«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում գրականության, լեզվի ուսուցումն ունի հեղինակային մոտեցումներ և տարիներով մշակված, փորձարկված մանկավարժական հնարքներ, մեթոդաբանություն։ Այս համատեքստում 12-րդ դասարանցիների հետ արվող աշխատանքը հենց հեղինակային կրթական ծրագրի կրթական մշակույթի արտացոլումն է ու դրա զարգացումը։ 12-րդ դասարանի սովորողների հետ գրական քննարկումների թեմաներից էր նաև ի՞նչ գրականություն կարդալ և ինչո՞ւ, կարդա՞լ ժամանակակից գրականություն, թե՞ չկարդալ, ինչպե՞ս ընտրել, թե ինչ կարդալ, ինչից վախենալ և զգուշանալ։
Մեր օրերի համատեքստում սրանք հարցադրումներ են, որոնք վերաիմաստավորման, ձևակերպումների և նոր մոտեցումների պահանջ ունեն։ Չենք կարող սովորողին կտրել կյանքից՝ մերօրյա գրական զարգացումներից, չենք էլ կարող չընթերցել մեր դասականներին։
Այս հոդվածում կխոսենք հայ ժամանակակից գրականության մասին, հաջորդիվ՝ արտասահմանյան գրականության մասին։
Սովորողների հետ մեր զրույցները փորձեցինք ներկայացնել տեքստերով։
Կրթահամալիրի՝ արդեն շրջանավարտ Էլեանոր Պետրոսյանը խոսում է ժամանակակից գրականության մասին․
Ժամանակակից գրականությունը մեր օրերի ամենակենսունակ և հակասական մշակութային երևույթներից է։ Այն արտացոլում է 21-րդ դարի մարդու հոգեբանությունը, մտածողությունը և կյանքի բարդությունները։ Ի տարբերություն դասական գրականության, որը հաճախ ներկայացնում է իդեալականացված կերպարներ և համամարդկային արժեքներ, ժամանակակից գրականությունը ձգտում է ցույց տալ իրականությունը այնպես, ինչպես այն կա՝ իր բոլոր դժվարություններով, հակասություններով և երբեմն նույնիսկ ցավոտ կողմերով։
Ժամանակակից հայ գրականության մեջ ես առանձնացնում եմ այնպիսի հեղինակների, ինչպիսիք են Կարեն Անտաշյանը և Արփի Ոսկանյանը։ Նրանց ստեղծագործությունները տարբեր են իրենց թեմատիկայով և լեզվով, սակայն ունեն մեկ ընդհանուր առանձնահատկություն՝ խորքային անդրադարձ մարդու ներաշխարհին։ Կարեն Անտաշյանն իր գործերում հաճախ ներկայացնում է մարդու միայնությունը, օտարացումը և ներքին դատարկությունը՝ օգտագործելով սուր և երբեմն կտրուկ լեզու։ Նրա գրականությունը ստիպում է ընթերցողին մտածել կյանքի իմաստի և հասարակության մեջ մարդու տեղի մասին։ Իսկ Արփի Ոսկանյանը իր ստեղծագործություններում մեծ ուշադրություն է դարձնում ժամանակակից կնոջ խնդիրներին, ինքնության որոնմանը և սոցիալական ճնշումներին։ Նրա գործերը հաճախ հուզական են և բացահայտում են մարդու ներքին պայքարը։
Անձամբ ինձ համար այս հեղինակների գրականությունը կարևոր ազդեցություն է ունեցել։ Այն ինձ սովորեցրել է ավելի խորությամբ հասկանալ մարդու ներաշխարհը, նկատել այն զգացումները, որոնք հաճախ անտեսվում են առօրյայում։ Կարեն Անտաշյանի գործերը ինձ ստիպել են մտածել միայնության և մարդու ներքին աշխարհի բարդության մասին, իսկ Արփի Ոսկանյանի ստեղծագործությունները օգնել են ավելի լավ ընկալել ինքնության որոնման և հասարակական ճնշումների ազդեցությունը մարդու վրա։ Այս գրականությունը ինձ տվել է ոչ միայն գիտելիք, այլ նաև զգացական փորձ և մտածելու նոր ձևեր։
