Հեղինակ՝ Հեզեր Շումեյքեր
Թարգմանիչ՝ Գևորգ Հակոբյան


Եվ ուրիշ վիճելի հարցեր ինքնուրույն, ինքնավստահ ու ներդաշնակ զարգացած երեխաներ դաստիարակելու վերաբերյալ։

Ներածություն

Այս գիրքը տարբերվում է դաստիարակության մասին սովորական գրքերից։ Միտումնավոր ընտրված են բարդ հարցեր։ Եվ այն հիմնված է ոչ ստանդարտ մոտեցման վրա՝ վերանայել այն գաղափարները, որոնք մենք ի սկզբանե ընդունված ենք համարել։

Ընթերցողներից մեկն իմ առաջին գիրքը այսպես է բնութագրել․ «Եթե ձգտում եք հարգել ձեր երեխային, բայց նախադպրոցական տարիքում նրա բուռն հույզերն ու վարքը ձեզ շփոթության մեջ են գցում, ապա «Չկիսվելը նորմալ է» գիրքը կօգնի ձեզ»։ Երկրորդ գիրքն օգնում է կատարել հաջորդ քայլը։ Մեր երեխաները դեռ փոքր են, սակայն արդեն դպրոց են գնում, ձեռք են բերում ինքնուրույնություն և բախվում են դպրոցական իրականությանը, որը երբեմն կարող է հակասել առողջ երեխայի դաստիարակության սկզբունքներին։

Իմ առաջին գրքում ոսկե կանոնը ձևակերպված էր այսպես․ «Արգելվում է ամենը, ինչը վնասում է մարդկանց և սեփականությանը»։ Այս գրքի գլխավոր սկզբունքը դարձավ իմ մոր մանտրան․ «Եթե ինչ-որ բան անհանգստացնում է քեզ, նշանակում է, որ ժամանակն է փոփոխությունների»։ Սա վերաբերում է նաև այն զգացողությանը, որ ինչ-որ բան իր տեղում չէ, երբ ձեր յոթամյա երեխան արձակուրդների ժամանակ գնում է ֆիզկուլտուրայի պարապմունքների, երբ նախադպրոցական դասարանի աշակերտի փորը ցավում է նախքան դպրոց գնալը, կամ երբ ընտանիքում «ոչ ճիշտ» են օգտագործում ժամանակակից տեխնոլոգիաները։  Վստահեք ձեր ինտուիցիային։ Գիրքը կարդալով կհասկանաք, թե ինչու երեխայի զարգացման հետ կապված ձեր ինտուիցիան չի խաբում։

Երբ երեխաները սկսում են դպրոց հաճախել, դաստիարակության գործընթացը պետք է բարձրանա հաջորդ մակարդակ՝ համախմբման մակարդակ։ Մեր երեխաները ընտանիքից դուրս շատ ուսուցիչներ ունեն ՝ դպրոցի դասավանդողները և ղեկավարությունը, դասընկերները, անծանոթ մարդիկ և նույնիսկ ամենուր հասանելի հեռուստաէկրանները (հիմա նաև ամենահաս համացանցը)։ Երեխաները ի՞նչ են սովորում նրանցից։  Արդյո՞ք օգտակար են անցկացնում ժամանակը։ Այսօր դաստիարակությունը չի լինում առանց բազմաթիվ գործընկերների։

 «Տնային առաջադրանքները վնասակար են» գիրքը պետք է օգնի ձեզ դառնալ այս շրջանի՝ մանկապարտեզի ավագ խմբի և տարրական դպրոցի խելամիտ ուղեկցող։
  «Այս անգամ գրեք աղջիկների մասին», – խնդրել էին ծնողները։ «Գրեք՝ «չգաս իմ ծննդյան օրը» խնդրի մասին», – առաջարկել էին ուսուցիչները։ Գիրքը լուսաբանում է դաստիարակության ամենատարբեր կողմերը՝ ներառյալ արքայադստեր պես հագնվելու ցանկությունը, վիրավորական բառերը, հեռուստացույց դիտելը, հանգիստը, տնային առաջադրանքները, ինչպես նաև քննարկելը այնպիսի բարդ հարցեր, ինչպիսիք են օտար մարդկանցից սպասվող վտանգները,  և աղետները, որոնց մասին հայտնում են լրատվամիջոցները։ Կարող եք սահմանափակվել որոշ թեմաներով, բայց դաստիարակությունը պետք է լինի համալիր։ Կարևոր են բոլոր կողմերը (ասպեկտները)։ Դրանք բոլորը ազդում են երեխաների վրա։ Այս գրքում հավաքված են թեմաներ, որոնք կարևոր են ընտանիքի և առօրյա կյանքի համար։

Գիրքը նախատեսված է որպես կամուրջ երեխաների վարքի ուսումնասիրությունների և առօրյա կյանքի միջև։ Երեխաների մասին մեր իմացածի և նրանց դաստիարակության ընթացքում մեր արածի միջև խզումը անընդհատ մեծանում է։ Երեխաների մասին նոր գիտելիքները կիրառելիս պետք է լինենք ճկուն, բաց՝ նոր գաղափարների նկատմամբ։ Սովորական մեթոդները հարմարավետ են, և դրանցից հրաժարվելը դժվար է, բայց հանուն երեխաների պարտավոր ենք մեր մեջ քաջություն գտնել և պատրաստ լինել փոփոխությունների։ Դպրոցները պետք է վերանայեն իրենց քաղաքականությունը (նախապատրաստական դասարաններ, ընդմիջումներ) և փոխեն եղած «մենք միշտ այդպես ենք արել» սկզբունքը (դասընթացներ, տնային առաջադրանքներ)։ Ծնողներին անհրաժեշտ է վերանայել դաստիարակության որոշ ասպեկտներ (ժամանակակից տեխնոլոգիաներ, վտանգներ, անծանոթ մարդիկ)։ Բոլորս պետք է նորովի նայենք այն ամենին ինչ «գիտենք»։ Պետք է կամք դրսևորել, դեն նետել ընդունված կարծիքները և գնալ հոսանքին հակառակ։

Իմ առաջին գրքի աղբյուրը եղել է այն փիլիսոփայությունը, որի սկզբունքներին հետևում էին փոքր երեխաների դպրոցում (School for Young Children, SYC), Օհայո նահանգի իմ հարազատ քաղաք Կոլումբուսի մանկապարտեզում, որտեղ մայրս ավելի քան քառասուն տարի դաստիարակ է աշխատել։ Այս եզակի մանկապարտեզի փորձը ինձ գրավում էր նաև այս գրքի վրա աշխատելիս, թեև շատ հարցեր՝ այդ թվում դպրոցական ընդմիջումները, հեռուստատեսությունը և ծնողների ստորագրությունը տնային առաջադրանքի տակ, դուրս են գալիս այդ փորձի շրջանակներից։ Կրտսեր դասարանների աշակերտների դաստիարակությանը վերաբերող գլուխները հիմնականում հիմնված են գիտական հետազոտությունների արդյունքների և «ոչ ճիշտ» մոր իմ սեփական փորձի վրա։ Շնորհակալ եմ գիտնականներին և ընտանիքներին, որոնք օգնեցին ձևակերպել այս գաղափարները։

Որոշ գլուխներ առաջացել են իմ բլոգի գրառումներից, որտեղ ես խոսել եմ տարրական դպրոցում տնային առաջադրանքների նկատմամբ մեր ընտանիքի ոչ ստանդարտ մոտեցումների մասին։ Տարբեր երկրներից ես ստացա արձագանքներ հարյուրավոր ընտանիքներից և կրթության ոլորտի աշխատակիցներից՝ մի մասը բացատրում էր տնային առաջադրանքների օգտակարությունը, մյուսները արցունքներով պատմում էին, թե ինչպես են տնային առաջադրանքները քանդում իրենց ընտանիքները։ Տնային առաջադրանքը հրատապ թեմա է։

Երբ առաջարկում եմ տարրական դպրոցում հրաժարվել տնային առաջադրանքներից, ծնողները և ուսուցիչները հաճախ շփոթվում են։ Նրանք մարդիկ են, որ քոլեջում չորս տարի սովորել են, հաճախ ունեն իրավաբանական կրթություն կամ նույնիսկ դոկտորական աստիճան։ Նրանք գիտեն, որ լուրջ հետազոտությունները շատ աշխատատար են, հիշում են իրենց մանկությունը, երբ տնային առաջադրանքները պարտադիր էին։ Նրանք չեն գիտակցում մի բան՝ հետազոտությունները չեն հաստատում, որ տարրական դպրոցում տնային առաջադրանքները ազդեցություն ունեն առաջադիմության վրա, իսկ միջին դպրոցում նրանց ազդեցությունը շատ սահմանափակ է։ Ես չեմ առաջարկում ամբողջովին արգելել տնային առաջադրանքները ողջ կյանքի ընթացքում, բայց փոքր երեխայի համար կան ավելի օգտակար ու հետաքրքիր զբաղմունքներ։

Կարելի է անել ճիշտ հակառակը, ինչ ասում է գիտությունը՝ խոսելով ռիսկի, դպրոցական ընդմիջումների, խաղերի, դասերի և տնային առաջադրանքների մասին, բայց կարելի է նաև խիզախ քայլ անել և սկսել փոխել աշխարհը՝ մեկ դասարան, մեկ դպրոց, մեկ ընտանիք։
Մենք պարտավոր չենք ամեն ինչում համաձայնել միմյանց հետ։ Ոչ մի սարսափելի բան չի լինի, եթե գլուխներից մեկը ձեզ դուր գա, իսկ մյուսը՝ ոչ։ Հույս ունեմ, որ այս գիրքը կօգնի հասկանալ ձեր սեփական ոչ ստանդարտ մոտեցումները, կառաջնորդի նոր մտածելակերպի, կհետաքրքրի մեծերին՝ ստեղծելու ավելի լավ աշխարհ իրենց երեխաների համար։ Երբեմն դրա համար պետք է գնալ հոսանքին հակառակ։

 «Չկիսվելը նորմալ է» գրքում ներկայացված երեխաների սխալ իրավունքների ցանկը ընդգրկում է միայն վաղ մանկությունը և խաղերը։  Այս ցանկը պետք է ընդլայնել։ Ստորև օրինակ է բերված, թե ինչ տեսք կարող են ունենալ երեխայի իրավունքները XXI դարում, ներառյալ կրթության և վիրտուալ աշխարհի հետ փոխազդեցության ասպեկտները։

Երեխաների այլ իրավունքներ

Ստեղծագործական, ոչ կառուցվածքային ազատ խաղի իրավունք:
Անկախության իրավունք:
Համարձակվելու և սխալներ կատարելու իրավունք:
Ուրիշների վարքը սահմանափակելու իրավունք:
Սեփական մարմնը տնօրինելու իրավունք:
Տարիքին համապատասխան ուսուցում ստանալու իրավունք:
Դպրոցում ամենօրյա կանոնավոր ընդմիջումների իրավունք:
Տարրական դպրոցում տնային առաջադրանքներից ազատվելու իրավունք։
Ամենօրյա զբոսանքների իրավունք:
Շարժման և ակտիվության իրավունք:
Անհրաժեշտ քնի իրավունք:
Աշխարհում, որտեղ նա մեծանում է, ներգրավված լինելու իրավունք:
Օրվա մեծ մասը իրական, ոչ վիրտուալ աշխարհի հետ փոխազդելու իրավունք:
Սոցիալական հմտությունների ուսուցման և անմիջական գործնական կիրառման իրավունք:
Մենակ մնալու իրավունք:
Տեխնոլոգիաների անվտանգ սահմանները իմանալու իրավունք:
Շրջապատի կողմից կանոնավոր, լիարժեք ուշադրության արժանանալու իրավունք:
Մեծահասակների կողմից իր իրավունքների մշտական աջակցություն ունենալու իրավունք:

Այս գիրքը մեզանից պահանջում է ավելի շատ խիզախություն։ Սա նշանակում է, որ մենք պետք է փոխենք մեր մոտեցումը երեխաների դաստիարակության առումով և մեծերի հետ փոխազդեցության մեթոդները։ Ինչպես ասում է Մ. Սկոթ Պեկը. «Կյանքում շրջադարձային պահերը հաճախ տեղի են ունենում այն ժամանակ, երբ մենք զգում ենք ուժեղ անհարմարություն, դժբախտ ենք, դժգոհ։ Քանի որ միայն այդպիսի պահերին անհարմարության ազդեցությամբ մենք դուրս ենք գալիս սովորական հունից և սկսում ենք փնտրել այլ ճանապարհներ ու նոր պատասխաններ»։

Երբ հոգեպես ընկճվում եմ, մտածում եմ մորս և այն իրավիճակների մասին, երբ նա, չնայած իր մեղմ էությանը, ստիպված էր ջանքեր գործադրել և պաշտպանել իր երեխաներին։ Եթե նա կարողացել է, ուրեմն ես էլ կկարողանամ։ Եվ դուք նույնպես կգտնեք ձեր մեջ ուժ՝ գնալու հոսանքին հակառակ։

Մաս I

Համարձակություն և անկախություն

Անվտանգությունը մեծ մասամբ նախապաշարմունք է․․․
Կյանքը կա՛մ հանդուգն արկած է, կա՛մ՝ ոչինչ։

Հելեն Քելեր

Կանոն 1

 Անվտանգություն

Դեռ մինչև առաջին երեխայիս ծնվելը ինձ սովորեցնում էին, թե ինչպես հոգ տանեմ նրա անվտանգության մասին։ Ծննդաբերությանը  նախապատրաստող հրահանգիչը մեզ բաժանեց տնային թունավոր բույսերի ցուցակ, ինչպես նաև խորհուրդներ, թե ինչպես ընտրենք ավտոմեքենայում երեխայի նստատեղի համար անվտանգության գոտի, նշեց բազում իրեր, որոնք կարող էին վտանգավոր լինել երեխայի համար։   Հանկարծ պարզվեց, որ նրան վտանգը դարանակալում է ամենուրեք։

Զարմանալի չէ, որ մենք մտահոգված ենք երեխաների անվտանգությամբ։ Կյանքի առաջին տարիներին երեխաները ենթարկվում են ամենատարբեր վտանգների՝ դույլի մեջ ընկնելուց մինչև դեպի ճանապարհ վազելը։ Մնք սովորում ենք ուշադիր հետևել պոլիէթիլենային տոպրակներին, խաղողի հատիկներին և մարմարից գնդիկներին։

Այս ժամանակահատվածը ծնողներին մղում է չափից ավելի խնամակալության։  Բայց  ավելի մեծ երեխաներին ուրիշ բան է պետք։ Մանկությունը համարձակության ժամանակահատված է։ Օգտակար համարձակության։ Նախապատրաստական դասարանների և տարրական դպրոցի երեխաներին պետք է անկախություն ծնողներից, որպեսզի զարգացնեն իրենց ունակությունները՝ սոցիալական, հուզական, ստեղծական և ֆիզիկական։

 Սխալ կանոնների պատճառը

Մանկությունը մշտական ռիսկի ժամանակ է։ Չափազանց անվտանգությունը շատ ավելի վտանգավոր է առողջ ռիսկից։

Է․ Բ․ Ուայթը «Շարլոտայի սարդոստայն»-ում այսպես է գրում պարանով ճլորթիի մասին, որով Ֆերնը ճոճվում էր քեռու ամբարի մոտ․ «Ճլորթին սարսափ էր տարածում շրջանի բոլոր մայրերի վրա․ նրանք վախենում էին, որ երեխան կարող է ընկնել։ Բայց ոչ մի անգամ ոչ մեկը չընկավ․ չէ որ երեխաներն առարկաներից ավելի ամուր են բռնում, քան կարծում են ծնողները»։ 

Երեխաները միշտ կարիք ունեն ավելի մեծ ռիսկի, քան այն, որին համաձայն են սիրող ծնողները։ Ռիսկը երեխաներին թույլ է տալիս ձեռք բերել կարևոր ունակություններ, այդ թվում վտանգը գնահատելու կարողություն, ճարպկություն, դիմացկունություն և հնարամտություն։

Իմ մանկապարտեզի խաղահրապարակում ծանր աղյուսներ կային, որոնցով կարելի էր վնասել ոտքերը։ Աղյուսների կույտեր։ Երեք տարեկան երեխաներին թույլատրվում էր քարշ տալ երկու կիլոգրամանոց աղյուսները, դրանցից խարխուլ պատեր կառուցել, օգտագործել խաղերում՝ մատները վնասելու վտանգով։ Ոչ ոք նրանց չէր ասում՝ զգույշ։ Մանկապարտեզի նախկին տնօրեն Յեն Ուոտերսը հիշում է․ «Քառասուն տարվա ընթացքում ոչ մի դեպք չի գրանցվել»։

Ասում են, որ զգուշությունը ավելորդ չի լինում։ Լինում է։ Անվտանգությանն ուղղված չափազանց ուշադրությունը դանդաղեցնում է երեխայի զարգացումը։

Կյանքը փոփոխություն է, մարտահրավեր, ռիսկ և զարգացում։  Ռիսկն անհրաժեշտություն է։ Մեր երեխաները չեն կարող լիարժեք ապրել և սովորել այն ամենը, ինչ գիտեն մեծահասակները, առանց այն օգուտի, որը տալիս է ռիսկը։ Ռիսկի հետ բախվելը երեխաներին հնարավորություն է տալիս նվաճել այս աշխարհը՝ լինել այնպիսին, ինչպիսին են, լինել ինքնուրույն այն աշխարհում, ուր իրենք գալու են։

Մենք հոգ ենք տանում մեր երեխաների մասին։ Մեր պարտականությունն է նրանց անվտանգությունն ապահովելը։ Բայց պարտականություններից միայն մեկը։

Ոչ ճիշտ կանոնների օգուտը

Երեխան, որ մեծանում է առանց առողջ ռիսկից պաշտպանվելու, ավելի հակված կլինի զգուշավորության վտանգավոր ռիսկերից։  Նրա մոտ կձևավորվեն անկախությունն ու աշխարհի հետ շփումից ուրախության զգացողությունը, վստահությունը սեփական ուժերի նկատմամբ,։

Աշխարհը հիասքանչ է։
Պատրաստ եմ նորը փորձելու։
Գիտեմ, թե ինչի է ընդունակ իմ մարմինը։
Ինձ ոչ մեկը չի ստիպում։ Կարող եմ փորձել, երբ պատրաստ լինեմ։
Երբեմն չեմ կարողանում։ Նորմալ է։  Կարելի է նորից փոձել։
Պատահում են և լուրջ տհաճություններ։ Պետք է  ուշադիր լինեմ։
Շփոթվածությունը և տխրությունը նորմալ են։
 Ծնողներս միշտ չէ, որ հետևում են ինձ։
Ինձ շրջապատող մեծերը համարում են, որ ես ինքնուրույն եմ։

Ինչու է սա աշխատում

Մանկությունը ռիսկի և փորձարարության շրջան է։ Երեխայի համար ամեն ինչ նոր է։ Ընկերներ ձեռք բերել, խոսել անծանոթ մարդկանց հետ, տխրել, փորձել նկարել, մագլցել բարձրություն, արագ վազել, ինչպես նաև օգտագործել մուրճ, հեծանիվ վարել և սուր դանակից օգտվել։ Համարձակություն դրսևորելով՝ երեխաները նոր բան են սովորում։  Համարձակությունը ոչ թե խնդիր է, այլ անհրաժեշտություն։ Կարևորը՝ անջատել վախը ռիսկից և օգտակար ռիսկը՝ վտանգավորից։

 «Միացյալ Նահանգներում «ռիսկ» բառը վատ բառ է համարվում, դա ինչ-որ բան է, ինչից երեխաներին պետք է ամեն գնով պաշտպանել», — գրում է Ջոան Օլմոն՝ Alliance for Childhood (Մանկության պաշտպանության միություն) ոչ առևտրային կազմակերպության տնօրենը և «Արկած․ ռիսկի արժեքը մանկական խաղում» (Adventure: The Value of Risk in Children’s Play) գրքի հեղինակը։ Նա նշում է, որ երեխաները համարձակվում են անել միայն այն, ինչին իրենք պատրաստ են։ Ռիսկից օգուտը պետք է համեմատել ռիսկ անել չկարողանալու վնասի հետ։ Վերջինը իսկապես կարող է վտանգավոր լինել», – ասում է նա։

Երեխաները անվտանգության մեջ կլինեն, եթե սովորեն տիրապետել իրենց մարմինը։ Երեխայի օրգանիզմն անընդհատ փոխվում է, և երեխաները ձգտում են փորձել նոր մոդելը և պարզել, թե ինչի են ունակ։ Երբ երեխաները ստուգում են իրենց հնարավորությունները, նրանք սովորում են տիրապետել իրենց օրգանիզմին և գիտակցում են նրա հնարավորությունները։ Նրանք նաև զարգացնում են ճարպկությունը, հավասարակշռության զգացողությունը և ուժը։ Երբ երեխային հնարավորություն ենք տալիս ռիսկ անելու, նա դառնում է մեր գործընկերը իր անվտանգությունը ապահովելու գործում։

Խաղի ընթացքում ընկերների հետ շփվելիս ֆիզիկական ռիսկը՝ խուտուտը, պայքարը, կույտը փոքր է և ուրիշ կոպիտ խաղեր երեխաներին սովորեցնում են վստահել իրար, վերահսկել սեփական մղումները, ղեկավարել սեփական մարմինը և մյուսների համար սահմաններ դնել։  Խաղերի Ազգային կենտրոնից Ստյուարտ Բրաունը ասում է, որ այդ տեսակ խաղերը, բացի ֆիզիկական և սոցիալական ունակություններից, սովորեցնում են անսպասելիության, սովորեցնում են մտքի ճկունություն։ Բայց նույնիսկ ճկունությունը պրակտիկա է ենթադրում։

Խյուստոնի մանկական խաղահրապարակներում կատարած ուսումնասիրությունները ցույց են տվել, որ երբ երեխաներին թույլատրվում են ռիսկային խաղեր, դա չի ավելացնում դժբախտ դեպքերի թիվը, իսկ գերմանական ապահովագրական ընկերությունները հայտնել են, որ մանկական խաղահրապարակներում դժբախտ պատահարների քանակն ավելի քիչ է սովորական անվտանգ հրապարակների համեմատ։  «50 վտանգավոր բաներ, որ պետք թույլ տաք երեխաներին անել» (You Should Let Your Children Do), գրքի հեղինակներ Գիվեր Տուլին և Ջուլի Շպիգելը պնդում են, որ ռիսկը երեխաներին օգնում է մեծանալ ինքնավստահ, դիմացկուն և խիզախ մարդիկ։ Տուլին գրում է․ «Անվտանգությունը ապահովելու լավագույն ձևը վտանգը գնահատել սովորելն է»։ Ռիսկային գործողությունները երեխաներին օգնում են ձեռք բերել ռիսկը ճանաչելու, գնահատելու և նվազեցնելու ունակություններ։

Ռիսկը լինում է ոչ միայն ֆիզիկական։ Երեխաներին անհրաժեշտ է նաև սոցիալական և զգայական ռիսկ։ Այն ընդգրկում է մերժման կամ սոցիալական անջատման ապրումը, ինչպես նաև այնպիսի զգացմունքներ, ինչպիսիք են՝ վիրավորանքը, զայրույթը, հուսահատությունը, խանդը և տխրությունը։   Սոցիալական մերժումը արժեքավոր փորձ է դիմացկունությունը զարգացնելու համար։ Ինչքան հաճախ երեխաները փորձեն ընկերներ ձեռք բերել կամ սոցիալական հարաբերություններ հաստատել, այնքան հաճախ նրանք կհանդիպեն տարբեր արձագանքների, ինչը նրանց սովորեցնում է շտկել սեփական գործողությունները և նորից փորձել։ Շփվելու նրբությունները սովորելը փորձ է պահանջում։

Ռիսկը օժանդակում է ուղեղի ճակատային մասի զարգանալուն։ Այդ մասը պատասխանատու է նպատակաուղղված գործունեության համար, այդ թվում՝ հիշողության, մտածողության ճկունության և խնդիրների լուծման։

Նոր Զելանդիայում հետազոտողները հանգել են եզրակացության, որ ռիսկի երկարաժամկետ վերացումը շատ վտանգավոր է երեխայի համար։  Ավելին՝ ռիսկին չի կարելի սովորեցնել, այն պետք է զգա ինքը՝ երեխան։ «Երեխաները պետք է ռիսկին վարժվեն իրենց պայմաններում, — ասում է պրոֆեսոր Հրանտ Շեֆիլդը՝ առողջապահության բնագավառի մասնագետը, որ մասնակցել է այդ նախագծում։ – Նրանք պետք է իրենք հասնեն ամեն ինչի»։

 Ցանկացած տարիքի երեխաներ հանդիպում են դժվար խնդիրների։ Մեր պարտականությունն է երեխային միջոցներ տալ դրանք լուծելու համար, ինչպես նաև մեր մեջ ուժ գտնենք և թույլ տանք նրանց ռիսկ անելու, մարտահրավեր նետելու վտանգներին։ Մանկավարժ Բեվ Բոսն ասում է․ «Ռիսկն օգնում է մեզ զարգանալ և ամրացնում է հավատը սեփական ուժերի նկատմամբ»։

