«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր կամ «մսկհ» միություն, սեր, կրթություն, համերաշխություն․ սա է կրթահամալիրի հաջողության բանալին։
2005 թվականից այս համերաշխ, ստեղծական, համագործակցային ընտանիքի անդամ եմ: Հետադարձ հայացք գցելով անցած տարիներին` պետք է նշեմ, որ կրթահամալիրն ինձ հնարավորություն է տվել կատարելագործվելու, ինքնակրթվելու, անընդհատ սովորելու և նախաձեռնող լինելու։
Աշխատել եմ կրթահամալիրի տարբեր դպրոցներում՝ Արևելյան ,Արևմտյան, Հյուսիսային, Միջին, Գեղարվեստի ավագ և այնուհետև Ավագ դպրոց վարժարանում։
2012 թվականին իմ զույգ բալիկների հետ Գեղարվեստի դպրոց եկանք։ Ես դասավանդում էի անգլերեն և՛ կրտսեր դպրոցում, և՛ Գեղարվեստի ավագ դպրոցում։ Մի շենքում տարատարիք սովորողներ՝ համերաշխ, իրար օգնող, աջակցող։ Գեղարվեստի ավագ դպրոցի սովորողներն առավել կենտրոնացած էին իրենց մասնագիտական ուղղվածությունների վրա՝ գծանկար, գունանկար, դիզայն, կերպարվեստ, թատրոն։ Բնականաբար, նրանց հիմնական հետաքրքրություններն ու ստեղծագործական ձգտումները կապված էին հենց այս ոլորտների հետ, իսկ օտար լեզուն երբեմն ընկալվում էր որպես երկրորդական առարկա։ Սակայն նախագծային ուսուցումը հնարավորություն էր տալիս փոխել այդ վերաբերմունքը և անգլերենը դարձնել նրանց համար կենդանի, կիրառական ու ստեղծագործական գործիք։ Այդ տարիների ընթացքում իրականացվել են բազմաբնույթ և հիշարժան նախագծեր։ Դրանցից հատկապես հաջողված էին հայկական ֆիլմերի և մուլտֆիլմերի անգլերեն կրկնօրինակումները, որոնց ընթացքում սովորողները ոչ միայն զարգացնում էին լեզվական հմտությունները, այլև աշխատում էին դերասանական խոսքի, արտահայտչականության, ձայնային մշակույթի և թարգմանական ճշգրտության վրա։
2015-ին Գեղարվեստի, Արհեստակցական ավագ դպրոցները միավորվեցին մեկ հարկի տակ Մայր դպրոցում՝ Ավագ դպրոց վարժարանում, իսկ նախասիրությունները ընդգրկվեցին ընտրությամբ առարկաների մեջ՝ զարկ տալով նախասիրությունների կենտրոն-լաբորատորիաների զարգացմանը։
Ավագ դպրոցն իմ կյանքում պարզապես աշխատավայր չէ, այն ինձ համար մի միջավայր է, որտեղ ես ապրում եմ, ստեղծագործում, հետազոտում, ճամփորդում, նոր հմտություններ և փորձառոություններ սովորում։ Այն ոչ միայն մասնագիտական գործունեության հարթակ է, այլ նաև ինքնաճանաչման, աճի, փորձառության, սխալվելու, նորից սկսելու, ստեղծելու և մշտապես առաջ շարժվելու դպրոց։ Այստեղ սովորողը պարզապես լսող չէ, այլ ստեղծող, առաջարկող, հարցնող և նախաձեռնող, իսկ դասավանդողը միայն գիտելիք փոխանցող չէ, այլ կազմակերպիչ, ուղեկից, ոգեշնչող և մշտապես ինքնակրթվող մարդ։
Իմ գործունեության ամենակարևոր փուլերից մեկը հեղինակային կրթական ծրագրով աշխատելն է։ Այս ծրագիրն ինձ համար պարզապես ուսումնական համակարգ չէ: Այն մտածողության ձև է, որտեղ գնահատվում են ազատությունը, ստեղծականությունը, անհատական մոտեցումը և նախաձեռնողականությունը։ Հնչեղ է, երբ ասվում է՝ յուրաքանյուր մանկավարժական աշխատող իր գործի հեղինակն է։ Այո՛, հնչեղ է և պարտավորեցնող։ Պետք է միտքդ ճկուն լինի, բաց նորանոր գաղափարների, երբեմն անհնարին թվացող մտքերի առջև, որոնք ի վերջո վերածվում են գործերի և ունենում հիանալի արդյունք։ Իմ նախագծերը ծնվել են սովորողների հետաքրքրություններից․ ամեն նախագիծ մի պատմություն է ապրածի և զգացածի մասին։ Իմ աշխատանքի ընթացքում մշտապես կարևորել եմ այն գաղափարը, որ դասարանը պետք է լինի վստահության, համագործակցության և մտքի ազատ արտահայտման վայր։ Ես միշտ ցանկացել եմ, որ սովորողները չվախենան սխալվելուց, հարցնելուց, կարծիք հայտնելուց։ Հատկապես կարևոր ձեռքբերում եմ համարում այն, երբ ամաչկոտ սովորողը ժամանակի ընթացքում սկսում է վստահ խոսել, երբ լուռ սովորողը դառնում է ակտիվ մասնակից, երբ անտարբեր թվացող սովորողը գտնում է իրեն հետաքրքրող թեման և սկսում է աշխատել նվիրվածությամբ։
Նախագիծը կարող է կրթական գործընթացում ինտեգրել յուրաքանչյուր սովորողի՝ ըստ իր ընդունակությունների, լեզվի իմացության մակարդակի: Այն կարող է դարձնել դասապրոցեսը ավելի հետաքրքիր, նպաստել սովորողի հետազոտական և սռեղծագործական կարողությունների զարգացմանը: Նախագծերս երբեք չեն սահմանափակվել մեկ առարկայով։ Ընդհակառակը՝ միավորել են հայերենը, հասարակագիտությունը, երաժշտությունը, արվեստը, ու հենց այս ամբողջական մոտեցումն է նախագծին տվել խորություն ու իմաստ։ 10 տարին մի հսկայական ուղի է՝ լի փորձով, նվաճումներով ու հիշողություններով, և ետ նայելիս տեսնում եմ իրականացված բազմաթիվ նախագծեր՝ մշակութային, լեզվական, սոցիալական և ստեղծագործական թեմաներով։
- «Հետաքրքիր աշխարհը մեր շուրջ» ճամփորդական նախագիծ,
- «Հանրային ելույթներ»,
- « Երիտասարդ ձեռներեցներ»,
- «Բիզնես և գովազդ»,
- «Անգլերեն ասույթների քննարկում»,
- «ԹԵԴ ֆորմատով զրույցներ»,
- «Խաղարկային դատարան»,
- « ՄԱԿ-ի խաղարկային համաժողով․համագործակցային» և այլն։
Ավագ դպրոցում հետազոտական աշխատանքներն 2022-2023-թվականից ուսումնական տարվա և ուսումնական ծրագրի կարևոր մասն են կազմել: Հետազոտական աշխատանքներն օգնել են սովորողներին զարգացնել քննադատական մտածողության հմտությունները, նրանք վերլուծել և մեկնաբանել են իրենց գտած տեղեկատվությունը, տրամաբանական եզրահանգումներ արել՝ հիմնվելով ապացույցների վրա։ Սովորողների հետ ինքնակրթվել և զարգացել եմ նաև ես: Յուրաքանչյուր նոր թեմա, հետազոտությունների նոր սկիզբ ինքնակրթման նոր փուլ է։ Սովորողները գրել են հետազոտական աշխատանքներ սոցիալական մեդիայի ազդեցության, գովազդի լեզվի, դեռահասների հոգեբանության, երաժշտության, նորաձևության, հոգեբանության, արվեստի և այլ թեմաների մասին։
Հետազոտական աշխատանքներ 2023-2024, 2024-2025,2025-2026։
Իմ ճանապարհի ամենասիրելի էջերից մեկը եղել ու մնում են ուսումնական ճամփորդությունները։ Ես միշտ հավատացել եմ, որ կրթությունը պատերի մեջ փակված չէ։ Մեր այցելությունները պատմամշակութային վայրեր, բնության գրկում իրականացված նախագծերը, արշավները , բնապահպանական թեմաների վերաբերյալ քննարկումները և խնդիրներին տեղում ծանոթանալը դարձել են իրական դասեր։ Ճամփորդությունները մասնակիցներին սովորեցնում են պատասխանատվություն, թիմային աշխատանք, հոգատարություն, ինքնուրույնություն։
Տարիներ շարունակ համակարգել եմ «Մուտք հետազոտական վարժարան ճամբարով» նախագիծը, որը դարձել է ոչ միայն ընդունելության արդյունավետ ձևաչափ, այլև սովորողների ինքնաբացահայտման և նոր միջավայրին ինտեգրվելու կարևոր հարթակ։ Այդ տարիներին ճամբարը ձևավորվեց որպես հեղինակային կրթական ծրագրի կենսունակ օրինակ, որտեղ միավորվում են ուսուցումը, ճամփորդությունը, թիմային աշխատանքը և ստեղծարար նախաձեռնությունները։
Այսօր, ետ նայելով իմ անցած ճանապարհին, կասեմ, որ այս տարիներին ես դարձել եմ ավելի վստահ, ավելի նախաձեռնող և ավելի ազատ մտածող մարդ։ Ինձ համար միշտ պարզ է եղել, և ես միշտ շարժվում եմ հետևյալ սկզբունքով․ «Դասավանդումը սրտով արվող աշխատանքն է»։ Իմ ամենամեծ և ամենակարևոր ձեռքբերումն այն վստահությունն է, որ տարիների ընթացքում ստացել եմ սովորողներից, ծնողներից և գործընկերներից։ Շնորհակալ եմ կրթահամալիրին՝ ստեղծարար միջավայրի, ազատ նախաձեռնությունների և շարունակ զարգանալու հնարավորության համար։