Ժամանակակից գրականության ընտրությունը հատկապես կարևոր է դպրոցում։ Ճիշտ ընտրությունը պետք է հիմնված լինի մի քանի կարևոր չափանիշների վրա՝ աշակերտների տարիքին համապատասխանություն, թեմաների արդիականություն և կրթական արժեք։ Անհրաժեշտ է ընտրել այնպիսի ստեղծագործություններ, որոնք ոչ միայն հետաքրքիր են, այլ նաև նպաստում են մտածողության զարգացմանը և արժեքների ձևավորմանը։ Չպետք է մոռանալ, որ ոչ բոլոր ժամանակակից գործերն են հարմար դպրոցականների համար, քանի որ որոշները կարող են պարունակել չափազանց ծանր կամ բարդ բովանդակություն։
Դպրոցում ժամանակակից գրականության ընթերցումը կարող է լինել արդյունավետ և օգտակար։ Այն օգնում է աշակերտներին ավելի հեշտ կապ հաստատել կարդացածի հետ, քանի որ թեմաները մոտ են նրանց առօրյա կյանքին։ Բացի այդ, այն զարգացնում է քննադատական մտածողությունը և խթանում է քննարկումները կարևոր հասարակական հարցերի շուրջ։ Ժամանակակից գրականությունը կարող է նաև բարձրացնել ընթերցանության նկատմամբ հետաքրքրությունը, քանի որ այն գրված է ավելի հասկանալի և կենդանի լեզվով։
Ժամանակակից գրականությունը նաև էապես տարբերվում է դասականից։ Եթե դասական գրականությունը հաճախ կառուցված է հստակ սյուժեի, ավանդական արժեքների և բարձր գեղարվեստական լեզվի վրա, ապա ժամանակակիցն ավելի ազատ է ձևի և բովանդակության մեջ։ Այն հաճախ խախտում է ավանդական կանոնները, օգտագործում է պարզ կամ խոսակցական լեզու և կենտրոնանում է անհատի ներքին աշխարհի վրա։ Դասական գրականությունը սովորեցնում է իդեալներ և համամարդկային արժեքներ, իսկ ժամանակակիցը՝ հարցադրումներ է անում և ստիպում է կասկածել ու վերաիմաստավորել այդ արժեքները։
Հաճախ կարելի է նկատել, որ ժամանակակից գրականությունը որոշ առումներով «հետ է մնում» դասականից։ Դա կապված է այն հանգամանքի հետ, որ դասական գրականությունը անցել է ժամանակի փորձությունը և արդեն ճանաչված է որպես բարձրարժեք մշակութային ժառանգություն։ Մինչդեռ ժամանակակից գրականությունը դեռ ձևավորման փուլում է, և ոչ բոլոր գործերն են կարողանում հասնել նույն գեղարվեստական մակարդակին կամ խորությանը։ Սակայն դա չի նշանակում, որ այն պակաս կարևոր է․ ընդհակառակը, այն արտացոլում է մեր ժամանակը և մեր խնդիրները, ինչն այն դարձնում է արդիական և անհրաժեշտ։
Այնուամենայնիվ, ժամանակակից գրականությունը հաճախ «վախեցնում» է ընթերցողին։ Այս «վախը» կապված է ոչ թե սարսափի, այլ իրականության անկեղծ ներկայացման հետ։ Հեղինակները չեն փորձում թաքցնել կյանքի դժվարությունները, այլ ցույց են տալիս դրանք ամբողջ խորությամբ։ Նրանք խոսում են միայնության, հուսահատության, ինքնության ճգնաժամի և հասարակական խնդիրների մասին։ Այս անկեղծությունն ու երբեմն կոշտ լեզուն կարող են անսովոր և նույնիսկ ծանր լինել ընթերցողի համար։ Սակայն հենց այդ առանձնահատկությունն է, որ ժամանակակից գրականությունը դարձնում է ազդեցիկ և մտածելու տեղիք տվող։
Ամփոփելով կարելի է ասել, որ ժամանակակից գրականությունը կարևոր դեր ունի ինչպես մշակույթում, այնպես էլ կրթության մեջ։ Այն օգնում է հասկանալ մեր ժամանակը և ինքներս մեզ։ Ճիշտ ընտրության դեպքում այն կարող է դառնալ հզոր կրթական գործիք, որը ոչ միայն զարգացնում է մտածողությունը, այլ նաև ձևավորում է մարդու աշխարհայացքը։