Երեխաները մեծահասակներ չեն

Մենք ռիսկը հավասարեցնում ենք վտանգին։ Բայց ռիսկը վատ բառ չէ։ Առողջ ռիսկը պետք է մեր դաշնակիցը լինի՝ այն օգնում է դաստիարակել երեխաներին և նրանց մեծացնել կոմպետենտ, ինքնավստահ մադիկ։   Մենք ցանկանում ենք մեր երեխաներին պաշտպանել սխալներից և կյանքի անհաջողություններից։ Չենք ցանկանում տեսնել թափված հեղուկը, անկարգությունը կամ արցունքոտ փոթորկոտ տեսարանները, որոնք կարող են լինել այն բանի արդյունքը, որ երեխան սխալվում է և ինքն է գնահատում ռիսկի աստիճանը։  Բայց երեխաներին անհրաժեշտ է ռիսկային իրավիճակների այս շարանը՝ զարգացնելու համար միտքը, ունակությունները և ինքնավստահությունը։ Եթե միշտ առաջին տեղում դրվի անվտանգությունը, երեխայի մոտ կարող է զարգանալ վախ՝ ամեն նորի նկատմամբ։ Վախը երեխաներին պասիվ է դարձնում։ Սակայն հաճախ նրանց կանգնեցնում է մեր վախը։ Չափազանց հոգածությունը կարող է ռիսկից ավելի վտանգավոր լինել։

Ողջունել ռիսկը

Հայրս խրախուսում էր, երբ ես բլրակից վազում էի, թռչում էի առվակների վրայով և ընկնում էի, հատկապես՝ ընկնելը։ Մանուկ ժամանակ ինքն էլ մագլցել էր Նոր Անգլիայի գրանիտե քերծերը։ «Շատ կարևոր է ընկնել կարողանալը, -ասում էր նա։ – Մարդկանց մեծ մասը ճիշտ ընկնել չի կարողանում և այդ պատճառով էլ վնասվածքներ է ստանում»։ Նա ինձ սովորեցրել է ընկնելիս գլորվել և ոչ թե ջանք թափել չընկնելու, այլ սովորեցրել է ձեռքերով հենվել։  Այ, թե ինչ էր ուզում ինձ ասել․ «Կյանքում  մեկ անգամ չէ, որ ստիպված կլինես ընկնել։ Սովորիր դա անել։ Վեր կաց։ Եվ չվախենաս նորից փորձել»։

Ողջունել ռիսկը նշանակում է ընդունել, որ նրանից հնարավոր չէ խուսափել։ Երեխայի դաստիարակությունը անբաժան է ուրախությունից և սարսափից։ Երեխան, ում այդպես սիրում ենք, կարող է հիվանդանալ, լուրջ վնասվածք ստանալ և նույնիսկ մահանալ։ Ինչպես ասում է գրող Էլիզաբեթ Սթոունը․ «Երեխա ունենալու որոշումը շատ կարևոր է։ Նշանակում է, որ որոշել եք, որ ձեր սիրտը միշտ ման է գալու ձեր մարմնից առանձին»։ Եվ մենք վախենում ենք բաց թողնել մեր սիրտը։ Բայց շուտով այն կսկսի ոչ միայն քայլել, այլև ծառեր մագլցել, ինքնուրույն անցնել փողոցը և երթևեկել ավտոբուսով։

Ժամանակն է հրաժարվել լրիվ անվտանգության պատրանքից։ Կյանքում միշտ կա ցավի հետ հանդիպելու հավանականություն՝ անկախ նախազգուշական միջոցներից։ Հասկանալը, որ ռիսկը վերացնելը անհնար է, մեզ ազատագրում է և թույլ է տալիս ապրել լիարժեք կյանքով։ Թեկուզ ռիսկը հնարավոր չէ վերացնել, թույլ մի տվեք, որ վախը կաթվածահար անի ձեզ։

Ռիսկը սահմանափակելու վնասը

Եթե երեխաները շատ հաճախ լսեն այդպիսի զգուշացումներ՝  «Զգույշ եղիր», «Ցած իջիր», «Կվնասվես», նրանք կխուսափեն գործողություններից՝ խուսափելով ցանկացած ռիսկից, նույնիսկ անհրաժեշտից։ Պրոֆեսորներ Հովարդ Գարդները և Քեթի Դեվիսը՝ դաստիարակության բնագավառում մասնագետներ և «Թվային սերունդ» (The App Generation) գրքի հեղինակները, պնդում են, որ ժամանակակից երեխաները հակված չեն ռիսկի։ Շրջապատող աշխարհը ինքնուրույն ուսումնասիրելու և ինչ-որ բան անել ձգտելու փոխարեն, նրանք սպասում են՝ փորձելով հասկանալ, թե իրենցից ինչ են ուզում մեծահասակները։ Մենք խորացնում ենք այդ միտումը՝ բաց չթողնելով նրանց մեզանից։  Իննամյա երեխաներն ունեն բջջային հեռախոսներ։ Յոթ տարեկանները մենակ չեն գնում այգում խաղալու։

Երեկ հերթական անգամ անցա մանկական դատարկ խաղահրապարակի մոտով։ Հավանաբար, բոլոր երեխաները նստած են տանը՝ հեռուստաէկրանների կամ մոնիտորների առջև, բայց այստեղ ուրիշ գործոն էլ կա։ Շատ երեխաների համար ձանձրալի է մանկական ժամանակակից խաղահրապարակներում։

Դատական հայտերից վախը, լիցենզիայի անհրաժեշտությունը և ուղղակի վախը մեծահասակներին ստիպում են սահմանափակել երեխաների համար խելամիտ ռիսկի հասանելիությունը։ Կրիստեն Կոուպլենդը հոդվածում և իր գործընկերները Pediatrics ամսագրում նշում են, որ մանկապարտեզներում և ուրիշ նախադպրոցական հաստատություններում երեխաները «հիմնականում նստած են»։   Երեխաների ակտիվ զբաղմունքների գլխավոր արգելքը մեծահասակների վախն է, որ «ինչ-որ մեկը վնասվածք կստանա»։  Նոր խաղային սարքավորումները, որոնք համապատասխանում են լիցենզիայի պայմաններին, հետաքրքիր չեն երեխաներին։ Նույն հոդվածում բերված են դաստիարակի խոսքերը․ «Նրանք ավելի հաճախ են մագլցում բլրակը․․․ Ակնհայտ է, որ նրանք ուղղակի դժվարություններ են փնտրում»։

Բլուրն ի վեր մագլցելը ևս մի ձև է, որի օգնությամբ երեխաները մեզ ասում են  ռիսկի՝ իրենց կարիքի մասին։

Ինչո՞ւ են երեխաները մագլցում բլուրն ի վեր

Եթե գոնե մեկ անգամ եղել եք հասարակական մանկական խաղահրապարակում, գիտեք, որ վիճելի հարցերից մեկը հետևյալն է՝ արդյո՞ք երեխաներին թույլատրել վեր մագլցել։

 «Ցանկացած երեխայի մոտ, եթե նրան թողնենք ինքնուրույն, շուտ թե ուշ ցանկություն է առաջանում մագլցել վեր, երբ մյուսները իջնում են»,-ասում է Յեն Ուոտերսը։

 Ինչո՞ւ են երեխաները այդպես վարվում։ Խաղում նրանց անհրաժեշտ են մարտահրավերներ և ռիսկ։  Երեխաներն իրենց ուժեղ են զգում վերև բարձրանալով։ Դրանից բացի, զվարճալի է։ Նման օգտակար արկածը հաճախ ստեղծական խաղի մաս է լինում։ Մագլցելը երեխաներին օգնում է փորձել իրենց ուժը, հասկանալ սեփական հնարավորությունների սահմանը, զարգացնել հավասարակշռության զգացողությունը և տարածական կողմնորոշումը, ինչպես նաև սոցիալական տեղեկացվածությունը և հարգանքը ուրիշի նկատմամբ։ Բախման դեպքում, երբ մեկ ուրիշ երեխա ցանկանում է իջնել, փայլուն հնարավորություն է երեխայի համար հակամարտությունը լուծել խաղի ընթացքում։

Ինչպես բոլոր մյուս խաղերում մագլցելը պետք է ենթարկվի ոչ ճիշտ ոսկե կանոնի՝ թույլատրված է ամենը, ինչը չի վնասում մարդկանց և ունեցվածքին։ Սա կարող է նշանակել սահմափակման հրահանգ․ «Մի՛ սահիր, մինչև ուրիշ երեխա ներքևում տեղ չազատի քեզ համար» կամ «Կարմիր սղարանը քեզ համար շատ է բարձր։ Փորձիր բարձրանալ կապույտը» կամ «Այսօր այգում շատ երեխա կա։ Հիմա սղարանից կարելի է միայն իջնել»։

