Հեղինակ՝ Հեզեր Շումեյքեր
Թարգմանիչ՝ Գևորգ Հակոբյան

 Քննարկե՛ք սխալները

Հինգ տարեկան Քոլինը չի սիրում սխալվել։ Երբ սայթաքում է և վնասում ոտքի մատը, դրա համար մեղադրում է քրոջը։ Երբ տոնական հյուրասիրության համար նախատեսված տուփից գաղտնի կոնֆետներ է վերցնում, ասում է. «Նա՛ ինձ ստիպեց»։ Այն սովորությունը, որ Քոլինը, որևէ սխալ արարք գործելիս, մեղքը բարդում է ուրիշների վրա, շատ է վշտացնում նրա մորը։

Երեք տարեկան Տրիստանն ինքնուրույն հեռացել էր խաղահրապարակից։ Դաստիարակչուհին գտավ նրան, բացատրեց, որ նա սխալ է վարվել, և ասաց, որ այլևս առանց թույլտվության չպետք է լքի խաղահրապարակը։ Ի պատասխան՝ Տրիստանը ներփակվեց իր մեջ և մինչև օրվա վերջը գրեթե չէր շարժվում ու ոչ մի բառ չէր ասում։

Սխալ կանոնների պատճառը

Սխալվե՛ք երեխաների ներկայությամբ։ Երբ երեխան տեսնում է, որ դուք նույնպես սխալվում եք և անհաջողության եք հանդիպում, դա նրան օգնում է ավելի հանգիստ ընդունել սեփական սխալները, լինել համառ ու չհանձնվել դժվարությունների առաջ, ինչպես նաև պատասխանատվություն կրել իր արարքների համար։

Մանկական «Սեզամի փողոց» (Sesame Street) հեռուստահաղորդման Մեծ Թռչունը երկար տարիներ օգնել է Քոլինի և Տրիստանի նման երեխաներին։ Նա երգում է մի երգ, որի հիմնական միտքն այն է, որ սխալները պետք է ընդունել որպես կյանքի անբաժանելի մաս։ Կարելի է նաև լսել Ջեֆ Մոսի հայտնի «Բոլորն են սխալվում» (Everyone Makes Mistakes) երգը.

«Մեծերն էլ են մարդիկ, փոքրերն էլ են մարդիկ։ Բոլորն են սխալվում։ Ուրեմն ինչո՞ւ դու չես կարող սխալվել»։

Շատ երեխաների համար դժվար է ընդունել, որ իրենք սխալվել են։ Ոմանք պարզապես ժխտում են. «Ես չեմ արել»։ Մյուսները մեղքը բարդում են մեկ ուրիշի վրա։ Երրորդները դառնում են պասիվ և այլևս չեն համարձակվում փորձել նորը՝ վախենալով նորից սխալվելուց։

Սխալների նկատմամբ երեխաները հաճախ կողմնակալ են։ Նրանք շատ լավ տեսնում են ու ծանր են տանում իրենց սեփական սխալները, բայց չեն նկատում ուրիշների սխալները։ Դուք կարող եք մեծապես օգնել նրանց՝ պարզապես ուշադրություն հրավիրելով այն սխալների վրա, որոնք ինքներդ եք նկատում։

Սխալ կանոնների օգտակարությունը

Երբեմն փոքր երեխայի համար ամենակարևորն այն է, որ չամաչի և իրեն նվաստացած չզգա ։ Պետք է երեխաներին սովորեցնել ճիշտ վերաբերվել սխալներին, իսկ այդ դասերը կարող են շարունակվել ամբողջ կյանքի ընթացքում։

Երբեմն ես էլ եմ սխալվում։ Դա բնական է։ Միայն երեխաները չեն, որ սխալվում են։ Բոլորն են սխալվում, նույնիսկ իմ մայրիկն ու հայրիկը։

Երբ սխալվում եմ, շատ եմ տխրում, բայց գիտեմ, թե ինչպես հաղթահարել դա։ Ես կարողանում եմ պատասխանատվություն կրել իմ սխալների համար և փորձում եմ ուղղել դրանք։ Չեմ հրաժարվի փորձելուց միայն այն պատճառով, որ կարող է չստացվի։

Ինչո՞ւ է այս մոտեցումն արդյունավետ:

Զարմանալի չէ, որ երեխաներն այդքան բուռն են արձագանքում իրենց սխալներին։ Նրանք անընդհատ նոր բաներ են փորձում և ապրում են մեծահասակների կողքին, որոնց մոտ, թվում է, ամեն ինչ հեշտությամբ է ստացվում։

