս է այն մեզ դրդում մատնանշել մեղավորներին.
— Դո՛ւ դա դիտմամբ ես անում։
Այսքան փոքրիկ մի դերանուն ու այսքան մեծ մենություն։
-3-
Մի փոքր շեղում՝ այդ անհանգիստ մեծամասնությունների բացառված լինելու զգացողության մասին։Երբ դեռահաս էի, առնվազն երկուսս էինք դա միտումնավոր անում՝ Pablo Picasso-ն և ես՝ հանճարն ու դասարանի ծույլիկ աշակերտը։ Ծույլիկ աշակերտը ոչինչ չէր անում, իսկ հանճարը անում էր ամեն տեսակ անհեթեթ բաներ, բայց երկուսս էլ՝ միտումնավոր։ Դա էր մեր միակ ընդհանրությունը։Հաճախ կիրակնօրյա ընտանեկան սեղանների շուրջը մեծահասակները խիստ քննադատում էին Պիկասոյին..
—Սարսափելի է։ Սնոբների համար նախատեսված գեղանկարչություն։ Աստված գիտի՝ ինչն են ներկայացնում որպես մեծ արվեստ…
Չնայած համընդանուր բողոքներին՝ Պիկասոն ջրիմուռի նման տարածվում էր արվեստի գրեթե բոլոր ճյուղերում`կերպարվեստ, նկարչություն,փորագրություն, քանդակագործություն, կավագործություն, թատերական զար արանքներ, նույնիսկ գրականություն:
— Ասում են՝ անհավանական արագությամբ է աշխատում։
Ահա այսպիսի մի բեղմնավոր ջրիմուռ՝ հայտնված ինչ-որ հրեշավոր օվկիանոսից, որպեսզի աղտոտի խաղաղ արվեստի ծոցերը։
—Սա, պարզապես, վիրավորանք է: Թույլ չեմ տա, որ ինչ-որ մեկն ինձ ծաղրի:
Բանը հասավ նրան, որ մի օր ես ստիպված եղա նույնիսկ պաշտպանել Պիկասոյին՝ հարցնելով այն տիկնոջը, որն արդեն չգիտեմ որերորդ անգամ կրկնում էր այդ մեղադրանքը, արդյոք նա իրո՞ք կարծում է, թե այդ առավոտ նկարիչը արթնացել էր միայն այն մտքով, որ շտապ-շտապ մի կտավ նկարի՝ բացառապես տիկին Ժնևիև Պելեգրյուին ծաղրելու համար։
Ամբողջ խնդիրն այն էր, որ այդ բարի մարդիկ սկսում էին կյանքից կտրված լինելու զգացում ունենալ. նրանք աստիճանաբար հայտնվում էին մենության մեջ։ Նրանք նկարչին վերագրում էին ամեն ինչ կլանելու սարսափելի ունակություն։ Այդ շառլատանը մարմնավորում էր նոր աշխարհը՝ մի տեսակ սպառնալից վաղվա օրը, որտեղ Պիկասոյի հորդաները աշխարհի բոլոր Պելեգրյուներին կվերածեին միևնույն պարզամիտի։
—Միայն թե ոչ ինձ։ Ինձ հետ նա ոչինչ չի կարող անել։
Ժնևիև Պելեգրյուն չգիտեր, որ իրականում ստամոքսը հենց ինքն է, որ հենց ինքն է մարսելու Պաբլո Պիկասոյին, ինչպես և ամեն ինչ՝ դանդաղ, բայց հաստատուն կերպով։ Այնպես որ, քառասուն տարի անց նրա թոռները շրջելու են մարդկության կողմից երբևէ հորինված ամենատգեղ ընտանեկան մեքենաներից մեկով՝ մի հսկայական մոմիկով, որին նոր Պելեգրյուները կտան նկարչի անունը,և որը մի գեղեցիկ կիրակնօրյա առավոտ նրանց կբերի Պիկասոյի թանգարանի դռների մոտ՝ մեղմելու իրենց մշակութային քորը։
-4-
Իշխող մեծամասնության կատաղի միամտությունը… Ա՜խ, նորմերի այս կրողները՝ ինչպիսին էլ որ դրանք լինեն՝ մշակութային, ընտանեկան, ձեռնարկատիրական, քաղաքական, կրոնական, կլանային, ակումբային, ավազակային, թաղային, առողջության, մկանային թե՛ ուղեղային… Ինչպե՜ս են կուչ գալիս նորմի այս պահապանները՝ հենց որ մի անհասկանալի բան են զգում, ինչպե՜ս են սկսում դիմադրել. կկարծես, թե նրանք միայնակ դիմակայում են համաշխարհային դավադրությանը:
Ախ այդ նորմին չհամապատասխանելու վախը…
Իսկ ինչպե՜ս է կատաղում հզորը, որը զոհի դեր է խաղում, հարուստը, երբ աղքատությունը թակում է իր դուռը, օրինակելի ընտանիքը՝ տեսնելով ամուսնալուծված «տուն քանդողին», բնիկ բնակիչը՝ զգալով սփյուռքի ներկայությունը: Հավատացյալը՝ պարսավելով անաստվածին: Դիպլոմավորվածը՝ նայելով պատսպարված հիմարին: Տգետը, որը հպարտանում է միայն նրանով, որ ծնվել է հենց այսինչ տեղում:Սա վերաբերում է նաև փողոցի մյուս կողմում գտնվող թշնամուն կասկածանքով հետևող արվարձանի խղճուկ բանդայի փոքրիկ առաջնորդին։ Ինչպես են նրանք՝ նորմերի այդ կրողները, դառնում վտանգավոր՝ ի տարբերություն մյուսների, ովքեր ծանոթ չեն օրենքներին:
Նույնիսկ երեխաները պետք է նրանցից զգուշանան:
-5-
Երբեք այնքան խորությամբ չէի զգացել այդ զզվելի վախը՝ այն մարդու, ով իրեն կյանքից դուրս մղված է զգում՝ կանգնելով իսկապես կյանքից դուրս մղվածների առջև, որքան մի առավոտ, երբ միայնակ էի մնացել։ Ես չեմ բարձրանում անկողնուց։ Միննան ինչ-որ տեղ հարավ-արևմուտքում է. նա պետք է հանդիպի Տուլուզի շրջանի տեխնիկական լիցեյի ուսանողների, այսինքն՝ ընթերցողների հետ։Ուրեմն այսօր չի լինի առավոտյան սիրալիր արթնացում՝ անբաժան սուրճի ուղեկցությամբ։ Պետք է անմիջապես նստեմ գրելու, բայց, ոչ, պառկած եմ մնում անկողնում՝ հայացքս հառած դատարկությանը, ճիշտ այնպես, ինչպես ժամանակին նստում էի չկատարած տնային աշխատանքի առաջ («Մի՛ խանգարեք երեխային, նա զբաղված է»)։Վերջապես միացնում եմ ռադիոն՝ իմ սիրելի ալիքը։ Սկսվում է իմ ամենասիրած հաղորդումներից մեկը։ Շաբաթը մեկ անգամ այնտեղ հավաքվում են ճանաչված մտավորականներ, որոնք խոսում են այնպիսի անկեղծ ու անշահախնդիր տոնով, որն այսօր հազվադեպ է հանդիպում. ասես մարդիկ լինեն, որոնք վաճառելու ոչինչ չունեն։ Նրանք հանգիստ փոխանակվում են իրենց գրած էսսեների շուրջ մտքերով՝ խելամտորեն հղումներ անելով նաև կարդացած գործերին։Հենց այն է, ինչ ինձ պետք է այս լիակատար ծուլության առավոտ. ինչ-որ մեկը կմտածի իմ փոխարեն։ Միայն ոչ ոքի չասեք. ես այդ խելացի մտքերը կսպառեմ նույնքան ծուլորեն, որքան կկարդայի պատահական մի թերթ։ Հիանալի է։ Հաղորդման երաժշտական ազդանշանի առաջին հնչյուններից արդեն հաճույք եմ զգում, իսկ մասնակիցների ներկայացումից հետո կարծես սահում եմ նախադասությունների «ամերիկյան բլուրներով»՝ մեղմորեն բարձրանալով փաստարկների գագաթները և նորից իջնելով ներքև։ Ես ինձ լիովին ապահով եմ զգում՝ շնորհիվ ձայների հաճելի հնչերանգի, դատողությունների ճկունության, փաստարկների հիմնավորման, խոսքի լրջության, վերլուծությունների ճշգրտության և այն անթերի «սոուսի», որով հաղորդավարը հմտորեն համեմում է բոլոր ելույթները, կանխում հնարավոր վեճերը և մանրամասն զարգացնում սեփական մտքերը։ Ինձ միշտ դուր է եկել այս հաղորդումը նաև իր նրբագեղության պատճառով. այնտեղ իրականությունը կարծես խնամքով հղկվում ու փայլեցվում է, որպեսզի իմ առջև ներկայանա ավելի հեշտ ընկալելի և, հետևաբար, ավելի մխիթարիչ տեսքով։ Այնուամենայնիվ, այդ առավոտ զրույցը պտտվում է «փողոցային» երիտասարդության շուրջ։ Մի պահ երեք ձայներ սկսում են քննարկել ինչ-որ կինոնկար։ Ես ականջներս սրում եմ։ Ֆիլմը, որը, թվում է, ծանր տպավորություն է թողել հաղորդավարի վրա, արվարձանների մասին է։ Ո՛չ, Մարիվոյի պիեսի մասին է։ Ո՛չ, ինչ-որ մանկավարժական նախագծի մասին։ Հա՛, ճիշտ է, դա մի ֆիլմ է արվարձանի լիցեյականների մասին, ովքեր ֆրանսերենի ուսուցչի հետ բեմադրում են Մարիվոյի պիեսը։ Այն կոչվում է «Խուսափում» (L’esquive)։ Դա վավերագրական ֆիլմ չէ։ Ավելի շուտ վավերագրական է, բայց նկարահանված ըստ սցենարի: Այն ցույց չի տալիս իրականությունը, բայց ձգտում է հնարավորին ճշգրիտ պատկերացում հաղորդել վերջինիս մասին: Ես նույնպես համակ ուշադրությամբ եմ լսում, քանի որ դիտել եմ քննարկվող ֆիլմը: Ճիշտ է, սկզբում այնքան էլ ոգևորված չէի․ դպրոցի մասին ևս մի ֆիլմ, այն էլ կրկին արվարձաններում տեղի ունեցող… Այնուամենայնիվ դիտեցի՝ հավանաբար ինչ-որ ժառանգական հետաքրքրությունից դրդված։ (Կարծես հորեղբայր Ժյուլի հոգին շշնջար. «Գնա՛ տես L’Esquive-ը, եղբորորդի՛ս, մի՛ վիճիր»։)