Հանգստացրեք ուրիշ ծնողների․ «Ես չեմ առարկում, եթե նրանք մագլցում են վեր» կամ «Կարծես նրանք լավ էլ լեզու են գտել»։

Սղարանները նախատեսված են խաղի համար՝ անկախ դեպի վեր թե վար են շարժվում։ Մանկական խաղերի համար են, երբեմն՝ ռիսկային։

 Ռիսկի ռիսկերը
Երեխայի համար

 Հիմնականում այտուցներ, կապտուկներ և քերծված ծնկներ։
Սրտնեղություն։
Ժամանակավոր շփոթվածություն և վախ։
Վիրավորվածություն։
Հիասթափություն, երբ ինչ-որ բան չի ստացվում։
Սխալ։

Մեծահասակների համար

Մեղքի ու տագնապի զգացողություն։
Ժամանակ, որ ծախսվում է հավաքելու, վերքերը մշակելու կամ երեխային հանգստացնելու համար։
Ընտելանալ նոր դերի․ ձեր կարիքը այլևս չեն զգում։

Առողջ ռիսկ

Մենք ձգտում ենք երեխաներին պաշտպանել հիմնականում ռիսկերի չորս տեսակից՝ ֆիզիկական, ստեղծագործական, սոցիալական և հուզական։ Փորձեք գնահատել, թե ինչն է ձեզ ամենից շատ վախեցնում։ Որոշների համար ֆիզիկական ռիսկն է, օրինակ` ասֆալտապատ հրապարակում վազվզելը և փայտերով խաղալը։  Շատերի համար (չնայած ամենալավ մտադրությունների) ստեղծագործական ռիսկն է, որը առաջանում է ազատ, չկազմակերպված խաղի ժամանակ։ Սոցիալական և հուզական ռիսկերը միշտ չէ, որ ռիսկ են համարվում, չնայած այս խմբին են պատկանում սխալները, սոցիալական մերժումը, հանրային միջավայրում փոխազդեցությունը, հակամարտության լուծումը, ինչպես նաև վախը, վիրավորվածությունը և ցասումը։

Առողջ ռիսկի օգուտը

 Ռիսկը օգնում է երեխաներին․․․

Ինքնուրույն ջանքեր գործադրել և հաղթահարել ինքն իրեն։
Փորձել նորը։
Փորձել այն, ինչը մի քիչ դուրս է գալիս բարեհարմարության սահմաններից։
Ցուցաբերել համառություն։
Սովորել դիմացկունություն։
Սովորել չնահանջել անհաջողություններից։
Թուլացնել չարդարացված ռիսկի ձգտումը՝ արդարացված ռիսկի առկայության դեպքում։
Ապրել տհաճ զգացողություններ և  հաղթահարել դրանք (վախ, շփոթվածություն, հիասթափություն, վիրավորվածություն)։
Ընկնել սովորել։
Սովորել տիրապետել սեփական մարմինը, զարգացնել ճարպկություն և տարբեր ունակություններ։
Գնահատել վտանգը։
Զարգացնել մտքի ճկունությունը։
Նոր ընկերներ գտնել։
Նոր գաղափարներ առաջ քաշել։
Սովորել հասկանալ ուրիշ մարդկանց զգացմունքները և արձագանքները։
Գլուխ հանել անհաջողություններից։
Գնալ խելամիտ ռիսկի։
Հպարտանալ նոր հնարավորություններով։
Սկսել հասկանալ ինքն իրեն։
Զարգացնել պատասխանատվություն սեփական անվտանգության համար։
Թուլացնել իշխանության համար պայքարը։
Հաճույք ստանալ անկախությունից։

Ֆիզիկական ռիսկ

Ֆիզիկական ռիսկը կապված է երեխայի կողմից սեփական մարմինը օգտագործելու հետ՝ արագ (և շատ արագ) վազել, մագլցել բարձր, օգտվել սուր առարկաներից, լցնել և դատարկել հեղուկը, պայքարել, փողոցն անցնել, հեծանիվ վարել, քայլել պատի վրայով։ Այս խմբում են նաև բնության մեջ արվող փորձերը՝ խարույկի մեջ փայտ գցելը, ծառեր մագլցելը, առվակի վրայով թռչելը, քարից քար թռչելը։ Երեխայի համար ֆիզիկական ռիսկը կարող է առաջանալ ոչ միայն այն ժամանակ, երբ ծառ է մագլցում, այլև այն ժամանակ, երբ նա ինքնուրույն իր համար կաթ է լցնում։

Իմ վեց տարեկան տղան և նրա ընկեր Էյվան հաճույք էին ստանում ֆիզիկական ռիսկից՝ թռչելով գոմաղբի կույտի վրայով։ Բերքահավաքի շրջանն էր, և չնայած այնպիսի զվարճանքների, ինչպիսին են եգիպտացորենի արտում լաբիրինթոսները և փքաբլիթները, նրանց ամենից շատ դուր էր գալիս վազել և հսկայական գոմաղբի կույտի վրայով թռչելը։ Ռիսկային է։ Բայց միակ իրական ռիսկը կոշիկները քերել-մաքրելն էր։  Քսաներորդ փորձից հետո նրանք արդեն չէին վրիպում։

Մանկապարտեզում, ուր ես այցելել էի,  չորս-հինգ տարեկանների համար կար արհեստանոց՝ իսկական մուրճով և սղոցով։ Նախկին տնօրեն Յեն Ուոտերսը բացատրում էր, որ մանկապարտեզում երեխաներին իսկական գործիքներ տալիս են չորս տարեկանից հետո, երբ նրանց մոտ արդեն բավականին զարգացած է շարժումների ներդաշնակությունը։  Եվ ոչ մի երեխա չի վնասվել սղոցի սուր ատամներից։ «Երեխաները մուրճով խփել են իրենց մատիկներին,-պատմում էր նա։ – Հետո ի՞նչ։ Այդպես նրանք սովորում են մուրճով աշխատել։ Երեխաներն ամեն ինչ պետք է փորձեն»։

Մոնթեսորիի դպրոցներում դաստիարակները հատուկ պարապմունքներ են անցկացնում գործնական հմտություններ ձեռք բերելու համար՝ երեխաները սովորում են սուր դանակով կտրել վարունգը և խնձորը, կամ արդուկում են տաք արդուկով։ Թույլատրելով երեխաներին օգտագործել  իսկական գործիքներ (իրական հետևանքներով)՝ նրանց սովորեցնում ենք ռիսկերը գնահատել և հոգալ սեփական անվտանգության մասին․ դրանից բացի՝ այն նրանց տալիս է իշխանության և անկախության զգացողություն։

Երբ գոռում ենք․ «Կվնասվես», և ոչինչ տեղի չի ունենում, երեխաները սկսում են կասկածել մեր գնահատականներին։ «Չենք վնասվի»,-ի պատասխան կանչում են նրանք։ Եվ հետո մտածում են․ «Տեսնո՞ւմ ես։ Ոչ մի բան էլ չպատահեց»։

Նախադպրոցական կրթության նորվեգացի մասնագետ պրոֆեսոր Էլեն Սանդսետերը նշում է, որ ֆիզիկական ռիսկ պարունակող խաղերի նկատմամբ երեխաների կապվածությունը սովորաբար դրսևորվում է վեց ձևով 1) մագլցել բարձր տեղեր, 2) խաղալ սուր դանակներով կամ ուրիշ վտանգավոր առարկաներով, 3) խաղալ կրակի և ջրի հետ, 4) խաղալ կոպիտ խաղեր, որոնք կապված են ֆիզիկական հպումների հետ, 5) շատ արագ վազել, 6) մեծերի բացակայության պայմաններում փորձեր անել։

Իմ առաջին գրքի՝ «Չկիսվելը նորմալ է» գլուխներից մեկը նվիրված է բռնցքամարտին, ըմբշամարտին և ուրիշ կոպիտ խաղերի, և այնտեղ բացատրվում է երեխաների  շարժման և եռանդուն գործունեության բնական պահանջը։
Կյանքը ռիսկ է և փոփոխություններ։

