«Ուսուցչի կարևորագույն դերը ոչ միայն գիտելիք փոխանցելն է, այլև այնպիսի պայմաններ ստեղծելը, որտեղ սովորողը կարող է ինքնուրույն սովորել, մտածել և ստեղծագործել»։
Իմ դասավանդման փորձի ընթացքում նկատել եմ, որ ստեղծագործական առաջադրանքների կիրառումը կարող է էապես փոխել սովորողների վերաբերմունքը դասի նկատմամբ։ Երբ սովորողին հնարավորություն է տրվում ընտրելու, մտածելու, սեփական կարծիքն արտահայտելու, պատմություն հորինելու, նկարագրելու կամ որևէ իրավիճակ ներկայացնելու, նրա մասնակցությունն ավելի ակտիվ է դառնում։
Ստեղծագործական առաջադրանքը, իմ կարծիքով, պարզապես դասը հետաքրքիր դարձնելու միջոց չէ։ Այն նաև հնարավորություն է սովորողի մեջ զարգացնելու ինքնուրույն մտածելու, որոշումներ կայացնելու և սեփական աշխատանքը գնահատելու կարողությունները։
Ստեղծագործական առաջադրանքների դերը դասապրոցեսում
Դասական վարժություններն, իհարկե, երբեմն անհրաժեշտ են։ Սովորողը պետք է բազմիցս կիրառի նոր բառերը, քերականական կառուցվածքը կամ լեզվական կանոնը, որպեսզի այն ամրապնդվի։ Սակայն միայն վերարտադրողական առաջադրանքների վրա հիմնված պարապմունքը միշտ չէ, որ ապահովում է սովորողի ակտիվ մասնակցությունը։
Օրինակ՝ եթե սովորողներին պարզապես առաջարկվում է լրացնել բաց թողնված բառերը, նրանք հիմնականում կենտրոնանում են ճիշտ պատասխանը գտնելու վրա։ Իսկ երբ նույն լեզվական նյութը կիրառվում է ստեղծագործական իրավիճակում, սովորողի շարժառիթն է հետաքրքրանում: Օրինակ՝«My Dream School» թեմայի շրջանակում առաջարկում եմ սովորողներին պատկերացնել և ներկայացնել իրենց երազանքի դպրոցը։ Նրանք նկարագրում են դասասենյակները, դասերը, ուսուցիչներին, և նույնիսկ մտածում են դպրոցի անվանումը։ Այդ ընթացքում յուրօրինակ մրցակցություն է ընթանում նրանց միջև՝ ու՞մ երազանքի դպրոցն է ամենալավը:
Երբ սովորողը դառնում է դասի ակտիվ մասնակից
Իմ դիտարկմամբ ստեղծագործական առաջադրանքների ամենակարևոր առավելություններից մեկն այն է, որ սովորողը դառնում է դասի ակտիվ մասնակից։
Մի դասի ընթացքում նույն թեման ներկայացնում եմ տարբեր ձևերով։ Օրինակ՝ եթե դասի թեման «Food»- ն է, սովորողներին առաջարկում եմ կազմել ռեստորանի ճաշացանկը, դերերով ներկայացնել «հաճախորդ–մատուցող» երկխոսություն, ստեղծել իրենց ռեստորանի անունը և ներկայացնել այն դասարանին։ Հաճախորդ-մատուցող երկխոսությունների շնորհիվ զարգանում են սովորողների հաղորդակցական կարողությունները: Նրանք աշխատում են ոչ թե կրկնել միևնույն երկխոսությունը, այլ ամեն անգամ հորինել իրենցը:
Ստեղծագործական առաջադրանքների ազդեցությունը մոտիվացիայի վրա
Սովորողի մոտիվացիան միայն բարձր գնահատական ստանալու ցանկությունը չէ։ Շատ կարևոր է նաև այն զգացումը, որ իր աշխատանքը հետաքրքիր է, ունի իմաստ և իրեն հնարավորություն է տալիս ինչ-որ բան ստեղծելու։
Ստեղծագործական առաջադրանքների ժամանակ սովորողը սովորաբար ունի որոշակի ազատություն։ Նա կարող է ընտրել գաղափարը, կերպարը, պատմության ընթացքը կամ ներկայացման ձևը։ Այդ ազատությունը մեծացնում է հետաքրքրվածությունը։
Օրինակ՝ պատմություն ստեղծելու առաջադրանքի ժամանակ ես կարող եմ տալ միայն մի քանի բառ կամ նկար՝ «mountain», «storm», «bag», «footprints»։ Սովորողները պետք է այդ բառերի հիման վրա ստեղծեն փոքրիկ պատմություն։ Բառերը բոլոր սովորողների համար նույնն են, բայց ստացված պատմությունները կարող են ամբողջովին տարբեր լինել։
Այստեղ կարևոր է ոչ միայն վերջնական արդյունքը։ Կարևոր է նաև այն գործընթացը, որի ընթացքում սովորողը մտածում է, փորձում է, սխալվում, նորից ձևակերպում իր միտքը և վերջում ստանում սեփական աշխատանքը։
Հենց այսպիսի իրավիճակներում է, որ սովորողը սկսում է հասկանալ՝ «Ես կարող եմ»։ Իսկ այդ զգացումը, իմ կարծիքով, մոտիվացիայի կարևոր հիմքերից մեկն է։ Նրանք ոգևորվում են հատկապես այն ժամանակ, երբ տեսանկարահանում եմ իրենց երկխոսությունները: Այդ տեսաֆիլմերով նրանք ներկայացնում են իրենց ծնողներին, բակի ընկերներին:
Ստեղծագործական առաջադրանքների օրինակներ
Պարապմունքների ընթացքում կիրառում եմ բազմաթիվ պարզ, բայց արդյունավետ ստեղծագործական առաջադրանքներ։
1. Պատմության շարունակություն
Ես կարդում եմ պատմության սկիզբը, իսկ սովորողները պետք է մտածեն շարունակությունը։
Օրինակ.