Ալիսա Հակոբյանը պատմում է գրականության ընթերցանության իր փորձի մասին։ Կարևոր եմ համարում սովորողների կարծիքը՝ իրենց եզրահանգումներն ու գրական ճաշակը։
Զրուցում եմ 12-րդ դասարանի սովորող Ալիսա Հակոբյանի հետ
Ժամանակակից գրականությանը շատ քիչ ենք ուշադրություն դարձնում կրթական ծրագրերում, ինչը շատ ցավալի է, քանի որ հենց դպրոցում սովորելիս պետք է հասկանանք, թե ինչ է կատարվում մեր շուրջը։ Չնայած նրան, որ բավականին հետաքրքիր ժամանակակից գրողներ ունենք՝ նրանց մասին տեղյակ են միայն հենց այն մարդիկ, ովքեր աշխատում են հենց այդ բնագավառում․ որպես օրինակ կբերեմ Հասմիկ Սիմոնյանին։
Շատ մարդկանց ժամանակակից գրականությունը դուր չի գալիս մի շատ հեշտ պատճառով․ նրանք վախենում են ընդունելուց այն, ինչի հետ առնչվում են ամեն օր, վախենում են, որ եթե ընդունեն խնդիրը, հետո արդեն ուժ չեն գտնի իրենց մեջ այդ խնդիրը լուծելու, որովհետև խնդիրները կարող ենք գիտակցել, բայց միևնույն է, հաճախ արդեն հարմարված ենք լինում այդ խնդրին ու չենք էլ ուզում փոփոխություն լինի այդ մասում։ Նաև ժամանակակից գրականությունը կարող է վանել իր կտրուկ լինելով․ մեր աչքը սովոր չէ նրան, որ մեր առօրյայի բառապաշարը կարող է տպագրված լինել գրքերում, կամ ժարգոնային բառապաշարը, բայց չէ՞ որ այդ ամենը ստեղծել է մարդ, օգտագործում է մարդ ու վերջիվերջո արտահայտում է մարդու զգացմուքներն ու մտքերը։
Ժամանակակից գրականության թերություններից կարող եմ առանձնացնել այն, որ դեռ սերունդների կողմից ստուգված չի ու հնարավոր է լրիվ հիմարություն գրված լինի, բայց միևնույն է չեմ համարում դա որպես խնդիր, քանի որ եղել են դասական գրքեր, որոնք նույնպես հոգեհարազատ չեն եղել։ Այդ իսկ պատճառով ժամանակի կողմից ստուգված լինելը/չլինելը չեմ կարծում, որ պետք է խանգարի նոր ստեղծագործություններ կարդալիս։
Ժամանակակից գրականության լավ կողմերից է այն, որ մենք բառի բուն իմաստով ապրում ենք պատմություն կերտվելու ընթացքում, մենք կարող ենք հանդիպել մեր սիրած գրողների հետ, կարող ենք տեսնել թե քաղաքական ինչ իրադարձություններ են տեղի ունենում իրականում, և թե դրանց հետևանքով որ գրողը ինչ արձագանք է թողնում։ Արդեն իսկ մահացած գրողների մասին մենք կարող ենք իմանալ միայն դասագրքերից կամ որևէ այլ աղբյուրներից, որոնք ամեն դեպքում արդեն գրված են ուրիշ մարդու հայացքից։
Որպես ամփոփում ասեմ, որ ժամանակակից գրականությանը, իմ կարծիքով, պետք է ավելի շատ ժամանակ հատկացնել և խորապես այն ուսումնասիրել։ Նաև կարծում եմ, որ ուսումնասիրելը ժամանակակից գրականությունն ու զուգահեռներ տանելը նախկին գրողների հետ կօգնի նկատել որոշակի օրինաչափություն մարդու պահվածքի և ընդհանուր հասարակության համակարգի մեջ։
«Ժամանակակից գրականություն» թեմայով իմ կատարած աշխատանքներից են նաև՝
Քեթրին Բուդաղյանը ժամանակակից հայ գրականության մասին իր մոտեցումներն է շարադրել․
Շատերը կարծում են, որ ժամանակակից գրականությունը անիմաստ է, քանի որ այն անդրադառնում է մեր օրերում արդեն գոյություն ունեցող իրողություններին։ Սակայն, իմ կարծիքով, այն ունի ավելի խորքային նշանակություն։ Ժամանակակից գրականությունը հիմնականում ուսումնասիրում է, թե ինչպես են մարդիկ փորձում կապ հաստատել թե՛ ուրիշների, թե՛ իրենց սեփական ներսի հետ՝ ապրելով միայնությամբ, տրավմայով և մշտապես փոփոխվող իրականությամբ ձևավորված աշխարհում։