Ստեղծագործական ռիսկ

Ստեղծագործական ռիսկը գաղափարների ռիսկ է։ Այն նշանակում է հրաժարում պատրաստի օրինակները կրկնելուց և սեփական հայեցողությամբ ներկերով և տարբեր նյութերով փորձեր անելու թույլտվություն։ Սա նշանակում է, որ երեխաները պետք է գրեն այն պատմությունները, որոնք ուզում են՝ արտահայտելով սեփական գաղափարները։ Ստեղծագործական ռիսկի էությունը խաղի ազատությունն է։ Երեխաների համար խաղը մտքերի ամենալավ արտահայտությունն է։ Այն կարող է հանգեցնել անկարգության։ Այն կարող է հիմար թվալ։ Մեծահասակներին այն կարող է նաև վտանգավոր թվալ, բայց երեխաները իրագործում են իրենց գաղափարները, սխալվում են և խաղի ընաթացքում անընդհատ հաղթահարում են իրենց։

Մեծահասակները վտանգավոր կերպով սահմանափակում են ստեղծագործական ռիսկը՝ կրճատելով չկազմակերպված խաղի ժամանակը, կամ միանում են խաղին՝ հրահանգներ տալով․ «Սա թուր չէ, այլ կախարդական փայտիկ», «Գտիր բոլոր կապույտ խորանարդիկները» կամ «Այս պարապմունքի ընթացքում չենք հորինում, այլ գրառում ենք միայն այն, ինչ եղել է»։

Սոցիալական ռիսկ

Ինչ-որ մեկին ժամադրության առաջարկ անելն էլ ռիսկ է։ Կարող են մերժել։ Եվ կհայտնվենք անհարմար վիճակում։ Կամ կսկսենք կակազել և հիմարություններ դուրս տալ։ Կամ նույնիսկ կիմանանք, որ այդ մարդը մեր մասին բարձր կարծիք չունի։ Երեխաները սոցիալական ռիսկերից վախենում են նույն պատճառներով։ Բաց և շփվող երեխայի համար ուրիշ երեխաներին մոտենալը և նրանց խաղին միանալը բնական է։ Ուրիշների համար դա մեծ ռիսկ է։

Երեխային պետք է խրախուսել, երբ որոշում է գնալ սոցիալական ռիսկի։ Օգտակար է ուղղակի խոստովանել, որ դա ռիսկ է․ «Գիտեմ, որ հեշտ չէ»։ Կարող եք նկարագրել հնարավոր ռիսկը․ «Նա կարող է համաձայնել, կարող է՝ ոչ»։ Գլխավորը սոցիալական ռիսկում երեխային ազատություն տալն է՝ գնալ ռիսկի կամ ոչ։ Եթե մի քանի ընկեր ունի, թող հրավիրի իր ծննդյան օրվան։ Մի համարեք, որ պարտավոր եք հրավիրել ամբողջ դասարանը, որ ոչ մեկը չնեղանա։ Երեխաներին թույլ տվեք բախվելու  խաղընկերների կողմից մերժվելուն։ Երեխաները որքան լավ սովորեն ռիսկի գնալ, այնքան հաճախ կփորձեն նոր հարաբերություններ հաստատել և ավելի արագ նրանց մոտ կձևավորվի ժամանակավոր անհաջողություններին դիմակայելը։

Որոշ երեխաների համար սոցիալական ռիսկ է բարևելը, մեծահասակների հետ խոսելը կամ հարց տալը։ Նման արարքների կարողությունը անհատապես է ձևավորվում։ Ստեղծեք հնարավորություններ, բայց մի ստիպեք։ Ընդունեք սոցիալակա ռիսկը, որին գնում է երեխան։

 Հուզական ռիսկ

 Հուզական ռիսկը տհաճ զգացմունքների ռիսկ է։ Հնարավոր է, որ այն ռիսկի նման չէ, բայց հաճախ ամենից շատ հենց դրանից ենք վախենում։ Մենք ձգտում ենք մեր երեխաներին զերծ պահել տհաճ զգացողություննրից։   Սահմանափակելով հուզական ռիսկը՝ վիրավորանք, վախ, ամոթ, զայրույթ և ուրիշ բացասական զգացմունքներ ապրելու հնարավորությունը՝ նրանց զրկում ենք այդպիսի զգացմունքների հետ բախվելու և  դրանց դիմանալու հնարավորությունից (տես Կանոն 14, «Մի ջնջեք գրքերից հրեշներին»)։

Ռիսկի գնահատում

 Երբ երեխայի վրա գոռում ենք․ «Մի՛ վազիր։ Վիզդ կկոտրես», նրան զրկում ենք ռիսկը գնահատելու հնարավորությունից։ Երեխաներին անհրաժեշտ է փորձելու և ռիսկը գնահատելու հնարավորություն տալ՝ առանց մեծահասակների միջամտության, ով պնդում է, որ դա «չափազանց վտանգավոր է»։  Երեխաները խախուտ տախտակների կամ  սայթաքուն գերանների վրայով քայլելուն զուգընթաց սկսում են հասկանալ իրենց մարմնի հնարավորությունները, ֆիզիկայի օրենքները, ինչպես նաև սեփական սահմանափակումները։

Ամուսնուս հետ անհանգստանում էինք, թե մեր ավագ որդին կկարողանա ինքնուրույն անցնել փողոցը։ Մայլզը մշտապես սավառնում էր ամպերում և կարծես չէր նկատում տրանսպորտի հոսքից բխող վտանգները։ Դրա համար որոշեցի հետևել, թե նա իրեն ինչպես է պահում մենակ մնալիս։ Երբ բաց էի թողնում նրա ձեռքը կամ մի քանի քայլ ետ էի ընկնում, Մայլզը դառնում էր լրիվ ուրիշ։ Նա ուշադիր հետևում էր մեքենաներին, մի քանի անգամ գլուխը շուռ էր տալիս աջ ու ձախ և մայթին սպասում էր՝ գնահատելով մինչև մոտեցող ավտոմեքենան եղած հեռավորությունը ինձանից ավելի զգուշավոր։ Համոզվելով, որ անվտանգ է, նա անցնում էր փողոցը։

Առանց մեծահասակների մշտական հսկողության՝ երեխաները գնում են այնպիսի ռիսկի, որը համարում են իրենց հարմար, և իրենք են հոգում իրենց անվտանգությունը։

 Ռիսկը երեխաներին ավելի զգուշավոր է դարձնում

Երբ երեխային սուր դանակ եք տալիս, նա հասկանում է, որ կարող է մատը կտրել։ Ոչ մի երեխա չի սիրում, երբ ցավոտ է լինում։ Արդյունքում նա իրեն ավելի զգուշավոր է պահում։

Եթե մշտապես զգուշացնում եք վտանգների մասին, երեխաները կարող են մտածել, որ իրենց հետ ոչ մի վատ բան չի կարող պատահել։ Մեծերը միշտ իրենց կպաշտպանեն։ Կանոնները միշտ իրենց կպաշտպանեն։ Հատուկ մակերևույթները, սաղավարտները և մանկական հրապարակները իրենց միշտ կպաշտպանեն։ Զգուշավորությունը պարտադիր չէ։ Երեխան, որ չի վախենում շրջակա աշխարհից, զգուշավորության կարիք չունի։ Նա ենթադրում է, որ ամեն ինչ հսկվում է։

Երբ երեխային ռիսկի իրավունք եք տալիս, նրանք այդ իրավունքը զգուշավոր են օգտագործում՝ չանցնելով  հարմարավետության սահմանը։ Երեխաներին թույլ տալ ռիսկ անել, նշանակում է նվազեցնել ռիսկային վարքի հավանականությունը։

Ռիսկը երեխաներին օգնում է իրենց ճանաչելուն

Ընդունելով և փորձարկելով իրենց հետաքրքրող ռիսկերը՝ երեխաները աստիճանաբար ճանաչում ու բացահայտում են իրենց։

Ո՞վ եմ ես։ Ես ի՞նչ եմ կարող և որտե՞ղ է իմ հնարավորությունների սահմանը։ Սրանք կարևոր հարցեր են։ Ինչպես հիշեցնում է Գիվեր Թուլին, սեփական անձը ճանաչելը պահանջում է տեղ և հետազոտություն՝ խաղի և ռիսկի միջոցով։

Մտորեք ընտանիքի մասին՝ եղբայրները և քույրերը տարբեր բնավորություններ ունեն, և երեխաները միշտ չէ, որ կիսում են իրենց ծնողների արժեքները։ Տանը դաստիարակվող երեխան ենթակա է ծնողների խիստ ազդեցությանը, բայց նրան վճռական քայլ է պետք անել՝ գնալ ռիսկի, որպեսզի հասկանա, թե ով է ինքը։ Մենք բոլորս տարբեր ենք և պետք է հիշենք, որ երեխաները, ում դաստիարակում ենք, կարող են նման չլինել ծնողներին։ Երեխաներին հետազոտությունների համար հնարավորություններ են պետք, որպեսզի նրանք կարողանան գտնել իրենց և ապրեն այն կյանքով, որի համար ծնվել են։