Մի բաժակ կաթ լցնե՞լ։ Ոչ մի դժվարություն։ Աշտարակ կառուցե՞լ։ Հեշտ է։ Շապիկի կոճակները կոճկե՞լ։ Ընդամենը հինգ վայրկյան։

Իսկ երեխան գրեթե ամեն օր սխալվում է՝ լինի դա ընդունելի վարքի սահմանները խախտելը (օրինակ՝ քրոջը հարվածելը), թե պարզապես կաթը թափելը։

«Երեխաներին օրինակներն ավելի շատ են պետք, քան քննադատությունը»,– ասում էր XVIII դարի ֆրանսիացի փիլիսոփա Ժոզեֆ Ժուբերը։

Վաղուց հայտնի է, որ երեխաները սովորում են ընդօրինակելով. նրանք հետևում են ուրիշներին և կրկնում նրանց գործողությունները։ Ինչպես նշում են մանկավարժներ Լորա Դևիսն ու Ջենիս Քիզերը, սեփական վարքով օրինակ ծառայելը հիանալի միջոց է երեխաներին սովորեցնելու, թե ինչպես պետք է առողջ և խելամիտ վերաբերվել սխալներին։

Երեխաները շատ ուշադիր հետևում են մեզ։ Երբ մենք պատմում ենք մեր սխալների մասին, նրանք սովորում են հանգիստ ընդունել այն փաստը, որ երբեմն ինչ-որ բան կարող է սխալ ստացվել, և հասկանում են, որ պատճառված վնասը կարելի է շտկել։ Սխալի հանդեպ մեր արձագանքը շատ ավելի կարևոր է, քան հենց սխալը։

Որոշ երեխաներ ամոթ են զգում կամ հենց սխալի պատճառով, կամ էլ մեր արձագանքի հետևանքով։ Ամոթը ներքին այն զգացողությունն է, երբ մարդը մտածում է. «Ես վատն եմ»։ Այն քայքայում է ինքնահարգանքը։

Երեխաները կարող են տարբեր կերպ արձագանքել դրան. ոմանք դառնում են ագրեսիվ, մյուսները՝ պասիվ, ոմանք փորձում են թաքնվել, իսկ մյուսները պարզապես ժխտում են իրենց սխալը՝ փորձելով պաշտպանել իրենց։

Շատ ավելի լավ է, երբ երեխայի մեջ ձևավորվում է մեղքի առողջ զգացում, որը ներառում է ափսոսանք, զղջում և սխալն ուղղելու ցանկություն։ Հոգեբանները, այդ թվում՝ Ջուն Փրայս Թենգնին, նշում են, որ ծնողները կարող են օգնել երեխաներին՝ խուսափելու ամոթի կործանարար զգացումից և ձևավորելու սխալների նկատմամբ առողջ վերաբերմունք։

Երեխաները մեծահասակներ չեն

Երբ երեխաները մեղադրում են ուրիշներին, մենք հաճախ անմիջապես սկսում ենք նրանց խրատել։ Պահանջում ենք, որ նրանք սուտ չասեն։ Մի ամբողջ դասախոսություն ենք կարդում պատասխանատվության մասին։ Սակայն երեխաներին բոլորովին այլ բան է պետք։

Սովորաբար երեխաները պարզապես չեն սիրում սխալվել։ Առաջին հերթին ուշադրություն դարձրեք նրանց զգացմունքներին։ Օգնեք երեխային հասկանալ, որ սխալվում է ոչ միայն ինքը, այլև բոլորը, այդ թվում՝ դուք։ Մի՛ թաքցրեք ձեր սեփական սխալները, ցույց տվեք, թե ինչպես եք ուղղում դրանք, և օգնեք երեխաներին շտկել իրենց սխալները, երբ իրենք էլ սխալվեն։

Ամոթն ու սխալները

Սխալը կարող է առաջացնել զգացմունքների մի ամբողջ շարք, և որոշ երեխաների մոտ այդ զգացմունքները չափազանց ուժեղ են լինում։ Դրանք կարող են լինել ամոթը, սեփական անձի նկատմամբ զայրույթը, հիասթափությունը, վիրավորվածությունը, մեղքի զգացումը կամ անելանելիության զգացումը։

Եթե երեխան կաթ է թափել կամ պատռել է եղբոր նկարած նկարը, օգնեք նրան ընդունել իր սխալը, հասկանալ այն և ուղղել իրավիճակը։ Դա հեշտ չէ։

Մի՞թե մենք՝ մեծահասակներս, միշտ անմիջապես և բացահայտ ընդունում ենք մեր սխալները և փորձում ենք փոխհատուցել պատճառած վնասը։ Սա ևս կյանքի մի կարևոր հմտություն է, որն օգտակար է թե՛ ընտանիքում, թե՛ հասարակության մեջ, սակայն այն ձեռք բերելու համար անհրաժեշտ է երկար տարիների փորձ։

Սխալներն ընդունելու և դրանց պատճառով չափից ավելի չտառապելու ամենապարզ ճանապարհը դա վաղ մանկությունից սովորելն է։

Սխալ գործելու վախը տարբեր երեխաների մոտ տարբեր կերպ է դրսևորվում։ Սովորաբար այն ավելի ուժեղ է լինում տղաների, ընտանիքի առաջնեկների կամ միակ երեխաների մոտ։

Հոգեբան Ուիլյամ Փոլաքը՝ «Իսկական տղաները» (Real Boys) գրքի հեղինակը, պնդում է, որ տղաներին բնորոշ է «ամոթի ֆոբիան»։ Շատ տղաներ պատրաստ են գրեթե ամեն ինչի, միայն թե չկորցնեն իրենց արժանապատվության զգացումը։

Բացի այդ, նրանց սովորաբար հետաքրքրում է այն ամենը, ինչ կապված է ուժի և իշխանության հետ, և դա նպաստում է ամոթի հանդեպ բացասական վերաբերմունքի ձևավորմանը։

Ընտանիքի առաջնեկներն ու միակ երեխաները հաճախ ավելի մեծ ճնշման են ենթարկվում։ Եթե ընտանիքում միայն մեկ երեխա կա, նա կարող է մտածել, որ անընդհատ սխալվում է, երբ իրեն համեմատում է իրեն շրջապատող մեծահասակների հետ։

 Ցույց տվեք ձեր սխալները

Երբ փոքր էի, եղբայրս՝ Սքոթը, շատ չէր սիրում սխալվել։ Մայրիկը նկատել էր, որ ամենից շատ նրան զայրացնում էր այն, երբ ուրիշներն էին տեսնում իր սխալը։ Նա ատում էր ամոթի զգացումը։ Եթե սխալվել, ապա կուզենար, որ դա տեղի ունենար առանց օտար աչքերի։

Մի անգամ` դեռ նախադպրոցական տարիքում, նա սայթաքեց և ընկավ ջրով լի կաթսայի մեջ։ Ու սկսեց լաց լինել։ Եվ պատճառը այն չէր, որ նա կեղտոտվել էր ու թրջվել։ Նա ծանր էր տանում իր թույլ տված սխալի պատճառով առաջացած ամոթը, իսկ նրա շփոթվածությունն ավելի էր ուժեղանում մեկ այլ վախով. արդյոք մայրիկը չի՞ բարկանա։

Այն երեխաների համար, ովքեր չեն սիրում սխալվել, սխալները սեփական օրինակով ցույց տալը կարող է չափազանց օգտակար լինել։ Փոքր երեխաների համար դպրոցի դաստիարակները մայրիկիս խորհուրդ էին տվել Սքոթին բացատրել, որ սխալվելը բնական է, և պատմել նրան սեփական սխալների մասին։

-Օ՜, տեսեք՝ ինչ արեցի, ֆլոմաստերները թափեցի,– բարձրաձայն ասում էր նա։– Հիմա պետք է դրանք հավաքեմ։

Երբեմն նա ոտքով թեթևակի դոփում էր՝ իր խոսքերին ավելի շատ հուզական երանգ հաղորդելու համար։

-Օ՜, ինչ անփույթ եմ ես,– բացականչում էր նա։– Սխալվելն այնքան էլ սարսափելի չէ։ Բոլորն են սխալվում՝ և՛ երեխաները, և՛ ուսուցիչները, և՛ մայրիկները, և՛ հայրիկները;

Երբ մայրիկը դադարեց թաքցնել իր ամենօրյա փոքրիկ սխալները, Սքոթն այլևս այդքան խիստ չէր վերաբերվում ինքն իրեն։ Ի վերջո, նա նույնպես սովորեց ընդունել իր սխալները։

Երեխաները միշտ մեր կողքին են՝ նայում են և լսում։ Հենց սկսեք պատմել ձեր փոքրիկ սխալների մասին, կնկատեք, որ դրանք շատ են լինում. դուք սուրճ եք թափում, մոռանում եք մեքենայի բանալիները, ուշանում եք, կորցնում եք բջջային հեռախոսը։

Բարեբախտաբար, սխալների մեծ մասը փոքր են. դրանց մասին կարելի է պատմել, և հեշտ է դրանք ուղղելը։ Ցույց տվեք երեխային, թե ինչպես կարելի է արտահայտել սեփական հիասթափությունը.

«Օ՜, ոչ։ Վա՜յ։ Ահա թե ինչ։ Այ-այ-այ։ Ինչ ցրված եմ ես։ Ինչ հիմար բան արեցի։ Լավ։ Երևի հիմա ստիպված կլինեմ…»

Իմ որդին՝ Մայլզը, փորձում էր գրել դեռ շատ առաջ, քան նրա մատները կկարողանային ճիշտ աշխատել գրիչի հետ։ Նրա մոտ չէր ստացվում, և նա զայրանում էր ինքն իր վրա։ Ամեն ինչ կատարյալ անելու ձգտումը կարող էր լուրջ խոչընդոտ դառնալ նրա համար մեծահասակ կյանքում։

Ես հասկանում էի, որ պետք է հնարավորինս հաճախ Մայլզի ներկայությամբ իմ սխալները ցույց տամ։ Արդեն նրա երկու տարեկանից ես անպայման բարձրաձայնում էի իմ ամենօրյա փոքրիկ սխալների մասին։ Շուտով այն բացականչությունների շարքը, որ նա լսում էր ինձնից, դարձավ անվերջ։

Երեխաներին ցույց տալ, որ սխալը դեռ աղետ չէ, առաջին կարևոր քայլն է։ Բայց սխալն ուղղելու համար երբեմն մեծահասակի օգնություն է անհրաժեշտ լինում։

Ի՞նչ է պետք սխալը շտկելու համար։ Լաթե՞ր։ Ներողությո՞ւն խնդրել։ Նո՞ր նկար։

Բայց մի օր ձեր երեխան ոչ միայն կընդունի իր սխալը, այլև հանգիստ կփորձի լուծել առաջացած խնդիրը։ Իմ պարգևը դարձավ Մայլզի ձայնը, որը լսվեց նրա սենյակից.

-Ո՛չ, ո՛չ։ Այդպես չէ՛։ — Դադար։ — Ախ, ինչ հիմարություն արեցի։ Հիմա ինձ կպչուն ժապավեն (սկոտչ) է պետք։

Երեխաների ներկայությամբ ցույց տվեք, թե ինչպես են ընդունում սխալները

Սխալն ընդունելը քաջություն է պահանջում։ Օգնեք երեխաներին ձևավորել այդ սովորությունը։

Փորձեք սա․ ավելացրեք ձեր զինանոցին…

Մի՛ փորձեք անթերի երևալ։ Թող երեխան տեսնի, թե ինչպես եք սխալվում և ինչպես եք արձագանքում ձեր սխալներին։ Երբ երեխան ձեր կողքին է, մի՛ վախեցեք դիտավորյալ փոքր սխալ թույլ տալուց և այն ուղղելուց։ Դա կդառնա նրա համար օգտակար օրինակ։ Միաժամանակ այդպես դուք էլ ավելի լավ կգիտակցեք, որ կատարյալ չեք, և դա միանգամայն բնական է։

1. Բարձրաձայն ընդունեք ձեր սխալները.

– Վա՜յ, սխալվեցի։ Ի՜նչ անուշադիրն եմ։

2.  Բացատրեք, թե ինչ տեղի ունեցավ.

– Սուրճը թափեցի սեղանին։

3.  Ընդունեք ձեր սխալները.

Դե ոչինչ, պատահում է։ Բոլորը սխալվում են, նույնիսկ հայրիկները։

4.  Բացատրեք, թե ինչպես կարելի է շտկել վրիպումը.

– Հիմա պետք է մի կտոր վերցնենք և սրբենք սեղանը։

Հնարավորության դեպքում թույլ տվեք, որ երեխան ամեն ինչ ինքնուրույն անի, նույնիսկ եթե դրա հետևանքով կեղտ կամ անկարգություն առաջանա։ Ամեն անգամ, երբ շտապում եք օգնության՝ ասելով. «Արի, ես անեմ», դրանով երեխային ակամա հասկացնում եք, որ ձեզ բավարարում է միայն կատարյալ արդյունքը։

Երեխան մեծանում է, և նրա սխալներն ավելի բարդ բնույթ են ստանում՝ արդեն առնչվելով մարդկանց հետ փոխհարաբերություններին։ Նա այլևս ներկ չի թափում, այլ բամբասում է կամ վիրավորում իր հասակակիցներին։ Մենք՝ մեծահասակներս, նույնպես այդպիսի սխալներ ենք անում՝ չնայած մեր բոլոր բարի մտադրություններին։

Վերջերս ես էլ երեխաների ներկայությամբ ինձ անտակտություն թույլ տվեցի։ Ես զայրացած էի և ամենևին չէի ուզում ընդունել դա, բայց, այնուամենայնիվ, ուժ հավաքեցի և հաղթահարեցի ինքս ինձ։

Ամենակարևորն այն է, որ երեխաներին ցույց տանք, թե ինչպես պետք է ընդունել սեփական սխալները և հնարավորինս փոխհատուցել դրանց պատճառած վնասը։

Օգտակար արտահայտություններ

Սխալների օրինակ ցույց տալը`

Վա՜յ-վա՜յ, ինչ անուշադիրն եմ։

Վա՜յ։ Ուֆ՜։ Վա՜յ-վա՜յ

Վա՜յ, սուրճը թափեցի գնումների ցուցակի վրա։

Ներիր, դու ճիշտ էիր։ Ես սխալ էի:

Չպետք է այդպես ասեի։ Պետք էր ավելի մեղմ արտահայտվել։

Չստացվեց այնպես, ինչպես ես էի ուզում։

Անուշադիր:

Պատահում է։

Դե ոչինչ…

Դե, ի՞նչ կարող ենք անել։ Ինչպե՞ս շտկենք սա։

Երևում է՝ պետք է ուրիշ թուղթ վերցնենք։

Աջակցություն և տեղեկություն

Մայրիկներն էլ են երբեմն սխալվում։

Արի քեզ պատմեմ մի դեպք, թե ինչպես եմ սխալվել, երբ չորս տարեկան էի։

Կաթ լցնելն այնքան էլ հեշտ գործ չէ։

Նույնիսկ եթե ինչ-որ բան սխալ ես արել, ես, միևնույն է, քեզ սիրում եմ։

Դա պատահական ստացվեց։ Երբեմն մենք ինչ-որ բան ենք անում, իսկ հետո ափսոսում ենք։

Բոլորն էլ սխալվում են ։ Մայրիկները, հայրիկները, երեխաները, ուսուցիչները, նույնիսկ տատիկները։

Սխալը կարելի է շտկել։

Արտահայտություններ, որոնցից ավելի լավ է խուսափել։

Այստեղ նեղվելու ոչինչ չկա։

Ես քեզ չէի՞ ասում։ Տես, թե ինչ ես արել։

Կոլի՛ն։ Ինչ անշնորհնք ես։ Այսօր արդեն երրորդ անգամն է, որ կաթ ես թափում։

Ինչո՞ւ ես ստում։ Ես գիտեմ, որ դու ես արել։

Ոչինչ չես կարողանում կարգին անել։

Արի, ես ինքս անեմ։

Ընտրությունը ձերն է։

Սխալները ևս այն ոլորտներից են, որտեղ դուք կարող եք օգնել ձեր երեխային հաղթահարել բացասական հույզերը և զարգացնել կյանքի դժվարություններին դիմակայելու կարողությունը։

Իհարկե, եթե դուք այցելել եք մորաքույր Հեթթիին, որի տանը ամեն ինչ անթերի մաքուր է, ապա չարժե, որ երեխան այնտեղ փորձի ինքնուրույն կաթ լցնել բաժակի մեջ։ Այդ զբաղմունքին ավելի շատ ժամանակ հատկացրեք տանը (հեղուկներ լցրեք փոքրիկ պլաստիկ չափիչ բաժակների մեջ, որոնք ունեն քթիկ), և ասեք.

«Ես գիտեմ, որ սովորաբար դու ինքդ ես կաթ լցնում, բայց այստեղ՝ հյուր գնացած ժամանակ, ես դա կանեմ»։

Մարդիկ չեն սիրում, երբ իրենց մատնանշում են սեփական սխալները։ Խոսե’ք ձեր սեփական վրիպումների մասին, բայց ուրիշների սխալների վրա մի կենտրոնացեք։