Հեղինակ՝ Հեզեր Շումեյքեր
Թարգմանիչ՝ Գևորգ Հակոբյան
Մաս II
Չմոլորվել տեխնոլոգիաների աշխարհում
Վայելե՛ք ներկա հաճույքներն այնպես, որ չվնասեք ապագան:
Սենեկա
iPad-ը մենոնիտի համար
Ամերիկյան մենոնիտները հայտնի են իրենց ավանդապաշտ (արխաիկ) ապրելակերպով, որն արգելում է մեքենաներից օգտվելը: Սակայն նույնիսկ մենոնիտները լուդիտներ չեն և չեն ոչնչացնում ցանկացած տեխնիկա: Ժամանակակից տեխնոլոգիաներին նրանք վերաբերվում են ընտրողաբար: Շատերն ունեն բջջային հեռախոս: Որոշ երեխաներ կարճ հաղորդագրություններ (SMS) են ուղարկում: Կան մենոնիտների համայնքներ, որտեղ արգելված են հեծանիվները, սակայն թույլատրված են սքեյթբորդները: Ինչո՞ւ: Հեծանիվը կարող է մարդկանց չափազանց հեռու տանել համայնքից:
Ոչ ճիշտ կանոնների պատճառը։
Սահմանափակե՛ք տեխնոլոգիաների օգտագործումը ընտանիքն ու համայնքը պաշտպանելու համար: Այս սովորույթները երեխայի մոտ կպահպանվեն ամբողջ կյանքում:
Մենոնիտի ախոռում ձի է կանգնած, սակայն շատերն օգտվում են հեռախոսներից, ձայնային փոստից, պատճենահանող սարքերից, սառնարաններից, լեդ (LED) լամպերից և նույնիսկ տեքստային խմբագրիչներից: Երբ ի հայտ է գալիս որևէ նորույթ, նրանք գնահատում են այն և հաճախ սահմանափակումներ մտցնում, թե երբ և ինչպես կարելի է օգտագործել այդ սարքը: Կարծում եմ՝ արժե տարածել մենոնիտների փորձը տեխնոլոգիական նորույթների գնահատման հարցում:
Ահա, թե որն է նրանց մոտեցման էությունը․
- մերժել այն ամենը, ինչը վնասում է հիմնարար արժեքներին և համայնքին,
- ընդունել օգտակար սարքերը,
- հարմարեցնել որոշ սարքեր՝ վնասից խուսափելու համար։
Ժամանակակից կյանքի նկատմամբ մենոնիտների մոտեցումը կարելի է ձևակերպել այսպես. «Մի՛ շտապեք: Զգուշություն ցուցաբերեք: Դրե՛ք սահմանափակումներ՝ պաշտպանելու համար այն, ինչը թանկ է ձեզ համար»:
Տարբեր համայնքներում, կախված հայացքներից և արժեքներից, ընդունում են տարբեր տեխնոլոգիաներ: Սա շատ նման է ընտանիքում տիրող իրավիճակին: Ինչպես իր «Ամիշները» (The Amish) գրքում գրում է Դոնալդ Կրեյբիլը, առաջընթացի և ավանդույթների փոխհարաբերությունը մենոնիտների մոտ «մշտական ու ոչ հեշտ պայքար է»: Սա ինչ-որ բան հիշեցնում է, այնպես չէ՞:
Եթե ձգտում եք անմիջապես գնել ցանկացած նոր սարք, այս գլուխը հազիվ թե ձեզ համապատասխանի: Իսկ եթե երբեմն հոգնում եք ժամանակակից տեխնոլոգիաներից և փորձում եք գտնել դրանց օգտագործման ողջամիտ հավասարակշռությունը ձեր ընտանիքում, ապա այստեղ կգտնեք օգտակար գաղափարներ և կծանոթանաք, թե ինչպես են այս խնդիրը լուծում մյուսները:
Ոչ ճիշտ կանոնների օգուտը
Երեխաները կարող են դժգոհել, որ ձեր տունը վերջինն է, որտեղ ի հայտ են գալիս ժամանակակից գաջեթները, սակայն դրանից նրանք որևէ վնաս չեն կրի: Երեխաներին շատ ավելի մեծ վնաս է հասցնում ամուր ընտանեկան կապերի և առողջ սովորույթների բացակայությունը, որոնք կուղեկցեն նրանց ողջ կյանքի ընթացքում:
- Ես կարողանում եմ շփվել մարդկանց հետ։
- Իրական կյանքը կարևոր է և հետաքրքիր։
- Համակարգիչները կյանքի միայն մեկ կողմն են։
- Իմ ընտանիքը հոգ է տանում իմ մասին:
- Էկրանի առջև շատ ժամանակ անցկացնելը վնասակար է, ինչպես անառողջ սնունդը։
- Գիշերը քնելու համար է։
- Լավ վարվելականոնները վերաբերում են նաև համակարգիչներին։
- Ես հսկում եմ իմ միտքը: Ունեմ կամքի ուժ համակարգչային խաղերից կտրվելու համար:
- Եթե բոլորն այդպես են վարվում, դեռ չի նշանակում, թե դա լավ է։
- Ամեն ինչ մշտապես փոխվում է: Ես ունակ եմ հարմարվելու փոփոխություններին:
Երեխաները մեծահասակներ չեն
Մենք ցանկանում ենք, որ մեր երեխաները «հաջողության հասնեն» և ստանան բոլոր առավելությունները, որոնք մենք ի վիճակի ենք ապահովել նրանց համար, սակայն դա չի նշանակում, թե պետք է թույլատրել նրանց աննպատակ ու անվերահսկելի օգտվել սմարթֆոնից կամ ցանկացած այլ թվային սարքից: Մինչ անառողջ սննդի ի հայտ գալը՝ ծնողները կարիք չունեին մտահոգվելու, թե ինչ է ուտում իրենց երեխան. ամբողջ սնունդը հարաբերականորեն սննդարար էր: Հիմա, երբ խանութներում ամբողջական բաժիններ են հատկացված չիպսերին, գազավորված ջրերին և եգիպտացորենի օշարակով պատրաստված բազմապիսի ըմպելիքներին, մենք մեր պարտքն ենք համարում երեխաների մեջ առողջ սննդակարգի սովորություն ձևավորելը: Չափավորություն, հավասարակշռություն, առողջ սովորույթներ․ այս ամենը վերաբերում է նաև տեխնոլոգիաներին: Մենք երեխաներին սովորեցնում ենք ճիշտ սնվել և հետևել հավասարակշռված սննդակարգի, և ճիշտ նույն կերպ մենք պետք է ընտելանանք մեր նոր դերին ու սովորեցնենք նրանց տեխնոլոգիական ընտրություն կատարել՝ ձգտելով կյանքում ողջամիտ հավասարակշռության: Սկսել է պետք գիտակցումից ու պլանավորումից: Եվ սահմանափակումներ դնելուց:
iPad-ը մենոնիտի համար
Մենոնիտների մոտ արգելված են ավտոմեքենաները, որովհետև դրանք ապահովում են չափազանց մեծ շարժունակություն (մոբիլություն): Իսկ շարժունակությունը կարող է դառնալ համայնքի քայքայման պատճառ: Նույն կերպ անընդունելի է սպասք լվացող մեքենան, քանի որ այն հակասում է համայնքի հիմնական արժեքներին՝ համատեղ աշխատանքին և ընտանեկան կապերին, որոնք ամրապնդվում են ափսեները միասին լվանալիս: Այնուամենայնիվ, ժամանակակից մենոնիտները թույլատրում են սառնարանի օգտագործումը, որովհետև այն իրականացնում է մոտավորապես նույն գործառույթը, ինչ սառցատունը (սառցարանը): Դրանում պահվում են մթերքները: Մենոնիտները ձևափոխում են իրենց սառնարանները, որպեսզի դրանք աշխատեն պրոպանով, քանի որ նրանք չեն միանում էլեկտրական ցանցերին: Ցանցերին միանալը խախտում է մնացած աշխարհից առանձնանալու սկզբունքը: Շատ ժամանակակից սարքեր, այդ թվույմ՝ խոտհնձիչները, հագուստի չորանոցները, նույնպես ձևափոխվում են պրոպանով, սեղմված օդով կամ մարտկոցներով աշխատելու համար:
Բոլոր նրանց համար, ովքեր չեն կիսում մենոնիտների հայացքները, ամենավառ օրինակը կարող է ծառայել հեռախոսը: Հեռախոսի համառ զանգը դիտարկվում էր որպես սպառնալիք ընտանեկան կյանքին և անձնական շփմանը: Տանը հեռախոս պահել չի կարելի, սակայն շատ մենոնիտներ համաձայն են հեռախոս-ավտոմատների կիրառմանը, ինչպես նաև ապարատը արհեստանոցում, ամբարում կամ նկուղում տեղադրելուն՝ ժամանակային սահմանափակումներով: Ինքնապատասխանիչը շատ հարմար միջոց դարձավ մենոնիտ կահույքագործների համար, դրա օգնությամբ նրանք կարողանում էին հաճախորդներից հաղորդագրություններ ընդունել: Ընդ որում՝ նշվում էր զրույցի համար ընդունելի ժամը. «Խնդրում եմ թողնել հաղորդագրություն: Ես կպատասխանեմ զանգին երեկոյան՝ յոթից յոթն անց տասնհինգ»:
iPad-ի էությունը մենոնիտի համար
- Չշտապել և զգուշություն ցուցաբերել։
- Սպասել։
- Հետևել, թե ինչպես է դա ազդում շրջապատողների վրա։
- Հարցուփորձ անել առավելությունների և թերությունների մասին։
- Բացահայտել կյանքի գլխավոր արժեքները։
- Արդյո՞ք կյանքն ավելի լավը կդառնա այս տեխնոլոգիաները մշտապես օգտագործելու դեպքում։
- Հնարավո՞ր է այս տեխնոլոգիան այնպես հարմարեցնել, որ այն համապատասխանի ձեր արժեքներին։
- Կազմել կյանքի գերակայությունների ցանկը։
- Գործարկել փորձնական նախագիծը։
- Գնահատել արդյունքները, այդ թվում՝ տրամադրությունը, ընտանիքի համախմբվածությունը և կյանքի գերակայություններին հատկացված ժամանակը։
- Անհրաժեշտության դեպքում կրկին փոփոխություններ կատարել։
- Սահմանել ժամանակի և տարածության սահմանափակումներ։
- Մերժել կամ ընդունել։
- Գիտակցե՛ք ձեր ընտանեկան արժեքները, ձևակերպե՛ք, թե ինչն է թանկ ձեզ համար։ Եթե հակված չեք հետևել մենոնիտների օրինակին, փորձեք օրինակ վերցնել Ստիվ Ջոբսից։
Խելամիտ ծնողները սահմանափակում են տեխնոլոգիաներից օգտվելը
Apple ընկերության հիմնադիր Ստիվ Ջոբսը խիստ սահմանափակումներ էր դնում էկրանի առջև անցկացրած ժամանակի վրա։ «Տանը մենք սահմանափակում ենք երեխաների կողմից նորագույն տեխնոլոգիաների օգտագործումը», – ասում էր նա New York Times թերթի թղթակից Նիկ Բիլթոնին և խոստովանում, որ իր երեխաները iPad չունեն։ Ջոբսի ընտանիքում ընթրիքի ժամանակ քննարկում էին գրքեր և պատմություն։ Եվ ոչ միայն նրանց տանը։ Թվային աշխարհը ստեղծած բարձր տեխնոլոգիական ընկերությունների բազմաթիվ ծրագրավորողներ և ղեկավարներ իրենց երեխաների համար տանը ցածր տեխնոլոգիական միջավայր են ստեղծում։ Ջոբսի և այլ հայտնի մարդկանց հետ հարցազրույցները ցույց են տալիս, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտում աշխատող ծնողները արգելում են համակարգիչների օգտագործումը ննջասենյակում, սահմանում են խիստ ժամանակային սահմանափակումներ և իրենց երեխաների կյանքը լցնում հին ու բարի գրքերով, սեղանի խաղերով և բնության հետ շփմամբ։
Երեխաների դաստիարակությունը թվային աշխարհում
Հինգ տարեկան Իզաբելան ցատկոտում էր բազմոցին։ «Սպանի՛ր նրան։ Սպանի՛ր նրան» – ուրախ-ուրախ ճչում էր նա։ Ինքը տեսախաղ չէր խաղում, այլ նայում էր, թե ինչպես են խաղում մյուսները։ Էկրանին ծավալվում էր «հրաձգություն», որը խաղում էին երկու տղա՝ յոթ և տասներկու տարեկան։ Գետինը ծածկված էր դիակներով, թվային արյունը հոսում էր գետի պես։ Որոշ ժամանակ անց Իզաբելան ձանձրացավ և մայրիկի հետ սկսեց գիրք կարդալ, իսկ տղաները շարունակում էին ճակատամարտը։
Տեխնոլոգիաները նոր դժվարություններ են ստեղծում, որոնցից մեկն այն է, որ չգիտենք, թե ինչ է մեզ սպասվում։ Սա նոր տարածք է։ Բայց ծնողների յուրաքանչյուր սերունդ բախվում է նոր մարտահրավերների։ Ավտոմեքենան փոխեց թե՛ ընտանիքի, թե՛ հասարակության կյանքը։ Ստիպված եղանք նոր կանոններ սահմանել՝ չխաղալ փողոցում։ Հորինեցինք մանկական խաղահրապարակները։ Ընդունեցինք օրենք այն մասին, որ մեքենա վարել կարելի է տասնվեց տարեկանից, ներմուծեցինք վարորդական իրավունքի վկայական։ Յուրաքանչյուր ընտանիքում ի հայտ եկան իրենց չափանիշները՝ որոշելու, թե արդյոք երեխան կարող է վարորդական իրավունք ստանալ, թե նրա մոտ դեռ բավարար չափով չի զարգացել պատասխանատվության զգացողությունը։ Խնդիրը վերածվեց ծիսակարգի։
Նույնը անհրաժեշտ է անել համակարգիչների, տեսախաղերի և անընդհատ կատարելագործվող թվային տեխնոլոգիաների հետ։ Հենց մենք պետք է մտածենք և ներդնենք այդ կանոնները։ «Ես դեմ չեմ ցեխին, բայց ոչ հյուրասենյակում»։ Նույն կերպ էլ տեսախաղերը չի կարելի վատը անվանել, բայց որոշ խաղեր, ինչպես նաև դրանցով չափազանց տարվելը վնասակար են առողջության համար։
Այստեղ նոր ոչինչ չկա։ Խոսքը սահմանափակումներ դնելու, առողջ սովորություններ ձևավորելու և «վայելուչ» վարքագծի մասին է (չհայհոյել, չնստել՝ քիթը սմարթֆոնի մեջ խրած)։ Այս գլխում ներառված են հանձնարարականներ և կանոններ, որոնք կօգնեն ձեզ այդ հարցում։ Բայց նախքան բանական կանոններ սահմանելը, անհրաժեշտ է ծանոթանալ որոշակի տեղեկատվության հետ։
Ինչո՞ւ է սա աշխատում
Երբ պատմում եմ սխալ կանոնների մասին և այն մասին, որ երեխաներն իրավունք ունեն երկար խաղալ խաղալիքով (այնքան, որքան կցանկանան, մինչև ձանձրանան), ունկնդիրներից որևէ մեկը անպայման տալիս է հետևյալ հիանալի հարցը. «Իսկ ի՞նչ կասեք հեռուստացույցի և համակարգիչների մասին։ Էկրանի առջև նույնպե՞ս կարելի է նստել մինչև ձանձրանալը»։ Պատասխանն է՝ ոչ։ Սա բոլորովին այլ հարց է։
Համակարգիչը կամ հեռուստացույցը հզոր խթանիչ են, և դրանք չափազանց ուժեղ են գրգռում երեխայի ուղեղը։ Երեխաներն ունակ չեն ինքնուրույն հրաժարվելու դրանցից։ Հնարավոր է՝ դուք արդեն համոզվել եք դրանում սեփական փորձով։ Երեխաների մեծ մասին անհնար է կտրել էկրանից՝ չնայած գլխացավերին և անքնությանը։ Նույնիսկ մեծահասակների համար է բավականին դժվար անջատել հեռուստացույցը կամ անջատել հեռախոսը։ Փոքր երեխաների մոտ դեռ վերջնականապես չի ձևավորվել ուղեղի այն հատվածը, որը պատասխանատու է ցանկությունները կառավարելու համար։ Իրենք ինքնուրույն կանգ առնել չեն կարող. նրանց անհրաժեշտ է ծնողների օգնությունը։
Տեխնոլոգիական նորույթների հետ վարվելու կանոնները ճիշտ նույնն են, ինչ բարկացած փոքրիկի դեպքում։ Դուք սահմանափակումներ եք դնում։ Առաջարկում եք գործիքներ և հմտություններ խնդիրը լուծելու համար։ Դուք եք որոշում, թե ինչն է կարևոր, և ամուր պնդում եք ձեր տեսակետը։ Պլանշետները, սմարթֆոնները և մնացած ամեն ինչ գալիս են ու գնում։ Երեխաներին անհրաժեշտ է նախապատրաստել արագ փոփոխվող կյանքին։ Այս մարտահրավերին լավագույն պատասխանը ստեղծագործական մտածողության զարգացումն է, ընտանեկան կապերի ամրապնդումը և առողջ սովորությունների ձևավորումը։
Դուք արդեն լսել եք այն մասին, որ փոքր երեխաներին չի կարելի հեռուստացույց նայել։ Տարիներ շարունակ Ամերիկյան մանկաբուժության ակադեմիան խորհուրդ է տալիս երկու տարեկանից փոքր երեխաներին չնստեցնել էկրանի առջև։ Ո՛չ հեռուստացույց, ո՛չ պլանշետ, ո՛չ սմարթֆոն, ո՛չ «զարգացնող» խաղեր։ Այս տարիքում երեխաների զարգացման համար՝ սոցիալական, մտավոր և ֆիզիկական, անհրաժեշտ է ակտիվ փոխազդեցություն (շփում) իրական աշխարհի հետ։ Այնուամենայնիվ, փոքրիկների մեծ մասը խաղում է տարբեր տեսակի էկրաններով (Common Sense Media-ի գնահատմամբ՝ օրական միջինում ավելի քան երկու ժամ), իսկ ամերիկացի մանուկների քառորդ մասի ննջասենյակում հեռուստացույց կա։ Այն պահին, երբ երեխաները գնում են տարրական դպրոց, նրանք էկրանի առջև ավելի շատ ժամանակ են անցկացնում, քան զբոսնում են։ Ութ և բարձր տարեկան երեխաների շրջանում էկրանների առջև անցկացրած ժամանակը հասնում է օրական մինչև յոթ ժամի։
Խոսքը «էկրանային ժամանակի» մասին է, որովհետև գլխավոր խնդիրն այստեղ հենց ժամանակն է։ Ինչպե՞ս են երեխաներն անցկացնում իրենց մանկության սահմանափակ ժամանակը։ Իրականում դա բաց թողնված հնարավորության գինն է։ Ի՞նչ է անում երեխան։ Ի՞նչ չի անում երեխան, երբ ժամանակն անցկացնում է էկրանի առջև։ Կենսականորեն կարևոր մարդկային հմտությունների զարգացման համար, ինչպիսիք են կարեկցանքը, բարկությունը զսպելու ուժը, ցանկությունների վերահսկումը, կոնֆլիկտների լուծումը, շփվելու ունակությունը, ճկունությունը և ուշադրությունը, ժամանակ է պահանջվում։ Երեխաներին անհրաժեշտ է իրական աշխարհի հետ փոխազդեցության փորձ և պրակտիկա, որպեսզի ձեռք բերեն այս ոչ դյուրին մարդկային որակները։ Բայց եթե վիրտուալ աշխարհի վրա չափազանց շատ ժամանակ է ծախսվում, երեխաները բաց են թողնում այլ ոլորտներում զարգանալու հնարավորությունը։ «Մեր ուղեղն անընդհատ ձևավորվում է այն գործողություններով, որոնցում մենք ներգրավված ենք», – ասում է Մեդիսոնի Վիսկոնսինի համալսարանի նեյրոկենսաբան Ռիչարդ Դևիդսոնը։ Էկրանի առջև անցկացրած ժամանակը զարգացնում է որոշակի գոտիներ, բայց չի շոշափում մյուսները։ Սա կարելի է դիտարկել որպես հայտնի ասացվածքի յուրօրինակ տարբերակ՝ «Մենք այն ենք, ինչ ուտում ենք»։ Էկրանային ժամանակի և ուղեղի ձևավորման համատեքստում այն հնչում է այսպես՝ «Մենք այն ենք, ինչ անում ենք»։
Երեխաներն իրավունք ունեն ժամանակի մեծ մասն ապրելու իրական աշխարհում և շփվելու նրա հետ։ Հենց այդպես են նրանք յուրացնում մարդ լինելու բարդ գիտությունը։ Ինչպես նշել է «Փուչիկը։ Ինչ է անում ինտերնետը մեր ուղեղի հետ» (The Shallows: What the Internet Is Doing to Our Brains) գրքի հեղինակ Նիկոլաս Կարը, ինտերնետը նպաստում է ուշադրության ցրմանը։ Նման մարդն ավելի շատ է ենթարկվում ամբոխի ազդեցությանը, չի կարողանում ինքնուրույն մտածել, չի ցուցաբերում ապրումակցում և կարեկցանք։
Փոքր երեխաները պետք է իրական աշխարհում անցկացնեն իրենց օրվա 80-ից 100%-ը։ Մինչև չորս տարեկանը ցանկալի է, որ այդ մասնաբաժինը կազմի 100%: Վաղ մանկության ոլորտում մասնագիտացած որոշ մանկավարժներ, օրինակ՝ Էնն Փելը, խորհուրդ չեն տալիս էկրանների մոտ թույլատրել յոթ տարեկանից փոքր երեխաներին։ Անկախ նրանից, թե տարիքային կամ ժամանակային ինչ սահմանափակումներ եք սահմանել, որքան փոքր է երեխան, այնքան ավելի շատ է նա ունենում իրական աշխարհի հետ շփման կարիք։ Օրինակ՝ որոշ տեսախաղեր թույլ են տալիս վիրտուալ հագուստ հագցնել և խաղալ վիրտուալ ավազամաններում։ Իսկական ավազն ու ավազի կաղապարները, ինչպես նաև իսկական հագուստները շատ ավելի օգտակար են չորս տարեկան փոքրիկի ձևավորվող ուղեղի համար։
Եթե ընթրիքին բանջարեղեն ենք պատրաստում, ավելի մեծ է հավանականությունը, որ երեխաների մոտ կձևավորվեն առողջ սննդառության սովորություններ։ Թե՛ հետազոտությունները, թե՛ փորձը ցույց են տալիս․ որ որքան շատ է երեխան ժամանակ անցկացնում էկրանի առջև, այնքան մեծ է հավանականությունը, որ այդ ժամանակահատվածը կավելանա, և այնքան ավելի դժվար կլինի հրաժարվել այդ սովորությունից։ Էկրանի առջև ժամանակ անցկացնելը սովորություն է, իսկ մեծահասակները հակված են կրկնելու այն, ինչին սովորել են մանկության տարիներին։
Փոքր երեխաները չեն կարող ճիշտ տնօրինել էկրանի առջև անցկացվող անսահմանափակ ժամանակը։ Նրանք չգիտեն, թե երբ է պետք կանգ առնել։
Ինչ վերաբերում է սոցիալական և հուզական ասպեկտներին, ապա էկրանի ազդեցությունը միանշանակ չէ։ Մի կողմից՝ երեխաներն ուրախանում են և ընկերներ ձեռք բերում տեսախաղերի ու վիրտուալ այլ զբաղմունքների միջոցով։ Մյուս կողմից՝ ավելի մեծ տարիքի երեխաները հաճախ ներգրավվում են սոցիալական ցանցերում ավելի վաղ, քան յուրացնում են անձնական ընկերության նրբությունները։ Սա կարող է հանգեցնել իրական հաղորդակցման հմտությունների կորստին, սոցիալական ցանցերում ճիշտ վարքագիծ դրսևորելու անկարողությանը և մակերեսային ընկերությանը։ Երեխաները մեծահասակների օգնության կարիքն ունեն թե՛ իրական, թե՛ վիրտուալ աշխարհի էթիկետը յուրացնելու համար։
Ազատ խաղի որոշ կողմնակիցները, օրինակ՝ հոգեբան Փիթեր Գրեյը և ուրիշներ, դեմ են արտահայտվում էկրանի առջև երեխայի անցկացրած ժամանակի սահմանափակմանը՝ պնդելով, որ եթե երեխան հնարավորություն ունի խաղալու թե՛ դրսում, թե՛ համակարգչով, ապա ինքնուրույն կհաստատի ողջամիտ հավասարակշռություն։ «Խնդիրը համակարգչի մեջ չէ,— ասում է նա,— այլ այլընտրանքների, հատկապես առանց մեծահասակների մշտական միջամտության դրսում այլ երեխաների հետ խաղալու հնարավորության բացակայության»։ Եթե ձեզ հաջողվի երեխայի համար ստեղծել բազմազան միջավայր, էկրանի առջև անցկացվող ժամանակի սահմանափակումը գուցե և անհրաժեշտ չլինի, սակայն շատ ընտանիքներ նկատում են, որ երեխայի համար օգտակար խաղերն սկսվում են այն ժամանակ, երբ ծնողները վերահսկում են «էկրանային ժամանակը»։
Էկրանի առջև անցկացվող ժամանակի սահմանափակումն ամենակարևորն է երկուսից ինը տարեկան երեխաների համար։ Փոքր երեխային պարզապես անհրաժեշտ է շփվել իրական առարկաների, մարդկանց և շրջակա միջավայրի հետ։ Մինչև տարրական դպրոցն ավարտելը՝ նրանց հարաբերությունները վիրտուալ աշխարհի հետ փոխվելու են։
Տեխնոլոգիաներին այնպես մոտեցեք, ինչպես սննդառությանը՝ անձնական օրինակ և վստահություն։
Տղայի ուղեղը և տեսախաղերը
Տեսախաղերը շատ հրապուրիչ են և կախվածություն են առաջացնում, հատկապես տղաների մոտ։ Տղաների ուղեղն այնպես է կառուցված, որ նրանց համար անդիմադրելի են ակտիվ գործողությունները և պարգևատրման մշտական համակարգը (հաջորդ մակարդակ անցնելը, միավորներ վաստակելը), որոնք բնորոշ են ժամանակակից տեսախաղերին։ Խաղի ընթացքում տղաների ուղեղում պարգևատրման կենտրոններն ավելի մեծ չափով են գրգռվում, քան աղջիկների մոտ։ Այս առանձնահատկությունները տեսախաղերն առանձնապես գրավիչ են դարձնում տղաների համար, իսկ ոմանց համար՝ ուղղակի անդիմադրելի։ Ստենֆորդի համալսարանի բժշկական դպրոցի հետազոտողները, ուսումնասիրելով տեսախաղեր խաղացող մարդկանց ուղեղի տոմոգրամաները, պարզել են, որ տղամարդկանց մոտ պարգևատրման և կախվածության հետ կապված գոտիների ակտիվությունն անհամեմատ ավելի բարձր է, քան կանանց մոտ։
«Տղաները հատկապես ընկալունակ են «հրաձգային» խաղերի նկատմամբ, որոնք պահանջում են նույնացվել գլխավոր հերոսի հետ»,— ասում է «Երեխայի աճող ուղեղը» (Your Child’s Growing Mind) գրքի հեղինակ, նեյրոհոգեբան Ջեյն Հիլին։ Տղաների մոտ ավելի հաճախ, քան աղջիկների, նկատվում է համառ վարքագիծ տեսախաղերի նկատմամբ և կանգ առնելու անկարողություն, ձևավորվում են ոչ առողջ սոցիալական հարաբերություններ։ Սեռերի միջև տարբերությունների մեջ մասնագիտացած հոգեբան Լեոնարդ Սաքսն օգտագործում է Նիցշեի «իշխանության ձգտում» տերմինը՝ բացատրելու համար, թե ինչու են որոշ տղաների այդքան գրավում տեսախաղերը։ Իշխանության նկատմամբ տղայի սուր հետաքրքրության մեջ վատ բան չկա, սակայն այն կարելի է բավարարել այլ ճանապարհներով, որոնց թվում են իրական արկածները, մրցույթները և սպորտը։
Մի՛ շտապեք և դիտարկեք
Մի՛ վատաբանիր բոլոր տեսախաղերն ու համակարգչային ծրագրերը,— ասաց ինձ ընկերուհիս։— Այնտեղ շատ լավ բաներ կան։
Համաձայն եմ։ Էկրանի առջև կարելի է ուրախ ժամանակ անցկացնել և շատ բան սովորել։ Ինձ դուր է գալիս, որ ինտերնետը մեր առջև բացել է հսկայական քանակությամբ տեղեկատվություն, այդ թվում՝ հիանալի քարտեզներ և համաստեղությունների մասին պատմող ինտերակտիվ ծրագրեր։ Հնարավոր է՝ դուք սիրում եք բլոգներ, ընկերների հետ հեռավար խաղեր կամ տեսանյութեր YouTube-ում, իսկ երեխաները կարող են տարվել տեսախաղերով և ծրագրավորմամբ։ Անհրաժեշտ է մտածել, թե այս ամենից ինչն է վնասակար, ինչը՝ օգտակար, և ինչը՝ ժամանակի իզուր կորուստ։ Ես գերադասում եմ չշտապել։ Դա ինձ բազմաթիվ հնարավորություններ է տալիս՝ գնահատելու էկրանային նորույթը, գիտակցելու դրա օգուտն ու հնարավոր վտանգները։
Այժմ մենք ծիծաղում ենք նախորդ սերունդների ծնողների վրա, ովքեր մտահոգվում էին բիլիարդանոցների, կոմիքսների և նույնիսկ շախմատի վնասակար ազդեցության համար։ Հայտնի «Դաունթոնի աբբայությունը» (Downton Abbey) սերիալի հերոսները վախեցած են տոստերից և էլեկտրականությունից, որն իբր սահում-հոսում է պատի վարդակներից։ Հնարավոր է՝ ապագայում մենք ծիծաղենք ժամանակակից տեխնոլոգիաների հանդեպ մեր ունեցած արձագանքի վրա։ Նորին անհրաժեշտ է սովորել։ Այն պարտադիր չէ, որ լավը լինի, բայց պարտադիր չէ նաև, որ վատը լինի։ Ամբողջ հարցն այն է, թե ինչպես ենք մենք այն օգտագործում որպես գործիք՝ կյանքում եղած լավագույն ամեն ինչին աջակցելու և պահպանելու համար։
Զարգացնել կամքի ուժը
Իմ ութամյա որդի Մայլզը շատ էր ուզում տեսախաղեր խաղալ։ Դրանց մասին խոսում էին դպրոցի երեխաները։ Խաղում էին նրա հորեղբոր, մորաքրոջ աղջիկները։ Եվ նա արդեն բավականաչափ մեծ էր փորձելու համար։ Առաջին բանը, որ նկատեցի, այն էր, որ իմ հավասարակշռված ու բարյացակամ երեխան սկսում էր մռնչալ և ատամներ ցույց տալ, երբ խաղի համար հատկացված ժամանակը մոտենում էր ավարտին։ Նա երջանիկ էր խաղից առաջ, խաղի ընթացքում, սակայն ընդհատվելու անհրաժեշտությունը նրան կատաղության էր հասցնում։ Այդպես էր պատահում ամեն շաբաթ։ Դա նման էր կախարդական փոխակերպման․ այդպես «Մատանիների տիրակալը» գրքում սիրալիր Բիլբո Բեգինսն է դառնում տհաճ ու չար։
Ես երկու նպատակ էի հետապնդում։ Առաջինը՝ երեխային ծանոթացնել ժամանակակից աշխարհին, որտեղ նա մեծանում է։ Երկրորդը՝ նրա մեջ տեխնոլոգիաների հետ կապված սեփական ցանկությունները վերահսկելու հմտություններ ձևավորել։
Իմանալով, որ տղաները հատկապես խոցելի են տեսախաղերի գայթակղության հանդեպ՝ ես որդուս բացատրեցի, որ հենց տեսախաղերի մեջ որևէ վատ բան չկա, բայց դրանք կարող են գերծանրաբեռնել ուղեղը։ Որպեսզի ինքն իրեն չվնասի, նա պետք է ապացուցի, որ տեսախաղից ուժեղ է։ Մայլզը գլխով արեց՝ կարծես համաձայնելով։ Բայց ես տեսնում էի, որ նա անհամբերությամբ սպասում էր Minecraft-ում մարտնչելուն։
Ես հասկանում էի, որ պետք է հրաժարվեմ տեսախաղերն անջատողի դերից, ճիշտ այնպես, ինչպես ծնողները պետք է խուսափեն տնային աշխատանքների կատարումը վերահսկող վերակացուի դերից։ Էկրանի առաջ անցկացրած ժամանակի սահմանափակումներ սահմանելիս շատ կարևոր է վերացնել հոր կամ մոր նկատմամբ առաջացող զայրույթը, որն ավելի է սրում ծնողների և երեխաների միջև եղած լարվածությունը։
Մենք պատասխանատվությունը փոխանցեցինք Մայլզին։ Որպեսզի ապացուցի, որ արդեն բավականաչափ մեծ է և կարող է տեսախաղեր խաղալ, նա պետք է ինքնուրույն ժամանակաչափ դներ և, ինչը ամենադժվարն էր, ազդանշանը հնչելուն պես անմիջապես անջատեր խաղը։ «Դա հեշտ չէ,— զգուշացրի նրան,— բայց ամեն անգամ, երբ դա անում ես, դու զարգացնում ես ուղեղդ և ավելի ուժեղ ես դառնում։ Եթե համակարգիչն անջատելու համար կամքի ուժդ չի բավականացնում, նշանակում է՝ դեռ չես հասունացել տեսախաղերի համար»։
Մայլզը գիտեր, որ խաղադրույքները բարձր են։ Նա որոշեց ժամանակաչափը հինգ րոպե շուտ դնել, որպեսզի ավելի հեշտ լինի ընդհատել խաղը։ Անհավատալի մի բան տեղի ունեցավ։ Ես այլևս չէի հետևում, թե որքան ժամանակ է նա անցկացնում համակարգչի առաջ։ Երեխայի աչքերից անհետացավ զայրույթը, վերացան ծնողների հետ ունեցած հակասությունները։ Ժամանակաչափի ազդանշանը լսելուն պես Մայլզն անջատում էր համակարգիչը։ Հետո վեր էր կենում և գոհունակ ժպիտով ինձ պատմում խաղի մասին։
Հակամարտությունն ընդունելի ձև ստացավ՝ վերածվելով իմ որդու կամքի ուժի և համակարգչի միջև պայքարի։ Որդուս ժպիտը մասամբ պայմանավորված էր ուժեղ լինելու զգացումով։ Այո՛, համակարգիչը հզոր է, բայց Մայլզը կարողացավ հաղթահարել դրա ձգողականությունը։
Այս հնարքը թույլ է տալիս կամքի ուժը (սեփական ցանկությունները վերահսկելու կարողությունը) կապել ընտանիքում ընդունված կանոնների հետ։ Մայլզը պետք է դադարեցներ խաղը։ Նա գիտեր, որ եթե դա չանի, իրեն այլևս թույլ չեն տա նստել համակարգչի առաջ։
Տեխնոլոգիաների օգտագործումը պետք է որոշեն ծնողները։ Դրեք սահմանափակումներ։
Ուշադրության շեղում և գայթակղություն
Մանկական «Գորտը և դոդոշը» (Frog and Toad Together) գրքում դոդոշը թխվածքաբլիթներ է թխում, և ընկերները փորձում են իրենց զսպել, որպեսզի միանգամից բոլորը չուտեն։ Նրանք շոկոլադի կտորներով թխվածքաբլիթները դնում են տուփի մեջ, պարանով կապում այն և դնում բարձր դարակի վրա։ Բայց գայթակղությունը չափազանց մեծ է։ Ի վերջո, նրանք թխվածքաբլիթներով թռչուններին են կերակրում։
Շոկոլադի կտորներով թարմ թխվածքաբլիթները նման են թվային հաղորդագրությունների։ Դրանք մագնիսի պես ձգում են։ Երբ հասկացա, որ էկրանի վրա հայտնվող փոքրիկ դեղին պատկերը նշանակում է, որ էլեկտրոնային նամակ եմ ստացել, ուշադրությունս սկսեց շեղվել։ Փոստս օրական երկու-երեք անգամ ստուգելու փոխարեն՝ ես անընդհատ աչքով փնտրում էի այդ պատկերը։ Շատ դժվար էր դիմանալ և չստուգել էլեկտրոնային փոստարկղս։
Բոլորին հայտնի է այն հզոր ազդակը, որը մեզ գործողության է մղում, երբ ազդանշան է գալիս սմարթֆոնից կամ մեկ այլ սարքից։ Եվ դրա համար պետք չէ, որ ինքներս մեզ մեղադրենք։ Մենք այդպես ենք կառուցված։ Երբեմն միայն կամքի ուժը բավարար չէ։ Կամքի ուժը կարելի է ամրապնդել, բայց անհրաժեշտ են նաև ավելի գործուն միջոցներ։ Դրանցից մեկը տեխնոլոգիաների օգտագործումը ընտանեկան կանոններին համապատասխանեցնելն է։
Դոնալդ Քրեյբիլը մեջբերում է մենոնիտների համայնքի ավագներից մեկի խոսքերը․ «Առանձին մարդն այնքան իմաստուն չէ, որ տեխնոլոգիաների վերաբերյալ որոշումներ ինքնուրույն կայացնի»։
Ինչ-որ իմաստով մենոնիտների համար ավելի հեշտ է։ Սահմանափակումները սահմանում է նրանց եկեղեցին։ Մյուս ծնողները ստիպված են դա անել ինքնուրույն։ Բայց մենք պետք է անենք նաև ավելի բարդ մի բան՝ այդ կանոնները սահմանենք ինքներս մեզ համար (տե՛ս Կանոն 6․ «Կարգի հրավիրեք ձեր հեռախոսը»)։
Տեսախաղերը և դրանցից կախվածությունը
«Մա՛մ, ես փակում եմ աչքերս, իսկ գլխումս Minecraft-ն է»,— ասաց յոթամյա Աննան և իր iPad Mini-ն տվեց մայրիկին․ «Խնդրում եմ, թաքցրու այն»։ Տեսախաղի գրավչությունն այնքան ուժեղ էր, որ վախեցրել էր Աննային։
Իմ մանկության տարիներին հայտնվեց Pong խաղը։ Այս առաջին տեսախաղերից մեկը բավականին պարզունակ էր՝ ընդամենը փոքրիկ սպիտակ ուղղանկյուններ, որոնք նմանակում էին սեղանի թենիսը, բայց հիշում եմ, թե որքան դժվար էր կտրվել դրանից։ Այժմ խաղերը դարձել են շատ ավելի գրավիչ և բարդ։
Երեխաների մոտ ձևավորվում է տեսախաղերի նկատմամբ սովորություն, և նրանք ասում են, որ չեն կարող հեռանալ էկրանից։ Անկախ նրանից՝ այս հակվածությունը համարում ենք հիվանդագին կախվածություն, թե ոչ, այս երկու վիճակները շատ ընդհանրություններ ունեն։ Արագ տեմպով տեսախաղերը ուղեղում առաջացնում են դոֆամինի արտազատում, ինչպես թմրանյութերը։ Բացի եռանդուն գործողություններից և էկրանին այս ու այն կողմ ցատկող զվարճալի կերպարներից՝ երեխաներին տեսախաղերում գրավում է պարգևատրման համակարգը, երբ նրանք միավորներ են վաստակում կամ անցնում ավելի բարդ մակարդակների։ Եթե երեխային զրկենք խաղից, նա կարող է դառնալ դյուրագրգիռ և գրգռված։
Նախկին թմրամոլի առաջին կանոնն է՝ երբեք չդիպչել այն նյութին, որից նրա մոտ կախվածություն է ձևավորվել։ Տեխնոլոգիաների դեպքում դա կիրառելի չէ։ Անհնար է երեխաներին ամբողջությամբ հեռու պահել էկրաններից։ Դրանք ամենուր են։
Մենք պետք է երեխաներին սովորեցնենք նկատել տագնապալի նշանները, ինքնուրույն հետևել իրենց տրամադրությանը, ինչպես նաև օգնենք նրանց ձևավորել առողջ սովորություններ՝ խրախուսելով չափավորությունն ու ինքնավերահսկման կարողությունը։ Երբեմն դա նշանակում է, որ պետք է ընդմիջել խաղը։
Սեղմե՛ք «դադար» կոճակը
Իմ որդին՝ Զաքը, չէր սիրում, երբ ստիպված էինք դադարեցնել ընթերցանությունը։ Եթե երկար պատմության մեջտեղում կանգ էինք առնում, նա կատաղում էր։ Նրան թվում էր, թե դրանով պատմությունն ավարտվում է։ Մեզ փրկեցին էջանիշները։ Գրքի էջանիշի նման մի պարզ բան օգնեց Զաքին հասկանալ, որ պատմությունն ավարտված չէ, և շուտով շարունակություն է լինելու։