«When Anna opened the door, she saw a small box on the floor…»
Սովորողներն ինքնուրույն են որոշում, թե ինչ կար տուփի մեջ և ինչ տեղի ունեցավ հետո։
2. Նկարի հիման վրա պատմություն
Սովորողներին ցույց եմ տալիս նկար և խնդրում եմ պատասխանել ոչ միայն «What can you see?» հարցին, այլև պատասխանել նկարի վերաբերյալ զանազան հարցերի:
Օրինակ՝ Who are these people? Where are they going to? What happened before this moment? What will happen next?
Այսպիսի հարցերը խթանում են երևակայությունը և միաժամանակ զարգացնում խոսքային հմտությունները։
3. Դերային խաղ
Դերային խաղերը հատկապես արդյունավետ են օտար լեզվի դասերին։ «At the restaurant», «At the shop», «At the airport», «At the doctor’s» թեմաները հնարավորություն են տալիս սովորողներին օգտագործել սովորած բառերն ու արտահայտությունները իրական կյանքի իրավիճակներին մոտ պայմաններում։
Այս դեպքում սովորողը չի մտածում միայն քերականական կանոնի մասին։ Նա փորձում է հաղորդակցվել։
4. Ստեղծել և ներկայացնել
Սովորողներին առաջարկում եմ ստեղծել պաստառ, ճաշացանկ, գովազդ, փոքրիկ ամսագիր և ներկայացնել այն դասարանին։ Օրինակ՝«Create your own café» առաջադրանքի ժամանակ սովորողները որոշում են սրճարանի անունը, ընտրում են ուտեստները, կազմում ճաշացանկը և ներկայացնում իրենց աշխատանքը։
5. «Եթե ..» առաջադրանքներ
Այս տեսակի առաջադրանքները սովորողներին հնարավորություն են տալիս արտահայտելու սեփական տեսակետը։
Կամ իրենց առաջարկում եմ մի վերնագիր՝
«Once upon a time there was…..»
Վերնագիրը նույն է, բայց պատմությունները՝ տարբեր։
Այսպիսի թեմաները հատկապես օգտակար են խոսքի զարգացման համար, քանի որ սովորողը խոսում է իր գաղափարի մասին և ավելի քիչ է կենտրոնանում սխալվելու վախի վրա։
Սխալվելու վախը և ստեղծագործական առաջադրանքները
Դասարանում կան սովորողներ, որոնք գիտեն պատասխանը, բայց չեն ցանկանում բարձրաձայն խոսել՝ սխալվելու վախից։ Այս խնդիրը հատկապես նկատելի է օտար լեզվի դասերին։
Ստեղծագործական աշխատանքները որոշ չափով օգնում են նվազեցնել այդ վախը։ Երբ առաջադրանքը ենթադրում է սեփական գաղափարի ստեղծում, միշտ չէ, որ գոյություն ունի միայն մեկ «ճիշտ» պատասխան։ Սովորողը հասկանում է, որ իր տարբերակը կարող է տարբերվել դասընկերոջ տարբերակից և միևնույն ժամանակ ճիշտ լինել։
Այդպիսի միջավայրում դասավանդողի դերը նույնպես փոխվում է։ Դասավանդողը միայն սխալները ուղղող անձ չէ։ Նա դառնում է ուղղորդող և աջակցող։
Ինձ համար կարևոր է, որ ստեղծագործական առաջադրանքի ժամանակ սովորողը նախ կարողանա արտահայտել իր միտքը, իսկ հետո մենք միասին աշխատենք լեզվական սխալների վրա։ Եթե սովորողը յուրաքանչյուր նախադասությունից առաջ մտածի միայն այն մասին, թե արդյոք սխալ չի անելու, նրա խոսքը բնականաբար կսահմանափակվի։
Ստեղծագործական առաջադրանքների մեկ այլ կարևոր առավելություն է համագործակցության հնարավորությունը։
Խմբային աշխատանքի ժամանակ սովորողները սովորում են լսել միմյանց, քննարկել տարբերակները, բաժանել պարտականությունները և ընդհանուր որոշում կայացնել։ Օրինակ՝ պատմություն ստեղծելիս մի սովորող կարող է առաջարկել սյուժեն, մյուսը՝ կերպարները, երրորդը՝ երկխոսությունը, իսկ մեկ ուրիշը՝ ներկայացման ձևը։
Այս ընթացքում զարգանում են ոչ միայն լեզվական, այլև սոցիալական հմտությունները։
Հատկապես հետաքրքիր է, երբ խմբային աշխատանքի արդյունքում ստացված տարբեր աշխատանքները ներկայացվում են դասարանում։ Սովորողները հաճախ մեծ հետաքրքրությամբ լսում են միմյանց և փորձում նկատել, թե ինչով է իրենց աշխատանքը տարբերվում մյուսներից։
Իմ դիտարկումները
Ստեղծագործական առաջադրանքների կիրառման ընթացքում ես նկատել եմ մի քանի կարևոր փոփոխություն։
Առաջին՝ սովորողները ավելի մեծ հետաքրքրությամբ են սկսում դասը։ Եթե սովորական առաջադրանքի ժամանակ երբեմն անհրաժեշտ է լինում մի քանի անգամ հիշեցնել առաջադրանքը կատարելու մասին, ստեղծագործական աշխատանքի դեպքում նրանք հաճախ ինքնուրույն են անցնում աշխատանքի։
Երկրորդ՝ փոխվում է դասարանի ընդհանուր մթնոլորտը։ Սովորողները սկսում են քննարկել, հարցնել միմյանց կարծիքը, առաջարկություններ անել։
Երրորդ՝ ավելի հստակ են երևում սովորողների անհատական առանձնահատկությունները։ Երբ առաջադրանքն ունի միայն մեկ ճիշտ պատասխան, դժվար է նկատել, թե ով որքան ստեղծագործ է, ով կարող է լավ կազմակերպել խմբային աշխատանքը, կամ ով ունի հետաքրքիր գաղափարներ։
Ստեղծագործական առաջադրանքները հնարավորություն են տալիս այդ կարողությունները բացահայտելու։
Որոշ դժվարություններ
Սակայն ստեղծագործական առաջադրանքների կիրառումն ունի նաև որոշ դժվարություններ։
Առաջին հերթին դրանք պահանջում են ավելի շատ նախապատրաստական աշխատանք դասավանդողի կողմից։ Պետք է ճիշտ ընտրել թեման, հաշվի առնել սովորողների տարիքային և լեզվական մակարդակը և նախատեսել աշխատանքի համար բավարար ժամանակ։
Երբեմն դասարանում կարող է առաջանալ նաև աղմուկ, հատկապես խմբային աշխատանքի ժամանակ։ Սկզբնական շրջանում սովորողները կարող են դժվարանալ ինքնուրույն կազմակերպել իրենց աշխատանքը։ Սակայն աստիճանաբար, երբ նրանք սովորում են աշխատանքի կանոնները, գործընթացը դառնում է ավելի կազմակերպված։ Իհարկե, լինում է նաև այնպես, որ աշխատանքը շարունակում են տանը։ Սակայն տանը գրած աշխատանքը խիստ տարբերվում է դասարանում գրած աշխատանքից, կորում է բնական ոճը, քանի որ սովորողին կարող է օգնել ծնողը, կամ արհեստական բանականությունը։
Մեկ այլ խնդիր է այն, որ բոլոր սովորողները նույն չափով ակտիվ չեն մասնակցում։ Այդ պատճառով դասավանդողը պետք է փորձի աշխատանքը բաժանել այնպես, որ յուրաքանչյուր սովորող ունենա իր մասնակցության հնարավորությունը։
Իմ փորձից կարող եմ ասել, որ ստեղծագործական առաջադրանքը պարզապես դասը հետաքրքիր դարձնելու հնարք չէ, այն սովորողի ակտիվ մասնակցությունը խթանող արդյունավետ միջոց է։
Երբ սովորողին հնարավորություն է տրվում մտածելու, ընտրելու, ստեղծելու և սեփական աշխատանքը ներկայացնելու, նրա մոտ ձևավորվում է պատասխանատվության և սեփական ուժերի նկատմամբ վստահության զգացում, նաև իր գաղափարներն արտահայտելու և նոր բան ստեղծելու հնարավորություն է։
Ստեղծագործական աշխատանքերի պարբերական և նպատակային կիրառումը կարող է պարապմունքը դարձնել ավելի ակտիվ, հետաքրքիր և սովորողակենտրոն։
Ի վերջո, դասավանդողի աշխատանքի ամենակարևոր արդյունքներից մեկն այն է, երբ սովորողը ոչ միայն սովորում է, այլև ցանկանում է սովորել։ Իսկ ստեղծագործելու հնարավորությունը հենց այդ ցանկությունը ձևավորելու արդյունավետ ճանապարհներից մեկն է։
Էջի նկարը՝ Ամբատ Պետրոսյանի