Սա փորձեք և ավելացրեք ձեր զինանոցում

 Աշխատեք նվազեցնել իրական ռիսկը։ Երեխաներին թույլ տվեք իրենց տարիքին համապատասխան ռիսկեր, ինչը կօգնի զարգանալու, ձեռք բերելու նոր հմտություններ, դառնալու ավելի ինքնուրույն։

 Սովորեք չխառնվել

Մինչև հիմա հիշում եմ այն հինգ րոպեն, երբ տասը ամսական տղայիս թողեցի անծանոթ մարդու մոտ։ Ճիշտ է, նա դիպլոմավորված դաստիարակ էր, և ես ընդամենը վազել էի մեքենայից բաճկոնս վերցնելու, սակայն այդ հինգ րոպեները փորձություն էին ստուգելու, թե որքանով եմ պատրաստ երեխայի կյանքում ընդունել ռիսկն ու անկախությունը։

Ծնողների համար դա շատ դժվար է։

Թույլ տալ երեխայի ռիսկի գնալ՝ նշանակում է մի կողմ քաշվել և չխառնվել։ Գնացեք ուրիշ շենք։ Ձեզ ստիպեք լռել։ Եթե կարողանաք, երեխան կգնահատի անկախությունը և ավելի քիչ կզգա ձեր կարիքը։ Բայց կարիքը զգալը և սիրելը տարբեր բաներ են։ Երեխային ազատություն և ռիսկ առաջարկելը ամբողջ կյանքում սերն աջակցելու և պահպանելու լավագույն ձևերից մեկն է։

 Թույլատրելի ռիսկ

Ինչն է ընդունելի, իսկ ինչը չափազանց ռիսկային։ Ռիսկի գնահատումը անհատական է։ Փոքր երեխաներին պետք է հսկել, բայց սա չի նշանակում, որ չի կարելի նրանցից աչք չկտրել և երբեմն մենակ թողնել։  Նույնիսկ մեծահասակների հսկողության տակ խաղը կարող է շարունակվել առանց նրանց միջամտության այնքան ժամանակ, մինչև խախտվի ոչ ճիշտ ոսկե կանոնը՝ թույլատրելի է ամեն ինչ, ինչը չի վնասում մարդկանց և նրանց ունեցվածքին։

Ինքներդ ձեզ հարցրեք, թե որն է ռիսկը։ Եթե դա անկարգությունն է, արցունքները, այտուցները կամ ընդհարումը, այդպիսի ռիսկը թույլատրելի է։ Եթե ռիսկը կարող է լուրջ վնաս հասցնել, անընդունելի է։ Հնարավոր հետևանքները գնահատելիս միշտ հաշվի առեք տարիքը։ Նախադպրոցականը փողոցը անցնելիս կարող է փորձանքի հանդիպել, մինչդեռ երկրորդ դասարանցին կարող է ինքնուրույն գլուխ հանել այդ խնդրից։

Թույլատրեք ոչ մեծ ռիսկ (ձեզ համար)

Ջեսիկա Լեխին, ով «Անհաջողության նվերը» գրքում գրում է ֆիզիկական և հուզական ռիսկերի մասին, պնդում է, որ ամերիկացի ծնողները պատրաստակամությամբ միանում են երեխաների սահմանափակ ազատության մասին խոսակցությանը, ասելով․ «Այո, մեզ ավելի շատ ռիսկ է պետք», բայց երբ խոսքը գնում է այն մասին, որ թույլ տան ռիսկ իրենց ընտանիքի կյանքում, ամեն կերպ խուսափում են։

Դա բարդ է։ Ձեր նկատմամբ ներողամիտ եղեք, եթե ռիսկի մասին միտքը ձեզ վախեցնում է։ Ռիսկ թույլատրելը նշանակում է գնալ այն ամենին հակառակ, ինչ շատ տարիների ընթացքում լսել եք անվտանգության մասին։ Չենք կարող միանգամից հրաժարվել մշակութային ավանդույթներից, որոնք ընդգրկում են կյանքի բոլոր կողմերը։ Եթե դա ձեզ համար հեշտ չէ, սկզբի համար խոստովանեք ձեզ և հաշտվեք ձեր զգացմունքների հետ։ Հետո ընտրեք ոչ մեծ ռիսկ, որը ձեզ անընդունելի է թվում։ Օրինակ, առաջին անգամ երեխային թողեք դայակի հետ։  Կամ թողեք մենակ խաղալ բակում։ 

 Ոչ մեծ ռիսկ, որից կարելի է սկսել

 Հարևանին գրություն ուղարկել։
Հավասարակշռություն պահպանել գերանի կամ շվեդական պատի վրա։
Հեծանիվ վարել «բավականին արագ»։
Մենակ խաղալ փողոցում։
Մենակ խաղալ տանը։
Միայնակ գնալ հասարակական զուգարան։
Բանան կամ խնձոր կտրատել։
Դայակի հետ մնալ։
Ինքնուրույն անցնել փողոցը։
Հարց տալ գրադարանավարին, խանութպանին կամ ուրիշ անծանոթ մարդու։

Ուրախացեք այդ փոքր հաջողություններով։ Երբ պատրաստ լինեք, հաջորդ քայլն արեք։ Կտեսնեք, որ հսկողության թուլացմանը զուգահեռ երեխան ուրախանում է իր համար նոր՝ իշխանության և պատասխանատվության զգացմունքներով։  Դուք էլ հպարտություն կզգաք։ Ձեր կյանքում ավելի շատ ուրախություն կլինի և ավելի քիչ՝ վախ, ավելի ազատ կլինեք։ Ամենամեծ փոփոխությունները ձեզ հետ կկատարվեն։

Նախապես աջակցություն ապահովեք

Առաջին կամ միակ երեխային դաստիարակելիս ծնողները կարող են չտեսնել, թե որ ռիսկը կամ որ աստիճանի ազատությունն է համարվում թույլատրելի։ Իհարկե, դժվար է։ Գտեք նրան, ով կօգնի ձեզ ավելի ինքնավստահ զգալ։ Նախապես ապահովեք այն մարդու աջակցությունը, ում վստահում եք։  Եթե չափազանց հուզական եք և չեք կարող երեխային թուլ տալ մենակ խաղալ պարտեզում, խնդրեք ինչ-որ մեկին հետևել նան։ Բացատրեք, որ ձեզ պետք է հաղթահարել այդ արգելքը։ Եթե դա ձեզ համար շատ մեծ ցնցում է, դիմեք մասնագետի օգնությանը։ «Ազատ շրջող երեխաները» (Free Range Kids)  գրքի հեղինակ Լենոր Սկենազին այցելում է ընտանիքներ, որպեսզի օգնի նյարդային ծնողներին լիցքաթափվելու։  Նրա օգնությամբ և աջակցությամբ ծնողները թույլ են տալիս իրենց երեխաներին խաղալ պարտեզում, անցնել փողոցը կամ օգտվել մուրճից։ «Ես հասկացա, որ փոփոխությունները կարող են արագ լինել, -ասում է Սկենազին։ — Դրա համար ընդամենը պետք է ընդունել, որ ձեր երեխաները արդեն բավականին խելացի են, որպեսզի հոգ տանեն իրենց անվտանգության մասին»։

Խոսեք տատիկների և պապիկների հետ

Իրենց մանկության մասին հարց ու փորձ արեք տատիկներին և պապիկներին, նաև հարևաններին։ Իմացեք, թե ինչ է թույլատրվել ուրիշներին, երբ նրանք երեխա են եղել։ Հնարավոր է, որ չփոխեք ձեր կարծիքը, որ «մեր ժամանակ ամեն ինչ ուրիշ կերպ է», բայց այդ պատմությունները կհիշեցնեն, թե ինչի են ընդունակ ձեր երեխաները։ Ձեր հորեղբոր տղան վեց տարեկանում ձվածե՞ղ էր պատրաստում։ Իսկ քույրը հինգ տարեկանում իսկական մեխերով սարյակի բու՞յն է պատրաստել։ Անվտանգության մասին մտահոգված՝ մենք մոռանում ենք այս մասին։ Հավաքեք պատմությունները, թե ինչի են ընդունակ երեխաները, իսկ հետո փորձեք կիրառել դրանք ձեր ընտանիքում։

Միայն թե պետք չէ նույնությամբ կրկնել անցյալը։ Չնայած, որ շատ հինգ տարեկաններ կարողանում են գնալ խանութ՝ կաթ գնելու, դուք պարտավոր չեք երեխային մենակ ուղարկել։ Գլխավորը, որ հասկանաք, թե ինչի են ընդունակ ձեր երեխաները։ Նույնիսկ շատ փոքրերը կարող են ավելին անել, քան դուք կարծում եք, և լավ անել։

Որոշեք թույլատրելի ֆիզիկական ռիսկը

1. Խոհանոցային դանակներ

Եթե դեռ ձեր երեխային դանակ չեք տվել, սկսեք բանանի կամ կարագի դանակից։ Հետո անցեք հարմար սուր դանակների։ Ընտրեք կլոր ծայրեր ունեցող դանակներ, որպեսզի պաշտպանեք մատիկները։ Փոքր երեխան կարող է կտրատել մրգեր և բանջարեղեն՝ նրան պետք են հարմար գործիքներ և փորձ։

2.Մուրճեր և սղոցներ

Եթե ունեք հարմար տեղ, ձեր երեխաների համար կազմակերպեք աշխատանքային անկյուն, որ կարողանան սղոցել և մեխել՝ սկսած չորս տարեկանից։ Չորսուն պահող սեղմակը ազատում է երկու ձեռքերը, որ կարողանա սղոցի շեղբը ուղղորդել։

3. Արագ շարժում

Մի արգելեք երեխաներին արագ վազել կամ սլանալ հեծանիվով։ Շատ դեպքերում ոչինչ էլ չի պատահում։ Երբեմն նրանք ընկնում են, և դա օգնում է նրանց հասկանալ իրենց հնարավորությունների սահմանները։ Երեխաները կարիք ունեն արագ և «չափազանց արագ» շարժվելու։

4. Մագլցելը

Երեխաները զգում են իրենց ուժը և սովորում են հասկանալ իրենց հնարավորությունները` բարձր տեղեր մագլցելով։ Նրանց թույլ տվեք մագլցել ծառերը, աստիճանները, շվեդական պատերը և մանկական հրապարակից դուրս գտնվող այլ բարձրություններ։ Երբ չեք սահմանափակում ընդունելի ռիսկը, նրանք սովորում են հրաժարվել անընդունելիից։

5. Կոպիտ խաղ

Եթե երեխան սիրում է կռվել, բռնոցի խաղալ կամ նույնիսկ բռնցքամարտով զբաղվել, նրան մի սահմանափակեք։ Կոպիտ, եռանդուն խաղերը զարգացնում են ուղեղը և մարմինը։  Այդպիսի խաղերի համար որոշեք տեղի սահմանափակումները, բայց եթե երկու երեխաներն էլ բավականություն են ստանում, փոքր բախումները նրանց չեն վնասի։

6. Փողոցն անցնելը

Մի մոռացեք, որ դա երեխային սովորեցրել եք վաղ մանկությունից։  Նա, հավանաբար, ավելի շատ գիտի, քան դուք կարծում եք։ Սովորեցրեք, մարզեք, թույլ տվեք փորձել։ Տարբեր փողոցներ անցեք և բարձրաձայն բացատրեք ձեր գործողությունները («Այն մեքենան շատ արագ է գնում, արի սպասենք»), որպեսզի երեխան սովորի գնահատել արագությունը և հեռավորությունը։

7.  Խաղերը բնության մեջ

Ռիսկը գնահատելու համար շատ հարմար է անտառը։ Գերանները, որոնց վրայով կարելի է քայլել, սովորաբար ավելի ցածր են, քան շվեդական պատերը․ իսկ հողը ավելի փափուկ է, քան ասֆալտը։ Առվակները և քարերը կարծես ստեղծված լինեն ցատկերի համար։ Դրանից բացի, այստեղ շատ քիչ են կողմնակի մարդիկ, որոնք հետևում են երեխային և ասում՝ «Զգույշ»։

8. Հասանելիություն

Երեխային տվեք քթիկ ունեցող չափագավաթ, որպեսզի ինքը իր համար ըմպելիք լցնի։ Մտածեք ուրիշ պարզ ձևեր քաջալերելու նրա ինքնուրույնությունը։  Շատ բարձր չե՞ն դրված ավելը և գոգաթիակը։  Ակնոցը դրված է անհասանելի՞ տեղում։ Տնային գործածության իրերը դրեք այնպիսի տեղում, որ երեխան կարողանա հասնել։ Այդպես նա կստանա հմտություններ ձեռք բերելու հնարավորություն և իրեն ինքնուրույն կզգա։

 Որոշեք անհատական ռիսկերը

Թույլատրելի ռիսկը յուրաքանչյուր դեպքում որոշվում է անհատապես։ Դա կախված է երեխայի բնույթից և տարիքից։ Ռիսկերից որոշներին երեխան կարող է պատրաստ լինել, ուրիշներին՝ ոչ։ Փոքր հասակում ես խիստ վախենում էի խոսել հեռախոսով (սոցիալական ռիսկ)։ Ութ տարեկան Տաշան չէր կարողանում մենակ մնալ․ կես ժամ հետո սկսում էր լաց լինել և վազում էր հարևանի մոտ։ Փորձեր արեք։ Ռիսկն անհրաժեշտ է բոլոր երեխաներին, բայց ոչ բոլոր ռիսկերն են հարմար բոլորին և միշտ։

 Օգտակար արտահայտություններ
Ուրիշ մեծահասակներին

Չեմ առարկում, երբ երեխաները մագլցում են։
Երևում է, որ նրանք լեզու են գտել։
 Այս խաղը ձեր դուրը չի՞ գալիս։
Եկեք խոսենք երեխաների հետ և ամեն ինչ հարթենք։

Երեխաներին

Կարծես դու ուզում ես մագլցել, իսկ նա իջնում է։ Ի՞նչ ես անելու։
Կարմիր սղարանը շատ է բարձր։ Եթե ուզում ես վեր բարձրանալ, գնա կապույտը։
Կարծում ես՝ անվտա՞նգ է։ Լավ։ Ինձ թվում է, որ այստեղ շատ բարձր է։
Երբ զգում եմ, որ շատ է բարձր, իջնում եմ։
Քեզ հետևում եմ, բայց դա ինքդ պետք է անես։
Կարող ես սխալվել։
Կարծում եմ, որ կարող ես ինքնուրույն անցնել փողոցը։ Մենք մարզվել ենք։ Պատրա՞ստ ես փորձել։
Ւ՜նչ արագ ես վազում։
Փայտն անմիջապես քթիս տակ ես թափահարում։
Ուրիշներից հեռու գնա, եթե ուզում ես դա անել։
Ամենավատը ի՞նչ կարող է պատահել։

Արտահայտություններ, որոնցից ավելի լավ է ձեռնպահ մնալ

Կվնասվես։
Ցած իջիր։ Վիզդ կկոտրես։
Մի՛ վազիր։
Զգույշ։
Էլ այդպիսի բան չտեսնեմ։
Մեկի աչքը կհանես։
Կհրավիրենք բոլոր դասարանցիներիդ։
Բոլորը պետք է միասին խաղան։
Մենակ խաղալը վտանգավոր է։

Ընտրությունը մնում է ձեզ

Ուրախացեք, որ պատրաստ եք երեխային թույլ տալ առողջ ռիսկի դիմելու։ Հնարավոր է, որ այս հարցում ծնողներից ամենաազատամիտը չեք, բայց եթե այս ուղղութամբ անընդհատ քայլեր անեք, հաջողության կհասնեք։ Իմաստն այն է, որ աստիճանաբար ընդարձակեք օգտակար փորձի սահմանները։ Թե որ տարիքում կարելի է երեխային  թույլատրել այս կամ այն ռիսկը, խիստ անհատական է։ Որոշ երեխաներ կարող են փողոցն ինքնուրույն անցնել արդեն հինգ տարեկանում։ Ուրիշները միայն ութ տարեկանում կան նույնիսկ ավելի ուշ՝ կախված, թե ինչ շրջանում են ապրում։ Ռիսկը վստահություն է և զարգացում։ Ռիսկը գիտություն է և պոեզիա։ Պետք է սահմանափակենք ոչ թե ցանկացած առողջ ռիսկ, այլ կազմակերպված պարապմունքների ժամանակը, պետք է երեխաներին շատ ինքնույնություն տանք։ Սովորեցրեք երեխաներին։ Հաստատեք խելամիտ սահմաններ։ Նրանց փորձելու հնարավորություն տվեք, իսկ հետո բաց թողեք։

Էջի նկարը՝ Արմինե Թոփչյանի

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով