Հեղինակ՝ Ռեյմոնդ Սմալլիան
Թարգմանիչ՝ Գևորգ Հակոբյան

-Վաթսոն, — մի երեկո անսպասելիորեն ասաց Հոլմսը Բեյքեր Սթրիթում, — վաղը ես պետք է մեկնեմ մայրցամաք։ Ինձ սպասում է միջազգային հետաքննություն, և ես չգիտեմ, թե որքան ժամանակ այն կտևի՝ մի քանի շաբաթ, թե մի քանի ամիս։

-Իսկ ես ի՞նչ եմ անելու շախմատային խնդիրների հետ, — տխուր հարցրի ես։

-Կարծում եմ, — բարեհամբույր պատասխանեց Հոլմսը, — որ այս պահից սկսած, Վաթսոն, կարող եք ինքնուրույն գործել։ Պարզապես Ձեր աչքերը բաց պահեք և միտքը՝ զգոն։ Սակայն մինչ մեկնելը կուզենայի Ձեզ հետ քննարկել մի խնդիր, որը չեմ կարողացել լուծել։

-Դուք կարծում եք, որ ե՞ս կարող եմ այն լուծել, — անվստահությամբ հարցրի ես։

-Ո՛չ, Վաթսոն, ես վստահ չեմ, որ ընդհանրապես որևէ մեկը կարող է այն լուծել։ Ավելին՝ վստահ չեմ, որ այն ունի միանշանակ և հստակ լուծում։ Այն գտնվում է շախմատի, տրամաբանության, փիլիսոփայության, լեզվաբանության, իմաստաբանության և իրավունքի սահմանագծին։

-Սա չափազանց հետաքրքիր համադրություն է թվում, — ասացի ես։ — Թույլ տվեք մտածել դրա մասին։

-Սկզբում պետք է Ձեզ պատմեմ նախապատմությունը։ Վերջերս ես ուսումնասիրություն էի կատարում շախմատի խաղի զարգացման պատմության վերաբերյալ։ Դրա կանոնները դարերի ընթացքում բազմիցս փոփոխվել են։ Վերջին փոփոխությունն էլ հենց առնչվում է այս խնդրին։

-Ի՞նչ փոփոխություն էր դա, — հարցրի ես։

-Դա վերաբերում է անցողիկ զինվորը ուրիշ խաղաքարի վերածվելու կանոնին։ Նախկինում այդ կանոնը ձևակերպված էր այսպես. «Զինվորը, հասնելով ութերորդ հորիզոնականին, վերածվում է ցանկացած խաղաքարի՝ բացառությամբ զինվորի և թագավորի»։ Այդ կանոնում նշված չէր, որ զինվորը պետք է վերածվի նույն գույնի խաղաքարի։

-Իսկ ո՞վ կցանկանա իր զինվորը վերածել հակառակ գույնի խաղաքարի, — տվեցի ես իմ սովորական գործնական հարցը։

-Օ՜, չգիտեմ, Վաթսոն։ Սակայն հարցն ամենևին էլ դա չէ։ Ես կարծում եմ, որ շախմատի նման խաղի կանոնները պետք է լինեն բացարձակապես հստակ և միանշանակ։ Իհարկե, դժվար թե որևէ մեկը ցանկանա իր զինվորը վերածել հակառակ գույնի խաղաքարի, բայց հազվադեպ կարող է լինել մի իրավիճակ, երբ դա ինչ-որ մեկի համար ձեռնտու լինի։ Անկասկած, մի անգամ նման բան արդեն տեղի է ունեցել, և հենց այդ պատճառով էլ կանոնը փոխվել է։ Դա տեղի է ունեցել մի մրցաշարի ժամանակ, երբ սպիտակները մատ էին հայտարարել սևերին՝ իրենց զինվորը վերածելով սև ձիու։

-Ինչպե՞ս է դա եղել, — հարցրի ես։

-Դե, մոտավորապես այսպես է եղել, — պատասխանեց Հոլմսը՝ տախտակի վրա դասավորելով հետևյալ դիրքը։

-Տախտակի վրա ավելի շատ խաղաքարեր կան, սակայն այս դիրքն էլ բավարար է օրինակ բերելու համար։ Այստեղ սպիտակները չեն կարող մեկ քայլով հաղթել, եթե խաղը ընթանում է զինվորի փոխակերպման գործող կանոններով, իսկ մինչ այդ կանոնների փոփոխությունը նրանք կարող էին հաղթել՝ պարզապես իրենց զինվորը վերածելով սև ձիու։

-Ինչ էլ որ լինի, ինձ չի անհանգստացնում այն հանգամանքը, որ նման դեպք իրական խաղում գուցե երբեք էլ տեղի չի ունեցել։ Ծանոթանալով կանոնի այս փոփոխությանը՝ ես անմիջապես մտածեցի, թե ինչ հնարավորություններ է այն բացում հետահայաց վերլուծությամբ զբաղվողների համար՝ զինվորի փոխակերպման հին կանոններով խնդիրներ կազմելիս։ Հուսով եմ, որ ապագա հետահայաց վերլուծաբանները կպարզեն դա։

-Այնուհետև իմ մտքով անցավ հետևյալ խնդիրը։ Ենթադրենք, որ հետևյալ դիրքն առաջացել է մի պարտիայում, որը խաղացել են այն ժամանակներում, երբ անցողիկ զինվորը (վերջնագիծ հասած զինվորը)  կարելի էր փոխարինել նաև հակառակ գույնի խաղաքարով։

Ենթադրենք, որ այժմ սևերի քայլն է, և, որ նրանց արքան դեռևս որևէ քայլ չի կատարել ։
Կարո՞ղ են սևերը փոխատեղում կատարել։

Նայեցի դիրքին և արագ հասկացա, թե որն է խնդիրը։ Սպիտակների վերջին հնարավոր քայլը միայն a8 դաշտում զինվորի փոխակերպումն է սև նավակի։ Սև արքան դեռ չի շարժվել։ Այդ դեպքում վճռորոշ է դառնում այն հարցը, թե արդյոք սև նավակը քայլ արել է։

-Հնարավոր է, որ փոխատեղման կանոններն ինքնին բավարար չեն այս խնդիրը լուծելու համար, — ենթադրեցի ես։

-Հնարավոր է, որ այդպես է, Վաթսոն, բայց ես դեռ չգիտեմ, — պատասխանեց Հոլմսը։

Փոխատեղման կանոնը, թվում է, բավական հստակ է։ Փոխատեղում թույլատրվում է հետևյալ պայմանների առկայության դեպքում. առաջին՝ ո՛չ արքան, ո՛չ նավակը նախկինում չեն շարժվել, երկրորդ՝ արքան շախի տակ չէ, երրորդ՝ արքան չի անցնում որևէ դաշտով, որտեղ նրան շախ է սպառնում։ Այստեղ ակնհայտորեն կատարված են երկրորդ և երրորդ պայմանները. խնդիրը ստեղծում է միայն առաջին պայմանը։

Սև արքան չի շարժվել, ուստի ամբողջ հարցը, ինչպես Դուք էլ նկատեցիք, նավակն է։ Ես հակված եմ ասել, որ զինվորից ստացված նավակը դեռ չի հասցրել որևէ քայլ կատարել, և, հետևաբար, սևերը կարող են փոխատեղում կատարել։

-Իսկ ես հակված եմ պնդելու հակառակը, — պատասխանեցի ես։ — Սևերի թագուհու թևի նավակը լքել է խաղատախտակը, երբ վերցվել է, իսկ հետո վերադարձել է, երբ վերականգնվել է անցած զինվորի փոխակերպման արդյունքում։ Հետևաբար, ես կասեի, որ նավակը «շարժվել է»։

-Բայց արդյո՞ք դա իսկապես նույն նավակն է, — հարցրեց Հոլմսը։

Սա իսկապես հանելուկ է։ Վստահ եմ, որ տարբեր ընթերցողներ այս հարցում տարբեր դիրքորոշումներ կորդեգրեն։ Երեկոյի մեծ մասը մենք Հոլմսի հետ վիճեցինք այս թեմայի շուրջը, սակայն այդպես էլ չհանգեցինք որևէ հստակ եզրակացության։

Երկրորդ մասում կվերադառնանք այս խնդրին և այն կքննարկենք ավելի խորը մակարդակով, իսկ այժմ հարմար պահ է ընդհատելու իմ պատմությունը։

Էջի նկարը՝ Առնոլդ Միքայելյանի

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով