Հեղինակ՝ Հեզեր Շումեյքեր
Թարգմանիչ՝ Գևորգ Հակոբյան

Թույլատրվում է խոսել անծանոթ մարդկանց հետ

Տասնամյա Լոգանը կանանց զուգարանում շրջվում էր դեպի պատը, ինչպես սովորեցրել էր մայրը: Անկյունում կանգնած՝ նա ուժեղ կարմրում էր, երբ լսում էր, թե ինչպես են կանայք խցիկներում ջուրը քաշում: Մայրն անհանգստանում էր նրա անվտանգության համար, եթե նա սպասեր իրեն հասարակական զուգարանի կողքին:

Ութամյա Գաբին քարացավ տեղում, երբ հարևանն անցավ կողքով ու բարևեց իրեն: «Ինձ չի կարելի խոսել անծանոթների հետ», – ասաց նա:
Երեքամյա Սամանթան ընդհանրապես հրաժարվում էր խոսել օտար մարդկանց հետ: Ծնողները նախազգուշացրել էին նրան, որ անծանոթները վտանգավոր են, և նա վախենում էր բոլորից:

«Անծանոթ մարդիկ վտանգավոր են» խորհուրդը ոչ մի բանի պիտանի չէ: Առաջին հերթին՝ այն չի պաշտպանում երեխաներին: Երկրորդ՝ այն առաջացնում է անհիմն վախ և շփոթմունք: Անվտանգություն ապահովելու համար երեխաներին ուրիշ ազդանշաններ ու միջոցներ են հարկավոր:

Մարդաշատ տոնավաճառում մայրը նախատում էր հնգամյա երեխային, որ հեռացել էր իրենից: Բոլոր ծնողների նման նա նույնպես վախեցած էր: Հետո սկսեց վախեցնել նրան առևանգմամբ՝ «Եթե քեզ գողանան, օրդ օր չի լինի»։

 Սխալ կանոնների պատճառը

«Անծանոթ մարդիկ վտանգավոր են» խորհուրդը ոչ թե պաշտպանում, այլ շփոթեցնում է երեխաներին: Երեխային ոչ թե վախ, այլ գործիքներ են հարկավոր:

ԱՄՆ-ում ծնողներն ամենաշատը վախենում են երեխաներին առևանգելուց: Մեյո կլինիկայի անցկացրած հետազոտությունը ցույց է տալիս, որ ծնողների երեք քառորդը վախենում է, որ իրենց երեխաներին կառևանգեն: Լիովին հնարավոր է, որ դուք նույնպես վախենում եք դրանից: Սակայն շատ ավելի հավանական է, որ երեխայի գլխին կահույքից որևէ բան ընկնի: Միացյալ Նահանգների Սպառողական ապրանքների անվտանգության հանձնաժողովի տվյալներով՝ յուրաքանչյուր կես ժամը մեկ շտապօգնությունը հիվանդանոց է հասցնում երեխայի, ում վրա շրջվել է հսկայական հարթ էկրանով հեռուստացույց: Երեխաները ծանր վնասվածքներ են ստանում կամ նույնիսկ զոհվում:

«Տագնապը մայրության և հայրության անբաժանելի մասն է, բայց այն չպետք է լինի որոշողը», – ասում է «Պարզ դաստիարակություն» (Simplicity Parenting) գրքի հեղինակ Քիմ Ջոն Փեյնը: Դժվար է ապրել մշտական վախի մեջ: Վախով համակված՝ մենք ավելի վատ ենք կատարում ծնողական մեր պարտականությունները: Մենք ապրում ենք մշտական տագնապի մեջ: Սովորելով ճիշտ գնահատել անծանոթներից բխող ռիսկը՝ անում ենք առաջին քայլերը մեր երեխաներին պաշտպանելու համար, իսկ հետո կարող ենք նոր կյանք սկսել: Մեզ չպետք է ղեկավարի վախը․ մենք ինքներս պետք է ղեկավարենք անվտանգությունը:

Երեխաներին անհրաժեշտ է այնպիսի հմտությունների մարզում, որոնք կապահովեն նրանց անվտանգությունը: Հնարավոր է՝ անտրամաբանական է թվում, բայց նման մարզումը ներառում է նաև անծանոթ մարդկանց հետ խոսելը:

Սխալ կանոնների օգուտը

Մեր աշխարհի վտանգներից խուսափելու համար երեխաներն ունեն մեր օգնության կարիքը: Այդպիսի օգնությանն է վերաբերում հսկողությունը: Բայց ոչ միայն: Մենք պետք է երեխային զինենք անվտանգություն ապահովելու միջոցներով և նրա մեջ ինքնուրույնություն դաստիարակենք: Երեխան, որը շփվում է ամենատարբեր մարդկանց հետ, սովորում է հասկանալ, թե ինչ են վստահությունն ու ռիսկը:

Մարդկանց մեծամասնությունը լավն է։

Մարդկանցից շատերը կարող են ինձ օգնել:

Կարող եմ խոսել անծանոթ մարդկանց հետ, բայց չպետք է նրանց հետ որևէ տեղ գնամ:

Եթե ինձ որևէ բան դուր չի գալիս, եu պետք է այդ մասին ասեմ ։

Ոչ ոք իրավունք չունի դիպչել ինձ, եթե ես չեմ ցանկանում։

Գիտեմ, թե ինչ է պետք անել վտանգի դեպքում՝ գոռալ և փախչել:

Կարող եմ մանրուքներում հոգ տանել իմ մասին:

Շատ բան եմ կարողանում անել: Ծնողներս վստահում են ինձ:

Երեխաները մեծահասակներ չեն:

Ծնողների մեծամասնությունը կրկնում է այն, ինչ լսել է մանկության տարիներին, այդ թվում՝ «Մի՛ խոսիր անծանոթ մարդկանց հետ»: Հիմա մեզ շատ ավելին է հայտնի: Մենք գիտենք, որ անծանոթները ծայրահեղ հազվադեպ են վտանգ ներկայացնում երեխայի համար, իսկ առևանգումը կամ բռնությունը ամենից հաճախ նրանց սպառնում է իրենց ծանոթ մարդկանց՝ ազգականների և ընկերների կողմից: Բայց «Մի՛ խոսիր անծանոթների հետ» մանտրան շատ կենսունակ է: Իրականում անծանոթները ավելի շուտ կօգնեն երեխաներին: Մեր վախը պետք է ուղղված լինի իրական վտանգներին, առաջին հերթին՝ ավտովթարներին: Մենք ի վիճակի չենք երեխային պաշտպանել այն ամեն վատից, ինչ կարող է պատահել, բայց անհրաժեշտ է ձեռնարկել անվտանգության այնպիսի միջոցներ, որոնք իսկապես կպաշտպանեն նրան՝ սովորեցնել պաշտպանել իր իրավունքները, սահմաններ դնել, դաստիարակել հնարամտություն ու անկախություն և նույնիսկ մեծահասակներին մարտահրավեր նետելու հմտություն, երբ նա վտանգ է զգում:

 Ժամանակակից վախերը

-Բենը դպրոց ոտքով չի գնում, – ասում է յոթամյա որդու՝ ընտանիքում միակ երեխայի մայրը՝ Շերին: Բենի դպրոցը տնից ընդամենը մի քանի թաղամաս հեռավորության վրա է, իսկ ընտանիքն ապրում է փոքր քաղաքում: – Մեր ժամանակներում սա անհավանական էր, աշխարհն այնքան է փոխվել։

Անընդհատ կրկնում ենք «մեր ժամանակներում» արտահայտությունը, բայց իրականում այսօր աշխարհն անհամեմատ ավելի անվտանգ է, քան նախկինում: ԱՄՆ արդարադատության նախարարության տվյալներով՝ բռնի հանցագործությունների քանակն այժմ ավելի ցածր է, քան վերջին քառասուն տարիների ընթացքում:

Շշմել էի այդ մասին իմանալով։ Մի՞թե։ Նույնիսկ մարդու հավատ չի գալիս։ Մենք վախեցած ենք, բայց հանցագործության ցածր մակարդակի մասին ինֆորմացիան մեզ չի հասնում։

Որքան շատ էի մտածում այս մասին, այնքան ավելի ակնհայտ էր դառնում քչերին հայտնի այն փաստը, որ մենք ապրում ենք անվտանգ ժամանակներում՝ անհամեմատ ավելի անվտանգ, քան այն տարիներին, երբ ես երեխա էի: Բռնի հանցագործությունների՝ բռնաբարությունների, սպանությունների, երեխաների դեմ հանցագործությունների մակարդակը ոչ թե պարզապես նվազել է, այլ էապես նվազել է: ՀԴԲ-ի (FBI) տվյալներով՝ 2014 թվականին այն կիսով չափ նվազել է 1994 թվականի համեմատ: Նույնքան լուրջ փոփոխություններ են արձանագրվում նաև Արևմուտքի մյուս երկրներում:

Ուղղակի զարմանալի է։

Իսկ ահա վախն աճում է: Հնարավոր է՝ դրան նպաստում են զանգվածային լրատվամիջոցներն ու սոցիալական ցանցերը, սակայն, անկախ պատճառից, մեր այն համոզմունքը, որ այս աշխարհը վտանգավոր է երեխաների համար, հակասում է իրականությանը։

Այսօր ԱՄՆ-ում ապրում է յոթանասունհինգ միլիոն երեխա: Հավանականությունը, որ երեխային կառևանգի անծանոթ մարդը, կազմում է 0,00000153 %:

Երեխաների համար կյանքն այսքան անվտանգ դեռ երբեք չի եղել: Այն ժամանակները, երբ մանկական ննջասենյակներում բաց կրակով վառարաններ կային, անցյալում են: Մենք մանկական աշխատանքի մասին օրենսդրություն ենք ընդունել, որպեսզի պաշտպանենք երեխաներին ֆերմաներում և ֆաբրիկաներում վտանգավոր աշխատանքից: Ժամանակակից բժշկությունը պաշտպանում է նրանց մանկական հիվանդություններից: Իրական ռիսկերը վերանում են: Հիմա մենք պետք է օգնենք միմյանց՝ փոխելու մեր մտածելակերպը:

Երեխաները միշտ չէ, որ կարողանում են որոշել, թե ով է իրենց համար օտար (անծանոթ): Մեծահասակների մեծ մասը նրանց համար օտար է, նույնիսկ մորաքույր/հորաքույր Գլորիան, որը հյուր է գալիս երկու շաբաթը մեկ անգամ: Բրիտանացի հոգեբան Դևիդ Ուորենն ասում է. «Հետազոտությունները ցույց են տալիս, որ իրականում երեխաները չեն հասկանում, թե ով է օտարը: Նրանք կարծում են, որ հենց մարդը տալիս է իր անունը, դադարում է օտար լինելուց»: Երեխաները հաճախ մտածում են, որ օտարը բարձրահասակ կամ չար մարդն է, հնարավոր է՝ տարօրինակ հագնված: Անծանոթ մարդկանց հետ խոսել կարելի է. բացառված չէ, որ հենց դա թույլ տա ելք գտնել բարդ իրավիճակից: Օտարները հաճախ են օգնում մոլորված երեխային գտնել ծնողներին:

«Մի՛ խոսիր անծանոթ մարդկանց հետ» կանոնը չի նպաստում անվտանգությանը: Բացի այդ, հանցագործությունների մակարդակը նվազում է, երեխաների առևանգումները շատ հազվադեպ են պատահում, իսկ առևանգողների գրեթե 80 %-ը ազգականներն են, որոնք հաճախ գնում են դրան երեխայի խնամակալության շուրջ վեճի պատճառով: Սեռական բռնության ենթարկված երեխաների 90 %-ը ճանաչել է բռնարարին: «Պաշտպանել նվերը» (Protecting the Gift) գրքի հեղինակ Գևին դե Բեկերն ասում է. «Իրականում այս կանոնը վնասում է անվտանգությանը, ընդ որում՝ մի քանի տեսանկյուններից: Դրանցից մեկն այն է, որ «անծանոթ մարդկանց հետ չխոսելու» ազդանշանը (քանի որ նրանք կարող են վնաս հասցնել) ենթադրում է, թե ծանոթ մարդկանցից կարելի է չվախենալ»:

«Մի՛ խոսիր անծանոթ մարդկանց հետ» կանոնը չի պաշտպանում երեխաներին, որովհետև վտանգը նրանց սպառնում է հիմնականում ազգականների, ընկերների և ծանոթների կողմից: Երեխաներին վնաս սովորաբար հասցնում են այն մարդիկ, ում նրանք ճանաչում են, և ուստի շատ կարևոր է, որ երեխաները հասկանան, որ իրենք իրավունք ունեն, որ իրենք կարող են սահմաններ դնել մյուսների համար, այդ թվում՝ դիմակայել մեծահասակներին: Նրանք կարող են ասել «Ո՛չ», եթե մեծահասակի հպումն իրենց դուր չի գալիս: Բայց մեծահասակները նույնպես պետք է հասկանան երեխաների վախերն ու զգացմունքները: Դե Բեկերը ինքնապահպանման առողջ բնազդն անվանում է «վախի պարգև»: Երեխաները պետք է վտանգի զգացում ապրեն, որպեսզի գիտակցեն այդ բնազդը և վստահեն դրան: Նրանց պետք է սովորեցնել վստահել իրենց զգացողություններին, գիտակցել, թե երբ են իրենց ապահով զգում, իսկ երբ՝ ոչ (տե՛ս Կանոն 2. «Կարելի է չհամբուրել տատիկին»)։

Ընտանիքի խնդիրն է երեխային նախապատրաստել հասարակության մեջ կյանքին, բայց դա անհնար է անել ավտոմեքենայի և տան սահմանափակ տարածքում: Ինչպես նկատել է սոցիոլոգ Ֆրենկ Ֆյուրեդին, երեխաները սովորում են ապրել հասարակության մեջ շրջապատի հետ փոխազդեցության գործընթացում, և եթե նրանց զրկենք հարևանների հետ շփումից, դա դանդաղեցնում է սոցիալական ուսուցումը:  Երեխաները փորձի կարիք ունեն տարբեր մարդկանց հետ շփվել սովորելու համար և տեսնելու, թե արդյոք նրանց կարելի է վստահել, թե ոչ՝ լինի դա նոր դայակ, ատամնաբույժ, թե խանութի վաճառող: Սոցիալական ռիսկը և այն բանի գնահատումը, թե արդյոք կարելի է վստահել մարդուն, երեխայի համար անհրաժեշտ աշխատանք է: Սրա մեջ են մտնում նաև անծանոթ մարդկանց հետ զրույցները:

Ողջամիտ քայլը հնարամտության ձևավորումն է: Հնարամիտ երեխաները սովորաբար ավելի քիչ ռիսկի են ենթարկվում, քան նրանք, ում չափից շատ են պաշտպանում: Նրանք կարողանում են կողմնորոշվել մարդկանց հարցում, կողմնորոշվում են անծանոթ վայրերում, օգնության են դիմում, վստահում են իրենց զգացմունքներին և գիտեն, թե ինչ անել վտանգավոր իրավիճակներում:

Անհնար է մարդուն պաշտպանել ծայրահեղ հազվադեպ հանդիպող պատահարներից», – ասում է «Ազատ շրջագայող երեխաներ» գրքի հեղինակ Լենոր Սկենազին: Անծանոթների կողմից կատարված հանցագործությունները հազվադեպ են և անկանխատեսելի: Հենց այդ պատճառով են դրանք գրավում զանգվածային լրատվամիջոցների նման ուշադրությունը, բայց սենսացիոնությունը ոչ իրատեսականորեն մեծացնում է դրանց հավանականության մասին պատկերացումը: Անվտանգության հարցերով փորձագետ Բրյուս Շնայերը՝ «Ստախոսներն ու մարգինալները. վստահությունը, որն անհրաժեշտ է հասարակությանը գոյատևելու համար» (Liars and Outliers: Enabling the Trust That Society Needs to Thrive) գրքի հեղինակը, գրում է. «Ես մարդկանց ասում եմ․ եթե դա հաղորդում են նորություններով, կարող եք չանհանգստանալ: Ըստ սահմանման՝ նորություններն այն են, ինչ գրեթե երբեք չեն պատահում»։

Երեխաները պետք է իրենց ապահով զգան, որպեսզի ճանաչեն աշխարհը, աճեն և ապրեն: Նրանք ունեն իրենց վախերը (Մեյո կլինիկայի անցկացրած հետազոտությունների համաձայն՝ տարրական դպրոցում տղաներն ամենաշատը վախենում են, որ իրենց կստիպեն ուտել այն, ինչ իրենք չեն սիրում), և պետք չէ դրանց ավելացնել մերը: Երեխաները, ում չափից շատ են խնամում ու պաշտպանում, իրական կյանքում ավելի քիչ իրազեկ ու ունակ են լինում: Հոգեբանները պարզել են, որ այն երեխաները, ում մոտ չի ձևավորվել այդ հմտությունը, հակված են անվճռականության ու տագնապայնության, վախենում են մեծանալուց: Հնարավոր է՝ ծնողներին արժե կենտրոնանալ 30-ամյա երեխա դաստիարակելու իրական վտանգի վրա, որ ապրում է ձեր տան առաջին հարկում:

Վտանգի զգացողությունը

Անցյալ ամառ ես թույլ տվեցի իմ իննամյա որդուն մենակ երթևեկել քաղաքային ավտոբուսով: Սկզբում մենք այդ երթուղով անցանք երկուսով, իսկ հետո նա՝ մենակ: «Մենա՞կ, – հարցնում էին ընկերներս: – Եվ դու վստա՞հ ես, որ նրա հետ ամեն ինչ կարգին կլինի»: Ո՛չ, ես լիովին վստահ չէի: Թեև մենք փոքր քաղաքում ենք ապրում, ավտոբուսի կանգառը գտնվում է այն շենքի կողքին, որտեղ տեղակայված են թմրամոլների և ալկոհոլիկների օգնության կենտրոնը, ինչպես նաև հոգեբուժական կլինիկան: Դրանից բացի, երթուղու մի մասը պետք է ոտքով անցներ և հատեր աշխույժ փողոցը՝ առանց հետիոտնային անցումի: Ես տատանվում էի, բայց լի էի ռիսկի դիմելու վճռականությամբ: Ամեն օր որդիս ցատկում էր ավտոբուսից՝ բառացիորեն շողալով հպարտությունից, գոհ իր անկախությունից:

Պատճառներից մեկը, թե ինչու ես թույլ տվեցի որդուս փորձել մենակ երթևեկել ավտոբուսով, «վտանգավոր» իրավիճակներին նրա արձագանքն էր: Մի անգամ գրադարանում Մայլզը մոտեցավ ինձ ինչ-որ բանից անհանգստացած: «Ինչ-որ տղա անընդհատ հետևում է ինձ, – ասաց նա: – Ես ինձ ինչ-որ անհանգիստ եմ զգում»: Մենք մանկական բաժնում էինք: Մայլզը ցույց տվեց հետապնդողին՝ մի դեռահասի, որը կարծես չէր հասկանում, թե ինչ է անձնական տարածությունը: «Դու ամեն ինչ ճիշտ ես արել, – ասացի ես որդուս: – Քո բնազդը հուշել է, որ ինչ-որ բան այն չէ: Անպայման ուշադրություն դարձրու վտանգի զգացողությանը»։

Գևին դե Բեկերը պնդում է, որ հենց սեփական ինտուիցիային վստահելու կարողությունն է ամենալավն օգնում պաշտպանել մեզ և մեր երեխաներին: Դե Բեկերը, որ սպառնալիքների գնահատման ոլորտի առաջատար մասնագետներից է և անվտանգության հարցերով պարբերաբար խորհրդատվություն է տրամադրում ԱՄՆ նախագահին, Գերագույն դատարանին և ԿՀՎ-ին (CIA), երեխաներին խորհուրդ է տալիս զրուցել անծանոթ մարդկանց հետ, բայց լինել զգոն: Եթե մեզ թվում է, թե ինչ-որ բան այն չէ, ուրեմն իսկապես ինչ-որ բան այն չէ: Ինքնապահպանման բնազդը զգուշացնում է հնարավոր անախորժություններից, և պետք է անվտանգության ապահովման միջոցներ ձեռնարկել՝ գտնել մեծահասակների, ում երեխան վստահում է, բազմամարդ և լավ լուսավորված վայր:

Խառնաշփոթ յուրայինների և անծանոթների հարցում

Երեխայի համար դժվար է հասկանալ, թե ով է օտարը: Փոքրիկներին օտար են թվում մարդկանց մեծ մասը, այդ թվում՝ մյուս երեխաները: Ձեր որդին կարող է չճանաչել ձեր վաղեմի ընկերուհուն, որովհետև դուք չեք տեսնվել չորս ամիս: Նոր դայակը, անկասկած, պատկանում է անծանոթ մարդկանց կատեգորիային, բայց ծնողները գնում են տանից և երեխային թողնում են նրա հետ:

Ծնողները «օտար» հասկացությունն օգտագործում են չափազանց վաղ, – ասում է Փոքրիկ երեխաների դպրոցից Յեն Ուոթերսը: – Նախադպրոցականները դեռ չգիտեն, թե դա ինչ է նշանակում: Աշխարհը նրանց համար դառնում է ծանրաբեռնված և անհասկանալի։

Շփվող երեխաները բնական ճանապարհով զրույցի են բռնվում խանութի վաճառողի հետ: Ամաչկոտները թաքնվում են բոլորից, բացի մոտ ազգականներից: Ե՛վ մեկին, և՛ մյուսին անհրաժեշտ է անծանոթների հետ զրուցելու փորձ: Ամենատարբեր մարդկանց հետ փոխազդեցությունն օգնում է զարգացնել իրավիճակը գնահատելու հմտությունը՝ արդյո՞ք ամեն ինչ կարգին է:

Ռիսկ, որին մենք համաձայնում ենք

Մի անգամ բժշկին հարցրի․ «Դա վտանգավո՞ր է»։ «Ավելի անվտանգ է, քան մեքենայով մթերային խանութ գնալը», – պատասխանեց նա։

Դուք չեք վախենում երեխային տանել մթերային խանութ, դպրոց կամ տատիկի տուն, այնինչ դա ամենամեծ ռիսկն է, որին դուք ամեն օր ենթարկում եք ձեր երեխային: Ավտոպատահարները երեխաների լուրջ վնասվածքների և մահվան հիմնական պատճառն են:

Պարադոքսալ իրավիճակ է: Փորձելով պաշտպանել երեխաներին անծանոթներից՝ մենք նրանց էլ ավելի մեծ վտանգի ենք ենթարկում: Նրանց մեքենայով տանում ենք այն հեռավորության վրա, որը կարելի էր ոտքով անցնել, որովհետև այդպես «ավելի անվտանգ է»: Մենք նրանց պաշտպանում ենք արտաքին աշխարհից՝ զրկելով ողջ մնալու (գոյատևելու) համար անհրաժեշտ սոցիալական հմտություններ ձեռք բերելու հնարավորությունից: Մենք նրանց ենք փոխանցում մեր վախերը: Վախեցած երեխաները փորձարկումներ չեն անում, հրաժարվում են առողջ ռիսկից, չեն կարողանում ապավինել առողջ մտքին․ այնինչ հենց այս հմտություններն են անհրաժեշտ երեխային զարգանալու, հաջողության հասնելու և վտանգներից խուսափելու համար:

Ավտոմեքենա վարելը ռիսկ է: Եվ մենք ընդունում ենք այն: Մենք նվազագույնի ենք հասցնում այդ ռիսկը՝ կապելով ամրագոտիները և տանից դուրս չգալով մերկասառույցի ժամանակ, բայց չենք վախեցնում մեր երեխաներին և չենք վաճառում մեքենան:

 Ազատվել անհարկի վախից

Ժամանակակից աշխարհում մեզ շրջապատում են անվտանգության հնգաթև ամրագոտիներ, սաղավարտներ, նախազգուշացնող ցուցանակներ, ինչպես նաև համացանցով տարածվող ասեկոսեներ ու ահազանգող հայտարարություններ։ Ինչ-որ ժամանակ դայակը, որ ցերեկները խնամում էր երեխաներիս, ինձ էր փոխանցում իր ստացած բոլոր նախազգուշացումները վտանգների մասին։ Էլեկտրոնային նամակները գալիս էին անընդհատ հոսքով, և իմ տագնապն ուժեղանում էր։ Հանկարծ աշխարհն ինձ թվաց լի վտանգներով։ Մանկական մահճակալները դառնում են մահվան պատճառ։ Խաղալիքներից կարելի է թունավորվել, իսկ շնչուղիներ ընկնելու դեպքում՝ խեղդվել։ Վախից չէի կարողանում ազատվել, թեև մեր տանը սպառնալից ոչինչ չկար։

Ուշադիր եղեք այն ամենին, ինչը ձեզ ստիպում է լարվել ու նյարդայնանալ։ Դա իմաստ ունի՞, թե՞ անտեղի վախ է։ Հուզվելիս մենք կորցնում ենք մտածելու ունակությունը։ Հիշում եմ՝ մանկությանս տարիներին ընկերուհիներիցս մեկը չոր սպագետտի մտցրեց ականջը և պատռեց թմբկաթաղանթը։ Հավանաբար նրա մոր մտքով անգամ չէր անցնի նախազգուշացնել. «Չոր սպագետտի չմտցնես ականջդ»։ Ամեն ինչ էլ կարող է պատահել։ Մեր ուժի սահմաններում է նվազեցնել ակնհայտ վտանգը (թաքցնել սպիտակեցնող նյութը, ամրագոտիով կապել երեխային, սովորեցնել լողալ), բայց ոչ ցանկացած վտանգ։ Մենք պետք է սովորեցնենք երեխաներին ապրել ռիսկի պայմաններում։

Մեր խնդիրն է զտել տեղեկատվությունն ու կենտրոնանալ վիճակագրորեն նշանակալի և կանխարգելելի վտանգների վրա։ Ավելորդ վախը շեղում է։

Հիմնավորված վախեր

Մեծահասակները պարտավոր են մտածել իրենց երեխաների մասին և մտահոգվել նրանց համար։ Իմ գլխավոր վախը ավտովթարներն են՝ մասամբ անկարգապահ վարորդների պատճառով։ Ես գիտեմ, որ հարբած, թմրանյութերի ազդեցության տակ գտնվող կամ հաղորդագրություններ գրող վարորդներից բացի, ճանապարհներին կան բազմաթիվ մարդիկ, որոնք խոսում են բջջային հեռախոսով, ինչպես նաև անքնությունից հյուծված մայրեր ու հայրեր։ Բայց նրանցից փախչել չես կարող։ Երբ երեխաներս մեծանան,  պարտավոր եմ նրանց սովորեցնել զգույշ վարելու հմտությունները։ Իսկ այժմ նրանք պետք է սովորեն զգույշ լինել՝ որպես հետիոտն։

Հասարակությունը պետք է ուշադրություն դարձնի բոլոր վտանգավոր միտումներին, որոնք ազդում են երեխաների վրա։ Դրանք են դեպրեսիան և տագնապայնությունը, որոնք հանգեցնում են տարաբնույթ սոցիալական հիվանդությունների, այդ թվում՝ ինքնասպանությունների։ Ամերիկյան մանկաբուժության ակադեմիան հիշեցնում է, որ ազատ խաղի ժամանակի կրճատումը երեխաների մոտ դեպրեսիա և տագնապային վիճակներ է առաջացնում (ճիշտ այնպես, ինչպես հանգստի պակասը կամ տնային առաջադրանքների չափազանց մեծ ծավալը․ տե՛ս Կանոն 7՝ «Մեծ դասամիջոցի իրավունքը» և Կանոն 8՝ «Արգելել տնային առաջադրանքները տարրական դպրոցում»)։ «Դաշինք ի պաշտպանություն մանկության» ոչ առևտրային կազմակերպությունը վտանգ է տեսնում նրանում, որ տասը տարեկան և բարձր տարիքի երեխաները օրական ավելի քան տասը ժամ անցկացնում են անշարժ վիճակում, իսկ ֆիզիկական ակտիվությունը զբաղեցնում է օրական տասնհինգ րոպեից պակաս։ Այս վախերը ոչ միայն հիմնավորված են, այլև հնարավոր է վերացնել։

 Փորձե՛ք սա ավելացրե՛ք այն ձեր զինանոցում

Նախադպրոցականները չպետք է վախենան անծանոթ մարդկանցից։ Այս տարիքում երեխայի անվտանգությունը ձեր հոգսն է։ Բայց այն ժամանակ, երբ երեխաներն ավարտում են տարրական դպրոցը, նրանք պետք է իմանան անձնական անվտանգության հիմնական կանոնները, քանի որ նրանց փոխազդեցությունը շրջապատող աշխարհի հետ շատ ավելի բազմազան է։

Օտարները

«Մի՛ խոսիր անծանոթների հետ» մանտրան պետք է փոխարինել «Ոչ մի տեղ մի՛ գնա անծանոթների հետ» մանտրայով։ Անծանոթների հետ վարվելակերպի այս հիմնական կանոնը մնացել է նույնը։ Կարիք չկա երեխային վախեցնել երևակայական սարսափներով․ պարզապես թող նա յուրացնի այս կանոնը ճիշտ այնպես, ինչպես յուրացնում է, թե ինչ է պետք անել տանը հրդեհ բռնկվելու դեպքում։ Եթե տանը հրդեհ է, անհապաղ դուրս եկ փողոց։ Մի՛ հապաղիր անգամ խաղալիքներիդ համար։ Եթե անծանոթ մարդը քեզ մեքենա է հրավիրում, մի՛ գնա։ Նույնիսկ եթե նա քեզ քաղցրավենիք է տալիս։

Գտնել նրանց, ովքեր կօգնեն

Եթե երեխան հայտնվել է նեղության մեջ, նա պետք է կարողանա գտնել նրանց, ովքեր կօգնեն իրեն։ Դրանք անծանոթ մարդիկ են։

Շատ հասարակություններում այս կատեգորիային են դասվում ոստիկանները, հրշեջները, բուժաշխատողները և իշխանության այլ ներկայացուցիչներ, ինչպես նաև խանութի վաճառողները։ Բայց ավելի հաճախ դրանք այլ երեխաների ծնողներն են կամ բարեհամբույր դեմք ամբոխի միջից՝ նա, ով կհասկանա երեխային։

Կարող եք երեխային ասել. «Դիմի՛ր ուրիշի մայրիկին կամ ուրիշի հայրիկին» կամ «Գտի՛ր երեխաներով մեծահասակների»։ Համոզվեք, որ երեխան գիտի, թե ինչպես ճանաչել ծնողներին. նրանք երեխաների հետ են։ Ասեք. «Գտի՛ր մայրիկի կամ հայրիկի։ Աովորաբար ծնողներն օգնում են այլ երեխաների»:

 Ոմանք սահմանափակվում են որևէ մեկի մայրիկին գտնելու խորհրդով՝ համարելով, որ կանայք ավելի անվտանգ են։ Բայց ավելի լավ է հիշատակել նաև տղամարդկանց։ Մանկական հրապարակներում և միջոցառումներին կարելի է հանդիպել բազմաթիվ հոգատար հայրերի։ Նույնիսկ եթե ուղղակի չասեք. «Գտի՛ր որևէ մեկի մայրիկին, որովհետև ես չեմ վստահում հայրիկներին, և դու նույնպես չպետք է վստահես», երեխան կզգա չարտահայտված վախը»։ Գրեգը, որ մենակ է դաստիարակում նախադպրոցական տարիքի որդուն, ասում է. «Ես չեմ ուզում, որ իմ երեխան վախենա տղամարդկանցից»։

Երեխային մայրիկներին և հայրիկներին գտնել սովորեցնել կարելի է վաղ տարիքից։ Սա որևէ կապ չունի վախի հետ, և սա շատ պարզ է։ Երեխաները գիտեն, թե ովքեր են մայրիկներն ու հայրիկները։ Անվտանգության նման կանոնը նրանց համար հասկանալի է, իսկ մոլորվել ոչ ոք չի սիրում։ Երեք տարեկան Գևինը յուրացրեց դասը և որոշեց ստուգել իր հմտությունը առևտրի կենտրոն հաջորդ այցելության ժամանակ։ Խաղահրապարակ գալուց մի քանի րոպե անց նա մայրիկի մոտ բերեց մի կնոջ։ «Ես սովորում եմ գտնել ուրիշ մայրիկի», – հպարտորեն հայտարարեց որդին։

Երեխաներին դուր է գալիս իմանալ, թե ինչ պետք է անել, երբ իրենք մոլորվեն։ Այս տարրական գիտելիքները նրանց թույլ են տալիս իրենց ինքնուրույն և ինքնավստահ զգալ։

Միշտ հնազանդ չլինել

«Խելոք եղի՛ր»։ «Լա՞վ խաղացիք»։ Այսպիսի արտահայտությունները շփոթեցնում են երեխաներին և կարող են տհաճությունների աղբյուր դառնալ։ Շատ հաճախ ծնողներն օգտագործում են «լավ» տերմինը՝  նկատի ունենալով. «Արա՛ այն, ինչ ասում են մեծահասակները»։ «Լավը» նշանակում է հնազանդություն և խոնարհություն։ Հնազանդ լինելն ու լավ խաղալը, հնարավոր է, հենց այն է, ինչ ուզում է մանկապիղծը։ Մենք հնազանդություն ենք սովորեցնում, բայց անվտանգությունը պահանջում է, որ երեխան ունակ լինի ընդդիմանալու մեծահասակին։

«Լավ տղա եղի՛ր» կամ «Լավ աղջիկ եղի՛ր» անորոշ հայտարարությունների փոխարեն՝ ընդգծեք երեխայի՝ սեփական կարծիքն արտահայտելու և առօրյա կյանքում ու խաղի ընթացքում սահմաններ դնելու իրավունքը։ «Քեզ դո՞ւր է գալիս, որ Քայլը հրեց քեզ և վերցրեց բեռնատարը։ Ո՞չ։ Ասա՛ նրան»։ Երեխաները պետք է իմանան, որ ունեն սահմաններ դնելու ցանկացած տարիքի մարդկանց՝ ինչպես ծանոթ, այնպես էլ անծանոթ, «ոչ» ասելու իրավունք։ «Ինձ սա դուր չի գալիս» սահմանափակումը կիրառելի է և՛ խաղալիքը խլող երեխայի, և՛ իր անվերջ համբույրներով չափազանց քնքշամոլ տատիկի, և՛ ընկերոջ ավագ եղբոր հանդեպ, որն անցնում է անվտանգության սահմանը։

Ամեն ինչ սրանից է սկսվում, – ասում է «Փոքրիկների դպրոց»-ի դաստիարակչուհի Գուդրուն Հերցոգը։ – Երեխաների համար իսկապես կարևոր է իմանալ, որ իրենք իրավունքներ ունեն։

Հնարամտություն

Ցանկացած տարիքի երեխայի տվեք որքան հնարավոր է շատ հնարավորություններ առողջ դատողություն և քաջություն ձևավորելու համար։ Փոքր երեխայի համար սա կարող է լինել նույնիսկ այնպիսի պարզ գործողություն, ինչպիսին գրադարանավարից իր սիրելի գիրքը խնդրելն է։ Կամ ինքնուրույն պաղպաղակ պատվիրելը, կամ ընկերոջը զանգահարելն ու հանդիպման մասին պայմանավորվելը։ Հասարակական վայրում քաջություն դրսևորելու բազմաթիվ փոքր քայլերն օգնում են երեխային հասկանալ, թե ինչպես է կառուցված աշխարհը, և աստիճանաբար ձեռք բերել հնարամտություն։

Զբոսանքների ժամանակ երեխաներին դիտողականություն սովորեցրեք։ Քոլեջի ինքնապաշտպանության դասընթացն ինձ սովորեցրեց ոչ միայն կարատեի մի քանի արդյունավետ հնարքներ, այլև անծանոթների հետ փոխգործակցության հիմնական կանոնները, որոնք թույլ են տալիս խուսափել աղետից։ Նայել աչքերի մեջ, ժպտալ, բարևել։ Հենց այն փաստը, որ դուք ուշադիր եք և հետևում եք շրջապատող միջավայրին, արդեն իսկ ազդանշան է ուղարկում, որ դուք զգոն եք և զոհ չեք։ Համացանցում կան բազմաթիվ խմբեր, որտեղ կարելի է գտնել խորհուրդներ, թե ինչպես սովորեցնել երեխաներին անվտանգության կանոնները՝ առանց անծանոթներով վախեցնելու։

Խրախուսե՛ք ինքնուրույնությունը

Մենք ամբողջ ժամանակ անհանգստանում ենք, և դա սովորություն է դարձել։ Երբ ես դպրոցում էի սովորում, իմ ծնողները ժամանակ առ ժամանակ անհանգստանում էին ինձ համար, բայց մեծ մասամբ ենթադրում էին, որ վատ ոչինչ չի պատահի։ Ամեն դեպքում գրպանումս մետաղադրամ կար, և արտակարգ իրավիճակներում ես կարող էի զանգահարել նրանց։

Երեխաներն ունեն շրջակա աշխարհն ինքնուրույն ուսումնասիրելու կարիք, նույնիսկ եթե դա հարևան թաղամասն է, ուր կարելի է հասնել հեծանիվով, կամ բակի հեռավոր անկյունը։ Սա երեխաներին տալիս է ստեղծագործական ազատություն և ինքնավստահություն։ Բայց ամենակարևորը՝ հնարավորություն է տալիս հույսը դնել միայն սեփական ուժերի վրա։ Երեխաների մոտ չեն ձևավորվի այս հմտությունները, եթե նրանք մշտապես հսկողության տակ լինեն։

Որպես կանոն՝ ծնողները փոքր երեխաներին դժվար հանձնարարություններ են տալիս ստուգելու համար, թե որքանով են նրանք հարմարված այս աշխարհին։ Այս ծեսը հրաշալիորեն նկարագրել է Ջամայկա Քինքեյդն իր «Էննի Ջոն» (Annie John) պատանեկան վեպում։ Այնտեղ մայրը մանրակրկիտ ուսուցանելուց հետ, հինգ տարեկան դստերը հանձնարարությամբ ուղարկում է մի տեղ։ Երեխան արդեն եղել էր խանութում և ճանաչում է տիրոջը։ Աղջնակը վերադառնում է՝ հաղթականորեն ճոճելով երեք տոպրակները, և մայրը լաց է լինում։ Սա պատմություն է հմտության  և անկախության մասին։

Վերջերս Կալիֆոռնիայի Սիլիկոնային հովտի տարրական դպրոցներից մեկում երեխաների համար նմանատիպ փորձություն կազմակերպեցին։ Օուք Նոլի դպրոցն առաջարկեց երեխաներին փորձել որևէ բան ինքնուրույն անել, օրինակ՝ ավտոբուսով երթևեկել կամ մենակ խաղալ այգում։ Նախագծի իրականացմանն աջակցող Լենոր Սկենազիի վկայությամբ՝ սա ոչ միայն թույլ տվեց երեխաներին ինքնավստահություն ձեռք բերել, այլև փոխեց ծնողներին։ Նրանք հանկարծ հասկացան, թե որքան պատասխանատու կարող են լինել իրենց երեխաները, և այդ կարողունակությունն ու պատասխանատվությունը տարածվեցին նաև ընտանեկան կյանքի վրա։

Երեխային հնարավորություն տվեք մենակ մնալու՝ առանց հսկողության։ Մնացեք մեկ այլ սենյակում, քանի դեռ նա խաղում է։ Թույլ տվեք հեծանիվով պտտվել թաղամասում։ Փոքր-ինչ ավելի մեծ երեխան կարող է գնալ խանութ՝ կաթ գնելու։ Կարիք չկա նրան ամեն րոպե ստուգելու և անհանգստանալու։ Միասին մշակեք պլան և համոզվեք, որ երեխան գիտի, թե ինչպես կարող է կապ հաստատել ձեզ հետ, եթե ինչ-որ բան այնպես չգնա։ Հետո ինքներդ վարժվեք. ենթադրեք, որ ամեն ինչ լավ է։

Երեխաներին պաշտպանե՛ք վախից, այլ ոչ թե աշխարհից

Ընդունե՛ք ձեր վախերը։ Իմ ամուսինը, օրինակ, սարսափելի վախենում է օձերից, և այդ վախը նա ժառանգել է հորից։ Ուղեղով նա հասկանում է, որ փոքրիկ լորտուն, որին կարելի է հանդիպել մեր հետնաբակում, վտանգավոր չէ, և չի ցանկանում այդ վախը փոխանցել մեր երեխաներին։ Երբ մենք լորտու ենք գտնում, նա ամբողջ ուժով ձգտում է չբղավել, ապա հանգիստ ասում է. «Նայե՛ք, երեխաներ, սա լորտու է»։ Խոր արմատացած վախերից ազատվելը միշտ չէ, որ հնարավոր է, նույնիսկ եթե դրանք հերքվում են տրամաբանությամբ և վիճակագրությամբ։ Եթե դուք թաքուն վախենում եք երեխայի առևանգումից կամ այլ հազվադեպ պատահող փորձանքներից, այդ վախը պահե՛ք ձեզ։

Մեր օրերում գրեթե բոլոր ծնողները վախենում են սեռական ոտնձգություններից։ Հանցագործությունների հաշվառման համակարգը թույլ է տալիս առանց դժվարության իմանալ, թե ով է ապրում ձեր կողքին։ Ես մուտքագրեցի իմ հասցեն Միչիգան նահանգի գրանցման համակարգում և իմ տանից երկու մղոն շառավղով հայտնաբերեցի սեռական ոտնձգությունների մեջ մեղադրվող տասնմեկ մարդու։ Խոստովանում եմ՝ նրանց դեմքերն էկրանին ինձ նյարդայնացնում էին։

Երբեմն գիտելիքը վախ է ծնում, բայց երբեմն էլ փոքրացնում է այն։ Այս մարդիկ միշտ էլ եղել են մեր կողքին։ Իմանալով, թե հստակ որտեղ են նրանք ապրում, մենք կարող ենք մեզ ավելի ապահով զգալ և քիչ վախենալ։ Ավելի ուշադիր նայելով՝ ես հայտնաբերեցի, որ այդ տասնմեկից միայն մեկն էր ճանաչվել վտանգավոր։ Եթե դուք պատրաստվում եք ստուգել ձեր թաղամասը սեռական հանցագործությունների մեջ մեղադրվող մարդկանց առկայության առումով, ուշադրություն դարձրեք հանցագործությունների դասակարգմանը, որը հասարակությանը թույլ է տալիս իմանալ, թե հանցագործներից ով լուրջ սպառնալիք չի ներկայացնում շրջապատի համար (օրինակ՝ պորնոգրաֆիա պահելու մեջ մեղադրվողները), և ով է վտանգավոր ռեցիդիվիստը։ Շատ մարդիկ, ովքեր օրենքին համապատասխան գրանցված են հանցագործությունների հաշվառման համակարգում, սպառնալիք չեն ներկայացնում։ Սա իմանալը թույլ կտա ձեզ ավելի ապահով զգալ։

Բայց ի՞նչ անել այն տեղեկատվության հետ, որ ձեր թաղամասում վտանգավոր մարդ է ապրում։ Անհրաժեշտ է երեխային սովորեցնել անվտանգության հիմնական կանոնները, միայն թե չանցնեք սահմանը։ Վտանգին վերաբերվեք ինչպես տանը բռնկված հրդեհի. այն կարող է պատահել, բայց, ամենայն հավանականությամբ, ոչինչ էլ չի պատահի։ Երեխային բացատրեք, թե ինչ է պետք անել հրդեհի դեպքում։ Ամեն դեպքում։ Երեխաների հետ հնարավոր փորձանքների մասին պետք է զրուցել հանգիստ տոնով։ Անվտանգության մասին տեղեկատվությունը հաղորդեք որպես ինքնին հասկանալի մի բան։ Դա կօգնի երեխաներին կենտրոնանալ ձեր խոսքերի և իմաստի, այլ ոչ թե վախի վրա։ Եթե ձեզ համակի վախը, երեխան կվարակվի դրանով։

Մեծահասակների վախերով կիսվե՛ք մեծահասակների հետ։ Երեխաները պետք է ստանան հետևյալ ազդանշանը. աշխարհը հիմնականում լավ տեղ է։

Օգտկար արտահայտություններ

Կանգնի՛ր այնտեղ, որտեղ կարող եմ քեզ տեսնել։

Մի՛ հեռացիր ինձանից։

Մնա՛ այնտեղ, որտեղ մեծահասակներ կան։ Մեծահասակները հոգ կտանեն քո մասին։

Գտի՛ր մայրիկի կամ հայրիկի՝ երեխաների հետ։

Այնտեղ կգնանք միասին։ Եվ միասին էլ կհեռանանք։

Միասին կգնանք։ Տուն էլ միասին կվերադառնանք։

Ո՞ւմ կարելի է դիմել մարզասրահում։

Սա միսիս Գրինն է։ Նա ապրում է շագանակագույն տանը։

Ինքդ կարող ես վաճառողին խնդրել ։

Քեզ դա դո՞ւր գալիս է ։ Ասա՛ «ոչ»։ Ասա՛, որ նա դադարեցնի։

Արտահայտություններ, որոնցից ավելի լավ է զերծ մնալ

Մի՛ խոսիր անծանոթ մարդկանց հետ։

Ի՞նչ կլինի, եթե ինչ-որ մեկը քեզ փախցնի։

Ինչ-որ մեկը կարող է մոտենալ և փախցնել  քեզ։

Մեծ փորձանքի մեջ կընկնես։

Հնազանդ եղիր։

Հաշտ  խաղա։

Արա՛ այն, ինչ քեզ ասում է միստեր Ջոնսոնը։

Ընտրությունը ձերն է

Վիճակագրությունը ձեզ պարտադիր չէ, որ համոզի։ Տրամաբանությունը հուշում է ձեզ, որ անծանոթ մարդիկ հազվադեպ են վնաս հասցնում երեխաներին, բայց դուք ի վիճակի չեք ազատվել «իսկ եթե» մտքից, որը ձեզ մոտ տագնապ է առաջացնում։ Եթե վախից ազատվել չի ստացվում, փորձեք դրան նայել ավելի լայն և կիսվել դրանով միայն մեծահասակների հետ։ Երեխային հնարավորություն տվեք պրակտիկայում փորձարկելու անծանոթների հետ շփումը և ձեռք բերելու անհրաժեշտ հմտությունները, հատկապես՝ վտանգի զգացողությունը։ Հանուն իր իսկ անվտանգության։

Կախված դաստիարակությունից և կյանքի փորձից՝ դուք կարող եք հատկապես անհանգստանալ որոշակի վտանգների համար, օրինակ՝ սեքսուալ բռնության կամ թմրանյութերի։ Դուք ինքներդ եք ընտրում, թե ինչն է ձեզ համար ավելի կարևոր։ Բայց ամեն դեպքում, երեխաներն ավելի արագ են սովորում անվտանգության կանոնները, եթե դուք անդադար հիշեցնում եք նրանց իրենց իրավունքների մասին՝ ինքնապաշտպանվելու իրավունքի, բացահայտ ասելու իրավունքի, եթե իրենց ինչ-որ բան դուր չի գալիս, և անհրաժեշտության դեպքում մեծահասակներին ընդդիմանալու իրավունքի։

.