Եվ դա ամենևին էլ վատ չէր. իր աշակերտներին գրականության գեղեցկագույն ուղիներով տանելու համար ուսուցիչն ընտրում է թատրոնը։ Դասարանը բեմադրում է Մարիվոյի «Սիրո և պատահականության խաղը»։ Մենք տեսնում ենք, թե ինչպես են տղաներն ու աղջիկները այս զբաղմունքին նվիրում իրենց ողջ էներգիան, իրենց ողջ ուշադրությունը, ինչին չեն խանգարում ո՛չ սեփական սիրային պատմությունները, ո՛չ ընտանեկան կամ թաղամասային խնդիրները, ո՛չ դեռահասային թշնամանքը, ո՛չ մանր-մունր գործերը, ո՛չ լեզվական դժվարությունները և ոչ էլ նույնիսկ այն վատ համբավը, որը կապված է ընդհանրապես թատրոնի հետ՝ որպես ծաղրածուական զբաղմունքի։
Կինոթատրոնից դուրս եկա այն համոզմունքով, որը միշտ ունենում եմ ծայրամասային դպրոցներ այցելելիս. հորեղբայր Ժյուլը չի մահացել: Այսօր էլ դեռ կան այդպիսի հորեղբայր Ժյուլեր և մորաքույր Ժյուլիներ, ովքեր, չնայած նմանատիպ փրկարարական գործողությունների անհավատալի դժվարությանը, գտնում են երեխաներին, որտեղ էլ որ լինեն, որպեսզի հասցնեն նրանց իրենց սեփական բարձունքին ֆրանսերենի արահետներով՝ այս դեպքում տասնութերորդ դարի:Սակայն հաղորդավարի մոտ բոլորովին այլ զգացողություն էր՝ ոչ մի լավատեսություն, ոչ մի ոգևորություն։ Նա կինոթատրոնից դուրս էր եկել սարսափահար այն լեզվից, որով այդ երիտասարդները սկսում էին խոսել հենց որ հրաժեշտ էին տալիս Մարիվոյին։ Աստվա՜ծ իմ, ի՜նչ տոն էր դա։ Ի՜նչ կոպտություն։ Իսկ բառապաշա՞րը։ Լիակատար աղքատություն, անհեթեթ ու կցկտուր արտահայտություններ։ Եվ ի՜նչ զզվելի, գռեհիկ հայհոյանքներ։ Նա պատմում էր, թե որքան էր տանջվել ֆիլմը դիտելիս, որքան էր ցավ ապրել իր մայրենի լեզվի համար։ Սարսափելի էր մտածել, որ ֆրանսերենին նման վտանգ է սպառնում։ Ո՛չ, այն դատապարտված է, այն էլ՝ անդառնալիորեն, այս լեզվական ագրեսիայի պատճառով։ Ի՞նչ է լինելու նրա հետ։ Ինչի՞ են այն վերածելու այս մոլեգնած, ուսման նկատմամբ անտարբեր երիտասարդների հորդաները։Ցավոք, ես չձայնագրեցի այդ փայլուն մենախոսությունը, բայց հիմնական միտքը փոխանցեցի. դեռահասների մասին խոսում էր ոչ թե հասուն տղամարդը, այլ նրա սեփական վախը։ Այնուամենայնիվ, հաղորդավարի զրուցակիցները կարծես մի փոքր զարմացած էին։ Կարելի էր գրեթե տեսնել այն կարեկցական ժեստերը, որոնցով նրանք փորձում էին հանգստացնել նրան, բայց ապարդյուն. վախն ավելի ուժեղ էր։
Եվս մի փոքր՝ ու մազերս բիզ-բիզ կկանգնեին։ Մահճակալումս միայնակ պառկած՝ արդեն պատրաստվում էի ինքս ինձ ասել. «Խե՞նթ ես ինչ է,, որ կնոջդ ուղարկել ես այդ վայրենիների մոտ։ Նրանք նրան կենդանի-կենդանի կուլ կտան»։ Սակայն հենց այդ պահին ցանկացա խեղճ հաղորդավարին գիրկս առնել, օրորել ու հանգստացնել. «Հանգի՛ստ, հանգի՛ստ… Չէ՞ որ վաղուց հայտնի է՝ աղքատները միշտ բարձր են խոսում։ ։ Դա վաղուց հայտնի փաստ է, պատմական ու աշխարհագրական անփոփոխ իրողություն։ Այդպես եղել է միշտ և ամենուր։ Եվ որքան շատ են աղքատները, այնքան բարձր են նրանք գոռում, որպեսզի իրենց լսեն, հասկանան։ Նրանց խրճիթների պատերը բարակ են։ Նրանք նաև շատ են հայհոյում, դա ճիշտ է, բայց՝ առանց չարության, այնպես որ մի՛ վախեցիր։ Եվ որքան հարավ է իջնում աղքատությունը, այնքան ավելի հաճախ են մարդիկ անպարկեշտ հայհոյանքներ գործածում՝ նույնիսկ սրբություններ հիշատակելով։ Դա էլ հասկանալի է։ Չէ՞ որ դու ճիշտ պահին նրանց ճանապարհին չես հայտնվել ու չես ասել, որ այդպես խոսելը վատ է։Սպասիր։ Իմ մանկության տարիներին էլ մեր գյուղի աղքատները շարունակ ասում էին. «Porca Madonna!»՝ «Անիծյալ Մադոննա»։ Նրանք հարավային Իտալիայից էին եկել։ Բայց դա չէր նշանակում, թե շաբաթ երեկոյան մարմնավաճառների դեմ բան ունեին կամ կիրակի առավոտյան՝ Մադոննայի։ Նրանք պարզապես այդպես էին ասում, երբ մուրճով մատներն էին խփում։ Մատին հարված՝ ու անմիջապես. «Porca Madonna!»։ Մի տեսակ օքսիմորոն էր՝ անհամատեղելիների միավորում։Դու չգիտեի՞ր, որ աղքատները սիրում են օքսիմորոններ։ Հիմա իմացիր՝ սիրում են։ Այդ առումով մենք նրանց նման ենք։ Մենք՝ գրիչը ձեռքներս, նրանք՝ մուրճը, բայց երկուսիս մոտ էլ նույն բանն է ստացվում՝ օքսիմորոն։ Մի՞թե սա հուսադրող չէ։Դու այնքան ես վախենում, թե իրենց կոպիտ ժարգոնով նրանք կկործանեն մեր նուրբ լեզուն։ Սակայն ամեն ինչ այնքան էլ սարսափելի չէ։ Եվ, ի դեպ, մի՛ վախեցիր ժարգոնից։ Այսօրվա աղքատի լեզուն նույնն է, ինչ երեկվա աղքատի լեզուն՝ ոչ ավել, ոչ պակաս։ Աղքատը միշտ իր ձևով է խոսում։ Գիտե՞ս ինչու։ Որպեսզի հարուստին ցույց տա, թե իբր ինքը մի բան ունի, որ իրենն է, մի գաղտնի աշխարհ, որը թաքցնում է ուրիշներից։Իրականում նա ոչինչ չունի թաքցնելու․ չափազանց աղքատ է դրա համար։ Մի քանի աննշան իրեր, մանրուքներ, բայց ուզում է, որ մարդիկ կարծեն, թե ունի սեփական աշխարհ, մի ամբողջ տիեզերք, որի մուտքը մեզ համար փակ է, և որի համար նույնիսկ հատուկ լեզու է պետք։ Սակայն այդպիսի աշխարհ էլ չկա, հատուկ լեզու էլ չկա։ Կան միայն մի քանի բառեր, որոնք հասկանալի են միայն «իրենց մարդկանց», որպեսզի մի փոքր տաքացնեն հոգին ու քողարկեն հուսահատությունը։Ժողովրդական ժարգոնը, ի վերջո, առանձին լեզու չէ։ Դա պարզապես բառերի հավաքածու է, որովհետև նրանց քերականությունը մեր քերականությունն է՝ պարզապես ավելի պարզեցված։ Ենթակա, ստորոգյալ, լրացում՝ նույն կառուցվածքը, նույն ֆրանսերենը, քո և մեր ընդհանուր լեզուն։ Աղքատներին էլ հենց այդ քերականությունն է պետք, որպեսզի իրար հասկանան։Մնում է միայն բառապաշարը՝ այն բառերը, որոնցով խոսում են արվարձանների երիտասարդները, և որոնք դու համարում ես չափազանց գռեհիկ ու աղքատիկ։ Բայց այստեղ էլ անհանգստանալու պատճառ չկա։ Այդ բառապաշարն այնքան աղքատ է, որ դրա բառերի կեսը պատմության քամին շատ շուտ կցրի։ Դրանք թեթև շյուղեր են, որոնց մեջ այնքան քիչ միտք կա։։ Բառարաններում դրանցից գրեթե ոչ մեկը չի մնա։ Մի քանի բառ՝ «թույն», «կայֆ», «շիզիկ»… Ես մոտ տասնհինգ րոպե փնտրեցի ժամանակակից երիտասարդների լեզվից օրինակներ և միայն սրանք գտա։ Երեք հասարակ բառ, որոնք կանհետանան հենց որ մեր ժամանակաշրջանի էջը շրջվի։ Իսկ բառարանները միայն մի փոքրիկ հավերժություն են երաշխավորում։Եվ վերջում՝ ևս մի քանի խոսք, որպեսզի վերջնականապես հանգստացնեմ քեզ։ Գնա՛ փոստային բաժանմունք,մտի՛ր քաղաքապետարան, իջի՛ր մետրո, այցելիր թանգարան կամ սոցիալական ապահովության գրասենյակ և կտեսնես։Այնտեղ պատուհանների հետևում կնստեն հենց այդ «սարսափելի լեզվով» խոսող պատանիների մայրերը, հայրերը, ավագ եղբայրներն ու քույրերը։Կամ արա այն, ինչ ես արեցի․ հիվանդացիր ու արթնացիր հիվանդանոցում։ Այն ժամանակ կլսես երիտասարդ սանիտարի հարազատ խոսքը, երբ նա քեզ պատգարակով կտանի վիրահատարան.
— «Մի՛ վախեցիր, ախպերս,ամեն ինչ լավ է լինելու, շուտով ոտքի կկանգնես ու լրիվ նոր կլինես»։
-6-
Ամենահետաքրքիրն այն է, որ արվարձանային դպրոցներում, ուր ուսուցիչներն ինձ հրավիրում են հանդիպելու աշակերտների հետ, նրանց առաջին հարցերից մեկը վերաբերում է իմ լեզվի կոպտությանը։ Ինչո՞ւ են իմ վեպերում այդքան շատ կոպիտ բառեր։ (Այո՛, ընկեր, հենց այն դեռահասներին որոնցից դու այդքան վախենում ես, անհանգստացնում է նույն հարցը, ինչ քեզ ինչո՞ւ եմ օգտագործում այդքան կոպիտ բառեր)։ Իհարկե, նրանք այդ հարցը մասամբ տալիս են ուսուցչին հաճոյանալու, մասամբ՝ ինձ անհարմար դրության մեջ դնելու համար, բայց նաև այն պատճառով, որ նրանց աչքերում բառը կոպիտ է դառնում միայն այն ժամանակ, երբ գրվում է։ Նրանք քննության ժամանակ «հետույքն են պատռում», դասերին «անհեթեթություններով են զբաղվում», գրեթե ամեն բառից հետո ասում են « քո մերը», բայց երբ նույն այդ բառերը տեսնում են գրքում՝ սևով սպիտակի վրա գրված, այն դեպքում, երբ դրանց տեղը կարծես զուգարանի պատերին պիտի լիներ, դա արդեն բոլորովին այլ բան է…Եվ հենց այստեղ է, որ դպրոցականների հետ իմ զրույցը սովորաբար անցնում է ֆրանսերեն լեզվի թեմային։ Իմ վեպերում եղած անպարկեշտ և խոսակցական բառերից խոսակցությունն աստիճանաբար տեղափոխվում է ժարգոնին՝ այդ այլընտրանքային, գաղտնի ու պայմանական լեզվին, նրա հայհոյանքներին և քնքշական արտահայտություններին (չէ՞ որ ժարգոնի բառերը, ավելի քան սովորական բառերը, կարողանում են փոխանցել զգացմունքների նրբերանգներն ու խոսքի երանգավորումը․Դրանք պարզապես հավասարը չունեն իրենց ճկունությամբ՝ վիրավորանքից մինչև փաղաքշանք անցնելու նրբերանգները փոխանցելու գործու)։Մենք խոսում ենք Ֆրանսիայում ժարգոնի հին արմատների մասին՝ մի երկրիր, որը մի քանի դար շարունակ ձգտել է ստեղծել միասնական ազգային լեզու։ Խոսում ենք նաև ժարգոնի բազմազան ձևերի մասին՝ քրեական, տեղային, մասնագիտական, տարբեր հասարակական խավերի և համայնքների լեզվամշակութային շերտերի, դրանց աստիճանական ներթափանցման և ձուլման համընդհանուր գործածվող լեզվին, ինչպես նաև այն դերի մասին, որ գրականությունը՝ սկսած Վիյոնից մինչև մեր օրերը, խաղացել է այդ դանդաղ յուրացման գործընթացում(այդ պատճառով էլ իմ վեպերում կան ժարգոնային բառեր)։
Եվ այսպես, բառ առ բառ, մենք սկսում ենք խոսել բառերի պատմության մասին։
— Ի վերջո, բառերն էլ ունեն իրենց սեփական պատմությունը․ դրանք մեր բերանից չեն ընկնում այնպես, ինչպես հավի ձվերը։ Բառերը զարգանում են, և նրանց կյանքը նույնքան անկանխատեսելի է, որքան մերը։ Երբեմն իրենց զարգացման ընթացքում դրանք դառնում են ժարգոնի մաս։ Վերցրեք, օրինակ, խեղճ կովին՝ այդ խաղաղ կենդանուն, որ հանգիստ արածում է մարգագետնում։ Չգիտես ինչու, դարեր շարունակ «կով» են անվանել արհամարհված մարդկանց․ տասնյոթերորդ դարում՝ մարմնավաճառներին, տասնիններորդ դարի վերջին՝ ոստիկաններին, իսկ այսօր՝ սրիկաներին, որոնք ամեն տեսակ զազրելի արարքներ են գործում։ Եվ ահա այդ համեստ «կովը» նույնիսկ հիմք է դարձել մի մակբայի ձևավորման, որը նշանակում է գործողության կամ հատկանիշի դրսևորման ծայրահեղ աստիճան։Այսպիսի զրույցներից մեկի ընթացքում ուսուցչուհին աշակերտներին մի հարց տվեց…
— Կարո՞ղ է որևէ մեկը օրինակ բերել մի սովորական բառ, որը դարձել է ձեր ժարգոնի մասը։
— …
— Դե՛, մի բառ, որը դուք օրը հարյուր անգամ օգտագործում եք, երբ ուզում եք որևէ մեկին ծաղրել։
— …
— «Բուֆո՞ն», տիկի՛ն։ «Բուֆո՞նը»։
— Այո՛, ասենք՝ «բուֆոնը»։
«Բուֆոն» բառն առաջին անգամ լսեցի իննսունականների սկզբին, երբ մի առավոտ մտա դասարան և այնտեղ տեսա երկու կռվարար աքլորների, որոնք ռազմատենչ կեցվածքով կանգնել էին իրար դեմ և պատրաստ էին ցանկացած պահի անցնելու բռունցքներին։
— Պարո՛ն, նա ինձ «բուֆոն» անվանեց։
Այս բառը, որը ծագել է տասներեքերորդ դարում Իտալիայում, որտեղ այդպես էին կոչում պալատական ծաղրածուներին, այդ առավոտ հնչեց որպես «խղճուկ արարածի» հոմանիշ։ Անցել է տասնհինգ տարի, և այսօր էլ այս վիրավորական բառը նույն դասարանի աշակերտների, ինչպես նաև «Խուսափում» ֆիլմի հերոսների ու նրանց սերնդի երիտասարդների համար մատնանշում է բոլոր նրանց, ովքեր չեն տիրապետում իրենց պայմանական լեզվին։ Այլ կերպ ասած՝ այն մարդկանց, որոնց իմ մոր երիտասարդության տարիներին (իսկ նա, ի դեպ, հենց այդ միջավայրից էր) անվանում էին «բուրժուա»։(Ըստ էության, նա իսկական բուրժուա է)։
«Բուրժուա»… Քանի՜ անգամ է այս բառը փոխել իր իմաստային երանգը։ Արիստոկրատների արհամարհանքից մինչև բանվոր դասակարգի վրդովմունքը, ռոմանտիկ երիտասարդության ցասումից մինչև սյուրռեալիստների անեծքը, մարքսիստ-լենինիստների անվերապահ դատապարտումից մինչև ամենատարբեր արվեստագետների քամահրանքը։ Պատմությունն այն այնքան է ծանրաբեռնել նվաստացուցիչ իմաստներով, որ բուրժուական ընտանիքից ոչ մի երեխա չի կարող առանց ներքին անհարմարության ու գոյաբանական ամոթի զգացման բացահայտ խոստովանել իր ծագման մասին։Բուրժուան վախենում է աղքատից, իսկ աղքատը արհամարհում է բուրժուային։ Երեկ իմ պատանեկության «սև բաճկոնավորներն» էին վախ ներշնչում բուրժուաներին, հետո հայտնվեցին իմ երիտասարդության փողոցային խուլիգանները, որոնք ահաբեկում էին բուրժուաներին իսկ այսօր քաղաքի ծայրամասերի տղաներն են վախեցնում բուֆոններին։ Սակայն, ինչպես երեկվա բուրժուան գրեթե երբեք հնարավորություն չէր ունենում հանդիպելու «սև բաճկոնավորներին», այնպես էլ այսօրվա «բուֆոնը» դժվար թե երբևէ առնչվի այն դեռահասների հետ, որոնք դատապարտված են իրենց օրերն անցկացնել հեռավոր բազմաբնակարան շենքերի աստիճանահարթակներում։Հետաքրքիր է՝ արվարձաններից քանի՞ տղայի էր անձամբ ճանաչում մեր հաղորդավարը, որին այդքան վախեցրել էին «Խուսափում» ֆիլմի դեռահասները։ Կկարողանա՞ր արդյոք նրանց հաշվել թեկուզ մեկ ձեռքի մատների վրա։ Բայց դա կարևոր չէ։ Բավական էր, որ նա ֆիլմում լսեր նրանց խոսքը, ռադիոյով կես րոպե ունկնդրեր նրանց երաժշտությունը կամ տեսներ արվարձանային անկարգությունների ժամանակ հրկիզված մի քանի մեքենա, և արդեն սրբազան սարսափով էր լցվում՝ նրանց ներկայացնելով որպես ծույլիկների մի ամբողջ բանակ, որը կործանելու է մեր քաղաքակրթությունը։
V.Մաքսիմիլյանը կամ
էլ իդիալական մեղավորը
Պարո՛ն, ուսուցիչները գլուխներս տանում են
Բելվիլ, Ժյուլիեն Լակրուա փողոց, ձմեռային մութ երեկո։ Ծխամորճը բերանումս, մթերքներով լի պայուսակը ձեռքիս տուն եմ վերադառնում՝ մտազբաղ, երբ հանկարծ պատին հենված մի երիտասարդ, ավտոկայանատեղիի արգելափակոցի պես մեկնելով ձեռքը, կտրում է ճանապարհս։ Սիրտս մի պահ կանգ է առնում։
— Կրակ տո՛ւր։
Ոչ մի հարգանքի նշույլ այն շուրջ քառասուն տարվա տարբերության հանդեպ, որ բաժանում է մեզ։ Բարձրահասակ տղա է՝ տասնութից քսան տարեկան, սևամորթ, ամրակազմ, ցուցադրաբար հանդարտ և սեփական ուժի ու իրավացիության մեջ լիովին վստահ։ Նրան կրակ է պետք, և նա համոզված է, որ կստանա այն։ Վե՛րջ, խոսքն ավարտված է։
Ես պայուսակս դնում եմ գետնին, հանում եմ կրակայրիչս և կրակը մոտեցնում նրա ծխախոտին։ Նա գլուխը խոնարհում է, խորը քաշում ծուխը և միայն հետո՝ ծխախոտի շիկացած ծայրի վրայից, առաջին անգամ նայում ինձ։ Հենց այդ պահին նրա պահվածքը կտրուկ փոխվում է. աչքերը լայնանում են, ձեռքն իջեցնում է, ծխախոտը հանում բերանից ու շփոթված ասում.