Խաղերն ավարտ չունեն։ Կարող եք ավելի ու ավելի շատ միավորներ հավաքել, անցնել հաջորդ մակարդակ։ Տեսախաղերի այս առանձնահատկությանը դիմակայելու համար օգտակար է «դադար» հասկացությունն օգտագործել։ Նույնիսկ փոքր երեխաները գիտեն, թե ինչի համար է նախատեսված «դադար» կոճակը։ Այն դադարեցնում է գործողությունը, որը հետագայում կարելի է շարունակել։ Որոշ ծնողներ սա անվանում են «խաղը պահպանել»։ Բացատրեք երեխաներին, որ «ավարտել» երբեք չի հաջողվի, բայց ժամանակն է ընդմիջում անելու։
Խաղերը դարձրեք գրավիչ և սոցիալական
Տեսախաղերը զվարճալի են։ Այդ պատճառով դրանցով հրապուրվում են թե՛ երեխաները, թե՛ մեծահասակները։ Զվարճանքը պետք է ամեն օր ներկա լինի երեխայի կյանքում տեսախաղերի կամ որևէ այլ ձևով։
Եթե ինքներդ սիրում եք խաղալ, ապա առանց դժվարության կտեսնեք տեսախաղերի օգտակար կողմերը։ Իսկ եթե ձեզ անհանգստացնում է խաղերում առկա բռնությունը կամ դրանց արտասովոր գրավչությունը, ապա կնկատեք միայն վատ կողմերը։ Օրինակ՝ տեսախաղերին մեղադրում են այն բանում, որ դրանք նստակյաց զբաղմունք են։ Բայց սա լուրջ փաստարկ չէ։ Կարդալիս էլ մարդը նստած է լինում։
Մանկության տարիներին ես սեղանի վրա խաղում էի Dungeons and Dragons խաղը։ Մայրս նայեց խաղին և որոշեց, որ ամեն ինչ կարգին է, թեև մյուս ծնողները մտահոգված էին։ Նա խաղը ստեղծագործական և սոցիալական զբաղմունք համարեց։ Խաղի ընթացքում ես ու եղբայրս համագործակցում էինք և շատ էինք ծիծաղում։ Ես ծանոթացա քարտեզներին, դիցաբանությանը և սովորեցի ճիշտ գրել «բազմազան» բառը։ Մայրս կիրառում էր «մենոնիտների iPad» մոտեցումը, թեև ինքն այդպես չէր անվանում այն։
Նույն կերպ մենք կարող ենք գնահատել թվային տեխնիկայի նորույթները։ Արդյո՞ք դրանք խրախուսում են ստեղծագործականությունը։ Իսկ համագործակցությո՞ւնը։ Ամրապնդվո՞ւմ են սոցիալական կապերը, թե՞, ընդհակառակը, քայքայվում։
Իննամյա Ջեյմսի ընտանիքում որդեգրել էին տեխնոլոգիաների նվազագույն օգտագործման մոտեցում, բայց նա շատ էր ուզում տեսախաղեր խաղալ։ Երբ դասընկերները քննարկում էին խաղերը, նա ձևացնում էր, թե ինքն էլ է խաղում։ Բայց երեխաները տեսնում էին, որ նա չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը, և ծիծաղում էին նրա վրա։
Իմ որդին՝ Մայլզը, համակարգչի առաջ նվազագույն ժամանակ է անցկացնում։ Ընդամենը կես ժամ՝ չորեքշաբթի օրերին, և մեկ ժամ՝ շաբաթ օրերին։ Ծնողական ժողովի ժամանակ ես իմացա, որ դասարանում միայն մեկ երեխա է տեսախաղերի վրա ավելի քիչ ժամանակ անցկացնում, և դա գրադարանավարի երեխան է։
Մայլզը քիչ է համակարգչային խաղեր խաղում, բայց դրա սոցիալական օգուտը հսկայական է։ Նա մյուս երեխաների հետ կարող է ծիծաղել և քննարկել կրիպերներին ու «կարմիր փոշին», այսինքն՝ չի կտրվում իր սերնդից։ Սոցիալական օգուտն անվիճելի է։
Տեսախաղերը գրավում են հորինված աշխարհով, վիրտուալ իրականությամբ, որը կապված չէ շրջապատող իրականության հետ։ Շատ գրավիչ է ժամանակավորապես մեկ ուրիշի կերպարանքով հանդես գալը և արկածների մեջ նետվելը։ Մարդիկ, որոնք ապրում են վիրտուալ կերպարների մտքում և ստեղծում ամբողջական ֆանտաստիկ աշխարհներ, պարզապես չեն խաղում, նրանք ստեղծագործում են։
Հորինված աշխարհի հանդեպ սերը ոչ մի սարսափելի բան չունի։ Վտանգն առաջանում է այն ժամանակ, երբ վիրտուալ աշխարհը փոխարինում է երեխայի իրական կյանքին։ Նա ընկերներ ունի՞։ Ունի՞ այլ զբաղմունքներ։ Նրան հետաքրքրո՞ւմ է այն աշխարհը, որտեղ ապրում է։
Ֆանտազիաների մեջ խորասուզվելը շատ գրավիչ է, բայց առաջին տեղում պետք է մնա կապը իրական կյանքի հետ։ Տեսախաղերի մեծ մասը պարզապես հին ու բարի ժամանցի տեսակներ են։ Էկրանի առջև անցկացվող ժամանցի ի՞նչ չափաբաժին ենք մենք պատրաստ թույլ տալ՝ իրական կյանքի փոխարեն։ Լավ թե վատ՝ տեսախաղերը երեխայի ժամանակի մի մասն են զբաղեցնում։ Հետազոտությունները ցույց են տվել, որ էկրանի առջև անցկացրած ժամանակը փոխարինում է ոչ թե ընթերցանությանը (տղաները ութ տարեկանում դադարում են հաճույքի համար կարդալ, գրեթե անմիջապես այն բանից հետո, երբ սովորում են կարդալ), այլ բացօթյա խաղերին։