Հայկական ժամանակակից գրականությունը վերջին տարիներին զարգացել է՝ արտացոլելով հասարակական փոփոխությունները, մարդու ներաշխարհը և արդի խնդիրները։ Այն առանձնանում է անկեղծությամբ, նոր թեմաներով և իրականության անմիջական ներկայացմամբ։
Հայ ժամանակակից գրողներից ես ուսումնասիրել եմ՝
Արամ Պաչյանին
Հովիկ Չարխչյանին
Կարեն Անտաշյանին
Հրաչ Բեգլարյանին
Մարինե Պետրոսյանին
Մենք նաև հնարավուրություն ենք ունեցել հանդիպել Մարինե Պետրոսյանի հետ։ Հանդիպումը՝ այստեղ։
Արամ Պաչյանը ժամանակակից հայ գրականության կարևոր ներկայացուցիչներից է։ Նրա ստեղծագործությունները հաճախ անդրադառնում են պատերազմի, հիշողության և մարդկային հոգեբանական վիճակների թեմաներին։
Կարեն Անտաշյանի ստեղծագործությունները հիմնականում բանաստեղծական են և արտահայտում են մարդու զգացմունքները, սոցիալական խնդիրներն ու ժամանակակից կյանքի հակասությունները։
Մարինե Պետրոսյանի բանաստեղծություններն անդրադառնում են մարդու ներքին ապրումներին, հասարակական հարցերին և կանանց խնդիրներին։ Նրա լեզուն պարզ է, բայց միևնույն ժամանակ՝ խորքային և ազդեցիկ։ Կան մարդիկ, ովքեր նրա գրականությունը թյուրիմացություն են համարում, բայց իմ կարծիքով շատ ուշադիր կարդալիս կարելի է նկատել բազմաթիվ կարևոր բաներ։
Հայ ժամանակակից գրականությունը բացահայտում է մարդկային հարաբերությունները, սոցիալական խնդիրները և ժամանակակից մարդու հոգեբանական վիճակը, և ամեն հեղինակ ունի իր յուրահատուկ գրելաձևը։ Այն օգնում է ընթերցողին հասկանալ ժամանակակից հայկական իրականությունը, մարդկանց ապրումները և հասարակության փոփոխությունները։
Ժամանակակից գրականություն կարդալիս ես սկսեցի հասկանալ տարբեր հանգամանքներ, գաղափարախոսություններ, տեսակետներ և տեսնել, թե ինչպես են նոր գրողները արտահայտվում նոր բառապաշարով և հույզերով։ Ես ժամանակակից գրականություն ուսումնասիրելիս հայտնաբերեցի, որ ինձ դուր է գալիս համեմատել թե նույն թեմային ինչպես են անդրադառնում ժամանակակից և դասական գրողները։ Քանի որ նրանք տարբեր դարաշրջաններից են և ունեն տարբեր մտածելակերպ, աշխարհայացք և արժեքներ, նույն թեմայի ընկալումները կարող են զգալիորեն տարբեր լինել։
Կարծում եմ, որ ժամանակակից գրականությունը կարևոր է նրանով, որ այն անդրադառնում է ոչ թե անցյալի խնդիրներին, այլ այսօրվա։ Այն ուսումնասիրում է ժամանակակից խնդիրներ, որոնց մեզանից յուրաքանչյուրը կարող է մի օր բախվել։ Իմ կարծիքով դասական գրականություն կարդալը պարտադիր է, և անկախ նրանից սիրում ես, թե ոչ, կարելի է 2 կամ 3 ժամանակակից գրականության գործ կարդալ, որպեսզի ուղղակի ծանոթ լինես։
Որպես ուսուցիչ, գրականագետ, կարևորում եմ սովորողների կարծիքը․ չենք կարող կտրվել իրականությունից, չքննարկել սովորողի հետ, չկարևորել սովորողների հայացքն ու մոտեցումները։ Սովորողները պիտի սովորեն և սիրեն կարդալ՝ կարևորելով ու կապելով իրենց կյանքի հետ։ Քննադատեն, չհամաձայնեն, բողոքեն, բայց կարծիք ունենան, կարողանան այն հիմնավորել։ Կարողանան իրենք ընտրել գրական ստեղծագործություն, առաջարկել։ Այսպես անվախ ու ազատ զրուցել խմբում, ուսուցչի հետ, ձևակերպել իրենց մտքերն ու գրական ճաշակ թելադրել։