— Օ՜հ, ներեցեք, պարոն…
Մի պահ լռում է, ապա անվստահ ավելացնում.
— Դուք… պատահաբար… այն գրո՞ղը չեք… Դուք գրքեր եք գրում, այնպես չէ՞։
Կարող էի հաճույքով մտածել. «Ահա և իմ ընթերցողը»։ Սակայն հին (ուսուցչական) բնազդս այլ բան է հուշում. «Ո՛չ, սա աշակերտ է։ Ուսուցիչը նրան իմ Մալոսենի մասին առաջադրանք է տվել, և հիմա օգնություն է խնդրելու»։
— Այո՛, ես գրքեր եմ գրում։ Իսկ ի՞նչ է պատահել։
Ճիշտ այդպես էլ լինում է։
— Մեր ուսուցչուհին հանձնարարել է կարդալ այն… ոնց էր… Փերին… Փերին…
Գոնե հիշում է, որ վերնագրում «փերի» բառը կա։
— Էն… Բելվիլի պառավ կանանց մասին…
— «Կարաբինի փերին», այո՛։ Հետո՞։
Եվ հանկարծ նա վերածվում է ամաչկոտ երեխայի։ Մատները կոտրատելով՝ վերջապես տալիս է իրեն հուզող հարցը.
— Մեզ հանձնարարել են տեքստի վերլուծություն գրել։ Չե՞ք օգնի։ Գուցե մի քանի հուշում տաք, մի երկու խոսք ասեք…
Ես գետնից վերցնում եմ մթերքի տոպրակս։
— Նկատեցի՞ր, թե ինչպես ինձանից կրակ խնդրեցիր։
Նա շփոթվում է։
— Ուզո՞ւմ էիր ինձ վախեցնել։
Անմիջապես առարկում է.
— Ո՛չ, պարոն, մո՛րս արև։
— Մի՛ ստիպիր մորդ պատասխանատվություն կրել այդպիսի երդման համար։ Դու ուզում էիր ինձ վախեցնել։ (Այն, որ քեզ դա գրեթե հաջողվեց, ես խոհեմաբար լռում եմ)։ Եվ վստահ եմ՝ այսօր առաջինը չեմ։ Քանի՞ հոգու ես այսպես կանգնեցրել։
Նա լռում է։
— Պարզապես ինձ ճանաչեցիր և հիմա օգնություն ես խնդրում։ Իսկ ի՞նչ է լինում այն մարդկանց հետ, որոնց գրքերը դպրոցում չեք անցնում։ Նրանք ի՞նչ են զգում, երբ կտրում ես նրանց ճանապարհը։ Նրանք վախենում են, իսկ դու դրանից հաճո՞ւյք ես ստանում։
— Ո՛չ, պարոն, լսեք…
— Իսկ «հարգանք» բառի իմաստը գիտե՞ս։ Երևի օրը հարյուր անգամ գործածում ես այդ բառը։ Բայց դու հենց նոր ինձ հետ անհարգալից վարվեցիր, իսկ հիմա ուզում ես, որ քեզ օգնե՞մ։
Նա նորից լռում է։
— Անունդ ի՞նչ է։
— Մաքս, պարոն։ — Եվ արագ ավելացնում է, — Մաքսիմիլյան։
— Դե, Մաքսիմիլյան, հենց նոր մի հրաշալի հնարավորություն բաց թողեցիր։ Ես ապրում եմ հենց այստեղ՝ Լեսաժ փողոցում։ Տեսնո՞ւմ ես այն պատուհանները։ Եթե սկզբում ինձ քաղաքավարի դիմեիր ու կրակ խնդրեիր, հիմա արդեն այնտեղ կլինեինք, և ես սիրով կօգնեի քեզ կատարել տնային առաջադրանքդ։ Բայց հիմա՝ ոչ։ Այդ մասին խոսք լինել անգամ չի կարող։
Վերջին փորձը.
— Բայց, պարոն…
— Մեկ ուրիշ անգամ, Մաքսիմիլյան, երբ մարդկանց նկատմամբ հարգանք ցուցաբերես։ Բայց ոչ այսօր։ Այսօր դու ինձ բարկացրիր։
Ես հաճախ եմ մտածում Մաքսիմիլյանի հետ այդ հանդիպման մասին։ Հետաքրքիր փորձառություն էր թե՛ նրա, թե՛ ինձ համար։ Մի ակնթարթ ես տատանվեցի խուլիգանի առջև և խստություն ցուցաբերեցի աշակերտի նկատմամբ։ Իսկ նա հաճույք ստացավ՝ վախեցնելով «բուֆոնին», հետո, սակայն, դողում էր «Վիկտոր Հյուգոյի արձանի» առջև (Բելվիլի Լեսաժ փողոցում այն տղաներից ոմանք, որոնք մեծացել էին իմ աչքի առաջ, կատակով ինձ «պարոն Հյուգո» էին անվանում)։Եվ Մաքսիմիլյանը, և ես միմյանց մասին երկակի պատկերացում ունեինք․ վտանգավոր խուլիգա՞ն, թե՞ օգնության կարոտ աշակերտ, վախկոտ «բուֆո՞ն», թե՞ գրող, որը կարող է օգնել։ Բարեբախտաբար, կրակայրիչի լույսը խառնեց այդ պատկերացումները։ Մի պահ մենք միաժամանակ և՛ խուլիգան ու դպրոցական էինք, և՛ բուֆոն ու գրող։ Իրականությունը մի փոքր ավելի բարդ դուրս եկավ։Եթե ամեն ինչ ավարտվեր միայն ծխախոտի այդ դրվագով, և Մաքսիմիլյանը ինձ չճանաչեր, ես տուն կվերադառնայի ամոթի զգացումով, որ նահանջել էի մի սրիկայի առաջ, իսկ նա՝ հպարտ, որ «հախից էր եկել» ծեր բուֆոնի։ Նա այդ մասին կպարծենար ընկերների մոտ, իսկ ես գուցե դրա մասին դժգոհեի խոսափողի առաջ։Ըստ էության, ամեն ինչ կվերածվեր մի պարզ պատմության․ արվարձանի խուլիգանը նվաստացրել է օրինավոր քաղաքացուն՝ մի պատկեր, որը լիովին համապատասխանում է ժամանակակից աշխարհի տարածված պատկերացումներին։ Սակայն, բարեբախտաբար, կրակայրիչի լույսի ներքո կյանքը շատ ավելի բարդ երևաց։ Դա հանդիպում էր մի դեռահասի, որը դեռ շատ բան պետք է սովորի, և մի մեծահասակի, որը կարող է նրան շատ բան սովորեցնել։
Եվ ահա թե ինչ կասեմ քեզ, Մաքսիմիլյան․ եթե ուզում ես իսկապես մեծ մարդ լինել, ինչպես կայսրը, եթե ուզում ես իշխել, թեկուզ միայն ինքդ քեզ վրա, մի՛ խաղա այս խաղերը։ Մի՛ վախեցրու «բուֆոնին», մի՛ ավելացրու նույնիսկ մեկ գրամ ճշմարտություն այն սարսափելի խուլիգանի կերպարին, որը կերտում են քեզնից և քո նմաններից, և որը ձեր ուսերին կառուցում են խոսափողերը ձեռքին վախկոտները։
— Դե՛ հա…
Նոր գրածս վերընթերցելիս ներսումս էլի լսում եմ այդ մեղմ քրքիջը։
— Դե՛ հա, հի-հի-հի…
Դե իհարկե, այս հեգնանքը դարձյալ նա է՝ այն երկու ստացող աշակերտը, որը ես էի ժամանակին։
— Տեսնես չե՞ս ասի՝ ինչ գեղեցիկ է։ Բարոյախոսության հրաշալի դաս ստացավ քո այդ Մաքսիմիլիանը։
— Եվ, ինչպես միշտ, նոր մեխ է խփում. — Ինքնագոհության թեթևակի՞ նոպա։
— …
— Այսինքն՝ դու չօգնեցիր այդ դպրոցականին…
— …
— Որովհետև նա անքաղաքավարի՞ էր քեզ հետ, այդպե՞ս է։
— …
— Ու դու գո՞հ ես քեզնից։
— …
— Բա ուր մնացին քո սկզբունքնե՞րը։ Վերևում շարադրված այն հրաշալի սկզբունքները։ Հիշի՛ր՝ «Կարդալու վախը հաղթահարվում է կարդալով, չհասկանալու երկյուղը՝ տեքստի մեջ ընկղմվելով…»։ Ի՞նչ անենք այս հայտարարությունները։ Ի՞նչ է, թքա՞ծ ունես դրանց վրա։
— Մի խոսքով՝ այդ երեկո Մաքսիմիլյանի հետ վատ վարվեցիր։ Չափազանց բարկացար կամ գուցե պարզապես վախեցար։ Չէ՞ որ քեզ հետ պատահում է նման բան, հատկապես երբ հոգնած ես։ Դու ինքդ էլ հիանալի գիտես, որ պետք էր բռնել այդ տղայի ձեռքից, տուն տանել, օգնել նրան հասկանալ ու վերլուծել տեքստը, իսկ հետո միայն խոսել նրա հետ, նույնիսկ, եթե հարկ լիներ, բղավել նրա վրա, բայց միայն այն բանից հետո, երբ նա կատարած լիներ իր հանձնարարությունըՊետք էր արձագանքել նրա խնդրանքին. ահա թե ինչ պետք է անեիր։ Անպայման, որովհետև, բարեբախտաբար, դա խնդրանք էր։ Վա՞տ էր ձևակերպված։ Թող այդպես լինի։ Շահախնդի՞ր էր։ Բայց դու ինքդ էլ լավ գիտես, որ յուրաքանչյուր խնդրանք իր մեջ որոշակի շահ է պարունակում։ Չէ՞ որ հենց քո գործն է հաշվենկատ հետաքրքրությունը վերածել տեքստի հանդեպ իսկական հետաքրքրության։
Իսկ Մաքսիմիլյանին փողոցում թողնելն ու տուն վերադառնալը, ինչպես դու արեցիր, նշանակում էր անփոփոխ թողնել ձեր միջև կանգնած պատը։ Ավելին՝ դու նույնիսկ ավելի ամրացրեցիր այդ պատը։
Լաֆոնտեն այս թեմայով մի առակ ունի։ Ուզո՞ւմ ես պատմեմ։ Դրա գլխավոր հերոսը դու ես։
Ուսուցիչն ու աշակերտը
Այս պատմության մեջ ուզում եմ ցույց տալ,
Թե որքան զուր է հիմարի խրատը։
Մի տղա, Սենայի ափին խաղալիս,
Սայթաքում է ու ջուրն ընկնում,
Ու ընկնելիս բարձր ճիչ է արձակում։
Աստծո կամոք այնտեղ մի ուռենի էին տնկել,
Բարեբախտաբար ուռենու ճյուղից է բռնվում։
Իսկ այդ պահին իր ուսուցիչն էր այնտեղով անցնում,
Երեխան օգնություն է կանչում՝ ասելով, որ խեղդվում է։
Բայց օգնության ձեռք մեկնելու փոխարեն
Ուսուցիչը խիստ տոնով հանդիմանում է նրան.
«– Դո՛ւ ես, փոքրի՛կ Բաբուին,
Տե՛ս, թե ուր է հասցրել քեզ հիմարությունդ»։
Հետոէլ ասում են՝ խնամիր այսպիսի հիմարներին։
Ի՜նչդժբախտենծնողներդ
Որ ստիպված են պահել քեզ նմանին
Որքա՜ն հոգս ու ցավ ես պատճառում դու նրանց,
Ա՜խ, որքան եմ խղճում նրանց»։
Այս ամենն ասելուց հետո միայն
Նա երեխային դուրս է բերում ջրից։
Այս առակում ես հանդիմանում եմ ավելի շատ մարդկանց,
Քան առաջին հայացքից կարող է թվալ։
Շատախոսը, խրատասերը, դատողն ու պեդանտը՝
Բոլորը կարող են իրենց ճանաչել այս պատմության մեջ։
Նրանք ամեն առիթ օգտագործում են
Իրենց լեզուն բանեցնելու և խրատ կարդալու համար։
Բայց վտանգի մեջ հայտնված մարդը նրանց միայն այս է ասում.
«– Բարեկա՛մ, նախ փրկիր ինձ,
Քո ճառը հետո էլ կհասցնես ասել»։
3
Մաքսիմիլյանը ժամանակակից տիպիկ ծույլիկն է։ Երբ խոսքը գնում է այսօրվա դպրոցի մասին, ամենից հաճախ հենց նրա նմանների մասին են խոսում։ Ամեն տարի տասներկու միլիոն չորս հարյուր հազար ֆրանսիացի երեխա է դպրոց հաճախում, որոնցից շուրջ մեկ միլիոնը ներգաղթյալների զավակներ են։ Ենթադրենք՝ նրանցից երկու հարյուր հազարը չեն հասցնում սովորել ու ետ են ընկնում ծրագրից։ Այդ երկու հարյուր հազարից քանի՞սն են դիմում խոսքային կամ ֆիզիկական բռնության՝ ուսուցիչներին վիրավորելու, նրանց կյանքը դժոխքի վերածելու, սպառնալիքների, ծեծկռտուքի, գույքի ու շենքերի վնասման և նման այլ արարքների։ Քառո՞րդ մասը։ Հիսո՞ւն հազար։ Ենթադրենք։Այդ դեպքում ստացվում է, որ տասներկու միլիոն չորս հարյուր հազար դպրոցականներից ընդամենը չորս տասներորդ տոկոսն է համապատասխանում Մաքսիմիլյանի՝ խուլիգան-ծույլիկի, քաղաքակրթության կործանարարի, այն սարսափազդու ուրվականի կերպարին, որն այսօր, երբ լրատվամիջոցները խոսում են դպրոցի մասին, կարծես ստվերում է ամեն ինչ և բորբոքում նույնիսկ ամենասթափ մտածող մարդկանց երևակայությունը։ Ենթադրենք, թե ես սխալվում եմ հաշվարկներում, և իմ նշած տոկոսի չորս տասնորդականը պետք է բազմապատկել երկուսով կամ երեքով․ միևնույն է, թիվը մնում է ծիծաղելի, իսկ վախը այս երիտասարդության հանդեպ՝ կատարելապես ամոթալի մեզ՝ մեծահասակներիս համար։
Ինչ որ գավառական մի փոքրիկ քաղաքից կամ մայրաքաղաքի հեռավոր արվարձանից եկած մի դեռահաս՝ սևամորթ, արաբ կամ ֆրանսիացի, բրենդային հագուստի և բջջային հեռախոսների մոլի սիրահար, մինչև կզակը կապյուշոնով, խմբերով շրջող այդ «ազատ էլեկտրոնը», որը գրաֆիտիով պատում է շենքերի ու մետրոյի պատերը, նախընտրում է կտրուկ ռիթմերով ու ագրեսիվ բառապաշարով երաժշտություն, բարձրաձայն է խոսում և շատերի աչքում համարվում է խուլիգան, թմրավաճառ, հրկիզող կամ ապագա կրոնական ծայրահեղական, դարձել է մեր ժամանակների արվարձանների խորհրդանշական կերպարը։Ինչպես ժամանակին բուրժուաները գաղտնի հաճույքով այցելում էին Լապպի փողոց կամ Մառնի ափին գտնվող ապաշների սիրելի պանդոկները, այնպես էլ մերօրյա «բուֆոնը» սիրում է դիտել Մաքսիմիլյանին։ Ավելի ճիշտ՝ ոչ թե նրան իրական կյանքում, այլ նրա այն կերպարը, որը ինքն է ստեղծում և տարբեր «սոուսներով» մատուցում կինոյում, գրականության մեջ, գովազդում ու լրատվական թողարկումներում։ Մաքսիմիլյանը միաժամանակ մարմնավորում է և՛ այն, ինչից վախենում են, և՛ այն, ինչը հաջողությամբ վաճառվում է։ Նա և՛ ամենադաժան ֆիլմերի հերոսն է, և՛ ամենահայտնի ապրանքանիշերի դեմքը։ Եթե իրական Մաքսիմիլյանը քաղաքաշինության, անշարժ գույքի բարձր գների և ոստիկանության պատճառով դուրս է մղվել մեծ քաղաքների ծայրամասեր, ապա նրա կերպարը վաղուց ներթափանցել է ամենահարուստ թաղամասերի սիրտը։ Եվ ահա «բուֆոնը» սարսափով բացահայտում է, որ իր երեխաները հագնվում են Մաքսիմիլյանի պես, խոսում են նրա ժարգոնով և, սարսափելի բան, նույնիսկ ընդօրինակում են նրա արտասանությունն ու խոսքի հնչերանգը։Այստեղից մինչև ֆրանսերեն լեզվի կործանման և քաղաքակրթության մոտալուտ վախճանի մասին ողբերը ընդամենը մեկ քայլ է։ Եվ այդ քայլը կատարվում է առանձնահատուկ քաղցր վախով, որովհետև հոգու խորքում մենք շատ լավ գիտենք, որ այդ պատմության առաջին և գլխավոր զոհը լինելու է հենց ինքը՝ Մաքսիմիլյանը։
4Ավելի ուշադիր դիտարկելիս Մաքսիմիլյանը ներկայանում է որպես համընդհանուր երիտասարդացման մեդալի հակառակ կողմը։ Մեր ժամանակը երիտասարդությունը վերածել է պարտադրանքի. պետք է երիտասարդ լինել, մտածել երիտասարդի պես, սպառել երիտասարդի պես և պահպանել երիտասարդությունը մինչև խոր ծերություն։ Նորաձևությունը երիտասարդ է, ֆուտբոլը՝ երիտասարդ, ռադիոն՝ երիտասարդ, թերթերն ու գովազդը՝ նույնպես երիտասարդ։ Հեռուստատեսությունը լի է երիտասարդներով, համացանցը՝ երիտասարդ, ծնողները՝ երիտասարդ, նույնիսկ քաղաքական գործիչներն են երիտասարդացել։Կեցցե՛ երիտասարդությունը։ Փա՛ռք երիտասարդներին։ Պետք է երիտասարդ լինել։
Միայն թե ոչ Մաքսիմիլյանի նման։
5.
— Պարո՛ն, ուսուցիչները մեր գլուխը լցնում են ամեն տեսակ անհեթեթություններով։
— Սխալվում ես։ Գլուխդ արդեն լիքն է։ Ուսուցիչները փորձում են այն մաքրել։
Այս զրույցը տեղի ունեցավ Լիոնի արվարձաններում գտնվող տեխնիկական լիցեյներից մեկում։ Այնտեղ հասնելու համար ես ստիպված էի անցնել ամեն տեսակ պահեստներով կառուցապատված մի no man’s land-ով որտեղ ոչ մի կենդանի հոգու չհանդիպեցի։ Տասը րոպեանոց քայլք խուլ ու բարձր պատերի միջով, ասբեստացեմենտե տանիքներով բետոնե տուփերի կողքով. ահա այսպիսի «հաճելի» առավոտյան զբոսանք էր առաջարկվում ծայրամասում ապրող աշակերտներին։
Ինչի՞ մասին էինք խոսում այդ օրը։ Իհարկե՝ ընթերցանության, գրելու արվեստի մասին, այն մասին, թե ինչպես են գրողների մտքին գալիս տարբեր պատմություններ, թե ինչ է նշանակում «ոճ» բառը, կերպարի և անհատականության գաղափարի մասին, և, որպես հետևանք, բովարիզմի մասին՝ թե որքան վտանգավոր է վեպ կարդալուց (կամ ֆիլմ դիտելուց) հետո երկար ժամանակ տրվել դրան։ Խոսեցինք իրականության ու հորինվածքի մասին, այն մասին, թե ինչպես է հեռուստատեսային ռեալիթի-շոուները մեկը փոխարինվում մյուսով, և տարբեր այլ բաների մասին, որոնք հետաքրքիր են դառնում ցանկացած դպրոցականի համար, հենց որ նա սկսում է դրանց լրջորեն վերաբերվել…
Մենք նաև խոսեցինք ավելի վերացական բաներից, օրինակ՝ մշակույթի հանդեպ նրանց վերաբերմունքից։ Ակնհայտ էր, որ նրանք առաջին անգամ էին տեսնում կենդանի գրողի, որ նրանցից ոչ մեկը կյանքում ոչ մի անգամ թատրոնում չէր եղել, և որ միայն քչերն էին եղել Լիոնում։ Երբ ես հարցրի նրանց՝ ինչու, պատասխանն իրեն երկար սպասեցնել չտվեց.
— Դե հա՛, մի հատ էլ հասնենք էնտեղ, որ այդ բոլոր «բուֆոնները» մեզ վրա նայեն ասես աղբ ենք՞։
Ըստ էության՝ աշխարհակարգը պահպանված է․ քաղաքը վախենում է նրանցից, նրանք՝ քաղաքի արձագանքից… Ինչպես իրենց սերնդի շատ ներկայացուցիչներ՝ թե՛ տղաները, թե՛ աղջիկները, նրանք այնքան բարձրահասակ են, որ կարելի է մտածել՝ կարծես մեծացել են պահեստների պատերի արանքում և ձգվել դեպի արևը։ Ոմանք հագնված են նորաձև՝ իրենց պատկերացմամբ, բայց իրականում՝ համընդհանուր նորաձևությամբ, և բոլորը խոսում են ռեփային ինտոնացիայով, որը բնորոշ է նաև կենտրոնական շրջանների այն «բուֆոններին», որոնց այս երեխաները չէին համարձակվի մոտենալ։Վերջապես խոսքը գնաց նրանց ուսման մասին։Այստեղ էլ խոսակցությանը միացավ տեղի Մաքսիմիլյանը։ (Այո, ես որոշեցի այս գեղեցիկ, վեհաշունչ անունը տալ այս գրքի բոլոր ծույլիկներին՝ թե՛ ծայրամասերից, թե՛ շքեղ թաղամասերից։)
— Ուսուցիչները մեր գլուխները լցնում են ամեն տեսակ հիմարություններով, պարո՛ն:
Ակնհայտ էր, որ նա դասարանի գլխավոր ծույլիկն էր։ (Կարելի է երկար դատողություններ անել այս «ակնհայտ» բառի շուրջ, բայց ծույլիկին դասարանում միանգամից ես ճանաչում. դա փաստ է։ Ամենուր, ուր ինձ հրավիրում էին՝ հեղինակավոր ուսումնական հաստատություններում, տեխնիկական լիցեյներում թե գավառական քոլեջներում, Մաքսիմիլյաններին հեշտ է ճանաչել ուսուցչի լարված ուշադրությունից ու ցուցադրաբար բարեհամբույր հայացքից, որով նա դիմում է նրանց հենց որ խոսում են, դասընկերների վաղաժամ ծիծաղից, նրանց ձայնի մեջ ինչ-որ այլ, չգիտեմ ինչից՝ առանձնահատուկ երանգից, ներողամիտ տոնից ու անորոշ, չափազանցված եռանդից։ Իսկ երբ նրանք լռում են՝ իսկ Մաքսիմիլյանները հաճախ են լռում,— ես նրանց ճանաչում եմ անհանգիստ կամ թշնամական լռությունից, որը շատ է տարբերվում այն ուշադիր լռությունից, որով աշակերտը գիտելիք է կլանում։ Ծույլիկը մշտապես տատանվում է իր գոյության համար ներողություն խնդրելու և, ի հեճուկս ամեն ինչի, լինելու ցանկության միջև՝ գտնել իր տեղը, ստիպել մյուսներին ընդունել իրեն, թեկուզ բռնությամբ, չէ՞ որ բռնությունը նրա հակադեպրեսանտն է)։
— Այսինքն ինչպե՞ս, ուսուցիչները ձեր գլուխները լցնում են ամեն տեսակ հիմարություններով։
— Լցնում են, ու վե՛րջ։ Այնպիսի բաներով, որոնք ոչ ոքի պետք չեն։
— Դե, օրինակ բեր,մի օրինակ։
— Դե սաղ էլ, էլի՜։ Էդ… առարկաները։ Դա չէ՞ որ կյանքից չէ։
— Անունդ ի՞նչ է։
— Մաքսիմիլիան։
— Դե ուրեմն, դու, Մաքսիմիլիա՛ն, սխալվում ես։ Ուսուցիչները գլուխդ չեն լցնում, այլ փորձում են այն ազատել ու մաքրել։ Որովհետև գլուխդ առանց այն էլ լցված է։
— Գլո՞ւխս է լցված։
— Այդ ի՞նչ է ես կրում ոտքերիդ։։
— Ոտքերի՞ս։ Իմ N-երն են, պարո՛ն։ (Այստեղհաջորդումէապրանքանիշիանվանումը)։
— Ի՞նչ, ի՞նչ։
— Իմ N-երը, սրանք իմ N-երն են։
— Իսկ ի՞նչ է դա՝ քո N-երը։
— Ոնց թե՝ ինչ է։ Իմ N-երն են։
— Ես հարցնում եմ՝ դա ի՞նչ առարկա է, առարկայի անո՛ւնը տուր։
— Սա N է։
Ես ամենևին չէի ցանկանում նվաստացնել Մաքսիմիլիանին, ուստի նույն հարցով դիմեցի մնացածին.
— Ասացե՛ք խնդրեմ, ի՞նչ է կրում Մաքսիմիլիանը ոտքերին։
Բոլորը սկսեցին իրար նայել՝ պահպանելով շփոթված լռություն։ Այդ ժամանակ մենք արդեն մի ժամ միասին էինք անցկացրել, զրուցել էինք, միասին խորհրդածել, կատակել, շատ ծիծաղել. նրանք, իսկապես, մեծ սիրով կուզենային ինձ օգնել, բայց ոչինչ չէինկարող անել. Մաքսիմիլիանը իրավացի էր.
— Պարո՛ն, իր N-երն են։
— Լավ, հասկացա, այո, դրանք N են, բայց առարկան ի՞նչ է, առարկա՛ն։
Լռություն։
Մեկ էլ հանկարծ մի աղջկա ձայն.
— Ա՜հ, առարկա՞ն։ Դե, մարզակոշիկներ են։
— Այդպես։ Իսկ ավելի ընդհանրակա՞ն հասկացություն, քան «մարզակոշիկը»։ Ինչպե՞ս ենք անվանում նման առարկաները։ Կարո՞ղ ես ասել։
— Կ… կոշի՞կ։
— Այ ապրե՛ս, ճիշտ է, դա կոշիկ է՝ մարզակոշիկ, բոթաս, չարոխ, ինչ ուզում եք ասեք, միայն թե ոչ N։ N-ը ֆիրմա է, ապրանքանիշ, իսկ ֆիրման ոչ իր է, ոչ էլ առարկա։
Ուսուցչուհու հարցը.
— Այդ իրը պետք է քայլելու համար, իսկ ֆիրման ինչի՞ համար է պետք։
Դասարանի խորքից մի լուսավոր բոցկլտացող հրթիռ է վեր սլանում.
— Որ աչքի ընկնենք։
Համընդհանուր ուրախություն։
Ուսուցչուհի.
— Որպեսզի առանձնանաք, տարբերվեք, այո։
Ցույց տալով մեկ այլ տղայի սվիտերը՝ ուսուցչուհին նոր հարց է տալիս.
— Իսկ քո հագին, Սամի՛ր, այդ ի՞նչ է։
Անմիջապես հնչում է նույն պատասխանը.
— Տիկի՛ն, իմ L-ն է։
Ես դեմքիս վրա պատկերում եմ տանջալից հոգևարքի վերջին փուլը, ասես Սամիրը հենց նոր թունավորել է ինձ, և ես մեռնում եմ աշակերտների աչքի առաջ, ու հանկարծ հնչում է ինչ-որ մեկի զվարթ ձայնը.
— Չէ՛, չէ՛, սվիտեր է։ Պարո՛ն, խնդրում եմ չմեռնեք, պետք չէ, սա սվիտեր է։ L-ը սվիտեր է։
Ես հարություն առա։
— Ճիշտ է, սա նրա սվիտերն է, և թեև «սվիտեր» բառն անգլիական ծագում ունի, միևնույն է, դա ավելի լավ է, քան ֆիրման։ Մայրս կասեր՝ «վադալազկա», իսկ տատս՝ գործված շապիկ.հին բառ է, բայց էլի ավելի լավ է, քան ապրանքանիշը, որովհետև, — լսո՞ւմ ես, Մաքսիմիլիա՛ն, — հենց այդ ապրանքանիշերն են ձեր գլուխները լցնում, այլ ոչ թե ուսուցիչները։ Ֆիրմաներ, ապրանքանիշեր՝ ահա թե ինչ կա ձեր գլխում՝ իմ N-ը, իմ L-ը, իմ T-ն, իմ X-ը, իմ Y-ները։ Դրանք լցնում են ձեր գլուխը, խլում ձեր փողերը և ձեր մարմինը նույնպես. դա նման է համազգեստի, դուք դառնում եք կենդանի գովազդ, ասես խանութի պլաստիկե մանեկեններ լինեք։Եվ այստեղ ես նրանց պատմում եմ, որ իմ մանկության տարիներին կար այդպիսի մի երևույթ՝ մարդ սենդվիչ-գովազդ, և ես նույնիսկ հիշում եմ նրանցից մեկին. մի տարեց տղամարդ կանգնած էր մեր տան դիմացի մայթին՝ սեղմված երկու գովազդային վահանակների արանքում, որոնք գովաբանում էին մանանեխի ինչ-որ ապրանքանիշ։
— Ահա ձեզ հետ էլ է նույն բանը կատարվում։
Բայց Մաքսիմիլիանը հիմար չէ.
— Միայն թե մեզ դրա համար չեն վճարում։
Ի պատասխան նրան՝ մի աղջիկ է միջամտում.
— Ամենևի՛ն էլ ոչ։ Քաղաքում՝ լիցեյների մուտքերի մոտ, նրանք բռնացնում են մաժորներին, ու ձրի տալիս են իրենց ֆիրման, որպեսզի նրանք հետո դասարանում գովազդեն։ Նրանց ընկերները գժվում են ու իրենք են վազում գնելու։ Այդպես էլ ամեն ինչ վաճառվում է։
Մաքսիմիլիան.
— Սուպե՛ր։
Ուսուցչուհի.
— Դու այդպե՞ս ես կարծում։ Իսկ ինձ թվում է, որ այդ ձեր ֆիրման, թեև թանկարժեք է, բայց շատ ավելի քիչ արժե, քան դուք ինքներդ։
Դրան հաջորդեց խորը զրույց այնպիսի հասկացությունների մասին, ինչպիսիք են արժեքը, գները, բայց ոչ թե վաճառքի, այլ ուրիշ՝ հենց այն արժեքները, որոնց իմաստը, ինչպես համարվում է, նրանք վաղուց արդեն չեն հասկանում…Մենք բաժանվեցինք մի փոքրիկ բանավոր մանիֆեստից հետո՝ «Ազա-տու-թյո՛ւն խոս-քին։ Ազա-տու-թյո՛ւն խոս-քին։», այն բանից հետո, երբ նրանց բոլոր սովորական իրերը՝ մարզակոշիկները, ուսապարկերը, գրիչները, սվիտերները, բաճկոնները, նվագարկիչները, կեպիները, հեռախոսներն ու ակնոցները, իրենց բրենդային անվանումները փոխարինեցին իսկական անուններով։
6.Հաջորդ օրը, այդ հանդիպումից հետո, արդեն Փարիզում, ես իջնում էի 20-րդ շրջանի բլուրներից դեպի իմ գրասենյակ, երբ հանկարծ մի միտք ծագեց։ Որոշեցի գնահատել ճանապարհին հանդիպող յուրաքանչյուր դպրոցականի «արժեքը»՝ մանրակրկիտ հաշվելով նրա վրա եղած ամեն ինչի գինը․ սպորտային կոշիկներ՝ 100 եվրո, ջինսեր՝ 110 եվրո, բաճկոն՝ 120 եվրո, ուսապարկ՝ 80 եվրո, նվագարկիչ ( (90 դեցիբելանոց մահացու աուդիոզբոսանք),, բազմաֆունկցիոնալ բջջային հեռախոս՝ 90 եվրո, չհաշված այն, ինչ դրված է պայուսակի մեջ․ ենթադրենք՝ շատ համեստ հաշվարկով՝ 50 եվրո։ Եվ այդ ամենը սահում է փայլուն, նորաոճ անվաչմուշկներով, որոնց զույգն արժե 150 եվրո։Ընդհանուր հաշվով՝ յուրաքանչյուր դպրոցական արժե 880 եվրո, այսինքն՝ 5764 նոր ֆրանկ, կամ, եթե հաշվեմ իմ մանկության տարիների դրամաչափով, շուրջ 576 400 հին ֆրանկ։ Հաջորդ օրերին ես ստուգեցի իմ հաշվարկները՝ աշխատանքի գնալիս ու վերադառնալիս դրանք համեմատելով ճանապարհին հանդիպող խանութների ցուցափեղկերում դրված գնապիտակների հետ։ Ամեն անգամ արդյունքը գրեթե նույնն էր՝ մոտ կես միլիոն հին ֆրանկ։ Յուրաքանչյուր այդպիսի դպրոցական արժեր իմ մանկության կես միլիոն ֆրանկը։Սա միջին հաշվարկ է այսօրվա Փարիզում ապրող, միջին եկամուտ ունեցող ընտանիքի երեխայի համար։ Նորաձև հագնված փարիզցի դպրոցականը, ասենք՝ Սուրբ Ծննդյան արձակուրդներից հետո, այս հասարակության աչքում նախ և առաջ հաճախորդ է, շուկա, վաճառքի թիրախ։Այսպիսով, երեխաները դարձել են սպառողներ՝ անկախ նրանից՝ միջոցներ ունեն, թե ոչ, ապրում են մեծ քաղաքներում, թե արվարձաններում։ Բոլորին նույն հորձանուտն է կլանում՝ սպառման հսկայական պտույտը, կարծես ցանկությունների մի համաշխարհային փոշեկուլ նրանց քաշում է իր մեջ։ Աղքատ ու հարուստ, մեծ ու փոքր, տղա թե աղջիկ՝ բոլորը տարվում են մեկ միասնական եռացող ցանկությամբ՝ սպառել։
Այսինքն՝ անընդհատ փոխել իրերը, ցանկանալ միշտ նորը, ավելի նորը, ամենանորը։ Ոչ թե պարզապես նոր, այլ՝ վերջին ճիչը։ Եվ, իհարկե, անպայման՝ հայտնի ապրանքանիշ։ Այն էլ այնպես, որ բոլորը տեսնեն։Եթե ապրանքանիշերը մեդալներ լինեին, մեր փողոցների տղաներն ու աղջիկները կզնգային, ինչպես օպերետային գեներալները։ Հեռուստատեսության և ռադիոյի ամենալուրջ հաղորդումներն էլ շարունակ համոզում են, թե խոսքն իրենց ինքնության մասին է։ Վերջերս, ուսումնական տարվա առաջին օրը, մարքեթինգի մի իսկական քրմուհի՝ սիրող տատիկի ջերմ ու համոզիչ ձայնով, առավոտյան ռադիոյով հայտարարում էր, որ դպրոցը պետք է բաց լինի գովազդի համար, քանի որ գովազդը տեղեկատվության ընդամենը մեկ ձև է, իսկ տեղեկատվությունն, իր հերթին, կրթության աղբյուր է։ Ահա և այն, ինչ պետք էր ապացուցել։ Ես ակամա սրեցի ականջներս
։— Ի՞նչ հեքիաթներ եք պատմում, տիկին Մարքեթինգ, ձեր այդ հիանալի բեմադրված, տատիկի մեղմ ձայնով։ Գովազդը՝ գիտությունների, արվեստների, գրականության կողքի՞ն։ Տատի՛կ, լո՞ւրջ եք ասում։
Այո՛, նա ամենայն լրջությամբ էր ասում։ Անսահման լուրջ էր այդ խորամանկ կինը։ Սատանայական լրջությամբ։ Որովհետև խոսում էր ոչ թե իր, այլ կյանքի անունից՝ այնպիսին, ինչպիսին այն կա։Եվ այդ պահին ես կյանքը տեսա տիկին Մարքեթինգի աչքերով․ մի հսկայական հիպերմարկետ՝ առանց պատերի ու սահմանների, ստեղծված բացառապես սպառման համար։ Նույն այդ Տատիկի աչքերով տեսա նաև իդեալական դպրոցը՝ որպես ապագա սպառողների անսպառ պաշար, որոնց ախորժակը օրեցօր միայն մեծանում է։ Իսկ ուսուցիչների առաքելությո՞ւնը՝ պատրաստել սովորողներին, որպեսզի նրանք հնարավորինս հմտորեն հրեն իրենց սայլակները այդ հիպերմարկետի անծայրածիր շարքերի միջով։
— Դադարե՛ք նրանց մեկուսացնել սպառողական հասարակությունից,— հայտարարում էր Տատիկը։ — Նրանք պետք է դպրոցից դուրս գան լավ տեղեկացված։
«Դպրոցական գետտո»․ ահա այսպես է նա կոչում դպրոցը։ Իսկ կրթությունը նրա պատկերացմամբ ընդամենը տեղեկատվության փոխանցում է։
Լսո՞ւմ ես, քեռի Ժյուլ։ Պարզվում է՝ դու երեխաներին ընտանեկան սահմանափակումներից ու տգիտության անանցանելի ջունգլիներից դուրս էիր բերում միայն նրա համար, որ նրանց փակեիր «դպրոցական գետտոյի» մեջ։
Իսկ դուք, իմ սիրելի թավջութակահարուհի Բլան-Մենիլից, գիտե՞ք, որ ձեր աշակերտների մեջ գրականության, այլ ոչ թե գովազդի հանդեպ հետաքրքրություն արթնացնելով՝ Տատիկի չափանիշներով դուք ընդամենը «դպրոցական գետտոյի» կույր վերակացուի դեր եք խաղացել։
Ախ, ուսուցիչներ: Վերջապես ,ե՞րբ եք ականջ դնելու տատիկի խոսքերին: Ե՞րբ եք ձեր հիմար գլխով հասկանալու ,որ աշխարհը պետք չէ ճանաչել, այլ սպառել: Որ ձեր աշակերտները պետք է կարդան ոչ թե Պասկալի ”Մտքերը”,Կանտի ”Զուտ բանականության քննադատություն”-ը,Դեկարտի ”Մեթոդի հակաուղեցույց’-ը, Սպինոզա, Սարտր, այլ կյանքի լավագույն ապրանքների մեծ կատալոգը։Բայց չէ՛, Տատիկ։ Ինչքան էլ կերպարանափոխվես, ինչքան էլ թաքնվես գեղեցիկ բառերի հետևում, ես քեզ ճանաչեցի։ Դու հեքիաթի այն Գորշ Գայլն ես, որ բերանը բաց՝ դարանակալել է դպրոցի դարպասների մոտ՝ հրապուրիչ ճառերով քողարկված։ Սպասում ես, որ կուլ տաս այս փոքրիկ Կարմիր Գլխարկներին՝ ապագա սպառողներին, և առաջին հերթին՝ Մաքսիմիլյանին, որովհետև նա քեզնից ամենաքիչն է պաշտպանված։։Ա՜խ, ինչ համեղ է նրա փոքրիկ գլուխը՝ լեցուն ցանկություններով։ Եվ ինչպիսի՜ ջանքեր են գործադրում ուսուցիչները, , որպեսզի նրան քո երախից ազատեն։ Բայց ի՞նչ կարող են անել նրանք՝ շաբաթական երկու-երեք դասաժամով, քո հզոր գովազդային հրետանու դեմ։Այո՛, Տատիկ ջան, բերանդ բաց՝ դպրոցի առջև դարանակալած, դու իսկապես հաջողության ես հասնում։ Յոթանասունական թվականների կեսերից քո գործերը գնալով ավելի ու ավելի լավ են ընթանում։ Այսօր արդեն կուլ ես տալիս նրանց երեխաներին, որոնց ծնողներին կուլ էիր տվել երեկ։ Երեկ՝ իմ աշակերտներին, այսօր՝ նրանց զավակներին։Շատ ընտանիքներ, որոնք իրենց քմահաճույքները շփոթում են կենսական անհրաժեշտությունների հետ, խրվում են քո լավ հիմնավորված մարսողության կպչուն ճահճի մեջ։ Եվ բոլորը՝ մեծ թե փոքր, մնում են նույն մանկական վիճակում՝ իրենց անհագ ցանկություններով։
—Է՛լի… է՛լի…»,— գոռում են քո ստամոքսի խորքից արդեն կլանված սպառողները՝ ծնողներն ու երեխաները՝ իրար խառնված։
Է՛լի… է՛լի…Եվ, իհարկե, նրանցից ամենաբարձրն աղաղակում է Մաքսիմիլյանը։
Լիոնի արվարձանի այս տղաներից ես հեռացա դառնության զգացումով։ Նրանց կարծես թողել էին քաղաքային անապատում։ Նրանց դպրոցն էլ անտեսանելի էր՝ կորած պահեստների ու բեռնանոցների լաբիրինթոսում։ Իսկ քաղաքն ինքն էլ առանձնապես ուրախ տեսք չուներ։ Շուրջբոլորը ո՛չ սրճարան, ո՛չ կինոթատրոն, ո՛չ էլ որևէ կենդանի միջավայր, որի վրա կարելի լիներ հայացք գցել․ միայն հսկայական գովազդային վահանակներ, որոնք փառաբանում էին իրենց համար անհասանելի իրերը։Ինչպե՞ս կարելի է այդ դեպքում նրանց մեղադրել անվերջ ցուցամոլության, իրենց արտաքինը շրջապատի նմանակով կերտելու այդ մոլուցքի համար։ Հեշտ է ծաղրել նրանց՝ երևալու, նկատված լինելու ցանկությունը, բայց խոսքը նրանց մասին է, ում այդքան խորն են թաքցրել աշխարհից և ովքեր կյանքում այնքան քիչ բան են տեսել։
Ի՞նչ են նրանց առաջարկում, եթե ոչ արտաքինով ապրելու գայթակղությունը՝ այն երիտասարդներին, որոնց ճակատագրում կարծես ի սկզբանե գրված է գործազրկությունը և որոնք, պատմության հայտնի շրջադարձերի հետևանքով, մեծ մասամբ զրկված են թե՛ սեփական անցյալից, թե՛ իրենց արմատներից ու աշխարհագրական պատկանելության զգացումից։Ինչո՞վ կարող են նրանք մխիթարվել, հանգստանալ, ուժերը վերականգնել, եթե ոչ արտաքինի հետ այս խաղերով։ Չէ՞ որ, ըստ Տատիկ Մարքեթինգի, հենց սա է գովազդի էությունը՝ երիտասարդությանը արտաքին կերպար տալը, նրանց երևալու,տեսանելի լինելու անսպառ ծարավը հագեցնելը։
Տե՜ր Աստված… Ի՜նչ ահեղ մրցակից է այս պատրաստի կերպարներ վաճառող առևտրականը խեղճ ուսուցիչների համար։Լիոնից ինձ հեռացնող գնացքում միտքս է գալիս, որ ես հիմա ոչ միայն տուն եմ գնում. ես վերադառնում եմ իմ պատմության բուն սիրտը, պատրաստվում եմ պատսպարվել իմ աշխարհագրության հենց կենտրոնում: Շեմն անցնելով՝ ես կհայտնվեմ այնտեղ, որտեղ իմ ծնունդից դեռ շատ առաջ արդեն ես էի. յուրաքանչյուր իր, իմ գրադարանի յուրաքանչյուր գիրք վկայում են իմ դարավոր ինքնությունը… Այսպիսի պայմաններում այնքան էլ դժվար չէ դիմակայել արտաքին երևույթների գայթակղությանը:
Այս մասին էլ երեկոյան զրուցում ենք Միննայի հետ:
«Մի՛ թերագնահատիր այս տղաներին,— ասում է նա ինձ,— պետք է հաշվի առնել նրանց էներգիան: Ու նաև ողջամտությունը, երբ դուրս գան անցումային տարիքից: Շատերին շատ էլ լավ հաջողվում է գլուխ հանել»:
Եվ նա սկսում է թվարկել այդ վիճակից դուրս եկած մեր ընկերներին ու ծանոթներին: Նրանց մեջ է, իհարկե, Ալին, ով կարող էր շատ վատ ավարտ ունենալ, բայց այսօր գտնվում է խնդրի հենց կենտրոնում. փորձում է փրկել առավել վտանգված պատանիներին: Քանի որ նրանք բոլորը արտաքին տեսքի, այսինքն՝ պատկերի զոհ էին դարձել, Ալին հենց դրանց օգնությամբ էլ որոշում է փրկել նրանց: Նա նրանց զինում է տեսախցիկներով և սովորեցնում ֆիլմեր նկարահանել իրենց իսկ պատանեկության մասին՝ այնպիսին, ինչպիսին որ այն կա իրականում, այլ ոչ թե ինչպիսին թվում է:
Ալիիհետզրույցից:
«Հիմնականում սրանք այն տղաներն են, ովքեր ձախողում են ուսումը,— բացատրում է նա ինձ,— հաճախ մեծանում են առանց հայրիկի, շատերը խնդիրներ են ունենում ոստիկանության հետ, չեն ուզում որևէ բան լսել մեծահասակների մասին: Նրանք հայտնվում են այնպիսի միջանկյալ դասարաններում, ինչպիսին յոթանասունականների ձեր այսպես ասած «հատուկ» դասարաններն էին, կարծում եմ: Ես վերցնում եմ առաջնորդներին՝ տասնհինգ-տասնվեց տարեկան պարագլուխներին, նրանց ժամանակավորապես մեկուսացնում եմ իրենց խմբերից, քանի որ հենց խումբն է, որ միշտ կործանում է նրանց ու խանգարում ինքնահաստատվել: Նրանց տեսախցիկ եմ տալիս և հանձնարարում հարցազրույց վերցնել որևէ ընկերոջից՝ իրենց ընտրությամբ: Նրանք էլ հարցազրույցը վերցնում են մի անկյունում՝ հետաքրքրասեր հայացքներից հեռու, հետո գալիս են ինձ մոտ, և մենք միասին դիտում ենք ֆիլմը՝ այս անգամ արդեն ամբողջ խմբով:Միշտ նույնն է. հարցազրույց տվողը կոտրատվում է տեսախցիկի առջև, իսկ նա, ով նկարում է, մտնում է այդ խաղի մեջ: Երկուսն էլ հանդես են գալիս իրենց հնարավորությունների սահմաններում, ինչը հատկապես նկատելի է դառնում նրանց ինտոնացիաներում. ունենալով շատ աղքատիկ բառապաշար՝ նրանց մնում է միայն ամբողջ կոկորդով գոռալ (ես էլ էի այդպիսին փոքր ժամանակ), այտերը փչում են, դիմում իրենց խմբին, կարծես այն միակ հնարավոր հանդիսատեսն էր, մինչդեռ նրանց ընկերները դիտելիս ծիծաղից թուլանում են: Ֆիլմը դնում եմ երկրորդ, երրորդ, չորրորդ անգամ: Ծիծաղը գնալով քիչ է լսվում, դառնում է ավելի ու ավելի անվստահ: Հարցազրույց վերցնողն ու զրուցակիցը զգում են, որ ինչ-որ տարօրինակ բան է տեղի ունենում, մի բան, որ իրենք ունակ չեն բացատրելու: Հինգերորդ կամ վեցերորդ ցուցադրման ժամանակ նրանց ու հանդիսատեսի միջև իսկական անհարմարություն է տիրում: Յոթերորդ կամ ութերորդ դիտման ժամանակ (վստահեցնում եմ՝ պատահել է այնպես, որ նույն ֆիլմը դրել եմ մինչև ինը անգամ) առանց իմ հուշման սկսում են հասկանալ, թե ինչ է երևակվում ֆիլմում. այդ պարծենկոտությունը, ծիծաղը, կեղծիքը, նրանց սովորական կատակերգությունը, չարաճճիություններն ու ցատկոտումները բնավ էլ հետաքրքիր չեն և ոչ մի կապ չունեն իրական կյանքի հետ: Եվ երբ նրանք հասնում են խորաթափանցության այդ աստիճանին, ես դադարեցնում եմ ֆիլմի ցուցադրությունն ու, առանց որևէ բան բացատրելու, նրանց ետ եմ ուղարկում, որպեսզի ամեն ինչ նորից նկարեն: Եվ այս անգամ բերում են ավելի լուրջ մի բան, որն ինչ-որ կապ ունի իրենց իրական կյանքի հետ. ներկայանում են՝ ասում են իրենց անուն-ազգանունը, խոսում են իրենց ընտանիքի, դպրոցական կյանքի մասին: Պատահում է, որ նրանք որոշ ժամանակ լռում են, բառեր են փնտրում, ու կարելի է տեսնել՝ ինչպես են մտածում և՛ պատասխանողը, և՛ հարց տվողը: Այսպես, կամաց-կամաց, մենք տեսնում ենք, թե ինչպես են այդ պատանիներն իրենց վերագտնում. նրանք այլևս հաճույքի համար մարդկանց վախեցնող այն «խուժանները» չեն, նրանք կրկին դառնում են տասնհինգ-տասնվեց տարեկան այն նույն տղաներն ու աղջիկները, որոնց արտաքին կեղծիքը նահանջում է տարիքի առաջ, որն էլ հենց գալիս է առաջին պլան: Հագուստը, գլխարկները դառնում են երկրորդական, ժեստերը մեղմվում են, ֆիլմ նկարահանողը բնազդաբար նեղացնում է կադրի շրջանակը, փոխում է ֆոկուսը, մոտեցնում է դեմքը, որն էլ առանձնահատուկ նշանակություն է ստանում: Կարող ենք ասել, որ հարցազրույց վերցնողը լսում է զրուցակցի դեմքը, և այս դեմքի վրա փորձ է արվում հասկանալ մյուսին, կարծես նրանք առաջին անգամ են նայում միմյանց՝ տեսնելով իրենց այնպիսին, ինչպիսին կան՝ իրենց ողջ բարդությամբ»:
